Հարցազրույց բանաստեղծ, գրականագետ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետ Արմեն Սարգսյանի հետ:
Գրականությունն այսօր ի՞նչ դերակատարում ունի հասարակական գործընթացներում:
Առհասարակ, գրականության հանձնառությունը տարբեր ժամանակներում խիստ տարբեր է եղել, որովհետև երբեմն գրականությունը ինքը չի որոշել, թե ինչ դեր պետք է կատարի: Խորհրդային Միության օրոք գրականությունը իրականացրել է որոշ հիմնարկ-հաստատությունների գործառույթներ: Աշխարհագրական տեսանկյունից աշխարհճանաչողության դեր էլ է կատարել: Գրքերը նաև ինֆորմացիա տալու, ստանալու աղբյուր էին 20-րդ դարում: Ժամանակակից աշխարհում գրականության գործառույթները փոխվել են: Այլևս Տոլստոյը կարիք չունի մանրամասն նկարագրելու իր հերոսների համազգեստների ուսերը, կամ Հյուգոն կարող է ֆրանսիական աթոռի դետալային պատկերումը շրջանցել: Գրականությունն այսօր բեռնաթափվել է այդ ամենատարբեր «լծերից», որոնք դրել էին իր ուսերին: Այն ավելի մոտեցել է մարդուն: Այն այսօր ընկերոջ պես նստում է քո կողքին, փորձում է ճանաչել տալ քեզ: Ես կարդում եմ, որ ինձ ճանաչեմ, հետո նաև իմ միջոցով՝ աշխարհը: Գրական ժանրերը տարբեր են, ընթերցողներն են տարբեր, ընթերցողական նախասիրություններն են տարբեր: Ամեն գրող ունի իր ընթերցողը, ինչպես ամեն ընթերցող ունի իր գրողին ընտրելու իրավունք: Ցավոք, այսօր չեմ կարծում, որ գրողների ձայնը լսելի է հասարակական-քաղաքական գործընթացներում, որովհետև գրողական կազմակերպությունների, միությունների ձայնը թույլ լսելի է մեզնում:
Գրականագիտության ուսումնասիրության տիրույթում ի՞նչ տեղ է զբաղեցնում ժամանակակից գրականությունը: Կարծիքներ են հնչում, որ գրականագետները քիչ են գրում ժամանակակից գրականության մասին:
Ցավով պետք է նշեմ, որ այսօրվա պրոցեսներին մեր գրաքննադատները շատ քիչ, կամ գրեթե չեն անդրադառնում: Նրանք աշխատում են ինչ-ինչ հիմնարկներում, երբեմն դիսերտացիաներ են պաշտպանում: Կարծում եմ, լավ գրաքննադատը նա է, ով զբաղվում է իր գործով: Շատերը մոռացել են, թե ինչպես պետք է գրել գրաքննադատական հոդված: Իրենց գրիչն էլ արդեն հետ է վարժվում: Նախևառաջ իրենք պետք է մտածեն այդ մասին: Լավ կլինի, որ ժամանակակից պրոցեսները ուղեկցվեն գրաքննադատական հոդվածներով, որոնց ընթերցողների մի ստվար մաս մեծ ուշադրություն է դարձնում և լսում է այն խորհուրդները, որոնք տալիս են գրաքննադատները: Մամուլը տալիս է այդ հնարավորությունը: Գրական- մշակութային մամուլը հոնորարներ է տալիս նաև գրաքննադատական հոդվածներին: Խորհրդակցում եմ խմբագիրների հետ, հասկանում եմ, որ չկան այդ գրաքննադատները: Այսինքն կան, բայց չեն գրում: Վերջերս Ալվարդ Սեմիրջյանի հոդվածը կարդացի դոկումենտալ գրականության մասին: Շատ արժեքավոր էր: Այդպիսի հոդվածներ շատ քիչ են գրվում: Գրաքննադատներ կան, որ ասում են, թե չեն ուզում նեղացնել գրողներին, բայց դա մոլորություն է:
Որքանո՞վ է կարևոր գրող-գրաքննադատ-ընթերցող կապը:
Միանաշանակ այն ի նպաստ կարող է ծառայել գրողին: Քննադատել չի նշանակում վիրավորել միմյանց , այն տերմին է, վերլուծության հոմանիշ: Եթե իրենք իրենց մասնագիտական ոլորտում ունեն ասելիք, ցանկանում են հետագայում շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը, ուրեմն պետք է ակտիվ լինեն: Գրողը լսում է այդ արձագանքները, սպասում է, հետևություններ է անում, կարող է հրապարակավ չընդունել, բայց իր հաջորդ գործերում, աշխատանքներում տեսնում ենք այդ փոփոխությունները :
ԿԳՄՍ նախարարությունը ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին տրվող աջակցության ծրագրով դրամաշնորհային մրցույթ է հայտարարել: Ներկայացվող նախագծերում կա՞ն հայ ժամանակակից գրականությանը վերաբերող աշխատանքներ:
2019 թվականից է այդ ծրագիրը իրականացվում: Ամեն տարի թվով քսան և ավելի մարդ աջակցություն է ստանում: Լավ ծրագիր է, քանի որ նախարարության աջակցությունը հրատարակչական փուլից տեղափոխել է գրողներին ուղիղ աջակցության փուլ, ինչը մեծապես խթանում է ստեղծագործողներին՝ իրենց կարողությունները լիարժեք բացահայտելու համար: Գրողներն այսօր բազմազբաղ են, սա անհրաժեշտ է, որ նրանք իրենց աշխատանքից կտրվեն, գրեն, ստեղծեն մնայուն, արժեքավոր ստեղծագործություններ, որոնք հրատարակիչները լույս են ընծայում: Այս տարի դեռ նոր ենք հայտերը ստացել:
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կանցկացվի Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը: Այս տարի ինչո՞վ կառանձնանա փառատոնը նախորդ տարիներից: Կընդլայնվե՞ն փառատոնի սահմանները:
Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը այս տարի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն է տեղի ունենալու: Ընդլայնվել ենք ոչ միայն տարածքներով, այլ նաև մասնակցող գրողների աշխարհագրությամբ: Այս տարի հյուրեր ունենք նաև արտերկրից: Շատ հետաքրքիր օտարագիր գրողներ կլինեն: Մեր ընթերցողներին հայտնի ու անհայտ անուններ կան: Հյուրերին առաջիկայում կներկայացնենք: Կարծում ենք, սա ճանապարհ է, որը տանում է Գրքի երևանյան փառատոնի միջազգայնացմանը: Իհարկե, այն շարունակում է մնալ կայացած դեռևս որպես հանրապետական փառատոն: Բայց այս տարին որոշիչ է:
Գրական մրցույթը իրականացվելու է արձակ, պոեզիա, դրամատուրգիա, մանկապատանեկան գրականություն անվանակարգերում: Ի՞նչ են տալիս մրցույթներին մասնակցությունը գրողներին:
Մրցույթները շատ կարևոր նշանակություն ունեն: Իհարկե կա դրամական փոքր աջակցություն, բայց էականը դրամական աջակցությունը չէ: Գրողը պետք է ունենա անհատական գրողական կենսագրություն, որը վերաբերում է իր ստեղծագործական գործունեությանը: Այն կարևոր է նաև Հայաստանից դուրս տարբեր փառատոններին, միջոցառումներին ներկայանալու համար: Նախորդ տարվա Գրքի երևանյան փառատոնի մրցույթին մասնակցել էր մոտ 140 գրող: Այս տարի չորս անվանակարգ ունենք, դեռ չի լրացել հայտարարված վերջնաժամկետը։
Այսօր համացանցային տիրույթը հնարավորություն է տալիս գրողին հեշտությամբ հանրայնացնել իր ստեղծագործությունները, շատերը այսկերպ են ճանաչում ձեռք բերում: Իսկ ինչպե՞ս պետք է զատորոշվի իսկապես արժեքավոր գրականությունը:
Ինչպես արդեն ասացի՝ ցանկացած գիր ունի ապրելու իրավունք: Գրական մամուլը պետք է ավելի խիստ լինի: Նոր անուններ ներկայացնի, բայց նաև այդ «մաղելու» գործառույթը պետք է կատարի, հետո նաև՝ հրատարակչությունները:
Ամեն ժամանակաշրջան ունի իր մտահոգությունները, որոնք արտացոլում է տվյալ ժամանակի գրականությունը. պատերազմ, քաղաքական, հասարակական տեղաշարժեր: Կարո՞ղ ենք ասել, որ նաև մեր ապրող ժամանակաշրջանն է «թելադրում» գրողին ստեղծագործության թեմաները:
Չեմ կարող ասել, որ այդպես է, որովհետև արցախյան պատերազմը, երբ եղավ, բոլորը մտածում էին, որ գրքերն այդ թեմաներով կգրվեն: Շատ քիչ գործեր գրվեցին: Մի քանի պատմվածք է գրվել մեր գրականության մեջ, նաև մեկ-երկու վեպ: Լևոն Խեչոյանի «Սև գիրք ծանր բզեզ» վեպը հաջողածներից է: Տարօրինակ ոչինչ չկա: Հաճախ տասնամյակներ անց են անդրադառնում այդ թեմաներին, երբ ամեն բան մարսված-յուրացված-ճանաչված է: Շատ դժվար է «թարմ» թեմային միանգամից անդրադառնալը, որովհետև, երբ դու դեռ դրա մեջ ես ապրում, ամեն բան իրական է, շատ դժվար է այն բերել և օբյեկտիվորեն ներկայացնել գրականության մեջ:
Ի՞նչ կասեք մանկապատանեկան ներկայիս գրականության մասին, ի՞նչ զարգացման հեռանկարներ ունի այն:
Հրաշալի մանկապատանեկան գրքեր են այսօր Հայաստանում տպվում:Կան հրատարակչություններ, որոնք իսկապես կարևոր գործ են անում, որոնցից է «Զանգակ»-ը: Ալվարդ Ջիվանյանի անունը պետք է նշեմ, ով հրատարակչության մանկական բաժինն է ղեկավարում, նաև հրաշալի գրքեր է ներկայացնում ընթերցողներին: Ունենք շատ լավ մանկագիրներ: Լավ է, որ վերջապես Հայաստանում տպագրվում են պատկերապատում գրքեր: Շատ հաջողված են Լիլիթ Ալթունյանի «Կապույտ աղվեսը»,«Երաժիշտ Հրեշը»: Այսօր վերահրատարակվում են Հովհ. Թումանյանի գործերը հրաշալի նկարազարդումներով: Դրսում՝ հինգ երկրում լույս տեսավ Նաիրա Մուրադյանի նկարազարդումներով Հովհ. Թումանյանի գործերը, որոնք հրաշալի հրատարակություններ են: Գրահրատարակչական կյանքը Հայաստանում շատ ակտիվ է ու եթե համեմատենք տաս տարի առաջվա հետ, հիմա մի քանի անգամ ավել մեծ է այն իր ծավալով, ընդգրկումներով: Հետ չենք մնում, գնում ենք առաջ:
Կա՞ն վիճակագրական տվյալներ՝ քանի՞ գրական կազմակերպություն կա Հայաստանում և ի՞նչ լծակներ ունեք դրանց վրա ազդելու. քանի որ ԿԳՄՍՆ-ն միակ հաստատությունն է, որ ֆինանսավորում է դրանք, կարծում ենք, որ պիտի լինեն ինչ-որ լծակներ։
Հրատարակչությունները, գրական խմբակցությունները և խմբագրությունները հարյուրավոր են։ Եվ դա հրաշալի է։ Նախարարությունը որևէ լծակով նրանց վրա չի ազդում, Հայաստանն ազատ երկիր է, այստեղ գրաքննություն չկա։ Մենք միայն կարող ենք հետևել նախարարությունից դրամաշնորհ ստացած կազմակերպությունների աշխատանքի բարեխղճությանը, բայց միայն այդքանը։
Արցախյան, հատկապես առաջին, պատերազմի մասին գրվել են բազմաթիվ վեպեր ու պատմվածքներ, որոնք ժամանակին չեն ներկայացվել հանրությանը, և տպավորություն է՝ թե դրանք չկան։ Ի՞նչ եք անում ձեր ֆինանսավորած գրքերը հանրահռչակելու համար։
Նախարարությունն աջակցում է գրողներին բոլոր հարթություններում. գրական մամուլը՝ տպագիր թե էլեկտրոնային, մեծ մասամբ լույս է տեսնում պետության աջակցությամբ, խմբագրությունները կարողանում են հոնորարներ վճարել, նախարարությունն աջակցում է գրողներին, քննադատներին ու թարգմանիչներին՝ տալով տևական աշխատանքի համար անհրաժեշտ դրամաշնորհներ, աջակցում է գրողների ստեղծագործությունների թարգմանություններին, եթե արտերկրի հրատարակիչները ցանկություն են ունենում հրատարակելու։ Կազմակերպում է ընթերցանությունը խթանող, ժամանակակից գրականությունը հանրայնացնող ծրագրեր, որոնցից է, ասենք, Գրքի երևանյան փառատոնը։ Հայաստանյան հրատարակիչների և գործակալությունների համար հարթակներ է ապահովում միջազգային ցուցահանդեսներում։ Այս ամենը, կարծում եմ, քիչ չէ։
Հարցազրույցը վարեց Սիրանուշ Նազլուխանյանը
