Աստղոյի մասին լեգենդներ էին շրջում։ Ամեն մեկը մի բան էր ասում ու պատմում։ Մենք էլ, որ այդ ժամանակ մի մատ էրեխեք էինք, ամեն ինչի հավատում էինք։ Մյուս կողմից էլ վախը սրում էին ծնողները․ «Աստղոյից հեռու կմնաք»։
Տունը դրսից խարխուլ էր։ Ապակիները՝ հին, երդիկը՝ կիսավեր․․․ Երբ նայում էիր տանը, թվում էր, որ այնտեղ մարդ չի ապրում, որ տունն անտեր է։ Բայց հո՞ բոլորը գիտեին, որ այնտեղ Աստղոն էր ապրում։
Տան դիմաց մինուճար խնձորի ծառ ուներ։ Ուրիշ բան, ըստ էության, չուներ։ Բայց այդ ծառը մի հազար ծառ արժեր։ Մի ուրիշ տեսակ գեղեցկություն ու փարթամություն ուներ։ Թաղի տղերքով, երբ հարձակվում էինք մյուս հարևանների ծառերի վրա, Աստղոյինը միշտ շրջանցում էինք։ Եվ նույնիսկ մտքներովս չէր անցնում, որ Աստղոյի ծառից էլ կարող էինք․․․ Բայց մի անգամ, երբ հերթական արկածներն էինք փնտրում, Սուրոն, որ միշտ առաջնորդում էր մեր արկածները, առաջարկեց Աստղոյի ծառից էլ «թռցնել»։
-Չէ՛, Սո՛ւր, մոռացիր,- անմիջապես ընդդիմացա ես։
-Էլի վախից տզզոցդ դրեցիր, հա՞, չես ուզում՝ դու մի արի։
Տղաները, որ, ըստ էության, իրենք էլ չէին ուզում, բայց Սուրոյին չհակառակվելու հատուկ բնազ ունեի, լռում էին։
-Տղաներն էլ չեն ուզում,- վրա բերեցի ես։
Մեկը փորձեց կմկմալով ինչ-որ բան ասել, մյուսը․․․
-Պա՜հ, «չեն ուզում»․․․․ վախկոտներ եք, ձեզանից ի՞նչ ընկեր։ Մենակով կգնամ, բայց դրանից հետո մեկը չփորձի հետս ընկերություն անել։ Ինձ վախկոտ ընկերներ պետք չեն,- ավելացրեց Սուրոն ու կամաց քայլերով հեռացավ։
«Ձեզանից ի՞նչ ընկեր…»,- ականջներիս մեջ լսվում էր դեռ։ Եվ մինչ կհասցնեի ինչ-որ բան ասել, արդեն մենակ էի։ Տղաները վազել ու միացել էին Սուրոյին։ Այդ օրվանից թաղում մնացի մենակ։ Ինձ հետ արդեն ոչ միայն չէին խաղում, այլև՝ վախկո՛տ, վախկո՛տ, էին գոռում, երբ ինձ տեսնում էին։
***
Խնձորի ծառի փարթամ կանաչն ու գեղեցկությունը լրիվ հակապատկերն էր այդ խարխուլ տան։ Եվ ամեն անգամ նայելիս անբացատրելի զգացողություններ էր առաջացնում։ Ավելին, կարելի էր ասել, որ Աստղոյի ծառը թաղի ամենասիրուն ծառն էր։ Մի տեսակ արտասովոր գեղեցկություն ուներ, ուրիշ էր ու տարբերվող։ «Տիրոջ հակապատկերն է»,- ասում էին մարդիկ ու երևի ներքուստ նախանձում, որովհետև, իրոք, Աստղոյի այդ մինուճար խնձորի ծառը յուրահատուկ գեղեցկություն ուներ և ամեն տարի, երբ բերք էր տալիս, խնձորն էլ յուրահատուկ գեղեցկությամբ էր աչքի զարնում։ «Դրախտում երևի այս խնձորի ծառն է եղել, որ Եվան չի դիմացել գայթակղությանն ու քաղել կերել է»,- սա էլ մերս էր ասում։
Բայց այդ օրը, երբ ծառը տեսա, այն ծառը չէր, համենայնդեպս, իրեն նման չէր։ Ներսումս նույնիսկ ցավ զգացի։ Ավերել էին՝ կարելի էր ասել։ Ուղղակի չէին եկել, որ բերքից օգտվեին, այլ հատուկ ճղակոտոր էին արել։ Եվ այդ «հատուկը» այնքան ակնհայտ էր, երբ նայում էիր ծառի տակ կուտակված ճյուղերին, որոնք անխնա ճարդված ու դեն էին նետված․․․
-Հիմա ծառը տանը նման է, չէ՞, էսպես ավելի լավ է նայվում,- շուռ եկա ձայնի կողմը. Սուրոն էր։
Հաջորդ վայրկյանին արդեն գետնին էր, քթից արյուն էր հոսում ու. «դա քեզ քիչ է» ,- ուզում էի գոռալ։ Ներսումս ծայր առած զայրույթն այնքան շատ էր, որ խեղդում ու միաժամանակ ցավեցնում էր։ Խփել էի, ուժեղ։ Եվ հիմա գետնին սողում էր։ Իսկ արյունը հա կաթում էր։
-Վախկո՛տ,- գոռացի,- վախկո՛տ։
***
Սուրոյի տատի ճղճղոցը ծակում էր մեր հյուրասենյակի պատերը։ Սենյակից լսում էի։
-Տղայիդ դաստիարակի, Անո՛, ինքը ո՞վ դառավ, որ թոռիս խփի։
-Անթառամ տոտա,- լսվում էր արդեն մորս դողացող ձայնը,- շատ հարգում եմ ձեր տարիքը, բայց կխնդրեմ ձեր բառերին հետևել․․․ տղաս․․․
Ականջներս փակեցի, որ չլսեմ։ Ես գիտեի, որ Անթառամը գալու էր ու մորս նախապես պատմել էի։
Ներսումս ինչ-որ բան էր կատարվում։ Չէի հասկանում, թե ինչ։ Չէ՛, վախ չէր։ Ավելին, ընդհանրապես չէի վախենում, որ մերս ջղայնանալու էր և այլն։ Ես, որ միշտ մորիցս վախենում էի, հիմա չէի վախենում։ Ուղղակի ցավ էի զգում և հենց այդ ցավի զգացողությունն էր այնքան ուժեղ, որ մի տեսակ ինձ բթացրել էր։ Աչքիս առաջ շարունակ Աստղոյի ծառն էր՝ պոկված ճյուղերով, բերքով ու տերևներով, որոնք անխնա կոխկտրվել էին ցեխոտ ոտքերով։
Երբ նայում էի այդ ծառին, բութ ցավ էի զգում, իսկ շրջապատը Սուրոյից չէր տարբերվում․«Ծառը վերջապես տանն ու տիրոջը նմանվեց»։ Խեղդվում էի։ Գլխումս մի տեսակ չէր տեղավորվում։ «Ի՞նչ էր արել Աստղոն ձեզ»,- առաջին անգամ էր երևի, որ այս հարցը գլխումս ծագեց։ Աստղոյի հետ երբեք չէի խոսել, երբեք չէի մոտեցել, երբեք․․․․ բայց Աստղոն արդեն ուրիշ էր, ոչ այն, ինչ լսել էի նրա մասին։
Շունչս կտրվում էր։ Պատկերացրի, թե Աստղոն ինչ էր զգացել, երբ առավոտյան տեսել էր ծառը։ Աստղոյի ցավը զգացի։ Անցավ միջովս։ Սեղմեց ոսկորներս ու ստիպեց կուչ գալ։ Անկախ ինձնից բռնեցի գլուխս ու սկսեցի հեկեկալ։ Բոլորին այդ ժամանակ ատում էի, բոլորից զզվում էի։ Անգամ սրտխառնոց զգացի․ «Վախկո՛տ եք, վախկո՛տ եք»։
Չէի հանգստանում։ Մեկը զգույշ բռնեց գլուխս։ Մերս էր։
-Վաղը Աստղո տատիկին կարկանդակներ չտանե՞նք։
Լացս միանգամից կտրվեց։ Արցունքոտ աչքերով նայեցի մորս։ Զարմացած էի։ Աստղո տատիկի՞ն։ Ճի՞շտ լսեցի, հա՞։ Մերս էլ միշտ Աստղոյին ուղղակի Աստղո էր ասել, հիմա ի՞նչն էր փոխվել, որ «տատիկն» էր ավելացրել։ Հա՛, իրոք, զարմացած էի։ Բայց ներսումս մի բան այդ պահին խաղաղվեց։ Մի բան արդեն ուրիշ էր, և դա լավ էր։ Ժպտացի։ Մերս ոչ միայն իմ կողմից էր, այլ Աստղո տատիկի։
***
Մերս էլ էր լարվում, երբ թակում էինք Աստղո տատի տան դուռը։ Անգամ մորս սրտի զարկերն էի լսում։ Դրանից իմ հուզմունքն ավելի էր ուժեղանում։
Իսկ դուռը դեռ բացող չկար։ Ուզու՞մ էինք, որ բացեին, թե՞․․․․ Հա՛, մի տեսակ վախենալու էր։ Մերս կարծես մտքերս կարդաց, նայեց ու ժպտաց՝ փորձելով միաժամանակ թաքցնել իր հուզմունքը։
Նորից թակեցինք։ Դուռը բացվեց։
Ներսում մաքուր էր, հավաք ու կոկիկ։
Խնձորը ձեռքիս մեջ այնքան մեծ թվաց։ Չթողեցի, որ մաքրեն։ Հենց այդպես վերցրեցի։ Մեծ էր ու կարմիր։ Ափիս մեջ նույնիսկ չէր տեղավորվում։ Մոտեցրեցի շուրթերիս։ Եվս մի քանի վայրկյան ու համը բերանումս զգացի։ Կարծես առաջին անգամ էի խնձոր ուտում։ Այդքան համը տարբեր ու ուրիշ էր։ Շա՜տ համեղ էր։ Աչքս հանկարծ ընկավ մորս։ Աստղո տատին օգնում էր թեյ լցնել։ Աստղո տատին խառնվել էր իրար, բայց աչքերի փայլը մատնում էին ոգևորությունը։ Ինչ խոսք՝ ուրախացել էր մեր այցից։ Եթե դրսի պատուհանից այդ պահին մեկը մեզ տեսներ՝ չիմանալով, թե ովքեր էինք, ինչ էինք գալիս իրար, նայողին կթվար, որ թեյի սեղանի շուրջ հավաքվել էին տատիկը, աղջիկն ու թոռնիկը։
Այդ գիշեր անսովոր թեթևությամբ քնեցի։ Ես՝ միամիտս, ինչպե՞ս կարող էի մոռանալ, որ վրեժը ծարավ էր հագեցման։
***
Աչքերիս առաջը միանգամից սևացավ, երբ տեսա․․․ «Դու քո հալը կտեսնես, խփելդ չես մարսելու»,- Սուրոյի խոսքերն էին։ Ինձ ցավեցնելու համար էր արել։
Աստղո տատին շվար էր ու գլխիկոր։ Ծնկները ծալած նստել էր՝ կացնի հարվածից կոտրված ծառի մոտ։ Ցավում էր։ Ցավը զգում էի։ Ուզում էի մոտենալ․․․ Խիղճս տանջում էր, ու դա ցավից անտանելի էր։ Հանկարծ անբնական ճիչը ճեղքեց օդը։ Երևի այդպես ծնողն է գոռում, երբ զավակին է կորցնում։ Մի երկու քայլ արեցի․․․ Ոտքերս չէի զգում․․․
-Գնա՛,- գոռաց,- գնա՛։
Կանգ առա։
-Գնա՛,- նորից գոռաց Աստղո տատը։
«Հիմա պետք չի»,- մտածեցի ես ու մի կերպ հետ դարձա։ Ոտքերս մի կերպ էի քարշ տալիս։ Ամբողջ մարմինս ցավում էր։
Դրախտը մարդիկ քանդեցին, մեղքը օձի վրա գցեցին։
