Թե հավես ունես, արի խաղանք: Հաստատ կիմանաս՝ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»: Հետաքրքրի` բախտդ փորձիր: Խաղի կանոնները գրեթե անփոփոխ են, միայն չկան անձեռնմխելի գումարներ, հարցերն էլ ավելի քիչ են: Ընդամենը վեց ու կես հարց` չորսական տարբերակով: Փետրվարի 29-ին ուղարկիր քո ցուցակը, ես էլ պարտավորվում եմ նույն օրը հրապարակել իմը: Խաղարկվում է մեկ միլիոն դրամ: Կստանաս ամբողջ գումարը, եթե մեր նախընտրած տարբերակները լիովին համընկնեն: Սկսեցինք:
Հարց առաջին
Ի՞նչ ես ուզում:
Ա. Ազատվել կեսիցս: Սրտանց ուզում եմ կորցնել կեսիս, որ անկախանամ, դառնամ ինքնաբավ ու վերջապես հանգիստ ապրեմ:
Բ. Մեկ միլիոն դրամ: Երկուսիս համար էլ խոսքը փողից թանկ է: Ինքս ինձ խոսք եմ տալիս՝ փետրվարի 29-ին կունենամ մեկ միլիոն դրամ, ուրեմն անվրեպ կկրակեմ, անհոգ եղիր:
Գ. Օգտվել «զանգ ընկերոջը» հնարավորությունից: Զանգեցի, բարևեցի ու կրկնեցի համարդ՝ 091 364344, որ ստուգեմ` ճի՞շտ ես գրել, թե՞ ոչ: Պարզվեց՝ չես խաբել: «Գիտե՞ս, կարդում եմ քո «միլիոնատեր»-ը, ուզում եմ հասկանալ` առաջին հարցի տարբերակներից որն ընտրել: Հուշեցիր:
Դ. Իմանալ` վերջն ի՞նչ կլինի: Մեկնարկը հեշտ է, չնայած թեթև սկիզբը հաճախ ծանր ավարտ է ունենում: Դրա համար էլ գլխանց մեջդ սպանիր միլիոնատեր դառնալու հեշտագին ցանկությունն ու տրվիր խաղին ոչ թե հանուն փողի, այլ` ընթերցասիրությունից ելնելով:
Հարց երկրորդ
Ի՞նչ ես ման գալիս:
Ա. Հինգ մատիս պես քեզ գիտեմ. չես փոխվելու: Անընդհատ խանգարելու ես: Ագռավի նման կռռալու ես վրաս, մինչև վերջնականապես չգժվացնես: Ման եմ գալիս բայղուշ սպանող որսորդ, վարձու մարդասպան, որ պատրաստ է մեկ միլիոնի դիմաց վերացնել կեսիս:
Բ. Եթե խոսք տված չլինեի, մտքովս էլ չէր անցնի պատասխանել: Հիմա ուշ է հետ կանգնել: Բեր նկարն ու փողը: Աշխատում եմ մաքուր, անցանկալի հետքեր չեմ թողնում: Գոհ կմնաս, դեռ ոչ մեկը չի դժգոհել: Գումարը պետք է փոխանցես նախօրոք: Վերջնաժամկետը փետրվարի 29-ն է: Ման եմ գալիս քեզ պես մեկին:
Գ. Բոլոր մարդիկ էլ երևի փնտրում են իրենց կեսին. եթե ինձ նման դեռ չեն գտել, հաստատ մի օր գտնելու են: Հետդ խոսելիս տարօրինակ զգացում ունեցա. կարծես վաղուցվա ծանոթներ ենք, արդեն խաղացել-վերջացրել ենք ու հիմա վերհիշում ենք ապագան: Հարցից չշեղվեմ՝ իմ տարբերակն է՝ գտնել կեսիս:
Դ. Ման եմ գալիս ինձ ման եկողին: Թող հիմա էլ ինձ ման գան ու գտնեն: Ես էլ դառնամ մեկի փնտրածը: Ամեն անգամ թվում է` լավ ընտրություն ես կատարել, հետո պարզվում է՝ ճիշտ հակառակը: Ընտրություններն ավանդաբար կեղծվում են, բայց ոչ մեկին դաս չի լինում, որ էլ չընտրեն: Այլ է ընտրվելը՝ մեկից ավելի ձայն ստանալն արդեն հուսադրող է. ուրեմն մենակ դու չես ասածներիդ հավատում: Կարճ ասած, մի ընտրիր՝ թող քեզ ընտրեն: Այսինքն` ընտրիր Դ տարբերակը:
Հարց երրորդ
Կգա՞ս միասին գնանք ման գալու:
Ա. Կգայի, բայց չեմ կարող: Ես քեզնից խռով եմ, աչքով աչք չունեմ քեզ հետ, ուր մնաց՝ գամ հետդ ման գալու: Լավ էլ հասկանում ես՝ նորից քեզ տեսնել չեմ կարող, դա կնշանակի ագռավին կերակրել, իսկ ես ուզում եմ նրան սատկացնել: Արդեն գտել եմ մեկին, ով հանուն միլիոնի պատրաստ է ամբողջ սև գործն անել: Մտադիր եմ նկարն ու գումարը փոխանցել: Բան չմնաց. շուտով ազատ կլինեմ՝ անտեր շան նման ինքս ինձ տրված: Հիշո՞ւմ ես, կռվելիս ինձ միշտ անտեր շուն էիր ասում:
Բ. Չէ՛, չեմ գա: Ընդհանրապես, գրական խարդավանքիդ տրվել եմ հանուն խոստման ու գումարի: Որտե՞ղ ես կարդացել, որ քիլերը զբոսնի իր մասին գրողի հետ: Սպասում եմ պատվիրատուիս, պետք է լուր տա, որ հանդիպենք` փոխանցի փողն ու զոհի նկարը: Հարցեր տալու սովորություն չունեմ, ինձ չի հուզում, թե ով ում, ինչի համար է ուզում վերացնել: Ինքը սկսեց կյանքը պատմել. պատկերացնո՞ւմ ես, հեռախոսով լաց էր լինում, ձայնը դողաց, ասում է՝ խնդրում եմ, թող ցավ չզգա, թող առհասարակ չհասկանա, թե ինչ կատարվեց իր հետ:
Գ. Այո, հաստատ կգամ: Անձնապես դեռ ծանոթ չենք, բայց ես քեզ արդեն մի քիչ գիտեմ. հեչ որ չլինի՝ գրածներդ կարդում եմ: Ձեռքիդ համարն ունեմ, անունդ գիտեմ, էլ չասած ապագայի վերհուշի արտառոց զգացողության մասին: Զբոսնել-զրուցելով ոչինչ չեմ կորցնի: Հակառակ դեպքում՝ գուցե: Նախազգուշացրել ես՝ թե հանդիպած չլինենք, ու ճիշտ տարբերակը Գ-ն լինի, միլիոնս չեմ ստանա: Պայմանը պայման է, ես ազնիվ եմ խաղում:
Դ. Իրականում սա սխալ տարբերակ է, որովհետև տրամաբանորեն կա երեք տարբերակ: Չնայած հեղինակի համար կարող է և միակ ընդունելին լինել: Ամեն դեպքում, գժի գործ է ման գալու առաջարկ անել սեփական անձին: Ուրեմն` հաստատ ծուղակ է: Համոզված եմ` կհամարվի ճիշտ, դրա համար էլ ընտրում եմ հենց այս տարբերակը:
Հարց չորրորդ
Ի՞նչ ես կարդում:
Ա. Վերընթերցում եմ հազարերորդ անգամ վերջին գրածդ և ուզում եմ հասկանալ՝ ով է սա գրել՝ ե՞ս, թե՞դու: «Դու աննորմալի մեկն ես, ապրում ես քո աշխարհում, ինչ ուզում` մտածում ես: Ես աննորմալի մեկն եմ, ապրում եմ իմ աշխարհում, ինչ ասես, որ չեմ մտածում: Կհանդիպենք փետրվարի 29-ին, Ձեռքերի մոտ»: Կապրենք` կտեսնենք: Ավելի ճիշտ՝ ես կապրեմ, իսկ դու` չէ:
Բ. Թերթից բացի, վաղուց ոչինչ չեմ կարդում. սովորաբար` կատարած աշխատանքս մի օր հետո ներկայացնում են առաջին էջերում: Մի տեսակ ինձ գնահատված եմ զգում: Մեկ էլ` սրա նման տարօրինակ հաղորդագրություններ. «Ես աննորմալի մեկն եմ, ապրում եմ իմ աշխարհում, տարօրինակ մտքեր ունեմ: Ոչ մի դեպքում չփորձես հետս ծանոթանալ կամ շփվել: Ման գալու առաջարկս կմերժես: Արագ կվերցնես փողն ու նկարը և կհեռանաս: Կհանդիպենք Ձեռքերի մոտ, փետրվարի 29-ին»:
Գ. «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» վերնագրով պատմվածք: Կեսն արդեն կարդացել եմ, հասել եմ չորրորդ հարցին: Որոշ բաներ լավ չեն հասկացվում, բայց վատ չի, դուր է գալիս: Հերոսներն ինքնարտահայտվում են խաղի պատասխան տարբերակների միջոցով, ընթերցողն էլ պիտի որոշի ամեն հարցի պարագայում՝ որ մեկին ավելի շատ հավատա ու կարող է ինքն էլ դառնալ միլիոնատեր: Ես էլ եմ ընթերցող: Հեղինակի հետ ժամադրված եմ, արդեն համաձայնել եմ, որ գնալու ենք միասին ման գալու, հույս ունեմ` կհաղթեմ:
Դ. Շատ էի ուզում էս հարցը տալ. ամենալավ հարցն է մարդուն ճանաչելու համար: Կյանքում ոչինչ չի կարող պատահել, որ մի տեղ գրված չլինի, ու հնարավոր չլինի մի տեղ կարդալ: Ինձնից բացի, ինչ-որ մեկը սա կկարդա, ու ես մտքերս կկիսեմ նրա հետ, ինքն էլ կհանդիպի ինձ: Կարդում եմ ինձ համար գրված գրքեր:
Ընթերցասրահի օգնության հնարավորություն.
Ա – մեկ քառորդը
Բ – մեկ քառորդը
Գ – մեկ քառորդը
Դ – մեկ քառորդը
Հարց հինգերորդ
Ի՞նչ կատարվեց մեզ հետ փետրվարի 29-ին:
Ա. Փետրվարի 29-ին արթնացա գլխացավով: Լուսանկարների դարակից հանեցի բոլոր ալբոմները, երկար փնտրում էի մեջս ավելի շատ ատելություն առաջացնող նկարը: Գտա մեկը, որտեղ իբր երջանիկ ես, բայց մենակ չես, կողքիդ քեզ պես երջանիկ մեկն էլ կա, գլուխ գլխի տված` ժպտում եք: Կիսեցի ու դրեցի ծոցագրպանս: Սառնարանից երկու հում նրբերշիկ հանեցի, մեկը կուլ տվի, մյուսն էլ դրեցի տոպրակի մեջ ու վերցրի հետս, ճանապարհին պետք կգա: Զգացի` սուրճի առաջին կումն ինչպես է փոխում բերանիս համը, ևս երեք կում արեցի ու դուրս եկա տնից՝ առանց հայելու մեջ նայելու: Քշեցի HSBC, հանեցի հաշվեհամարից մեկ միլիոն դրամ: Բանկի աղջիկն ինձ չժպտաց, միայն հարցրեց. «Ամբողջ գումա՞րն եք հանում», ասեցի՝ այո: Մարդիկ կարծում են, թե հարուստ եմ: Աշխատանք ունեմ, տունուտեղ, լավ եմ հագնվում: Իրականում հետ գցած ամբողջ գումարս էր: Ինձ փող պետք չի: Փողոցում անտեր շուն տեսա, հարազատություն զգացի, բայց շատ քոսոտ տեսք ուներ, վանող, խղճահարությունից բացի` ոչինչ չառաջացնող: Մոտեցա։ Զգաց, որ խղճում եմ, ինքն էլ ինձ ըստ արժանվույն գնահատեց ու գռմռաց: Նրբերշիկը հանեցի ցելոֆանից ու գցեցի դեմը: Ոչնչացնող հայացքով նայեց ինձ, տեղումս չորացա. աչքերը… մի տեղ տեսել եմ էս աչքերը: Մոտ չեկավ, սպասեց` մինչև հեռանամ: Քշեցի, շրջվեցի ու տեսա, որ կաղում է: Ոչինչ, շունը կաղալով չի սատկի: Մի քիչ շուտ հասա Ձեռքերի մոտ: Օրը` արևոտ, օդը` սառը, կյանքը` անցողիկ: Ագռավասպանս դեռ չկա: Նրան միշտ պատկերացրել եմ տխուր աչքերով, ոտից գլուխ սև հագած, ինչպես և վայել է իրեն հարգող վարձու մարդասպանին: Մազերը մի քիչ երկար, գանգուր ու հետ սանրած: Հասակը` մետր ութսուն, թող բոյով լինի: Գիշերները չի քնում, խիղճը տանջում է, ուզածն արժանապատիվ ապրուստի միջոց է: Գոհ չէ իր բախտից: Հոնքերի արանքում, չնայած երիտասարդ տարիքին, արդեն մի մեծ կնճիռ կա՝ շատ խոժոռվելուց: Եկավ, հեռվից նկատեցի, ինչ-որ տարօրինակ քայլքով, ոտքերի տակ նայելով, կարծես բան էր փնտրում: Մոտեցավ՝ հարյուր տոկոսով իմ պատկերացրածը, նույնիսկ կնճիռն իր տեղում էր: Բարևեցինք, քաշվեցինք մի կողմ: Նկարն ու փողը հանեցի ծոցագրպանիցս ու մեկնեցի իրեն: Նայեց կիսած պատկերին, անհանգստացավ. դեմքի արտահայտությունը միայն մի ակնթարթ փոխվեց, բայց բավական էր շփոթմունքը որսալու համար: Սկսեցի համոզել. ես համոզելու մասնագետ եմ: Ինչ ասես չասեցի: «Ինքս չեմ կարող անել: Համաձայնեցիր էժան գնով ստանձնել պատվերը, ասեցիր` խոսքը փողից թանկ է, քո բառերն են: Ինքդ ընտրեցիր սկզբից, հենց առաջին հարցից՝ Բ տարբերակը, հիմա հետ ես կանգնում: Մտածելու բան չկա. մարդիկ իրար ձրի էլ են սպանում, առանց փողի՝ լավության կարգով, ամեն քայլափոխի: Քեզնից բան չի գնում, դա քեզ համար սովորական մահ է, իսկ ինձ համար` կյանքի ու մահվան հարց»: Էլի ինչ-որ բաներ ասեցի, բայց անհողդողդ էր: Գումարը հետ չի տալիս, զինված է, մեջս խաբված լինելու վախ մտավ: Ինչ-որ բաներ է բռբռում՝ սկզբունքների ու խաղի կանոնների մասին: Այլընտրանք չունեմ, համաձայնում եմ իր խաղին: Վերջին անգամ նայում եմ Ագռավասպանի աչքերի մեջ ու հասկանում եմ` տխուր չեն, փողոցում հանդիպած անտեր շան աչքերն են մեկից մեկ. մտածում եմ` երևի բարեկամ են, ու կրակում:
Բ. Փետրվարի 29-ին արևոտ օր էր, օդն էլ` սառը. իմ սիրած եղանակը: Առավոտ շուտ գնացի, թերթերն առա. կարդացի մի երկու սպանության մասին, հասկացա, որ մասնագետի գործ չի՝ ինքնուս, սիրողական մակարդակ: Մտածեցի` սխալ է օրը ցերեկով պատվիրատուի հետ Ձեռքերի մոտ ժամադրվելը, բայց արդեն ուշ էր ինչ-որ բան փոխելու համար: Սկսեցի պատրաստվել հանդիպման: Չեմ սիրում ոտից գլուխ սև հագնել, բայց գիտեմ, որ պատվիրատուս դա է ինձնից սպասում, կերպարս է թելադրում հագուստի նման ոճ: Առաջ մազերս կարճ էին, հիմա մի քիչ երկարացրել եմ ու հետ եմ սանրում. դա էլ տուրք է Հոլիվուդին: Մեկ էլ` հոնքերիս արանքի սպին, որ շատերի կարծիքով կնճիռ է: Հայելու մեջ ինձ նայելիս հիշեցի նախորդ օրվա բարմեն աղջկան, որ ամբողջ երեկո չժպտաց ու վերջում էլ ինձ էր ասում. «Դու դժգոհ ես քո կյանքից, դեմքիդ գրված է, ու տխուր աչքեր ունես»: Լուրջ զենքի կարիք չկա, բայց հետս միշտ ատրճանակ եմ վերցնում: Տնից դուրս չեկած` ուսիս ծրտեցին: Տեսա ագռավ էր, կռռալով թռավ գնաց: Կյանքում ծիտ խփած չկամ, իմ սկզբունքներն ունեմ, կենդանիներին վնաս չեմ տալիս: Մի անգամ եմ շեղվել, գիշերը գործից հետ էի գալիս, մի անտեր շուն վրա տվեց, մեծ էր ու կատաղած: Խփեցի, վնգստոցը կապեց, մոտեցա մի հատ էլ կրակելու: Ոչնչացնող հայացքով նայեց ինձ, տեղումս չորացա. Ձեռս չգնաց խփեմ, ասում են` շունը կաղալով չի սատկում, կարող է ապրի: Վերջը ծերտն ուսիցս մաքրեցի, բայց մի թեթև հետք մնաց: Որոշեցի ոտքով, ինքս ինձ հետ խաղալով, գնալ` հաշվարկված քայլվածքով, երբ մայթի սալիկները բաժանող գծի վրա ոտքդ չպիտի հայտնվի: Պատվիրատուիս հեռվից ճանաչեցի. հեծանվով էր եկել: Բարևեցինք, քաշվեցինք մի կողմ: Նկարն ու փողը հանեց ծոցագրպանից, ինձ տվեց: Մինչև նկարը տեսնելն արդեն կասկածներ ունեի: Աղոտ զգում էի, որ անազնիվ խաղ է հետս բռնել: Հենց նկարը տեսա, ամեն ինչ հասկացա: Ինքն էլ զգաց. դեմքի արտահայտությունը մի պահ փոխվեց, բայց դա էլ էր հերիք, որ շփոթմունքը հասկացվի: Սկսեց համոզել. ոնց որ համոզելու մասնագետ լիներ: Հերթ չէր տալիս խոսելու: Հազիվ հասցրի հասկացնել, որ հարցը միլիոնը չի, մարդ սպանելը շատ ավելի թանկ արժի անգամ մեր աղքատ երկրում: Ուրիշ տարբերակ չկար, դրա համար եմ համաձայնել: Երկուսիս համար էլ խոսքը փողից թանկ է: Հետո ասեցի բառացիորեն հետևյալը. «Պետք է նախազգուշացնեիր` ում ես ուզում սպանել: Խաղի վերջում ես բացում քարտերը, անազնիվ ես: Ես էլ իմ սկզբունքներն ունեմ ու խաղի իմ կանոնները: Օրինակ, քեզ ծիծաղելի կթվա, բայց ծիտ չեմ խփում: Չես էլ հասկանո՞ւմ, որ ինքնասպանության նման մի բան ես ուզում ինձնից: Փողդ հետ չեմ տա, ասե՞մ` ինչ կանենք: Մի տարբերակ կա: Թե հավես ունես, արի մահվան խաղը խաղանք միլիոնի վրա: Հաստատ կիմանաս ռուսական պտտախաղը` ռուլետկան: Տես, հանում եմ բոլոր փամփուշները, թողնում եմ միայն մեկը: Քո ուզած խաղն է, հաղթող չկա, միայն` պարտվող, մեկ էլ` վերապրող: Դա էր ուզածդ, չէ՞: Սկսեցինք։ Առաջինը դու ես»:
Գ. Փետրվարի 29-ին արթնացա թե չէ` վազեցի համակարգչի մոտ, բացեցի էջդ, ինչպես և խոստացել էիր, դրել ես պատասխանների ճիշտ տարբերակները: Բինգոոոոո՜…. ես հաղթել եմ: Հավատացի քեզ, ինձ, խաղին, խոսքին ու հաղթեցի: Ես միլիոնատեր եմ: Լողացա, նախաճաշեցի, մի երկու բան ինտերնետում փորփրեցի, մինչև մի քիչ ժամանակ անցնի. անհարմար զգացի առավոտ շուտ զանգել, միգուցե դեռ քնած լինես: Մի քիչ էլ ոտս կախ գցեցի սոցիալական ցանցերում, հետո զանգեցի: Բարևեցի, միանգամից ճանաչեցիր, դե, արդեն հանդիպել էինք մի անգամ: Ինձ շնորհավորեցիր հաղթանակիս կապակցությամբ: Ժամադրվեցինք Ձեռքերի մոտ: Օդը սառն էր, օրը` արևոտ։ Տաքսիով եկա: Ճանապարհին ծաղկավաճառից երկու երիցուկ առա: Տրտնջաց, ասեց` փնջով եմ ծախում, հատով չի լինի: Համոզեցի. ես համոզելու վարպետ եմ: Մինչև հասա` արդեն սպասում էիր, էս անգամ հեծանվով էիր, բայց չզարմացա, քանի որ դրա մասին նախօրոք կարդացել էի քո պատմվածքում: Զբոսնեցինք այգում, ձյուն չկար, հալվել-գնացել էր: Վաղը գարուն է, ու ես միլիոնատեր եմ: Գնացինք թեյ խմելու: Դեսից-դենից զրուցեցինք, մի տեսակ չափազանցված ուրախ էիր, անընդհատ խնդմնդում էիր: Հետո անսպասելի հարցրիր, մի միլիոնի նրբերշիկ կառնե՞ս թափառական շների համար: Դրա մասին էլ էիր գրել, ես էլ արդեն յուրօրինակ պատասխան էի մտածել: Ասածս սրտովդ էր երևի, քանի որ անկեղծ ծիծաղեցիր: Երկար խոսում էինք հինգերորդ հարցի մասին, ու երկուսս էլ համաձայն էինք, որ որոշողը մենք ենք, թե ինչ կկատարվի մեզ հետ փետրվարի 29-ին: Հայացքս, ինձնից անկախ, անընդհատ գցում էի դիմացս, սեղանին դրված ուռուցիկ ծրարին. վրան գրված է` HSBC, իսկ մեջը` իրոք, մեկ միլիոն դրամ: Առաջարկեցիր հաշվել: Չէ, հավատում եմ: Հետո ասեցի բառացիորեն հետևյալը. «Մի խաղն ավարտվեց, մյուսին անցնելու պահն է, հիմա իմ հերթն է, ես եմ խաղավարը: Հավես ունես՝ արի խաղանք: Հաստատ կիմանաս «Սիրում է, չի սիրում»-ը. ամենապարզ խաղն է»: Վերցրինք մեկական երիցուկ ու սկսեցինք պոկել թերթիկները: Միասին բարձրաձայն վերհիշում ենք վերջին հարցը: Ժպտում ենք իրար, որովհետև համոզված ենք՝ պատասխանը միայն երիցուկի թերթիկները գիտեն:
Դ. Նախորդ երեքից և ոչ մեկը: Ես ունեմ իմ տարբերակը: Մարդիկ իրենց կեսը դրսում են որոնում, բայց կարող է ներսում էլ լինել: Անկախ դրանից, երկուսը, մի տեղ երկար մնալով, երբեմն թարսվում են, ու մեկն ուզում է ոչնչացնել մյուսին: Պապս ասում էր՝ կռիվդ խաղի վերածի, միշտ հաղթող դուրս կգաս: Էս խաղը գլխանց սրտովս չէր. արի մի ասա՝ այ անտեր շուն, միլիոն ունես` գնա վայելի, ինչի՞ պիտի տաս ինչ-որ մեկին: Իմ պատասխանն է. առանձնապես ոչինչ էլ տեղի չունեցավ փետրվարի 29-ին, սովորական արևոտ օր էր, բայց օդը` սառը, ուղղակի գնացի Ձեռքերի մոտ` պարզելու` կեսս ինձ սիրո՞ւմ է, թե՞ չէ:
Հարց վեցուկեսերորդ
Խաղն ավարտվում է, իսկ հիսուն-հիսուն օգնության հնարավորությունն անազնիվ է չկիրառել, ինչը և սիրով անում եմ՝ հեշտացնելով խաղացողի գործը ու հանելով Ա և Դ սխալ տարբերակները:
Սիրո՞ւմ է, թե՞ չի սիրում:
Բ. Սիրում է:
Գ. Չի սիրում:
