Հարցազրույց գրականագետ Սաթենիկ Ավետիսյանի հետ:
-2022թ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվեց ֆրանսուհի գրող Աննի Էռնոյին: Աշխարհի արագահոս ընթացքի մեջ այսօր ի՞նչ դեր ունի կնոջ ձայնը, որն արտահայտվում է նաև գրականության մեջ:
-Կնոջ ձայնը կարևոր ուղենշային արժեք ունի, որովհետև կինը մոլորակի նյութական ոլորտի պատասխանատուն է, նյութական կյանքի կազմակերպիչն է: Եթե նրան հաջողվում է նաև գաղափարապես ուղղորդել եռաչափ գոյաբանական աշխարհը, ուրեմն շատ կարևոր արդյունք կարող է ունենալ՝ ճիշտ գաղափարները՝ ճիշտ կաղապարներով արտահայտված։ Կինը սերունդ է կրթում․մայր է կինը, ուսուցչուհի է կինը, դաստիարակչուհի է, գիտնական․ բոլոր ոլորտներում, ըստ էության, գերիշխող դիրք ունի, ինչպես որ առհասարակ երկիր մոլորակի գործերի կառավարիչն է նա: Շատ ազգերի, մասնավորապես հրեաների մոտ դոմինանտ է համարվում կնոջ գենը: Կինը նաև սերունդների գենետիկ հիշողության կրողն է, որ փոխանցում է հաջորդներին: Կինը առանցքային գործառույթ ունի աշխարհիկ կյանքում: Գրականության մեջ, բնականաբար, այդ դերը կրկնապատվում է: Ինքն իր նյութական պատասխանատուի դերի հետ միասին ստանձնում է նաև ոգեղեն դաշտեր կազմակերպելու, գաղափարներ ստեղծելու և գաղափարներ տարածելու, բովանդակային զրույց ունենալու, այսինքն՝սերունդների գիտակցությունը ձևավորելու պատասխանատվություն։ Եթե կարողանում է այս երկու կարևոր ոլորտները ներդաշնակորեն ամբողջացնել, մենք ունենում ենք տաղանդավոր ստեղծագործող։ Ստեղծագործության հիմնարար բաղադրիչներն են աշխարհայացքը և գեղագիտությունը: Ստեղծագործության թեման և գաղափարները, այսինքն՝ բովանդակային շերտը, ներկայացնում են գրողի աշխարհայացքը. ինչպես է ընկալում աշխարհը, կյանքը, մարդուն և ինչպես է իրացնում իր ճանաչողությունը։ Իրականության ընկալման կերպը և արտահայտման կերպը պետք է ներձույլ, անտրոհ միասնական օրգանիզմ դառնան։ Կատարման գործիքը լեզուն է։ Լեզուն նշանային համակարգ է, գրողը պետք է հմտորեն տիրապետի աշխարհը կերպավորող այդ համակարգին՝ նրա հնարավորությունների ողջ երանգապնակը աշխատեցնելով։ Եթե թույլ է գրողի լեզվազգացողությունը, մենք ունենում ենք շատ տխուր պատկեր:
-Երբ ծանոթանում ենք պատմության մեջ հայ կին գրողների կենսագրություններին, տեսնում ենք, որ նրանց գործունեությունը զուտ գրողական գործունեությամբ չի սահմանափակվել, այլ նաև ակտիվ հասարակական գործունեությամբ են զբաղվել: Իրենց ստեղծագործությունների միջոցով բարձրացրել են կնոջ իրավահավասարության, ազատության և իրավունքի խնդիրներ: Կարո՞ղ ենք ասել, որ նաև ժամանակի ու պատմության ընթացքի վրա ազդելու, փոխելու «առաքելություն» են կատարել:
-Կարծում եմ, որ հայ կինը միշտ էլ ունեցել է ազատություն: Հայ ընտանիքի ներսում միշտ եղել է մայրիշխանություն, որքան էլ որ դրսից երևութական, դիտողական խաբկանք է եղել, թե տղամարդն է իրերի դրությունը որոշում․ կինն է եղել կազմակերպիչը ներընտանեկան կեցութային դաշտի: Մենք ունենք բազմաթիվ գրողներ, որոնք այդ երևույթը բերել են գրականություն: Օրինակ՝ Մնձուրու, Մաթևոսյանի արձակում կինը ներկայացված է որպես կենտրոնական, ուղղաձիգ կազմավորող ուժը գերդաստանի: Իհարկե, ավելի ուշ շրջանում կնոջ գործառույթները շատ ավելի բազմազան էին: Հետագա մեր գրողական դաշտը նաև հանրային գործունեություն սկսեց ծավալել, հատկապես 19-րդ դարի երկրորդ կեսին, երբ լիբերալ հայացքներ մուտք գործեցին գրականություն: Սրբուհի Տյուսաբը կնոջ ազատության, իրավահավասարության խնդիրները արծարծող վեպեր գրեց, որոնք գաղափարի մակարդակում էին կարևորվում: Գեղարվեստական տարածությունը ձևավորված չէր: Իմ խոսքը հենց սրան է ուղղված: Տրվելով որոշակի «սիրուն» կամ տվյալ ժամանակի մեջ պահանջված գաղափարների՝ տանուլ չտանք գեղարվեստի ոլորտում, գեղագիտական շերտերի հաշվին չլինի դա:Կարծում եմ այսօրվա մեր գրականությունը չունի նման խնդիր: Կինը շատ ազատ է մեր իրականության մեջ: Կինն աշխատում է, ստեղծագործում է, հավասարապես իրացված է նաև ընտանիքում, ուստի ժամանակակից կին գրողները չունեն այդ խնդիրը:
-Այսօր հայ կին գրողները տպագրվում են, հանդես են գալիս գրական մամուլի էջերում: Կաշկանդված չեն ու ազատ են ընտրելու իրենց ստեղծագործության թեմաները, ժանրը: Գրական մրցույթներին, փառատոներին ունենք կին մրցանակակիրներ: Ժամանակի ընթացքում փոխվե՞լ են արդյոք կարծրատիպերը կին գրողների մասին:
-Կարծում եմ չի էլ եղել կարծրատիպ: Սրբուհի Տյուսաբի ժամանակներում գուցե թե կար, ու նա դաժանորեն քննադատվեց: Բայց քննադատվեց զուտ երկի գեղագիտական արժեքի առումով, ոչ թե ազատական հայացքների: Մեր օրերում կին գրողները չունեն իրացման խնդիր. մամուլում այսօր ավելի շատ կին ստեղծագործողներ են ներկայացված, քան տղամարդ հեղինակներ: Կանայք ստեղծագործում են բոլոր ժանրերով և սեռերով: Նույն գրողը կարող է իրեն իրացնել և՛ պոեզիայում, և՛ էպիկական պատումի տարածքում, և՛ դրամատիկական սեռի ժանրերում: Ազատությունը շատ մեծ է: Ոչ մի կարծրատիպ մեր օրերում չի աշխատում: Մենք սիրով կարդում ենք, եթե գործ ունենք բարձր գրականության, արժեք ներկայացնող ստեղծագործության հետ: Գրքի երևանյան 5-րդ փառատոնին կային կին մրցանակակիրներ: Երբեմն գրական մրցույթներում մրցանակակիրների շարքում տղամարդիկ չեն լինում: Ես չէի ուզենա նաև, որ տուրք տալով արևմտյան արժեքներին, կանանց ազատության կեղծ տարփողմամբ մեր տղամարդկանց «քշեինք» անկյուն, քանզի համատիեզերական կարգի համաձայն՝ ոգու արքետիպը ուժեղ տղամարդն է, նա է կազմակերպում ոգու դաշտերը և առաջնորդում հանրային միտքը, նա էլ պետք է բարձր արվեստի արարիչը լինի, ինչպես որ է հիմնականում:
-Խոսենք ժամանակակից հայ կին գրողների ու նրանց ստեղծագործություններին բնորոշ առանձնահատկությունների մասին:
-Կին գրողները շատ են: Նրանցից շատերի ստեղծագործություններին անդրադարձել եմ գրախոսություններով։ Շատ են արձակագիրները, թեև պոետներն ու դրամատուրգներն էլ քիչ չեն: Այստեղ պետք է կարևորեմ արդեն նկատված աշխարհայացքի և գեղագիտության միասնականության խնդիրը, որ ըստ էության գրականության, գրական երկի էա տարրերն են: Հաջողված եմ համարում այն ստեղծագործությունը, որոնցում գաղափարները ճիշտ ձևի մեջ, ճիշտ հայեցակերպով և արտահայտչամիջոցներով են ներկայացված: Մենք լեզվի խնդիր ունենք արդի գրական ընթացքում: Գրողների մի զգալի մասը գրում է ինչ-որ կեղծ, անբնական, անգործածական լեզվով։ Սեռային տարբերակում չկա, նաև տղամարդկանց է վերաբերում: Ի վերջո, լեզուն ի՞նչ է, նշանային համակարգ է, ու այդ նշանների միջոցով իրենք պետք է վերստեղծեն իրենց երևակայության աշխարհը: Լեզուն՝ որպես նշանային համակարգ, դառնում է գիտակցության ֆենոմեն, և գիտակցությունը պետք է կարողանա կազմակերպել իրականությունը նշանների այնպիսի զուգորդումներով, ճիշտ համադրություններով, որպեսզի իրականությունը իմաստավորված և գեղագրված լինի միաժամանակ: Ցավոք, միշտ չէ, որ հանդիպում ենք պատկերագրված իրականության, այլաբերված իրականության: Ճշմարտացիությունն այս դեպքում կարևորություն չունի: Չէ՞ որ գրականության պատմությանն հայտնի են բազմաթիվ գրական գործեր, որոնք իրականությունից դուրս են: Դրանք զուտ գրողի երևակայության արդյունքն են, բայց բարձր արվեստ են ներկայացնում և կապվում են ընթերցողի գիտակցության հետ հենց գեղագրման ուժով: Կատարյալ իրականության իդեալներ են տալիս: Արդի գրական ընթացքի մեջ կարևորում և արժևորում եմ առաջատարներից մեկին՝ Սուսաննա Հարությունյանին, որովհետև նրա լեզուն իմ ասած այդ չափորոշիչներին համապատասխանում է: Դա կենդանի խոսքն է, որի մեջ ապրում է ազգը, ժողովուրդը կամ բնակչությունը, որի մասին ինքը գրում է: Լեզուն իրականություն ստեղծող գործոն է Ս.Հարությունյանի արձակում: Շատ քիչ են կին հեղինակները, որոնց լեզուն կենդանի խոսքն է ներկայացնում՝ բնական, մարդկային, կենդանի հարաբերությունները: Գրում են կա՛մ ինչ-որ «մեռած» լեզվով, որն, ըստ իրենց, գրական լեզուն է՝մաքրամոլության մեջ երբեն հասնելով ծայրահեղ անբնականության: Հաճախ հանդիպում եմ նաև քերականորեն սխալ կառուցված տեքստի, որը կեղծ ոճավորումներով է հագեցած: Այդ լեզվով ո՛չ մենք խոսում ենք, ո՛չ ընկալում ենք այդ լեզուն: Ինչպես իրավացիորեն նկատում էր Հրանտ Մաթևոսյանը՝ Ստիլիզացիան գրականության մահն է։ Ի վերջո, ի՞նչ է իսկական գրականությունը՝ գրողի դիտանկյունից այլաբանորեն ընկալված կյանքը: Իսկ լեզուն հենց մետաֆոր է՝ այդ աշխարհն ինչ-որ սիրուն տեսքի բերող: Այս իմաստով շատ լավն են երիտասարդներից Սյունե Սևադայի գործերը: Հետևում եմ նրա ստեղծագործական աճին, կենդանի խոսք է: Տեքստը ոճավորված է նուրբ հումորով, երբեմն իր ընկալումների մեջ միգուցե ծայրահեղ է, բայց երիտասարդ է, այդպիսին է կյանքի իր ճանաչողությունը: Դա էլ է հետաքրքիր: Գրական և խոսակցական լեզուների համաչափ կշռույթ ունի Արփի Ոսկանյանի լեզուն, բայց իրականության ճանաչողությունը միակողմանի է, երբեմն աղճատված, չափից դուրս հեղափոխական: Առանձին ուշադրության արժանի է Աննա Դավթյանի «Խաննա» վեպը: Նարինե Կռոյանը, որ մեր լավագույն արձակագիրներից է, բեղմնավոր գրիչ ունի, իր պատմվածքներում մեր ազգային կյանքի կոլորիտը ճիշտ լեզվով է ներկայացնում: Մարինե Պետրոսյանի բանաստեղծության լեզուն պարզունակ խոսակցական լեզուն է, որ դյուրընկալելի է հասարակ մարդուն, իսկ բովանդակային մակարդակում շատ արագ է արձագանքում մերօրյա ազգային հիմնախնդիրներին, որոնք կարևորվում են թե՛ քաղաքական հրատապության, թե՛ ազգային և հանրային կեցության տագնապների առումով: Այս իմաստով պահանջարկ ունեցող հեղինակ է, ունի իր լսարանը: Վիոլետ Գրիգորյանի պոեզիան գեղագիտական թանձր շերտերով իսկապես կնոջական պոռթկումներով է հատկորոշվում, նա ևս ակտիվ է մերօրյա ազգային տագնապների հանդեպ իր հայացքների դրսևորման առումով, ինչը շատ կարևոր է գրողի աշխարհայացքի զարգացումը դիտարկելու և ճշգրտելու պարագայում: Աշխարհատեսության և իրականության պատկերագրման կայուն հայեցակարգ է ներկայացնում Սոնա Վանի բանաստեղծությունը: Ներաշխարհի, բնաշխարհի և Աստծո զրույց է Վեներա Վարդումյանի բանաստեղծությունը՝ կառուցված հարուստ և ապրող հայերենով։ Իհարկե, այնպես չէ, որ ցանկացած գրող չի կարող ունենալ թույլ գործեր, ու բոլորը պետք է գլուխգործոցներ լինեն, բայց հաճախ գաղափարի կամ աշխարհայացքի գեղագիտության հաշվեկշիռը խախտվում է: Կարդում ես գործն ու չես հասկանում, թե ինչ խնդիր է լուծում ի վերջո: Եթե էսթետիկական հաճույքն է, ապա, դա չկա, եթե գաղափարն է՝ այն չի ամրանում, առանցք չի ստեղծվում նրա շուրջ: Օկտավիո Պասը գրական ստեղծագործությունը նմանեցնում է ծառի, որը գեղեցիկ է ամբողջի ներդաշնակությամբ և ոչ թե առանձին բնի, ճյուղերի կամ տերևների կատարելությամբ, հետևաբար ստեղծագործության մասնակի հատվածների հաջողվածությունը բավարար չէ այն բարձր գնահատականի արժանացնելու համար։
-Կա կարծիք, որ կին գրողները մի յուրօրինակ ներքնատեսությամբ են նկարագրում կին հերոսների հուզական աշխարհը, մտածողությունը: Ըստ ձեզ կին գրողները ունե՞ն ընդհանրություններ իրենց ստեղծագործական ըմբռնումներում: Ի վերջո, կա՞ արդյոք «կանացի գրականություն»:
-Իհարկե, մենք հիմա ինչի՞ մասին ենք խոսում: Միգուցե կին գրողները կդատապարտեն ինձ, բայց եթե գրողը կին է, ապա բնական է, որ աշխարհատեսության իր կերպը կանացի է: Կին գրողը նախևառաջ կին է, մայր է՝ որոշակի մարմնակազմով և հոգեկառույցով, և իր դիտակետից է նայում աշխարհին: Սուսաննա Հարությունյանի, Սոնա Վանի, Վիոլետ Գրիգորյանի և մյուսների աշխարհը ընկալելու և մեկնաբանելու կերպը բացառապես կնոջական է։ Կնոջ զգայական դաշտն ավելի ընդգրկուն է, ավելի հարուստ է, զգացմունքների երանգապնակն ավելի մեծ է, ու եթե նա նաև տաղանդավոր գրող է, ուրեմն կարող է ճանաչողության հարուստ շերտերով գալ գրականություն: Հաճախ են վեճեր ծագում, երբ սահմանում ես «կնոջ գրականություն» եզրույթը, ընդվզում է առաջանում, բայց պնդել, որ տղամարդն ու կինը, լինելով արմատապես տարբեր կառուցվածքներ, ունեն աշխարհատեսության նույն կերպը, լուրջ և հիմնավորված չէ։
-Գրական մամուլում հանդես են գալիս երիտասարդ ստեղծագործողներ, ովքեր իրենց առաջին քայլերն են կատարում դեպի գրական դաշտ: Ի՞նչ կասեք, հետևու՞մ եք նրանց:
-Իհարկե, հետևում եմ, կարդում եմ նրանց գործերը գրական մամուլում,տարբեր հանդեսներում, առանձին գրքով: Տարիներ առաջ «Կայարան»-ում կարդացի երիտասարդ հեղինակի, հետաքրքրիր գործ էր ներկայացրել: Ե՛վ պատկերներն էին խորքային, և՛ լեզուն էր լավը՝ բորխեսյան ոճով գրված: Հետո էլ չհանդիպեցի այդ անվանը: Երբեմն մեկ-երկու երևումներ են լինում, հետո մխրճվում են առօրյայի հարահոս ընթացքի մեջ և չեն շարունակվում։ Չէ՞ որ գրողը պետք է սոկրատյան կեցությամբ ազատություն ունենա ուսումնասիրելու կյանքը. հաճախ ստեղծագործելու ազատությունը չի գտնվում։ Երիտասարդներին պետք է ճիշտ ուղղորդենք, կրթենք, թույլ տանք, որ աճեն: Արդեն խոսեցի Սյունե Սևադայի մասին, Նառա Վարդանյանը և Արմինե Բոյաջյանը ինքնորոնման և աշխարհաճանաչման ընթացքի մեջ են։ Վերջերս հաճելի անակնկալ էին իմ երկու ուսանողուհիների