Գեվորգ Տեր-Գաբրիելյան, Էսսե

«Էս ուր եմ ես ընկել»

«Իմ մարմինը» շարքից
Սկիզբը՝ https://kayaranmag.am/post/768 և https://kayaranmag.am/post/1053

Մայրս պատմում էր, որ Վաղոն՝ իրենց հարևան-ազգական Արշավիրի որդին, բանակից տուն եկավ ու, հողից քարեր հանելով, տուն կառուցեց, իսկ երբ հողը քանդում էր (Շիլաչիում)՝ տակից լիքը ոսկոր էր դուրս գալիս, ու փոքր ոսկորների հետ երեխաները խաղում էին, իսկ մի անգամ մեծ ոսկոր դուրս եկավ, և մեծահասակները չհամակրեցին այդ խաղը, ու մայրս հասկացավ, որ դա սխալ ոսկոր էր:

Գանգ էր: «Ավելի մեծ ոսկոր, քան սովորաբար»:

Այդպես էր մայրս պատմում այդ դրվագը, էվֆեմիստորեն՝ թերասացությամբ, չնշելով հստակորեն, ի՛նչ նկատի ունի, բայց լրիվ հասկանալի: Կամ՝ երևակայելի: Նա ընդհանրապես լի էր էվֆեմիզմներով, ինչի դեմ էլ ես ապստամբում էի պատանեկությունից, ինքս իմ մեջ հայտարարելով, որ «աշխարհն այդպիսին չէ», քանի որ դպրոցում և մեծ աշխարհում իրադրությունը կտրականապես ուրիշ էր, լի՝ քֆուրներով և անսքող բռնությամբ, նաև ուրիշ էր կյանքը, ասենք, ռուսական իրականության մեջ, լի՝ բացությամբ:

Մայրս իրեն թույլ չէր տալիս լրիվ բաց լինել, հաճախ էր ինձ՝ ուղիղ խոսքի կողմնակցիս՝ շփոթության մեջ գցում, հարցնելով, ասենք, «իսկ նրանք ընկերությո՞ւն են անում», որևէ աղջկա և տղայի մասին, նկատի ունենալով՝ նրանք միասի՞ն են ապրում (գոնե պարբերաբար, եթե ոչ անընդմեջ), կենակցո՞ւմ են, զո՞ւյգ են: Ես երբեմն անկեղծորեն չէի հասկանում, ասում էի «ոչ, նրանք ընկերություն չեն անում», քանի որ «ընկերություն» էվֆեմիզմը նրանց հարաբերություններից նույնքան հեռու էր, կամ այդ հարաբերությունների նույնքան անբնորոշ բնորոշում էր, որքան, ասենք, իմ և մայրիկի մասին եթե դա ասվեր, եթե, իհարկե, մետաֆորիկ իմաստով չէր: Բոյֆրենդ-գրլֆրենդ բառերն այդ ժամանակ չգիտեինք, և դրանք էլ չեն մեխում՝ զույգը զո՞ւյգ է, մի մարմի՞ն, թե՞ պարզապես իրար հետ «ման են գալիս»:

Ուղղակիորեն չասելը լավ միջոց է, արձակում ու արվեստում լայնորեն կիրառելի, նաև՝ կյանքում. «իշմար տալ», ոչ թե կոտոշաբար արտահայտել: Նույնիսկ «սասպենս» է ստեղծում՝ անհայտից, անորոշությունից առկախվածություն, հանելուկ, գեղեցիկ: Սակայն չափավոր է օգտագործելի, այլապես խոսքիդ և կյանքիդ մեջ կսողոսկի երեսպաշտությունը, քաղքենի մեշչանությունը, սուտը, կեղծիքը:

Խոր թեմա է: Դրա հետազոտությունը կտանի բոլշևիզմի ու ստալինիզմի կապին՝ «արևելյան» բարքերի հետ, դրանց կապին՝ գուլագային համակարգի հետ… Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ունեցած ազդեցությանը՝ սովետական մշակույթի վրա… Դրան առնչվող՝ տարածուն կղերական ազդեցությանը: Է՛լ ավելի խոր վերլուծությունը կհանգեցնի արխայիկի, արխայիզմի դերի հասկանալուն. չէ որ «Արևելքը» հենց «արխայիզմով» է տարբերվում «Արևմուտքից»: Արխայիզմի մեջ տաբուի ու վետոյի հասկանալուն… Դրանց նաև «արդարացնելուն». վտանգից խուսափելու կարիքից դրանց պատմականորեն սերելը հասկանալուն… Ի վերջո՝ լեզվի խաբկանքը հասկանալուն, խաբկանք, որը մարդկանց հոգեբանության լուծումն է, երևի՝ կյանքում յոլա տանելը հեշտացնող:

Մայրս գեղեցիկ էր խոսում և՝ հոխորտուն, համոզիչ և կոնֆլիկտային: Իր կարծիքը շատ ուժեղ էր դնում: Ես էլ՝ քանի դեռ լսում են և չեն առարկում: Թե առարկում են՝ հավես չեմ անում պնդել հաճախ, կա՛մ՝ ուժի դեմ որ դուրս չգամ, կա՛մ՝ որովհետև վիճելու իմաստ չեմ տեսնում: Եթե կարող եմ հիմարին պարտադրել՝ պարտադրում եմ: Այդ զգացողությունը՝ որ գիտեմ, հիմարն ով է, նույնպես մայրիկիցս է գալիս: Հայրս այդքան մեծամիտ չէր: Իմ փոքրիկ հաջողությունն այն է, որ հետո կարող եմ հետ նայել և հասկանալ, որ գուցե սխալվում էի, խոսքերով վրա քշելով մարդու վրա:

Երբ առաջին անգամ հասկացա, զգացի, որ մայրիկիցս ավելի խորքային եմ մտածել ինչ-որ հարցի մասին՝ գրեթե հիշում եմ այդ պահը: Երևի տասնչորս տարեկան կլինեի: Արդեն վաղուց սկսվել էին իմ և նրա խորքային զրույցները երեկոները: Դրանք տեղի էին ունենում շաբաթը երկու կամ երեք անգամ, ձգվում՝ տևելով ժամեր, մի երեք ժամ անընդմեջ, եթե ոչ ավելի, դուրս գցելով ինձ էլ, իրեն էլ ռեժիմից, կյանքի ռիթմից: Նա ինձ էր մեղադրում երկարաձգելու մեջ, ես՝ նրան: Սակայն մենք նաև, անտարակույս, հաճույք էինք ստանում այդ քննարկումներից: Ես մարզում էի մտածելու իմ ժանիքները: Նա նաև այդպես քննարկում էր իր ընկերուհիների հետ, սակայն ոչ հայրիկիս. հայրիկս աբստրակտ փիլիսոփայության մեջ շատ չէր խորանում, նրա հետ քննարկումները, որքան էլ հետաքրքիր, ավելի կարճ էին տևում: Մայրս թեև ուներ ընկերուհիներ, որոնց հետ այդպես զրուցում էր, սակայն համոզված եմ, որ ինձ հետ դա անելուց հաճույք էր ստանում, ճիշտ՝ ինչպես փոխադարձաբար:

Մայրիկիս հետ զրույցներում կամաց-կամաց սրեցի հռետորաբանական և մտածմունքային որոշ ունակություններս, գլխավորներից մեկը՝ ռեֆլեքսիան իրադրության վերաբերյալ: Նա կարող էր զրույցի թեժ պահին ասել «լավ, հերիք է, գնա քնիր», ինչն արհեստականորեն կտրում էր իրավիճակի թելը, հիասթափեցնող էր: Այսինքն երբ պարմանի էի՝ մայրս միշտ ավելի դուրս էր իրադրությունից, ավելի դրսից, «վերից» նայող դրան, ավելի վերահսկող, ավելի մեծ իշխով, ավելի ինքնագիտակից (self-aware)՝ քան ես: Բա ինչ: Իսկ ես հանկարծ այդ պահերից մեկում հասկացա, որ կարելի է այլ կերպ փոխել խճճված զրույցի խորացած ընթացքը, ասելով, ասենք. «Դու հիմա դա ասում ես, որովհետև ծնող ես քեզ զգում, հավասարը հավասարի պես չես խոսում ինձ հետ»: Դուրս բերելով վեճը դիկտումից՝ մոդուսին, բովանդակությունից՝ պրագմատիկին:

Այդ կարողությունը՝ փորձել հասկանալ իրադրության պատճառը, դուրս գալով զրույցի բովանդակությունից, վարկած առաջ քաշել պատճառի մասին,- ինչն ինձ հետո շատ պետք եկավ և ինչը, ի վերջո, իմ սիրելի մտագործունեության գլխավոր մեթոդներից է,- մայրիկիս հետ զրույցներում կամաց-կամաց ձեռք բերեցի, դիմանալու, հավասարը հավասարի պես վիճելու համար: Բայց նման չէ՞ արդյոք դա շատ պախարակված այն կիրառուկին՝ «անձերի անցնել», երբ բովանդակային փաստարկ չունես: Իսկ գուցե դա երբեմն տեղի՞ն կիրառուկ է:

Զրույցներից հետո նա գնում էր քնելու, իսկ ես մնում էի մեր երկար խոհանոցում, քայլում մի ծայրից մյուս ծայրը, մի տասը քայլ էր, բայց ինձ հերիք էր,- հետո՝ հակառակը, հետո՝ նորից,- քայլում էի, շարունակում մտածել քննարկվող նյութի մասին – էյֆորիայի մեջ ընկնելով – և այդ ժամանակվանից ես էյֆորիայի մեջ եմ հաճախ ընկնում հետաքրքիր բանի մասին մտածելուց կամ գրելուց – նույնիսկ զգում եմ, ինչպես է մեջս ինչ-որ քիմիական նյութ արտադրվում, նույնիսկ երբեմն չեմ ուզում դա զգալ, անհանգստանալով, որ գուցե չափից դուրս շատ եռանդ ծախսեմ ավելորդ տեղը – գիտեմ մարդկանց, որոնք ասում են «չեմ ուզում մտածել, դա չափից դուրս շատ եռանդ է տանում», իրոք, ասում են՝ մարմնի եռանդի առնվազն քսան տոկոսն է ծախսվում: Գիտեմ նաև նրանց, ովքեր, չուզելով հանդերձ, վարակվել են այդ ախտով, մասնավորաբար՝ ինձ հետ շփվելու պատճառով: Քայլում էի ու շարունակում մտածել քննարկված նյութի շուրջ և հանկարծ հասկանում, որ գուցե ես սխալ եմ եղել, գուցե շտապել եմ, գուցե մենք սխալ ենք եղել, չափից դուրս վաղ կնքելով որևէ երևույթի կամ անձի բարոյական մահկանացուն, խարանելով այս կամ այն երևույթը մեր նկարագրությամբ, մեկնաբանությամբ, – իսկ գուցե այն այլ մեկնաբանության էր արժանի կամ, գուցե, մեկնաբանելը երբևէ չէր բերելու որևէ գոհացուցիչ արդյունքի: Երբեմն այդ սթափեցումը, գահավիժող այդ վայրէջքը տեղի էր ունենում մորըս հետ խոսակցության արդյունքում, երբեմն՝ դրանից հետո, և այդպիսի պահերը նկատի ունեմ, երբ ասում եմ, որ հանկարծ զգում էի, որ նրա հետ կիսած մեր մտքերից, մեր միասնական մտահորիզոնից հանկարծ առաջ եմ անցել:

Նա միտքն ու բարին միասին էր շարժում, հիմնականում փորձելով մեղմել չափից դուրս մաքսիմալիստ, շտապողական իմ խարանները կյանքի, դեպքերի և մարդկանց գլխներին: Իսկ ես դրանք շարում էի, ճոճում էի կարծիքս մի ծայրահեղությունից՝ մյուս, ոչ այնքան անկեղծորեն, որքան որպեսզի, չափազանցնելով, ի վերջո հասկանամ, սահմանն անցնելով՝ ստանամ գծագիրը, ուրվագիծն իրադրության բոլոր ասպեկտների, մոտավոր տեղը, թե այլ իրադրությունների համեմատ տվյալը որտե՛ղ է գտնվում: Տեղը բերեմ: Դասավորեմ: Չափն անցնեմ՝ որ հետո ճշգրիտ տեղն ընկնի: «Ես Շիրվանզադե չեմ սիրում. ձանձրալի է, հնոտի»: «Շա՞տ ես կարդացել»: ««Քաոսը»»: «Քիչ չէ՞: Եվ արդեն եզրակացնո՞ւմ ես»: «Եսի՞մ: Հերիք է»: Իմ՝ մեծամիտ պարմանուս այնօրվա կյանքում՝ «հերիք է»: «Արագ մի՛ դատիր, որ արագ չդատվես»:

Գիշերները, երբ ես քայլում էի խոհանոցում, ոգևորված, իսկ ծնողներս արդեն քնած էին, հույսները կտրած, որ կարող են ինձ քնելու ուղարկել, արդեն, մի տեսակ հույսները կտրած ձևով, համարելով, որ բավականաչափ մեծ եմ, որպեսզի ինքս իմ քնելու ժամը որոշեմ – չնայած վաղվա դպրոցին, ինչը նշանակում էր, որ պետք է արթնանալ առավոտ յոթին – և հասկանալի էր, որ մինչև մեկը կամ երկուսը խոհանոցում թե քայլեմ, կամ, մանավանդ, դուրս գամ փողոց ման գալու՝ չեմ կարողանալու նորմալ արթնանալ, ուրեմն, հավանական է՝ բաց եմ թողնելու առավոտվա դասաժամերը կամ ողջ դպրոցական օրը – այդ գիշերները, երբ ես սարսուռի ու կոմպրոմիսի զգացում էի ապրում, համակերպվելով, որ մտքիս ու հույզիս հարձակման պատճառով չեմ կարող հիմա հանգստանալ ու գնալ-քնել և, ուրեմն, կրկին բաց եմ թողնելու առավոտվա դպրոցը, իսկ դա նշանակում էր բարդություններ և՛ ադմինիստրատիվ, և՛ խղճի հետ կապված, – իմ խիղճը, հայրիկինիս պես, այնպիսին էր, որ ես կարող էի դպրոցը չհարգել, սակայն՝ մեկ է, քանի որ պարտականություն էի համարում՝ երբ ինչ-որ բան չէի անում՝ խիղճս տանջում էր, – բայց ես սարսուռ էի զգում նաև մտքերիս տարափից ու նրանից, որ, ահա, կյանքը գալիս է ինձ ընդառաջ, նորանոր մտքային հորիզոններ են բացվում առջևս, և ահա սա՛ է մեծանալը, սա՛ է կյանքի շքամուտքից, լայն դարպասից կամաց-կամաց իմ ողջ հոգեբանական շքախմբով ներս ճեմելը – ու եթե հիմա՛ արդեն սա այսպես անծայրածիր է, իսկ ես դեռ մեծանալու մեջ առաջին քայլերս եմ անում – ապա պատկերացնու՛մ եք, ի՛նչ է լինելու ապագայում, ի՜նչ ճոխություն, ազատություն, ընտրության ինչպիսի՛ հարուստ հնարավորություն – գնալ-քնել թե մտածել, մտածել սրա մասին թե նրա, վարվել այսպես թե այնպես:

Մեծանալը զգում էի որպես աշխարհի ու հնարավորությունների մեծանալ, ազատությանս, ազատ լինելու հարստությանս աստիճանների մեծանալ, ընտրության ճոխություն, որից գլուխդ պտտվում է. կարելի է սա, սա, սա, ո՞րն ընտրել, ինչու՞, իսկ եթե բոլո՞րը:

Դա ուղեցկվում էր նաև վախի սարսուռով, քանի որ այդ մտքերի մի խոշոր մասը, լինելով իսկ իմ այն ժամանակվա համար խորը, սակայն ուրախ չէին. նրանք անարդարության, դավաճանության, ոճրագործությունների աշխարհի մասին էին, նրա՝ որ այդքա՜ն մարդիկ աշխարհում այդքա՜ն դժբախտություններ են ապրել, այդքա՜ն սպանդ է եղել, և որ այն (աշխարհը) առավելագույնս անարդար և դժվարին մի տեղ է:

«Էս ուր եմ ես ընկել», մտածում էի ես, գլուխս բռնած: Ո՛նց եմ տակից դուրս գալու: Ո՛նց եմ էս կյանքն ապրելու:

Այդ օրերին էր, որ հասկացա ու որոշեցի. նյութական ոչինչ հնարավոր չէ կուտակել և պահել, բացի տեքստից: Պետք չէ ոչ մի նյութական բան ցանկալ ունենալ, որպեսզի չկորցնես: Գրիր տեքստեր, կարդա տեքստեր – դա էլ՝ քո կուտակը, ապրուստը. դրանք մեծ տեխնոլոգիա չեն պահանջում արտադրելու համար, մի հատ գրիչ կամ մատիտ՝ ու մի քիչ թուղթ, դրանք պահելն էլ համեմատաբար դժվար չէ (թեև գրքերը ծանր բան են), իսկ եթե գաղթ լինի՝ կշալակենք-կտանենք, սովոր ենք:

Վախի, երկյուղածության ու հնարավորություններից արբունքի միջև ճոճանակվելով, ես, մտքերիցս արբած, քայլում էի այս և այն կողմ տասքայլանոց մեր խոհանոցում (որն այնքան էլ փոքր չէր, նորմալ լավ էր Սովետի համար), գիշերվա մինչև մեկը, երկուսը, եթե ոչ երեքը կամ չորսը, Սովետի լճացման գագաթնակետին, չորրորդ հարկում այն բնակարանի, որ հայրս ստացավ, երբ ես չորս տարեկան էի, մեր փողոցի վրա, որը (բնակարանը) հետո ծախեցին մերոնք ցուրտի ու մութի դժվար տարիներին, և որից ստացած փողի հաշվին ապրեցինք ևս մի երկու-երեք տարի, մինչև հաջորդ իրադրություն: Նյութական ոչինչ ունենալ պետք չէ:

Մայրս այդ անհուսությունս, վախս, երկչոտությունս՝ կյանքի դաժան երախի առջև, սփոփում էր իր պատմություններով:

«Ծելեվիզըր ջան»

Աստղիկ հորաքույրն ինքն էլ էր որբ, բայց շատ ինքնուրույն: Հենց որ դպրոցն ավարտեց՝ ինքը վեր կացավ եկավ Ռոստովից Հայաստան, ի՛նքն էր իր գլխի ճարը տեսնելու: Հայրիկիս հորաքրոջ ընտանիքը՝ իրեն մեծացրած, դժգոհ էր, կարծում էր անշնորհակալ է. վեր կացավ-փախավ: Մինչդեռ նա պարզապես ինքնուրույն էր:

Ամուսնացավ էջմիածինցու հետ, ինքն էլ այնտեղ էր աշխատում՝ դպրոցում, սակայն հենց որ ամուսնացան՝ 1941-ին, տղային իսկույն տարան բանակ, մի քանի ամսից զոհվեց: Աստղիկ հորաքույրս արդեն շատ ուշ, մի տասը տարի անց ամուսնացավ կրկին՝ Հայկազ հորեղբոր հետ, որը սպա էր: Որոշեցին երեխա որդեգրել: Առաջին ամուսնու ընտանիքն Աստղիկին որպես իր դստերն էր վերաբերվում, իրենց կորած որդու կարոտն էին առնում նրանից, Աստղիկը Հայկազ հորեղբոր հետ էլ էին նրանց այցելում, և հետո՝ Հրաչիկը նրանց թոռն էլ կարծես լիներ:

Որբ այդ ժամանակ Հայաստանում չկար և չէր կարող լինել, որբանոցում երեխաներ կային, սակայն նրանք որբ չէին, պարզապես ծնողները ժամանակավորապես այնտեղ էին ուղարկում, եթե չէին կարող իրենց երեխային պահել, իրական որբ չկար՝ ազգականները բոլորին որդեգրում էին, որբ երեխա գտնելն ու որդեգրելը շատ դժվար էր կամ շա՜տ թանկ արժեր: Միակ որբերը որ լինում էին՝ եթե գյուղում շա՜տ ջահել աղջիկ երեխա է ունեցել առանց ամուսնանալու, և անպատվությունից փրկվելու համար թողնում է երեխային մանկատանն ու վերադառնում գյուղ:

Աստղիկ հորաքույրը գործնական կին էր, սկսեց փնտրել, հետաքրքրվել, և դա Կորեայի պատերազմի օրերն էին, մի օր ասացին՝ «Սևան» հյուրանոց (հիմա քանդած – կառավարական շենքեր են դրա տեղը) Կորեայից որբեր են բերելու: Գնացինք այնտեղ, մի մեծ ամբոխ էր հավաքված, սպասում էին, որ Կորեայից երեխաներ են բերելու: Սպասեցինք, սպասեցինք, վերջը ասացին, որ անհայտ է, բերելու են թե ոչ, որ բերեն էլ՝ իրենց չի կարելի միմյանցից առանձնացնել, քանի որ հետո էլ կարող է ուրիշ տեղ ուղարկեն: Փոր ու փոշման վերադարձանք տուն: Աստղիկ հորաքույրը շարունակում էր փնտրել, մի օր եկավ և մայրիկիս ասաց, որ երկու որբանոցում գտել է մեկական տղա: Մեկը, ասում էր, Հայկազին նման է, բայց վատ վիճակում է, մյուսը լավ վիճակում է, կազդուրված, բայց Հայկազին նման չէ: Ուզում էր մեկին ընտրել, չէր կողմնորոշվում: Շատ գործնական, աշխույժ քննարկում էր, թե ո՛ր մեկին գերադասի: Մայրիկիս խնդրում էր, որ իր հետ միասին գնան որոշելու: Ես մի տասնվեց տարեկան էի, ես էլ հագնվեցի, մի հատ կարմիր բլուզ ունեի, կարմիր բլուզս հագա, երեքով գնացինք:

Որբանոցում տղային բերեցին, բարուրը բացեցին, որ տեսնենք, որ ձեռները-ոտները, ամեն ինչ տեղն է:

– Տե՛ս, – ասաց Աստղիկ հորաքույրը, – Հայկազին ինչ-որ բանով նման է: Բայց վիճակը վիճակ չէ:

Արդեն մի վեց-յոթ ամսեկան երեխա էր, բայց մարմինը՝ ասես նորածին. նիհա՜ր, հյուծված: Հենց որ էլի բարուրեցին՝ սկսեց լացել, հետո հանկարծ ձեռները տարավ դեպ կարմիր բլուզս ու լռեց:

Ես նրան ձեռքերիս մեջ վերցրի, ասացի.

– Վերջ, ձեր փնտրտուքը պրծավ: Էլ ոչ մի էստեղ-էնտեղ գնալ:

Էդպես Հրաչիկին բերեցին տուն: Աստղիկ հորաքույրը շատ խիստ էր, նրանց տուն հյուր գնալ չէի սիրում, որովհետև ոչ մի բանի չէր կարելի ձեռք տալ, իսկ իրենց տունը լի էր կահկարասիով, ամանեղենով, սուվենիրներով. ամեն ինչ կար: Բայց երբ Հրաչիկին բերեցին՝ ամեն ինչ փոխվեց. Աստղիկ հորաքույրը նրան ամեն ինչ թույլ էր տալիս ձեռք տալ, կոտրել, խաղալ ինչով ուզեր: Իսկ Հայկազ հորեղբայրը երբեմն փորձում էր խիստ լինել, և Հրաչիկը երբ արդեն մի քիչ մեծ էր՝ հայրիկին վիրավորում էր, ասում «ֆաշի՛ստ»: Բայց երբ Աստղիկ հորաքույրը քաղցկեղից մահացավ՝ խեղճ ծերացած Հայկազ հորեղբորն էլի Հրաչիկն իր ընտանիքով էր նայում: Հրաչիկին Աստղիկ հորաքույրը շուտ ամուսնացրեց. ինքն արդեն քաղցկեղ էր, գիտեր, որ գնում է, բայց իր «երկաթյա ձեռքով» տղային պսակեց, նոր գնաց:

Երբ Հրաչիկին բերեցին՝ Հայկազ հորեղբորը, որը գնդապետ էր, ուղարկեցին Լենինական ծառայելու, և իրենք գնացին, Աստղիկ հորաքույրն ուրախ էր, որ գնացին: Հետո արդեն ետ եկան, երբ Հրաչիկն արդեն մի հինգ-վեց տարեկան էր: Ոչ մեկին չէին ասում, որ նա վերցված երեխա է, ինքն է՛լ չգիտեր: Հսկայական մանուկ էր՝ կուշտ, խրոխտ, բուտուզ, ակտիվ, երես առած, գոհ ու երջանիկ: Էն նորածին մի բուռ մարմնից հետք չէր մնացել:

Աստղիկ հորաքույրը նրան բռնում-նստեցնում էր ծնկներին, շոյում ու ասում.

– Ծելեվիզըր ջան:

Մի ծելեվիզըրի գին էին վճարել նրա համար, էն էլ էն ժամանակվա ծելեվիզըրի»»:

**

Փորձում էին ինձ տարբեր խմբակներ ուղարկել, սպորտի կամ այլ, փորձեցին երաժշտություն սովորեցնել, տարան հորաքրոջս մոտ, ստուգեց և ասաց, որ գրեթե բացարձակ լսողություն ունեմ, սակայն ես չունեի մեկ այլ, շատ կարևոր բան՝ երաժշտական հիշողություն: Հենց այն, ինչ Ալցհայմերի հիվանդությունը դանդաղեցնում է: Մի թեթև պարապեցի, հորաքրոջս ուղղորդմամբ, սակայն հավես չարեցի լրջով դա անել: Հետո նաև կիթառ նվագել էի սովորում, ավելի ջանադրաբար, ինքս ինձ հետ, հայրիկս ու նրա բոլոր ընկերները նվագում էին յոթլարանոց, թեև երիտասարդների շրջանում դա արդեն մոդայիկ չէր, վեցլարանոցն էր մոդայիկ, բայց ես ուզում էի հորըս և իր ընկերների նման լինել, քֆուրով երգեր երգել, և յոթլարանոց էի սովորում, բայց դա էլ, ի վերջո, թարգեցի: Սովորեցի միայն «Լավ սթորի» նվագել ու երգել, մի հատ էլ երգ ինքս ստեղծեցի անգլերեն բառերով. Hello Johnny in the jeans, Hello hello my Bee Jees, Hello Johnny how are you?, Hello money I love you: Մեր դասարանի իմ պաշտելի, ինձ տանջող Սուրենը, լսելով երգը, քմծիծաղով խեթեց. «Հելլո ջինսի մըջի Ջոննի»: Ու ես նոր հասկացա, որ ռուսական լեզվամտածողությամբ եմ մոգոնել այդ տողը. «Здравствуй, Джонни в джинсах»: Տրամըս փչացավ: Իսկ մայրս ասաց. «Կարևոր չէ»: Ծնողներս չէին պարտադրում որևէ բան պարապել, ներառյալ մուզիկա, միայն համը տեսնել էին առաջարկում, երևի՝ որ ինքս որոշեմ, բայց ես արդեն վաղուց որոշել էի ոչինչ չունենալ, որ չկորցնեմ, իմ ամեն ունեցածը հետս տանել կարողանամ, իսկ դաշնամուրը բարդ ու ծանր գործիք էր, թուղթ ու գրչի հետ չես համեմատի: Եվ նույնիսկ սնամեջ կիթառն ավելորդ բեռ էր լինելու գաղթի ճամփին:

Նկարչության ուղարկեցին մեր շենքի ներքևի արվեստանոցում աշխատող յոգ Վանիկի մոտ՝ Վանիկ Խաչատրյանի՝ հայտնի նկարիչ ու քանդակագործի, նրա՝ ով արել է Մատենադարանի ֆրեսկոները (Սովետի քանդվելուց հետո նա Վան Խաչատուր անվամբ էր ապրում), բայց նրա մոտ էլ շատ քիչ հաճախեցի, թեև մանկուց նկարում էի մատիտներով բավական, երբեմն էլ՝ ակվարելով, գրիչով խզբզում էի, էլ չեմ ասում՝ երբեմն-երբեմն վերցնում էի ձեռքս նաև վրձին յուղաներկ քսելու համար, բայց պարզ էր, որ ես նկարիչ չեմ իրական իմաստով, թեև սխեմաներ նկարելու հարցում գիժ էի, մտքի հոսք նկարելու հարցում: Մայրս ասում էր.

– Թղթի անկյունում մի պուճուր նկար ես անում ու տակն իրենից երկար բացատրություն գրում, Կառլսոնի «Ամենամիայնակ աքաղաղի» պես:

Որովհետև աննյութ գրից բացի՝ ուրիշ բանով շատ չէի հետաքրքրվում:

Մայրիկիս ձեռքերը մեծ էին, մատները՝ երկար, պինդ: Շատ ուժեղ ձեռքեր ուներ, մատների կաշին հաստացած, ցավին անզգա: Ասում էր. «Մատներիս ծայրերն այնքան են կոփվել, որ այլևս կրակի այրոց չեն զգում»: Եղունգները՝ պինդ, երկար էր պահում, միջին երկարության, խնամված, գործ անելուն չխանգարող: Իմ եղունգներն էլ են պինդ: Աճում են, կախված սթրեսի մակարդակից. եթե շատ սթրեսոտ մի երկու օր է եղել՝ արագ աճում են, թրաշս էլ: Կարծես մեռել լինեմ: Եթե հանգիստ օրեր են՝ նորմալ արագությամբ են աճում: Դրանց հանկարծակի աճից կարող եմ առավոտյան եզրակացնել, որ, ուրեմն, երեկ սթրես եմ ապրել ու չեմ նկատել: Արշավիր պապս՝ մայրիկիս հայրը, չէր կարողանում իր աջ ձեռքի եղունգներն ինքնուրույն կտրել, դստրերն իրեն օգնում էին: Ձեռքերիս ու հատկապես ոտքերիս եղունգները կտրելիս մտածում եմ՝ ինչ է լինելու, երբ չկարողանամ: Հիշում եմ, ինչպես սովորեցի դա, մայրս սովորեցնում էր համբերատար: Հիշում եմ, ինչպես դեռ նա էր կտրում եղունգներս: Կեռ մկրատիկով: Կեռ մկրատիկ ընտրելը, գտնելը, առնելը: Որ՝ լավը լինի: Սովետի վախտ դժվար էին ճարվում, բայց որ ճարվեցին՝ լավն էին, ինչպես ամեն մետաղյա իր՝ «վեպեկան» էր արտադրում՝ ռազմա-արդյունաբերական կոմպլեքսը, Սովետի քանդվելուց հետո ժամանեցին թուրքական, պարսկական, չինական անորակները, ստիցները: Վերջինն առա Զալցբուրգում՝ երկու հարյուր եվրոյով: Լավն է: Տիտանից: Մի անգամ գրեցի մի գիշատիչ մարդու մասին, որի եղունգներն ու թրաշն աճում էին, եթե երկար ժամանակ մարդ չէր հոշոտում, հետո հենց որ հոշոտում էր՝ իրենք իրենց ետ էին աճում: Նաև սպիտակ մազերի էդպիսի էֆեկտ կա. որ սթրես եմ ապրում՝ ավելանում են, հանգստանում եմ՝ քչանում են, ասես իրենք իրենց ետ քաշվեն իրենց բները:

Այն, որ հեշտ կյանքով չէին ծնողներս ապրում, հաստատվում է նաև նրանով, որ ինձնից բացի երեխա չունեցան: Հայրս, իհարկե, արդեն ունեցել էր երեք երեխա, առաջնեկը՝ Նորիկը, մահացել էր, երբ երկուսուկես տարեկան էր, մոտ 1948-ին: Հիշում եմ իմ երկուսուկեսը, որովհետև այդ տարիքում էի, երբ գնացինք Դիլիջան Սաբիր Ռզաևի ընտանիքի հետ (հայաստանցի ադրբեջանցի կինոգետը ծնողներիս ընկերն էր), հայրս կինո էր նկարում մունջ ճապոնական լարովի կինոապարատով, հետո այդ կինոն հավաքեց ու երբեմն-երբեմն ցույց էր տալիս, էնտեղ ես սարալանջով իջել, չոբանից ոչխար եմ ուզում խորոված անելու համար: Չթվայնացված մնաց, եթե մի տեղ ժապավենը կա պահած՝ չորացել է, երևի, անվերականգնելի է:

Նույն տարին էր, որ հետո գնացինք Գուրզուֆ՝ հանգստյան տուն: Առաջին անգամ ինքնաթիռ նստեցի, մայրս ասում էր, որ սիրտս պիտի խառնի, դրա համար սիրտս խառնում էր վայրէջքին: Թռչում էինք ակադեմիկոս Ռուբեն Զարյանի և իր կնոջ՝ Նելլի Ավետովնայի հետ, Ռուբեն Վարոսովիչն ասաց «հեքիաթ կպատմեմ», սկսեց պատմել… Հետո ինքն է պատմում.

– Ես չեմ կարողանում ինքնաթիռի թռիչքի ժամանակ չքնել, ինքնաբերաբար անջատվում եմ: Սկսեցի պատմել հեքիաթը, հետո անջատվեցի, մեկ էլ ուշքի եկա այտիս եկած մի ուժե՛ղ սիլլայից: Գոգոսիկն էր. նայում էր վրաս ու պահանջկոտ շեշտում. «Հետո՞»: Հեքիաթը կիսատ էի թողել, նա էլ վերցրել-սիլլել էր: Եվ ես հասկացա, որ մեղավոր եմ…

Գուրզուֆում նկարիչ Հայկ Տեր-Ղազարյանի կինը՝ Մերի Սաղյանը, սեղանին խնձոր էր դնում ու ասում.

– Էս խնձորը ոչ մի դեպքում չուտես, չի կարելի:

Հետո ինքն է պատմում.

– Մեկ էլ տեսնեմ՝ վազքով մոտեցավ, խնձորը սեղանից հափշտակեց ու փախավ:

Ես այդ դրվագներն աղոտ հիշում եմ, սեղանը կարմիր սփռոցով էր պատված, կարմրաթուշ խնձորը շատ մեծ էր: Մերին գիտեր. եթե առաջարկեր ինձ ուտել՝ հրաժարվելու էի, կամակոր էի:

Արդուկ անելու տեղը մայրս ծխում էր: Իսկ Գուրզուֆում էր նաև ռուսաստանցի մի ընտանիք, որոնց որդին՝ Վովան, իմ չափ էր: Նա հետո դարձավ հայտնի դիզայներ: Այդ Վովան մի խասյաթ ուներ – ամեն տեղ ծխուկներ էր գտնում և հավաքում: Եվ ահա, մայրս սիգարեթը կես-ծխած հանգցրել է, որ արդուկ անի, և դրել բարձր լուսամուտագոգին՝ մոխրամանի մեջ: Այդ պահին արդուկնոց է մտնում Վովան: Մայրս, գործն ավարտելով, ձեռքը տանում է մոխրամանին, կիսածխած սիգարեթը վերցնում, կպցնում…

Վովան նայում է լայն բացված աչքերով.

– Подобрала?

Կարծել էր, որ իրեն մեծահասակ ընկեր է ճարել՝ ծխուկ հավաքող, ուրախացել-զարմացել էր:

Հայրս անպայման ուզում էր տղա: Երբ ինձ ունեցան, այլևս չէին ուզում երեխա, ես պարբերաբար տառապում էի փոքրիկ եղբայրիկի կամ քույրիկի բացակայությունից: Հետո մորաքույրս տղա ունեցավ, որն էլ դարձավ իմ հարազատը: Հետո նաև կատու պահեցինք, նրան էլ էի մի քիչ ինձ փոքր եղբայր համարում, մի քիչ էլ՝ իմ զավակ: Հայրս հոյակապ հարաբերություններ էր պահպանել իր առաջին կնոջ հետ, իր դստրերն իր դստրերն էին, իհարկե, և իմ քույրերը: Մայրս էլ նրանց հետ շատ լավ հարաբերություններ ուներ: Ես որ բաժանվեցի՝ մի կողմից, միգուցե, հորըս արքետիպը դեր խաղաց. որ, իբր, «մարդ պիտի երկու անգամ ամուսնանա, մի անգամ փորձնական՝ մյուս անգամ վերջնական»: Մյուս կողմից՝ իհարկե, աշխատեցի պահպանել նախկին կնոջս հետ լավ հարաբերություններ: Սակայն, իհարկե, նրա ազգականներից, որոնց հետ մինչ այդ շատ էի շփվում, հեռվացա: Բայց տղաներիս միջոցով այդ կապը մնում է: Կարող եմ նկատել, ասենք, որդուս մեջ մի գիծ, որը նման է իր մոր քրոջը՝ որն էլ միայն հայրական կողմից է նրան քույր: Ափսոսում եմ գերդաստանների այդ հեռվանալը միմյանցից, որը տեղի է ունենում, երբ ընտանիքները քանդվում են. ասում եմ՝ «ես երկու կին եմ ունեցել» կամ «ես երկու անգամ եմ ամուսնացել», ինչը ճշմարտություն է, սակայն քանի որ շարականությունը չի արտահայտում՝ կարելի է նաև, կատակով, մեկնաբանել որպես «մինչ այժմ երկու կին ունեմ», ինչն, իհարկե, այդպես չէ, սակայն ինչ-որ իմաստով միմյանց հարազատ եղած մարդիկ, այդքան խոր հարազատ, պիտի որ պահպանեն ինչ-որ միասնություն: Միասնությունը լրիվ չի քանդվում, եթե կա երեխա՞, ու եթե եղել է ամուսնության ծե՞ս: Իսկ եթե ոչ, եթե պարզապես միմյանց հետ ապրել եք որոշ ժամանակ, ապա բաժանումը կարող է շատ ավելի խո՞րը լինել: Կամ՝ կրկին խոր կարկատան, սպի՞ թողնել: Նայած դեպքի՞: Թե՞ էլի մնում է որոշ միասնություն: Իմ ֆանտաստիկ գործերում երբեմն դրա պատասխանն եմ փնտրում. որտե՛ղ է ավարտվում մի մարդն ու սկսվում մյուսը, ավարտվում մի իրն ու սկսվում մյուսը: Հոտը, բույրը ճառագայթվող մասնիկների շիթ է. նույն կերպ էլ՝ անտեսանելի մասնիկներով են կապված բոլոր իրերն իրար, բոլոր մարդիկ, մարդիկ ու կենդանիները, աշխարհը՝ տիեզերքին, անտեսանելի, աննյութ՝ սակայն շատ ազդեցիկ: Դեռ հոգե(բանա)կան էներգիաների մասին չխոսենք:  Մի անգամ, փոքր ժամանակ, մայրիկիս ասացի. «Մեր տոհմը՝ մի կողմ, քոնն ու Ռազմիկինը՝ ուրիշ կողմ», նկատի ունենալով քրոջս ամուսնուն և միավորելով նրան ու մայրիկիս մեկ տոհմի մեջ, ի տարբերություն ինձ, քրոջս (հայրիկիս կողմից) ու հայրիկին:

***

Այն, որ 1988-ին մեր շարժումից բացի աշխարհում այլ բաներ էլ են եղել, նաև իմացվեց, երբ մայրիկիս պարսկական կողմի ազգականները 1990-ականների վերջերում հայտնաբերվեցին Կանադայում: Նոռան՝ մայրիկիս մորաքրոջ դուստրը, պատմեց, որ նրանք դուրս են գաղթել, պու՜կ փախել են Թեհրանից 1988-ին, թողնելով այնտեղ ապրուստները, հետները տանելով միայն աննյութը՝ իրենք իրենց: Գաղթել են ոչ թե, ինչպես կարելի էր կարծել, 1977-ին՝ իսլամական հեղափոխության պատճառով. փախել են իրանա-իրաքյան պատերազմից, որ իրենց բոլոր տղամարդկանց բանակ մսաղաց չտանեն: Մենք դա չգիտեինք, կապը հիմնականում կտրված էր, մայրիկիս Ամալյա մորաքույրը, որ կապ էր պահպանում, մահացավ, և սկսվեցին ցուրտի ու մութի տարիները, երբ էլի փոստային կապ չկար:

Հաջորդ պահը հասկանում եմ Վարդան Գրեգորյանի գրքից («Ճանապարհ դեպի տուն»). որ երբ «Հարավային Ադրբեջանի սոցիալիստական հանրապետությունը» ստեղծվեց Իրանի հյուսիսում 1944-ին, հայերը շատ մեծ դեր էին կատարում դրանում, բնականաբար, սակայն այն գոյություն ունեցավ ընդամենը մեկ տարի, և նրա անհետացումից ու լուծարումից հետո պայմանը՝ որ հայերին չկոտորեն իրենց ռենեգատության համար, այն էր՝ որ նրանք պիտի կասեցնեն ցանկացած շփում Սովետական Միության հետ, ներառյալ և առաջին հերթին, բնականաբար, իրենց ազգականների՝ Սովետական Հայաստանում: Դրա համար Գարեգին քեռուց աննյութ նամակները քիչ էին, Ամալյա տատը մեզ հրավիրում էր իր մոտ՝ դրանք կարդալու, երբ հազվադեպ ստանում էր, Գարեգին քեռին գեղեցիկ ձեռագրով գրում էր ընտանիքի անցուդարձը, ուղարկում նամակում չորացած մի ծաղիկ կամ իր ձեռքով, գրչով արված գծանկար: Ճարտարապետ էր, Սանկտ-Պետերբուրգում ուսանած: Ներգաղթել Հայաստան Իրանից դժվարությամբ, բայց կարելի էր, նամակագրական կապ պահպանել՝ չէր խրախուսվում: Կապը մեր այնտեղի ազգականների հետ, մայրիկիս ինը մորաքույր-քեռիների՝ կաթիլային, Գարեգինի նամակների շնորհիվ պահպանվող, կտրվեց իսպառ՝ պերեստրոյկայից սկսած, իսկ վերականգնվեց շնորհիվ Նոռայի՝ Գարեգինի դստեր, երբ նա արդեն գաղթել էր Կանադա, այնտեղից եկավ Հայաստան ու մեզ գտավ վաղ իննսականներին, սկսեց մեզ պարտաճանաչ կերպով հաղորդել բոլոր նոր ազգականների ծննդյան մասին, որոնք գրեթե ամեն շաբաթ ծնվում են Արևմտյան կիսագնդում. այնտեղ մենք ունեինք քառասունից ավելի ազգական՝ միայն մայրական կողմիցս. մի քսանվեցը՝ Նոռայի անմիջական ընտանիքից, Կանադայում, ևս անթիվ-անհամար՝ ողջ հյուսիսային Ամերիկայով սփռված՝ Գարեգինի ու իր քույրերի ցեղերից, և նորերն անընդհատ ծնվում են ու ծնվում, շարունակում ծնվել՝ ամեն գույնի: Ես թաղված եմ անծանոթ ազգականների ծնունդների լուրերի մեջ: Տեսնես էդ նորերը, շուրջները որ նայում են, ասում ե՞ն՝ «Էս ուր եմ ես ընկել»: Հաշիվն ու կապը պահպանելն էլի անհնարին է բոլորի հետ: Էս պատմություններից նրանք տեղյակ չեն: Նրանց պետքն էլ չէ, նրանք իրենց կյանքն ունեն:

Գարեգինից հետո Նոռան դարձավ կապող օղակը: Աստղով Նոռան: 1993-ին առաջին անգամ այցելեց Հայաստան և խարխափելով, գրեթե պատահմամբ՝ թակեց մայրիկիս մորաքրոջ՝ Ամալյայի դստեր՝ Վալերինայի դուռը: Հասցեն չգիտեր, բայց ինչ-որ կերպ կողմնորոշվեց, գնաց ու թակեց: Կարծում էր, որևէ հարևանի դուռ է թակում, որ հարցնի, արդյոք Ամալյան այս տանն է ապրել, թե ոչ: Բայց ուղիղ ու ճիշտ եկել էր: Թիրախային: Վալերինան զանգահարեց մայրիկիս: Նոռան եկավ մեր տուն: Մեր կապը վերահաստատվեց:

Երբ առիթ կար գնալու Կանադա կոնֆերանսի՝ Նոռային գրեցի, որ պիտի հասնեմ Կալգարի: Նոռան առաջարկեց ճամփիս մեջտեղում կանգ առնել Տորոնտոյում՝ իր տանը: Երբ ներս մտա իրենց տուն՝ նստած էր երկու տատիկ, խոսում էին իրար հետ մաքուր ռուսերեն: Հին ռուսերեն էր, ասես «տվյորդի զնակերով» ու «յածերով» խոսելիս լինեին: Սանկտ-Պետերբուրգի գիմնազիայի ռուսերենն էր: Սմոլնի ինստիտուտի: Կատուն ուշադիր լսում էր, գլուխը թեքելով մերթ դեպի մի, մերթ դեպ մյուս տատիկը: Տատիկները՝ Նոռայի մայրն ու իր ամուսնու մայրը, հեղափոխությունից առաջ ուսանել էին Սանկտ-Պետերբուրգի գիմնազիայում: Հետո կյանքերի մեծ մասն ապրել Թեհրանում: Հետո եկել Կանադա: Կանադայում այդ տատիկները որ պետերբուրգյան ռուսերեն էին խոսում՝ խոցվեցի, կյանքը պլստում էր մատներիս արանքով, դարը եկավ-գնաց՝ չնկատեցինք, Սմոլնիի ռուսերեն խոսող թեհրանցի հայ կանադուհի աղջիկների դարը: Կալգարիում ես փախչում էի կոնֆերանսից, քայլում համալսարանի կոկիկ այգիներում հեռու մի տեղ ետուառաջ, ձայնագրիչի վրա թելադրում «դիկտե»-ներս, քանի որ հայերենի կարոտ էի՝ մարդ չկար հետը հայերեն խոսեի, այն չստացված «դիկտե»-ներս այդ ժամանակից են նաև, կուտակել եմ՝ կյանքիս դրվագներ, անհաջող սերերի պատմություններ: Կանադայում լիքը ծանոթ կա՝ որ հայերենին, երևի, հուսով եմ, կարոտում է: Ծելեվիզըր ջան:

Պետերբուրգում ես չէի ապրի, թեև կինս գնում-գալիս է, այնտեղ արև գրեթե չկա, բացի հունիսից, բացի սպիտակ գիշերներից, Դոստոևսկու գրած, ձմռանը Պիտերում մուշտակ հագնելը ճիշտ է, ես կնոջս նվեր մուշտակ առա, իսկ ինքս էդպես էլ չառա, թեև տատս փող էր տվել, իր «սբեռկնիժկա»-ից, երբ Մոսկվայի «ասպիրանտուրա»-ում էի ուսանում՝ 1986-ի կողմերը, որ 700 ռուբլով «դուբլյոնկա» առնեմ, տաք լինեմ, բայց ես սառում էի Մոսկվայում, իսկ 700 ռուբլին կամաց-կամաց ծախսվեց, վերջին հիսունով մորաքրոջս աղջկա համար առա «Շանել համար հինգ»՝ աշխարհի գլխավոր օծանելիքը, իսկ ինքը թողեց-գնաց Կալիֆոռնիա, որտեղ տաք է, մուշտակի կարիք չիք, թեև «Շանել»-ի, երևի, իք: Կնոջս նվեր կզաքիսի մուշտակ առա՝ վաղուց, հիմա արդեն չէի առնի, ավելի գիտակից եմ դարձել, նա էլ: Կանադայում արև կա, բայց այն էլ տափարակ է, նույնիսկ Կալգարին, ուրկից երևում են սարերն ու Ալասկան, և որի փողոցներում թափառական, անտուն, մուրացկան, խեղճացած, կիսավերացած հնդկացիներ ու էսկիմոսներ են պատահում, քնձռոտ մուշտակները՝ հագները, փողոցների անկյուններում ընկած, Կանադայում ոչ մի տեղ էլ չէի ապրի, ոչ փողոցում, նույնիսկ ոչ էլ Մոնտրեալում, ուր Արտո Չաքմաքչյանը մի քանի հոյակապ քանդակ է դրել, ի տարբերություն Երևանի, որտեղ այդպես էլ նրան թույլ չտվեցին ոչ մի քանդակ դնել իր այստեղ ապրած ժամանակ և հետո՝ անկախության բոլոր տարիներին, չհրավիրեցին, միայն մահվանից հետո իր «Քայլող մարդը» դրվեց Հյուսիսային պողոտայում: Արտոյի կինը՝ Նայիրին, երբ ասում էին՝ ինչու տաք Կալիֆոռնիայում չմնացիք, գնացիք ցուրտ Մոնտրեալ՝ ասում էր «Ես շատ եմ սիրում մուշտակ հագնել»: Իսկ ջահել ու ահել ընկեր-ազգականիցս, ծանոթ-անծանոթ ով էլ ապրում է՝ բոլորը, ով Կանադայում են, կամ՝ Գերմանիայում, կամ՝ Եկատերինբուրգում՝ բարև բոլորին, առաջարկում եմ վերադառնաք, Մերի, Վահագն, Լևոն, Սերյոժա, Անուշիկ, Լևոն, մյուս Լևոն, Կարինե, Ջոնաթան, Վիլյամ, Լունա Առունա, Ալեքսանդր, Ալեքսանդր, Ալեքսանդր, ջավախցի էն չինական մուշտակ ծախող տղա, Բաշկիրիայում խուժան կոնյակ ծախող էն երրորդ մասցի ու կենտրոնցի տղաներ, ձեր երեխեք. կամ առնվազն՝ ձեր երեխեքին հայերենը սովորեցրեք, հայերենը պահպանեք, ոչ միայն խոսելը, նաև՝ գրել-կարդալը, չէ որ դա գանձ է, այդպիսի բան այլևս աշխարհում չիք, էդ հին երգը, գրողը տանի, էդ զզվեցրած դարավոր երգը, սիլվակապուտիկյանական, մկրտիչպեշիկթաշլյանական, նույնիսկ վարդգեսպետրոսյանական. վերադարձեք, հայերենը, բանը: Ծնողներիս ընկեր նկարիչ Նոսեկ Յիրժին, ահա, սիրահարվել էր Հայաստանին ու հայերենին, ասում էր «շենորագալություն», ծիծաղում ասում էր. « «Շուկա» մեր լեզվով խուժանական բան է նշանակում», տենց էլ չհասկացա՝ ինչ, բայց Յիրժիի պես մարդ էսօր ո՞րտեղից, Յիրժին ահա սիրահարվել էր Հայաստանին՝ իսկ դուք թողնում-գնում եք, Յիրժի չեխերեն նշանակում է Գևորգ՝ հայերեն, Յիրժին չեխ էր, չեխական տղա, Յիրժիի կինը մուշտակ էր կրում, ես շատ էի սիրում չեխական աղջիկ, իսկական՝ և փոխաբերական, չեխական կոշիկ՝ «Բատա» (տերը փախել էր սոցիալիզմից, իսկ ֆիրմայի անունը մնացել էր, «Ելիսեևսկի» խանութի պես), սիրում էի չեխական մեքենա՝ «տատրա», «շկոդա»՝ ոչ, չէի սիրում, հիմա այդ «տատրա»-ները չկան այլևս, «տատրա»-ն միայն բեռնատար, ռազմական մեքենա և նման բան է արտադրում, գուցե առնե՞նք, Հայաստանին պետք է, «շկոդա»-ն՝ ընդհակառակը, լավն է դարձել, իսկ մեր ժամանակ «զապ»-ին չէր հասնի, ժամանակի մեր մեքենայում, «զապ»-ը գազան ավտո էր, իսկ «տատրա»-ն՝ չեխական «զիմ»-ն էր, «չեխական» ածականը Հրանտ Մաթևոսյանը նույնիսկ մի տեղ օգտագործում է, փոխաբերական հենց այդ հին երևանյան իմաստով՝ 60-ականների, կարծեմ՝ «Մենք ենք մեր սարերում», դուք դրանից տեղյակ չեք, դուք դրա վրա թքած ունեք, այդ կյանքը ձեր կյանքում նախաջրհեղեղյան է, դուք ձեր կյանքն ունեք, այն ինձ հետ կապ չունի, հա՞, լավ, եկե՛ք, վերադարձե՛ք: Գրողը տանի: Ի՛մ մարմին:

Եթե բոլոր այդ խառնուրդները, ամեն շաբաթ ծնվող թոռնային իմ այդ զարմերը՝ էս պատմություններից անտեղյակ, ամեն գույնի, ամեն ցեղատեսակի, ամեն մայրցամաքի, հանկարծ ու որոշեն հայ դառնալ կամ հակաուծացվել կամ…կամ… կամ… ետ հայերեն սովորել… Էլ չասած՝ հայերեն կարդալ ու գրել… Ամենաաննյութը, ոչ նյութականը…  Գոնե մեկը նրանցից թե դարձի գա՝ սիրտս կջերմանա: Տասից մեկը: Տասից՝ գոնե մեկը: Սիրտս՝ որը ես կարևոր օրգան չեմ համարում: Ես ուղեղն ու ողնուղեղն եմ կարևոր օրգան համարում: Հայրս ցավերին մայրիկիցս շատ ավելի վատ էր դիմանում, ցավադիմացկուն չէր: «Ա՜խ, սիրտս», – ասում էր հայրս, սիրտը բռնելով և նիտրոգլիցերին լեզվի տակ դնելով: Չէի հասկանում, ինչպե՛ս է նա իմանում, որ հենց սիրտն է ցավում: Իմ ձախ կողմը երբ ծակում էր՝ չէի կարող ասել, սիրտս է թե, ասենք, մարմնիս մկանը, կամ մեկ այլ բան, ասենք՝ թոքս: «Եթե սիրտդ ծակի՝ կիմանաս», – ի պատասխան ասում էր մայրս: Բայց մինչ այժմ էլ չգիտեմ: Ուրիշ բաների ցավը՝ գիտեմ, իսկ թե կրծքիս այդ ցավը, երբեմն պատահող, սիրտս է թե այլ օրգան՝ չգիտեմ: Հետո զարմանքով իմացա, որ նիտրոգլիցերինը պայթուցիկ է: Հայրս պայթուցիկով էր սիրտը հանդարտեցնում: Ես չեմ փորձել: Դեռ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *