Էսսե, Շուշանիկ Թամրազյան

Երեք հանդիպում

Երևանում շոգ ամառ է, երբ մոտենում եմ թանգարանի մուտքին: Առավոտ է, ու ստվերները դեռ չեն հեռացել քաղաքի մայթերից, որ սովորականից հանդարտ են ու դատարկ: 2019 թվականն է, քաղաքում մոլեգնում է համավարակը, ու ես թեթևության չխոստովանված զգացումով եմ դուրս եկել տնից: Մուտքի առաջ ինձ կանգնեցնում է ոստիկանը. երկուշաբթի է, և հետո համավարակի պատճառով այցելությունները միառժամանակ դադարել են, ու նյարդայնացած իմ ինքնավստահությունը նրան թվում է կասկածելի: Կրկնում եմ, որ պայմանավորված եմ, բայց բոլոր ջանքերս բախվում են ոստիկանական անհաղորդ լռության պատին: Ստիպված եմ զանգահարել: Շուտով դռների առաջ հայտնվում է մի երիտասարդ աղջիկ: Սպիտակ դիմակը սքողել է դիմագծերը: Միայն աչքերն են երևում, խոշոր աչքերը, ինչից է՛լ ավելի եթերային արտահայտություն է ստացել դեմքը, որ պետք է գուշակել: «Կապույտ են…»,-մտածում եմ, բայց ստվերոտ նախամուտքում գույները փախչող են, խաբուսիկ:

Շուտով մենք նստած ենք ներքին բակին հարակից մի սրահում, ու ես միանգամից մոռանում եմ վրդովմունքս: Սեղանատո՞ւն է. թանգարանում եղել եմ մի քանի անգամ, բայց երբեք չեմ հայտնվել այդ հատվածում: Շուրջը վարսախիտ, անծայրածիր խաղաղություն է: Թվում է՝ սաղարթն ու ստվերները, որ սահում են պատերն ի վեր, պատերն ի վար, ծածկել են ամեն ինչ: Ապահով մի հարազատության զգացում է ինձ համակում: Մտքում ասում եմ, որ նստած եմ Հովհաննես Թումանյանի այգում… Ու ձևակերպածս մտքի ակնհայտ անճշտությունն անզոր է զգացածիս առջև:

Զրույցը ստացվում է անճիգ, անսպասելիորեն երկարում է: Խոսում ենք գրականությունից, գրականության ուսուցումից համալսարաններում, լավ ու վատ դասախոսներից, խոսում ենք մանկությունից ու Թումանյանից, Թումանյանի գործերի ֆրանսերեն թարգմանություններից, լավ և վատ թարգմանիչներից… Ինչ-որ տեղ՝ ներսում, Լենա տատիկիս բեկված ձայնն է՝ քնելուց առաջ ինձ համար «Ամպի տակից»-ն ու «Ասում են՝ ուռին» երգելիս, իմ առաջին մանկական վիշտը չքնաղ Թմկա տիրուհու ողբերգության համար, Անուշի ու Սարոյի հախճապակե արձանիկները, որ կախարդում էին ինձ օտար տներում, պապիկիս ոգեշունչ ձայնն ու Խոջիվանքի անծայրածիր լռությունը, որ ծածկում է ամեն ինչ… Անին ինձ թանգարան է կանչել նվիրական մի ծրագրով. Թումանյանի երկերի հրատարակությունը ֆրանսերեն լեզվով: Հեռախոսով արտաբերված բառեր, որ ճեղքել են համավարակի լերդացած անորոշությունը: Իր հեռանկարների և ծրագրերի մասին խսում է պատանեկան, կայտառ ոգևորությամբ, որ միախառնվում է սեղանատան պատերին թրթռացող ստվերներին: Մի քանի անգամ հիշատակում է վարչական աշխատանքի անխուսափելի պարտադրանքները՝ առանց իր գործառույթը ճշգրտելու, ես էլ հարց չեմ տալիս, թվում է անկարևոր… Իր նախաձեռնությունն է, որ հավանաբար հետո պետք է ներկայացնի տնօրենին…

Այդ օրը տուն եմ վերադառնում մի մեծ տոպրակով, տոպրակի մեջ՝ թանգարանի արխիվներում պահվող Թումանյանի երկերի ֆրանսալեզու թարգմանությունները: Զարմանալի թեթևություն եմ զգում:

                                                                            ***

Կիրակի է: Առավոտյան ինը: Դարձյալ ամառ է ու դարձյալ շատ շոգ: Անին ինձ է սպասում Իսահակյանի արձանի մոտ: Թանգարանի ստվերահանդերձ միջանցքներում մեր առաջին հանդիպումից անցել է չորս տարի: Համավարակի մղձավանջին հետևել են պատերազմներ, կորուստներ, անելանելի աքցաններ: Ձեռքիս՝ պայուսակի մեջ, Թումանյանի ֆրանսալեզու ժողովածուի ազդօրինակն է: Անին ծոցատետրում նշումներ է արել ու հերթով անդրադառնում է դրանց, զրույցը ստացվում է նույնքան անկաշկանդ, ու շուտով երկուսս էլ մոռանում ենք նախօրոք սահմանված մեկ ժամի մասին. Անին թանգարանի արխիվների տեղափոխության հետ կապված անհետաձգելի գործեր ունի, ես թարգմանությունս պիտի տանեմ «Անտարես»: Խոսակցությունը հասնում է մինչև Թիֆլիս, թիֆլիսյան իմ այցելությունն ու Խոջիվանքի պատկերը, որ արդեն մի քանի տարի է՝ չի լքում ինձ: Տապը դեռ չի նվաճել քաղաքի փողոցները: Իսահակյանի արձանի հարևանությամբ առավոտյան այդ ժամին սպասարկող միակ սրճարանի մատուցողուհին քնատ քստքստացնում է փոշոտ ու դատարկ սեղանների արանքում: Ես քաղաք եմ եկել Ծաղկաձորից, ու ներսումս դեռ անտառների կանաչ շնչառությունն է, անվերջանալի, ամբողջական, ազատագրված իմ գիշերները՝ Թումանյանի տեքստերի առջև, որ իրար են հետևում համակարգչիս էկրանին, այգու համախոհ, էլեկտրականացած արթնությունը՝ փեղկերից դուրս, մինչև լուսադեմ: Անին ինձ ցույց է տալիս դատարկ մնացած ֆրանսերեն էջը. Ռուբեն Մելիքի հրաշալի թարգմանության մեջ «Քաջ Նազարի» երգերը թարգմանված չեն:

-Մի առաջարկ ունեմ. մտածիր՝ նոր պատասխանիր, իսկ եթե դո՞ւ թարգմանես «Քաջ Նազարի» երգերը…

-Դա անհնար է, Անի՛, Թումանյանի չափածոն անհնար է թարգմանել…

-Բայց չէ՞ որ «Հառաչանքի» նախերգանքը թարգմանեցիր: Նշանակում է՝ Թումանյանը քեզ օրհնել է…

Սկսում ենք ծիծաղել: Օդը էլեկտրականացած է ջինջ, լիահորդ ինչ-որ բանի սպասումից: Վաղուց այդքան լիաթոք չեմ շնչել սեփական քաղաքում:

Բաժանվելիս խոսում ենք հուլիսյան ծրագրերի մասին: Ես վերադառնում եմ Ծաղկաձոր, իսկ մի քանի օրից գնալու եմ Սևան: Ի պատասխան հարցիս՝ հուլիսյան ծրագրերի մասին, Անին չարաճճի ժպիտով ուսերն է թոթվում:

-Լավ, մի՞թե դու ընդհանրապես արձակուրդ չունես…

 Մինչ «քսան» համարն իր սովորական պտույտն է բոլորում քաղաքով, ներսում կիսատ մտքեր ու պատկերներ են վերուվարում՝ արագասահ, կասկածելիորեն թեթև՝ փեղկերի հետևում պարող քաղաքային պատկերների պես, որ այդպես էլ չեն խտանում… Թումանյանը մեզ առել է իր պաշտպանության տակ… Պաշտպանության կարիք ունե՞ս… Ո՛չ, երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք… Ես երբեք պաշտպանության կարիք չունեմ, կարող եմ հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ… Բայց… Թումանյանը… մեզ առել է իր պաշտպանության տակ… Ու այնքան թանկ է այդ զգացումը, որ չարժե նախադասությունը կրկնել… և ընդհանրապես ոչ մի նախադասություն էլ չարժե նրան, ինչ զգում եմ ես հիմա՝ այս պահին… երանի կարողանայի պահել… երանի չանհետանար… Պետք չէ կրկնել… Ավելի լավ է՝ մտածեմ Ներվալի մասին… ճիշտ է, Ներվալի մասին, «մշտարթուն, արհեստավարժ փերին»[1]… Սկսում եմ ժպտալ:

Դրան հետևում են լույսի մեջ խորտակվող օրեր Սևանի ափին՝ հարազատ թերակղզում: Լիճը երբեք չի ունեցել այդ ծակող փիրուզագույնը, որ նման է հրաժեշտի կամ խոստովանության կամ ինչ-որ մեկի խոսքին՝ ուղղված հենց ինձ: Ու ես դա Թումանյանի նվերն եմ համարում՝ դարձյալ մտքում, դարձյալ թաքուն, չհամարձակվելով կրկնել, ձևակերպել: Մեծ ոգևորությամբ ավարտել եմ «Քաջ Նազարի» երգերի թարգմանությունը, գրել եմ Անիին, ու հիմա շուրջն ամեն ինչ լուսափաղփ այդ ճողփանքն է՝ կապույտ ու ոսկի:

                                                                               ***

Երրորդ հանդիպումը տեղի է ունենում իմ պնդմամբ: Ֆրանսերեն տեքստը մուտքագրող աշխատակցուհու երեխան վատառողջ է, ու թեև Անին խոստանում է, որ վրիպակները նույնությամբ կանցկացվեն մի քանի օր անց, և իմ ներկայությունը պարտադիր չէ, ես շարունակում եմ պնդել: Հանդիպում ենք հաջորդ օրը, և դարձյալ կիրակի է, և դարձյալ առավոտ է ու ամառ:

Օգոստոսն է: Երբ տեղ եմ հասնում, շենքում կատարյալ լռություն է: Այն տպավորությունն է, որ թանգարանը բացարձակապես դատարկ է: Զանգով զգուշացնելու փոխարեն՝ որոշում եմ ինքս գտնել: Մի քանի անգամ պտտվում եմ առաջին հարկում, բարձրանում երկրորդ հարկ, իջնում, հետո վերջապես որոշում եմ մոտենալ բաց դռանը, որից ներս ճերմակ լույս է երևում:

-Շուշանիկ ջա՞ն…,- Անին վեր է կենում գրասեղանի առաջից ու թեթև քայլերով մոտենում դռանը: Բացվող օրվա արևն ընկել է աշխատասենյակի ճերմակ պատերին: Ու ես նորից հիշում եմ Ներվալին. մշտարթուն, արհեստավարժ փերին:

Երկուսով ծիծաղում ենք իմ անհավանական, կասկածելի թխության վրա. նոր եմ վերադարձել Սևանից: Բաց փեղկից լսվում է ներքին բակի շնչառությունը: Անին, ակնհայտորեն զվարճացած մուտքագրող-էջադրողի իր նոր դերից, սկսում է հերթով անցկացնել վրիպակները: Աշխատում ենք կենտրոնացած:

-Լավ, գոնե մի սուրճի արժանի չե՞նք,- մի վերջին անգամ համակարգչի էկրանի վրա շարվածքն աչքի անցկացնելուց հետո ծիծաղում է Անին և, առարկություններիս ուշադրություն չդարձնելով, իր անխորտակ թեթևությամբ սահում է աշխատասենյակի անկյուններից մեկը, որտեղ սուրճի երկու նուրբ, սպիտակ բաժակներ են դրված:

Հիմա թիկունքով եմ նստած դեպի պատուհանը, բայց զգում եմ սաղարթի չլռող զրույցը իմ հետևում, որ իմ մանկության բոլոր այգիների զրույցն է: Նայում եմ ճերմակ պատերին, մտածում մեր հանդիպումների հունին ներհյուսվող անտեսանելի ներկայությունների մասին, որ անխոս ու մի տեսակ ակամա մասնակցում են իմ ու Անիի զրույցներին ու, թերևս, ավելի կարևոր են, քան այն, ինչ մենք ասում ենք իրար: Թումանյանի հատորները՝ շարված պապիկիս աշխատասենյակի լուսամուտագոգերին ու սեղանին, երիտասարդ Թումանյանի լուսանկարներն ու կրտսեր քրոջս անունը՝ Անուշ, որ պարտական եմ իմ նվիրական ու անպատասխան սիրուն՝ տների պահարաններում դրված Անուշի հախճապակե արձանիկների հանդեպ, Անուշի հայացքը Մարատ Վարժապետյանի ֆիլմում «Ասում են՝ ուռին» երգելիս, Լենա տատիկիս ոգեշունչ դեմքը՝ «Թմկա բերդի առումը» ծայրից ծայր արտասանելիս… Անիին խոստովանում եմ, որ այս անգամ պապիկիս գիրքը կարդալիս ինձ զարմացրել և հուզել է նրա որոշումը. հավատալ Նվարդին, հավատալ դստեր հայացքին ու վերաբերվել դրան՝ որպես հավաստի կենսագրական աղբյուրի: Հետո զրույցը ծավալվում է Թումանյանի զավակների շուրջ, Անին անդրադառնում է Արտավազդ Թումանյանի հիշատակարանին, ու Արտավազդի անունը տալիս ես հուզվում եմ…

Արդեն մուտքի առջև վերջապես հարցնում եմ.

-Ես գիտեմ, որ, բնականաբար, բոլոր առաջարկներս պետք է համաձայնեցնես տնօրինության հետ: Էլի Նարինե Թուխիկյա՞նն է տնօրենը, թե՞ փոխվել է…

-Շուշանիկ ջան, տնօրենը ես եմ,- ժպտում է Անին:

-Ինչպե՞ս թե…,- շփոթվում եմ,- ես էլ ամեն անգամ ասում եմ՝ դե, բնականաբար, պետք է տնօրինության հետ քննարկես… դե, բնականաբար, պետք է տնօրինության հետ համաձայնեցնես…

Սկսում ենք ծիծաղել:

Անիին թողնում եմ մեծ տեղափոխության ահռելի անցուդարձում, որ տարօրինակ լուռ ու կազմակերպված է ընթանում Թումանյանի թանգարանում, սկսում եմ իջնել ներքև: Թանգարանի աստիճաններից արևը հորդում է փողոցի մայթերին, հասնում մինչև պողոտա, առնում ինձ իր ջինջ հունի մեջ: 

Հ. Գ. Թումանյանի թանգարանի տնօրենի հեռացման մասին իմացա պատահաբար, համացանցային մամուլից: Սկզբում չուզեցի հավատալ: Թվում էր անհավանական: Անհեթեթ: Իսկ մի օր անց դարձյալ համացանցում հայտնված պաշտոնական բացատրությունները թվացին է՛լ ավելի անհեթեթ. աշխատանքային կարգապահություն, կարգապահական խախտում… Աչքիս առջև Անիի կերպարն էր՝ մեր երեք աշխատանքային կիրակիների վաղորդյան ստվերներում՝ իր գրասեղանի առջև, դեմքին՝ գրասեղանին և լուսամուտագոգերին շարված գրքերի և անվանացանկերի բուրգերին անհամապատասխան թեթևություն ու պայծառություն: Կիրակիներ, որոնցից մի քանի ժամ էին ինձ նվիրել, ու որոնց բազմազբաղ հունի մեջ էի ես ամեն անգամ թողել նրան: Աշխատանքային կիրակիներ, որ, ըստ երևույթին, վերածվել էին օրինաչափության:

Եվ ակնհայտ էր ինձ համար, որ այս դեպքում խոսքը ոչ թե կարգապահության, այլ հպատակության մասին է, չինովնիկական, անդեմ հպատակության, որ, իրոք, տեղ չունի Թումանյանի տան թրթռուն պատերի ներքո: Իսկ պետական միջոցների օգտագործման փաստարկը մի մարդու պարագայում, որ տարիներ շարունակ իր հանգստյան օրերն ու արձակուրդներն անհատույց նվիրել էր աշխատավայրին, պարզապես ծաղր էր թվում…

                                                                              


[1] Ժերար դը Ներվալ, «Սիլվի», «…և Սիլվին ապրում էր նրանց մեջ՝ որպես արհեստավարժ մի փերի՝ իր շուրջը լիություն սփռելով»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *