Պատմվածք, Վարդան Սմբատյան

Ուրախ թաղում

(վերամշակված տարբերակ)

Օրը չեմ հիշում, կիրակի էր, կարծեմ, կամ էլ` ուրբաթ: Վաղուց արդեն չեմ մտապահում շաբաթվա օրերը, թվերն ու մեռնողներին: Դրա համար ինձ հաճախ նախատում են.

-Ամեն ինչ մոռանում ես, գոնե հանգուցյալներիդ հիշիր, ծաղիկներ տար, գնա, մաքրիր մոլախոտը, խունկ ծխիր:

Ես սովորության համաձայն տմբտմբացնում եմ գլուխս, որ փակեն գարշահոտ բերանները:

Իմ  սիրելիները մեռնելու ու մոռացվելու ենթակա չեն. նրանք ապրում են իմ չապրած օրերում: Ոմանք սա լսելիս վերջնականապես համոզվում են, որ խելքս թռցրել եմ, բայց կան նաև իմ խելագարությունը օրինաչափություն համարողներ, նրանք ազատ են կարծրատիպային իրականությունից: Արթնացա զանգի խլացնող ձայնից.

– Վարդան, Մարկին մահամերձ հիվանդանոց են տարել, շուտ արի…

Բառերը միշտ էլ անզոր են նկարագրել այն, ինչ իրապես զգում ենք:

Թերևս մեկ նախադասությամբ կամբողջացնեմ զգացածս ` ցավը գիշատիչ գազանի պես երախը բացել, հոշոտում էր ինձ ներսից:

 Ներկաների դեմքի արտահայտություններն ու լռությունն ասացին ամեն ինչ. Մարկն արդեն չկար: Լռությունը խախտեց նրա մոր միատոն լացը: Օդը թացացավ, սպիտակ առաստաղին հավաքվեցին աղե ամպեր, հետո անձրևներ թափվեցին մեր աչքերից:

Այդ օրը չմթնեց, ճեփ-ճերմակը կուրացրեց, ու նիրհեցի: Արթնացա երեխայի լացից:

 Բեղավոր բժիշկն արգելում էր տեսակցել հոգեվարքի մեջ գտնվող մորը,  պեպենոտ աղջնակը հրեց բժշկին ու մտավ պալատ: Կողքիս նստած  Մարկի քաղքենի կուրսընկերները, կաշառակեր դասախոսներն ու անծանոթ բարեկամները: Բոլորը նույն բանն ասացին.

-Ոնց եղավ տենց բան, անհավատալի է, որ Մարկն էլ չկա:

-Մարկը չի մեռել,- ասում եմ բարձրաձայն:

Բոլորն ապուշ կտրած նայում են գունատ երեսիս: Ես շարունակում եմ հռետորի պես բարձր ձայնով.

– էս գերբնական մեռելների քաղաքում ի՞նչ մեռնել, էստեղ մահը վաղուց կեցություն է: Մեռելները սկսում են հռհռալ, արնակալած աչքերով մի բժիշկ հրում է ուսս ու շշուկով ասում.

– Ձեզ լավ եք զգո՞ւմ: Գունատ եք, եկեք զննեմ ձեզ:

Ձայնը լղոզվում է օդում ու օքսիդանում աչքերիս իջնող մշուշում:

 Արթնանում եմ դեղերի գարշահոտից, փորձում եմ նստել:

-Սպասեք, ավելի լավ է պառկեք, լավ չէիք. քիչ առաջ ուշաթափվեցիք:

– Պիտի գնամ. ընկերոջս թաղումն է, – ասում եմ դեղնակտուց բուժքրոջն ու նետում ինձ առաջին պատահած տաքսին:

Թափորը դանդաղ գնում է, քայլերի հետ ուժգնացող Մարկի մոր լացը մերթ ընթ մերթ դառնում է վակումային: Արևը` հասած նարնջի պես վարդագունել` ծորում է, հպվում Մարկի դեմքին, համբուրում է  նրա ճերմակ կոպերն ու անկնճիռ լայն ճակատը :

Թափորը կանգ է առնում խորը փոսի մոտ, արևը փոխում է ուղեծիրը:

 Հողն այնքան տաք է ու խնկաբույր: Նայում եմ շուրջս, բոլորի դեմքերը նույնն են, նույն անբովանդակ տխուր հայացքները, նույնիսկ սգալիս են նույնը, գրողը տանի. ոչ մի տարբերվող դիմախաղ, չեն արտասվում, բոլորն արցունքները պահում են սեփական ողբերգությունների համար:

 Քահանան իր չհղկված բարիտոնով սկսում է ծեսը: Աղոթքը կարդում է արագ, շուտասելուկի պես:

Անսպասելի անձրևի մի կաթիլ ընկնում է քահանայի ճակատին, ամրոպը հաստատում է անձրևի իսկությունը:

Քահանան խոժոռված դեմքով ու լիրիկ ձայնով նվնվում է.

– Տեսնո՞ւմ եք անգամ Աստված է սգում մեզ հետ մեր սիրելի Մարկի անժամանակ մահվան համար: Անձրևն Աստծո արցունքներն են (աննկատ տեղավորում է չորս հարյուր դոլլարը գրպանում):

Մոտենում ու մեկնում եմ թաշկինակս.

– Տեր հայր, իսկ գո՞ւցե Աստված  է`  թքում է անպատկառ մարդու ճակատին,

սա պարզապես անձրև չէ, – ասում եմ, դարձյալ մեկնում թաշկինակս:

Շիկնած ու կատաղած սաստում է.

– Երիտասարդ, ամոթ ունեցեք …

– Ամոթ ՞

– Տեր հայր, անամոթները սովորաբար կարողանում են լռել, զսպել ցասումը, կարողանում են ապրել ձկների պես համրացած, անամոթները` գրեթե միշտ խոսում են Աստծուց:

Անձրևը դադարեց: Մարկի դեմքը կորցնում է դիմագծերը, նայում եմ նրան ու տեսնում եմ թավիշ:

 Գույները լողում են անհաղորդ դեմքին. երևի Աստված նկարում է քեզ իր երկնային արքայության համար, Մարկ, դու Աստծո ամենագեղեցիկ ապրող կտավը կլինես: Ասում են` դրախտում ամեն ինչ ճերմակ է, երևի Աստված հոգնել է կուրացնող ճերմակից, նա սպասում է քեզ:

Մարկին մենակ չթաղեցինք: Ոմանք նրա հետ թաղեցին իրենց խիղճը, որոշներն` արժանապատվությունը:

 Ես նրա հետ թաղեցի իմ հոգին:

– Իմ սկիզբը իմ վերջի մեջ է:

Էլիոթի այս տիեզերական ֆրազը դարձրել էր քոնը, գնա. քեզ սպասում են վերևում  խելառ Լենոնը, Վան Գոգը` կեղտոտ ձեռքերով, արևահարված` Արթուր Ռեմբոն, գարեջրի շշերում հավերժորեն խեղդվող Բուքովսկին, Եսենինը` պարանից հենց նոր ընկած, Հեմինգուեյը` ինքնաձիգը խրած երախում, Դալին` կիսախելագար ժպիտով :

Ներիր մեզ` ապրող, համակերպվող վախկոտ մեռելներիս:

Շոյում եմ անկնճիռ ճակատդ: Արևը նորից համբուրում է քեզ, գունապնակ եմ տեսնում, ոչ թե` դագաղ:

 Փայտե գունապնակը կորչում է հողի տակ, արևը ննջում է ամպոտ սպիտակ սավանների վրա, մեկն ականջիս շշնջում է.

-Թո՛ւյլ տուր, որ մեռելնե՛րը թաղեն իրենց մեռելներին» (Մատթ. 8.21-22, Ղուկ. 9.60):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *