(հարցազրույց արձակագիր Համբարձում Համբարձումյանի հետ)
-Համբարձում, լույս է տեսել Ձեր «Բուդը» պատվածքների ժողովածուն․ նոր ժա՞նր եք հորինել Ձեզ համար՝ պաստառ-պատմվածքներ։ Այս ժանր ի՞նչ պատմություն ունի Ձեր գրական կյանքում և ի՞նչ ազդեցություն է ունեցել Ձեր գրական մտածողության վրա։
-Պաստառ-պատմվածքների ժանրը «մոգոնեցի» լրագրող աշխատելու տարիներին։ Երբ նյութի խնդիր էր առաջանում, օրվա նյութը լցնում էի այդ պաստառ-պատմվածքներով։ Սովորաբար այդ ժանրի պատմվածքները գրվում են քաղաքական իրադարձությունների կամ կարգախոսների հիման վրա, ինչպես օրինակ՝ «Գույք պարտքի դիմաց», «Սերժիկ, հեռացի՛ր», «Ապագա կա՛, ապագա» պատմվածքները։ Պաստառ պատմվածքներում առաջնահերթություն է դառնում ասելիքը, առանց ենթատեքստերի, ճակատային ձևով։ Որպեսզի թյուրըմբռնում չլինի, «Բուդը» ժողովածուում պաստառ-պատմվածքներ չկան, սակայն պաստառ-պատմվածքների առանձին գիրք կազմելու և հրապարակելու մտադրություն կա։ Գուցե դա անեմ 26 թվականի ընտրական գործընթացից հետո, երբ նոր պատմվածքներ կգրվեն։ Իմ հորինած պաստառ-պատմվածքների ու Արփի Ոսկանյանի ստեղծած քաղաքական հանելուկների ժանրերը կարևոր դեր ունեցան մեր հիմնադրած կայքի՝ «Գրողուցավի» կայացման համար՝ որոշակի ինքնատիպ դիմագիծ հաղորդելով կայքին։
-Գրքի պատմվածքներում տեղ գտած իրավիճակները, հոգեվիճակները, բազմազան տրամադրությունները ներկայացնում են մեր իրականության բեկորները՝ տարբեր ժամանակային շերտերում, ինչից էլ ենթադրում ենք, որ կան իրական հիմքով գործեր։ Ե՞րբ և ի՞նչ հոգեվիճակում են գրվել պատմվածքները՝ պարտության ֆոնի՞ն, թե՞ դրան նախորդող հաղթանակի տրամադրությամբ։
-Պատմվածքները տարբեր ժամամանակներում են գրվել: Գրեթե բոլոր պատմվածքների գաղափարները ինչ-որ առումով կյանքից են վերցված: Օրինակ «Շեկոն» պատմվածքի գաղափարը մի լուրից առաջացավ: Համացանցում կարդացի, որ ադրբեջանական զորքի գրաված տարածքում մնացած ձին եկել, գտել է տեղահանված տերերին: Պատերազմների, աղետների սահմանային, դրամատիկ իրավիճակներում իրական կյանքը այնքան հագեցած է դրամատիկ իրադարձություններով, հույզերով, որ ինչ-որ պատմություն հորինելու կարիք էլ չկա:
-44-օրյա պատերազմն առանցքային ներկայություն ունի այս գրքում։ Բայց նաև բնական է, որ դրա շուրջ, ինչպես նաև Արցախի ժողովրդի բռնի տեղահանության շուրջ դիտանկյունները, կարծիքներն են տարբեր։
-Այն, որ մեծ աղետ է եղել, անվիճելի է: Դիտանկյուններն ու կարծիքները առավելապես տարբերվում են քաղաքական դիրքորոշումների, քաղաքական պատասխանատվությունից խուսափելու համար, քաղաքական անպատասխանատվության պատճառով: Իրականում առողջ բանավեճ, անցյալի սխալների, ապագայի անելիքների քննարկում չկա էլ: Մեղադրանքներից ու պիտակավորումներից այն կողմ բանավեճը չի անցնում:
-Ձեր պատմվածքներում հաճախ կա լռության, լքվածության, բայց միևնույն ժամանակ ներքին դիմադրության շերտ։ Ինչպե՞ս են այս տրամադրությունները ձևավորվել։
-Միայնակության, լքվածության տրամադրությունը չափազանց մարդկային է։ Հավանաբար բոլոր մարդիկ էլ այդ զգացողությունը պարբերաբար ունենում են։ Չեմ հիշում, որ հատուկ լքվածության մասին պատմվածք լինի, բայց նման տրամադրություններ կարող են լինել։ Երբ հերոսները մենակ են մնում իրենց խնդիրների հետ, միայնակ են մաքառում իրենց խնդիրը լուծելու համար, ապա բնական է, որ նման տրամադրություններ լինեն պատմվածքում։
-Կարծես մեղադրանքի առկայությունը չենք բացառում գրքում, հատկապես «Շեկոն» պատմվածքում։ Թե՞ իրավիճակներն եք երկու նժարների դրել։
-Հավանաբար նկատի ունեք այն, որ հերոսը մեղադրում է ինքն իրեն, որ անխճորեն բարձում էր ձիուն, համեմատելով դա պետության հանդեպ մեր ունեցած վերաբերմունքի հետ: Այդ զգացողությունը պատերազմի ու պարտությունից առաջ էլ կար, բայց հատկապես պարտությունից հետո սրվեց: Մեր հասարակությունը, նույնիսկ կասեի՝ հայությունը, նմանվել էր մի ծանրամարտիկի, որ իր ուժերից վեր, անիրատեսական քաշ է պատրաստվում բարձրացնել, բայց զլանում է մարզվել: Երկու հարց է առաջանում, նախ ինչո՞ւ ես քո ուժերից վեր, անիրատեսական նպատակներ սահմանում, իսկ եթե սահմանել ես, ինչո՞ւ չես մարզվում: Ինչպես որ պատմվածքի հերոսն էր շահագործում ձիուն, այնպես էլ մենք էինք առաջին պատերազմում տարած հաղթանակի արդյունքները մսխելով «շահագործում» պետությունը: Մենք ասես մոռացել էինք «շարժման» բուն նպատակը` արցախցիների անվտանգությունն ու իրավունքները, Արցախը հայաբնակ պահելու գերնպատակը: Մեր «ազգային իղձերը», «դարավոր վրեժը», մեր վախերն ու բարդույթները, ամեն ինչ բարդվել էր պետության ուսերին, նաև Արցախի ուսերին:
-Այս գիրքը նաև հիշողության քարտեզագրում է։ Որքանո՞վ է Ձեր գրականությունը հիշողության պահպանման փորձ, և ինչպիսի՞ պատասխանատվություն եք դրանում զգում՝ որպես ժամանակակից մարդ։ Նաև 90-ականներին անդրադառնալու հնարավարություն եք ունեցել, գիրքը եզարափակվում է «Ուզվորը» պատմվածքով։ Թեև պետք է նշել, որ Ձեր առաջին գիրքը հենց այդ տարիների մասին էր։
-Նման խնդիր իմ առջև չեմ դրել, վստահ էլ չեմ թե հիշողության քարտեզագրման առումով առանձնապես օգտակար կլինեն «Բուդը» գրքում ընդգրկված պատմվածքները: Օրինակ արցախյան հիմախնդրի, 44-օրյա պատերազմի կամ շրջափակման թեմաներով ավելի կարևոր կլինի, որ ականատեսների հուշագրությունները հրապարակվեն։ Մղումս ավելի շուտ այսօր ինձ հուզող խնդիրներին, թեմաներին անդրադառնալն է: Եթե նկատի ունեք ժամանակի շունչը, ոգին արտացոլելու վավերագրելու մղումը, ապա դա կա: Առաջին գրքի` «Կորեական դելիկատեսի» մասին թերևս կարելի է հիշողության քարտեզագրում ասել, որովհետև որոշ պատմվածքներ մանկական հիշողությունների պատառիկների վրա էին հիմնված: Բացի այդ պատմվածքները գրելու և տպագրելու արանքում ընկած ժամանակահատվածը շատ մեծ էր, մոտ 10 տարի։ 2003-2007 թվականներին, երբ գրում էի այդ պատմվածները, 90-ականները հեռավոր անցյալ չէին։ «Բուդը» գրքի դեպքում, կարելի է ասել՝ թարմ տպավորություններով եմ գրել պատմվածքների մեծ մասը։ Ուզվորը բացառություն է, որովհետև իրականում այն պետք է «Կորեական դելիկատեսում» հրապարակվեր և եռագրության առաջին մասն էր, սակայն, երբ համակարգիչս գողացան, երագրության մեծ մասը կորավ, իսկ գիրքը պետք է արդեն հանձնեի տպագրության։ Հետո «Ուզվորը» վերականգնեցի։ Այս իմաստով Ուզվորն էլ է «Շենգավիթյան շարքի» մի մասը, որը «Կորեական դելիկատեսում» չընդգրվելու պատճառով է «Բուդը» գրքում է ընդգրկվել։
-Ձեր ստեղծագործություններում անդրադառնում եք ժամանակակից իրադարձություններին և հասարակական խնդիրներին։ Ինչպե՞ս եք գնահատում ժամանակակից գրականության դերը՝ որպես հասարակական իրադարձությունների անդրադարձ։
-Սուտ կլինի, եթե ասենք, որ ժամանակակից գրականությունը լայն զանգվածներին հասանելի է: Միևնույն ժամանակ գրականությունը կարող է միջնորդավորված ազդել, ազդելով հանրային առավել ակտիվ, ազդեցիկ ու ստեղծագործ շերտերի վրա, ազդելով արվեստի այլ ճյուղերի և զանգվածային մշակույթի վրա։ Մենք շարունակում ենք գրականակենտրոն ժողովուրդ մնալ։ Մեր թղթադրամների վրա գրողներն են, փողոցները գրողների անուններով են, և եթե լրատվամիջոցներին մտավորական է պետք խոսեցնել, առաջին հերթին հենց գրողներին են հիշում։ Թեև «շոուբիզնեսը» հիմա «մտավորականների» հացն էլ է կտրում։ Իրենց քաղաքական, քաղաքացիական դիրքորոշումները դարձյալ գրողներն են, որ ակտիվորեն հայտնում են։ Հենց գրականությունն է, որ անդրադառնում է այսօրվա մարդուն հուզող խնդիրներին։ Իսկ հանրօգուտ լինելը կամ չլինելը հանրությունը պետք է գնահատի։ Օրինակ՝ հեղափոխությանը նպաստած գրականությունը, հրապարակախոսությունը մի մասը կարող է հանրօգուտ համարել, իսկ մյուսները՝ խիստ վնասակար։ Եվ հակառակը՝ այսօր իշխանությանը քննադատող գրականությունն ու հրապարակախոսությունը մի մասի համար հանրօգուտ է, մյուսների համար՝ վնասակար։
Հարցազրույցը վարեց Վովա Արզումանյանը
