Թարգմանություն, Վոլֆգանգ Բորխերտ

Սա մեր մանիֆեստն է

Սաղավարտից սաղավարտ: Մենք պարտվել ենք: Վաշտերը այսուայնկողմ են վազում: Վաշտերը, գումարտակները, զորքերը: Մեծ զորքերը: Դեռ կանգուն են միայն մեռածների բանակները: Կանգնած են ինչպես անընդգրկելի անտառներ՝ մթին, մանուշակավուն, լի ձայներով: Թնդանոթները սակայն պառկած են նախնադարյան սառեցված կենդանիների պես՝ կարծր ոսկորներով: Մանուշակագույն՝ պողպատից ու հանկարծակի մոլեգնությունից: Եվ սաղավարտները, որ պատվում են ժանգով: Հանեցե՛ք ժանգոտ սաղավարտները. մենք տանուլ ենք տվել:

Մեր խոհանոցային ամաններով այժմ կաթ են բերում հյուծված երեխաները: Անյուղ կաթ: Մանչուկները սաստիկ ցրտից մանուշակագույն են դարձել: Իսկ կաթը մանուշակագույն է դարձել չքավորությունից: Մենք այլևս երբեք շարք չենք կանգնի ու «ճի՛շտ այդպես» չենք բացականչի սուլիչի մռնչյունին: Թնդանոթներն ու ենթասպաները չեն աղաղակում այլևս: Երբ ցանկանանք, լաց կլինենք, կարիքներս կհոգանք ու կերգենք: Բայց մենք այլևս երբեք չենք երգի որոտացող տանկերի ու էդելվայսի[1] երգը: Քանի որ տանկերն ու ենթասպաներն այլևս չեն մռնչում, և էդելվայսը ժանգոտում է միապաղաղ ու արյունոտ երգի տակ: Եվ ոչ մի գեներալ մեզ այլևս դու-ով չի դիմի մարտից առաջ: Սարսափելի մարտից առաջ:

Մենք վախից ատամների արանքում այլևս ավազ չենք ունենա. ո՛չ տափաստանային ավազ, ո՛չ ուկրաինական և ո՛չ էլ Կիրենաիկայից[2] կամ Նորմանդիայից, ոչ էլ մեր հայրենիքի դառը, վատ ավազը): Եվ այլևս երբեք այդ տաք ու միևնույն ժամանակ կատաղի զգացումը չենք զգա ուղեղում ու աղիներում մարտից առաջ:

Մենք այլևս երբեք նույնքան երջանիկ չենք լինի, երբ մեկ ուրիշը մեր կողքին լինի: Տաք է, լսվում է շնչառության ձայն, զկռտոց ու բզզոց. գիշերը՝ հարձակման պահին: Մեզ այլևս երբեք այնքան գնչուաբար չեն ուրախացնի հացն ու հինգ գրամ ծխախոտը, ինչպես նաև՝ խոտով լի երկու ձեռքերը: Որովհետև մենք այլևս երբեք միասին չենք քայլի, որովհետև մեզնից յուրաքանչյուրն այսուհետ միայնակ է քայլելու: Դա հրաշալի է: Դա ծանր է: Այլևս կողքիդ չես ունենա դանդաղաշարժ ու փնթփնթան մեկին. գիշերները, գիշերները՝ հարձակում գործելիս: Մեկը, ով լսում է ամեն ինչ: Ով երբեք սակայն ոչինչ չի ասում: Ով ամեն ինչ մարսում է: Եվ երբ գիշերը մեկը չի կարողանում զսպել արցունքները, նա կարող է դա կրկնել: Այդ ժամանակ նա այլևս երգելու կարիք չի ունենում. վախն է պատճառը:

Այժմ մեր երգը ջազն է: Բուռն, տենդագին ջազը մեր երաժշտությունն է: Եվ տաք ու խելագար երգը, որ բխում է հարվածային գործիքներից, կատվային է, ճանկռող: Եվ երբեմն էլ կրկին զինվորական հին մռնչյունը, որով գոռում էին կարիքի վրա ու մերժում մայրերին: Բեղավոր շրթունքների արանքից տղամարդկանց սարսափելի երգչախմբի կատարումները, որոնք երգվում են բունկերի մթնշաղներում ու ապրանքատար գնացքներում, թրթռում են բերանում թիթեղի պես ներդաշնակորեն:

Արական, տղամարդկային երգեցողություն. ոչ ոք չի՞ լսել, որ երեխաները մռնչում են վախը թնդանոթների մանուշակագույն անցքերից: Տղամարդկային հերոսական երգեցողություն. ոչ ոք չի՞ լսել հեծկլտոցը սրտի, երբ ջազ են երգում նրանք՝ կեղտոտները, թեփոտները, մորուքավորները՝ չափազանց բարձր:

Տղամարդկային երգեցողություն, զինվորական մռնչյուն, սենտիմենտալ ու տաքարյուն, առնական ու բաս-կոկորդային, ինչպես նաև՝ երիտասարդ տղամարդկանց բղավոց: Ոչ ոք չի՞ լսում մոր աղաղակը: Արկածախնդիր տղամարդու վերջին աղաղա՞կը: Սարսափելի աղաղակը՝ ջազ:

Մեր երաժշտությունը պարզապես պար է մեզ վրա հորանջող անդունդի վրա: Եվ այդ երաժշտությունը ջազն է: Քանի որ մեր սիրտն ու ուղեղը ունեն նույն տաք և սառը ռիթմը՝ հուզված, խենթ, տենդագին, անզսպելի:

Եվ մեր աղջիկները. նրանց ձեռքերին ու ազդրերին նույն տաք զարկերակն է: Եվ նրանց ծիծաղը կերկերուն է, դյուրաբեկ ու կարծր, ինչպես կլառնետը: Եվ նրանց մազերը, որ ճարճատում են ֆոսֆորի պես: Այրում են: Եվ նրանց սիրտը վայրի է մելամաղձության հետ մեկտեղ: Սենտիմենտալ: Այդպիսին են մեր աղջիկները՝ ջազին համահունչ: Եվ այդպիսին են գիշերները՝ աղջկա պես շառաչող գիշերները՝ ջազի նման տաք ու տենդագին: Գրգռված:

Ո՞վ է գրում մեզ համար ներդաշնակության մի նոր տեսություն: Մենք այլևս կարիք չունենք հավասարաչափ դաշնամուրների: Մենք ինքներս չափազանց աններդաշնակ ենք: Ո՞վ մեզ համար մանուշակագույն աղաղակ կբարձրացնի: Իսկ մանուշակագույն ազատո՞ւմ: Մեզ այլևս պետք չէ հանդարտ կյանք: Մեր կյանքը աղմկոտ է:

Մեզ քերականության գիտակ բանաստեղծներ պետք չեն: Մեզ պակասում է համբերություն լավ քերականության համար: Մենք կարիքն ունենք նրանց, ովքեր ունեն տաք, կերկերուն, հեկեկացող զգացումներ: Նրանք, ովքեր ծառից ծառ ու կնոջից կին ասում են ու ասում են հատկապես «այո» և «ոչ» նաև. բարձրաձայն ու հասկանալի, երեք անգամ, առանց կոնյունկտիվի[3]:

Կետ-ստորակետի ժամանակ մենք չունենք, և ներդաշնակությունը մեղմացնում է մեզ, իսկ խաղաղ կյանքն ընկճում է. պատճառն այն է, որ գիշերներին մանուշակագույնն է մեր երկինքը: Իսկ մանուշակագույնը ժամանակ չի տալիս քերականության համար, ամենուրեք մանուշակագույն է՝ սուր, անընդմեջ ու խելագար: Ծխնելույզների վրա, տանիքների վրա. աշխարհը՝ մանուշակագույն: Ստվերոտ հովիտներ՝ մեր՝ մի կողմ նետված մարմինների վրա. մեռածների կապտաձնածածկ ակնախոռոչները՝ սառցամրրիկի մեջ, սառը թնդանոթների կատաղի մանուշակավուն երախը և մեր աղջիկների մանուշակագույն մաշկը պարանոցին կամ էլ կրծքի տակ ինչ-որ հատվածում: Մանուշակագույնը գիշերաժամին սովամահ եղողների տնքոցն է ու համբուրվողների թոթովանքը: Եվ քաղաքը այնքա՜ն մանուշակագույն է՝ կանգնած գիշերային նույնագույն հորձանքին մոտ:

Եվ գիշերը լի է մահով: Մե՜ր գիշերը: Որովհետև մեր քունը լի է մարտերով: Մեր գիշերը լի է կռվի աղմուկով երազած մահվան մեջ: Եվ նրանք, ովքեր գիշերները մեզ մոտ են մնում՝ մանուշակագույն աղջիկները, գիտեն դա, և առավոտները նրանք գունատ են դեռ մեր գիշերվա նեղությունից: Եվ մեր առավոտները լի են մենակությամբ: Իսկ առավոտյան մեր միայնությունը ապակու պես է: Դյուրաբեկ ու սառը: Եվ ամբողջովին հստակ: Դա տղամարդու մենակությունն է: Որովհետև մենք մեր մայրերին կորցրել ենք կատաղի հրանոթների մոտ: Միայն մեր կատուները, կովերը, ոջիլներն ու անձրևորդերն են, որ կրում են անասելի մեծ, սառցե մենություն: Հավանաբար նրանք կողք կողքի չեն այնպես, ինչպես մենք: Գուցե նրանք ավելի շատ աշխարհի հետ են: Այս անսահման աշխարհի հետ: Որի մեջ մեր սիրտը գրեթե սառչում է:

Ինչո՞ւ է մոլեգնում մեր սիրտը: Պատճառը փախուստն է: Որովհետև տակավին երեկ մենք խուսափեցինք մարտից ու երախից կորստաբեր փախուստով: Սարսափելի փախուստից դեպի նռնակի ծերպը՝ մեկ ուրիշը՝ մայրական տաշտը. դրանից է մեր սիրտը դեռ մոլեգնում, նաև՝ վախից: Անսա՛ ներսիդ անդունդների աղմուկին: Վախենո՞ւմ ես: Լսո՞ւմ ես քաոսային հնչյունները Մոցարտի մեղեդիներից և Հերմս Նիելի[4] կանտատներից: Դեռ լսո՞ւմ ես Հյոլդերլին: Կրկին ճանաչո՞ւմ ես նրան՝ արյունարբու, համազգեստից անբաժան ու թև թևի տված Բալդուր ֆոն Շիրախի հետ[5]: Լսո՞ւմ ես զինվորական երգեր: Ջազ ու Լյութերի ե՞րգն ես լսում:

Ապա փորձիր վե՛ր լինել քո մանուշակագույն անդունդից: Որովհետև առավոտը, որ վեր է ելնում խոտի թմբերի ու կուպրե տանիքների հետևում, միայն քեզնից է գալիս: Իսկ ամենի հետևո՞ւմ: Եվ ամենի հետևում, կոչի՛ր ինչպես ուզում ես, Աստված, հորձանք ու աստղ, գիշեր, հայելի կամ տիեզերք, Հիլդե կամ էլ Էվելին. այս ամենի հետևում միշտ ինքդ ես կանգնած: Սառած ու մենակ: Ողորմելի: Մեծ: Քո ծիծաղը: Քո նեղությունը: Քո հարցը: Քո պատասխանը: Ամեն ինչի հետևում՝ համազգեստով, մերկ կամ որևէ կերպ հագնված, ստվերի պես տարուբերվող, օտար, գրեթե երկչոտ, անպատկերացնելի վիթխարի չափ. ինքդ ես: Քո սերը: Քո վախը: Քո հույսը:

Եվ երբ մեր սիրտը՝ այդ ողորմելի ու փառահեղ մկանը, այլևս չի կարողանում տանել ինքնիրեն, և երբ մեր սիրտը, ում մենք հանձնվել ենք, ուզում է մեզ համար չափազանց փափուկ դառնալ դյուրազգացության պահին, այդժամ մենք, իսկապես, դառնում ենք գռեհիկ: Ծեր մերուն ենք ասում մենք նրան, ում ամենաշատն ենք սիրում: Եվ երբ Հիսուսը կամ հեզերը, ովքեր երազում միշտ վազում են մեկի հետևից, գիշերներն ասում են.

-Բարի՛ եղիր:

Ապա մենք հանդուգն ու անհարգալից վերաբերմունք ենք ցուցաբերում մեր դավանանքի հանդեպ ու հարցնում.

-Բարի՛ Տեր Հիսուս, ինչո՞ւ:

Մենք նույնքան լավ քնում էինք խրամատներում Աստծո մեջ մեռած իվանների հետ: Եվ երազում ծակոտում էինք ամենը մեր Մ. Գս.-ով: Իվաններին: Երկիրը: Հիսուսին:

Ո՛չ, մեր բառարանը գեղեցիկ չէ: Բայց փոխարենը հաստափոր է: Եվ այն տհաճ հոտ է արձակում: Դեղափոշու պես դառը: Տափաստանային ավազի պես թթու: Կղանքի պես սուր: Եվ բարձր, ինչպես մարտի աղմուկը:

Եվ մենք պարծենում ենք ապերախտաբար մեր գերմանական դյուրազգաց Ռիլկե-սրտով: Ռիլկեի՝ մեր անծանոթ, կորած եղբոր մասին, որ սրտներիս զգացածն է արտահայտում և անսպասելիորեն գլխահան անում արցունքներով: Մենք չենք ուզում սակայն արտասուքների օվկիանոսներ թախանձել. մենք բոլորս պիտի խեղդվենք: Մենք ուզում ենք լինել կոշտ ու պրոլետարական, մշակել ծխախոտ ու լոլիկ և աղմկոտ վախ ունենալ մինչև մանուշակագույն մահճակալը՝ նույնագույն աղջիկների մոտ: Որովհետև մենք սիրում ենք աղմկոտ, բարձրահունչ ցուցումները, որ փրկում են մեզ պատերազմային երազներից ու գիշերվա մանուշակավուն անդունդներից, արնածածկ հանդերից, բաղձալի, արյունոտ աղջիկներից:

Որովհետև պատերազմը մեզ բիրտ չի դարձրել, հավատացա՛ծ եղեք, և ոչ էլ, ոչ էլ՝ կոշտ ու թեթև: Որովհետև մենք մեր վտիտ ուսերին կրում ենք աշխարհի չափ ծանր բազմաթիվ մոմե դիակներ: Եվ մեր արցունքները երբեք այնքան երերուն չեն թափվել, որքան այս մարտից հետո: Եվ դրա համար ենք մենք սիրում աղմկոտ ու բարձր մանուշակագույն կարուսելը, ջազ երաժշտությունը, որ դղրդում է մեր անդունդներում որոտալով, ծաղրուծանակով, մանուշակագույն, գույնզգույն և ինչ-որ չափ պակասամիտ գուցե: Եվ նախքան կկանչեր ծաղրածուն, մենք երեք անգամ ուրացանք մեր Ռիլկե-սրտին: Եվ մեր մայրերը լալիս են դառնագին: Բայց նրանք, նրանք չեն շրջվում: Մայրե՜րը:

Եվ մենք ուզում ենք մայրերին խոստանալ:

Մայրե՛ր, մեռածները մահացած չեն դրա համար. պատերազմի մարմարյա հուշարձանների համար, որ տեղացի լավագույն քարտաշները կառուցել են շուկայի հրապարակում՝ շրջապատված կենսալի խոտով, այրիների և արհեստական վերջույթներ ունեցողների համար նախատեսված նստարաններով: Ո՛չ, ոչ դրա համար: Ո՛չ, մեռածները մահացած չեն նրա համար, որ ողջ մնացածները շարունակեն ապրել իրենց հարմարավետ սենյակներում, ապա՝ նոր ու ավելի հարմարավետ սենյակներում՝ պատերին կախված նորակոչիկների ու Հինդենբուրգի[6] նկարներ: Ո՛չ, ոչ դրա համար:

Եվ դրա համար, ո՛չ, դրա համար մեռածները չեն թողել, որ իրենց արյունը հոսի ձյան մեջ, թաց ու սառը ձյան մեջ, իրենց մայրական կենսալի արյունը: Ուսումնառության նույն խորհրդատուները հանգիստ չեն տալիս իրենց երեխաներին, որոնք հայրերին այդքան փառահեղորեն նախապատրաստել էին պատերազմի (Լանգեմարկի և Ստալինգրադի միջև ընդամենը մեկ մաթեմատիկական ժամ է): Ո՛չ, մայրե՛ր, դուք դրա համար տասը հազար անգամ չեք մեռնում ամեն պատերազմում:

Մենք դա ընդունում ենք. մեր բարոյականությունը ընդհանուր որևէ բան չունի մահճակալների, պաստորների[7], ներքնազգեստների հետ. մենք չենք կարող ավելին անել, քան լավը լինել: Բայց ո՞վ է ուզում դա չափել, լա՞վը: Մեր բարոյականությունը ճշմարտությունն է: Եվ ճշմարտությունը նոր է և ծանր, ինչպես մահը: Բայց նաև այնքան մեղմ, այնքան զարմանալի ու այնքան արդար: Երկուսն էլ մերկ են:

Ճշմարտությո՛ւնն ասա ռազմական ընկերոջդ, գողացի՛ր նրանից, երբ քաղցած ես, բայց հետո ասա՛ դա նրան: Եվ քո երեխաներին երբեք մի՛ պատմիր սուրբ պատերազմի մասին: Ասա՛ ճշմարտությունը, ասա՛ այն նույնքան կարմիր, ինչպիսին կա իրականում՝ լի արյունով, հրացանից ժայթքող կրակով ու ճիչերով: Խաբի՛ր աղջկան գիշերը, բայց առավոտյան, առավոտյան ասա՛ նրան ճշմարտությունը. ասա՛, որ գնում ես, գնում ես ընդմիշտ: Բարի՛ եղիր, ինչպես մահը: Կոտրված: Nitschewo… For ever… Parti, perdu, never more…

Որովհետև մենք «ոչ» ասողներ ենք: Բայց մենք «ոչ» ենք ասում ոչ հուսահատությունից: Մեր «ոչ»-ը բողոք է: Եվ մենք՝ նիհիլիստներս, նույնիսկ համբուրվելիս հանգիստ չունենք: Որովհետև մենք պարտավոր ենք ոչնչի մեջ վերստին «այո» կառուցել: Մենք պիտի տներ կառուցենք բաց երկնքի տակ մեր «ոչ»-ի, անդունդների, խառնարանների, երկրի ծերպերի, ինչպես նաև՝ մեռածների բաց բերանների վրա: Տնե՛ր կառուցեք նիհիլիստների մաքուր օդում, տներ փայտից և ուղեղից, քարից ու մտքերից…

Որովհետև մենք սիրում ենք այս հսկայական անապատը, որ կոչվում է Գերմանիա: Ահա այս Գերմանիան ենք սիրում մենք: Եվ հիմա՝ ամենից շատ: Եվ մենք չենք ուզում մեռնել հանուն Գերմանիայի: Ի սեր Գերմանիայի՝ մենք ուզում ենք ապրել: Մանուշակագույն անդունդների վրա: Այս նենգ, դառը, վայրագ կյանքը: Մենք պատասխանատվություն ենք վերցնում այս անապատի համար: Գերմանիայի համար: Մենք ուզում ենք սիրել այս Գերմանիան, ինչպես քրիստոնյաները սիրում են Քրիստոսին իր կրած ցավի համար:

Մենք ուզում ենք սիրել այս մայրերին, որ ստիպված են ռումբեր պաշարել իրենց որդիների համար: Մենք պարտավոր ենք նրանց սիրել այս վշտի համար:

Եվ հարսնացուներին, որ այժմ իրենց հերոսներին անվասայլակով տանում են զբոսանքի առանց առկայծող համազգեստի, նրանց կսկիծի համար:

Եվ հերոսներին՝ Հյոլդերլինի հերոսներին, որոնց համար ոչ մի օր պայծառ չի եղել, և ոչ մի մարտ՝ բավական վատ: Մենք ուզում ենք սիրել նրանց կոտրված հպարտության համար, սիրել նրանց տարագույն ու գաղտնի գիշերապահակի գոյության համար:

Եվ այն աղջկան, որին գիշերային պուրակում մի վաշտ էր կլանել, և ով հիմա էլ դեռ «աղբ» է աղաղակում ու ստիպված է ուխտագնացության գնալ հիվանդանոցից հիվանդանոց, նրա տառապանքների համար:

Եվ այն զինվորին, ով այժմ այլևս չի սովորում ծիծաղել:

Եվ նրան, ով դեռ պատմում է թոռներին իր պապի՝ Մ. Գ.-ի աչքերի առաջ երեսունմեկ սպանվածների մասին:

Բոլոր նրանց, ովքեր վախենում են և կարիք ունեն ու հեզություն: Մենք ուզում ենք սիրել նրանց բոլորին իրենց ողջ ցավալիությամբ հանդերձ: Մենք ուզում ենք նրանց սիրել այնպես, ինչպես քրիստոնյաները սիրում են Քրիստոսին. իրենց կրած տառապանքների համար: Որովհետև նրանք Գերմանիան են: Եվ այդ Գերմանիան մենք հենց ինքներս ենք: Եվ այդ Գերմանիան մենք պետք է կառուցենք զրոյից՝ անդունդների վրա՝ մեր կարիքներից ելնելով ու մեր սիրով: Քանի որ մենք սիրում ենք այս Գերմանիան: Ինչպես քաղաքներն ենք սիրում իրենց խճերի համար, այնպես էլ ցանկանում ենք սրտերը սիրել իրենց կրած վշտի մոխրի համար: Նրանց այրված հպարտության, հերոսական, բայց ածխացած համազգեստի, խանձված հավատի, ավեր վստահության ու կորսված սիրո համար: Ամենից առաջ մենք պարտավոր ենք սիրել մայրերին, լինեն նրանք տասնութ, թե վաթսունութ տարեկան, որովհետև մայրերը պետք է մեզ ուժ տան ավերակների մեջ գտնվող այս Գերմանիայի համար:

Մեր մանիֆեստը սերն է: Մենք ուզում ենք սիրել քաղաքների քարերը, մեր քարերը, որոնք դեռ տաքանում են արևի ճառագայթներից, ճակատամարտից հետո վերստին տաքանում են:

Եվ մենք ուզում ենք կրկին սիրել ուուու-քամին, մեր քամին, որ շարունակ երգում է անտառներում: Որը շարունակ երգում է նաև տապալված գերանների վրա:

Եվ ոսկեդեղին տաքուկ պատուհանները, որոնց հետևում Ռիլկեի բանաստեղծություններն են:

Եվ մռայլ նկուղները՝ քաղցած երեխաներով, որոնք մանուշակագույն են:

Եվ ստվարաթղթե ու փայտե խրճիթները, որտեղ մարդիկ դեռևս հաց են ուտում, մեր մարդիկ, և քնում են նաև: Իսկ երբեմն էլ երգում են:

Եվ երբեմն, ժամանակ առ ժամանակ նաև ծիծաղում են:

Որովհետև սա Գերմանիան է: Եվ մենք կամենում ենք սիրել այն, մենք՝ ժանգոտած սաղավարտներով ու կորցրած սրտերով, այստեղ՝ այս երկրի վրա:

Այո՛, այո՛: Մենք դեռ կսմենում ենք նորից ու հավետ սիրել այս խելառ աշխարհը:

Թարգմանությունը գերմաներենից՝ Սիրանուշ Փարսադանյանի


[1] Էդելվայս – բույս, որ տարածված է Եվրոպայի և Ասիայի բարձրադիր գոտիներում

[2] Կիրենաիկա – սարավանդ Լիբիայի հյուսիս-արևելքում

[3] Կոնյունկտիվ – ստորադասական եղանակ

[4] Հերմս Նիել -գերմանացի կոմպոզիտոր

[5] Բալդուր ֆոն Շիրախ (1907-1974 թթ.) – ազգությամբ գերմանացի նացիստական քաղաքական գործիչ

[6] Պաուլ ֆոն Հինդենբուրգ (1847-1934 թթ.) – ազգությամբ գերմանացի ռազմական և պետական գործիչ

[7] Պաստոր – բողոքական եկեղեցու ծխատեր քահանա

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *