Կեսգիշերին գաղտագողի մտանք մի անավարտ, ամայի տուն։ Երբ հարբում ենք, երկուսով ձևացնում ենք, թե Բոննին և Քլայդն ենք` շրջելով հին քաղաքում և պատշգամբներից ծաղկեփնջեր գողանալով: Հին քաղաքում նման ամայի շինություններ շատ կան։ Նրանց երկաթբետոնե ճշգրիտ կրկնօրինակները կանգնեցված են հին տների փոխարեն:
Հեշտությամբ բացեցինք հասարակ մետաղալարով կողպած դուռը։ Լապտերի լույսի ներքո նայում ենք սենյակների չսվաղած պատերին ու աստիճաններով բարձրանում ձեղնահարկ։ Ձեղնահարկը հատակ չունի, հենասյուների միջև ապակե բամբակ է։ Խելքս բանեցրի և անցա սյան վրայով: Հետ նայեցի և մի պահ տեսա իմ Քլայդի ժպտացող դեմքը, երբ նա ոտքը դրեց սյուների միջև: Փխրուն առաստաղը ստվարաթղթի պես պատռվեց, և լսեցի ընկնելու ձայնը: Շատ հեռվից լսում էի իմ հուսահատ ճիչերը։ Կարծես ես չէի գոռում։ Իրականում ապշած լռում էի: Առաջին անգամ տեսա, թե ինչպես է հողը բացում իր բերանը և մարդուն կուլ տալիս։ Ես հիմա ավելի շատ եմ վախենում այս տեսարանից, քան այն ժամանակ։ Այն ժամանակ միայն զարմացա:
Քլայդս սարսափում է անօթևան մնալուց ւ«Քլայդս» եմ ասում, բայց մենք նույնիսկ սիրեկաններ չենք): Շատ փոքր տարիքում է հարազատների հետ փախել օկուպացված ծովափնյա քաղաքից։ Այդ ժամանակվանից տուն չունի։ Նրանք տարիներ շարունակ ապրել են հիվանդանոցի հիվանդասենյակում։ Երբ ծանոթացա նրա հետ, ժամանակի մեծ մասը թափառումներով էր անցկացնում: Նա դարձավ իմ ալտեր էգոն և պատմվածքների մեծ մասի հերոսը: Հիմա մշտական զուգընկեր ունի, վարձով բնակարանում են ապրում։ Քլայդը տաղանդավոր նկարիչ է, բայց նրա նկարները երբեք չեն վաճառվում։ Տարիներ շարունակ բարմեն է աշխատում մոդայիկ սրճարաններում, որտեղ տասնութ ժամ աշխատանքային օրվա համար չնչին գումար են վճարում։ Նույն սրճարաններում երբեմն կազմակերպվում են բարձր խավի սիրողական նկարիչների ցուցահանդեսներ։ Վերջերս հազվադեպ ենք հանդիպում, երկուսիս էլ բանկի պարտքերն ու բնակարանի վարձն է խեղդում։ Հետևաբար, մեր հանդիպումները գնալով ավելի ձանձրալի և ճնշող են դառնում:
Այդ երեկո բաղնիքների մոտ՝ փողոցում, լցնովի կոնյակ ենք խմում և սխտորով նրբերշիկ ուտում։ Քլայդը Standard Bank-ի վարկային աշխատակից ոմն Դիմիտրիին է նմանակում, որը նրան երկու օրը մեկ զանգահարում է, թասիբի գցում և ստիպում պիոներական խոսք տալ, որ տոկոսները ժամանակին կվճարի: Ես էլ հետ չեմ ընկնում և ՋԻ-ԹԻ-ԲԻ-ից Դավիթի պատմությամբ եմ պատասխանում, ով «մտնում է իմ դրության մեջ, բայց…» հստակ կատարում է իր պարտականությունը։
Երկուսս էլ գիտենք, որ երկրի կեսը, այդ թվում՝ մենք, խեղդվում է բանկային և հիփոթեքային վարկերի մեջ։ Սովն ու անօգնականությունը ժողովրդին բանկեր է քշում։ Հետո մի բանկի ահռելի տոկոսը վճարելու համար մեկ այլ բանկից պարտքով փող են վերցնում ու այդպես շարունակ, մինչև հայտնվում են փողոցում կամ փախչում այլ երկիր։ Մենք հազիվ թե գոյատևում ենք, թեև ֆորմալ առումով քաղաքացի ենք համարվում։
-Զարմանալի է, թե ինչու չենք հայտարարում արտակարգ դրություն,- բորբոքված՝ հռետորական ձևով հարցախեղդ եմ անում Քլայդին, կարծես նա վարչապետ է,- ինչո՞ւ ենք թաքնվում ու ստում իրար: Ինչո՞ւ բոլորս դուրս չենք գալիս փողոց, խարույկ վառում ու ընդհանուր խաշու եփում։ Չենք ներխուժում եկեղեցիներ, շուռ չենք տալիս ամբիոնները, որտեղից «հարբած զգեստներով տղամարդիկ» քարոզում են, որ հիվանդությունը մեղք է, իսկ մարդ լինելն ընդհանրապես անարժան արարք է։ Ինչու՞ չենք բարձրանում զանգակատուն ու ամբողջ ուժով չենք զարկում զանգերը, չենք ասում անթիվ Դիմիտրներին, Դավիդներին և Գիորգիներին, որ մինչ նրանք մեզ հայրենիքի թշնամիներ են անվանում, մեր երեխաները մրսած են և սոված։
Որովհետև մնացած բոլորը փորձում են մտնել համակարգ և ինքնահաստատվել, քանի որ համակարգին չի հետաքրքրում, թե դու ինչի համար ես պարտք վերցնում, նա ուղղակի ուզում է հսկայական տոկոս ստանալ: Իսկ Դիմիտրին, Դավիթն ու Գիորգին շատ լավ գիտեն, որ եթե իրենց պարտականությունը չկատարեն, իրենց տեղը ուրիշը կզբաղեցնի։
-Քանի որ,-ասում է Քլայդը,-համակարգին նեգատիվ պետք չէ:
Նեգատիվը ոչ մեկին պետք չէ։ Այս թեմայով շատ մոդայիկ գրքեր են հրատարակվում։ Նրանք մեզ խորհուրդ են տալիս, թե ինչպես չմտածել վատ բաների մասին, կարծես դրանք ընդհանրապես գոյություն չունեն։ Մարդը սարսափելի ձանձրալի է դառնում, երբ սկսում է խոսել սեփական խնդիրների մասին, նույնիսկ եթե այդ խնդիրներն այլևս իրենը չեն։ Հեռուստատեսային հաղորդումներ կան, որտեղ խելացի մարդկանց հրավիրում են խնդիրներ լուծելու։ Այն ճշմարտությունը, որը չի ասվում էկրանից, ճշմարտություն չէ, դա պարզապես պարանոյիկի զառանցանք է։Մինչդեռ նևրոզներն ու դեպրեսիան շատանում են, մի խոսքով, գժանոց։
Ոմանք նեգատիվի դեմ պայքարում են սոցցանցերում փափլիկ, փոքրիկ կենդանիների լուսանկարներով, մյուսները՝ սև հումորի էջերով։ Անձամբ ես նախընտրում եմ ինքնահեգնանք։ Նույնիսկ ամենադառը ճշմարտությունն ունի իր բաժին չար կատակը։ Իսկ կատակը, լինի դա չար, թե բարի, միևնույն է, հումոր է համարվում: Հումորը կարևոր է գրողի համար: Մինչև հիմա դառնորեն հիշում եմ, թե ինչպես այն հազվագյուտ մոլեռանդ ընթերցողներից մեկը, ով կարդում էր ամեն ինչ ւնույնիսկ իմ առաջին և մինչ այժմ միակ, բարակ գիրքը, որը զարդարված էր հովանավորների տարբերանշաններով) անհանգստացած հարցրեց ինձ.
-Երբևէ փորձե՞լ եք գրել լավ բաների մասին, թե՞ միշտ վատ բաներ եք տեսել ամենուր:
Միակ գրախոսականը, որը գրվել էր իմ խղճուկ ստեղծագործության մասին, թեև բաղկացած էր հիմնականում մասնագիտական տերմիններից և նախադասության մեջ պարտադրված վրացական բայերից, բայց այն հստակ փոխանցում էր այն միտքը, որ միլլերյան բոհեմը անցյալ դարի մնացուկ է և գավառական գրականության գլխավոր մեղքերից մեկը։
Քլայդն ավելի ողբերգական բնույթ ունի։ Ամեն ինչից նեղանում է, հատկապես վերջին շրջանում։ Նեղանում է, որ երբ ես աշխատանք ունեի, գոնե մեկ անգամ չեմ հիշել հին ընկերներիս: Արդարանում եմ, որ այն ժամանակ էլ իմ քոսոտ աշխատավարձով դժվար էի ծայրը ծայրին հասցնում, համ էլ արդեն երկու ամիս է՝ չեմ աշխատում։ Մեր ժամանակներում աշխատանքը կորցնելն իսկական ողբերգություն է։ Գործազուրկը պարզապես գործազուրկ չէ, նա պատուհաս է, որը չպետք է շատ երևա ոչ մեկի աչքին։ Անանուն ու աղքատ գրողը ընդհանրապես անախրոնիզմ է, հենց Միլլերի նման…
-Ո՛չ,- տրտնջալս ընդհատում է Քլայդը,- խուսափի՛ր նեգատիվից, էդ սրիկաների պես:
Մոդայիկ սրճարանների այն սրիկաները, որոնք իրենց աշխատավարձի կեսը ծախսում են մի երեկոյի ընթացքում, իսկ հետո հեռուստաէկրաններից ցավակցում են սովամահ երեխայի ընտանիքին։
Պատասխանում եմ՝ ասելով, որ եթե բան լիներ, նա փողոցում զզվելի կոնյակ չէր խմի և սխտորով երշիկ չէր ուտի։ Քիչ էր մնում՝ անցնեինք ձեռնամարտի: Ամբողջ փողոցը լսում էր մեր գոռգոռոցը։ Մենք անցնում ենք իրականության սահմանը և միմյանց մեղադրում աներևակայելի մեղքերի մեջ։ Պարզվեց, որ հին վիրավորանքներից ոչ մեկը չենք մոռացել ու հիմա մուռ ենք հանում։
Քլայդը հիշեցնում է ինձ, որ ես մի անգամ իրենից մի կտոր ապխտած պանիր եմ թաքցրել և որ ես, առհասարակ, ագահ, հաշվենկատ և ամբարտավան մարդ եմ, ով մի բան ճարելու դեպքում առանց վարանելու կզոհաբերի իր վաղեմի ընկերոջը։
«Մի՞թե մոռացել է,- գոռում եմ ես,- որ ինքն է չարչի և երևակայող, որ նրան բավական է միայն մի շիշ օղի ցույց տալ, և ցանկացած փողոտ սրիկայի երկինք կհանի»: Որ շատ անգամ նա է ինձ տեսնելուց խուսափել, – և իրեն թվում էր, թե ես չափազանց բարձր հասարակության մեջ եմ, և որոշ մարդիկ կարդում են իմ գլուխգործոցները: Իսկ այն պանրի կտորը խոհանոցում դրված էր բոլորի աչքի առաջ, թող բարի լիներ և առանց ավելորդ հրավերների հյուրասիրվեր։
Հետո սկսում ենք հռհռալ։Այնպես ենք հռհռում, որ ծիծաղից արցունքներ են հոսում և բռնում ենք փորներս։ Մի խոսքով՝գժանոց:
Ավելի ուշ մենք գաղտագողի մտնում ենք ամայի, անավարտ տուն։ Այդպիսի մի տան մեջ ձեղնահարկը բացում է բերանը և կուլ տալիս ընկերոջս, իսկ ես հուսահատ ճչալով վազում եմ ձեղնահարկի աստիճաններով։ Իրականում ես չեմ ճչացողը: Ես ապշած լռում եմ, առաջին անգամ զգացի, թե ինչ հեշտությամբ կարող է անհետանալ մարդը:
***
Քլայդը փոշու մեջ պառկած է բետոնե հատակին։ Լավ պրծավ: Ոչինչ չի ջարդել, միայն սրունքն է պլոկված, մեկ էլ ոտքը կոճի հատվածում հոդախախտված։ Ասում է, որ նման բաներ միայն ֆիլմերում է տեսել: Ասում է՝ լավ է, որ ես էլ չեմ ընկել։ Երբ պատկերացնում եմ անծանոթ արվեստագետների ու գրողների առաստաղից ընկնելիս, համ էլ ոչ թե ամայի տան մեջ, այլ ինչ-որ կորպորատիվ երեկույթի ժամանակ, որտեղ կանայք երեկոյան զգեստներ են հագել և պարում են սմոքինգով, սմոքինգմերով տղամարդկանց հետ, դժվարությամբ եմ զսպում ծիծաղս։ Մենք կոմիկսի կերպարներ ենք, ոչ թե ֆիլմի։
Քլայդի ոտքը ահավոր ցավում է, և մենք համաձայն ենք, որ նա հիմա խմելու կարիք ունի։ Մոտակայքում մի ծանոթ է ապրում։ Մենք բարձրանում ենք անծայրածիր աստիճաններով, որոնց վերջում դուռը բացում է խալաթավոր վախեցած մի կին։ Չէ, նման մարդ երբեք այստեղ չի ապրել, գուցե ապրել է, բայց վաղուց է տեղափոխվել։ Այստեղ ընդհանրապես ոչ ոք չի ապրում, նա միայն հյուր է։ Տանտերերը տարիներ առաջ արտագաղթել են։ Ավելի ուշ Քլայդը հիշում է, որ տեսավ, ծանոթին վարագույրի հետևում թաքնվելիս, իսկ խալաթավոր կինը նրա մայրն էր: Հետո կատաղած զանգում է մեկին ու հոգոց հանելով պատմում, թե ինչպես է մեքենայի տակ ընկել։ Ոչ մի լուրջ բան, բայց մի շիշ օղին հիմա շատ տեղին կլիներ։ Հեռախոսից մխիթարական խորհուրդներ են հնչում, Քլայդը պետք է շտապ տուն գնա ու պառկի անկողնում, իսկ օղին անպայման կլինի։
Նորից քայլում ենք անվերջանալի աստիճաններով։ Հին քաղաքապետարանի մոտ ծանոթների՝ փոքր թատրոնի դերասաններին եմ հանդիպում: Գեղեցիկ և սրտաբաց մարդիկ են, ինչպիսին ես երբեք չեմ կարող լինել։ Նրանց գործընկերոջը թանկարժեք վիրահատություն է պետք, և նրանք մի ամբողջ արշավ նախաձեռնեցին, բարեգործական կոչեր, համերգներ, պաստառներ փողոցում։ Միայն համակարգից օգնություն չեն խնդրում: Համակարգը տաբու է. եթե մեկ մարդու օգնի բուժվել, ապա հազարավոր և տասնյակ հազարավոր դիմողների հերթ է գոյանալու: Համակարգին նեգատիվ պետք չէ:
Դերասանները հապճեպ հրաժեշտ են տալիս, վրայիցս ալկոհոլի ու սխտորով նրբերշիկի հոտ է գալիս, իսկ Tortilla Flat-ի բնակիչներս շարունակում ենք մեր ճանապարհը դանդաղ ու հանգիստ։
Տանը մեզ դիմավորում են Քլայդի երկրորդ կեսը, օղու շիշը և ևս մեկ ընկեր։ Տուժածը դերի մեջ է մտնում և պատմում ողջ եղելությունը:
Այս պատմությունը Հացի հրապարակում եղավ։ Բաղնիքների մոտ խմեցինք ու գնացինք մեր ճանապարհով: Հրապարակ իջնելիս ինչ-որ ոլորանից՝ կարծեմ Երուսաղեմի փողոցից, մի մեքենա դուրս թռավ, հարվածեց ու գցեց մայթին։ Վարորդը կանգնեց, տեսավ՝ անշարժ պառկած է, վախեցավ, որ նա կարող է մահացած լինել, հեռացավ։ Կարծեմ սև «Օպել» էր, հա՛, «Օպել» էր։
Քլայդի զուգընկերը մռայլորեն ասում է, որ նրա սիրտը ամբողջ օրը վկայում էր, որ ինչ-որ սարսափելի բան է լինելու:
– Համարը։ Հիշու՞մ ես համարը, -կրակի վրա նավթ եմ լցնում։
– Համարը…, – Քլայդը աչքերով ինձ է ուտում, – չնայեցի համարին, մայթին ընկած էի: Հետո քեզ զանգեցի։ Օ:՜
-Համարը պետք է հիշեիր,- չեմ հանդարտվում,- բոլոր չափերն անցան այդ ջիպավոր սրիկաները: Մեքենաները մայթին են քշում, քիչ է մնում զեբրայի վրա մարդկանց գցեն տակը, ոնց որ հետիոտնը մարդ չլինի։
– Կարծեմ «Օպել» էր, սև,- քրթմնջում է Քլայդը և տնքալով գնում զուգարան, իսկ երբ դուրս է գալիս, մեզ ասում է, որ կարծես ոտքը կոտրված է, և լավ կլինի՝ շտապ օգնություն կանչենք։
– Անվճա՞ր է:
Մենք հաստատում ենք, որ համընդհանուր առողջության ապահովագրության շրջանակներում շտապօգնություն կանչը այժմ անվճար է: Արյան ընդհանուր անալիզը նույնպես անվճար է։ Եվ ես շտապօգնություն եմ կանչում: Դերի մեջ մտած շտապօգնության հերթապահին սև «Օպել»-ի մասին եմ պատմում։
– Ի՞նչ էիր ուզում,- տնտնքում է Քլայդը,- հիմա պարեկն էլ կգա:
– Բա որ ոտքդ կոտրված լինի՞:
-Ոչ մի կոտրվածք էլ չունեմ։ Վաղը աշխատանքի էլ կգնամ։
– Ոչ մի տեղ չես գնա, -միջամտեց կեսը,- վաղը կմնաս տանը՝ անկողնում։
Շտապօգնության բրիգադը պարեկային բրիգադի հետ է գալիս։ Երկու հսկայական, կապույտ բաճկոններով ոստիկաններ աղմկոտ մտնում են փոքրիկ սենյակ ու դիտում նկարները։ Հին փայտե հատակը ճռճռում է։ Շտապօգնության բժիշկները զննում են բազմոցին որմնանկարի նման հանգրվանած հիվանդին։ Ոստիկանները սկսեցին մեզ հարցաքննել։ Մենք պատմում ենք նույն պատմությունը, բայց գործողությունը Հացի հրապարակից տեղափոխվում է Լերմոնտովի փողոց։
Շուտով զվարճանքին երկու զորբա քննիչներ են միանում: Այստեղ մենք վախենում ենք օրենքից, բայց ետդարձի ճանապարհ չկա, հետևաբար.
– Կարծում եմ, «Օպել» էր, սև,- տնքտնքում է Քլայդը:
-Համարը պետք է հիշեիր,- համարձակ հայտարարում եմ։
– Մարդկանց կարելի է վթարի ենթարկել ու պատասխան չտալ,- Քլայդի երկրորդ կեսը գլխով է անում:
– Ո՞ւմ նկարներն են, – հարցնում է առաջին ոստիկանը։
-Դուք կոտրվածքներ չունեք, բայց մենք պարտավոր ենք Ձեզ առաջարկել հիվանդանոց տեղափոխել,- միապաղաղ կրկնում է շտապօգնության բժիշկը։
-Ո՞նց չտեսար համարը, – գոռում եմ:
-Գնա գրողի ծոցը քո համարով, – բղավում է Քլայդը, – շատ հետաքրքիր է, թե ինչ կտեսնեիր իմ փոխարեն:
– Հանգստացեք։ Կարևորն այն է, որ նա ողջ է, և կոտրվածքներ չունի- հանգստացնում է քննիչը,- մեծ հույսեր չունենաք, որ կգտնենք մեղավորին, գործը հավանաբար կփակվի։
Կամաց-կամաց հավաքույթը ցրվում է։ Առաջինը շտապօգնության բժիշկներն են գնում։ Հետո ոստիկանները։ Ամենավերջինը՝ առավոտյան ժամը երեք անց կեսին, քննիչն է գնում, և ճնշող լռություն է տիրում։
-Դե, զվարճանքն ավարտվեց,- ասում եմ ու, չգիտես՝ ինչու, նայում դեպի դուռը:
***
Ուրախ եմ, որ ոչ ոք չի տեսնում իմ լաքոտ ջեմպրն ու կեղտոտ կոշիկները, ծաղկափունջ հոնքերն ու անլվա բերանս։ Ոչ ոք, բացի մորուքավոր մի կնոջից, ով խխունջի պես հետը քարշ է տալիս իր եղած-չեղածն ու ինչ-որ բան փնթփնթում։
Մորուքավոր կինը, մերկ մարմնին խալաթով տղամարդը, քաղաքով մեկ ավտոբուսով շրջող մայրն ու որդին ազնիվ մարդիկ են։ Նրանք խոստովանել են, որ անարդար մարտում պարտություն են կրել ու ազատվել դահլիճից։ Մնացածս դեռ խեղդվում ենք արժանապատվության գրոտեսկային դիմակի տակ։ Վաղն առավոտյան՝ ուղիղ ժամը ինն անց կեսին, Դիմիտրին, Գիորգին և Դավիթը կկապեն նարնջագույն, կապույտ և կարմիր փողկապները և կսկսեն կատարել իրենց պարտականությունները։
Ես, Քլայդս և համակարգից մյուս դուրս մնացածները նորից կմնանք երկնքի և երկրի միջև կախված: Անօգնականությունը և անորոշ ապագայի հանդեպ վախը կրկին կհամակեն մեզ: Խաղն ավարտված է։ Փողոցում չէ, քայլում եմ բարակ սառույցի վրայով և անդունդի հսկայական անցքերը ավազահատիկներով լցնում։ Դեպի ո՞ւր ենք գնում:
Թարգմանությունը վրացերենից՝ Ասյա Դարբինյանի
