Արթուր Անդրանիկեան, Գրականագիտություն

Ինքնապատում տարանցիկ պատմություններով

Վերջին տարիներին չի եղել մի դեպք, երբ որևէ գիրք ընթերցելուց հետո, համաձայնելով կամ չհամաձայնելով գրողի տեսակետներին, ցանկանամ… ‹‹լռել››, ի հարկե, եթե անշփոթելիորեն է ուշարժան: Անշուշտ, ընթերցողի ու գրողի միջև եղած սահմանը ավելի և առավելս մերձեցնելու նպատակով՝ ի հաճույս ընթերցողի, ի վերջո, այն խոհագրություն անվանենք, թե գրադատական մտածում, միևնույն է: Ամենաէականը՝  ի ցույց դնել այն, ինչ ինքը գրելու և հետգրական ընթացքում չի տեսել կամ  տողատակերում է ջանացել սքողել իր ասելիքը՝ բավարարվելով միայն այդպես և այդկերպ, և անհրաժեշտություն չկա  ընթերցողին  ‹‹լուսավորելու›› աստիճան,- մանավանդ անհարկի,- ծանրաբեռնել առանձին հատվածների մեջբերումներով, ծամծմված դարձվածքներով, տարտամ գրախոսականների ամլացած լիրիզմի մեռելահոտով…

Անկարող էի այս  մտածումների դուռը   ‹‹փակել››՝ անտես առնելով ինչ-ինչ հանգամանքներ, եթե Լուսինե Խառատյանի  ‹‹Անմոռուկի փակուղի›› ժողովածուն չվերընթերցեի դույզն ինչ սրտառուչ  ‹‹խոսակցություն›› ունենալու ցանկությունն ինձնից վանելով կամ հրաժարվելով նրա մտերմավար խոսքի այն հատկանիշներից, ինչը ուշագրավ է հատկապես միջանձնային հարաբերություններում, երբ անձանց միջոցով բացահայտվում են ժամանակաշրջանային,- դարաշրջանից՝ դարաշրջան անցնող,- իրադարձություններ /խորհրդային և հետխորհրդային/:

Միայն սկզբնապես նշեմ. ավելի քան վստահ եմ, որ Լուսինեն ինքն իրեն գրող երևակայելու,- գրողանալու,- մարմաջով չի տառապում, իր խնդիրը՝ անձնական, թե համընդհանուր մի բևեռում է դիտարկում: Անձնապես նա պարպվածության վիճակ ապրում է միայն այն ժամանակ, երբ … ասելիք չունի կամ   ‹‹կեղծելու›› ցանկություն: Եւ իրականությունը, ավելին՝ իր միջավայրը որոշապես իրեն չի կերակրում այն զգայնություններով, որոնք ինքը պարտ է խժռել: Ասելիք-գրելիք ունենալու դեպքում է միայն առօրյան ամենատարբեր թափանցումներով ներծծվում իր մեջ՝ դառնալով գրական առօրյա՝ ոչ առօրեական գրականություն: Այս պահին ու այս ընթացքում է իր տեսածիրն ընդլայնվում՝ աշխարհի տարբեր քաղաքների,- կյանքի տարբեր ուղիներ ոտք դրած,- նկարագրով, մարդկանց գործունեության ոլորտներով, նպատակներով և այլն: Մանավանդ, չափազանց հավաստի, գրեթե  ‹‹չափագրված›› նկարագիրներով, ի նկատի ունեմ նրանց այլալեզու խոսվածքը /ռուսերեն, անգլերեն/, այն, ինչ կերպարներին ոչ միայն արտահայտչականություն և բնականություն է հաղորդում, այլև փոխհարաբերությունների ավելի վստահելի  ‹‹դաշտ›› է ստեղծում նրանց միջև, հատկապես հայերի պարագային: Ինչ վերաբերում է գեղարվեստական պատումի մեջ օգտագործած տարբեր լեզվաոճերին /տարածքային, սոցիալական, բարբառային, ժարգոնային/ դրանք ամենևին պատահական չեն և ոչ էլ անհիմն, որովհետև ժողովածուի բազմաթեմայնության  ‹‹օրինական›› վիճակից է բխում. սա կարելի է համարել զուտ հեղինակային անթաքույց ցանկություն՝ ինքն իրեն չկեղծելու ի ապացույց, իրականության նկատմամբ անհակնոտ լինելու /չսեթևեթելու/ արդյունք: Եւ, այնտեղ չպետք է փնտրել մեր դատողությունից դուրս տրամադրություն արտահայտող հավելյալ հանգամանքներ, որտեղ կամ բացակայում են կամ գրողի տեսուղունակ հայացքն է միտումնավոր  ‹‹թաքցնում››, զորօրինակ, Լիլիթի և մոր՝ Անուշի ստամբուլյան ոդիսականը, թուրք քիսաչու խորհրդավոր հիշեցումը՝ թե ինչքան  ‹‹մեռած է Լիլիթի մաշկը››… / ‹‹Ծովը››/:

Ժողովածուի մյուս պատմվածքները կարող ենք մեկնել այլ շեշտադրումներով, և բոլորն էլ ժամանակային պատումներ են, չնայած միշտ նկատելի է հեղինակային հրահրումը, այս կամ այն կերպարի հետ նույնանալու /կամ իբրև առանձին կերպար հանդես գալու/ մղումով. իսկ գուցե ամեն մի կերպարի մարմնավորման մեջ իր ‹‹մասնաբաժնի›› առկայությու՞նը կա…

Այնուհանդերձ, ժամանակային որևէ հատվածում հայության տարբեր ճակատագրակիրներ, տարբեր խնդիրներով, մտահոգություններով, Հայաստանից ժամանակավորապես և ընդմիշտ հեռացածներ իրենց վիճակի անփոփոխելիության առասպելով ապրող. այս ամենը այնքան էլ ենթատեքստային իմաստ չունի, որքան որ իրական է՝  ‹‹բաց վերքի›› արյունաքամվող ընթացք: Եւ,  ‹‹թակարդված›› ապրելու անհուսությունից, թե թակարդազերծ վիճակից դուրս գալու խոհեմությունից է, որ միմյանց ապավինելու ճանապարհներ նրանք նշմարում են՝ ամեն մեկը յուրովի, հոգեբանորեն ջլատված, եթե չասենք խեղված /‹‹Լարսի թակարդը››/: Եւ ինչպես մի շարք կերպարներ, այնպես էլ Արփինեն /‹‹Մանասը››/ Հայաստանից դուրս անկարող է մտավախություններով չապրել՝ հեռավոր անցյալի տեսիլքներով գերեվարված, անգիտակցորեն վախվոր՝ մե օրերի քաղաքական իրադարձությունների ճնշման տակ և խորապատկերի վրա:

Ես զանց եմ առնում անդրադառնալ ժողովածուի պատմվածքների շեշտադիր էրոտիկ, երբեմն էլ կատակերգայինի հասնող ընդգծումների ուղղվածությանը, որովհետև դրանք գեղարվեստորեն պատճառաբանված են, ունեն համոզչականություն և ավելորդ ուշադրություն հրավիրելու հավակնությունից ի սպառ զուրկ են, այլ խոսքով ընթերցողին հաճոյանալու նպատակով չեն մտահաղացված: Պարզապես իբրև այդօրինակ պատմություններ իրականության այն մյուս կողմն են պատկերում, և ամենևին չպետք է շփոթել գռեհկաբանության հետ:

Լուսինե Խառատյանի ստեղծագործական հետագքրքրությունների շրջանակը այսպիսով որոշակիորեն է ներկայանալի, առ այժմ, կարծում եմ աներեր է նրա ընթացքը, քանի որ տրորված ճանապարհներ շրջանցելու ունակ է՝ քաջ գիտենալով իրականության որ շերտերում է ինքը ի զորու ընդլայնել իր խոսքի նպատակայնությունը՝  ‹‹սպիտակ թղթի առջև›› մնալով անպարտ…

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *