Գրիշ Սարդարյան, Պատմվածք

Դաստիարակչական քերթվածք

Բա՛։ Երկու բառ բլբլալու համար անհրաժեշտ է գործարկել  մատնախաղը, մոտորիկան հարևանցիորեն պիտի ազդի խոսքի կենտրոնի վրա։ Բա՛։ Հիմա հայտնի դարձավ, թե ինչու էր մարդկանց մեծ մասը անհեթեթություններ դուրս տալիս։ Իսկ դու կատաղում էիր դրանից, օրվա ավարտին ընկնում բազմոցներին, հիշում ու վերլուծում, պատկերացրու՝ որքան ապարդյուն, սակայն բազմածավալ ջանքերի վատնումով։

 Անձի քերթվածքը կայացման սպանիչ եղանակներից է, նախապես լսելով՝ կարող են և դիմանալ, վերարտադրման և ըմբռնման ընթացքն է մութ. բանականության միակ լայնանիստ ճանապարհով հաջորդաբար մոտենում ես հիմնահողի բացակայությամբ անդունդներին, տռճկող գաճաճներին, փողահարող հրեշտակներին, գովական հիմարությանը, փոթորկող անդորրին, անլռակյաց սիրեններին, հնարավոր անհնարինությանը, բազմաթիվ այլեղեն գերհզոր և անդիմադրելի ուժերի։

«Ինքնակամ հրաժարվիր, հիմարի՛կ, ես հեռացողներից չեմ, ինքնակա՛մ, ինձ սովորական դիտարկող և չնկատելու հնարավորության մտքերից»։

  – Չէի տեսել, որ մտել ես։ Այդ աթոռներից քաշիր։ Լուսամփոփին մոտ նստիր։ Ինչպե՞ս ես։ Ուրախ եմ, որ ամուսնանում ես։ Կարևո՛ր է, որ ամուսնանում ես։ Մարդն իր պատասխանատվության կշռաչափն է, դրանից զատ՝ նրա նկարագիրը հնարավոր է տալ միայն կենսաբանական հատկանիշների միջոցով։ Սա ցավոտ հետևություն է։ Դասավանդման փորձը, իհարկե, իր հետքն է թողնում, այս հարցում քո բախտը չի բերել, մայրդ՝ դպրոցում, ես՝ համալսարաններում, մեր սահմանումները զգաստացուցիչ են, կամ՝ ինչպես կուզես, դրանց արժեքը տարիներ անց կգիտակցես, որովհետև արժեքը հիշողություն է և կենսափորձ։ Ասեմ, թե ինչու եմ կանչել. նախահարսանեկան այս երեկո մենք, փաստորեն առաջին անգամ, միասին որսի ենք գնալու։ Ես ու դու։ Եթե պատրաստ ես՝ գլխով արա, անբարբառ համաձայնությունը կհերիքի։ Գիտեմ, որ ցանկացած հիմնավորում քո սրտի հետ չի խոսելու։ Այսպես է կարգը, և վերջ։ Տաք կհագնվես, տեղանքը հակառակի պես ցուրտ է։ Ներքաղաքային եղանակը խաբուսիկ է, չոլը անթվական ժամանակներից քամիներն են ապրեցնում։ Մեքենան նախապատրաստեմ, մինչև իջնես, արագ կանես… ահա եկար, ախր վերջապես եկար է՛, տղա ջան։ Նստի՛ր։ Մահացու սխալ չէր, սակայն որսորդությունը՝ իմ այս երկրորդ, չվիճակված մասնագիտությունն ու նախասիրությունը, արագաշարժություն է պահանջում։ Սա փոխանցման տուփը գործարկող այդ ցցվածքն է, հիշում ես, չէ՞։ Պոկվեցինք։ Որսորդը մեր օրերում պիտի նաև հմուտ վարորդ լինի, առաջներում՝ արհեստավարժ ձիավոր, պատմությունը այդպես է բնութագրում հեծյալ անցավորներին։ Ընդհանրապես, մեքենան տեղից կտրուկ մի՛ պոկիր, ընթացքում էլ՝ հանդարտ, հանգիստ, այս փուլում արդեն չենք շտապում։ Ամեն բան չի ասվելու, իմացիր, որ չասվածը հասկանում են արթնացող հիշողություններով, դիմախաղով, ասելիքի առոգանությամբ, հնչերանգով, վերջապես՝ ուղղակի դիմացինիդ հետևելով, եթե ներկա պահին մեքենայից ու երթևեկությունից ենք խոսում, ուրեմն կողակցիդ՝ վարորդին հետևելով. ենթատեքստը տոտալիտար կարգերում մշակված լեզվի բաղադրիչներից է, որ բնազդի պես սերնդեսերունդ փոխանցվել ու հասել է մեզ, դրա համար էլ երևի անընդունակ է լուծվել խոսքի ձևերում, թաքնվելու հիմքեր կարծես թե չկան արդեն, իսկ ենթատեքստը համառում է ու որ ամենավատն է՝ ձգտում է հավաստի իմաստի վերածվել։ Հանգիստ քշիր, տղա ջան, անշտապ, եթե մի օր կքշես իհարկե։

  – Քշիր՝ ոնց ուզում ես, խոսում է, փիլիսոփայում է, ամբողջ կյանքը ոչ մի տեղ չշտապեց, որ այսպես եղավ։ Կարևորը՝ ամրագոտիդ տեղը լինի, բարձիկներդ էլ՝ պատրաստ։ Շտապիր, որ միշտ տեղ հասնես, հորեղբայրը երբեք չի խաբում։ Ո՞վ է զանգում, հարսի՞կը։ Ասա՝ ժամանակ չունեմ, աննպատակ որսորդության ենք գնում։ Մի՛ լկստվացրու, հետո կփոշմանես։ Չմոռանաս՝ ամուսնությունը աստիճանական զիջումներ պարտադրելու արվեստ է։

  – Դու ավարտեցի՞ր։ Իսկ ձեզ մոտ ի՞նչ խնդիր է ծագել, ասա՝ ձեր տան մոտակայքում ենք, թող դուրս գա, առերեսվեք, խոսեք ու իրար հասկացեք։ Որսը տասը լրացուցիչ րոպե կհետաձգվի։ Դեմ առ դեմ զրուցեք։ Իջիր։

  – Բարի երեկո, ինքդ գիտես, որ մեղավոր ես, հակառակ դեպքում՝ այս ժամին հապճեպ չէիր գցվի մեր բակ, թե՞ սխալվում եմ, դե ասա՝ երբևէ քո կամքով նման բան արե՞լ էիր։ Չհամոզես, խնդրում եմ։ Մարդ իր ամուսնության առաջին լուսաբացին բանակ կգնա՞։ Ախր դու խելք չունես, տղամարդկություն ես խաղում, շրջապատիդ խորհուրդներով ես տարվում, իհարկե՝ ուզում են մեզ կտրել իրարից, ուզում են թեթև ապրել, շատ բան են ուզում, ես տհաս չեմ, ամենասկզբից էր այսպես, թեև ելք կար, հայրիկս լավ բան էր առաջարկում, բայց դու… նա վերևում սպասում է, նպատակ կար իմանալ՝ երեկոյան ինչ ես անելու, բայց արդեն իմաստ էլ չկա։ Արի, երկու բառ կխոսեք գոնե։

  – Բարի երեկո։ Ուզում էի իմանալ՝ ի՞նչ ես անում։ Որսի՞ ես գնում։ Տեղավորվիր, թող ինձ Աստված ների (ուղիղ մարդ եմ՝ գիտես), բայց շներն էլ կերակրվում են մեր սեղանի փշրանքներով։ Մի՛ սպանիր. պատվիրանը շատ հստակ է։ Այն խախտած կլինենք թե՛ կենդանիներին ոչնչացնելով, թե՛ զինվորական պարտականությունների տակ մտնելով։ Ընտրությունը բոլոր իրավիճակներում էլ քոնն է, անելանելի պահեր, երբ չես կարող օգտվել քո ազատ կամքից, չկան, իսկ սխալիդ հետևանքով ծագող պատասխանատվությունից չես խուսափելու։ Ես, ընդամենը խորհրդի կարգով, ճշմարտությունն եմ պարզում։ Այդ ընտրությունը քոնն է, ոչ ոք քո փոխարեն չի գործելու։ Եվ հետո, խորհուրդների պակաս երբեք չի զգացվի, խորհրդատուներն ամենուր են։ Բայց «կամ – կամ»-ի առջև դու միայնակ ես, և դա մաշող, անօգնական մենակության չի վերածվի, եթե կամքի շնորհիվ պատվաբեր ինքնություն կերտելու կարողություն հայտնաբերես քեզանում։ Անիծյալ որսամիսը գոնե սեղան չդնեք, խոզն արդեն հերիք է։ Դո՛ւ գիտես։ Վիճարկելի բոլոր հարցերում իմ դիրքորոշումը հայտնել եմ։ Այսքանն էլ բավական կլինի ներսումդ ընդդիմակա բոց հուրհրելու համար։ Աստված թող լուսավորի նմանատիպ հարցերում։ Մինչ վաղը։

  – Տղաս, գիտես, որ քեզ հարազատ որդու նման եմ սիրում, եթե կարիք կա՝ պիտի ծառայես, սրանց էլ եմ ասել, եղբայրս արդեն գիտի, կդիմավորի քեզ ու տիրություն կանի։ Դու չմտածես։ Լավ կլինի։

  – Շտապո՞ւմ ես։ Դե գնա-գնա, արագ գնա։ Մայրիկի խոսքերին չխաբվես, նա դեմ է, եղբայր էլ չունի, հազար տարի չի տեսել էդ «եղբորը»։ Ուղղակի՝ որևէ մեկին չվրդովվեցնելու հույսով է խոսում, գիտի, որ պնդաճակատ ես՝ գլուխդ չի մտնելու։ Չէ, բայց ի՞նչ սրտով ես դու որսի գնում, որոշել են կրակելու դասե՞ր տալ, բացե՞րդ ես լրացնում… ցանկություն չունեմ հրաժեշտի։

  – Նստեիր հետևը, կխոսեինք։ Ի՞նչ էր ասում, հորն էլ տեսա՞ր, հա, իբր ի՞նչ, ասածներն ի՞նչ է։ Երևի չեն ուզում լավ պատառը բաց թողնել։ Ասա՝ հարսանիքն էլ վզներիս փաթաթեցիք, հորեղբայրս տանը չէր՝ էս միամիտներին խաբեցիք, բա հիմա՞ ինչ եք ուզում։

  – Լռի՛ր։ Դրա համար՝ սեփական խելք ունենայիր ու հեքիաթային խոստումներով չմեկնեիր օտարերկրյա աշխատանքի։ Ամբողջ կյանքդ գանձերի տենդով ձգեցիր։ Քանի դեռ համբերում եմ, ավելի ես երկարացնում։ Իսկ դու պատրաստվիր, զենքդ պատրա՛ստ։ Տեղում ենք, ոստանից շատ հեռու չենք, բայց այս չոլ կոչվածի մեջ առնվազն երկու թիրախի ակնկալիք ունենք։ Առաջինը շնագայլերն են, դրանց համար էլ, կարելի է ասել, եկել ենք։ Երկրորդը՝ նապաստակը, չգիտեմ՝ կհանդիպի թե չէ։ Նախկին աղբավայրի տարածքում շնագայլերը վխտում են, եթե, իհարկե, վերջին ժամերին որսորդները չեն վախեցրել։ Ոչ, մտածելու բան չունենք՝ տեղում են։ Մի՛ խառնվիր, համբերությո՜ւն։ Տեսնո՞ւմ ես ինչպիսի աղբանոց ենք ունեցել, շինության ներսում առնետների պակաս չկա, աղվեսի ու շնագայլի համար նրանք խայծ են, որսորդներն իրավիճակը հասկանում են, նույնիսկ առնետների մշտական ներկայությունն ապահովող պայմաններ են ստեղծում, ցորեն են բերում ու շաղում այստեղ։ Լա՞վ ես տեսնում, ո՞ր մեկին կուզես կրակել, չէ՛, սխալ ընտրություն ես անում, այս կողմ բեր, ամենամեծն է ու ամբողջ մարմնով տեսանելի հատվածում է։ Գլխին նշան չբռնես։ Վիզն ու կրծքավանդակը միավորող կետում պահիր։ Կարելի է կրակել։ Կրակիր։ Ապրե՜ս, հիմա դուրս գանք ու ստուգենք…

  – Չկասկածես, դա շուն է, հայրդ միշտ էլ նույն քշվածն է եղել։ Հազար անգամ ասեցի՝ մի գործ սկսենք, նախկին հանրախանութի համար ես քանի-քանի անգամ եմ դիմել, իսկ հիմա՝ դե կեր, խելացի մարդիկ սեփականացրին ու փող են աշխատում, որովհետև կնոջ խելքով չէին շարժվում։ Եթե իմ կյանքում իր հնարավորությունների կեսի կեսը պատահեր… Կասկած չկա՝ շուն է, տասը տարի կլինի արդեն ինչ այստեղ միայն շներն են հավաքվում։ Աղբավայրի չոլում չե՞ս եղել. ո՞ր ջահելն ախր այս կողմերը չի եկել, հո ինձանից ու քեզանից լավ չի իմանալու։ Ու ասեմ՝ սա էլ են սեփականաշնորհել, մենք ուրիշի հողի վրա ենք հիմա շուն խփում, ով գիտի՝ սեփականատիրոջ շներին էլ խփում ենք։ Բան է հորինել՝ որսորդությո՛ւն։ Ուր էր՝ բռնեին տանեին ոստիկանություն, որ բարոյախոսությունները գոնե մի ամսով դադարեցներ։ Ծպտուն չհանես, թող գա, սուս նստիր, եթե ինքը չխոստովանի, մենք մեզ հիմարի տեղ ենք դնում։ (Նապաստակ էլ չկա, ասեմ քեզ, կատուների հետ է շփոթում)։

  – Լավ է։ Մենք ամենաճիշտ կետը բռնացրինք։ Տեղնուտեղը սատկել էր։ Կարելի է և միանգամից տուն վերադառնալ։ Վաղը պատասխանատու օր է։ Կբարձրանաս սենյակդ ու, խնդրում եմ, միանգամից կքնես։ Արդյունավետ հանգստանալն է միայն անհանգստանալու իրավունք տալիս։ Իրավունքն է դիմադրողականություն ծնում։ Հասնում ենք՝ ու քնելու։ Հաճելի, քամոտ եղանակ է, ես ճիշտ էի։

«Դեռ քնած չե՞ս, ալո, հո քնած չե՞ս։ Դե ինքնակամ հրաժարվիր, հիմարի՛կ, ես հեռացողներից չեմ, ինքնակա՛մ, ինձ սովորական դիտարկող և չնկատելու հնարավորության մտքերից»։

Քերթվողը դեռևս տիրապետված չէ՞, ասում ես քեզ՝ նա կտիրապետվի, առանձնակի մասնաբաժիններով, թեև ոչ մեկն էլ առանձնապես չի տիրապետի նրան։ Հանդիպակաց քայլափոխին բացվող բերանը, թեթևամիտ դպրոցականի ձգած քարը կփոխեն ենթակա աշխարհը՝ մատուցելով մեկ բազմապատկեր հնարավորություն. պանոպտիկո՛ն։

  – Բարի լույս, տղաս։ Շո՞ւտ քնեցիր գոնե, թե՞ հորդ որսորդական նկատառումներով էիր չարչարվում, գիտե՞ս՝ որ օրը գնաց որսի, կնշանակի՝ ես այդ գիշեր չքնեցի։ Չեմ հասկանում, թե ի՞նչն է պատճառը։ Ինքն ասում է, որ այդ գործողությունը տղամարդու համար յուրահատուկ գրավչություն ունի, բայց միաժամանակ նաև կնոջ վրա է ազդում՝ բոլորին հարկադրելով վերադառնալ ակունքներին։ Հիմա հուսով եմ՝ շատ ապրումներ չես ունեցել։ Ասացի բարձրանամ ու սենյակո՛ւմ խոսեմ հետդ (վաղվանից այդ հնարավորությունը կարող է և չլինել, ինչ ծիծաղելի է)։ Ես երկու բան եմ խնդրելու։ Անհարմար է, բայց ստիպված եմ ասել. այս առաջին գիշերը անպայման տեղը-տեղին կքնես կնոջդ հետ, հասկանո՞ւմ ես՝ դու հեռանում ես, երկու տարի կբացակայես, իսկ մոր սիրտը միայն քարեր շուռ տալով չի հանգստանա։ Մեզ թոռնիկ է պետք, քո ժառանգը, և ո՞վ գիտի՝ գուցե զույգ թոռներ, որոնք քեզ ռազմական հոգսերից արդարացի, օրինական ազատություն կբերեին։ Թեև ինքդ ես համառել հիմա գնալու հարցում։ Եվ մյուսը՝ բանակում հայտնվելուց հետո ինչ կհրամայեն՝ ենթարկվիր, խնդրում եմ, ոչ մեկի հետ գլուխ մի դիր, սխալ կլինեն թե ճիշտ՝ դու ենթարկվիր։ Ուղղակի խնդրանքս է։ Այսքանը։ Հիմա կարող ես իջնել, ընկերներդ մեքենան զուգել են, քեզ են սպասում։ Մի փոքր էլ որ անցնի, հարսանիքիցդ կուշանաս։

  – Կորուսյալ մեր ընկեր, տեղավորվիր սրտիդ ուզած նստատեղին։ Դե ինչ՝ էսօր էլ, ու վե՞րջ։ Ամուսնության հարցում լիքը խորհուրդներ ստացած կլինես, հա-բա, տղերքից ով կարգվել է, ասում է՝ վատ է, վերջդ եկավ, բայց կապ չունի՝ ոչ մեկն իր վերջից չպիտի խուսափի։ Մեր հերթին բանակից ասենք. հրամանատարությունը պահանջում է ենթարկվել կարգերին, բարձրաստիճան անվանի հյուրերը հայրենիքից են խոսում, բայց ոչ ձևական իշխանությունը փորձում է իր օրենքները բանեցնել։ Իրականում ռազմական կյանքն էլ նման է մյուս կենսաձևերին ու իրեն հնարավոր է բացատրել ցանկացած ոլորտի օրինակով, թեկուզ մեր առօրյայի՝ տանեցիները քեզ ի՞նչ են ասում՝ կլինես բարի, մարդասեր, խելացի, խոհեմ, զգուշավոր և այլն, չէ՞, իսկ բակը լրիվ հակառակն էր ակնկալում։ Երկուսի արանքով պիտի պլստաս։ Մնաց հագուկապին, ուտելիքին, մարզումներին, մի խոսքով՝ ռեժիմի փոփոխությանը հարմարվես։ Բայց դե տնաշեն, մա՛րդ էլ հնարավորություն ունենա չգնալու ու գնա։ Արի քեզ հիմա քեռուդ հանձնենք, իջիր ու իր հետ սրահի պատվավոր տեղն առաջացիր։ Մենք պակաս-պռատի մասին հոգանք ու գանք։

  – Ողջույն։ Գիտես, ամբողջ գիշեր մտածել եմ որոշումներիդ մասին, մեկն էլ չէ՝ միանգամից երկուսը, որոնցից ոչ մեկին ես չհանդգնեցի մերձենալ։ Բայց դու ճիշտ ես նույնիսկ երրորդի հարցում, այստեղ լրիվ համաձայն եմ։ Ինչո՞ւ գնալ եկեղեցի։ Կրոնը չափից դուրս երջանիկների ու ապերջանիկների համար է, քո հովիվ աները առաջիններից է, կրոնն իր ապրուստն է, հասկանալի է։ Անկեղծ ասած՝ շատ եմ գնահատում, որ գոնե այս հարցում խորհուրդներիս ականջալուր ընթացար։ Թե չէ տարիներով ուղղորդում եմ, իսկ ասածներս ազդեցություն չեն ունենում։ Քեզ շեղում են։ Յուրաքանչյուրը ձգտում է տիրապետել, իմ հետ էլ է նույնը եղել և դեռ մինչև հիմա շարունակվում է։ Աշխատանքն ինչո՞ւ է այդքան կարևոր. այն պատճառով, որ վաստակածը մարդուս թույլ է տալիս ինքնուրույն գոյատևել։ Եվ գլուխդ ահագին թեթևանում է, գեղեցկանում։ Երկու կարևորագույն վճիռներդ իրականացնելուց հետո, երբ բանակից վերադառնաս ու կնոջդ, հուսանք նաև երեխայիդ հետ առերեսվես՝ ինչպե՞ս ես մտադիր ապրել։ Նույնիսկ Աստվածաշունչն է զարմանալիորեն ճիշտ ուսուցանում՝ պիտի առանձնանաս, հանկարծ ձերոնց հետ չապրես, նրա ծնողներից էլ հեռու կմնաս։ Երկուստեք որոշակի հեռավորություն պահպանելը գլուխդ կթեթևացնի և մարմինդ կկազդուրի։ Բնականաբար, իրենց ազդեցության համար նրանք կշարունակեն պայքարել, անողոք կլինես, չհանդուրժես կողմերից որևէ մեկին։ Իմ դիտարկումներից ելնելով՝ մի բան կարող եմ ասել, չէ, դե պարզ է, որ կրոնները չեմ ընդունում, բայց վերևում մեկը կա, ամենայն հավանականությամբ այդպես է, ու այդ մեկի կանոններից սրանք՝ իսլամիստները, բուդդիստները երբեմն հաջողացրել են արտատպել սուրբ գրքերում, ճշմարտության ինչ-որ մասնիկներ ունեն։ Իմ դիտարկումներն ավելի հեռուն էլ են գնում. երբ տղամարդը հեռանում է հայրական տնից, վերևից պահանջվում է, որ աղջկա ծնողների հետ կապը գոնե չգերակայի։ Ով որ այս կանոնը խախտում է, կամ հանկարծ ու կնոջ ծնողների հետ է սկսում ապրել, գիտե՞ս ինչ է լինում, չես հավատա, այդպիսիք սովորաբար արական սեռի ժառանգորդ չեն ծնում, միայն աղջիկներ։ Անքննելի են ճշմարտության պահանջները։

  – Ի՞նչ է քեզ պատմում մեր իմաստունը, թոռնիկս, հը՞, ախր մեկը լինի նրան խորհուրդներ տա, ծնվածդ օրվանից մինչև հիմա աշխատանք է փնտրում, դպրոց հաճախելուդ պահից մինչև հիմա ամուսնանում է, բա մարդ կլսի՞ դրա խորհուրդները, կոտորվեցինք ես ու տատդ։ Տեղավորվիր, փեսացու թոռնիկս, նորահարսը վաղուց է համեստորեն սպասում։

  – Ուշանում ես։ Տեսնես կլինի՞ մի օր, որ չուշանաս։ Արդեն ծիծաղելի չէ։ Չլինի՞ թե եկեղեցում մեղքերդ էիր թաքուն քավում, (չ)արածդ էիր մեղմում… բայց ախր ո՞ր մեկը։ Վայ, վայ և վա՜յ։

  – Թույլ տուր համբուրել քեզ, մի՛ կանգնիր, պետք չէ։ Ականջիդ կասեմ՝ չխմես, չգիտեի՞ր, այսօր չի կարելի խմել։

  – Ցավդ տանեմ։ Շնորհավորում եմ, նստած մնա։ Չխմես հանկարծ, այ տղա։

  – Շնորհավորում եմ, երջանիկ եղիր։ Խնդրում եմ, խմիր ինչքան հնարավոր է, որ վերջում անջատված քնես։ Մայրդ մտամոլոր նստեց-նստեց ու հետո սա խնդրեց փոխանցել։ Լավ կլինի՝ առայժմ թույլ չտաս, որ փափուկ բարձ դնեն գլխիդ տակ ու հարմարավետ կաշեփոկով կապկպեն, թող հնազանդ սպասումով ապացուցեն, որ արժանի են այդ երեխային։

  – Երես չտաս, փոշմանելու ես։ Նայիր ինձ ու ողբա քեզ, տես, թե ոնց է քավորդ միայնակ եկել քո հարսանիքին։ Ժամանակին ես լավ հնարավորություններ ունեի, բայց ամբողջը վատնեցի էն պոռնիկի վրա։ Բան ու գործիդ միակ անունն այսօրվանից կնոջդ բռիդ մեջ պահելն է։ Ընտրել ես՝ բարի եղիր հետ չկանգնել, ուրիշ ոչնչով չզբաղվել։ Ու չմոռանաս՝ քավորդ թիկունքիդ է, սարեր շուռ կտամ, թե…

  – Հազիվ նկատեցիք, երկու ժամ կլինի բաժակը ձեռքիս սպասում եմ։ Շոպենհաուերից էիք խոսո՞ւմ, կարծում եմ՝ ամուսնանալուց չէր խանգարի նրան հիշել։ Քավորը լրիվ իրեն կորցրել է։ Թեև այս դեպքում եկեղեցի չկա, բայց քավորը միակ մարդն է, ով եկեղեցու հետ հարաբերվելով գերբնական ունակությունների հաստատուն պատրանք է ձեռք բերում։ Յուրահատուկ պահ է իր համար, անդիմադրելի, բոլորն իր ուժերը գերագնահատում են, թողնես կասի՝ այս ջուրը օղի կդարձնեմ, իսկ ռեստորանի շատրվաններինը՝ կոնյակ։ Ինչ հեշտ է ասել՝ եթե ցանկանամ։ Եթե մարդիկ ցանկանան, ապա կռիվ չի լինի, սպանություն-պատերազմներ չեն լինի։ Բայց Ա-ն ցանկանում է Բ-ին, իսկ Բ-ն Ա-ին է ցանկանում, սա նշանակում է, որ յուրաքանչյուրը միայն իրեն պիտի ցանկանա ու մյուսին չառնչվի։ Եթե Ա-ն ուզում է այս ջուրը օղու վերածել, Բ-ն ստիպված է օղու տեղը չիմանալ ու դրանից չօգտվել, իսկ Ա-ն թող խմի իր ցանկության համաձայն օղի դարձող ջուրը, ապացուցելու կարիք չկա, խանգարելու խնդիր չկա։ Քավոր ջան, եթե ցանկանաս, կարո՞ղ ես ինձ անհետացնել այստեղից։

  – Այո։ Գնա այստեղից։ Հիմարի մեկն է քեռիդ։ Մեղք են այս մարդիկ, ամեն ինչ զոհեցին ու ինչի՞ արժանացան։ Սրան տես ու խղճա քեզ, ուսման մեջ քչով բավարարվիր։ Շատ են ասում՝ սովորիր, խելացի եղիր, բայց դու աշխատիր զգալ, թե ինչի մասին են լռում. իմացիր այն, ինչը անհրաժեշտ է, սահմանափակիր քեզ ամեն գնով։ Իսկ բանակում չխեղճանաս, ծառայիր, թե ոչ մի օգուտ չլինի էլ՝ պատմելու բան կունենաս։

  – Ձեր սենյակը վերևում է գտնվում և պատրաստ սպասում է։ Հեռուստացույցը ապարդյուն մի միացրեք, ալիքներ չկան։ Եվ տաք ջրի համար՝ ծորակը պտտելուց հետո երկար սպասեք, մինչև տասը րոպե, այլապես ոչինչ չի ստացվի։ Շնորհակալություն։

  – Գնա, տղաս, առավոտյան կհանդիպենք։

  – Ավելի լավ առաջարկներ կային, բայց դու չցանկացար…

 Չարիքը ուշացումներ չի սիրում, որովհետև նա դասատու է։ Հանձնարարությունները տարեցտարի կրկնվում են, հետագա անհայտ ճակատագրով մեկ-երկու աշակերտի օգտին արդյունք գրանցում։ Չարիքը համեստորեն ամենքին ներառող  մեծամասնության համար սպառնալիք չէ, փաստ է, անփոփոխ արցունքներ կամ մազապուրծ ուրախություն՝ նախքան արցունքներին հանգելը։ Զրո հետևություն։ Ու չարիքը ճահճանում մնում է որպես դասատու, ումից ներկայում փոքր-ինչ վախվորած են, որովհետև ապագայում հնարավոր չէ վախենալ։

«Ինքնակամ հրաժարվիր, հիմարի՛կ, ես հեռացողներից չեմ,  ինքնակա՛մ, ինձ սովորական դիտարկող և չնկատելու հնարավորության մտքերից»։

  – Սա ի՞նչ հաղորդագրություն է, հը՞, ախր ես էլ մտածում եմ, թե ի՞նչ կծեց քեզ… այսքանի հետ էլ ինձ օգտագործո՜ւմ էիր դեեեռ…

  – Բացե՛ք, դուռը բացեք, թե չէ կջարդեմ։ Դուրս արի, արագ հագնվիր։ Ինձ չեն հետաքրքրում ձեր վեճը, ինձ չի հետաքրքրում ձեր հրաժեշտն ու գրկախառնությունները, ուշանալուց առաջ մտածեիր։ Առա՛ջ, իջի՛ր, ասացի։ Դու այլևս ազատ մարդ չես։ Նստիր, ասացի։ Գնացի՛նք։ Տեսնո՞ւմ ես, հրամանատարիդ մարտավարությունն արդեն իսկ օգնեց քեզ։ Ազատեց կնոջդ խանդից։ Ախր ձեր ամուսնանալու ինչ ժամանակն է, պիտի սովորես ու սովորես առաջիկա քսանչորս ամիսներին։ Ի՞նչ է, չե՞ս դիմանում, տակդ չանես, զինվո՛ր։ Սպասիր, իջիր, հենվիր պատնեշին ու պզացրու գետի մեջ։ Գնա-գնա։ Ի՞նչ ես անում, է՜, անասո՞ւն ես, էէէ՜…

  – Վերջ, վերջ։ Ապահով տեղում ես արդեն, մի շարժվիր, հանգիստ պառկիր։ Վնասվածքները լուրջ չեն։ Ջերմությունդ նորմալ է։ Հրամանատարդ ինչ-որ ոստիկանների հետ ափին քեզ է սպասում։ Ուզում էիր ինքնասպա՞ն լինել։ Այդպես ինքնասպան չեն լինում, ափին կից քարերի վրա են գցվում կյանքին վերջ տվողները։ Իսկ դու երևի դատապարտվես իբրև դասալիք։ Ավելի լավ է միանգամից հրամանատարիդ սպանեիր, հիմա կեղտոտ բերանը կբացի։ Ամռան սեզոնն է սկսում, շաբաթը մեկ՝ նույն պատմությունը։ Ստուգումներ էլ լինեն երևի։ Դեղատուփ, փրկօղակներ, ծածկոցներ, լրիվ պատրաստենք այսօր, տղե՛րք։ Արև, արքայությո՛ւն, հետաքրքիր                                 է չէ՞, բայց ինչ-որ մեկի գլխում եղած-չեղածը իրար է գալիս։ Առավոտյան ժամերին են հիմնականում գցվում էս շիզոիդները։ Ուշադիր եղեք։

  – Ես քո դասալիք ծնունդը… Ճիշտ տեղում է քեզ գետն ափ հանել։ Առողջականդ հոգեբուժարանի հետ լրիվ համատեղելի է։ Տղամարդ չես դառնա, այսպես տղամարդ չեն դառնում, ես դա լավ գիտեմ։ Խնդրեմ՝ մեր դիմաց քո նոր տունն է։ Բուժումներդ կստանաս ու բույսի պես պատուհաններին վեր ընկած կգոյատևես…

  – Բարև։ Քեզ էլ են գետի գործով բերե՞լ։ Այդ գործով էլ դուրս գալ չկա։ Ես հո լավ գիտեմ։ Ինչ ասեն՝ հակառակը կանես, որ չգժվես, թե չէ ուզածներն հենց դա է։ Ոչ մի դեղ չխմես, զուգարանի թղթից չօգտվես, վրան հատուկ քսուք կա, գիշերը բարձդ թաքուն կհանես, առավոտյան շուտ կարթնանաս ու տեղը կդնես, որ չնկատեն։ Ճաղապատ ապակիներին պլշած չնայես, սրանք լուսաթափանցությամբ են զուտ պետքական, թե չէ, նորից եմ ասում՝ կգժվե՛ս։ Իսկական գժերի հետ չխոսես, մյուսներն իսկական գժեր են, ինձ հանած, ով որ անիրական գիժ է՝ ավելի վատ, ուրեմն իրենց մարդն է։ Հարցերի չպատասխանես, մեկ է՝ երբեք ոչինչ չես կարող ասել։

  – Վեր կաց։ Դու նամակ ունես, մեկն էլ չէ՝ չորսը…

 «Բարև, տղաս։ Մենք բոլորս շատ լավ ենք, դու ինչպե՞ս ես, հայրիկ։ Հասկացա՞ր, թե ինչ նկատի ունեի։ Այո՛, դու որդի ես ունեցել, տղաս, դու կարող ես իսկական հայրիկ լինել, աշխարհի ամենաիսկական հայրիկը։ Ափսոս, իհարկե, որ լույս աշխարհ եկած երկյակից մեկի կյանքը հաջողվեց փրկել։ Այդպես շատ է լինում, տարածված խնդիր է, թեև՝ եթե երիտասարդները մեծերին լսեին, կարող էինք և խուսափել կորստից։ Լուռ եմ, ոչինչ չեմ ասում։ Կուզեի, որ ապաքինվեիր ու վերադառնայիր, որդուդ դաստիարակությամբ ինքդ զբաղվեիր, թե չէ վերականգնողական այս շեշտերը լավ ուղղությամբ չեն տանի նրան։ Ասում են, իբր, քեզանից ինչ-որ բան է ժառանգել։ Հերիք չի երեխայի հաշվով են մեղք վերցնում, դեռ քո մասին էլ զրպարտություն են տարածում։ Մենք չենք հավատում։ Ես ու հայրդ չենք վստահում ո՛չ այդ բժշկին, ո՛չ էլ նրան, ով հորինել է այս ամենը։ Հորեղբայրդ պնդում է, որ նա ամենափոքր տարիքից պիտի աշխարհը ճանաչի, հայրդ փորձում է կանխել էկրանների ազդեցությունը և զարգացնել մոտորիկան։ Ոչ մեկին չեմ ընդդիմանում, հատկապես անիմաստ է հակառակվել երեխայի ստնտու մոր ցանկությանը։ Ինձ համար մի բան հաստատ է. կա՛մ երկուսդ էլ առողջ եք, կա՛մ հիվանդությունը քեզանից չէր կարող ժառանգվել։

Դեղերդ խմո՞ւմ ես, մենք քեզ սպասում ենք։ Առողջացիր ու վերադարձիր։

Քո՝ մայրիկ»։

«Բարև։ Ինչպե՞ս ես։ Կներես ինձ, փոշմանում եմ, որ ժամանակին հետդ այդքան կոպիտ եմ եղել։ Երևի արդեն գիտես՝ դու հայրիկ ես դարձել։ Մայրդ բժշկին կաշառելու է, որ առաջինն անպայման իր նամակն հանձնի, իսկ այս տողերը գրելիս պոկ չի գալիս, աչք չի կտրում ինձանից, որպեսզի հասկանա, թե ինչ բովանդակությամբ նամակ եմ պատրաստում, որ ինքն էլ մարտավարություն մշակի։ Ինձ արդեն մեկ է, այնքան անտանելի է, որ էլ չեմ նյարդայնանում։ Անշուշտ նաև տեղեկացված կլինես մեր մյուս փոքրիկի մասին, նա ինձ մեղադրելու առիթը բաց թողած չի լինի, բայց հղիության ամիսների ընթացքում գլխիս բերածից հաստատ չի պատմի։ Չի ասի նաև, որ մեռելածինի հաշվով այսպես արտահայտվեց. «Աղջիկ էր, ազատվելու խնդիրն էլ այլևս ի վիճակի չէր լուծել, ոչինչ, կորուստը մեծ չէ»։ Այսքանը։ Հորդ նամակը ինքն է ստուգել, շատ հավանական է, որ թելադրած էլ լինի։ Նրանք չեն ուզում ընդունել, որ երեխան խնդիրներ է ժառանգել։ Չեմ հասկանում, թե ինչ խաղ են խաղում։

 Քեզ ե՞րբ են հեռախոս տալու։ Առողջացիր ու վերադարձիր։ Կարոտում եմ քեզ։

 Քո երեխայի մայրիկ»։

«Բարի օր, հայրի՛կ։ Դու փորձեցիր ապացուցել, որ իսկական տղամարդ ես, շտապեցիր աշխարհ բերել իմ առաջին թոռնիկին, տղա թոռնիկին։ Թող որ իմ պատվին անվանակոչելու հարցը անտեսվի, կարևորը քո, ինչպես նաև մեր փոքրիկի առողջությունն ու երջանկությունն է։ Երեխայի դաստիարակությամբ պետք է ամենավաղ հասակից զբաղվել, մենք դա գիտենք, կինդ պիտի երգերով քնեցնի նրան, խաղա մատների հետ, ցանկալի է, որ փոքրիկը այս տարիքից հաղորդակցվի երաժշտությանը, մայրական կաթով մեծանա (կհերիքի՞) և էկրաններից հեռու մնա։ Խոսելու առիթ կունենանք դեռ։ Քո առողջությամբ թաղայինն էր հետաքրքրվում։ Բացասական դեմք ես դարձել, կարիք առաջացավ կանխել քո բացակայության վատթարագույն հետևանքները, մորդ հետ միասին պայմանավորվածության հասանք բժշկական եզրակացության հանձնաժողովի գործունեության որոշ հարցերում։ Հնազանդ եղիր, կատարիր բոլոր պահանջները և դու ազատ ես։ Հասկանո՞ւմ ես, թե ինչ եմ ուզում ասել։ Մենք կգանք քեզ դիմավորելու, շատ քիչ է մնացել։

Քեզ հիշող՝ հայր»։

-Ինքնակամ հրաժարվիր, հիմարի՛կ, ես հեռացողներից չեմ, ինքնակա՛մ, ինձ սովորական դիտարկող և չնկատելու հնարավորության մտքերից…

  – Այս նամակներն ինչո՞ւ ես թափել գետնով մեկ, արթնացի՛ր, շուտ արա։ Ի՞նչ հաբեր են։ Անձնակա՜զմ, արագացրեք։ Անասունի մեկը, սատկելո՞վ ես փորձելու մեզ սխալ հանել։ Լվացում ենք անում…

  – Ասում էի չէ, որ այստեղից դուրս գալ չկա։ Աստծու առաջ երբ կկանգնես՝ մի վախեցիր։

  – Անօգուտ է, քաշելիք չկա, միայն ցավազրկողն արեք։ Ուժ մի գործադրիր, հանգիստ պառկիր։ Ի՞նչ ես ուզում։ Վերջին ցանկությունն է կարծես։ Թուղթ ու գրիչ տվեք։ Գրի՛ր հանգիստ, ուժերդ մի՛ վատնիր։ Մայրենիով կգրես։ Ի՞նչ գրեց, պարզ է։ Բայց տե՛ս է՝ իմաստ է գտել, ես ի՞նչ էի ասում, ինչո՞ւ եմ տարիներով պայքարում. ևս մեկ ապացույց, որ անձնասպանությունը իմաստը վերագտնելու փորձերի ձախողումով չի շահադրդվում։ Թուղթն այդ հարազատին փոխանցեք, նա արդեն այստե՞ղ է, ի՞նքն է, փաստորեն՝ հոգևորականը նաև ազգականն է։

  – Նա իմ նամակներն է կարդացե՜լ, այ դու անասունի մեկը, դե սատկիր, չգիտեի՞ր՝ նա, ով կհանդգնի իմ նամակներին մոտենալ, շանթահար եղած կսատկի, անծաղիկ ու անարտասունք կմնա։

– Ձա՛յնդ։ Հանդարտեցրեք դրան, ինչ կարևոր է՝ ում նամակներն է կարդացել։ Վերջ, վերջացավ։ Բերանդ փակիր, բերանդ փակի՛ր, քեզ սուբյեկտ հռչակողի ու առողջացում խոստացողի… թեև վերջում շատ օգտակար փաստարկ թողեցիր, ապրես։ Աչքե՛րդ էլ, աչքե՛րդ ասացի։

  – Տվեք, ես եմ, նրա աներն եմ։ Չեմ տեսնում, ի՞նչ է գրել. դիակիզո՞ւմ… գիտեի, որ վերջին վատությունը պիտի անի, դրա համար էի ուզում շուտ տեղ հասնել, դիակիզո՛ւմ։ Վա՜յ, Բոբ, վայ բոզի տղա, այդ բառը որտեղի՞ց հիշեցիր…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *