(հատված)
Նա Աբովյան չմնաց, փալաս-փլուս, տեղաշոր, լվացքի մեքենա, հեռուստացույց, կոմպյուտեր՝ երկրորդ անգամ նեղլիկ «նիվան» բարձեց, ասաց.
-Չէ, եթե դուք ուզում եք վերջս տաք՝ ստիպեցեք մնամ: Մի մեռնել ա՝ գնում եմ տանը մեռնեմ, ես ստեղ մնացողը չեմ: Թող թուրքը գա՝ ինձ իմ տանը սպանի, ոչինչ: Հոգիս ուտում եք, հերի՛ք ա: Ուզածս՝ մերոնց մոտ գնալն ա: Տասը տարի ա հոգիս խաղաղ, ամեն օր մտքիս մեջ, որ ինձ Բերդի թումբը մերոնց մոտ եք տանելու: Ետևիցս կգաք՝ կտանեք, չէ՛, ուրեմն խղճավոր մեկը երևի դուրս գա՝ ինձ տանի դնի հողումը: Սրտիս մեջ հովություն կա, որ գնալու եմ մերոնց մոտ,- վերջին բառերն ասելիս՝ նա շրջվեց, իբր տանիքի բեռներն ուղղում է, չուզեց, որ աչքերից անձրևի նման կաթկթող արցունքը տեսնեն դուստրն ու աղջիկ թոռները: Ինչ ծերունի, տարիք է առել, քաղցկեղի հետ մի կերպ հարմարվել, ամեն օր մեռնելու սպասել,
բայց՝ խելքը դեռ ջահել: Աղջիկն է Աբովյանից զանգել.
-Այ պապա, դու քեզ հետ մեզ էլ ես ուզու՞մ կրակը գցես, քեզ ասացինք՝ճանապարհը
փակվում ա, տալիս են թուրքին, յոթ օրից թուրքը մտնում ա, երեք օր մնաց, շուտ արա՛, էգուց շուտ դուրս եկ:
Երեք օր հետո, առանց տրաքոց, թուրքը պարումուղամով Օմարից մտավ՝ յուղի նման ճանապարհին տեր կանգնեց: Ծերունու մեջ վախ չկա, տարիքից է երևի: Միշտ թաքցրել է, սովորել է՝ վախն արհամարհել: Իր ջոկատի հինգ հոգու հետ ջղանիների թավուտում՝ թուրքերը շրջապատել են: Հիսուն էլ չկար: Հինգ հոգուն թողել, բարձրացել է հետախուզելու: Քսան մետրի վրա թուրքը նստել՝ քեֆ էր անում բանից անտեղյակ: Նա ինքնաձիգի տակն է տվել, փրթել, աջուձախ՝ ական, ծմակը կտրել-անցել են դեպի Կիչանա շենը: Հիմա տնամեջը բարձած, նույն կողմով, մեքենայի ղեկին, դուրս է գալիս Չլդրան, հասնի Գետավան, հետո՝ Քարվաճառ, Զոդ, Հայաստան: «Իբր թուրքը Հայաստան չի մտնելու, վաա՜յ-վա՛յ»:
Խաչենագետի կեռմանը մի կերպ է անցել, դուրս եկել ասֆալտ: Ցեխծյորից մինչև Գետավան՝ մեքենաների շարան: Երկիրը խելագարվել է, անտեր է չորսկողմը: Խուճապը ծերունուն ծանոթ է թվացել, այդ պահին սիրտը վատացել է մեքենայի ղեկին: Ինքն էր մեն-մենակ ղեկին, աչքերը տխուր Ջեկոն, իսկ սրահի ետնամասում՝ ունեցած-չունեցած ապրուստն է: Ջեկոն վիշտը հասկանում է շուն տեղովը: Նրա թոկը բացել է ծերունին, ազատություն տվել, «էս ինչ շառ ա եկել գլխներին, ո՛չ որս ա՝ իրեն որսի հանեն, ո՛չ … ». կենդանու մտքովն է անցել: Շան աչքերն ամենամատնողն են, ամեն սովորական դիպվածից՝ Ջեկոն խռովող է, իսկ հիմա՞…ե՞րբ են իրեն առջևի ուղևորի բազմոց տվել մեկ էլ: Մեքենան անծանոթ շարանի խորքում բարձրացել է դեպի Թարթառի ձորը:
-Լավ ենք պրծել, աստծուն քարով չենք տալու: Հադրութեցին բա ի՞նչ ասի,-հասել է
Աբովյան, մեքենան բակում կանգնեցրել: Ջեկոն վախվորած մնացել է իր տեղում ծվարած:
Ծերունին քրոջ տուն է բարձրացել՝ յոթերորդ հարկ, ձեռքերը լվացել, մի կերպ ժպտացել երեխաներին:
-Էլ վերջացավ, Քարվաճառը փակվեց, եթե գալու լինեենք՝ Գորիսով,-ասել է դուստրը ու թեյ լցրել, մինչև կերակուրը տաքանա:
-Ես ետ եմ դառնալու՝ վաղը չէ՝ էն մի օրը, լավ իմացե՛ք: Տունն իր տեղն ա, մի շաբաթվա փայտ կա, սառած պատերն եմ տաքացնելու ընդամենը: Եկել եմ տեսնեմ ինչ կա-չկա: Ինձ իզուր ախոս չանեք, ես ետ գնացողն եմ: Երեք օր կա դեռ, թուրքին են տալիս, հասցնելու եմ իջնել Գետավան: Էսպիսի՞ օրեր ենք տեսել: Սա էլ ենք անցնելու:
Ծերունին հայրս է: Որ իմանա՝ իրեն ծերունի եմ ասել՝ կզարմանա: Մերձավորներիս եմ փորձում գրական դեմք սարքել: Երեսուն տարվա ժամանակը նրանցն է, իմն է, մեր հարևան Գավրուշինն է, բոլոր զինվորներինն է: Վհատ լինելուց՝ ելք եմ գտել, գրելով՝ թեթևանում է օրս: Ողջ ինտրիգը սա է: Ուրիշ բան չլինի՝ լորի որսն եմ գրելու: Ֆեյսբուքի՝ մատերի վրա հաշված ընկերներս էլ են ինձ հերիք: Սոսկալի է այնտեղ մտնել, թեպետ: Խարդավական մոլությունը քեզ այնտեղ ավելի է վշտացնում: Սուտ քաջալերություն ստեղծեմ՝ իսկույն բռնվողն եմ: Այս գրոգգին վիթխարի պատիժ է, բայց ի՜նչ է տալիս շարունակ ողբալի տրամադրությունը: Իրականությանը քարնեգիական ձևեր էլ են հարկավոր, ամեն ինչ է հարկավոր:
Պատերա…
Չէ՛, չեմ գրելու: Որդի, եղբայր, ամուսին կորցրած մարդուն՝ քաջալերելը սուտ է, վերքի երեսը պիտի թխի, արյունը մակարդվի, սպիանա: Կողքից ի՜նչ սփոփանք: Մի այն չէ՝ հացի խնդիր լուծես, մի այն՝ երկիրը գերեվարվի…
Հորս հետ բեռնատար իր «գազիկով» բարձրացել ենք Պինածյոր: Նա թող մի երեսունհինգ լիներ, իսկ ես՝ առաջնեկն եմ, ինը-տասը: Պատկերացնու՞մ եք՝ երեսունհինգ տարեկան ջահել հայրն իր առաջնեկ, ամեն շաշ բանից հարցուփորձ անող տղեկին վերցրել՝ Պինածյորա զուլում քերծերով մենակ ծմակ է բարձրացել: Մեքենան ծմրացել է իջվածքն ի վեր, ժայռերը դմդմբացել են շարժիչի աղաղակից: Էհե՜յ, տերը բարձրանում է անտառ, լաչառ հավքե՛ր, մի դեսուդեն փռփռացե՛ք ճանապարհից: Կեռնեխները տխրել են, բայց՝ էլի ծլվլացել են: Նրանք միշտ անդուդի քոլոտում մոշաթև են արել: «Սա ի՞նչ ղռղռոց է», վախվորել՝ փախել են խոր ձորից: Ի՞նչ տեր, իրականում կեսօրը շուռ է տվել դեպի իրիկուն, անտառապահն իջել է շեն, մարդը մի թափք փայտի է բարձրացել: Գողություն է: Վաղը, ծագի հետ, Աղդամ է տանելու վեց մետր հաճարենի փայտը, թուրքի հետ ասել-խոսել է: Ահա քեզ՝ հարյուր քսան ռուբլի, ցեմենտ կառնի՝ երկրորդ հարկի արևկող սենյակի համար: Մոխրագույն, կրաքարե պատերը օր-օրի բարձրացել են: Պատշար Սերգին է, լուռումունջ տուն է սարքում: Նա գիտի. հայրս խոսքի տեր է, փողի հետ՝ հարցեր լինել չեն կարող, մետրը մետր է: Փողը խանդաղատում էր հորս: Երբ նա՝ հոգնած, ուրախ, շինծու լուրջ դեմքով թուրքերից վերադառնում էր, մեքենան դարպասի դիմաց մի քանի սանտիմետրի վրա արգելակում, իսկույն երկրորդ հարկի տկլոր ու կիսատ պատերին էր նայում: Հետո ներս մտնում տուն, երեքանոցների տրցակը դռնից տալիս մորս, որ հաշվի՝ ուրախանա:
-Կեղտոտ ա, հարյուր թուրքի ձեռք ա կպել, թու՛հ:
Պինածյոր բարձրանալու մասին՝ ինչու՞ խոսեցի. ներքևի ձախ անվի ռեզինը վերջին ելուպարանը անդունդի վրայով է պտույտ գալիս: Հայրս միշտ այստեղով բարձրանալիս՝ սփրթնում է մի տեսակ, բայց խինդը երեսին՝ ասում.
-Հասել ենք անդունդին, արի՛ նայի..
Հռնդոցի միջով շնչահատ մտնում եմ հորս գոգը, մի քանի նայում անտակ անդունդին: Զարմանահրաշ է (հատուկ եմ ծեծված բառ գրում)…
-Մա՞րդ ա ընկել էս ձորը երբևէ,- հարցնում եմ՝ սողոսկում նորից իմ տեղը:
-Հը՞մ: Բան գտար՝ բան հարցրիր:
-Այսինքն, չի՞ եղել, որ մաշին գլորվի էնտեղ: Կարող չի՞ գլորվի, բայց սաղ պրծնի մարդը, սամալյոտից էլ են մարդիկ սաղ դուրս գալիս: Երեկ «Վրեմյան» ասեց…
Հայրս չէր պատասխանում ինձ: Բնավորություն է՝ լսի-լուռ մնա: Նա չի արհամարհում, կուրծքը հարցերով լցված է, ինքն էլ է մոլորված իր հոգսերի մեջ, կյանք է շրխկում շուրջը:
Անդու՜նդ… փոխվել է հիմա ամեն ինչ, քո ազդու, անտակ խորքը մնացել է իմ աչքերի մեջ: Այն ժամանակ հորս գիրկը վեհանձնություն էր բուրում: Միշտ ինձ հետ է լինելու՝ անտառի այլմոլորակային կայտառ ախորժաբույրը: Մեր ծմակը դեռ մերն է, իսկ Պինածյորա անդունդը ընդամենը փայտի խարամ է լցվել: Պտերն է այնտեղ տերուտիրական, արևալույսից զուրկ անմահական մոշի քոլերը: Ինչ լավ է, որ նրանք անշնչավոր են…
Ինձ խոսք եմ տվել՝ նրանից չխոսել: Երբ ուզում եմ նրա մասին չմտածել, հանգիստ ալիքը գլխիս մեջ փոխում եմ: Անցած է: Ճիշտ է, մեկ-մեկ մտածում եմ, որ իսկական պրոֆանացիա է, բայցև… Ինքդ պիտի քեզ արգահատես, ո՞վ պիտի սրտացավ լինի քեզ: Ո՛չ ոք: Մանավանդ՝ անցած-գնացած անցքեր: Առաջ անցնեմ ասեմ, որ կարծես թե՝ մեր ընդահանուր մեղքերը կաթ-կաթ են եղել, մեր ոտը սլկել՝ ընկել ենք Պինածյորա անդունդը: Ինչքա՜ն կարելի էր իրար ուտել: Մանկության օրը թողնենք իր տեղը, սա արդեն մեր օրերից է, մի քանի տարվա իրար կուտակված մեղքեր: Մի քանի խոսք՝ իմ երբեմնի սիրելիի մասին, հետո՝ կանցնեմ առաջ: Նա եկեղեցու տակ կածանում էր պատահել: Գունատ, ինչն ավելի սիրունացրել էր նրա երեսը: Նրա դիմագիծը սաստիկ պիրկ էր, բայց թովիչ էր… թե ինչու՜…
-Ղարաբաղից վերջինն եմ լինելու, որ դուրս գամ, խոստանում եմ,-ասաց նա:
-Շուռ ե՛կ դեպի եկեղեցին,-ասացի ես ու նա շրջվեց:
Նա էլ չէր արտասվում: Երբ նա ստտոտում էր, սիրտս կտոր-կտոր էր լինում, ավելի էի կատաղում: Սիրելուց, ինքս ինձ նախատելու անզորությունից՝ կատաղում եմ, այո: Քանի անգամ է երդումը ջուրը նետել: Սիրելը չէ, ես գիտեմ, որ ինքը սիրում է, նրան հոգին յուրայիններն են պղտորում, իսկ ես միշտ կոտրած տաշտակի առաջ եմ մնում: Ես հոգնել եմ նրա հետ վիճելուց…
Մենակ ենք, շուրջը՝ անծպտուն, ինքնամփոփ թեղիներ:
-Սիրու՞մ ես ինձ,- հարցրեցի:
-Իսկ դու՞…
-Հաա՜, սպասում ես՝ տեսնես ես ինչ եմ ասում, հետո պատասխանե՞ս:
-Չէ՛, հերիք ա, ամեն ասելով՝ ավելի եմ ցածրանում:
-Արդեն կաթեցրել են ուղեղիդ վրա, հասկանալի ա,- դիտմամբ բորբոքում եմ:
-Չէ՛, չէ՛, չէ՛, խելքդ պակասել ա, դու ոչնչացնում ես երջանկությունդ:
-Բայց դու ինձ չես սիրում:
-Հոգիս ուտում ես, որ ի՞նչ…
-Ես քո խոսքով եմ ապրում, ասա՝ չեմ սիրում, թող ջարդվի սիրտս, հոգուս միջից հանեմ քեզ: Ես արդեն ինձ խղճում եմ…
-Երբեք էսքան ուժգին չեմ սիրել քեզ: Երբե՛ք: Չգիտեմ՝ ինչու ա էսպես,- ասաց նա, -արգելված պտուղը քաղցր ա լինում, չէ՞…
Նրան չէի հավատում, խելապակաս եմ, իրոք, արդեն: Նա լացում էր: Ու սաստեցի անհոժար, կանգնեցի դեմը, ափս դրեցի տաքուկ, արցունքոտ այտին: Հոգիս այդ պահին սկսեց մորմոքել: Ինչպե՜ս եմ անցնելու այդ ապրումի միջով՝ դեպի խաղաղ մի տեղ: Նա արտասվում էր, իսկ ես ուզում էի խելագարվել իմ ոչնչությունից: Ինչի՞ համար՝ ներողություն: Հաստատ գիտեի, որ ներողությունը ոտի փոշի է սարքելու ինձ նրա աչքում: Իսկ ես, երբ մի բանում համոզված եմ լինում՝ անպայման սխալ եմ դուրս գալիս: Արդեն սկսել եմ իմ համոզվածությունից ուրախանալ երբեմն: Սիրահարվածությունը քեզ դնում է անդունդի եզրին, իսկ այնտեղ կեռնեխներն են երգում աշխարհից կտրված: Ցատկի՛ր, կտոր-կտոր եղի՛ր, կամ ետ քաշվի՛ր, փախի՛ր ու կորչի՛ր սոսիների թավուտում: Ներողությունը բառ է, ոմանց աչքում այն քեզ ցածր անձ է սարքում: Ինձ նման նվաստը նրա արցունքները հասկանում էր, ու՝ կատաղությունից պայթում: Ես խելագարվել եմ սիրելուց, արդեն հասկանում եմ, անզոր եմ՝ ինքս ինձ դարձի բերել:
Մենք կերել ենք իրար…
Դուք հասկանու՞մ եք՝ իրար ուտելն ինչ է:
«Նիցշեն է ասել. «Արվեստը իրականությունից չմեռնելու համար է տրված մարդուն»: Խաղաղություն է, թնդանոթները լռել են, արվեստ չկա, մեջտեղ ենթամշակույթներ են գալիս: Խմելու ենթամշակույթ, ծխելու ենթամշակույթ, գողանալու ենթամշակույթ, իրար հետ գզվռտելու ենթամշակույթ: Սահմռկում ենք
կյանքից: Սև հոգին պիտի թմբիրի մեջ պահենք, թե չէ՝ պարան պիտի վերցնես, առավոտ շուտ այգի մտնես, Հովսեփի կին Գրետայի նման վերջդ տաս: Այդ օրը աչքերն արյունով լցվել էին մինչև դալար թթենուն կմոտենար: Վերջին րոպեներին սարսափել է տանջվելուց, պարանը դեն է նետել, դողդողալով մոտեցել մարագին, քանդված խոտի տուկերից երկաթե շղթա տնտղել ու իրար կապ տվել: Նա չի ուզել փրկվի, նա իրեն անհույս ոչնչացրել է:
Իրար մեռցնելը ենթամշակույթ է: Երբ ոգեղենություն չկա, երբ պատերազմի ավերածություններից հետո պարապ է միտքը, ճղճիմ մոլություն է տարածվում ունայնության մեջ: Ցավագար մարդու ապրելու մուսան մեռնում է: Գորշ ենթամշակույթները պատանդ են վերցնում նրան: Մեկը մեկին կրծելու ժանրը դառնում է ենթամշակույթի մի ճյուղ, մարդիկ թայփաների են բաժանվում: Իսկ շնչավորը փխրուն է, սոսկալի անպաշտպան, նա կարող է փշրվել իսկույն, խելապակաս դառնալ, մերձավորիի թշնամի լինել: Քո ձեռքին իշխանություն կա, գալու են շուրջդ հավաքվեն, պատարաստ եղի՛ր: Ենթամշակույթները ինքնապահպանական բնազդի մարտիկներն են…»…
(պատառոտած գրվածքից)
Չգիտեմ՝ ինչ գրել, սիրտ հովանալու համար եմ փորձում գրել: Չգիտեմ՝ որտեղից սկսել ու ինչպես վերջացնել: Հա՛: Պիտի ասեմ նաև, որ սաստիկ զգուշավոր եմ՝ հանկարծ ռեմինեսցենցիա բաց չթողնեմ: Ուշադիր եմ ռեմինեսցենցիաների հանդեպ: Ամեն դեպքում՝ Ճապոնիա եմ հասել, վերադարձին՝ Հեռավոր Արևելքը կտրել նորից, մի ողջ ցերեկ երկնքից նայել երկրին, հետո՝ հասել Ֆիննական ծոց, մտքափոխ եղել ու… նորից շեն: Նյութս՝ գյուղամեջն է: Իմ հետևորդները կարող են ձանձրանալ: Ես հետևորդ չունեմ:
Ուսուցչից եմ բռնել, այս վերջին ժամանակների մեղավորը նա է: Ուզում եմ՝ Բիսմարկի հետ համամիտ լինել: Ինչ աղերս, թե նա մայր է, քույր է, երանելի սիրասուն է, սովորաբար՝ նա ընդամենը կին է: Մակաբերելու կարիք չկա:
«Միջազգային իրավական տեսանկյունից՝ այդ բոլոր տարածքները հանդիսանում են Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասը։ Կրկնեմ ևս մեկ անգամ՝ ինքնին Հայաստանը ԼՂ-ի անկախությունը չի ճանաչել՝ հաշվի առնելով այդ հանգամանքը, ինքնին ԼՂ-ն միջազգային իրավական տեսանկյունից ևս Ադրբեջան է։ Բայց իրավիճակը, իմ կարծիքով, ավելի բարդ է, քան պարզ նորմատիվային պոստուլատները, այդ թվում՝ միջազգային իրավական։ Էթնիկական հակամարտության արմատները սկսվեց Սումգայիթից, ապա տեղափոխվեց ԼՂ, այստեղ յուրաքանչյուր կողմ իր ճշմարտությունն ունի, և ԼՂ հայերն այն ժամանակ տարածք են վերցրել, որպեսզի պաշտպանեն սեփական կյանքն ու արժանապատվությունը»,- ասել է Պուտինը»։
-Կտրի՛, չեմ ուզում լսել, կտրի՛ …
Երբ դեմ ես առնում պատին, երախտամոռի նման մի աստված է մնում՝ հավատաս, տեղ չկա շուռ գալու, մի ապավեն է մնացել՝ նա է: Կարելի՞ է՝ «նա» ասել աստծուն: Անձնախաբեությունը մխիթարում է քեզ, բայց երբեմն ամաչում ես եսասեր լինելուց: Ոչ ոք, կարծես, դա չի հասկանում, ու դու քեզ քո մտքերում եղկելի ես զգում ամոթահարությունից: Անթիվ զինվորներ են ընկած հիմա երկնքի տակ՝ երկրի վրա, բորենիները նրանց ոսկորն են թողել, ու՞ ր է նրանց բաժին աստվածը: Ամաչում եմ՝ աստված ունենալ, «նա» ասել, խնդիրք անել, թիկունք անել: Մատներս չեն գնում, պահարանի մեջ դրած սրբապատկերի փոշին առնեմ, չեն գնում: Սաղրիկի մեկը եղա, բայց պիտի ասեմ…
Դեկտեմբերի օտարոտի անձրև է կտկտացնում տանիքին: Օրը մթնում է: Գոմեշի մածուն կերա, ոչ համն զգացի, ոչ ախորժելի էր: Վառարանին թալուկ է տապակվում՝ ինքնաբավ երանություն: Հոգիս խաղաղվել է, տարօրինակ է: Միառժամանակ, երևի: Ա՜խ, մնար էդպես, մնար, ինչ կա՞ ավելի թեթև ու կյանքոտ՝ անկշիռ ու չքմեղ հոգու նման (ահա՝ ռեմինեսցենցիան): Երեկոյան ութն անց է կես ժամ: Հնարավոր չէ իմանալ՝ վաղն ինչ է լինելու, ամեն ինչ կարգին իր տեղով կգնա՞, թե…
Ամեն չարչարանք վերջ ունի, երբ ստիպում ես քեզ աշխատել, երբ ժամանակը չես վատնում, երբ ինչ-որ բան ես ստեղծում՝ մի օր փոխհատուցման ժամ է գալիս, մնում ես զարմացած, ով է այս շնորհն արել ինձ, ինչի՞ համար: Լույս է բացվում: Իմ փրկությունն աշխատանքն է, իմ դժոխքը՝ ապրումների ճահիճն է: Նա, ցավոք, ինձ միշտ իր խորքն է քաշում, անզոր եմ՝ հակառակվել: Գետահովտին նայող պատուհանը բացում եմ, հովը գրկում է մարմինս, շշպռում ինձ: Փղձկոցս պահում եմ, փորձում անջատել ինձ գեհենից: Սիրտս, վերջապես, իր մարմնի վրա զգաց, որ ծնողից թանկ բան էլ գոյություն ունի. ծննդավայրդ է, երկիրդ է, երբ հեռու՜-հեռու ես լինում, քարտեզից էլ է սիրտդ նրա հետ աղերսված: («Մարդկային միտքը աստվածային կույր արարչության արդյունք է», այո՛, շան տղա Մոպասան, դուք իրավացի եք, դուք մարգարե էք):
Պատմության համար գոռգոռացինք ու լռեցինք ֆյեսբուքում…
Առավոտ ճաշելու ախորժակ չունեցա: Լվացվեցի, մինչև թացը երեսիս կչորանար, դժկամ ծխեցի: Տրամադրությունս՝ անհաղորդ, մեջս՝ անհասկանալի մրմունջ: Գնա՛մ, գնամ գլուխ վերցրած կորածների մոտ, երկու այն մարդկանց մոտ, որոնք գլուխ են վերցրել, շենից դուրս եկել: Չէ, հեռու չեն գնացել, իջել են Վաճառ գետ, Պլպլանա աղբյուրը: Հրանտի ու Սամվելի մասին է խոսքը: Այնտեղ՝ գետի սեռով, մեծ տափ կա բարձիթողի, գնացել են ավատ անեն: Հողը բան պիտի գցեն, իրար հետ ընկերություն պիտի անեն, բոստան անեն, միայն թե՝ քիչ լինեն գյուղում: Առավոտ ծագի հետ դուրս գան, իրիկունը, երբ շառուշուռը կտրվում է, անխոս տուն վերադառնան: Միայն թե՝ երես չտեսնեն, հոգնել են իրար ուտողներից: Կռի՜վ, իրար ոտի տակ քանդե՜լ, իրար թիկունքի բամբասե՜լ, մեկը մեկի դեմ լարե՜լ: Արդեն դատարան են հասել, իրարից՝ դատախազ-դատարան դիմում-բողոք են գրում: Իսկ նրանց ամլիկ զավակները խրամատում երիկամ են մրսեցնում, օր են համրում, երբ են տաք տեղաշորում քնելու:
-Էշ թու՛րք, էս խի չես հարձակվում, էս շենն իրար ուտողի շեն ա, հարձակվի, էլի՛, հարձակվի փրթի ահել-ջահել,- Հրանտն է փրփրել մեկ-մեկ: (Սիրտը գիտեր…)
Գյուղամիջում են մի օր ընդհանուր խոսքի եկել՝ դուրս գան Պլպլան: Առուտուր անելու հույս չկա, շաքարի ճակնդեղդ ու՜մ վրա պիտի ծախես, մեկուկես հեկտարի խամբարն ու՜մ պիտի տաս: Փախել են փրկվեն, ընդամենը: Նախ, խշտյակ են սարքել, երեք կողմից փակել… չէ՛, ներողություն, չորս կողմից՝ տանիքն էլ, սեղան են սարքել, պառկել-նստելու համար, թախտ են իրար արել տախտակով, վառարան դրել հողե գետնին՝ մեջտեղ: Կեռնեխն էլի իր տարօրինակ ճռվողյունը տարածել է Կամուրջհողի ձորի մեջ: Միգուցե մոշի քոլի միջի աղբյուրն արդեն բանուկ է, հավքը նեղվել է: Ուրեմն, ուտելը կա, խմիչքը կա, Հրանտը նույնիսկ տանից թառն է բերել, երկու բաժակ խմելուց հետո, պիտի կատաղի ամեն ծուռ բանից, շենի մղձավանջը մոռանալու համար՝ ձեռքն առնի: Ամեն լարի խփելուց՝ արտասուք է կախվում նրա աչքերից: Տղան զոհվել է, մյուսը անհույս հաշմանդամ է, աղջկանից լուր չկա՝ Մոսկվաներում: Կի՛նը, կինը՜… մի հեռակայի մեկը, Մոսկվա սոված-ծարավ նստի, մենակ գյուղ չգա, անունն է՝ մարդուկին: Ե՞րբ է Սամվելը վերջին քսան տարում տաք մթնոլորտ տեսել իր տանը: Ստեփանակերտի թագավոր թվերն անցել են քամու հետ: Նա մեծ մի հիմնարկի պետ էր. թուրն աջուձախ կտրում էր, մեքենան տակը, փողը՝ փող, սիրուհին՝ սիրուհի: Մեկ-մեկ հիմա մտածում է, թե, վայ թե, այն տարիների մեղքերի համար է հիմա, որ քթովը գալիս է: Այդ ժամանակ էր, որ հայրը՝ Սուրենը, ծառից ընկել ոտքը կոտրել էր, մեկն ասի՝ հարգի, թոշակառու մարդ ես, ի՞նչ գործ ունես դու ծառի վրա: Մեքենա են բռնել, բերել քաղաք: Սամվելը գործուղման էր մեկնել թարսի նման, հաջորդ օրն է կեսօրին Աղդամի կողմերից եկել, քեֆն էլ մի քիչ գագլի: Եկել՝ ափալ-թափալ մտել է հիվանդասենյակ, հայրը՝ ոտքը կապոտած, ցից արած:
-Այ մարդ, էս ի՜նչ ա պատահել, քեզ ի՞նչ գործ ունես ճղոպուրի վրա, դու մի քանի անգամ ճղոպու՞ր ես թափել քո կյանքում,– որդիաբար հանդիմանել է հորը ու նստել հարևան թափուր մահճակալին:
-Ուտելու ինչ ունես, ինչ չունես:
-Հը՛մ,-ցավից հոգնած, գլուխը առանց թեքել, աչքերը ծռել է Սուրենը:
-Ուկոլ-մուկոլ՝ արե՞լ են, ցա՞վ ես զգում, վայ թե: Ես գիտեմ, է՜, դու ձեն հանողը չես:
-Արել են,- ուժասպառ՝ կրկին անդրդվելի խոսել է հայրը:
-Լավ ես պրծել դու, պապա: Լավ ես պրծել, էլի,- հնարել ու սփոփել է Սամվելն ու մեջքով հենվել պատին,- էն օրը, բա չես ասի, մաշինով Իսակովը բարձրանում եմ դեպի Կոլցեվոյ, կողքովս մի կնիկ անցավ: Հինգ մետր էլ չէր առաջ կացել, սոթ տվեց, մեջքի վրա ընկավ, գլուխը տվեց ասֆալտին, էն ձենը կտրելն ա, որ կտրեց…
-էէ՜, խաբար ա բերել տնաշենի տղադ, խեր խաբար ա բերե՜լ…
Հրանտի բանն ուրիշ է: Նախկին խիզախ հրամանատարը կռվից հետո պատուհաս է դարձել միլպետի համար: Մի՝ ինքնաձիգի համար են քաշքշել, երեք-չորս անգամ կանչել շրջկենտրոն, մի՝ Երևան անասուն տանելու ճանապարհին են Գետավան բռնացրել, թե՝ «դու քանի՞ գլխան տեր ես, որ առանց մեր դաբրոյի մարդկանց ապրանքը լցնում ես մաշինդ, տանում Հայաստան»:
Ինքնաձիգի հարցը մի կերպ լուծվել է: Մի շաբաթ բանտախցում մնալուց հետո, Հրանտը միջոցը գտնում է: Խնդրում է՝ իրեն բաց թողնեն, հասնի շեն, զենքը բերի հանձնի, հարցը դառնա լուծված: Գալիս է շեն, Սարսաղ Ռափիկի հետ վաղուց խռովխեթ են լինում, եղբայրն է միջնորդ դառնում, խնդիրք անելու գնում մի իրիկուն:
-Ասա՛, փողդ տանք, մենակ մի հատ տուր, Հրանտիկը տանի Մարտակերտ հանձնի՝ գործը փակվի, տանջեցին պրծան մեզ: Չէ չասես, գիտեմ, որ ունես,- եղբայր Վաչիկն է քեֆը կակուղ առաջարկում:
-Ինձ որտեղի՞ց ա կալաշնիկովը, արա՛, ես դրա ասողի՛…
-Սպասի՛, սպասի՛.. փողը՝ փող, մուննաթը՝ մուննաթ, եկ մեզ լավություն արա, բարեկամ-խնամի խալխ ենք, տանջում են Հրանտիկին, տանի հանձնի, ձեռ քաշեն, այ Ռափիկ:
-Ղուբուրթլու թուրք եմ կանգնեցրել, ձրի չեմ կարա,- վերջապես դիրքերը զիջել է Ռափիկը:
-Ասա՛ գինդ: Այ մա՛րդ, ասա, հո ես չեմ եկել քեզանից նվեր ուզեմ: Իհարկե, մի կոպեկանոց չի-երկու կոպեկանոց չի,- երակն է մտել, վերջապես ոտի տակ դրել Վաչիկը,- մենակ տանենք էշի տղորանցը տանք, մեր յախան ազատենք:
-Հարյուրը ո՞նց ա..
-Պա ռուկամ…
Մարինը եկավ շատախոսեց աշխույժ, սկսեց աննկատ ինձ համոզել: Միջնորդ է ուզում դառանա: Թեյ հյուրասիրեցի նրան, իսկ նա թթի մուրաբա էր բերել հետը: Է՜, լեզուս է հետ խոսում, կուրծքս լիքն է, խուսափելու տեղ էլ չկա: Թեյ ենք խմում, ձևացնում եմ, որ ոչինչ արտառոց իմ կյանքում տեղի չի ունեցել: Անցյալի խարդավանքներն իմ մտածումներում միառժամանակ անէանում են: Ընդարմանում եմ զրույցի ժամանակ, տրամադրությունս տաքանում է, թռնում են ինձանից կարճ ժամանակով կեղեքումների օձերը: Ամեն ինչ՝ չիք, մեզ՝ իրար ջերմություն է պակասում:
-Քարը գոգից թափի…
-Սուս մնա՛, գլխումս խելք չդնես,-կտրեցի նրան ու վեր կացա թեյնիկը բերելու:
-Ես ընդամենն ուզում եմ լավ լինեք, թե չէ…
-Թե չէ՝ ի՞նչ…
-Չէ, չեմ կարա ասել, չեմ կարա:
-Էս ինչ համերաշխություն ա ձեր մեջ, ինձ սպանողը ձեր իրար բերանում թքելն ա,- ասացի ու ժպտալով թեյ լցրեցի նրա համար:
-Ես չեմ խառնվում ոչ մեկի հետ:
-Երազումս մորթած հավեր եմ տեսել, ինձ ձեռ մի տուր,- կատակում եմ:
-Հավատա՛, ի սեր աստծո:
-Այսինքն ոչ մի թայփում դու չկա՞ս,-ինձ շատ հետաքրքիր էր նրա օդում մնացած խոստովանությունը:
Նա գնաց: Մի օր էլ էր կրկին մթնում: Խավարն իր հետ անորոշ զգացողություն բերեց: Մարդու տառապանքները չափուսահման չունեն: Ինչ-որ սանձարձակ հոգեկան փոթորիկ է գալարվում իմ մեջ, ինձ անհուն ճահճի կեղտոտ մի երախ կլանում, տանում է միշտ իր հետ: Պրծում չկա:
Անձրև է գալիս…
Ուշ գիշեր է:
Աքլորականչը սկսվել է, մի իսկական սիմֆոնիա, ձայնակցում են որձակներն իրար՝ հավի հոգեբանություն:
Բոբ Դիլանը լրագրողներին կտրականապես ատում է: «Ответ знает ветер» նրա երգն է մեկ-մեկ ընդմիջարկում ռադիոն: Բոբ Դիլանն է երգում իսկապես: Հետո՝ «Միստր Տամբուրին»: «Մարդկության ամոթը միջուկային զենքն է». նրա խոսքն է, շեշտակի ու ամիջական՝ իր ոճով:
Մարդկության ամոթը՝ թուրքին հանդուրժելն է, սա էլ իմ համոզմունքն է:
Ռոբերտ Զիմերման- Դիլանի ծննդոց անունն է: Հրեա: Նա ռոկ-ըն-ռոլի մեջ նոր դուռ է բացել: Ե՛ս չեմ ասում, վերլուծաբանների կարծիքն է…
«Չեչնիայի քաղաքական կարգավիճակը առաջիկա հանդիպմանը չի քննարկվելու:
Իրաքը համաձայնվեց թույլատրել ՄԱԿ փորձագետներին՝ մուտք գործելու նախագահական կալվածքներ:
Շվեդիան վեցերորդ անգամ նվաճեց Դեվիսի գավաթը:
Իրաքը 200 տոննա քիմիական զենք ունի, որը մոլորակի համար անմիջական ու բացարձակ սպառնալիք է:
Սադամ Հուսեյնը Զյուգանովի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ աշխարհին ուժեղ Ռուսաստան է պետք, որպեսզի շտկվի խախտված հաշվեկշիռը…
Իրանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջության վերջին՝ 32-րդ անդամն է: Նա Ավստրալիայի հավաքականի հետ 2:2 ոչ ոքի խաղաց , իսկ դա երկու խաղի հաշվով՝ հաղթանակ է:
Նիկոլայ 2-րդ ցարի ու նրա ընտանիքի ադամների մասունքները տակավին գտնվում են Եկատերինբուրգի դիարանում: Վիճաբանություն է սկսվել թաղման կապակցությամբ: Նահանգապետ Էդուարդ Ռոսսելը փորձում է ցարի ընտանքի
մասունքները թաղել իր քաղաքում, իսկ առաջին փոխվարչապետ Բորիս Նեմցովը առճակատ պնդել է, թե՝ «դա Ռոսելի դիակի մնացորդները չեն…»:
Գալիք հարյուրամյակում կարևոր քաղաքական շրջադարձներ տեղի կունենան: Ասում են՝ Ռուսաստանը ապագայում Բելգիայի չափ մի պետության է վերածվելու:
Художник Сезам сказал: «Портрет не бывает никогда законченным, он бывает только отложенным…».
Գրեբենշչիկովն ասում է. «Битлз пришел сказать, что ты можешь жить не только с постелья на постель…» :
Ռուսաստանը ո՛չ Արևելք է, ո՛չ Արևմուտք:
Творчества Толстого и Достоевского, скорее всего, психические дневники, которые интересны читателю…
