Արթուր Շնիցլեր, Թարգմանություն

Այրին

Դեռ չի կարողանում հավատալ․ ամեն ինչ այնքան անսպասելի էր։

Նա ընդամենը երկու օր հիվանդ պառկեց․ ամառային բարեբեր օրեր էին,  առանձնատան ննջարանի բաց պատուհանների դիմաց փռված էր ծաղկած այգին, և երկրորդ օրվա երեկոյան նա մահացավ այնպես անակնկալ, հանկարծակի, որ չհասցրին հասկանալ։ Եվ այսօր արդեն տարան նրան այնտեղ՝ զառիվեր ճանապարհով, որը հիմա Ռիխարդը պատշգամբից, իր թիկնաթոռին նստած, հայացքով ուղեկցում է մինչև սպիտակ ցածրիկ պատերով բոլորված փոքրիկ գերեզմանոցը, ուր հանգչում է նա։

 Երեկո է. փողոցում, որով մի քանի ժամ առաջ սև կառքերն էին ծանրորեն բարձրանում, աղջամուղջ է հիմա, և գերեզմանատան սպիտակ պատերն այլևս չեն փայլփլում։

Նրան մենակ են թողել․ինքն էր այդ մասին խնդրել։ Սգահանդեսի հյուրերը վերադարձել են քաղաք․ծնողները երեխային իրենց հետ տարել են․ ուզում էր մի քանի օր մենակ մնալ։ Պարտեզում նույնպես լուռ է, միայն երբեմն շշունջներ են հասնում ականջին․ սպասավորները, պատշգամբի տակ կանգնած, զրուցում են։ Ընդարմացում է իջնում վրան․երբեք այսքան հոգնած չի եղել։ Կոպերը փակվում են, փակ աչքերով նորից տեսնում է ամառային հետմիջօրեի շոգը փողոցում, տեսնում է ծանրորեն հեռացող կառքերը, մոտեցող մարդկանց, նույնիսկ ձայներն են հնչում ականջին։

Գրեթե բոլորն այնտեղ էին, որոնց ամառը շատ հեռու չէր տարել, և երիտասարդ կնոջ անսպասելի մահը սգալով՝ մխիթարության ամոքիչ խոսքեր էին ասում նրան։ Եկել էին նաև ամենահեռվից, մարդիկ, որոնց մասին չէր մտածում, մարդիկ, որոնց անունը հազիվ գիտեր,  նրա ձեռքն էին սեղմում։ Չէր եկել միայն նա, ում բոլորից շատ էր ուզում տեսնել՝ սիրելի ընկերը։ Նա հավանաբար ավելի հեռվում է՝ Հյուսիսային ծովի հանգստավայրերից մեկում, ուր մահվան բոթն անշուշտ ավելի ուշ է հասել, քան նա կարող էր գալ։ Առավոտյան միայն իր մոտ կլինի։

Ռիխարդը բացում է աչքերը։ Փողոցը սուզվել է իրիկնային մշուշի մեջ, միայն սպիտակ պատերն են նշմարվում մթաստվերներում. սարսուռ է իջնում վրան։ Վեր է կենում, դուրս է գալիս պատշգամբից, մտնում է կողքի սենյակը։ Կնոջ սենյակն է։ Հապճեպ ներս մտնելով՝ չէր մտածել այդ մասին, մթնում գլխի չէր էլ ընկնի, եթե  ծանոթ բույրը չզգար։ Վառում է գրասեղանին դրված կապույտ մոմը, և երբ տեսնում է սենյակն իր լուսավորության և հարազատ պատկերի մեջ, ընկնում է բազմոցին և սկսում է արտասվել։

  Երկար լալիս է, անզուսպ, ինքնաբուխ արցունքներով։ Վեր է կենում. գլուխը թմրած, ծանրացած է։ Աչքերը շաղվում են․ գրասեղանի վրա աղոտ մարմրում է մոմի բոցը։ Ուզում է, որ ավելի լույս լինի, աչքերը սրբում է, վառում է դաշնամուրի կողքի ցածրիկ սյան վրա դրված աշտանակի բոլոր յոթ մոմերը:

  Լույսը սփռվում է սենյակով մեկ, բոլոր անկյուններում, պաստառների նուրբ ոսկեգույնը փայլում է, ամեն ինչ այնպես է, ինչպես այն ժամանակ, մեկն այն երեկոներից, երբ ներս էր մտնում, կնոջը տեսնում ընթերցանությամբ կամ նամակներով տարված։ Նա նայում էր իրեն, ժպտում, ձգվում իր կողմը՝ սպասելով համբույրի։ նրան ցավ է պատճառում իրերի անտարբերությունն իր շուրջը. Առաջվա պես են՝ ամուր, կարծր, փայլում են, ասես չգիտեն, որ սոսկ տրտմություն ու ցավ են սփռում։ Երբեք այսպիսի միայնություն չի զգացել, երբեք այսքան սուր չի եղել ընկերոջ կարոտը։ Մտածելով նրա մասին, թե ուր որ է կգա և սիրելի խոսքեր կասի իրեն, միաժամանակ զգում է, որ ճակատագիրն իր համար ինչ-որ բան ունի պահած, թերևս սփոփանք, ամոքում։  Ե՞րբ է վերջապես գալու նա։ Չէ՞ որ գալու է, առավոտյան  արդեն տեղ կհասնի։ Եվ կմնա, մի քանի շաբաթ կմնա իր մոտ․ նա չի կարող իրեն մենակ թողնել։ Երկար կզբոսնեն այգում,  առաջվա պես այնքա՜ն հաճախ կխոսեն խորը և առանձնահատուկ բաների մասին, որոնք իշխում են օրերի և սովորական ճակատագրերի վրա։ Երեկոները առաջվա պես կնստեին պատշգամբում՝ մութ երկնքի տակ՝ լուռ ու անսահման, երկար կզրուցեին մինչև ուշ գիշեր, և նա, որ իր աշխույժ ու անհոգ բնույթով մեծ հետաքրքրություն չէր ցուցաբերում լուրջ խոսակցություններին, ժպտալով բարի գիշեր կմաղթեր նրանց ու կգնար իր սենյակը։ Որքան հաճախ էին այդ զրույցների ժամանակ իր առջև ծառանում առօրյա  մանրուքներ, հոգսեր․ hիմա դրանք կշատանան, բայց արդեն բարիք ու փրկություն կլինեն իր համար։

  Ռիխարդը շարունակ անցուդարձ է անում սենյակում, մինչև սեփական քայլերի ձայնը սկսում է խանգարել նրան։ Նստում է փոքրիկ սեղանի մոտ՝  վառվող կապույտ մոմի դիմաց, զարմանքով, քնքշությամբ նայում իր առջև դրված սիրելի իրերին։ Երբեք իրերն առանձին-առանձին  չէր դիտել, միշտ տեսել էր ընդհանուրի մեջ։ Փղոսկրյա գրչակոթ, թուղթ կտրելու երկարավուն դանակ, բարալիկ կնիք՝ եղեգնաքար բռնակով, ոսկելար ագույցով փոքրիկ բանալիներ․ վերցնում է բանալիները, ձեռքի մեջ շուռումուռ տալիս,  նորից տեղը դնում, որպես գործածական արժեքավոր իրեր։ Բացում է գրասեղանի մեջտեղի դարակը․ բացված թղթապանակի մեջ նամակների համար նախատեսված մոխրագույն անփայլ թղթեր են, որոնց վրա կինը գրում էր, նրա ձեռագրով գրված բացված ծրարներ են, երկարավուն, նեղ այցետոմսեր՝ նրա անունով։ Ձեռքն ակամա տանում է կողային դարակին․ կողպված է։ Մի պահ գլխի չի ընկնում, նորից է դուրս քաշում, ակամա, առանց մտածելու։ Հետո կամաց-կամաց կենտրոնանում է, ջանք գործադրում, ուզում է բացել այն․ վերցնում է արկղիկի կողքին ընկած փոքրիկ բանալին․ հենց առաջինը  համընկնում է․ արկղիկը բացվում է։ Տեսնում է կապույտ ժապավենով խնամքով ամփոփված նամակներ, որոնք ինքն էր նրան գրել։ Առաջին՝ ամենավերևի նամակը, նշանված ժամանակներում գրած իր առաջին նամակն է։ Կարդալով սիրելի հասցեն, բառերը, որոնք ամայացած սենյակը նորից լցնում են խաբուսիկ կյանքի պատրանքով, խորը շունչ է քաշում,  մրմնջում նույն դժոխային, կսկծացնող խոսքերը՝ ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Արձակում է մետաքսյա երիզը, մատների արանքում սահեցնելով՝ կարդում նամակները։ Բառերի պատառիկներն անցնում են աչքերի առջևով, չի կարողանում ամբողջությամբ կարդալ։ Միայն վերջինն է ուշադիր, վանկ առ վանկ կարդում՝ մի քանի կարճ նախադասություն այն մասին, որ ուշ երեկոյան է քաղաքից վերադառնալու, որ անասելի ուրախ է՝ շուտով նորից տեսնելու սիրելի, անուշիկ դեմքը․ զարմանում է․ կարծես այդ քնքուշ բառերը գրել էր ոչ թե մեկ շաբաթ, այլ երկար տարիներ առաջ։

