-Էս անտեր հոտն էլի քիթս ընկավ,- բողոքում էր մայրը,- հոտ չե՞ք առնում: Էթերին հասկանում էր, որ մայրը էլի անկողին է ընկնելու, ու երկար փորձում գտնել հոտը, որ մորը տագնապի մեջ էր պահում, մինչև անսովոր հոտը լցվեց նաև իր քիթը, տարածվեց ներսում, էացավ, ու ժամանակի հետ ինքն էլ զգաց և հասկացավ հոտի լեզվախորհուրդը…
***
Ամառն Էթերին անցկացնում էր գյուղում, այնտեղ մանկությունն անհոգ էր.
-Դե հո ստեղ էլ հացը ձեր մոտի նման նորմո՞վ չի, կերե՛ք, ձա՜գս,- հոգնած տնքտնքում էր հորաքույրն ու լավաշները փռում սեղանին, կաթի սերն էլ, իբր անտարբեր, դնում լավաշի կողքին,- կերե´ք, ուտելն ամոթ չի,- ամուսնուց թաքուն շշնջում էր նա:
Ու լավաշի բույրը հորաքրոջ խալոտ ձեռքերի բարության բույրը դարձավ` գլորվող անպաշտպան օրերի մեջ: Հորաքրոջ հետ կանգնում էր դարպասի առաջ ու սպասում` իր համար Սիրունջան, ժողովրդի լեզվով` Սիրիմջան կոչվող մարգագետնից գյուղ վերադարձող Մարալ կովին, որին նախրի մեջ դեռ հեռվից էր ճանաչում. մի օր երկար էր մտածել, թե ինչու են անունը Մարալ դրել, ու գտել էր աչքերը` խոշոր, հլու…
Մարալ կովի կուրծքը եռում էր, Էթերին շուտ էր զգում տաք կաթի բույրը, որ կամրջի վրայով գալիս, խառնվում էր սրտի մեջ մրսող հիշողություն-առավոտներին, երբ անմատ ձեռնոցների մեջ փոքրիկ ձեռքերը սեղմած` սառնամանիքին ճամփա էր ընկնում կովի կաթ բերելու, որովհետև եղբայրն առանց մոր կաթի էր մնացել, ու իր բաժին լույսը բացվում էր շների հաչոցներով` բրդյա վզնոցի տակ թաքնված մանկության թաց հևոցներում, որ ուժասպառ բարձրանում էին իրենց տուն տանող աստիճաններով. «Վարդուշ տատիենք բորշչ են եփել, Ոսկի տատիենք` տոլմա, Արև տատը` սպաս…»,-Էթերին մտքում թվում էր ճաշերի բույրերը, մինչև հասնում էր տուն. իրենց դռան արանքով ճաշի բույր դուրս չէր գալիս, ու քաղցած օրը կշտանում էր կաթնաբույրի հիշողությամբ, որ Մարալին «գոմն անող» հորաքրոջ լեզվին «ֆոդ» էր` անտեր մալի ֆոդ, թթված կաթի ֆոդ, շտուկի ֆոդ, թանի ֆոդ, ու կաթի բույրը, որ ձմռան առավոտի գույնն ուներ, տաքացավ, երբ Մարալ կովի կաթի պես եռաց իր կրծքում. մի օր օրորոցում շուռումուռ եկող երեխան լաց եղավ. դրեց ծոցն ու կաթ տվեց: Հոգնած էր: Հետո իմացավ, որ քնի մեջ ամուսնուն է կաթ տվել… ու կաթի բույրը մնաց ամուսնու շուրթին, ու ամուսինն էլ չմեծացավ, ու ինքը նրան գրկելիս կաթնաբույրն առավ` իր, Մարալի, ձմեռվա առավոտի…
***
-Մի քանի մետր էլ քայլենք, թաղում կա,- հանկարծ կանգ առավ Էթերին ու ափերով գրկեց թևերը,- մահվան հոտ է գալիս:
Աննան թերահավատորեն նայեց նրան ու սաստեց.
-Սո՜ւս, երեխաները չլսեն, էդ ո՞նց իմացար իբր:
-Էլ բան չեմ ասի,- նեղվեց Էթերին:
Շուտով երևաց տունը` մուտքին ծաղկեպսակներ:
…Բայց Էթերին սկսել էր վախենալ հոտերից, որ գալիս ու մնում էին ներսում: Վերջին զանգի օրն էլ քաղցկեղի հոտը առավ: Քիչ հետո տեսավ սայլակին նստած կեղծամով երիտասարդ կնոջը, որ ժպտում էր: «Երևի իր որդու վերջին զանգն էլ է»,- մտածեց Էթերին, ու մետաստազները ժպիտների պես ծաղկեցին մտքում. «Նա կշարունակվի որդու մեջ, անպայման կշարունակվի…»:
Իսկ ինքը շարունակվեց վարարած Մարմարիկի հորձանքից, երբ արևի հոտը գտավ նրա ափին, ու ջուրը տարավ մանուկ մեջքի գոտին: Տրվեց ալիքին` փրկելու այն, քանի որ գոտին գրկում էր մեջքն ու ամուր պահում:
Հարազատ դարձած Մարմարիկի ափին Նինելի սևացած պատերով հացատունն էր, ուր նամաբույրը ճոճվում էր օճորքից, սարդերը հրեշատիպ որսորդներ էին, որոնց քշում էր գետից փրկած գոտիով, իսկ Նինելն անշարժ պառկած էր բետոնե հատակին, աղջիկը քաշքշում էր մոր անկենդան մարմնինը` կողքին մաղեր. տեսնես գունավոր ծամոն է՞լ կար մաղերի մեջ պահած, որ չէր տալիս աղջկան, և ստիպված ձյութ էին ծամում, որը նոր փռած ասֆալտի հոտ դարձավ ու իրեն ուղեկցեց դպրոց, և ինքն ուսուցչի սուր-սուր ուսերին հայկական լեգեոններ տեսավ ու պատմության գրքից ճակատամարտի հոտ առավ, հետո` պատերազմի հոտ, երբ սրտամաշ սպասում էր Արցախից եկող հերթական գույժին: Պատերազմի հոտն էլ մազերում մնաց` Եռաբլուրում ուժատ ոտքերին ճոճվող` սեղանից հացը չհավաքած որդեկորույս մոր աչքերով, ով տան բանալին շորի տակ էր թողել:
***
-Էլե՜ն, սուրճի հատիկներ տուր, որ բույրերը զգամ, թե չէ բոլորը խառնվեցին, էնքան շատ փորձեցի… Էս մեկը ոնց որ բալի բույր է, ինձ էլ կպատվիրե՞ս սրանից,-խնդրեց Էթերին,- երջանիկ կդառնամ…
-Lost Cherry է օծանելիքի անունը,-ասաց աղջիկը,- ճիշտ ես, բալի բույր ունի,-
ապա ժպտաց,- մամ, բույրի՞ց է սկսվում հիշողությունը…
…Ավարտական դասարանում էր, դիմակահանդեսը բալի բույր էր, ինքը` գետնին քսվող վարդագույն զգեստով գլխապտույտ, ու գլխապտույտի հետ պտտվում էին Առնոյի խանդավառ աչքերը:
Էթերին մեծացել էր, Առնոն` փոքր մնացել, ու չէր հասցրել հասկանալ` երբ, ինչու, ում հետ ամուսնացրին Էթերիին:
***
-Ի՜նչ հանգիստ ես նայում եղնիկներին, ոնց որ հազար անգամ տեսած լինես էսքան մոտ,- զարմացավ Առնոն,- իզուր եկանք, իզուր:
Եղնիկներից մեկը սպիտակ ու անխալ էր: Ո՜նց վազեց:
-Ա´յ, քեզ նման փախավ էն մարալը, չտեսար,- սրտնեղեց Առնոն:
Էթերին հիշեց. «Մարալի նման է քայլքդ»,- ասում է Առնոն ամեն հրաժեշտին, երբ ինքը վախվորած ոտքերը «մեջ գցելով» մտամոլոր «փախչում» է, ու Առնոյի խանդոտ աչքերը քայլ-քայլ թափվում են Էթերիի հետզհետե փոքրացող ոտնահետքերին…
Ցանկապատ էր, զինված մարդիկ, որ ուղեկցեցին իրենց այս տուն-արգելոցը:
-Բա եղնիկին սե՞նց կպահեն, որ սրանք իմը լինեին, էնքան սեր կտայի, որ ցանկապատի կարիք չլիներ, վազեին ու հետ փախչեին մոտս, ոնց դու, բա եկեղեցի՜ն, սարքես, բայց զենք ու զրահո՞վ մարդ թողնես ներս,- քթի տակ խոսելով հետուառաջ էր անում Առնոն:
-Ինչո՞ւ են մեծահարուստները եկեղեցիներ շինում, որ մեղքե՞րը քավեն,-հարցրեց Էթերին:
-Հա´, իրենց մեղքերը քոնից ու իմից մեծ են, բա ի՞նչ անեն, բայց չգիտեն, որ փրկություն չունեն, փրկությունը քոնն է, էն աղոթող տատինը, որ եկավ, մոմ վառեց ու հավատով գնաց: Որ մեղավոր չլինեն, զենք ու զրահով եկեղեցի՞ կհսկեն:
Էթերին լռեց, ինքն էլ սպիտակ եղնիկի պես վազվզում է կյանքը ցանկապատի մեջ… Եկեղեցի մտնելիս Առնոն հետ ընկավ ու ասաց. «Սկզբում դու ներս մտիր, միասին չի կարելի… ախր դա ինքդ պիտի հասկանայիր, ես չպիտի ասեի..»:
-Չի´ կարելի, չի´ կարելի,- կրկնում էր Էթերին ու դառը ժպտում:
-Կյանքն է, մի´ նեղացիր,- հետո ասելու էր Առնոն,- ես մեղավոր չեմ, որ դու ինձնից շուտ ծնվեցիր ու ինձ բաժին չհասար:
…Հիշողության բույրը վազեց մուտքից մուտք. ոտնաթաթերին ձգված` փոքրիկ ձեռքերով փոստարկղերի մեջ տեղավորում էր թերթերն ու հեռագրերը…
-Էլեն, ախր դու չես սպասել սեղանից շարքով իջնող հեռագրերին, որոնցից ճերմակ թղթե պուտեր էին թափվում, և որոնց դիմաց կանգնում էի ժամերով, որ լցնեմ արևածաղիկ վաճառող արևախանձ Նեվելից բերած կուլյոկների մեջ ու տուն տանեմ, որ հետո նախշեր դառնան մատներիս գույնզգույն ներկերի վրա, ու մատներիցս հեռագրերի բույր գա, թերթերի բույր, որ հացի հետ դուրս էին գալիս մորս կտորե պայուսակից, իսկ հացից միշտ ծառի բույր գա, մոր բույր… «Հիշողությունը սկսվում է արմատից, ասում էր մայրս,- ամենը արմատի բույր է…»:
Մի օր, երբ մետաստազները ծաղկեն արդեն Էթերիի երակների մեջ, ու նա ծառ դառնա, Առնոն էլ կիմանա, որ ամեն բան սկսվում է արմատից ու կմեծանա…
