ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանի հետ զրուցել ենք այսօր տպագրվող, թարգմանվող մանկական գրականության ու նաև հեքիաթի մասին:
–Կխոսե՞ք ժամանակակից մանկապատանեկան գրականության մասին: Հետևո՞ւմ եք:
-Գիտեք` ինչքանով հասցնում եմ, ընդ որում, տարբեր նպատակներով. նախ, իհարկե, մասնագիտորեն ինձ հետաքրքիր է, երկրորդը, ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում մանկագրության թեմայով գրվում են ավարտական աշխատանքներ և մագիստրոսական թեզեր, որոնք ես ղեկավարում եմ: Ավելի շատ հետևում եմ դասական, ընդ որում, իմ պարագայում անգլալեզու՝ բրիտանական և ամերիկյան մանկագրությանը, բայց իհարկե, լինում են նաև զուգադրական, համեմատական ուսումնասիրություններ: Հետևում եմ, նաև որովհետև համագործակցում եմ «Զանգակ» հրատարակչության հետ և պարտավոր եմ տեղյակ լինել նոր հրատարկվող մանկական երկերին: Նկատելի է ընդգծված հետաքրքրություն ֆենթեզի գրականության հանդեպ: Հայաստանում շատ է հրատարակվում թարգմանական մանկագրություն` ընթերցողին ապահովելով ներկայանալի, պատկերազարդ և խնամված հրատարակություններով: Այսօր արդեն միջազգային համագործակցությունն ընդունված բան է, և շատ հաճախ տարբեր մանկական հրատարակչություններ օգտագործում են հենց բնագրային նկարազարդումները՝ հետևելով հեղինակային իրավունքի միջազգային կանոններին: Խորհրդային տարիներին նման մոտեցում չկար, կամ ավելի շուտ կենտրոնը՝ Մոսկվան էր զբաղվում հեղինակային իրավունքի հարցերով` ազատելով հանրապետական հրատարակչութուններին այդ պատասխանատվությունից: Եվ, անշուշտ, գրքերի պոլիգրաֆիական որակն այսօր անհամեմատ բարձր է, որն իր հերթին նպաստում է մանկական գրքերի սպառմանը:
-Այսօր ստեղծվող, նաև թարգմանվող բազմաբնույթ, բազմաժանր մանկական գրականության բովանդակության վրա, ըստ ձեզ, ի՞նչ ազդեցություն է թողնում կոմերցիոն երանգը՝ որակի առումով:
-Գիտեք` ազդում է հետևյալ կերպ. եթե գիրքը շատ գեղեցիկ է ձևավորված, որակյալ տպագրություն է, բնականաբար, ավելի շատ է սպառվում, և պարտադիր չէ, որ այդ լավ ձևավորված, որակյալ թղթի վրա տպված գիրքն ունենա գեղարվեստական բարձր արժանիքներ: Լինում են գրքեր, որոնք շատ լավ գովազդվում են: Որոշակի դեր կարող են խաղալ նաև սոցիալական կայքերում ակտիվությունը: Նման հրատարակությունները կարող են իրենց գեղարվեստական արժանիքներով զիջել այլ` ավելի համեստ «հանդերձանքով» հանդես եկող երկերի: Այստեղ մեծ դեր է խաղում նաև գովազդը, գրքերի վաճառքով զբաղվող հմուտ անձնակազմը, և ընթերցողը դեռ մինչև կարդալը կարող է գայթակղվել գրքի արտաքին տեսքով: Հաճախ եմ նկատել, որ գիրքը կարող է ունենալ շքեղ շապիկ, բայց տեքստը տպագրված լինի ցածրորակ թղթի վրա, որ անհամատեղելի բաներ են. ցանկալի է համամասնություն պահպանել: Չշփոթենք սա մեկ այլ երևույթի հետ. նույն երկը կարող է ունենալ շքեղ, նվերային հրատարակություն, նաև ավելի համեստ փափուկ կազմով հրատարակություն: Վերջինս ավելի մատչելի է: Այս դեպքում էլ գովազդը, գրքի կամ հեղինակի հանրաճանաչ լինելը մեծ դեր է խաղում:
-Ժամանակի ընթացքում Ձեր կարծիքով փոխվե՞լ են մանկապատանեկան գրականության ընթերցողի նախասիրություններն ու պահանջները:
-Իհարկե, միանշանակ: Ես ինքս խորհրդային ծնունդ եմ, և շատ գրքեր, որ խորհրդային տարիներին համարվում էին «բեսթսելլերներ» (այս բառն այն ժամանակ, իհարկե, չէր կիրառվում) և արժեքավոր գրականություն էին համարվում, այսօր, հնարավոր է, որևէ հետաքրքրություն չներկայացնեին, որովհետև խորհրդային, նաև հայ խորհրդային մանկական գրականությունն ուներ ընդգծված գաղափարախոսություն, որի պատճառով թեկուզ և արժեքավոր այդ գրքերը պատանի ընթերցողին այսօր «հասանելի» չեն: Իմ տպավորությամբ, հրատարակիչներն անգամ խուսափում են նման գրքերը վերահրատարակելուց: Մինչդեռ իմ կարծիքով այդ ստեղծագործությունները պետք է ընթերցվեն, որովհետև դրանք հայ մանկագրության որոշակի փուլ են ներկայացնում և գեղարվեստական արժանիքների տեսանկյունից ինքատիպ երկեր են: Մեզ բնորոշ է մի տեսակ գերզգայուն մոտեցում. գրեթե ցանկացած բան, որ խորհրդային է, վատն է: Սա շատ պրիմիտիվ`պարզունակ մոտեցում է: Ճիշտ նույն կերպ վաղ խորհրդային տարիներին, դուք շատ լավ գիտեք, մինչխորհրդային մանկագրությունը զտվում էր, գրաքննության ենթարկվում: Այսօր անգամ թարգմանաբանությունն է անդրադառնում գրաքննությանը որպես թարգմանական գրականության առանցքային թեմայի` բացահայտելով` ինչ էական փոփոխությունների էին ենթարկվում մինչխորհրդային գրական երկերը նախքան պատանի ընթերցողի սեղանին դրվելը: Հայ մանկագրության պատմության մեջ կա այս խնդիրը, որ կարելի է բնութագրել որպես ժամանակային խզվածություն: Խորշելով խորհրդային գաղափարախոսության փաստից` անտեսում ենք մանկապատանեկան արժեքավոր երկերի վերահրատարակումը:
-Կառանձնացնե՞ք որևէ ստեղծագործություն:
-Իմ նախընտրած գործերից է օրինակ՝ Նաիրի Զարյանի «Պարոն Պետրոսն ու իր նախարարները» (1958թ): Հետաքրքիր վեպ էր. ինքս պատանի տարիքում կարդացել եմ: Երբևէ չեմ տեսել այն վերահրատարակված, բայց, կարծում եմ, արժե: Ընդամենը կարելի է լավ առաջաբան գրել, գուցե ավելացնել տողատակի մեկնաբանություններ, անգամ կարելի է առանձին դրվագներից հրաժարվել, սակայն այսօրվա պատանի ընթերցողին պետք է հնարավորություն տալ պատկերացում կազմելու այն ժամանակի և միջավայրի մասին, որ ներկայացված է վեպում: Առհասարակ, գրագետ սերունդը պետք է իրազեկ լինի իր երկրի, իր գրական մշակույթի պատմությանը:
-Հեքիաթի դերն ու նշանակությունն այսօր:
-Հեքիաթը, որպես ժանր ունի մի շատ կարևոր առանձնահատկություն. բոլոր գրական ժանրերից այն առանձնանում է իր համընդհանրությամբ և միջազգային բնույթով: Հայ բանահյուսության մեջ չունենք հեքիաթային սյուժե, հեքիաթային դիպաշար, որը չունենա իր մոտ, գրեթե նույնական համարժեքներն այլ մշակույթներում: Նաև այս յուրահատկության շնորհիվ հեքիաթն ավելի երկարակյաց է, քան այլ ժանրեր, օրինակ՝առակի ժանրը, որն այսօր պակաս արդիական է: Ես սա գիտեմ նաև տարիների խմբագրական փորձից. կասկածում եմ, որ առակների ժողովածուն այսօր սպառվի այնպես, ինչպես հեքիաթների հատորյակը: Թերևս սպառումը, վաճառքն այնքան կարևոր չեն մանկական գրականության պարագայում, բայց այս պահին խոսում եմ որպես հրատարակչության հետ առնչություն ունեցող մարդ: Հեքիաթը շատ երկարակյաց է, ճկուն. նույն սյուժեն կարող է ժամանակի հետ համապատասխան փոխակերպումների ենթարկվել, ադապտացվել, հարմարվել տվյալ ժամանակաշրջանին: Շատ հեքիաթային սյուժեներ այսօր կարող են ունենալ իրենց պատկերային փոխակերպումները, հայտնվել, օրինակ, որպես կոմիքս առանձին սյուժետային դրվագների փոփոխությամբ:
-Մեր ժամանակ՝ Ձախորդ Փանոսը, Կարմիր գլխարկը… ովքե՞ր են այսօր երեխաների հեքիաթի հերոսները:
-Տեսեք, կան դասական հերոսներ և սյուժեներ, որոնք շարունակական են, հարատև, և պարտադիր ընթերցանություն պետք է համարել, բայց դուք նշեցիք՝ «Կարմիր գլխարկը». այսօր դուք կարող եք գտնել այդ հեքիաթի բազմաթիվ վերափոխված, փոխակերպված տարբերակներ, ասենք փոխվում է վերջաբանը, այլ լուծում է ստանում գայլի և Կարմիր գլխարկի հանդիպումը, որոշ պատումներ կարող են անգամ փոքր-ինչ ցինիկ ավարտ ունենալ: Բայց սա նույն սյուժեն է, նույն միջուկը: Բնականաբար այսօրվա երեխան կարող է այլ ակնկալիքներ ունենալ: Մի կողմից պահպանվում, վերահրատարակվում, վերատպվում են Գրիմ Եղբայրների և Շառլ Պերոյի դասական տարբերակները, մյուս կողմից կան նոր հեղինակային մշակումներ, որոնք արտացոլում են ժամանակակից ընթերցողի պատկերացումները, ակնկալիքները, գրական ճաշակը, որոնք չեն կարող նույնը լինել ինչ ենթադրենք իմը կամ ձերը:
-Ամենամյա հեքիաթագիտական միջազգային գիտաժողով է կազմակերպվում: Այս տարի ի՞նչ շեշտադրումներ են լինելու:
-Դեռ կդժվարանամ ասել: Հովհ. Թումանյանի թանգարանում ունեցել ենք 15 գիտաժողով: Արդեն բավականին թեմաներ են ընդգրկված եղել. «Երևակայականը հեքիաթում», «Անտառը հրաշապատում հեքիաթում», «Քունը և երազը հեքիաթում», «Հագուստը հրաշապատում հեքիաթում», «Թարգմանական հեքիաթ»: Բայց հեքիաթը շատ ճկուն ժանր է. նորանոր շերտեր կարելի է բացահայտել: Դուք ինձ ճիշտ եք հիշեցնում, որ ժամանակն է արդեն որոշել, իհարկե՝ հաշվի առնելով նաև իմ գործընկերների կարծիքը: Կարևոր է, որ հնարավորինս շատ մարդիկ կարողանան արձագանքել: Մեր գիտաժողովները միավորում են մասնագետներ ԵՊՀ-ից, Ազգագրության ինստիտուտից, Ռուս-հայկական համալսարանից, ունենում ենք մասնակիցներ նաև տարբեր երկրներից: Ինձ համար շատ կարևոր է թեմատիկ հետևողականությունը, որպեսզի ունենանք գիտաժողով, որտեղ արծարծվում է մեկ`շատ կարևոր թեմա. թեկուզ ձեր ասածին առնչվող թեմա` օրինակ` հեքիաթի փոխակերպումները ժամանակակից աշխարհում:
Զրուցեց՝ Սիրանուշ Նազլուխանյանը
