Իննսունին մոտ էր: Տարիները մաշեցրել էին մարմինը: Փոքրացել էր, դարձել մի բուռ: Երերալով էր ման գալիս: Խելքն էլ էր մաշվել: Միայն երկու բան էր հիշում. իր գյուղի անունը՝ Ցղնա, մեկ էլ փոքր որդու անունը՝ Սերգեյ: Վեց որդի ուներ, բոլորը Սերգեյ էին: Հեռվում էին թողել հայրենի տունը Ցղնայում, եղբայրներով ապրում էին Երևանում: Համերաշխ ու օրինակելի ընտանիք էր: Տարվա տասներկու ամիսը բաժանել էին վեցի մեջ, ստացվել էր երկու. ամեն մեկը տարվա մեջ երկու ամիս խնամում էր ծերացած, արդեն մտագար դարձած մորը: Անաղմուկ ու սովորույթի անխախտ ուժով տասը տարուց ավել էր իրար էին փոխանցում ծերացած մորը, որպեսզի հարսները շատ չհոգնեն: Նա, երեխայի նման, իր քմհաճույքներն ու ծերունական տարօրինակություններն էր պարտադրում բոլորին: Բարյացակամ էին վերաբերվում, գիտակցում ուղեղի ապաճման բարդությունները, երբեմն ծիծաղում, երբեմն էլ կարող էին զայրանալ: Երբ զայրանում էին, անօգնական երեխայի նման կուչ էր գալիս մի անկյունում՝ երեսը պատին արած: Հարսներին, թոռներին չէր լսում, լսում ու ենթարկվում էր միայն տղաներին, որնք բոլորը Սերգեյ էին, Սեգեյ էին, որովհետև Սերգեյը փոքրն էր, իսկ մայրերը փոքր որդիներին ամենամեծ սիրով են սիրում: Այդ իսկ պատճառով էլ միայն նրա անունն էր դաջված մնացել շաղված ուղեղում: Հարսների բերանը փակելու համար էլ մի հերթապահ երգիծական նախադասություն ուներ.
-Հա՜, հա՜, դե դու Բրեժնևի աղջիկն ես…
Երբ պահելու հերթը հասնում էր միջնեկ որդուն, մեր մուտքն աշխուժանում էր: Գնում էինք տեսության: Խոսեցնում էինք, հարցեր տալիս.
-Ադե, էս ո՞ւմ տանն ես:
-Սերգեյի,- անառարկելի տոնով կտրուկ պատասխանում էր:
Ծիծաղում էինք, անհոգի ու անսիրտ ծիծաղում էինք, ինքն էլ՝ մեզ հետ: Հետո շատ գործնական, շտապելով, կարծես գնացքից էր ուշանում, արագ-արագ ասում էր.
-Արի՜, արի՜ քեզ տանեմ մեր Ցղնա:
Ավելի բարձր էինք ծիծաղում, բայց այստեղ արդեն ինքը խեղճանում էր, կուչ գալիս ու էլի մերժված, խռոված երեխայի նման կիսադեմով շրջվում դեպի պատը, սկսում անքթիթ ու երկար պատին նայել: Այդ պահերին հայացքն այնքան հուսահատական էր, կարծես արագ ընթացքի ժամանակ դեմ էր առել մի անդիմադրելի արգելապատնեշի ու մոլորված՝ տեղում գամվել:
Մի պահ խղճում էինք, բայց խորությամբ չէինք ապրում ու չէինք էլ կարող ապրել այն ողբերգական զգացումը, ինչն ապրում ու զգաում էր տնանկ ծեր կինը:
Այնտեղ, որտեղ Նոյ նահապետը ջրհեղեղից հետո ոտք դրեց, հենց այնտեղ՝ Նախիջևանում է Ցղնա գյուղը, որտեղ էլ նրա երկհարկանի տունն էր՝ եդեմական այգով: Հենց այնտեղից էլ սկսվեց մի նոր գաղթ, հայաթափման նորովի տեղահանություն խաղաղ պայմաններում: Վեց որդիների համար կառուցած տունը դատարկ մնաց, լքված մրգերի այգին էլ շուն ու գելի բաժին դարձավ:
Ծեր կինը շատ բան էր մոռացել, բայց Ցղնա վերադառնալու երազանքը դաջված էր ուղեղում:
Ու ամեն անգամ մեր հարցերը, մեր զրույցները եզրափակում էր իր երազանքը բարձրաձայնելով.
-Արի՜, արի՜ քեզ տանեմ մեր Ցղնա:
Ձայնի մեջ գործնական շեշտերի հետ համատեղ աղաչանքի, պաղատանքի թաքնված մի երանգ կար, որն անշշուկ աղերսում էր.
-Օգնե՜ք, օգնե՜ք գնամ իմ Ցղնա, ինձ տարեք իմ Ցղնա…
Որդիներին անընդհատ խնդրել էր, մերժվել, հիմա էլ հույսը դրել էր օտարների, հարևանների վրա ու երեխայի միամիտ խորամանկությամբ իբր ինքն էր տանում, բայց, ըստ էության, խնդրում էր իրեն տանեն:
Ջահել էինք, անհոգ էինք, մեր տներում հաստատուն ու աներեր նստած էինք, չէինք հասկանում տան կարոտի, տնաքանդության, տնանկության ողբերգությունը, չէինք հասկանում ծեր կնոջ տվայտանքը: Այդ ժամանակ հաստատուն էին մեր կյանքի օրերը, մեր կացարանները, մեր ապագան: Գլխներիս գալիքը չգիտեինք:
Ադեի գլխին արդեն թափվել էր տնանկության կրակն ու պատուհասը: Նա անվերջ վերադարձի մեջ էր, միշտ պատրաստվում էր հետվերադարձի: Իր խելքի կտրածով՝ վեշ էր կապում: Տղաների տանը ինչ աչք շոյող բան տեսներ, լիներ լավ իր, թոռների անփույթ դրած ոսկե զարդ, այն, ինչ իրեն դուր կգար, գաղտնի պահում էր՝ միայն իր իմացած տեղում: Երկար էին որոնում, չէին գտնում: Որդիները առանձնանում էին հետը, խնդրում, որ տեղը ցույց տա: Հլու-հնազանդ հանում էր, մեկնում տղաներին, հետն էլ, կարծես որպես գաղտնիք ու ներողություն, հարսներից հեռու՝ Սերգեյների ականջին մեղավոր շշնջում, արդարանում.
-Տանելու եմ Ցղնա…
Ցղնա՜, Ցղնա՜…
Մեկ-մեկ էլ գիլասիդ ծառերն էր մտաբերում, թափանցիկ, աբրեշումե պտուղներով, ցայտուն կորիզը դեղին ու կարմիր թշերի արանքում: Այդ պահերին թառամած այտերն էլ էին հուզմունքից շառագունում, հետո նորից ամեն ինչ խառնվում, դառնում էր մշուշոտ: Հա՜, արքայանարինջի ծառերն էլ չէր մոռանում՝ իր նման՝ կարոտից սմքած պտուղներով… Ցղնա՜, Ցղնա՜… քանիերորդ Ցղնա, հարյո՞ւրերորդ, հազա՞րերորդ,անթի՜վ, անհաշի՜վ Ցղնա…
Թոռը նախադասություն էր կազմում խրճիթ բառով: Բարձրաձայն բանավոր ասում էր, որ գրի տետրում.
-Իմ տատիկը ապրում է խրճիթում:
Հիշողությունը զարմանալիորեն նորից պայծառանում էր, հիշում էր իր քարաշեն տունն ու հարձակվում թոռան վրա.
-Հերդ ու մերդ են ապրում խրճիթում:
Նորից ծիծաղելու առիթ: Ինչո՞ւ է մեր ծիծաղն այդքան աղի ու թաց…
Ամենաշատը հիանում էր քաղաքի լույսերով, զարմանում, գովաբանում.
-Ապրի՜ պետությունը, ապրի պետությունը, էսքա՜ն լույս, էսքա՜ն լույս…
Մենք էլի ծիծաղում ենք նրա զարմանքի վրա. Լույսն ի՜նչ է, որ չլինի:
Մենք դառը , շա՜տ դառը հատուցեցինք մեր ծիծաղի համար: Դեռ հատուցում ենք, դեռ պիտի հատուցե՞նք: Երկա՜ր, շա՜տ երկար խավար տիրեց: Հիմա էլ է խավար: Ապրում ենք խավարի թագավորությունում: Երբեմն իրական լույսի կարոտելով՝ հիշում ենք նրան՝ Ցղնայի կարոտով ապրող տատիկին, բայց էլ չենք ծիծաղում, ծիծաղի օրերն անցել են, հիմա նույնիսկ չարանում ենք, հանիրավի մեղադրում նրան, այնպես, ինչպես ջահելներն են սիրում միշտ մեղադրել մեծերին.
-Վայեց ու գնաց էն աշխարհ…
Ճանապարհելու ժամանակ մոռացել էին բրդյա շալը հետը դնել: Երազներին եկել էր.
-Շալս բերեք, մրսում եմ, համ էլ գնալու եմ Ցղնա, շուռ ունեմ, գնամ Ցղնա…
Երանի՜ երկնավորներին…