         Նա դարակն ավելի է  դուրս քաշում՝ տեսնելու՝ ինչ նոր բան կգտնի։

Մի քանի տրցակ էլ է տեսնում, բոլորը մետաքսե կապույտ ժապավենով կապված․ թախծոտ ժպտում է։ Կային նամակներ նրա՝ Փարիզում ապրող քրոջից, որոնք միշտ միասին էին կարդում։ Կային նամակներ նաև նրա մորից՝ տղամարդուն բնորոշ յուրահատուկ ձեռագրով, որով ինքը մշտապես հիանում էր։ Մի պահ չի կարողանում ճանաչել ոլորազարդ, հստակ ձեռագիրը։ Քանդում է մետաքսյա ժապավենը, նայում ստորագրությունը․ ընկերուհունն է, որ նույնպես այսօր այնտեղ էր եղել, գունատ, արտասվաթոր աչքերով։ Նամակների տակ՝ ամենաներքևում, տեսնում է եւս մեկ կապ․ մյուսների նման հանում է, սկսում է զննել։ Ու՞մ նամակն է սա։ Անծանոթ է։ Ո՛չ, անծանոթ չէ։ Հուգոյի նամակն է։ Առաջին իսկ բառից, որ  կարդում է՝ դեռ մետաքսյա ժապավենը չհանած, քարանում է տեղում։ Ապշահար նայում է շուրջբոլորը՝ սենյակում ամեն ինչ նու՞յնն է առաջվա պես, նայում է առաստաղին, հետո՝ նորից տառերին, որ լուռ փռված են իր առջև և հաջորդ պահին պետք է պատմեն նրան այն ամենը, որ հուշում էր առաջին բառը: Փորձում է ժապավենը քանդել, բայց այն կարծես դիմադրում է․ ձեռքերը դողում են։ Ի վերջո արձակում է կապը։ Ծրարները երկու ձեռքով բռնած՝ վեր է կենում, մոտենում է դաշնամուրին, որի սև, փայլուն մակերեույթը լուսավորված էր աշտանակի տասներկու մոմերի բոցով։ Կարդում է՝ երկու ձեռքով դաշնամուրին հենված․կարճ նամակներ՝ մանրիկ, զարդարեն տառատեսակներով․ անհամբեր, հատիկ-հատիկ կարդում է ամեն տառը, ինչպես առաջին տառն են  կարդում։ Բոլորը կարդում է, մինչև վերջինը, որը Հյուսիսային ծովի առափնյա մի  բնակավայրից էր եկել, մի քանի օր առաջ, ապա նետում է մյուսների մեջ, խառնում իրար, տնտղում, ասես ինչ-որ բան է փնտրում, ուզում է  նոր բան գտնել, այնպիսի մի բան, որ բոլոր նամակների բովանդակությունը անհետանար, ցնդեր, և անհեթեթ թյուրիմացություն թվար իր առջև նոր բացված զազրելի ճշմարտությունը… Երբ ձեռքերը  վերջապես դադար  են առնում, նզովյալ աղմուկն ասես մեկեն լռում է… Բայց ամեն շշուկ դեռ կենդանի հիշողություն է. ինչպե՜ս է զնգում նրբագեղ սպասքը գրասեղանի վրա… դարակների ճռռոցը…  ինչպե՜ս է կողպեքը բացվում… թուղթը ծալվում և խշշում… իր հապճեպ քայլերի ձայնը… ընդհատ-ընդհատ, հառաչող շնչառությունը… Վերջ։ Այլևս ոչ մի ձայն սենյակում։ Զարմանում է, որ անմիջապես հասկացավ, թեև այդ մասին երբեք չէր մտածել։ Ավելի լավ կլիներ՝ բոլորովին չհասկանար, ինչպես որ չի կարողանում հասկանալ նրա մահը․ կարոտում է իր թրթռուն, տաք ցավին, որ անտես-անպատում դիպվածն է բերում, միևնույն ժամանակ հանկարծակի բացահայտված մերկ ճշմարտությունը փոթորկվում է զգայարաններում, որից սենյակի իրերն ասես ծանրանում են, և ունկերի մեջ քար է դառնում թանձրացող անտակ լռությունը։ Հետո համրաքայլ մոտենում է բազմոցին, ընկողմանում փափուկ բարձերի մեջ  և տրվում խորհրդածություններին…

Եղել է մի բան, որ ամեն օր լինում է, ինքը մեկն է նրանցից, որոնց վրա շատերը ծիծաղում են։ Վաղը կամ մի քանի ժամ հետո ինքն էլ անշուշտ ապրելու է սոսկալի իրավիճակի ողջ ծանրությունը, որ ապրում են մարդիկ այդպիսի դեպքերում… գիտի՝ զայրույթը հոշոտելու է սիրտը, որ այդ կինն ավելի շուտ մահացավ, և ինքը չհասցրեց վրեժ լուծել նրանից, գիտի՝ երբ մյուսը գա, ինքն ահա այս ձեռքերով շան պես սատկացնելու է նրան։ Ա՜խ, ինչպե՜ս է տենչում այդ ազնիվ, խելահեղ պահը, որքան բավարարված է  զգալու այդժամ, մինչդեռ մտքերն այժմ ոլորք-ոլորք քարշ են գալիս հոգու միջով… Հասկանում է, գիտի, որ միանգամից ամեն ինչ կորցրեց, որ ամբողջ կյանքը երեխայի նման պետք է սկսի հեռվից, քանզի այլևս իր հիշողությունների կարիքը չունի։ Եվ ամեն ինչից առաջ պետք է պատռի դիմակը, որով հիմարի տեղ են դրել իրեն։ Ոչինչ չի տեսել, ոչինչ չի կասկածել, չի մտածել, վստահել է, և լավագույն ընկերը դավաճանել է, ինչպես կատակերգություններում… Միայն թե նա չլիներ։ Չէ՞ որ գիտի, և ինքն էլ է զգացել, որ լինում են արյան փոթորկումներ, որոնց ալիքները չեն հասնում հոգու ափերին։ Լիներ մեկը, որին չճանաչեր, գեթ այդքան հարազատ չլիներ իրեն, գուցե վաղուց մոռացած լիներ նրան, բայց սրան, որին այնպե՜ս սիրում էր, ինչպես երբևէ չի սիրել  որևէ մեկին, որի հետ ավելի շատ է կապված, քան իր կնոջ հետ, կին, որ իր հետ երբեք չի անցել հոգու մութ խորքերը տանող արահետներով, որն իրեն հաճույք և հարմարավետություն, բայց երբեք հասկանալու խորը ուրախությունը չի պարգևել։ Մի՞թե չգիտեր, որ կանայք ստապատիր արարածներ են, մտքով չէր՞ անցնում, որ իր կինը ևս ընդամենը կին է, ինչպես բոլոր մյուսները, խաբեական ու սին, գայթակղելու ծարավի։ Երբևէ մտքով չի՞ անցել, որ ընկերը ևս, որքան էլ բարձր արժանապատվության տեր, կանանց հանդեպ, այնուամենայնիվ, տղամարդ է, ինչպես բոլոր տղամարդիկ, և կարող է ենթարկվել պահի արբեցումին։ Մի՞թե այս կրակոտ, դողդոջուն նամակի որոշ երկչոտ բառեր չեն մատնում, որ նա սկզբում պայքարել է ինքն իր դեմ, փորձել է հեռանալ, փախչել, վերջապես, աստվածացրել է  այս կնոջը, տառապել նրա համար։

Տարօրինակ է՝ ամեն ինչ այնքան պարզ է, հասկանալի, ասես մի օտար մարդ եկել, կանգնել իր դիմաց, պատմում է: Չի կարող բարկանալ, որքան էլ ուզում է. հասկանում է, ինչպես որ ուրիշների դեպքում է հասկացել: Եվ հիմա, երբ կինն այնտեղ է՝ գերեզմանատան լռության մեջ պառկած, զգում է՝ չի կարող նրան ատել․ իր մանկական զայրույթը, եթե անգամ թռչի այդ սպիտակ պատերի վրայով, թևաթափ սուզվել – լուծվելու է մահվան խորհրդի մեջ։ Զարմանալի է, որոշ բառեր, որ իբրև արտահայտություն ողորմելիորեն ժամանակավրեպ են թվում, մի առանձնահատուկ պահի բացում են իրենցում ամփոփված հավիտենական խորհուրդը, երբ նրանց լուսավորում է մի այլ բառի նվիրական ճշմարտությունը, որը նույնպես հնացած էր թվում․ «Մահը հաշտեցնում է»։ Եվ ադեն գիտի՝ երբ մյուսը գա, կանգնի իր դիմաց, ինքը չի փնտրի ազդու, քինախնդիր բառեր… Երկրային նանրամիտ, ծիծաղելի կեցվածք՝ մահվան լռության առջև։ Ո՛չ, նա խաղաղությամբ կասի նրան. «Գնա՛, ես քեզ չեմ ատում»:

     Չի կարող նրան ատել։ Նա կարողանում է այնքան խորը նայել մարդկանց հոգիների  մեջ, որ ասես օտարվում է իրենից։ Ասես դա այլևս իր ապրածը չէ, այլ պատահական մի իրավիճակ, սովորական իրողություն կյանքի ճամփաներին, և անհասկանալին այն է միայն, որ հենց սկզբից չի տեսել, մտքով իսկ չի  անցել այդ մասին։ Մինչդեռ ամենը ինքնըստինքյան պարզ ու հասկանալի է, չէ՞ որ հազարավոր այլ օրինակներ կան։

Մտքում վերստեղծվում է կնոջ պատկերը ամուսնության առաջին, երկրորդ տարիներին՝ քնքուշ, միաժամանակ նաև վայրի մի էակ, որ ավելի շատ սիրուհի էր իր համար, քան կին։ Եվ, ի՞նչ է, իսկապես հավատացե՞լ է, թե այդ փթթուն,  հեշտասեր արարածը, իր վրա առնելով ամուսնության ակամա հոգնությունը, պետք է ուրի՞շը դառնար։ Ինքն այդ կրակը հանկարծակի հանգած համարեց, որովհետև արդեն  չէ՞ր բոցավառվում դրանով։ Եվ, զարմանալի՞ է, որ նրան հենց սա՝ այս մեկը, դուր եկավ։ Իր երեսուն տարիների մեջ ընկերը դեռ պատանու քնքշանք ու մեղկություն ունի ձայնի և կեցվածքի մեջ, և որքան հաճախ է եղել, երբ նրա դիմաց նստած՝ մտածել է. «Նա պետք է որ կանանց շատ դուր գա»։ Հիշում է, որ անցած տարի, թերևս հենց այն ժամանակ, երբ այս ամենը արդեն սկսվել է, Հուգոն երկար ժամանակ հազվադեպ էր այցի գալիս։

Եվ ինքը՝ ամուսինը, այն ժամանակ նրան ասաց. «Ինչու՞ էլ չես գալիս մեզ մոտ»։ Երբեմն ինքն էլ հենց գրասենյակից նրան իրենց տուն էր բերում, իրենց հետ քաղաքից դուրս տանում, բարեկամաբար հանդիմանում էր, երբ նա երբեմն իրեն հեռու էր պահում։ Ու այսքան ժամանակ ոչինչ չի կասկածել նույնիսկ, մտքով էլ անց չի կացրել։ Չի՞ նկատել նրանց՝ միմյանց հանդիպող խոնավ ու տաք հայացքները։ Չի՞ լսել ձայնի դողը միմյանց հետ խոսելիս։ Չի՞ հասկացել նրանց երկչոտ լռության իմաստը, որը ժամանակ առ ժամանակ իջնում էր նրանց վրա այգու ծառուղիներում զբոսնելիս։ Չի՞ զգացել Հուգոյի ցրված, քմայքոտ թախծությունը՝ անցյալ տարվա այն ամառային օրերից, երբ… այս ամենը սկսվել է։ Այո՛, նկատել է, և երբեմն նույնիսկ ինքն իրեն ասել է․ «Կանանց հետ կապված հարցեր են, որ տանջում են նրան»,- և ուրախ է եղել, երբ կարողացել է ընկերոջը լուրջ խոսակցության մեջ քաշել, խոսել կյանքի սովորական տվայտանքների մասին… Իսկ հիմա, երբ մտովի նայում է անցած այդ օրերին, չի՞ տեսնում, որ ընկերոջ նախկին կենսուրախությունն արդեն չկա, որ նա  ընտելացել է դրան, ինչպես ընտելանում են այն ամենին, որը կամաց- կամաց գալիս է և չի անհետանում։

Եվ մի տարօրինակ զգացում է հեղվում սիրտը, որին սկզբում ասես չի ուզում հավատալ՝ խորը քնքշություն, անսահման կարեկցություն մի մարդու նկատմամբ, որի վրա ճակատագրի պես տապալվել է դժխեմ կիրքը, մարդ, որն այս պահին գուցե, ո՛չ, անշուշտ ավելի շատ է տառապում, քան ինքը, որի համար մահացել է մի կին, ում նա սիրում էր, որը պետք է կանգնի ընկերոջ առջև, ում դավաճանել է։

    Եվ չի կարողանում նրան ատել․ դեռ սիրում է նրան։

Հասկանում է, որ ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե կինը մահացած չլիներ։ Այս մեղքը նաև անիմանալի մի խորհրդավորությամբ կպարուրվեր կնոջ գոյությունից, նրա ժպիտից։ Իսկ այս անողոք վերջը կլանում է այն ամենը, ինչն այդ ողորմելի արկածին մի որոշ երևութականություն կարող էր հաղորդել։ Սենյակի խորունկ լռության միջով մեղմ թրթիռ է անցնում։ Քայլերի ձայն՝ աստիճանների վրա։ Շունչը պահած՝ ականջ է դնում. լսում է զարկերակի տրոփը։

    Դրսի դուռը բացվում է։

    Մի պահ թվում է, թե հոգում ամեն ինչ փուլ է գալիս, բայց հաջորդ պահին նորից ամրապնդվում է կամքը։ Եվ գիտի՝ ինչ է ասելու, երբ նա ներս մտնի․ «Ես ամեն ինչ հասկացել եմ, մնա»։

Ձայնը դրսում. ընկերոջ ձայնն է։

   Մեկեն հիշում է, որ  այս մարդը ներս է մտնում՝ բոլորովին անտեղյակ, որ ինքն է առաջինը նրան ասելու։

Ուզում է բազմոցից վեր կենալ, դուռը կողպել, քանի որ  զգում է՝ ոչ մի բառ չի կարող  ասել։ Չի կարողանում շարժում անել․ ասես քարացել է: Նրան ոչինչ, այսօր ոչ մի բառ չի ասի, վաղը միայն…վաղը, հետո։

Դրսում՝ շշուկներ։ Ռիխարդը որսում է հազիվ լսելի հարցը.

-Նա մենա՞կ է։

Ոչինչ, ոչ մի բառ այսօր չի ասի նրան. Միայն վաղը…կամ էլ՝ հետո…

Դուռը բացվում է․ ընկերն է։ Գունատ է, մի պահ  վարանում է, ասես ուզում է ուժերը հավաքել, ապա արագ-արագ մոտենում է Ռիխարդին, նստում նրա կողքին՝ բազմոցի վրա, ձեռքերն առնում իր ձեռքերի մեջ, ամուր սեղմում, ուզում է ինչ-որ բան ասել, բաց ձայնը դավաճանում է նրան։

Ռիխարդը նայում է նրան՝ ձեռքերը դեռ նրա ձեռքերի մեջ։ Մի պահ լուռ  են:

– Իմ խեղճ ընկեր,-վերջապես ասում է Հուգոն մեղմ ձայնով։

Ռիխարդը գլխով է անում, ոչինչ չի կարողանում ասել։ Եթե խոսի, ապա ասելու է՝ ես գիտեմ…

Մի քանի րոպեից Հուգոն սկսում է խոսել․

-Ես դեռ վաղ առավոտյան պետք է այստեղ լինեի։ Բայց ուշ երեկո էր արդեն, երբ տուն հասա և հեռագիրը կարդացի։

-Ես այդպես էլ մտածեցի,- ասում է Ռիխարդը՝ ինքն էլ զարմանալով, որ խոսում է հանգիստ, բարձրաձայն։ Նայում է ուղիղ նրա աչքերին… Հանկարծ մտաբերում է, որ այնտեղ՝ դաշնամուրի վրա, նամակներն են։ Եթե Հուգոն վեր կենար, մի քանի քայլ աներ, կարող էր տեսնել դրանք, ամեն ինչ իմանալ։ Նա ակամա բռնում է ընկերոջ ձեռքերը․ դա դեռ չպետք է լիներ․ հենց ինքն է դողում բացահայտումից։

Հուգոն նորից սկսում է խոսել։ Մեղմ, հանդարտ բառերով,  խուսափելով հանգուցյալի անունը տալուց, հարցնում է նրա հիվանդության, մահվան մասին։ Եվ Ռիխարդը պատասխանում է։ Սկզբում զարմանում էր, որ կարողանում է դա անել, որ կարողանում է այդ օրերի տխրության ընդունված, անհոգի ու տափակ բառերը գտնել։ Հայացքը թափառում է ընկերոջ դեմքին, որ, սրսփացնելով շրթունքները, լսում է։

Երբ Ռիխարդը դադար է տալիս, մյուսը գլուխն օրորում է, ասես հասկանալիս լինի անհասկանալին, անհնարինը։ Հետո ասում է․

-Ես վախենում էի, որ  գալս կարող էր չստացվել։ Ասես ճակատագիր լիներ։

Ռիխարդը հարցական նայում է նրան:

-Մենք ծովում էինք։ Ճիշտ այն օրը… հենց նույն ժամին։ Այո՛, այո՛…

Պատկերացում չունեինք։ Նավարկում էինք, հրաշալի քամի էր, այնպե՜ս ուրախ էինք… Սարսափելի է, սարսափելի է։

Ռիխարդը լուռ է։

   -Բայց դու, իհարկե, այստեղ չես մնալու, Ճի՞շտ է։

Ռիխարդը զարմացած նայում է․

   -Ինչո՞ւ։

   -Ո՛չ, ո՛չ։ Չպետք է մնաս։

   -Բայց ո՞ւր պիտի գնամ։ Մտածում էի՝ դու կմնաս ինձ մոտ…- Եվ հանկարծ վախենում է, որ Հուգոն կարող էր գնալ՝ այդպես էլ չիմանալով՝ ինչ է եղել։

-Ո՛չ,-կրկնում է ընկերը,- ես քեզ տանում եմ, դու գալու ես ինձ հետ։

-Ե՞ս… Քեզ հե՞տ։

-Այո՛։- նա խոսում է մեղմ ժպիտով։

-Բայց դու ո՞ւր ես ուզում գնալ։

-Վերադառնալ։

-Նորից Հյուսիսային ծո՞վ։

-Այո՛։ Եվ քեզ հետ։ Քեզ համար լավ կլինի։ Ես քեզ այստեղ չեմ թողնի, ո՛չ։- Եվ գրկելու պես նրան իր կողմն է քաշում։-Դու կմնաս մեզ մոտ։

-Մեզ մո՞տ։

-Այո՛։

-Ի՞նչ է նշանակում՝ մեզ մոտ։ Դու մենակ չե՞ս։

Հուգոն ժպտում է մտազբաղ։

-Իհարկե մենակ եմ։

-Բայց ասում ես՝ մեզ մոտ։

Հուգոն մի պահ վարանում է։

-Ես չէի ուզում քեզ միանգամից հայտնել,-ասում է քիչ հետո։

-Ի՞նչը։

-Կյանքն այնքան տարօրինակ է։ Ճիշտն ասած՝ ես այսօր նշանվել եմ։

Ռիխարդը ապշահար նայում է նրան։

   -Դրա համար եմ ասում՝ մեզ մոտ։ Դրա համար եմ նորից վերադառնում Հյուսիսային ծով, և դու՝ ինձ հետ։ Այո՞։ – Ու շիտակ հայացքով նայում է նրան։

   Ռիխարդը ժպտում է․

   -Վտանգավոր կլիմա է Հյուսիսային ծովում։

   -Ինչպե՞ս թե։

   -Այդքան շո՞ւտ։ Այդքա՜ն շուտ։- Եվ գլուխն օրորում է։

   -Ո՛չ, սիրելի՛ս,-ասում է,-այնքան էլ շուտ չէ։ Սա իրականում հին պատմություն է։

    Ռիխարդը դարձյալ ժպտում է․

    -Ինչպե՞ս։ Հի՞ն պատմություն է։

    -Այո՛։

   -Դու քո հարսնացուին վաղո՞ւց ես ճանաչում։

   -Այո՛։ Այս ձմռան օրերից։

   -ՈՒ սիրո՞ւմ ես նրան։

   -Ծանոթանալու օրից։- Եվ նայում է քնքշագին ժպիտով, ասես գեղեցիկ հիշողություններ են արթնանում։

 Ռիխարդը հանկարծակի վեր է թռչում այնպիսի կատաղի շարժումով,  որ Հուգոն ցնցվում է։ Եվ տեսնում է իր վրա հառված, ասես ակնակապիճներից դուրս պրծնող թշնամական աչքեր, գունատ, անճանաչելիորեն ծամածռված դեմք։ Սարսափահար վեր կենալուն պես՝ լսում է ատամների արանքից նետված խոսքերը․

    -Ես ամեն ինչ գիտեմ։

   Զգում է, որ երկու ձեռքերից բռնած՝  քարշ է տրվում դաշնամուրի մոտ, որից կոթողի վրա դրված աշտանակը ցնցվում է։ Ռիխարդը թողնում է նրան, ձեռքերը տանում դաշնամուրի սև կափարիչի վրա թափված նամակներին, խառնում, ցանուցիր անում։

-Սրիկա՛,- գոռում է և թղթերը նետում նրա երեսին։

Թարգմանությունը գերմաներենից՝ Ամալյա Ալեքսանյանի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *