Էսսե, Լուսինե Խառատյան

#Ամերիկատեղ ո՛չ պատերազմին

#Ամերիկատեղ ո՛չ պատերազմին

#Ամերիկատեղ 28

Մենք կոնտեքստն ենք։ Ասաց Թամթան։ Ես գլխով արեցի։ Եկել ենք Նյու Յորք գրողական հավաքի, որ խոսենք պատերազմից։ Թամթան գիրք ա գրել։ Լավ գիրք։ Պատերազմի մասին։ Ես պատերազմի մասին գիրք չեմ գրել։ Պատերազմում էլ չեմ եղել։ Բայց մեջն եմ։ Ոտով-ձեռով, գլխով, սրտով, մարմնով։ Ամեն օր։ Մինչև վերջ ու անդառնալիորեն։ Ինչ ինձ հիշում եմ։ Մեզ կանչել են, որ խոսենք, թե ինչպես են կանայք գրում պատերազմի մասին։ Ինչ են կանայք գրում պատերազմի մասին։ Պատերազմ գրող կանանց մասին։ Մեզ հետ երկու հոգի էլ կա։ Մեկը Պիտերում ա ծնվել։ Լենինգրադում։ Մյուսը՝ Թեհրանում։ Բայց այլևս նյույորքցի են։ Ու էդ հեռավորությունից են խոսում պատերազմի մասին։ Մենք կոնտեքստն ենք։ Իրենք՝ հեռավորությունը։ Հեռավորությունից ավելի լավ ա երևում։ Ու հաստատ ավելի լավ ա խոսվում։ Մինչև իսկ իմ հեռավորությունից։ Երբ արյանը խուսափում ես անգամ սոցցանցերով նայել։ Երբ ռումբերը անձամբ քո գլխին չեն ընկնում։ Երբ անձամբ դու առյուծածին, հերոսածին ու որդեկորույս չես։ Մենք կոնտեքստն ենք։ Բայց չէ, անկեղծ չեմ։ Նրանցից մեկը պատերազմական լրագրող ա, ամենաթեժ կետերում ա աշխատել․ Աֆղանստան, Իրաք, Չեչնիա․․․ Չեչնիա՞․․․ Մյուսը շատ տրավմատիկ մանկություն ու պատանեկություն ա ունեցել Թեհրանում։ Իրենց փորձը հաղթում ա իմին։  

#Ամերիկատեղ 29

Նոր գիրք եմ գրում։ Բազմասերունդ։ Հերոսուհիներիցս մեկը՝ մի կին, կյանքի բոլոր անհասկանալի  իրավիճակներում վազում ա եկեղեցի՝ աղոթելու։ Աղոթում ա իր հարազատների համար։ Ամուսնու, երեխաների, ծնողների։ Ու վերջում միշտ աղոթում ա էս աշխարհիս խաղաղության համար։ Որդին բանակ ա գնում՝ աղոթում ա։ Մայրը հիվանդ ա՝ աղոթում ա։ Ամուսնու հետ լեզու չի գտնում՝ աղոթում ա։ Մտերիմների համար աղոթում ա ու վերջում խաղաղություն խնդրում, մոմ վառում տեղական ու գլոբալ առաջնորդների համար։ Պատմության սկզբում Աստծուց խնդրում ա իմաստություն տալ Ռոբին ու Ալիևին, Բուշին ու Պուտինին, որ պատերազմ չլինի, խաղաղ լինի, էրեխեքը հանգիստ տուն դառնան։ Պատմությունը զարգանում ա, առաջ ընթանում, ու նա աղոթում ա Սերժի ու Ալիևի, Օբամայի ու Պուտինի համար։ Նիկոլի ու Ալիևի, Թրամփի ու Պուտինի համար։ Նիկոլի ու Ալիևի, Բայդենի ու Պուտինի համար։ Էրդողանի համար էլ ա աղոթում։ Սա պատմում եմ Նյու Յորքում։ Որովհետև ես կոնտեքստն եմ։ Պետք ա պատկերավոր ներկայացնեմ, թե ինչպես են կանայք տեսնում, գրում պատերազմը իմ կոնտեքստում։ Ալիևի ու «մերոնց» վրով թռնում եմ։ Էրդողանի վրով էլ։ Մեր կոնտեքստը չգիտեն, չեն հասկանա նյուանսները։ Ստացվում ա, որ կինն աղոթում ա Բուշի ու Պուտինի, Օբամայի ու Պուտինի, Թրամփի ու Պուտինի, Բայդենի ու Պուտինի համար։ Դահլիճը ծիծաղում ա։ Հասկացել են կոնտեքստը։ Բազում փոփոխականներով ու մեկ անփոփոխով։ Ես էլ։ Էս հեռավորությունից հենց էդպես էլ երևում ա։ Ու թվում ա, թե ես հասկացել եմ կոնտեքստը, որ ես եմ։ Սառը պատերազմի բառապաշարով։

#Ամերիկատեղ 30

Ասում եմ, որ հեռավորությունից հեշտ ա խոսել պատերազմի մասին։ Երբ ուրիշի մարմնի մասին ա։ Երբ մեջը չես։ Ու որ դիրքը կարևոր ա էդ մասին խոսելիս։ Պիտերցի, լենինգրադցի, պատերազմի մասին աշխարհիս թեժ կետերից հաղորդող կինը համաձայն չի։ Ասում ա՝ ամերիկան վաղուց պատերազմի մեջ ա։ Black lives matter․ Ներքին պատերազմի մեջ ա։ 9/11-ից էս կողմ պատերազմը տանն ա։ Էս մեկն ինքը չի ասում, բայց ենթադրվում ա։ Ու ես ալարում եմ հակաճառել, որովհետև դեռ չեմ եղել Աֆրիկյան ամերիկացիների պատմության թանգարանում։ Ու ես ալարում եմ հակաճառել։ Որովհետև դիրքերի փոփոխությունը, դիրքը փոխելը օգտակար ա առողջության համար։ Ու ես ալարում եմ հակաճառել, որովհետև կա՛ էդ կուրսեցիս, որը դեմ էր պատերազմին, բայց գնաց Իրաք՝ պաշտպանելու ամերիկյան արժեքները։

#Ամերիկատեղ 31

Մի քանի օրով գաս հասնես Նյու Յորք ու գնաս Բրայթըն Բի՞չ։ Գնացքը երկար գլորվում ա։ Ժամից ավել։ Գետնի տակով ու վրայով։ Վագոնում սևեր են։ Մեկը բարձր ինքն իր հետ խոսում ա։ Ականջալուր եմ։ Իր հետ չի խոսում, խոսում ա իրեն հետապնդողների հետ։ Պատերազմի մեջ ա այլմոլորակայինների հետ։ Պատերազմի մեջ ա իր ներսի այլմոլորակայինների հետ։ Պատերազմի մեջա ա ինքն իր հետ։ Իջնում ենք։ Ու ժամանակի ճամփորդներով հայտնվում պերեստրոյկայի ճիշտ մեջտեղում։ Հեռավոր իննսունականների նավթալինի հոտը քթումս՝ հանգիստ սահում եմ բառախոլկայի գիրկը։  Չինական խալաթներ, լողազգեստներ, ռետինե հողաթափեր։ Գները գրիչով գրած։ Նովիյե պաստուպլենիա։ Մտնում ենք դեղատուն։ Ռուս-ուկրաինական պատերազմի նեղմաջալին, երբ Ռուսաստանը մնացել ա բոլոր հնարավոր սանկցիաների տակ, գնում ենք ակտիվացված ածուխ, ասկոֆեն։ Ամերիկայի ամենակենտրոնում։ Ֆուդ ընդ դռագ ադմինիսթրեյշընի քթի տակ։ Ժամանակի ճամփորդներ ենք։ Ժամանակով տեղաշարժվող անշարժ կոնտեքստ։ 

#Ամերիկատեղ 32

Ռուսախոս, սովետահոտ մարդիկ։ Ուկրաինական դրոշներ։ Կախված շենքերի պատուհաններից ու օվկիանոսի երկայնքով շարված ռեստորաններում։ Ռեստորան «Տատյանա»։ Լանչի մենյու՝ բորշ, կուրինիյ սուպչիկ, պելմենի, սալաթ օլիվյե, գարեջուր բալթիկա։ Մատուցողներ՝ անցումային պատանեկությունիցս։ Իրենք՝ դեռ պատանի։ Կողքի սեղանին սառը գարեջուր կոնծող փորավոր ու դաջվածքավոր տղամարդիկ՝ ականջները մեր սեղանին։ Կոնտեքստ․ ռուսերեն։ Ռուսախոս։ Սուպչիկն անհավ, բայց խիտ արգանակով ու լիքը մանր լապշայով։ Մանկությանս հիվանդի սուպը։ Ականջները ձգվում են, կողքի սեղանից անցնում մերին։ Գնացեք «Ջրահարս», ամենալավ բանյան է։ Ասում ա հարազատ մորը չմոռացող տատուով տղամարդը։ Կոնտեքստ․ Օդեսա։ Քայլում ենք Ջրահարսի ուղղությամբ։ Կողք կողքի, կիպ-կպած Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի  դրոշներն են՝ մի գծով։ «Թուրքական միջերկրական խոհանոց»։ Գրած ա։  Կոնտեքստ․ Ղրիմը մերն ա։ Ասում են Ստամբուլում։

 #Ամերիկատեղ 34

Ջրահարս անունով բանյան դրսից Արարատյան դաշտավայրի առանձին կայանատեղիներով օբյեկտ ա հիշեցնում։ Ուշխորհրդային բառախոլկայից գնել ենք կուպալնիկ, չինական քիմիայի հոտով ռետինե տապկաներ։ Սրբիչներն իրենք են տրամադրում։ Յուրաքանչյուրիս ճիշտ չորս հատ։  «Сжечь сжечь её, на костёр её»․ Գլխումս պտտվում ա սովետական Ջրահարսի երգը։ Գոլորշու մեջ տապակվում ա երկարոտ ջրահարսի մարմինը։ Ամուսինս Աֆղանստանում էր։ Հիմա Սիրիա են տեղափոխել։ Ասում ա կողքի նստած մարզված տատուավորին։ Անգլերեն։ Ռուս չի։ Ռուսախոս էլ չի։ Երկար եղունգներով մատները զգուշորեն դեմքից ետ են տանում կարմիր մազերը։ Պուտինն ուժեղ տղամարդ ա։ Ասում ա տատուավորը։ Վենիկները ջրով լի դույլերում կակղում են։ Ջրահարսը վեր ա կենում, ջուր լցնում թեժ քարերին, ցուցադրում հրաշք-մարմինը։ Ուժեղ տղերքի ժամանակն անցել ա։ Ասում ա կողքիս նստած հաստափոր սևամորթը, դուրս գալիս ու զգուշորեն ընկղմվում սառցե ջրավազանի մեջ։ Ջրահարսը խորը ներս ա քաշում այրող գոլորշին։ Ազդրերը սիրուն տարուբերելով՝ վերադառնում ու նստում տատուավորի կողքը։ Հա, ուժեղ տղամարդ ա։ Ասում ա։ Դիմացս մի տարիքով ցմփոր տղամարդ պառկել ա փափուկ փորին ու կինը վենիկով ծեծում ա։ Պուծին խույլո։ Ասում ա կինը։  Թրամփ տոժե խույլո։ Սեփական ծանրության տակից արտաբերում ա ամուսինը։ Ժիզն խույլո։ Ասում ա տատուավորը։ Ոտքի կանգնում, ջրահարսի դեմով անցնում՝ մկաններն ու տատուներն ի ցույց, դուրս գալիս, նետվում սառցե ջրավազանի մեջ։ Վայնա խույլո։ Շշնջում ա ներքևի հարթակում ոտքերը մեկնած ու պատին հենված լայնացած երակներով տատիկը։

#Ամերիկատեղ 35

Եկել ենք ուկրաինացի գրողներին լսելու։ Գեղի․․․ գյուղի եկեղեցում են խոսում։ Անունը հենց տենց ա․ Church of the Village: Ոնց որ Սևքարի Կլուբի Եկեղեցին։ Սովետի ժամանակ եկեղեցին ակումբի էին վերածել, հետսովետում սկզբում խաշ էին տալիս էդտեղ, հետո կրկին եկեղեցի դարձավ։ Չէ, էլի սխալ համեմատություն ես անում։ Ո՞նց կարելի ա Նյու Յորքի ամենաառաջադեմ վայրերից մեկը համեմատել Կլուբի եկեղեցու հետ։ Գյուղի եկեղեցու կայքէջում գրած ա․ մենք ողջունում ենք ցանկացած գույնի, ազգության, սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության և արտահայտման, ֆիզիկական և մտավոր կարողության և տնտեսական կարգավիճակի մարդկանց։ Խորանի վրա, խաչի տակ գրողները  պատմում են պատերազմից, կյանքից, մահից, երաժշտությունից ու էլի շատ բաներից։ Նրանցից մեկը պատերազմից առաջ հավատավոր պացիֆիստ էր։ Ու ակտիվիստ։ Լիքը հակապատերազմական տեքստեր ա գրել։ Հայրենասիրությունը հաջողությամբ համեմատել սեփական առնանդամի հետ, որը տեղին-անտեղին մերկացնում են ուրիշ ոչինչ չունեցողները։ Պիտի պատահեր միջին տարիքի ճգնաժամը, բայց պատահեց պատերազմն ու ինքը կամավոր զինվորագրվեց։ Ու հիմա ընդմիջել ա պատերազմը՝ Նյու Յորքի գրողական հավաքին խոսելու համար։ Նյու Յորքի գրողական հավաքին մերկանալու համար։ Ռուսներ էլ պիտի լինեին։ Իրենցն այլ, ուկրաինացիներից անկախ միջոցառում էր։ Հակապուտին, հակապատերազմ, հակա հեղինակներ, որ լքել են անդունդ գահավիժող անծայրածիր երկիրը։ Բայց ուկրաինացիները կազմակերպիչներին թուղթ են ցույց տվել, որ իրենք ստորագրել են ուկրաինական բանակի հետ։ Պարտավորվել՝ չլինել ռուսների հետ նույն հարթակներում։ Ու հիմա թեև իրենք ու ռուսները տարբեր խորանների վրա են խաչվելու, չեն կարող մասնակցել։ Հավաքը նույնն ա։ Ընդհանուր խորանը նույնն ա։ Աստված սեր ա։ Բայց հաղթեց ուկրաինական բանակը։ Կազմակերպիչները նախորդ օրը ռուսներին հանեցին ծրագրից։ Ուկրաինական բանակի զոհասեղանին դրեցին իրենց իսկ Հավատամքը։ Պատերազմի զոհասեղանին դրեցին իրենց իսկ հավատամքը։ Պուտինի զոհասեղանին դրեցին իրենց իսկ Հավատամքը։

#Ամերիկատեղ 36

Կոնտեքստ․ ռուս-ուկրաինական պատերազմ, երկրորդ տարի։

Հավատամք․ Գրողներ հանուն խաղաղության․

1. Բոլոր անհատներն ու ժողովուրդներն ունեն խաղաղության իրավունք, և այդ իրավունքը պետք է ճանաչվի Միավորված ազգերի կազմակերպության կողմից որպես մարդու համընդհանուր իրավունք:

2. Մենք նպաստում ենք քննարկումներին ու երկխոսությանը հակամարտող երկրներ ու աշխարհի տարբեր տարածաշրջաններ ներկայացնող գրողների միջև, որոնց հայրենիքներում վերքերը բաց են, իսկ քաղաքական կամքն ի զորու չէ լուծել լարվածությունը:

3. Մենք ձգտում ենք համախմբել ողջ աշխարհի ժողովուրդներին գրականությամբ, ինչպես նաև գրողների միջև ու լայն հանրության հետ քննարկումների միջոցով:

4. Մենք աշխարհի ամենամեծ մարտահրավերներից մեկն ենք համարում անցումը բռնությունից բանավեճի, քննարկման և երկխոսության: Մեր նպատակն է այս գործընթացին բերել մեր ակտիվ մասնակցությունը՝ ըստ անհրաժեշտության առաջ քաշելով միջազգային իրավունքի սկզբունքները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *