Գոլի Թարաղի, Թարգմանություն

Միսս Դաները և քարե դասարանը


            Եթե Փահլավի խաչմերուկից գնաք դեպի հյուսիս, Բոզորգմեհր փողոցին չհասած, ձախ կողմում՝ երկու-երեք հարյուր մետրի վրա աղյուսե մի պատ կա, որ խունացել է ժամանակի կեղտից ու փոշուց։ Այդ պատի մեջտեղում մի փոքրիկ դուռ կա, որ միշտ փակ է, իսկ նրա դիմաց քարե աստիճան կա։ Եթե մոտիկից նայեք այդ դռան կողքի աղյուսներին, հնուց մնացած գրվածքների մասնիկներ կգտնեք։ Աղյուսի մեջ ընկղմված մի տառի գլուխ, դանակի ծայրով փորագրված անուն կամ վաղուց մնացած թանաքաբիծ։ Մարդիկ անցնում են այդ դռան կողքով անտարբեր ու անհոգ և չգիտեն, որ այդ աստիճանն ու փակ դուռը, առվի կողքի հնամյա սոսին, ծերացած և հազար ու մի անձրև տեսած աղյուսները մի ամբողջ ժամանակաշրջանի հուշ են, մնացուկ՝ մի աշխարհի։ Եթե ձեր ականջները հպեք պատի աղյուսներին, քարե դասարանի տղաների քաթուն շունչն ու շշուկները կլսեք։ Դա՝ այդ քարե աստիճանները, կանաչ դուռը, բետոնե հարյուր մետրանոց գետինը տասնվեց-տասնութ տարեկան մի շարք երիտասարդների հանդիպման վայրն էր։ Դաս ու ուսուցիչ չկային։ Հանդիպման ու զրուցելու վայր էր և կապ չուներ կուսակցությունների ու քաղաքականության հետ։ Քարե դասարանի տղաների մեծ մասը այդ ժամանակի համար շատ նորարար էին, արևմամետ, գրքի, սպորտի ու զվարճությունների սիրահար։ Պատի աղյուսներին, դռան երկու կողմերում նշումներ էին անում միմյանց համար և հանդիպումներ պայմանավորվում։   
            Եթե ինչ-որ մեկը չճանաչի այդ փակ դուռն ու դիմացի աստիճանները, գաղափար չունենա նրա անցյալից, մի հին, փակ դռնից բացի, ուրիշ ոչինչ չի տեսնի, սակայն ինձ նման մեկի համար, որ կես դար հետո կանգնած եմ դրա առաջ, ամեն աղյուս մի խոսք է ասում, էությանս աչքերը տեսնում ու կարդում են նրա վրայի գրվածքները։ Որոշ անուններ միտս են մնացել և թիկթակում են սիրտս։ Որոշ պատառիկներ իմ երիտասարդությունից և հուշերիս մի մասը թաքնված են այդ կանաչ դռան հետևում։
            Երիտասարդ էինք, իսկ երիտասարդությունը մի յուրատիպ աշխարհ է, որն իր ֆիզիկական օրենքներն ունի, նման անհասցե ու անանուն մի մոլորակի՝ զատված արեգակնային համակարգից։ Կյանքը մեզ համար խաղ էր և փարսախներով տարբերվում էր հաշիվների, թվերի ու գրքերի աշխարհից։ Ժամանակը մի հսկա պահ էր, և մեղ լող էինք տալիս նրանում, իսկ ապագան՝ երկու քայլ այն կող, ձայնում էր մեզ։ Երջանկությունը գրպաններումս էր, իսկ տասնյակ մտացածին սերեր՝ մեր սրտերում։ Գիր-գրականության, արևմտյան երաժշտության, եվրոպական պարերի, մարզանքների մարդիկ էինք․․․ և իհարկե ֆիլմեր․ պարսկերեն  կրկնօրինակված ամերիկյան ու իտալական ֆիլմեր։ Կինոն զարմանահրաշ մի վայր էր։ Այնքան էինք խորասուզվում այդ հրաշքների աշխարհում, որ հազիվ էինք վերադառնում իրական աշխարհ։ Սահում էինք։ Կարծես քնի մեջ քայլեինք։ Քուն, որ մի քանի օր շարունակվում էր։ Մեր ձայներն ու հայացքները փոխվում էին։ Մյուսները երկու-երեք օր անց մտնում էին իրական աշխարհ, ես մնում էի այնտեղ՝ շարունակ դոփելով անուրջների աշխարհում։ Ֆիլմերից բացի՝ գրքերն էլ էին ինձ տանում ուրիշ մի աշխարհ։ Սերերս, լացերս, զայրույթս ու տխրությունս․․․ ամեն, ամեն ինչ կերպավորվում էր ընթերցածս գրքի սրտում։ Երբեմն գրքի հերոսի հետ այնքան նույնական զգացողություններ էի ունենում, որ կարծես կորցրածս կեսը լիներ կամ երկվորյակս։
              Քարե դասարանի տղաներից մեկի հետ գրական կապվածություն ունեինք։ Իրար գրքեր էինք տալիս, կարդում էինք և դրանց մասին կարծիքներ փոխանակում։ Իմ գրականագետ ընկերը (տասնվեցամյա գրականագետ) փիլիսոփայական փքուն բառեր էր օգտագործում և ինձ համար գեղարվեստական գրքեր բերում։ Ամբողջը կարդում էի։ Մի մասն ընդհանրապես չէի հասկանում։ Փիլիսոփայական հաստափոր գրքերը թողնում էի հետոյին։ Օրինակ՝ «Այսպես խոսեց Զրադաշտը» կամ Կանտի «Փիլիսոփայությունը»։ Երբեմն այդ կարևոր գրքերից մեկն ինձ հետ տանում էի հյուր։ Նստում էի մի անկյունի վրա ու թերթում։ Այդ տասնվեցամյա գրականագետի տված վերջին գրքի անունը «Դեմիան» էր։ Հերման Հեսսեն էր գրել։ Փոքրիկ, բարակ մի գիրք էր՝ մոխրագույն բարակ շապիկով։ Ասաց՝ բնօրինակը գերմաներեն է, և ինքն էլ բնօրինակ լեզվով է կարդացել։ «Դեմիանը» արտաքուստ պարզ գիրք էր երևում, և հնարավոր էր այն մի գիշերում կարդալ ու մի կողմ թողնել։            


            Երկու օր անցավ։ Փոքրիկ, մոխրագույն գիրքը մահճակալի մոտ ինձ էր սպասում։ (Գրքերն իրենց ճակատագիրն ունեն և գտնում են իրենց ցանկալի ընթերցողին։) Վերջապես բաց արի այն։ Սկզբում դանդաղ էի կարդում։ Հետաքրքիր գիրք էր թվում։ Ինչպես լավ գրքերի մեծ մասը։ Սակայն  երկրորդ գլխից հետո՝ Դեմիանի հայտնվելով և նրա խորհրդավոր կերպարով սիրտս անտրամաբանական ձևով սկսեց թպրտալ։ Ինչո՞ւ։ Չգիտեմ։ Կախարդվածի նման դյութվել-հմայվել էի Դեմիանով։ Հասարակ հավանելուց վեր մի բան էր։ Կապ չուներ գիտակցության ու ըմբռնողականության հետ, այն էլ՝ տասնչորսամյա աղջկա գիտակցության ու ըմբռնողականության։ Անտեղյակ մի զգացում ներսումս պատասխանում էր Դեմիանին։ Սիրո նման մի զգացում։ Անծանոթ մի սեր։ Արգելված։ Չէի բաժանվում այդ գրքից։ Գիշերներն անկողնում այն նորից էի կարդում և հատուկ տողերի տակ գծեր քաշում։ Կարմիր գծեր։    
            Դեմիանն առեղծվածային էակ էր, որին չէիր կարող ասել՝ փրկի՞չ է, թե՞ սատանա։ Կարծես առասպելական ծերունի լիներ՝ ներքին գաղտնիքներին քաջատեղյակ։ Երազումս նրան էի տեսնում։ Զրուցում էի հետը։ Զգում էի նրա աներևույթ ներկայությունն ու հետևում  նրան։ Թվում էր՝ ճանաչում եմ նրան։ Դեմքը պատկերվել էր մտքումս։ Ժամանակ առ ժամանակ խառը երազում հայտնվում էր երիտասարդ աղջկա կերպարանքով։ Երբեմն էլ՝ չարաճճի տղուկի արտաքինով։ Վախենում էի նրանից։ Թաքցնում էի գիրքը, որ ձեռքիս էր, իսկ որոշ ժամանակ անց՝ ակամա փնտրում այն։                         
            Գրքի մյուս կերպարը երիտասարդ կրոնավոր էր՝ Էմիլ Զինքլեր անվամբ, ում հոգևոր հավատամքը սասանվել էր։ Կասկածանքով էր վերաբերվում Աստվածաշնչի պատումներին։ Խուսափում էր իր հոգևոր հորից, և այդ մարդու հասցեին մի հանկարծահաս զայրույթ ու անեծք սեղմում էր սիրտը։ Վավաշոտ երազներ էր տեսնում և մեղքի զգացում ունենում։ Տարուբերվում էր երկու հակադիր աշխարհների՝ մարմնավոր գայթակղությունների և մեղքի զգացումի, բարեպաշտության տրտմաթախիծ աշխարհի և օրենքների միջև։ Էմիլ Զինքլերի ներքին տվայտանքները ծանոթ էին ինձ։ Տասնչորս տարեկան էի, և մանկությանս երջանիկ ու քաղցրաբույր աշխարհը փշրվել ու ցրիվ էր եկել։ Տարուբերվում էի լուսավոր ու հանգստավետ անցյալի և խառնիխուռն ներկայի արանքում։ Դեմիանն ու Էմիլ Զինքլերը մուտք էին գործել իմ կյանք՝ նվաճելով երիտասարդ հոգիս։   
            Դեմիանը ջանում էր Էմիլ Զինքլերի ուսերից վերցնել մեղքի բեռը և նրա հոգևոր կեսին հաշտեցնել էության սատանայի հետ։ Էմիլ Զինքլերն իր կյանքի օրհասական պահերին նամակ է գրում Դեմիանին, իսկ վերջինիս պատասխան նամակը նրա համար դառնում է ուղենիշ, գաղտնիք ու խորհուրդ։ Ես էլ որոշեցի նամակ գրել Դեմիանին։ Ի՞նչ գրեցի։ Մանրամասն չեմ հիշում։ Բայց միտս է, որ Դեմիանին խնդրեցի՝ ինձ ցույց տա կյանքի ճշմարիտ ուղին։ Ո՞վ եմ և ի՞նչ եմ փնտրում։ Նամակը դրեցի ծրարը։ Ինձ պետք չէր նրա հասցեն։ Դեմիանն ամենուր էր։ Իմ նամակը կհասներ նրան։ Նույն կերպ էլ՝ իր պատասխանը։ Վստահ էի։ Ծրարի վրա գրեցի «Դեմիան» և այն գցեցի «Անուշիրվան Դադգար» դպրոցի մոտի փոստարկղը։ Նստեցի-սպասեցի։ Կարդացածս ամեն գրքում մի հետք էի փնտրում Դեմիանից։ Համոզված էի՝ երազումս ինձ այցի կգա, չեկավ, և ոչ էլ մի ինչ-որ նշան կամ գաղտնիք ստացա։        
            Բաժանման շրջան էր։ Բաժանում ընկերներից, համադասարանցիներից, քարե դասարանի տղաներից, անհոգությունից։ Տասներորդ դասարանում էի։ Դասընկերուհիներիցս և քարե դասարանի տղաների մեծ մասը մեկ առ մեկ մեկնեցին արտասահման։ Այդպես էր կարգը․ գնանք Ամերիկա կամ եվրոպական որևէ երկիր, այնտեղ սովորենք և հետ վերադառնանք։ Աշխարհի դռները բաց էին մեր առաջ։ Որևէ մեկս գնալու և մնալու մտադրություն չունեինք։ Տուն, ընտանիք, հայրենիք ու անվտանգություն ունեինք։ Այստեղից լավ էլ ո՞ւր պիտի գնայինք։    
            Երիտասարդական անցողիկ սերերն ու Դեմիանի հուշերն ուսումնասիրելու համար Ամերիկա գնալու ոգևորությունը փայլկտում էր գիտակցությանս մութ խորքերում։ Մնաս բարով անելը մեզ համար, որ ջահել էինք ու անփորձ, ցավոտ էր։ Մի դուռ էր փակվում դեպի մի ամբողջ դարաշրջան, անհոգության ու պատանեկան ուրախությունների դարաշրջան։ Ոմանք եվրոպական երկրներ էին գնում, ոմանք էլ՝ Ամերիկա։ Բոլորը՝ վերադառնալու հույսով։ Հնարավորինս շուտ։ Սակայն քարե դասարանի գունեղ աշխարհից պոկվելը նման էր դրախտից վտարվելուն։     
            Մեր շարքերը կամաց-կամաց նվազում էին։ Ամեն ամիս քարե դասարանի տղաներից մեկը մեր խմբի աղջիկներից մեկի հետ գնում էր արտասահման։ Ամեն անգամ, երբ հասնում էր երեխաներից մեկի գնալու հերթը, խմբով գնում էինք օդանավակայան և ողբաձայն հեկեկում։ Ծանոթ չէինք բաժանմանը։ Մի նոր բան էր կյանքի համար։ Ամեն գնացող իր հետ տանում էր մեր անցյալից ու պատանեկությունից մի մասնիկ։ Մեր լացը նման էր երեխայի գետին ընկնելուն, որ մի պաղպաղակ վերցնելուն պես երջանկանում է։ Երկու օր անց հանդարտվում էինք և շտապում դեպի գալիքը։ Հարյուրավոր դիպվածներ սպասում էին մեզ։ Անհայտ ու առեղծվածային հարյուրավոր սերեր։ Ուրիշ աշխարհ։ Պետք է գնայինք։ Պետք է վազ տայինք։ Ոտքներս գետնին չէր։ Քայլում էինք անուրջներում՝ ամպերի ու երազների տողերի վրա։
            Ի վերջո, եկավ իմ հերթը։ Հայրս կարծում էր՝ Եվրոպան հին է ու ծերացել է, ապագայի աշխարհն Ամերիկան է։ Մտածում էի ֆիլմերում տեսածս Ամերիկայի մասին ու խենթանում։ Բազմիցս էի դիտել «Յոթ հարսնացու՝ յոթ եղբայրների համար» ֆիլմը և կարծում էի՝ ոտքս այնտեղ դնելու պահին եղբայրներից մեկը գալու է ինձ մոտ, հրավիրի պարի։ Գիշերները երկարոտն հայելու առաջ պարս էի փորձում։ Կանգնում էի աթոռին և լայն բացված ոտքերով թռչում գետնին ու տնքալով ոտքի կանգնում։ Ամերի՜կա։ Անգամ անունը չէր տեղավորվում ուղեղումս։ Որովայնս գալարվում էր, սրտիս անկյունները թիկթակում էին և վերածվում մի տեսակ տագնապալի երջանկության։ Որոշ ժամանակ երազների մեջ էի լինում, իսկ հետո հանկարծահաս մի տագնապ սեղմում էր սիրտս։ Գնալ նշանակում էր մեծանալ, իսկ ես այն մարդկանցից էի, որ չէր ոզում մեծանալ։ Գնալը բաժանում էր ընտանեկան դրախտից։ Քարե դասարանի տղաներից ու սիրային անուրջներից։ Հեռուներից մի ուրիշ աշխարհ էր ծիկրակում։ Ինքս ինձ պատկերացնում էի այդ դյութական ու գունեղ աշխարհում, և սիրտս թպրտում էր։          
            Պետք է գնայի։ Ժամանակը հրում էր մեջքիցս։      
            Մնաս բարո՜վ, Թեհրան։                  
            Մնաս բարո՜վ, Շեմիրանի տո՛ւն։    
            Մնաք բարո՜վ, ընկերներ, համադասարանցիներ, կիսաշունչ, հյութեղ սերեր։   
            Մնաք բարո՜վ, քարե դասարանի Դոն ժուաննե՛ր։
            Մնաք բարո՜վ, Լալեզար փողոց, «Իրան» կինոթատրոն, Թաջրիշի կամուրջ։


            Ամերիկացի դառնալս շատ մակերեսային էր, և շարունակ վերադարձի մասին էի երազում։ Ընկերներիս լուսանկարները փակցրել էի սենյակովս մեկ։ Նամակ էի գրում նրանց՝ Իրան։ Հետս բերած պարսկերեն ամսագրերն էի թերթում և պատմվածքները վերընթերցում։ Պառկում էի, փակում աչքերս՝ հիշելով անցած-գնացած բոլոր լավ օրերը։

            Փիլիսոփայությունից կուրսում լավագույնն էի, բայց գոհ ու երջանիկ չէի։ Ուրիշ մի բան էի ուզում։ Փիլիսոփայությունն ուղեղիս հետ էր կապված, իսկ ես այնպիսի մի գիտություն էի ուզում, որ սրտով հասկանամ։ Սիրտս մռայլված էր։ Որոշեցի թողնել դասերս ու ուսումս և վերադառնալ, բայց համարձակությունս չէր ներում։ Երկու քարի արանքում էի։ Մի հրաշքի կարիք ունեի, ինչ-որ մեկի, որ ընկճված հոգուս նոր շունչ հաղորդեր։       
            Ավարտական տարվա անհատական ընտրության ու գրանցման օրն էր։ Դասախոսները նստած էին իրենց սեղանների հետևում։ Ուսումնասիրության հիմնական ոլորտի շրջանակներում կարող էինք մի քանի առարկա ընտրել։ Տհաճությամբ անցնում էի սեղանների կողքով։ Ճանաչում էի բոլոր դասախոսներին և զզվում բոլորից։ Նույն դեմքերը, նույն քննարկումները։ Կանտ։ Փը՜ֆ։ Դեկարտ։ Փը՜ֆ։ Բերտրան Ռասել։ Փը՜ֆ։ Սիրտս ոչ մի դասախոսի չէր կանչում։ Տխուր անցնում էի սեղանների կողքով, երբ աչքս ընկավ տարեց մի կնոջ վրա․ մոտ յոթանասնամյա։ Այդ դեմքն անծանոթ էր ինձ։ Կարճ, ալեխառն մազեր ուներ և զարմանալիորեն թափանցիկ ու խոր հայացք։ Ո՞վ էր, որտեղի՞ց էր գալիս։ Տարբերվում էր բոլորից։ Մի յուրօրինակ գեղեցկություն ուներ, որ էությունից էր ակունք առնում։ Նրան նայելիս աչքս ընկավ կոստյումի օձիքի ոսկե կրծքազարդին ։ Մի օձ էր՝ պոչը բերանը տարած։ Ակնապիշ ու պլշած նայում էի՝ պապանձված տեղումս կանգնած։ Ալեհեր տիկինը բարեհամբույր նայում էր ինձ։ Գլուխ չէր հանում ինձնից։ Անծանոթ մի զգացում հուշում էր ինձ, թե հիշում եմ այդ կնոջը ։ Գուցե իրական կերպար չէ։ Գուցե էությանս երազային կերպարներից է։ Սեղանի վրա մի նոթատետր կար, որի վրա ուսանողների անուններ էին գրված, իսկ կողքին՝ մի փոքրիկ գիրք։ Հայացք գցեցի վերնագրին, և շունչս կտրվեց։ «Դեմիան»։ Առանց հարցնելու վերցրի գիրքն ու թերթեցի։ Մի քանի տող կարդացի։ Սիրտս սկսեց թպրտալ։ Այն արտասովոր զգացողությունը վերստին պատեց ինձ։ Խորհրդավոր աշխարհից եկած այդ դասախոսի անունը միսս Դաներ էր։ Հետաքրքրությամբ ու բարեհամբույր նայում էր ինձ։        
            – Ծանո՞թ ես այս գրքին,- հարցրեց։
            Գլխով արեցի և գիրքը դրեցի իր տեղը։       
            – Ծանոթ եմ Դեմիանին։ Նամակ եմ գրել նրան։     
            Միսս Դաները ծիծաղեց։ Հավանաբար ինքն իրեն ասաց՝ էս արտասահմանցի ուսանողը իր հայրենիքից հեռու լինելու պատճառով ամեն ինչ իրար է խառնել։         
            Գրանցվեցի միսս Դաների դասերին։ Ամբողջ օրը ոգևորված էի և երջանիկ։ Ներկայացա նրա դասին՝ նստելով առաջին շարքում։ Աչքս վերստին կանգ առավ նրա արտասովոր կրծքազարդին․ գալարված ու պոչը բերանն առած օձ։ Միսս Դաների դասը տարբերվում էր փիլիսոփայության ու գրականության դասերից։ Պոեզիայի ու կախարդանքի դաս էր, ճանաչելու առասպելների աշխարհն ու խորհրդանիշների իմաստը, ճանաչելու վաղնջական ծեսերը, հոգու ու ոգու գաղտնիքները։ Այն, ինչ լսում էի, նորություն էր ինձ համար։ Նրա խոսքերը հենց այն էին, ինչ ուզում էի։ Նրա խոսքը ալքիմիայի աշխարհից էր, և քարը վերածում էր ոսկու։ Նրա խոսքերը կոլեկտիվ անգիտակցականությունից էին և անցում Ես-ի սահմանափակ տարածությունից մինչև Կատարյալ մարդ։ Միսս Դաների դասաժամին երբ ժամանակ առ ժամանակ նրա աչքերը նայում էին ինձ, քարե դասարանի տղաների ու անցյալի հանդեպ կարոտը մոռանում էի։ Դեմիանը միսս Դաների կերպարով ցոլացել էր իմ ճանապարհին, որ բաց անի քարե դասարանի աղյուսե պատերի միջև եղած փակ դուռը։ Այդ այգում Յունգը թիկնել էր մի մեծ աթոռի՝ իր հայտնի ծխամորճը բերանի անկյունում։   
            Ուսումնական տարին վերջացավ։ Միսս Դաները տեղափոխվում էր այլ համալսարան։ Սրտիս մի մեծ տխրություն էր տիրել։ Խենթանում էի այդ դասախոսի համար։ Էությունս այլափոխել էր։ Իր գնալու օրը հակինթե մատանիս նվիրեցի նրան։ Մի սիրալիր հայացք գցեց վրաս, իսկ ես նրա բիլ աչքերում, որ նախասկզբի օվկիանոսի էպիկենտրոնն էր, կարդացի Դեմիանի վերջին բառերը՝ Էմիլ Զինքլերին․   
            «Իմ փոքրի՛կ Զինքլեր, այն, ինչ ասում եմ քեզ, լա՛վ հասկացիր։ Ես պետք է շարժվեմ։ Գուցե մեկ անգամ էլ իմ օգնության կարիքն ունենաս։ ․․․ Ամեն անգամ, երբ ինձ ցանկանաս, ձիով կամ գնացքով չեմ գալու քեզ այցի։ Դու պետք է ականջ անես քո ներսին։ Այդժամ կտեսնես, որ ես քո մեջ եմց։     

            Տարիներ անց, երբ Փարիզում էի, մի հին ընկեր, որն այժմ Ամերիկայի համալսարանում դասախոս է, զանգահարեց ինձ և ասաց, որ ինչ-որ համալսարանի կոնֆերանսում խոսել է իմ գործերից։ «Վերջում ձեռնափայտով մի շատ ծեր կին մոտեցավ ինձ և քեզնից հարցրեց։ Անունը չասաց, բայց տեսա ձեռքին մի հակինթե մատանի կար, որն ինձ Իրանի արտադրանք թվաց։ Կարող եմ գտնել նրա հասցեն»։     
            Չէ՜։ Չէի ուզում։ Նրա հասցեն սրտումս էր։ Արդյոք գիտեի՞ Դեմիանի հասցեն։ Նրան նամակ գրեցի, և պատասխանեց ինձ։

           
 Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *