Էսսե, Շուշանիկ Թամրազյան

Մի օր

                                                                                                             

Միշտ ապրել եմ այն համոզմամբ, որ ամեն մի գրված նախադասություն,  գրված կամ արտաբերված նախադասություն մի բան է փոխում: Հավատացել եմ խոսքի բացարձակ ուժին: 

Երեկ ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքը լքելուց հետո իմացա Ռուբեն Վարդանյանի ձերբակալության լուրը: Գնացի ու երկար նստեցի սուրբ Աննայի բակում, երկար նայեցի նուրբ, բարձր գմբեթին ու պայծա՜ռ, պայծառ արևին, որ գրկել էր մայթերը՝ անմնացորդ ու անվերադարձ: Երկինքը ջինջ էր ու դարձյալ անդառնալի:

Ամեն օր մտածում եմ՝ կհավաքվեմ ու կգրեմ… կգրեմ շատ հավաք, ինչպես ճամպրուկդ ես հավաքում մեկնելուց առաջ, կգրեմ այս ամենի մասին… այս ամենի… հրեշավոր զոհաբերության… դավաճանության… փաստացի՝ մեր բոլորի ֆիզիկական գոյության համար վճարված գնի՝ ճիշտ է, առանց մեր համաձայնության, կգրեմ շարունակության անհնարինության, ներքին և շատ իրական անհնարինության, արցախցիների լուսավոր դեմքերի, որոնք նույնիսկ զրկանքի և տառապանքի ժամին մնում են լույսի միակ ակունքը, շարունակում են ուժ տալ, իմ արցախցի ուսանողուհիներ Լիլիթի, Աննայի, Անիի մասին, որոնց պատահաբար հանդիպեցի Հանրապետության հրապարակում ու փորձեցի ներողություն խնդրել բոլոր հայաստանցիների անունից անկարելի այդ փրկագնի համար, բայց չստացվեց, նորից բառերն ինձ դավաճանեցին… կհավաքվեմ ու կգրեմ Սամվել Բաբայանի՝ կասկածելիորեն սահուն ու անվրեպ տարհանման մասին, որն արտառոց իր հարցազրույցներով և սենսացիոն հայտարարություններով վաղօրոք և զարմանալի մի հրճվանքով լեգիտիմացնում է մահվան սպառնալիքի առջև կանգնած իր երբեմնի ընկերների և պաշտոնակիցների դատավճիռը, ըստ էության, ժամ առաջ մահվան է դատապարտում նրանց՝ չարախինդ ժպիտը դեմքին, սեփական փախուստն արդարացնելու համար… կգրեմ ռուսական սապոգների մշտանորոգ պատմության և Զախարովայի ցածրաոճ հայտարարությունների մասին, կգրեմ «Դրուժբա նարոդով» համակենտրոնացման ճամբարի մերօրյա ծրագրի և արցախցու տված պատասխանի՝ աներեր «ոչ»-ի մասին, կգրեմ տարօրինակ և մահաբեր հապաղումների մասին, կգրեմ ինը ամիս սովահարության մատնված լինելուց հետո հարկադրաբար բենզինի հերթերում օրեր անցկացնող հպարտ և խրոխտ արցախցիների մասին, որոնց դեռ երբեք և ոչ մեկին չի հաջողվել կոտրել, կգրեմ հանցավոր անփութության և անկազմակերպվածության մասին, որ երբեմն վերջին հարվածն է… Ոչ թե կթվարկեմ կամ կխզբզեմ, ինչպես օրագրիս էջերում, այլ կգրեմ իսկապես, հանգամանորեն, սթափ…

Ու չեմ գրում, բառերը դեգերում են՝ անմարմին, անիրական, ածխահար ու թունավորված ինչ-որ ծայրամասերում, որ ոչ մի կերպ չեն ամբողջանում ու չեն դառնում երկինք կամ հորիզոն… Չեմ գրում, որովհետև հավանաբար այլևս գրում եմ և կգրեմ ինքս իմ ներսում… Ասես ինչ-որ մեկին ինչ-որ ուղերձով դիմելն ինքնին դարձել է բացարձակապես անիմաստ… Ու նաև որովհետև չգիտեմ, թե ում եմ դիմում, իսկապես, չգիտեմ… «պողպատե մանդատի» «մեծամասնությունը» վերջապես հասկացե՞լ է, որ այդ մանդատն այն պողպատե աքցանն էր, որ հյուսվելու էր Արցախի և այն ամենի շուրջ, ինչին գոնե ես և հարազատներս ասում ենք Հայրենիք, թե՞ դարձյալ ոչ մի կերպ չի հաջողվում հաստատել պատճառահետևանքային շղթան, արված հայտարարությունների և դեպքերի պարզ հաջորդականությունը…

Չեմ գրում, և ամեն ժամ մի նոր անուն է գումարվում արդեն կատարվածին, մի նոր էջ…

Մի ժամ առաջ իմացա Ռուբեն Վարդանյանին հասցեագրված մեղադրանքի, մի քանի րոպե անց՝ մի ուրիշ ազնվագույն մարդու՝ Դավիթ Բաբայանի դեմ հարուցված հետաքննության և նրա որոշման մասին. գնալ հայրենի Շուշի… Ժպտացի այդ լուսավոր մարդու որոշման վրա, որ գնում է դեպի լույս: Գնում է դեպի լույս՝ ճեղքելով խեղումների, ուրացումների անթափանց այս խավարը:

Փաստորեն՝ ճակատագրական ուրացումների շարքը չի դադարել, կամ էլ մենք բոլորս «ահաբեկիչներ» ենք… Այս մղձավանջը, թվում է, վերջ չունի… Ու դա ինձ սեպտեմբերի պայծառ և անչար արևն է հուշում:

Չունի վերջ, բայց ունի սկիզբ: Համենայն դեպս՝ ինձ համար: Անձամբ ինձ համար այն սկսվում է այն օրը, երբ Ադրբեջանի տարածքային անձեռնմխելիության մասին պարզ մի հայտարարությամբ՝ առանց Արցախի կարգավիճակի վերաբերյալ որևէ հստակ կետի կամ կարգավորման, մի հարվածով և անխուսափելիորեն, փաստացի որոշվեց մեր բոլոր հերոսներին և գործիչներին վերածել «ահաբեկիչների» և «չարագործների», իսկ Արցախի անկախության լուսեղեն պատմությունը, որ յուրաքանչյուրիս պատմությունն է, «ահաբեկիչների» և «օկուպանտների» կասկածելի և մութ մի դիպաշարի, որոշվեց զոհաբերել 120 000 մարդկային ճակատագիր… Ծուղակ էր, ծուղակ չէր, այլընտրանք կար, այլընտրանք չկար… քո մեջ փնտրիր դավաճանին. վերլուծում են, քննարկում ու մեկնաբանում վերլուծաբաններն ու քաղաքագետներն ու փորձագետները, ու մեր եվրոպացի եղբայրներն այս նպատակով պատրաստ են մեզ առաքելու հոգեվերլուծողների և ճգնաժամագետների կամավորական և միանգամայն եղբայրական ջոկատներ, որոնք մեզ հոժարաբար կօգնեն պեղել մեր ազգային ինքնության՝ մինչև օրս անհայտ մնացած խորքերը, որոնց գոյության, փաստորեն, մասին չենք էլ կասկածել… երբ քաղաքականությունից ոչինչ չհասկացող ամենապարզ քաղաքացու համար անգամ ակնհայտ է, որ «այլընտրանք չունեցող» նման կործանարար հայտարարություններ անող անձը պարտավոր է առնվազն անհապաղ և միանգամից իր ժողովրդին նախազգուշացնել այդ հայտարարության հեռահար և կործանարար հետևանքների մասին և կրել դրա պատասխանատվությունը… Ոչ թե ընտրել ճշմարտության մատուցման փուլային տարբերակը՝ ամեն փուլը պսակելով մի նոր, բեմականացված արյունահեղությամբ: Սեփական ժողովրդին ասֆալտ լիզելու և կադաստրի թղթով հրճվելու տարօրինակ կոչեր անելով…

Բայց բոլոր այս կիսատ և չստացվող մտքերից մի քանի բառ է այսօր առանձնանում. հավանաբար, այս ամիսներին բոլորին, ենթագիտակցորեն կամ միանգամայն գիտակցված, պակասում էր մի բան. ներդաշնակությունը խոսքերի և արարքների, համապատասխանությունը հայտնած դիրքորոշման և գործողությունների… Ու, հավանաբար, սրանով է պայմանավորված իմ և հարազատներիս անվերապահ հիացմունքը Ռուբեն Վարդանյանի հանդեպ. առաքյալի կամ փրկչի լուսապսակից ի սկզբանե հրաժարված մի մարդ, որ ամիսներ շարունակ հեռուստաէկրանից զարմանալի տոկունությամբ դիմադրում էր «Ազատության» լրագրողների ցինիզմին և իր հայրենակիցներից շատերի անհասկացողությանը – դրան էր հաջողվում մասնակից լինել ինձ՝ սովորական քաղաքացուս, մասնակից լինել և հիանալ ներքին այդ ուժով: Մի մարդ, որն առանց ավելորդ պաթոսի և հերոսականության արեց մի բան, որ ոչ ոք չհամարձակվեց անել՝ հրաժարվեց ռուսական մեծափառ և ամենափրկիչ քաղաքացիությունից, հրաժարվեց՝ հանուն փորձության, և դա արեց շատ պարզ և գրեթե անխոս, առանց սենսացիայի, մեկն այն հազվագյուտ գործիչներից, որ այս ողջ ընթացքում եղավ միանշանակ և աներեր իր դիրքորոշումների, իր կոչերի, իր մերժումների և արարքների մեջ… Համենայն դեպս, դա այդպես է ինձ ու գուցեև այն փոքրաթիվ մարդկանց համար, որոնց իմ հարազատն եմ համարում: Եվ արդեն շատ ուշ է, փաստորեն, շնորհակալություն հայտնելու համար:

                                                                                                                      28․09․23

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *