Զալյան ամուսինները թոշակի անցնելուն պես վաճառեցին մայրաքաղաքի իրենց բնակարանը և որոշեցին կյանքի մայրամուտն անցկացնել գյուղում: Գաղափարը տիկին Մանյայինն էր: Պարոն Գասպարը իհարկե դեմ էր, սակայն միայն մտովի: Այդպես էր ապրել Մանյայի հետ քառասուն տարի: Մանյան առաջարկում էր, ոգևորվում, ի կատար ածում: Գասպարը լսում էր, մտքում հակառակվում և կատարում: Այսինքն` հետևում տիկնոջը:
Գասպարը համալսարանի դասախոս էր, գիտնական, Մանյան` ֆրանսերենի ուսուցչուհի, քառասուն տարվա մանկավարժ: Ընկեր Զալյանը դեռ կշարունակեր մանկավարժական իր գործունեությունը, սակայն Մանյան արդեն հոգնել էր քաղաքային կյանքից, ամենօրյա հյուրերից, որոնք հիմնականում երեք դուստրերն էին, երեք փեսաները և տասներկու թոռները: Գիտական աշխատանքով Գասպարը գյուղում էլ կարող է զբաղվել: Խանգարողն ո՞վ է: Օգնող բաներ` ինչքան ուզես` մաքուր օդ, մանուշակագույն սարեր, հին քար ու քռա, որոնց վրա դեռ լիքը չվերծանված գրություններ կան: Ո՞մ են սպասում` Գասպար Զալյանին:
Երբ տիկին Մանյան բոլոնեզի հետ դուստրերին ու փեսաներին հրամցրեց իր թարմ գաղափարը, ոչ ոք հանկարծակիի չեկավ: Բոլորն էլ սովոր էին մայրիկի շշմեցնող հայտարարություններին: Պարզապես բնակարանի վաճառքի գաղափարը ոչ մեկին դուր չեկավ: Ավագ փեսան կերակրափողն այրելով կուլ տվեց տաք պատառը:
-Բա էս ամբողջ եղած-չեղածդ ի՞նչ ես անելու, զոքանչ խանու՛մ,-ձեռքը որդու` արդեն չափահաս Գասպարիկի ուսին թփթփացնելով` հարցրեց ավագ փեսան:
Անհանգստության ալիք թևածեց սենյակով: Աղջիկներն անհարմար զգացին փեսայի անտակտ հարցից, փորձեցին սաստել, բայց հոգու խորքում երազեցին մայրիկից ստանալ լիարժեք պատասխան:
-Calmez-vous,calmez-vous, les enfants, -ֆրանսերենի ուսուցչի արժանապատվությամբ երեխաներին սաստեց մադամ Զալյանը` աջ ձեռքը բարձրացնելով: Հետո հանդիսավոր կերպով շրջեց ափը, ձախ ցուցամատը զարկելով աջին` ցուցադրեց մատանին.
-Բախչալու մատանիս` ադամանդե քարերով, Գասպարիկիս կնոջն է, վայ, մեռնեմ ես նրան:
Գասպարիկն ու ծնողները հիասթափված հոգոց հանեցին:
-Ես դեռ չեմ վերջացրել,- ձեռքը թափ տվեց տիկին Մանյան` կեղծ նեղանալով հյուրերից,- էս մատանին կուլոն էլ ունի: Կուլոնը, ոսկի ժամացույցն իր շղթայով, ականջօղերս ու տատիկիդ ոսկյա ատամները, Էմմա՛ ջան, քոնն են: Տա՛ր վայելիր: Սոնա’ ջան, մեր գնալու օրը ննջարանիս «Լյուդովիկոս» մեբելը կգաս կտանես: Քեզ կահույք չեմ տվել: Էսքա՛նը, ժողովուրդ ջան: Մարինկա’ ջան, մի դաշնամուր նվագիր:
Ինչպես միշտ անտեսվեց Սաթենիկը: Երրորդ դուստրը: Սրտի ցավից, թե ամուսնու` թևը կսմթելու ցավից չոր կոկորդով հազիվ լսելի ասաց.
-Մամա’, բա ի՞նձ:
-Քեզ` դաշնամուրը:
-Դաշնամուրդ հիսուն հազար դրամ արժի, մադամ Զալյան,-հեգնեց զոքանչի նախկին աշակերտ կրտսեր փեսան:
-Իսկ քեզ ո՞վ է ասում, որ այն վաճառես,- աշակերտին հանդիմանեց մադամ Զալյանը:
-Բա մեր նվագողն ո՞վ է:
-Ես մեղավոր ե՞մ, որ չորս երեխաներից մեկին երաժշտական դպրոց չուղարկեցիք,- շրթունքները հավաքեց տիկին Մանյան: – Չե՞ք ուզում` Մարինկաս կտանի:
-Մեր տանը տեղ չկա,- ասաց Մարինկայի մայր Սոնան, որ գոհ էր իրեն բաժին հասած «Լյուդովիկոս» մուրազից:
-Գերմանական սերվիզը կուզե՞ս,- Սաթենիկին դիմեց մայրը:
Սաթենիկը պատասխանեց լռությամբ: Մանկուց էդպիսին էր: Լռությամբ էր պատասխանում, երբ իր հանդեպ անարդար էին, երբ համաձայն չէր ու երբ վիրավորվում էր : Մայրը դրա անունը դրել էր լռության նոպա:
Սաթենիկի լռության նոպան սովորաբար կարճ էր տևում: Այս անգամ երկար տևեց` համարժեք վիրավորանքին: Այնքան երկար, որ երբ մայրն արդեն վաճառել էր բնակարանը, երկհարկանի տուն գնել Խաչիկ գյուղում, տան միջինը բաժան-բաժան արել (հա՛, դաշնամուրը Մանյայի եղբորորդուն բաժին ընկավ, որը ձեռքի հետ հորաքրոջից նաև չեխական ջահը ուզեց. մեկ է` վրայի հախճապակյա զանգուլակները պակաս են, համ էլ հիմա էդպիսի հետամնաց բաներ ո՞վ է կախում , իսկ հիսունչորս կտորանոց ճաշի գերմանական սերվիզը շողշողում էր Էմմա դստեր սպասքապահարանում) և սպիտակեղենը, գրքերը, հագուստն ու աման-չամանը բարձել էին «Ֆորդը» և ճանապարհ էին ընկնում դեպի գյուղական հովվերգություն, Սաթենիկը չեկավ գնաք բարով ասելու:
***
Վասյա և Նազիկ ամուսինները վարունգի մարինադ էին պատրաստում: Նազիկը համաչափ վարունգները դասավորում էր բանկայի մեջ, վրան լցնում շաքարավազ, աղ, հատիկավոր սև և հոտավետ պղպեղ, էլի ինչ-որ համեմունքներ, կափարիչը դնում վրան, տալիս Վասյային: Վասյան էլ զակատով կափարիչի վրա աջ ու ձախ համաչափ շարժումներ էր անում, բանկան շուռումուռ տալիս և դնում տաք տեղ: Պատրաստի մարինադը սպասում էր վայելողին:
-Քեզ քանի՛ ասի` հրևան Շմավոնի տունը առնենք. չորս տղի տեր ենք, անգյաջ չարիր, -բողոքեց Նազիկը:
-Իիիիի, ա՛յ կնիկ, գյուղումը հիմիկ ո՞վ ա տուն առնըմ,որ ես առնեմ, տղերքդ էլ հրեն Ռուսաստաններըմը…
-Ով ա առնըմ, ով ա առնըմ,-ամուսնուն ծաղրեց Նազոն: Հրեն, ասըմ են` րևանցի ինտիլիգենտ ամուսիններ են վերցրել:
Խոսքը ժամանակին է գալիս: <<Ֆորդը>> կանգնեց , և ինտելիգենտ ամուսինները իջան մեքենայից: Պարոն Զալյանը սպիտակ կոստյում էր հագել, մուգ գույնի վերնաշապիկ և նույն գույնի փողկապ կապել: Ինտելիգենտի կերպարը ամբողջացնում էր շագանակագույն ցիլինդրն ու լայն շրջանակներով ակնոցը: Մադամ Զալյանն իսկական ֆրանսերենի ուսուցչուհի էր` ա լյա ֆղանկ շարֆիկով, ծնկից ներքև զգեստով ու շարֆի գույնի պայուսակով:
Վասյան և Նազիկը երջանիկ էին նման հարևաններ ունենալու հեռանկարից, շտապեցին ծանոթանալ` մինչ գյուղապետի ժամանելը:
-Այ բարով եք եկել, ծեր ոտը խերով ըլի մեր գեղը, հրևաննե՛ր ջան- ձեռքերը շալվարի կողերին քսելով` հյուրերին մոտեցավ Վասյան:
Մադամ Զալյանն անչափ երջանիկ էր. հնձած խոտի, ընկուզենիների խոնավ բույրը, հեռվից եկող ծղրիդի միօրինակ կռինչն ու օդում կախված անդորրը խոստանում էին հաճելի և հանգստավետ կյանքի շարունակություն:
***
Նոր էր տուն մտել Մանյան, մտքում տունն էր դասավորում, երբ ներս մտավ Նազիկը:
-Հրևա՛ն ջան, – մարինադի բանկան սեղանին դրեց, Նազիկը,- ասի` պարապ ժամանակ կանչես` կոֆեից-պանից:
-Մենք միայն գործարանային արտադրության պահածոներ ենք ուտում,- բանկան սեղանից հեռացրեց Մանյան` ազդված սակայն հարևանի հյուրասիրությունից:
-Վա, բա մարինադն էլ խանութից կառնեն-կուտե՞ն,- անկեղծորեն զարմացավ Նազոն: Օղորմածիկ Մարքրիտը գիժվում էր իմ մարինադի հմար:
Մարքրիտը տան նախկին տիրուհին էր: Ու Նազոն պատմեց Մանյայի նախկին տանտերերի եղերական պատմությունը: Շմավոնն ու Մարքրիտը մի աղջիկ ու մի տղա ունեին: Աղջիկը` Հասմիկը, իսկական հասմիկ: Մաշկը հասմիկի պես ճերմակ ու քնքուշ, աչքերը նշաձև, մազերը նոր քաղած ցորենի գույն: Էնքա՛ն էլ ուզողներ ուներ: Հասմիկս ոչ մեկին չէր ուզում: Ասել էր` պիտի գնամ Երևան, համալսարանում սովորեմ: Մի օր Հասմիկս գնում է բոխի հավաքելու և չի վերադառնում: Ամբողջ գյուղը մեկ մարդու նման փնտրում է Հասմիկին: Երեկոյան լուր են տալիս, որ Հասմիկը գերի է ընկել ադրբեջանցի զինվորների ձեռքը` միամտաբար հայտնվելով սահմանին: Ինն օր անց վերադարձնում են Հասմիկին, սակայն… Հասմիկը առաջվանը չէր. ո՛չ ուտում էր, ո՛չ խոսում, ո՛չ քնում. գիշերները վեր է թռչում մղձավանջներից, ցերեկները ոտքով չորս կիլոմետր ճանապարհ կտրում, հասնում Խոտակերաց վանք, որտեղ այս պահին գտնվում են իրենց ամուսիններն ու գյուղապետը, լուռ նստում վանքի դռանն ու դատարկ հայացքը հառում հեռուները: Գյուղացիները ենթադրություններով մի զարհուրելի պատմություն են հյուսում, որը պատմելիս ու լսելիս մինչև հիմա մարդ զարզանդում է: Մի քանի ամսվա մեջ մահանում են Հասմիկը, Մարքրիտն ու Շմավոնը: Իսկ տղան թողնում է տունը, մեկնում Ռուսաստան, և ապա ինտերնետային կայքերի միջոցով վաճառում տունը:
Տիկին Մանյան ամբողջ մարմնով դողում էր: Քիչ էր մնում` հարևանին անպատիվ բառերով դուրս աներ տնից, որ առաջին օրով եկել և ուրվականներով է լցրել էս տունը, որը պիտի դառնար իր վերջին հանգրվանը:
Գիշերը սև էր ու անհանգիստ: Մանյան հենց աչքերը փակում էր, Հասմիկն ու ծնողները գալիս շարվում էին մահճակալի մոտ: Հասմիկը ծիծաղում էր, մայրը` լաց լինում: Հետո երկուսով լաց էին լինում, երկուսով` ծիծաղում: Հետո Հասմիկին տանջում էին ադրբեջանցի զինվորները, քաշքշում, թքում վրան, ծաղրում: Հասմիկը լաց էր լինում:
Մանյան մեջքից գրկեց քնած ամուսնուն` փորձելով խաղաղվել և քնել` վեր հանելով երիտասարդության սիրուն օրերի մոռացված սովորությունը, բայց դա էլ չօգնեց. Հասմիկը հանգիստ չէր տալիս:
Նույնը կրկնվեց մի քանի օր:
Ցերեկները Մանյան տան գործերով էր ընկնում, էստեղ մաքրում, էնտեղ մաքրում, արդուկում, կախում, փռում, ծածկում: Ճիշտ է` Հասմիկն ուղեկցում էր ամենուրեք,բայց դե մի կերպ օրն ացնում էր: Գիշերներն էին անտանելի: Աչք չէր կարողանում փակել:
Ութերորդ օրվա առավոտյան Մանյան ու պրոֆեսորը նույն «Ֆորդ»-ով հեռացան գյուղից: Ամբողջ թաղը հավաքվել, գնաք բարով էր անում թանկագին հարևաններին: Երբ ավտոմեքենան կորավ տեսադաշտից, թաղականները գովեցին րևանցի ինտիլիգենտներին, ափսոսացին, որ տիկին Մանյան « չդիմացավ գյուղի կլիմային»:
-Հա, մեր պրոֆեսորն ասեց` Վասյա, քեզ նման կարդացած մարդ իսկի մեր համալսարանըմը չկա, ա՛յ տա, ո՞րդիան ես տու էտքան բան սվորել ու հիշըմ,- երջանիկ ժպիտով հարևաններին պատմեց Վասյան:
Նազոն ուղղեց Մանյայից նվեր ստացած ա լյա ֆղանկ շարֆն ու տուն մտավ:
Շուշան-1
Շուշանն այդ օրը մի տեսակ ուրախ էր: Հագել էր ամենասիրուն շորը, նոր լվացված մազերն ավելի փարթամ տեսք ունեին, պայուսակը մի քիչ չէր սազում շորերի հետ, բայց ոչինչ, ընդհանուր նայվում էր: Լավիկն էր: Կանգնել էր կանգառում, սպասում էր գյուղամիջյան ավտոբուսին, որ գնար հերանց տուն:
_Մադա’մ, ավտոբուսը ե՞րբ է լինելու այստեղ:
Մադամն ինքն է՞ր: Շուշանը որ չշրջվե՛ց: Հարցնողը մի սիրուն հագնված, թիկնեղ տղամարդ էր: Ինչ սիրուն վերնաշապիկ էր հագել, կոկիկ սափրված էր, վրայից էլ լավ հոտ էր գալիս: Քաղաքից կլիներ. Նախ՝ իրենց գյուղում բոլորին դեմքով ճանաչում էր, հետո էլ էսպես սիրուն-սիմպատիչնի տղամարդիկ միայն քաղաքներում են լինում:
Շուշանը շատ հպարտացավ, որ իրեն մադամով դիմեցին, մանավանդ որ զրուցակիցն էլ հասարակ մարդ չէր երևում: Ինչ լավ էր, որ սիրուն շորն էր հագել, , նոր լվացված մազերն ավելի փարթամ տեսք ունեին, պայուսակը մի քիչ չէր սազում շորերի հետ, բայց ոչինչ, ընդհանուր նայվում էր: Լավիկն էր: Շուշանը ջանաց կուլտուրական պատասխան տալ.
_Այժմ… հիմա կգա:
Հիման ավելորդ էր, այժմը շատ տեղին հնչեց: Շուշանը կիսով չափ գոհ մնաց իր տված պատասխանից և սպասեց հաջորդ հարցին:
_Լավ, կսպասեմ,- ժպտաց տղամարդը:
_Այո,- գլխով արեց Շուշանը:
Շուշանը վախեցավ երկար նայել տղամարդուն: Ամաչեց:
Բախտի բերմամբ ավտոբուսում ազատ էր մի հատ երկտեղանոց նստարան: Տղամարդը հարգանքով սպասեց, որ Շուշանն անցնի, որ հետո ինքը տեղավորվի կողքին: Մի երկու ծանոթ կանանց հպարտ-հպարտ բարևեց Շուշանն ու նստեց: Ափսոս, որ ծնողների տունը կողքի գյուղում է, ու ինքը շուտով իջնելու է:
Տղամարդը չէր խոսում, ինքն էլ անհարմար էր զգում խոսեցնել: Ինչի՞ց խոսեր: Տեսնես ինչի՞ է եկել աշխարհից մոռացված էս գյուղը էս սիրուն-սիմպատիչնի տղամարդը, որ իրեն մադամ ասաց: Լրագրո՞ղ է, ռեժիսո՞ր , դիզայնե՞ր, դերասա՞ն: Շուշանը թվեց մոդայիկ բոլոր մասնագիտությունները, բայց ոչ մեկն էլ սրտովը չէին ու տղամարդուն ոչ սազական : Տեսնես կին ունի՞: Կնո՞ջն ինչպես է դիմում: Եվ Շուշանը մտովի փաղաքշական անուններ հորինեց` սիրունիկ, անուշիկ, կատվիկ: Կատվիկը ծիծաղելի թվաց, և Շուշանը երեսը հպեց ապակուն, որպեսզի Առնոն ժպիտը չնկատի: Առնո՞: Դե հա, մադամ ասողի անունը Առնո կլինի, էլի: Սիրուն մտքերն ընդհատեց վարորդի` շոգից պապակված ու կոպիտ ձայնը: Ահա Շուշանը պիտի իջնի:
-Տեղ կտա՞ք` անցնեմ,- կոտրատվեց Շուշանը:
Պիտի ասեր` թույլ կտա՞ք: Այդպես ավելի ազդեցիկ ու քաղաքավարի կլիներ:
-Իջնու՞մ եք,- թվա՞ց, թե իսկապե՛ս ափսոսանքով հարցրեց տղամարդը:
-Ըհը,- գլխով արեց Շուշանը:
Թվա՞ց, թե իսկապե՛ս տղամարդը գլուխ տվեց Շուշանին զիջելիս:
Այդ օրը բոլորը նկատեցին, որ Շուշանը մի տեսակ այն չէ: Շուշանն էլ չգիտեր՝ ինչու է մի տեսակ անորոշ տխուր: Երեկոյան՝ ի զարմանս բոլորի, բոլորից շուտ անկողին մտավ: Մրսում էր: Տանն ինչքան վերմակ ուներ, գցեց վրան: Չօգնեց: Դողը մի տեսակ ներսից էր: Ատամները կափկափում էին: Այդ գիշեր անհաղորդ մնաց ամուսնու գգվանքներին: Երբ Վարոն <<սառը օձ>> անվանեց կնոջը, Շուշանը շուռ եկավ պատի կողմը և կյանքում առաջին անգամ լաց եղավ:
***
Ահա մեկ ամիս է` Շուշանը փնտրում է Առնոյին: Փնտրում է մարզկենտրոնի սուպերմարկետում, գյուղամիջում հավաքված մարդկանց մեջ, ավտոբուսի կանգառում, սիրունատես բոլոր տղամարդկանց մեջ: Սիրուն երազի նման չքացել էր Առնոն, որ մի օր եկավ, փոթորկեց Շուշանի խաղաղ սիրտն ու կորավ:
Շուշանը նկատեց, որ Վարոն ուշ-ուշ է լողանում, չի սափրվում , ուտում է ընդհանուր ամանից, խմում ջրամանից, իր հետևից չի անջատում լույսը, տգեղ է ծիծաղում, անդադար ծխում է: Նկատեց և սկսեց կռվել: Ու՞ր էին կորել այն օրերը, երբ Շուշանը նեղված ժամանակ փարվում էր այդ անտաշ ու բարի մարդուն, ամբողջ թոքերով շնչում փոշու և քրտինքի սիրելի, հարազատ հոտը, և աշխարհը մեկեն լուսավորվում էր Շուշանի համար: Ապերա՛խտ Շուշան: Առնո՛, Առնո՛, որտեղից եկար ու խռովեցիր էս մարդկանց ամուսնական անամպ երկինքը:
-էդ ու՞ր, Շուշո՛:
-Մամայենցս տուն:
-Էն օրը չգնացի՞ր:
-Գործեր կան:
Եվ ամեն անգամ հորանց տուն գնալիս Շուշոն ավելի սիրուն էր հագնվում, չնայած շատ բան չուներ հագնելու, բայց փորձում էի եղածներն էլ ավելի ճաշակով համադրել, երկար ականջօղեր էր կախում, գյուղամիջյան ավտոբուսին սպասելիս դիտմամբ մի քիչ շուտ էր գնում կանգառ և հայացքը հուսահատ հառում էր հեռուները:
Եվ ահա մի օր նույն ավտոբուսի նույն նստատեղում Առնոն տնկվեց դիմացը:
_Ողջույն, մադամ,- հազար տարվա ծանոթի նման ժպտաց Առնոն ու նայեց ուղիղ Շուշանի աչքերի մեջ:
Առնոն իրեն չի մոռացել, ուրեմն ինքը տպավորվել է Առնոյի մեջ: Ժպտում է իրեն: Շուշանը չհասցրեց զարմանալ կրկնվող հրաշալի ակնթարթի համար, միայն ափսոանքով մտածեց, որ ծնողների տունը մոտ է, և շատ կուզեր, որ բոլորը, բոլորը տեսնեին իրեն այդ կարևոր մարդու հետ զրուցելիս:
-Կարելի՞ է,- Առնոն գլխով ցույց տվեց Շուշանի կողքի ազատ նստատեղը: Շուշանը հավաքեց փեշերը, կծկվեց, մի տասն անգամ փոքրացավ, կպավ ավտոբուսի շիկացած երկաթին:
Առնոն նստեց իր կողքին ու սկսեց պատմել: Իրեն-իրեն սկսեց խոսել: Հավանել է Շուշանի գյուղը, օդը մաքուր է, մարդիկ մաքուր են, քաղաքում մարդ կարոտ է նման պարզ ու շիտակ մարդկային հարաբերությունների, առանց ձևականությունների նիստուկացի: Շուշանը շատ բան չհասկացավ, բայց իրեն թվաց՝ Առնոն իրեն է գովում` մաքուր, պարզ, շիտակ, առանց ձևականությունների:
Սիրուն մտքերն ընդհատեց վարորդի` շոգից պապակված ու կոպիտ ձայնը: Ահա Շուշանը պիտի իջնի:
Առնոն ոչ իր անունն ասաց, ոչ Շուշանինը հարցրեց:
Շուշանը չիջավ, դուրս գցեց իրեն ավտոբուսից: Հայաստանյան շոգերի շոգը և ծանոթ դողը ներսից այրում էին խեղճ աղջկան:
Շուշանը տեղեկացրեց ամուսնուն, որ մի քանի օր մնալու է մոր տանը: Գործեր կան: Վարոյին տեսնելու հալ չուներ:
Շուշանը նստել է առվի եզրին՝ կոշտ քարի վրա, ոտքերը մտցրել է սառը ջրի մեջ ու միտք է անում: Ինքը` ո՜ւր, Առնոն` ո՜ւր: Ինքը` ո՜ւր, Առնոյի տեսած կանայք `ո՜ւր: Ինքն իրենց գյուղից ու մարզկենտրոնից հեռու չի գնացել, իսկ Առնոյի կանայք երևի ինքնաթիռներից չեն իջնում, ինքը` դպրոցի հավաքարար Շուշանը, որ դպրոցում կարգին չի սովորել` ո՜ւր, Առնոյի` մի քանի համալսարան ավարտած կանայք`ո՜ւր, ինքը ոչ մազ է ներկում, ոչ` եղունգ, Առնոյի կանա~յք… Բայց չէ՞ որ Առնոն ասաց` մաքուր, պարզ, շիտակ, առանց ձևականությունների: Շուշանը ոտքերի ջուրը թափ տվեց առվի մեջ, հագավ ռետինե հողաթափերն ու քայլերն ուղղեց դեպի գյուղի մատուռը։
***
Շուշանը մեկ առ մեկ համբուրում է սրբապատկերները, իր իմացած բառերով աղաչում Աստծուն, որ մոռանալ տա վերջին ամիսների պատահածը և Առնոյին:
Շուշան – 2
Շուշանն արթնանում է ամեն օր նույն ժամին, իրեն մի քիչ կարգի է բերում ու վազում դպրոց: Դպրոցը երեք փողոց այն կողմ է իր տնից: Մինչ դպրոց հասնելը մտածում է, թե այսօր ինչ է եփելու, մտքում ուրախանում, որ ամուսնու հետ դրած «պերերիվը» մատները հետը կուտեն արհեստավոր ընկերները, կգովեն Շուշանի ձեռքը, անել-դնելը, խելոքությունը, Վարոն էլ կասի.
_Դե կնիկ ա, էլի…
Սերը ցույց չտվող տղամարդիկ կան:
Դպրոց տանող ճանապարհն էլ Շուշոյի մտքերի նման միշտ անփոփոխ է: Շուշանը միշտ մայթով է քայլում: Քարուքանդ մայթի ձախ կողմում մի մեծ առու է, առվեզրին` լի՛քը խատուտիկներ: Քաղիր ու փչիր` ինչքան սիրտդ կուզի: Որ երեխաներ ունենա Շուշոն, կզվարճացնի նրանց խատուտիկներ փչելով: Էս մտքերից ուրախանում և տխրում է Շուշոն: Արդեն յոթ տարի:
Անամոթ քամին փռփռացնում է վառ դեղին արևածաղիկներով շորի փեշերը: Մի ձեռքով զգեստի ճոթերը բռնած, մյուս ձեռքով` երկար ու խիտ գանգուրները, Շուշոն մտավ դպրոց: Զանգը հնչել էր, դպրոցի նեղ միջանցքում լռել աղմուկը: Տնօրեն Գրիգորյանը տնկվեց դիմացը.
-Շուշա՛ն, քանի՞ անգամ եմ ասել` աստիճանների տակի սարդոստայնը կմաքրես:
Շուշանի լեզուն կապ ընկավ: Ուզեց ասել` ախր երեկ եմ մաքրել, չկարողացավ:
Շուշանը Գրիգորյանին չի սիրում: Առհասարակ, խստապահանջ և «գրագետ» մարդկանց չի սիրում: Մի տեսակ քաշվում է, վախենում, թե ամաչում` ինքն էլ չգիտի: Գուցե բոլորը միասին:
Շուշոն անմիջապես մտավ փոքրիկ սենյակը, որտեղ ինքը փոխվում է, սուրճ խմում, ազատ ժամանակ հանգստանում, արագ-արագ փոխեց շորերն ու ավելի հետ դուրս եկավ: Վազ տվեց աստիճանների տակ ու տեսավ, որ գետինը մաս-մաքուր է: Էս Գրիգորյանն ինչ է փնթփնթում` աստիճանների տակ, աստիճանների տակ: Հենց էդ
պահին ուսմասվար Խաչատրյանն էր անցնում` մատյանը թևատակին, կոշիկները սալահատակի վրա կտկտացնելով:
-Ընկե՛ր Խաչատրյան, սարդոստայնն ի՞նչ է, Գրիգորյանը` սարդոստայն, հա սարդոստայն:
-Վա՛յ, Շուշան, Շուշան, քրքրվես դու, սարդոստայնն էլ չգիտես,- ծիծաղեց ընկեր Խաչատրյանը` Շուշանին միշտ դուրեկան իր ծիծաղով: Սարանդոստիկն է:
_Վահ, բա էդպես ասեք, -ցուցամատը հեռացող Խաչատրյանի հետևից տնկեց Շուշոն ու նայեց նրա կտկտան կարմիր կոշիկներին:
Ավելով քանդում է սարդի բույնն ու մտածում Շուշանը վերջերս լսած նոր մոդայի բառակապակցությունների մասին` սեռական բռնություն, ընտանեկան բռնություն: Որտեղից է լսել՝ չգիտի։ Ֆեյսբուք չունի. մի օր, որ ամուսնուն հարցրեց` էդ ինչ ա էդ ֆեյսբուքը, բեր մենք էլ բացենք, հենա Անդիկենք էլ են արդեն բացել, մարդը կոպիտ շպրտեց.
-Ախմախ բան ա…
Շուշանը հավատաց ու մտածեց, որ շատ ու շատ նոր բաների նման անօգուտ ու անիմաստ բան է ֆեյսբուքը: Մյուս կողմից էլ մտածեց, որ ամեն նոր բան չէ, որ վատ է: Չէ՞ որ լվացքի ավտոմատ մեքենաներն էլ սկզբում ասում էին վատ բան է, մարդու նման լավ չի լվանա: Հենց իր սկեսուրը առաջին թշնամինիներից էր ` ասել էր․ «Էն խոմ մարդ չի, որ իմանա` շապիկի օձի՞քն է կեղտոտ, թե՞ թևքը»: Ինքն ամբողջ կյանքում ձեռքով էր տրորել լվացքը և նույնը սովորեցրել Շուշանին: Սակայն երբ Շուշանը ընկերուհիների հորդորով առաջին աշխատավարձով լվացքի մեքենա էր ապառիկ վերցրել ու ինչ կար-չկար լվանալու լցրել մեջը, հիացմունքից մեկ ժամ շարունակ աչքը չէր կտրել փոքրիկ կլոր ապակյա դռնակից: Օրհնել էր լվացքի մեքենա ստեղծողին էլ, առնել խորհուրդ տվողին էլ:
Վերջը: Չիմացավ, թե որտեղից լսեց էդ բռնությունների մասին, բայց մտածեց, որ վատ բան է: Վատ է ոչ թե բռնությունը, այլ դրա մասին խոսելը: Ինչպես ֆեյսբուք բացելը: Հաստատ էդ ֆեյսբուքներում են խոսում դրանց մասին: Դպրոցում չէր հիշում, որ նման բան սովորած լիներ: Այ, որ համալսարան գնացած լիներ, էնտեղի գրքերից ու դասախոսներից լսած կլիներ: Վաղը ուսուցչանոցը մաքրելիս կհարցնի ընկեր Սիմոնյանին: Նրան գովում են, ասում են `կարդացած-խելացի դասատու է : Պատմության դասատուից կհարցներ, բայց էն տղամարդ է, ամոթ է:
***
Շուշանը դպրոցից դուրս եկավ, արդեն հետկեսօր էր: Դասասենյակները մաքրել, միջանցքներն ավլել, սարդոստայններից մաքրել էր: Սարդոստա՜յն: Մարդավարի որ ասեք` չի՞ լինի: Տեսնես տա՞նն էլ է էդպես խոսում պարոն տնօրենը: Դժվար:
Մայիսը անուշ բուրմունքով էր լցրել օդը: Ծաղկել էին դեղձենիները, խնձորենիները , բոլոր ծառերը: Շուշանը որոշեց գնալ Աստղիկին հյուր: Աստղը տեգրակինն էր, մի քանի թաղ վերև էր ապրում: Ծաղկանոց ուներ, վարդերն արդեն ծաղկած կլինեին: Շուշանի տունը այգի չուներ. Մի կողմում սար էր` ամայի ու տխուր, մյուս կողմում` հարևան Սաշայի այգին էր:Ասում են` Սաշան զոռբայությամբ Շուշանի սկեսրայրից առել է իրենց հասանելիք հողը` թողնելով մի քանի ոտնաչափ բակ: Մի հավանոցի տեղ էլ չուներ: Ժամանակին մեծ ու սիրուն այգի են ունեցել, սկեսուրը երիտասարդ ժամանակ վարդերով, կակաչներով, նարգիզներով ու ծխածաղիկներով է լցրել բակն ու այգին: Շուշանի հարս եկած տարին արդեն ոչ սկեսրայրը կար, ոչ էլ` ծաղկանոցը, որի մասին սկեսուրը ախուվախով էր պատմում: Երեխա ունենալուց զատ մյուս երազանքը սիրուն բակ ու բալկոն ունենալն էր :
Աստղիկը լվացք էր փռում: Թափ էր տալիս թաց շորերը, մատներով վրաների անտեսանելի մազմզուկները պոկում ու կախ տալիս պարանին: Պարանի շորերն ու վարդերը համաչափ օրորվում էին մեղմ քամուց:
_Սիրտս նեղված էր, ասի` գամ մի երկու բառ խոսենք,- սուրճի բաժակի պոչը մատով քերելով ` իր այցն արդարացրեց Շուշանը:
-Լավ ես արել,- կարճ կապեց Աստղիկը:
Աստղիկը չհարցրեց` բա ինչու ես նեղված: Ժամանակ չուներ Շուշանի նվնվոցը լսելու: Վեր կացավ ու սկսեց կախել զամբյուղի շորերը: Շուշանը նայեց նոր լվացված երեխայի տոտիկ-շապիկներին ու քիչ մնաց բարձր ձայնով լաց լիներ:
-Դե լավ, ես գնամ: Վարոյին հաց չեմ սարքել,-սուրճը չվերջացրած` ոտքի ելավ Շուշանը:
Աստղիկը Շուշանին ուղեկցեց մինչև դրսի դուռը` աչքի պոչով զննելով նրա վառ դեղին արևածաղիկներով շորն ու շորասազ մարմինը:
Բորշի կաղամբն էր մանր-մանր կտրտում Շուշանն ու մտածում իր ու Վարոյի մասին: Ինչու՞ են ապրում իրար հետ: Սիրու՞մ են իրար: Հարմարվե՞լ են: Թե՞ երեխա ունենալու հույս ունեն:
Նոր եփած բորշի հոտն ամեն տեղ է` բակում, ճաշասենյակում ու խոհանոցում: Վարոն լուռ կուլ է տալիս համեղ կերակուրը ու չի հասկանում` կերածն ինչ է: Շան պես հոգնած եմ`դեռ տուն չմտած` ասաց Շուշոյին։ Շուշոն հասկացավ, որ էն օրերից է, երբ ժամը իննին Վարոն կպառկի քնելու, ու ականջի տակ զուռնա-դհոլ էլ նվագես, քնից չի արթնանա:
Ամաններն է լվանում Շուշանն ու մտածում` տեսնես էս գործերը որ չլինեին, մարդ ի՞նչ կաներ: Պարապությունից կխելագարվեր: Լսել էր, որ ինչ-որ մի տեղ` Եվրոպա կամ Ամերիկա անունով մի անհասցե – հեռու մի տեղ, գուցե արդեն Երևանում, կանայք աման լվացող հատուկ սարք ունեն: Հավաքում են կեղտոտ ամանները , իրար գլխի լցնում ու լվացքի մեքենայի նման մի կոճակ սեղմում: Լավ , բա մնացած ժամանակը ինչո՞վ են զբաղվում: Զարմանք բան:
Շուշոն հագավ պուտիկավոր գիշերանոցն ու հանգցրեց լույսը: Պառկեց քնելու առանց երազների, առանց վաղվա օրվա մասին մտածելու: Ի՞նչ մտածեր:
***
-Ընկեր Սիմոնյա՜՞ն,-իբր թե ուսուցչանոցի հատակն է սրբում Շուշանը, ու ձեռքի հետ հարցնում,- ամոթ չլինի հարցնելը, էդ որ էդքան ասում են սեռական բռնություն, ընտանեկան բռնություն, էդ ի՞նչ ա:
-Շուշա՛ն, ինչիդ է պետք, քեզ համար միամիտ ապրիր, էլի,- տետրերի տրցակն ի մի բերելով` ասաց ընկեր Սիմոնյանը:
-Դե որ բոլորը գիտեն, ասի` ես էլ իմանամ, ի՞նչ կլինի: Մենք մարդ չե՞նք,- մի քիչ նեղացավ Շուշանը:
-Շուշա՛ն ջան, դե, ինչպե՞ս բացատրեմ, երբ կինը սեփական ընտանիքում ենթարկվում է ֆիզիկական և հոգեբանական ճնշումների, ասում են` ընտանեկան բռնություն:
Շուշանի համար մի քիչ բարդ էր:
-Ֆիզիկականը ծեծ ուտելն ա՞:
-Նման մի բան:
-Բա հեգեբանակա՞նը:
-Դե, երբ բառերով կամ պահվածքով մեկ անձ ճնշում է մեկ այլ անձի:
-Լրիվ գժվել էն էս կնանիք: Տան եղածը վեր կենան էստեղ-էնտեղ պատմեն , անունն էլ դնեն ընտանեկան բռնություն:
Շուշանի ձայնը խառնվեց զանգի ղողանջին, և ոչ ոք չլսեց նրան:
***
Ամսվա մեջ մի օր Շուշանը պարտադիր լաց է լինում: Երեխա չունենալու լացը: Մյուս օրերն ապրում է հույսով ու երազանքով, որ շուտով աչքալուսանք կտա Վարոյին: Բայց հենց գալիս է չարաբաստիկ օրը, և երազանքները փշրվում են, նստում ու հոնգուր-հոնգուր լաց է լինում: Վարոն էլի իրեն դեկորատիվ ծառ կանվանի: Ամեն անգամ չբերությունն էդպես է երեսով տալիս: Վարոն, որ դրսում մատդ դնես բերանը չի կծի, Շուշանի մոտ առյուծ է դառնում: «Ուրիշ կանայք Վարոյի նման բռի մարդ որ ունենան, վեր կկենան ու էստեղ-էնտեղ կպատմեն, կասեն ` հոգեբանական բռնություն: Բայց, ինչ արած, իմ խաչն է, պիտի տանեմ: Ո՞ր տղամարդը երկար կհանդուրժի չբեր կին: Ոչ մի»: Շուշանը սրբեց արցունքները , վեր կացավ ու սկսեց ավել անել:
Տեսնես էս գործերը որ չլինեին, մարդ ի՞նչ կաներ: Պարապությունից կխելագարվեր:
Շուշան -3
Շուշանը երկար է սպասել այս ժամադրությանը: Քանի որ երկար է սպասել, երկար էլ պիտի պատրաստվի: Սոնայի տնից վերադառնալուց հետո առաջին բանը, որ արեց, խնայողությունները հաշվելն էր: Հաշվեց յոթ հազար դրամ: Յոթ հազարով շոր ու կոշի՜կ առնի, մազե՜րը հարդարի եղունգնե՜րը խնամի։ Պայուսակն էլ հազար տարվա վաղեմություն ունի. կաշին ճաքճքել է, տեղ-տեղ պլոկվել, թելերը դուրս են եկել: Հուսահատ կոպեկներն էր շուռումուռ տալիս Շուշանն ու մտածում, որ հիմա կգա Սոնան ու նոր պայուսակ էլ կտա, նոր շոր ու կոշիկի ճար էլ կանի, տեսքն էլ կսիրունացնի, վաղվա հանդիպումն էլ փուլ առ փուլ կբեմադրի: Դու էսպես կասես, նա` էսպես կասի: Կնայես ուղիղ աչքերի մեջ: Խոսքերդ սար ու ձոր չգցես: Հենց ուղիղ էլ կասես, որ ինը տարեկան հրաշք աղջիկ ունես:
Սոնան մորաքրոջ աղջիկն է: Սոնան որ չլինի, Շուշանը կորած է: Շուշանը հավատացած է, որ իր նմանների կյանքում սոնաներ կան, որոնք միշտ հայտնվում են ճիշտ պահին, անսխալ գուշակում իր նմանների նեղությունները, պաշտպանում այլոց չարախոսություններից, օգնում գումարով: Իր Սոնան էդքանի հետ մեկտեղ նաև օգնում է մեծացնել Շուշանի իննամյա դստերը` Անահիտին: Անահիտը շատ է սիրում Սոնա մորաքրոջը: Նրանք իսկական դավադիրներ են: Սոնա մորաքույրը թույլ է տալիս այն ամենը, ինչ արգելում է մայրը: Ներկում է Անահիտի եղունգները, աչքերն ու շուրթերը, օծանելիք ցանում, լիքը զարդեր լցնում վրան, բարձրակրունկ կոշիկներ հագցնում: Նույնիսկ մայրիկից թաքուն միասին սուրճ են խմում: Իհարկե, Անահիտի բաժակի մեջ սուրճը շատ քիչ է լցնում, համարյա աննշան: Միասին խոսում են ինչից ասես, նույնիսկ բամբասում Շուշանից:
Անահիտը, երբ իմացավ, որ երկու օր գիշերելու է Սոնա մորաքրոջ տանը, ուրախությունից պարեց: Սոնան ու Վանիկը արդեն տասը տարվա ամուսիններ են: Երեխա չունեն, սակայն տանը մանկական սենյակ ունեն, որտեղ գրեթե ամեն օր հյուրընկալվում են Սոնայի ու Վանիկի հարազատների երեխաները: Հերթը կրկին Անահիտինն է:
Շուշանն ու Արմենը մեկ ամիս են ամուսիններ եղել: Արմենը Շուշանի տատի հեռավոր ազգականն է` Շուշանից մոտավորապես տասներեք տարով մեծ: Ասին` Արմենը Ռուսաստաններում կարգին գործերի տեր է, փողին փող չի ասում, ամեն ինչ տեսած, թացը չորից տարբերող տղամարդ: Նմանին ինչ է պետք` հալալ-կաթնակեր աղջիկ: Բարեկամները հապճեպ, մի քանի օրում կազմակերպեցին Արմենի ու Շուշանի հանդիպումը, նշանդրեքն ու ամուսնությունը: Արմենը պիտի մեկներ Ռուսաստան, հետո կանչեր Շուշանին: Մեկնեց: Զանգերը քիչ-քիչ բարակեցին, ապա լրիվ կտրվեցին: Ոչ ինքը եկավ, ոչ Շուշանին տարավ իր մոտ: Գյուղը ենթադրություններից ու կարծիքներից բանավոր հյուսեց Արմենի ու Շուշանի անջատման պատմությունը: Իբր Արմենն ամուսնացած է ռուս կնոջ հետ, Շուշանից մի քիչ փոքր աղջիկ ունի, կնոջն էլ մենակ տեսնեք` մարալ ռուս, մազոտ ու սև Շուշանն ի՞նչ է նրա մոտ, հետո էլ, թե` Արմենը էնքան էր հարստացել, թրփոշացել, որ մեծ ու պստիկ չէր նայում, ռուսներն էլ տարել հեռու մի տեղ, էնքան են ծեծել, անօգնական մնացել, արնաքամվել ու մեռել է:
Առաջին երկու տարում գյուղը խոսեց, խոսեց ու հանգիստ թողեց Շուշանին էլ, Արմենին էլ, նրանց մեկուկեսամյա Անահիտին էլ: Սկեսուրը քաղաքում ապրող տղայի տունը թողեց, եկավ Շուշանի մոտ, որպեսզի տիրություն անի հարսին: Էն էլ խեղճ կինը չորս տարի ապրեց Շուշանի հետ: Ննջեց` որդու կարոտը սրտում:
Երբ հասակակից կանայք Շուշանին երանի էին տալիս, թե դու ես քո գլխի տերը` ոչ փնթփնթացող ունես, ոչ գլխիդ տեր ու տիրական, Շուշանը տխրում էր: Նա ուզում էր բոլոր կանանց նման ամենասովորական ու ամենահասարակ ամուսին ունենալ: Ամեն Աստծո օր կռվեին ու բարիշեին, խանդեր տղամարդը Շուշանին, չթողներ բաց շորեր հագնել, բողոքեր ճաշի համից, արդուկած շալվարից: Շուշանն ուզում էր իմանալ ` ինչպես է փոխվում տղամարդը երեսուն տարեկանում, քառասունհինգում, վաթսունում: Հարևան կանայք, գյուղապետարանի կին աշխատողները որ բողոքում էին իրենց ամուսինների խռմփացնելուց, ծխելուց, մեկն ասում էր՝ ուշ է տուն գալիս, մյուսը թե` ամբողջ օրը բազմոցին վեր ընկած է, մեկն ասում էր՝ շատ խանդոտ է, չի թողնում մազերը կտրի ու ներկի, ծնկից վերև շոր հագնի, մեկն ասում էր՝ քթիմազ բնավորություն ունի իրենը, խոսում է ամեն ինչի վրա, Շուշանը զարմանում էր, որ ոչ մեկը չի գովում իր ամուսնուն: Ասենք` պատմեին, որ ծաղիկ է նվիրել ամուսնության օրը, կամ հորդորել է ոչինչ չանել տոնական օրերին, ամբողջ գիշեր հերթափոխով երեխային են օրորել, գովել է ճաշը, պաշտպանել սկեսրոջ նկատողություններից կամ տալի հարձակումներից: Խելքները հացի հետ են կերել էս կնանիք, մտածում էր Շուշանը: Միայն վատ բաները կասեն: Շուշանն իր աչքով է տեսել` ինչպես է Նազիկի ամուսին Արամը կնոջ չոլկան իր հաստ մատներով դեմքից հեռացնում ու ականջի հետևում տեղավորում: Մի անգամ էլ Վարդուշին էր սպասում, որ միասին Նազիկի ծննդին գնային, երբ Վարդուշը ուսերը բաց շորով դուրս եկավ տնից, մարդն ասաց` ժակետդ վերցրու, կմրսես:
***
Հենց էսպիսի` ամուսինադժգոհ մի զրույց էր ծավալվել գյուղապետարանի ընդունարանին կից սենյակում, որտեղ ակումբի, գրադարանի ու գյուղապետարանի կանայք սուրճ էին խմում, ու Մարինը, որ ամենատարիքովն էր , և դա էր պատճառը, որ իրեն թույլ էր տալիս ամեն ինչ խոսել, նույնիսկ Շուշանի ականջին անշնորհք թվացող կատակներ անել, մեկեն շուռ եկավ Շուշանի կողմն ու ասաց.
-Շուշո՞: Ասում ես` մարդդ ինչի գնա՞ց, դառավ Խաչատուր Աբովյանը:
Կանայք հռհռացին, իսկ Շուշանը ամաչկոտ ու միշտ պատասխան չունեցող հայացքը հառեց դռանը, որտեղ հենց այդ պահին հայտնվեց մի անծանոթ: Անծանոթը նիհարիկ , չորուկ-մորուկ, դեմքին ծալքեր ունեցող, բայց շատ կիրթ մարդու տպավորություն թողնող մի տղամարդ էր: Ասաց.
-Բարև ձեզ: Գյուղապետ Ավագյանը տեղո՞ւմ է:
Մարինը չթողեց, որ որևէ մեկը ծպտուն հանի:
-Ի՞նչ կա, տղա ջան, ի՞նչ ես ուզում:
Չնայած անծանոթն այնքան էլ տղայի տարիքի չէր, բայց դե Մարինն է, էլի, ում հետ ոնց ուզում` խոսում է:
-Ես պատմության ուսուցիչ եմ: Անունս Ալբերտ է: <<Դասավանդիր Հայաստանում>> ծրագրով…
Մարինն էս որ չլսե՛ց: Չիմացավ` ոնց վեր կացավ, աթոռը տվեց «Ալբերտ ջանին», գաթայի ափսեն մոտեցրեց , բլուզի ճոթերն ուղղեց, անտեղի ծիծաղեց:
-Աղջիկս էլ անգլերենի դասատու ա,- նորից ծիծաղեց Մարինը,- ճիշտ ա` պետական համալսարան չի ավարտել, բայց լավ մասնագետ ա: Աղջկաս թխած գաթան ա…
-Շնորհակալություն,- հազաց Ալբերտը` աչքի պոչով նայելով Շուշանին: Շուշանը փախցրեց հայացքը: Ուսերին գցած կանաչ ժակետի եզրերն իրար վրա բերեց, շագանակագույն աչքերը խոնարհեց: Մարինից վախեցավ: Ամաչեց: Հիշեց, թե ինչպես
մի անգամ մտքում հավանել էր գրադարան գրքեր բերող մի տղամարդու: Մարինը ինչպես էր գուշակել իր մտքերը, չգիտեր, բայց սկեսուրին ասել էր: Սկեսուրն էլ ոչ ավել, ոչ պակաս` սաստել էր անամոթ հարսին.
-Չափդ ճանաչիր. տղաս դեռ ողջ-առողջ է:
Շուշանն աննկատ վեր կացավ, որ գնա իր գրադարանը: Ժակետն ուսերից սահեց ընկավ աթոռին: Որպեսզի ուշադրություն չգրավի, ժակետը թողեց` մտածելով` հետո կվերցնի: Գնաց գրադարան, որն իր աշխատավայրն էր, հանգստավայրը, տաղտուկ առօրյայից կտրվելու խորհրդավոր անկյունը:
Ալբերտը գրադարանի դուռը թակեց և ներս մտավ: Ժակետն էր բերել: Շուշանը վախեցավ: Մարինի լեզվից չի պրծնի: Արագ վերցրեց ժակետը, գրադարանի դուռը կողպեց ու գյուղամիջյան նեղլիկ ու փոշոտ ճանապարհով վազ տվեց Սոնայի տուն, որտեղ հիմա Անահիտն ու Սոնան բլբլում են ու անհոգ կչկչում: Չհիշեց` շնորհակաոլություն հայտնեց, թե` չէ:
Գյուղը զրույցի նոր թեմա ունի: Բոլոր տների խոսակցության առարկան Ալբերտ Վարդանյանն է` ընկեր Վարդանյանը, պատմության դասատուն, քաղաքից եկած տղեն, էն կիրթ մարդը… Չնայած Ալբերտը ոչ մեկին չի պատմել իր անձնական կյանքը, բայց բոլորը գիտեն, որ երեսունհինգ տարեկան է, ամուսնացած չէ, լավ կյանք տեսած տղամարդ է: Փողին փող չի ասում, գյուղ եկել է ուղղակի իր հաճույքի ու քաղաքային կյանքից կտրվելու համար:
Մի երկու անգամ գյուղապետարան գնալ-գալուց, Շուշանի հետ թաքուն հայացքներ փոխանակելուց հետո Ալբերտը մտավ գրադարան: Ուզում էր խոսել:
– Այստեղ չէ,- շփոթված ասաց Շուշանը` վախվորած դռանը նայելով:
– Վաղը` երեկոյան ժամը յոթին, կսպասեմ քեզ էլեկտրիչկայի կայարանում,- հանդարտ ասաց Ալբերտն ու դուրս եկավ:
Շուշանը պատուհանից տեսավ, թե ինչպես է Մարինը Ալբերտին ուղեկցում մինչև գյուղապետարանի երկաթյա ցանկապատը: Մտածեց Անահիտի մասին: Սիրտը ուրախությունից նվաղեց: Մարինից չվախեցավ:
Երբ եղածը պատմեց Սոնային, Սոնան գլխի գցեց` ժամադրել է մարդը: Անահիտին պահեց իր մոտ, Շուշանին ուղարկեց տուն` ասելով` գնա, հանգստացիր. Վանոն գա Անահիտի մոտ, կգամ:
***
Սոնայի ջանքերը զուր չեն անցել. Շուշանն իսկապես շատ սիրուն է: Գնացքի կայարանում կանգնած` առաջին անգամ է, որ ինքն իրեն հավանում է Շուշանը: Սև ու սպիտակ պուտիկավոր զգեստով, ֆենած մազերով, խնամքով հարդարված եղունգներով, փոքրիկ կանթավոր պայուսակով` կինոյի աղջիկ է երևակայում իրեն:
Հեռվից փնչացնելով եկավ էլեկտրաքարշակը: Երբեք գնացքի ձայնն այդքան անձկալի չէր եղել Շուշանի ունկերին: Իջնողները գյուղացի մի քանի կանայք էին, որոնք քաղաքից վերադառնում էին դատարկ արկղերով: Նրանցից խույս տալու համար Շուշանը թաքնվեց հաստ էլեկտրասյան հետևում: Շուշանը լսում է օրվա առևտրից ու քաղաքացիների ժլատությունից բողոքող կանանց խոսքուզրույցն ու սպասում իր քաղաքացի հյուրին:
Գնացքը հեռացավ, կանայք հեռացան: Շուշանը դուրս եկավ իր թաքստոցից: Ալբերտը չկար: Սպասեց ևս մեկ ժամ: Ժամը տարի թվաց, դար թվաց, հավերժություն թվաց:
Շուշանն առանց հասկանալու քայլեց տուն: Մտավ զուգարան ու սկսեց ստամոքսը դատարկել: Հետ տվածն ինչ էր` դառը լեղի:
