Մարդն ունի ծնվելու, ապրելու ու մեռնելու օրեր։ Եթե եռման ջրի միջից լեղապատառ հանում են երկամյա մանչուկին, մտքում տանել-թաղելու ցավը մի կերպ խեղդելով, իսկ նա բռնում ճանկռում է փրկարարի ձեռքը, ոչինչ չես կարող անել։ Եթե դեռ ղժժում է, իրեն կոտորում, պիտի փորձես ուղերձը հասկանալ՝ ինչ-որ բան այս կյանքում այն չէ, ու գուցե հենց նա է եկել մի բան փոխելու։ Կյանքն իր հունով կշարունակվի, վերքերը կլավանան ու միայն բազկին դաջվածքի պես կմնա առնականության յուրահատուկ խորհրդանիշ դարձած սպին, որին շատուշատ աղջիկներ երանությամբ կգգվեն։ Խարանը մի կողմից առյուծի բաշի նման կլինի, մի այլ կողմից եթե ուշադիր նայես ու երևակայությանդ զարկ տաս՝ սովորական ջոկերի, ինչ դեր նետես, այն էլ կխաղա։ Բայց դա կպարզվի շատ ավելի ուշ, այն ժամանակ, երբ երկրում, որտեղ կապրի փրկված մանչուկը, զոհն ու մարդասպանը կխառնվեն իրար՝ տղա ես, գնա ջոկի։
Մարդասպանը լավ էլ անմեղ է, եթե մեծահարուստ օլիգարխի թիկնապահն է, իսկ մի սրամիտ ընկերոջ պատկերավոր բնորոշմամբ՝ ձախ ձուն, գուցեև՝ աջ։ Շատ էլ թե զոհը բժիշկ չէ, այն էլ՝ զինվորական։ Զինվորական ես, բժիշկ ես՝ գնա քո գործով զբաղվիր, ինչ գործ ունես գնաս ռեստորան, քիթդ խոթես սեղանի ճաշացանկի մեջ, դեռ մի բան էլ մատուցողի հետ վիճես, իրավունքներ բանեցնես։ Չգիտե՞ս, որ թիկնապահը հույժ կարևոր պետական այրի է պաշտպանում ու որ առանց նրա անձնվեր կեցվածքի ոչ միայն ռեստորանը չի ծլի-ծաղկի, այլև հայրենիքը չի հզորանա, ազգը չի հաղթի, ու ոչ էլ աշխարհի երեսին նայելու համարձակություն կունենաս։ Քո նման բժիշկները վխտում են փողոցում, դու չլինես, մեկ ուրիշը կլինի, իսկ նրա պաշտպանյալը՝ եզակի հայրենասեր այր է, գրեթե անփոխարինելի է։ Երկու անգամ կբամփեն գլխիդ՝ վերջ, եկեք ձեր դիակը տարեք, մենք չէինք ուզում, ինքնըստինքյան ստացվեց։ Եթե պետք լինի՝ որպես բարի կամքի դրսևորում ներողություն էլ կխնդրեն։ Հազարավոր արժանապատիվ սպաներ կոկորդներին կանգնած զայրույթի հեղձուկը մի կերպ կուլ կտան, լեզուները կկծեն, բռունցքները կսեղմեն ու կգնան իրենց առօրյա ծառայությունը քարշ տալու վասն հայրենյաց, ու տարեցտարի կրծքներին կավելանան բազմերանգ մեդալներն ու խաչերը՝ «Ծառայում եմ հայրենիքին» երդմանը հար ու ներդաշնակ։ Մի քանի տասնյակ մարդ մեծահարուստ օլիգարխի դղյակի մոտ ցույց կանի, ոստիկանությունը կգա, որին հրմշտելով, որին փշի-փշի անելով տուն կճանապարհի ու կխոստանա անաչառ արդարադատություն։ Փսփսոցները, թե օլիգարխն անձամբ է հրահանգել պատժել հանդուգն բժշկին փսփսոցներ էլ կմնան, իսկ դատարանը, որքան էլ արդարացի, փսփսոցներով չի առաջնորդվում, այլ այն անբեկանելի ճշմարտությամբ, որ բժիշկը պարզապես սայթաքել է ու գլուխը անհաջող խփել քարին։ Դեռ լավ է, որ ձեռքին պատահմամբ մոտը մնացած վիրաբուժական նշտար չի եղել ու ընկնելիս խրվել սիրտը, վրացու հին անեկդոտի նման։ Կպարզվի, որ ցուցարարների մեջ նույնիսկ մի փոխգնդապետ է սպրդել, որին էլ տեղում կզորացրեն՝ ներքաղաքական հարցերում զսպվածություն պահպանելու սկզբունքը խախտելու մեղադրանքով։
-Չե՞ս հասկանում, որ թշնամու ջրաղացին ես ջուր լցնում,-կասի ռազմական ոստիկանության աչալուրջ սպան, – դեռ մոմ պիտի վառես, որ չենք դատում։
Սպան այդ խոսքերը կասի առանց գլխի ընկնելու, որ շուտով մոմ վառելու փոխարեն մարդը մի ընդհատակյա խումբ է ձևավորելու ու ազգային էպոսից ներշնչված ռազմական հեղաշրջման փորձ անի։ Բայց ըմբոստ փոխգնդապետին հանգիստ թողնենք, նա չէ մեր հետաքրքրության բուն թիրախը։ Ավելի լավ է դառնանք մեր պատմությանը փորձելով աղ ու պղպեղ հավելել պատերազմի և խաղաղության այն անհամ ապուրին, որ արդեն երեսուն տարի անիմաստ խառնում ու խառնում ենք։ Ահա թե ինչպես են հաղթում պատերազմը, թշնամին միայն թե համարձակվի թպրտալ, մեր սպանված ընկերոջ համար զմռսված զայրույթը ամբողջ ուժով նրանց գլխին կթափենք։ Էնպիսի ջարդ կտանք, որ էլ չասած, շատ էլ թե մեր ընկերոջը, օդում կախված լուրերի համաձայն, հենց մերոնք էլ չսպանեցին, օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, քուչի շան նման քացի տակ գցելով ռեստորանի բակում։ Ազգային փակուղին էլ պոզով պոչով է լինում, եթե չասենք ազգային ողբերգությունը, որ սողոսկեց մեր երկիր, չգիտեմ` ետնաբակի՞ց, թե՞ արքայական շքամուտքից` ընդարմացած ամբոխի բուռն ծափողջյունների ներքո։
Բայց ամեն փակուղի էլ ճեղքելու ձևեր կան, ավանդական և ոչավանդական։ Ավանդականը՝ համոզելով, խոսքով-բանով, մտքի թռիչքով, ոչ-ավանդականը էպոսից սերված մի խելահեղ պոռթկումով։ Այնպես որ, երբ տարածվեց լուրը, թե մի դիմակավորված մարդ, հատուկ նշանակության զինվորականի համազգեստով, մտել պայթեցրել է մեծահարուստ օլիգարխի դղյակը, տարբեր կարծիքներ հնչեցին։
-Այ քեզ տղա,- ասաց մեկը,- ընկերոջ վրեժը լուծեց։
-Ինչ կապ ուներ,- տարակուսեց մյուսը,- դեպք էր, պատահել էր, էլի, դու գնա քո սահմանը պահի։
-Էլ չեն համարձակվի քաշքշել մարդուն, առավելևս՝ սպանել,- կարծիք հայտնեց երրորդը։
-Էդ ինչ ջոկեր ա հայտնվել,-զարմացավ վերջինը, վերջերս դիտած ամերիկյան գլուխգործոց կինոնկարի ազդեցությանը տուրք տալով։
Ու այդպես էլ անունը ժողովրդի մեջ տարածվեց՝ Ջոկեր։
-Ջոկերը սատկացրեց։
-Ջոկեր իզ բեք։
-Ջոկերին` ազգային հերոս։
Կատակը՝ կատակ, լուրջը՝ լուրջ, բայց մարդը, որ քաշել էր նռնակի օղակը, երկար ճանապարհ էր անցել այն հեռավոր օրվանից, երբ ոտքը դրել էր Երևանի Պետական Համալսարանի հյուրընկալ շեմին։ Դիմակավորված հանցագործի մասին ոստիկանության հաղորդման մեջ եթե չտեսնեի բազկի ծանոթ սպին, ես էլ գլխի չէի ընկնի։ Թող ոստիկանությունն իր հետաքննությունն անի, ես էլ հետ կգնամ հիշողության ոլորաններով, ինչպես վայել է իսկական ընկերոջը, կփորձեմ թացն ու չորը իրարից զանազանել ու իմ սեփական պատմությունը հունցել, մի քիչ իրական, մի քիչ էլ՝ մտացածին։ Չզարմանաք, նա եկել էր համալսարան ջոկերը գրպանում թաքցրած ու մեծ աստղը ճակատին։ Ու հիմա, որ միայն ես գիտեմ նրա ինքնությունը, ցավով թաքցնելու եմ իսկական անունը ու Ջոկեր երկիմաստ մականունը տամ, ով ոնց կուզի՝ թող այդպես էլ հասկանա։ Մինչդեռ ժամանակին ոչ մի երկիմաստություն չկար, նա ու նա էր անվիճելի առաջնորդը, խարիզմատիկ հրամանատարը, ում կուզեք գնացեք հարցրեք։ Ուր ոտք դներ, հարյուր հոգի շրջապատում էին, ասես մեղր քսած լիներ վրան։ Ինչ-որ մեկին նեղացրե՞լ էին՝ Ջոկերն էր չարագործի հարցերը լուծում-ճամփու դնում կամ մեղրածոր լեզուն գործի գցում ու հաշտեցնում բոլորին։ Կարևոր որոշո՞ւմ պիտի կայացվեր, էլ ով կարող էր խելքը գլխին միտք հուշել, եթե ոչ նա։ Խնջույք էր պետք կազմակերպել, խանդավառության արքան ինքն ու ինքն էր։ Ընկերության սիրտն ու հոգին էր, աղջիկների՝ սիրելի չամիչը, իսկական վեհ ասպետ, որ մարտի ութին ծաղիկներ էր շաղ տալիս ծանոթ-անծանոթ գեղեցկուհիներին։ Հետո ինչ, որ մի թեթև մարդկային թուլություն ուներ ու ժամանակի պատկառելի մասը անցկացնում էր քիմիական ֆակուլտետի ծխապատ լսարաններում, հենց մեր հետ ձեռք ձեռքի տված կերտելով համալսարանական բլոտի ու, սատանի ականջը խուլ, մի քիչ էլ սեկայի պատմության հիշարժան ակնթարթները։ Պիտի խոստովանեմ, որ Ջոկերը գրպանում թաքցրած խաղաքարտը այդպես էլ երբեք չօգտագործեց, նույնիսկ օրհասական պահերին, հավանաբար պահելով մի ավելի կարևոր պահի երևան հանելու ու բախտի քթին ճտտացնելու համար։ Պատահական չէ, որ եռացրած ջրի միջից հրաշքով փրկվելուց հետո մի գուշակ մարգարեացել էր՝ շատ առաջ կգնա։ Էն ժամանակ դեռ չէր հայտնվել այն իմաստունը, որ շտկում մտցներ այդ ավանդական մաղթանքի իմաստի մեջ` կարևորը միայն առաջ գնալը չէ, առավել կարևոր է, թե ու՞ր ես գնում: Հետևաբար չգիտենք, թե ուր կգնար Ջոկերը, եթե հազար ու մի հարթ ու կանաչ ճանապարհները թողած, պատահմամբ չհայտնագործեր իր նոր տարերքը ու չբռներ դառնար պրոֆեսիոնալ զինվորական, ոչ ավել ոչ պակաս` հատուկ նշանակության գնդի սպա, ժողովրդական լեզվով ասած` սպեցնազ, ռեմբո, չգիտեմ էլ ինչ։
-Առանց զորք, առանց զենք կյանքս չեմ պատկերացնում,- հետագայում մի առիթով խոստովանելու էր նա՝ արժանանալով ընկերների ապշանքին։
-Գժվեց էս տղեն,- ասելու էր տղերքից մեկը,- էսքան կյանք սիրող քեֆչի մարդն ի՞նչ զինվորական։
-Դեռ գժվելը չես տեսել,- խնդմնդալու էր մեկ ուրիշը,- սրա ձենը լսվելու ա մի օր։
Ապրելու օրերը մեկը մեկին փոխարինելու էին, ուսադիրի փոքր աստղերը բազմանալու էին ու խոշորանային, մեդալներն ու կրծքանշանները ստվարանային։ Ու ոչ մի արտառոց բան էլ չէր պատահելու, եթե հույժ կարևոր հանձնարարություն կատարելիս մի օր չվիրավորվեր ու հայտնվեր կյանքի ու մահվան սահմանագծին՝ ճիշտ եռացրած ջրի մեջ ընկնելու ու հրաշքով փրկվելու օրվա նման։ Հիմա էլ թվալու էր, թե այրվում է դժոխքի ճիրաններում, բայց մի հրեշտակ վերջին պահին մեկնելու էր ձեռքը ու դուրս քաշեր։
-Հրաշքով պրծար,- ասելու էր բժիշկը,- կյանքդ մի կերպ փրկեցի։
-Բժիշկ ջան, կյանքս մի անգամ էլ են փրկել,- ամեն դեպքում քեզ պարտք եմ մնում։
-Կլինի՝ կտաս,- կատակելու էր բժիշկը։
Չգիտենք, թե փամփուշտը գանգատուփի որ մասն էր վնասել, բայց դրանից հետո գրպանում սկսել էր խլրտալ խունացած ու համարյա մոռացված ջոկերը։ Այնպես աշխույժ էր խլրտացել, որ ոտքերը ինքնաբերաբար տարել հասցրել էին ուղիղ կազինոյի դուռը։ Հենց այդ պահից էլ սկսվելու էր Ջոկերի հայտնությունը կամ թե կուզեք՝ երկրորդ կյանքը։ Ուրիշներինը մեռնելուց հետո է սկսվում, նրանը` դեռ մինչև մեռնելը։ Մարդկային անկման մի սովորական չարչրկված պատմությունն իզուր ճղճիմ մանրամասներով չծանրաբեռնելու ու մարդու կյանքի հերոսական էջերը չպղտորելու համար պարզապես ասենք, որ սկզբում Ջոկերից երես էին թեքել խաբված ընկերները, հետո լաց էին եղել վշտացած սիրուհիները, հետո հիասթափվել էին բերանբաց մնացած մարտական ընկերները, սարսռացել էին բարեկամներն ու հարազատները, մղկտացել էին խեղճ ծնողները, ու ամենավերջում էլ թևերը կոնքերին էր կանթել հավատարիմ կողակիցը, կապել ճամպրուկը ու չվել օվկիանոսից անդին։ Ջոկերը կորցրել էր ամեն ինչ, տրվելով խաղի հմայանքին ու ապավինելով բախտի աստվածուհու հովանավորությանը։
-Խմենք սպաների, ենթասպաների, մարդասպանների ու ինքնասպանների կենացը,- հիշելով փորձառու գնդապետի հայտնի բաժակաճառը սպեցնազի տղերքի մասին՝ ասել էր մարտական ընկերկերից մեկը,- տեսնես որ մեկն է մեր ռեմբո ախպերը։
Մի խոսքով, Ջոկերը, մեր երբեմնի սիրելի սպան, ենթասպան, մարդասպանն ու ինքնասպանը, դարձել էր ուրվական առանց անվան, ում մասին խոսում էին անորոշ ածականներով ու սրտի խորքում մզզացող ցավը մի կերպ զսպելով։ Պարտատերերի ամենօրյա սպառնալիքները, ընկեր-ծանոթների ամոթանքները դարձել էին առտնին բան, թուքումուրը՝ հորդառատ անձրև։ Միակ փրկությունը թերևս վերջերս ֆեյսբուքով ստացած նամակն էր, որ առաջարկել էր պարտքերի մարում, կայուն եկամուտ։ Մեծ բան չէին ուզում՝ ընդամենը ինչ-ինչ տեղեկություններ, որին ի պաշտոնե, որպես հատուկ նշանակության սպա, տիրապետում էր Ջոկերը։ «Ի՞նչ երկիր ես պաշտպանում որ, քո ոչ մի հարցը չլուծեց, նեղ ժամանակ ոչ ձեռք մեկնեց՝ ոչ բան»,- գրել էր նամակի հեղինակը։ Ջոկերն էլ մտածել, մտածել, լույսի ճանապարհ էր տեսել, համաձայնել էր ու պայմանավորվել հանդիպել մի երրորդ երկրի ինչ-որ խուլ կազինոյում։ Ի վերջո, մի անգամ ենք ապրում` գուցե այդ օրը բախտը բերի ու ռուլետկայի սլաքը կանգնի իր ընտրած թվի՝ քառասունչորսի վրա։ Վա-բանկ կգնա, մի մեծ խաղադրույք կանի ու գուցե փրկվի։ Ո՞վ ասաց, որ այդ օրը իր մեռնելու օրն էր։
Տաքսի էր կանչել ու վարորդին փոխանցել թղթի վրա գրված հասցեն՝ երկու հարյուր հիսուն կիլոմետր դեպի հյուսիս։ Ճանապարհին զգացել էր, որ ընկղմվում է քլքլթացող ջրի մեջ, մարմինն ու հոգին այրվում են, ինչպես քառասուն տարի առաջ։ Մարմինը փրկելը հեշտ է, դժվարը հոգին փրկելն է, ինչպես չէր հասկացել այդ պարզ ճշմարտությունը։ Ընդամենը պետք է ընդառաջ գնալ ձեռքը պարզած հրեշտակին։ Ընդամենը պետք է գրպանի անիծյալ խաղաքարտը պատռել ու դեն նետել գրողի ծոցը։ Հետո նկատել էր, որ բազկի սպին, համարյա խամրել է, կորցրել որևէ աղերս կամ նմանություն առյուծի հետ։ Եթե հայելու մեջ նայեր, կտեսներ, որ ճակատի մեծ աստղն էլ է իսպառ անհետացել։ Հետո հայտնվել էր հրեշտակը, բարոն Մյունհաուզենի հանգույն մազերից բռնել ու դուրս քաշել եռացող ջրի պղպջակներից։ Ջոկերին թվացել էր, թե իր կյանքի ամենամեծ ջեքփոթն է հաղթել ու վարորդին իմիջայլոց, կարծես ամեն օր նույն բանն էր անում, հրահանգել էր․
-Վարպետ, քշի քաղաքի ամենահայտնի օլիգարխի տուն, ում ռեստորանում վերջերս մի բժիշկ էր սայթաքել։ Այսօր իմ ծնվելու օրն է։