գրողական հայտերը՝ Հասմիկ Կարապետյան, Նվարդ Դուդուկչյան։ Մանե Մկրտչյան-Արզումանյանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն արժեքավոր դիտարկումների և մեկնությունների դաշտ է ստեղծում՝ հատկապես կնոջական խոհերի, կյանքի իր փորձառությունը փիլիսոփայական պատկերների վերածելու, իր հոգու խորքերը բացահայտելու դիտանկյունից։ Նորերին բեղմնավոր ընթացք և աճ մաղթենք, որ նրանց հայացքը հաղթահարի առարկայական աշխարհի սահմանագիծը և թափանցի իրականության անտեսանելի, անշոշափելի, իռացիոնալ շերտերի մեջ: Մոգականը, ֆանտաստիկը, ներքին աչքով ճանաչվող աշխարհները չեն հայտնաբերվում արդի գրականության մեջ։ Մերոնք չունեն գաղտնագիտական գիտելիքներ. հայացքը առարկայական աշխարհից այն կողմ չի անցնում։ Մասնակիորեն Սաթենիկ Մկրտչյանի արձակն ունի գերիրական աշխարհի ընկալում, որոշ դրվագային դրսևորումներ կան Սուսաննա Հարությունյանի և Նարինե Կռոյանի գործերում: Մեղմ ասած, մեր Ջոան Ռոուլինգը դեռ չունենք։ Հայացքի ժամանակատարածական ընդգրկումները և կենսատեղեկատվական հոսքերը սահմնափակ են, կատակով ասում եմ՝ «սպուտնիկ անտենա» չունի։ Կարինե Խոդիկյանի, Նարինե Կռոյանի գործերում, Անուշ Սարգսյանի պատմվածքներում ներկայացվում է շոշափելի իրականության պատկերը, ներքին աչքին տեսանելի աշխարհները բացակայում են։ Նաբոկովը գրողների երեք տիպ է առանձնացնում՝ պատմող, ուսուցիչ և մոգ. մերօրյա գրողներն հիմնականում պատմող են, երկրորդ գործառույթը շատ թույլ է արտահայտված, իսկ գրող մոգն առհասարակ բացակայում է։ Քանի որ գրող-քննադատ երկխոսությունը չի կայանում, գրական ընթացքն էլ չի առողջանում, չի զտվում ու զուլալվում։ Շատ դեպքերում գրողը պատրաստ չէ քննադատություն լսելու իր գրի մասին. անդրադարձը ստեղծագործության անկատարություններին սրերով է ընդունվում։ Այդ պատճառով գրաքննադատությունն այսօր ակտիվ չէ: Հաճախ հանդիպում ենք չմշակված, չաշխատված գրական տեքստերի: Հաճախ քերականական, ոճական սխալներ են լինում, բայց քննադատությունը լռում է և անտեսում այդ անկատարությունները, հետևանքը՝ մեծ քանակի կիսատ-պռատ, թերարժեք գործեր։ Արագագրությունը, անընդհատ երևալու և հնարավոր բոլոր մրցանակաբաշխություններին մասնակցելու միտումը ակնհայտորեն խանգարում է: Հասկանում ես, որ չես կարող գրել մի տեքստի մասին, որի հանդեպ ինքը հեղինակը հոգատարություն չի դրսևորել: Տոլստոյը իր վեպերի վրա աշխատում էր տարիներով, ուներ բազմաթիվ մշակված, խմբագրված, մաքրագրված տարբերակներ: Ես ուսումնասիրում էի Չարենցի «Դոֆին նաիրական» շարքը: Ամեն մի բանաստեղծությունն ունի երեք, չորս տարբերակ: Ի՜նչպիսի խնամքոտ, մանրակրկիտ աշխատանք է տարել ամեն բառի և պատկերի վրա: Նախնական «հում» տեքստը մշակման, հղկման, ճշգրտման կարիք ունի: Եթե դու պատկերում ես մի երևույթ, որը նաև կոնկրետ պատմական ժամանակաշրջանի արգասիքն է, կամ իրողություն, որ համալիր քննություն է պահանջում, ուրեմն դու այդ ժամանակաշրջանը կամ երևույթը պետք է լավ ուսումնասիրես: Միայն աստվածատուր շնորհը քիչ է, պետք է գումարվի աշխատասիրություն, նվիրում, անընդհատ սովորելու, կարդալու, ինքնազարգանալու ջանք: Գրականությունը նաև պատասխանատվություն է ընթերցողի առջև. չէ՞ որ հասցեատերը նա է։
Հարցազրույցը՝ Սիրանուշ Նազլուխանյանի
