Նորից եկել, նստել եմ պոլիկլինիկայի դիմացի այգու նստարանին և նայում եմ ներսուդուրս անողներին։ Տեսնես ինչո՞ւ են պոլիկլինիկայի այցելուների մեծ մասը տարեց մարդիկ: Նայում եմ և պատկերացնում եմ՝ ոնց են նրանք մտնում պոլիկլինիկա, ոնց է մուտքի մոտ կանգնած ջերմաչափող անձը էն էլեկտրական, ճաքած ջերմաչափով ստուգում նրանց, ապա ներս թողնում։ Պատկերացնում եմ՝ ոնց են ծերունիները, ջերմությունից դողալով, քայլում պոլիկլինիկայի կիսախավար միջանցքով, ոնց են խարխափում, ոնց է նրանց շնչառությունն արագանում, ապա աստիճանաբար դանդաղում և պատրաստվում է մարել։ Հետո օդը չի բավարարում, և ծերունիները հերթով բացում են միջանցքի երկայնքով շարված դռները․ երևի հույս ունեն, որ այդ դռներից լույս կհորդի, և միջանցքը օդով կլցվի։ Նրանք դեռ չգիտեն, որ դռների հետևում ճաք տված ջերմաչափերով զինված այլ ջերմաչափող անձեր կան։ Ախր այդ ծերունիները չեն պատկերացնում՝ ոնց են իրենց թոքերը նեղացել ու մթնել, ոնց են դրանք նմանվել պոլիկլինիկայի միջանցքին․ լույսի հյուլեներն ու թթվածնի կաթիլները հազիվ են ներթափանցում։ Դու նույնպես մի անգամ մոլորվեցիր այդ պոլիկլինիկայում։ Հիշում եմ՝ ոնց էիր էդ միջանցքում հենվել «բամբասանք» կոչվող թափթփված բույսով ծածկված, կիսախարխուլ պատուհանագոգին․ հիշու՞մ ես՝ քեզ ասում էի․ «Խնդրում եմ, չթուլանաս»։ Քեզ պինդ էիր պահում, որպեսզի չնեղվեմ․ քեզ երկրորդ անգամ ջերմաչափեցին։ Մեջքդ և ուսերդ ծածկող մոխրագույն շալն ընկավ գետնին, և ոչ ոք չկարողացավ կռանալ ու վերցնել այն։ Շալդ մնացել էր իմ ավտոմեքենայի դռան տակ ու քամուց փռփռում էր, բայց էլի օդը չէր բավարարում։ Մեքենայիս բոլոր պատուհանները բաց էին, և քամին քշեց տարավ առջևի նստարանին դրված թղթերի տրցակի բոլոր թերթիկները: Միևնույն է, օդը չէր հերիքում։ Նախկինում պոլիկլինիկայի կողքին պարապ-սարապ շարված բոլոր մեծ, սպիտակ ավտոմեքենաներն այդ օրը զբաղված էին։ Սպիտակ հագուստներով մարդիկ քեզ տեղավորեցին կապույտ գնացք հիշեցնող տնակի մենախցերից մեկում։ Մեքենաս որբի պես մենակ կանգնած մնաց կապույտ տնակի կողքին։ Բոլորն ասում են, որ այդ կապույտ տնակը քաղաքի մյուս ծայրում է։ Չգիտեմ ինչու է ինձ թվում, որ պոլիկլինիկային ու էդ կապույտ միհարկանի կառույցին ընդամենը մի առվակ է բաժանում․ հենց էն առվակը՝ պոլիկլինիկայի դիմացի այգու միջով հոսող․․․ Հենց ձանձանում եմ պոլիկլինիկայի այգու իմ նստարանից, անցնում եմ առվակի վրայով և գալիս եմ քեզ տեսնելու։ Լսել եմ՝ կապույտ տնակում այցելություններն արգելված են, բայց համառորեն ցատկում եմ առվակի վրայով։ Մի խումբ նորածին շունիկներ իրենց տեր ու տիրական են զգում կապույտ տնակի բակում։ Առաջին անգամ ինձ տեսնելիս այդ շունիկների մայրը կատաղեց, քիչ մնաց էն սրճագույն կոշիկներս պատառոտեր․ լեղապատառ արեց սրիկան։ Վախից վերադարձա պոլիկլինիկայի դիմացի այգի և նորից նստեցի նստարանին։ Տե՛ս, հնամաշ գլխարկ դրած էն ծեր տղամարդը քայլում է դեպի պոլիկլինիկա։ Նրա ձեռքի մաշված ծխամորճը երևի մի ժամանակ շատ թանկ է եղել․ էն ժամանակ այդ փայլուն ծխամորճի տիրոջ ծնկները ամեն երեկո պարելիս կամ սիրունիկների հետ զբոսնելիս չէին դողում։ Էն կինն էլ հենվում է ձեռնափայտին, պայքարելով գետնից պոկում և առաջ է շարժում ծանրացած ոտքերը։ Դղրդացնող հազը ցնցում է գեղեցկուհու ուսերը, բայց միևնույն է, տիկինը մեջքն ուղիղ է պահում, և նրա կարմիր շրթներկի ու կարմիր շարֆի երանգներն աչքով են անում անցորդներին։ Նորից թողնում եմ այգին, ցատկում եմ առվակի վրայով և անձայն քայլերով գալիս եմ կապույտ տնակ՝ քեզ այցելելու։ Առվակի վրայով լոք տալու ընթացքում անկախ ինձնից հետ եմ նայում․ ինչքան շատ տարիքով մարդիկ են մտնում պոլիկլինիկա։ Ախր ջահելները հիմա քաղաքում չեն, ջահելները պատերազմի դաշտ են գնացել։ Լսո՞ւմ ես, ինձ համար չանհանգստանա՛ս, շունիկների մայրն արդեն չի հարձակվում ինձ վրա, ընկերացել ենք, ամեն անգամ ձագերի համար ուտելիք եմ բերում։ Գալիս, մոտենում եմ կապույտ տնակի խցերից մեկի դռանը և ապակու մյուս կողմում տեսնում եմ թափանցիկ խողովակով քեզ օդ տվող և եռացող թեյնիկի պես անդադար բլթբլթացող սարքը։ Քո մոխրագույն շալը խնամքով ծալել, դրել են մահճակալիդ կողքի աթոռին։ Պաշտպանիչ դիմակով ծածկված անձինք պտտվում են քո մահճակալի շուրջը, կարմրագույն և թափանցիկ օշարակներ են տալիս քեզ, հետո ստուգում են բլթբթացող սարքի վրայի թվերը։ Այնպես են ոտքից գլուխ ծածկվել, որ գլուխ չես հանի՝ ովքեր են։ Եթե պատահաբար փողոցում տեսնեմ, չեմ ճանաչի նրանց։ Կապույտ տնակից հեռանալիս երբեմն զրույցի եմ բռնվում շունիկների մոր հետ․ նա է ինձ սովորեցրել աննկատ անցնել ապակու միջով և գալ քեզ մոտ։ Ծնկի եմ գալիս քո մահճակալի առջև, մոխրագույն շալն ու փոքր ծաղկավոր ծածկոցը տարածում եմ քո վերմակի վրա, որ չմրսես։ Երբ տանը նստում էիր հեռուստացույցի առաջ, այդ ծաղկավոր ծածկոցը միշտ ծնկներիդ էիր գցում։ Երբեմն լուսամուտից դուրս նայելիս այդ ծածկոցը փռում էիր պատուհանագոգին, որպեսզի հենվելիս պատը չսառեցնի։ Երկու օր առաջ շունիկների մայրը հեռվից ինձ ցույց տվեց քեզ բուժող բժշկուհուն․ նա էլ ոտքից գլուխ սպիտակով էր ծածկված, դեմքն էլ չտեսա։ Ջանք գործադրեցի, որպեսզի հիշողությանս մեջ դաջեմ բժշկուհու կառուցվածքը։ Եթե մի օր պատահաբար տեսնեմ և ոչ մի կերպ չկարողանամ ճանաչել բժշկուհուն, ապա նրա ձախ թևի արծաթագույն, եռանկյունաձև ժամացույցը կհուշի․ կարծես տղամարդու ժամացույց լինի։ Կապույտ տնակի մոտ կանգնած՝ նայում եմ առվակի մյուս ափին գտնվող պոլիկլինիկային, որից հատուկենտ ծերունիներ են դուրս գալիս։ Դուրս եկողներին մեծ, սպիտակ մեքենայով անմիջապես բերում են կապույտ տնակ։ Տեղափոխվող ծերունիները պոլիկլինիկայից փրկված հաջողակներն են․ շունիկների մայրն ասաց, որ հետագայում նրանք գոնե տուն գնալու հույս ունեն։ Էհ, գրողը տանի, ես էլ չհասկացա՝ ոնց պոլիկլինիկայի դիմացի այգին դարձավ իմ ամենօրյա այցելավայրը։ Ախր ես հիմա պետք է տանը մեկուսացած լինեի։ Ի՞նչ գործ ունեմ այս այգում, ի՞նչ գործ ունեմ այն կապույտ տնակի մոտ։ Բայց ես համառ եմ․ հեռախոսս տանն եմ թողնում և գալիս նստում եմ պոլիկլինիկայի այգու նստարանին։ Ամեն օր տարբեր տատիկներ ու պապիկներ են գալիս պոլիկլինիկա։ Էսօր թաքուն նրանց հետ ներս մտա։ Մուտքի մոտ կանգնած ջերմաչափողը չնկատեց ինձ․ զբաղված էր, միջին տարիքի մի կնոջ հետ «Հանրապետականի խաչմերուկի» կրպակներից մեկում վաճառվող խաչապուրիների որակն էր քննարկում։ Երևի կռահել է, որ ջերմաչափելն անիմաստ է։ Կապույտ տնակի մոտի շունիկների մայրն էլ հասկացավ, որ ինձ վրա հարձակվելն անիմաստ է․ դրա համար սկսեց հետս ընկերություն անել։ Երեկ նորից տեսա քեզ բուժող բժշկուհուն․․․ Գիտես, որ ոչինչ էլ չեմ խնայի, բայց էն շունիկների մայրն ասաց․ «Չես կարողանա քո իմացած ձևերով նրանց հետը լեզու գտնել․ աստվածավախ աղջիկներ են էս կապույտ տնակի բժշկուհիները․․․»։ Ոնց էլ հասցնում են եկեղեցի գնալ և խոստումներ տալ Աստծուն․ ախր ո՞նց են հասցնում, ախր օրուգիշեր աշխատում են կապույտ տնակում։ Տեսնես ինչո՞ւ են պոլիկլինիկայի այցելուների մեծ մասը տարեց մարդիկ․․․ Մարտի դաշտում վիրավորված ջահելներին արդեն տարբեր հիվանդանոցներ են տարել։ Տատիկ-պապիկները նորից վախվխելով շարժվում են պոլիկլինիկայի միջանցքում, տարբեր դռներ են բացում, խզված ձայնով ինչ-որ բան են ասում, երևի ջուր են ուզում։ Հետո ծերունիների մի մասն անհետանում և կորչում է այդ միջանքում։ Հիշո՞ւմ ես՝ ոնց էի պոլիկլինիկայի էդ միջանցքում քեզ ասում․ «Խնդրում եմ, չքնես»։ Էն ծերունու որդին այսօր հետը եկել էր․ էն ոնց էր բղավում ջերմաչափողներից մեկի վրա․ «Մի շաբաթ ա հորս տանում-բերում եք, բա ինչի՞ համար թեսթ չեք անում, անպաշտպան, համեստ մարդ եք տեսել հա՞»։ Ջերմաչափողն այդ պահին խլացել էր, ոչինչ չէր լսում, երևի ոչինչ չէր էլ զգում։ Ինձ թվաց՝ կատաղած տղամարդու ձայնի հարվածը ուր որ է ջարդուփշուր կանի միջանցքի բոլոր դեղնած ապակիներն ու դռները, բայց ջերմաչափողի վեջին էլ չէր։ Ծերունու որդին որոշեց բողոքել վերադասին։ Նորից կապույտ տնակի մոտ կանգնած՝ նայում եմ ոնց են տարեց մարդիկ խմբերով մտնում պոլիկլինիկա և այլևս դուրս չեն գալիս․ նույնիսկ մի թիթեռ դուրս չի թռչում պոլիկլինիկայի պատուհաններից։ Ինչ էլ սիրուն աշուն է պոլիկլինիկայի մոտի այգում․ ափսոս հեռախոսս տանն եմ թողնում, թե չէ կլուսանկարեի այդ աշունը․ աշուն, որ մենակ շները վայելեցին։ Էս ինչ շատ տարեց մարդիկ են մտնում պոլիկլինիկա։ Հիշում եմ՝ ոնց էի էդ պոլիկլինիկայում քեզ ասում. «Դիմացի՛ր, խնդրում եմ, չգնաս»։ Տեսնես ինչո՞ւ ծերունիները պոլիկլինիկայից դուրս չեն գալիս։ Տեսնես ինչո՞ւ են պոլիկլինիկայի այցելուների մեծ մասը տարեց մարդիկ: Տեսնես ինչո՞ւ կռվում վիրավորված ջահելներից շատերը մեռան հիվանդանոցներում։ Հա, ծերունիներն էլ տուն չգնացին, իրենց թոռնուհիների համար այլևս չերգեցին նեղացկոտ աղջկա երգը։ Երևի մուտքի մոտ կանգնած ջերմաչափողը հիմա էլ ընկերուհու հետ «Հանրապետականի խաչմերուկի» կրպակներից մեկում վաճառվող բլիթների միջի չամիչն է քննարկում։ Թող մեկնումեկը նրան ասի, որ պետք չէ ջերմաչափել, որ իր ձեռքի նորաձև ու ճաքած ջերմաչափը պոլիկլինիկայի ճռճռացող հատակի, «բամբասանքակոլոլ» պատուհանագոգերի, դեղնած ապակիների պես ժամանակավրեպ ու անպիտան է։ Մեծ սպիտակ մեքենան նորից հեռանում է պոլիկլինիկայից և այս անգամ իր հետ տանում է ծերունիներից մնացած շարֆերը, ծխամորճերը, ձեռնափայտերը։
