Հրաչյա Սարիբեկյան, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

Թիթեռներ փոստային նամականիշների վրա

            Ուսուցչիս՝ Ս Դ–ի հիշատակին

․․.այդ հազարավոր գունեղ պատուհանիկները, որ
դեպի տարածության ու ժամանակի խորքն էին բացվում…

                                                                              Թոմաս Պինչոն, «The Crying of Lot 49»

            Ես այդպես էլ չսովորեցի գլուխ հանել ժամանակից։ Անժամանակության զգացումը մանուկներս, ըստ երևույթին, աշխարհ ենք բերում մեր գոյությանը նախորդած հավիտենական կամ ժամանակավոր չգոյությունից ու պահպանում այնքան, մինչև ժամանակի զգացումից զուրկ լինելու մեջ նախատելով, շտապեցնելով, սովորեցնելով կողմնորոշվել ըստ ժամացույցների, մեզ կարողանում են վարժեցնել ժամանակին ու տեղավորել նրա մեջ։ Բայց մեզնից շատերը կամ գտնում կամ իրենք են իրենց և ուրիշների համար բացում այն փոքրիկ պատուհանները, որ դեպի ժամանակի ու տարածության խորքն են տանում։

            Դասերս ավարտելուց հետո ես դպրոցից քիչ հեռու գտնվող բժշկական ուսումնարան էի ուղղվում։ Ճանապարհից չէի շեղվում։ Բայց միշտ ուշանում էի։ Մայրս նայում էր ժամացույցին, մի պահ հապաղում ու չտարակուսելով, որ ես միշտ անշեղորեն եմ կատարում իր ցուցումները, անկարող հասկանալ, թե ճանապարհի որ հատվածում է կորսվում ժամանակը, հանդիմանում էր ուշանալուս համար ու փակում ֆիզիկայի իր լաբորատորիայում, որ ձեղնահարկի ընդարձակ մի սենյակ էր, ուր դասերս սերտելուց, դասագրքերիս լուսանկարները զննելուց, ամպերմետրերով, վոլտմետրերով, ավազե ժամացույցներով ու լծակավոր կշեռքներով խաղալուց, էլեկտրական հաշվիչներով մեծ ու անհավատարժան թվեր ստանալուց և թվերի անսահմանության ու տիեզերքի անվերջության կապի շուրջ խորհրդածելուց հետո, քանի որ ձեղունի շրջանաձև պատուհաններին չէի հասնում, ինձ վրա փակված դռան բանալու անցքից երկար նայում էի ամայի միջանցքին, մինչև զանգը հնչեր, միջանցքը լցվեր անցուդարձով, ու ես ցնծությամբ վերջապես դռանը մոտեցող մորս շրջազգեստը ճանաչեի։

Մի անգամ ուսումնարանից տունդարձի ճանապարհին մայրս զգաց, որ մամուլի սպիտակ ներկված փայտե կրպակի մոտով անցնելիս ամեն անգամ ստիպված է ձեռքս քաշել ու հասկացավ, որ մայթի այդ հատվածում իմ հապաղման ու դպրոցից բժշկական ուսումնարան մշտական ուշացումների պատճառները նույնն են։ Հասկացավ, որ այդտեղ՝ ճանապարհի այդ հատվածում, ժամանակից ու տարածությունից դուրս բերող պատուհանիկներ եմ հայտնաբերել, որոնց առջև պատրաստ էի ժամերով անշարժանալ։ Վաճառողուհին ժպտում ու իմ մանկական երազանքների հանդեպ խորին ակնածանքով պատահական մի օրաթերթ էր ձեռքն առնում, որ անհարմար չզգամ ուզածիս չափ ուսումնասիրելու համար ինձ անծանոթ գնացքների, մեքենաների, ինքնաթիռների, տիեզերանավերի մոդելները, մարզական տեսարանները, կենդանական ու բուսական անհայտ տեսակները, ու ես, որ հարյուրավոր անգամներ թերթել–թերթատել էի մեր տան համեստ գրադարանի պատկերներից աղքատ գրքերը, քանի դեռ տառերի համակցություններից գոյացող ընդարձակ աշխարհներն ինձ դեռ անմատչելի էին, այդպիսի պատկերներ ոչ տեսել, ոչ պատկերացնում էի։ Ինձ դուր էին գալիս այդ մանրապատկերների ատամնավոր շրջանակները և երկար ժամանակ իսկական փոստային նամականիշն ինձ համար ատամնավոր եզր պիտի ունենար միայն: Մինչև հիմա էլ հաճախ եմ ինձ տեսնում թերթի այդ կրպակի առջև կանգնած զննելիս նոր ու անհայտ նամականիշների հավաքածուներն ու արթնանալով, ինչպես այն ժամանակ, տառապում դրանք ձեռք բերելու անկարողությունից ու ամեն անգամ ինձ համակում է նույն մանկական տխրությունը և այս իրականության մեջ դեռ չթողարկված, բայց մեկ այլ, ավելի հիասքանչ իրականության մեջ գոյություն ունեցող անհայտ նամականիշներն ունենալու անկարելիության ու ափսոսանքի զգացումը։ Առաջին նամականիշները, որ մայրս իր սուղ միջոցներից գնեց ինձ համար՝ ուշացումներս անտեղի հանդիմանելու ներողության հայցում որպես, բնախույզ Խուան Կրիստոբալ Գունդլախի մահվան իննսունամյակի առթիվ 1986 թվի կուբական թողարկման թռչունների նամականիշներ էին։ Դրանից հետո ամեն աշխատավարձի մայրս այդ կրպակից նամականիշներ էր գնում ինձ համար։ Իսկ մի օր նույնիսկ քաղաքի միակ ֆիլատելիստական խանութ–սրահ տարավ, ոսպնյակ, ունելի, մի գեղեցիկ ալբոմ ու սկսնակ ֆիլատելիստի ձեռնարկ գնեց ինձ համար։ Ես մտապահեցի ճանապարհն ու օրեր անց նորից հայտնվեցի փոքրիկ, բայց իրականն ու անիրականը համադրող անթիվ աշխարհների վրա բացվող, հազարավոր պատուհանիկների շնորհիվ անսահման ընդարձակ թվացող մոգական այդ սրահում, ուր ամեն մի պատկեր շեմ էր իմ մանկական երևակայության համար։ Ես ամառային կեպի էի վերցրել, որ գլուխս քաշեմ ու վաճառողը չճանաչի ինձ ու հանկարծ չմատնի մորս։ Ես գիտեի, որ դասերից փախչելու համար հորս ծանր ապտակներով, իսկ այդ տարիքում տնից քաղաքի կենտրոն՝ ինձ համար արգելված հեռավորություն կտրելու համար հեծանիվից զրկվելով եմ պատժվելու։ Ու տասնյակ տարիներ անց միայն, երբ վերնիսաժում հանդիպեցի այդ մարդուն, որ գավառական մեր քաղաքի ֆիլատելիստների միության առաջին ու դեռ միակ նախագահն էր, և որի արտաքինում ու հագուկապի մեջ ոչինչ չէր փոխվել ու խորհրդային փլուզումից փրկած նույն պորտֆելով էր դեռ, և հիշեցրի նրան իմ այցելություններն իր խանութ–սրահ, նա ոչ մի կերպ չհիշեց կեպիով իր խանութ մտած ութամյա տղային ու ես պարզեցի, որ նա խորապես անտարբեր էր ոչ միայն տիեզերքի նամականիշներով չհետաքրքրվողների, այլև ֆիլատելիայի համար տհաս այն տարիքի հանդեպ, որում ես արևոտ, շոգ այն կեսօրին, երբ ժամանակը արևի անշարժ շողերի, ստվերների, պատկերների ու քար լռության ծուղակում էր, ու հավիտենությունը ժամանակի մանրատող սարքի ձայնն էր լսվում միայն, առաջին անգամ մեն–մենակ հայտնվել էի նրա խանութ–սրահում։ Ակնապակով ինչ–որ նամականիշ էր զննում։ Ես գլխահակ մոտեցա ապակե ցուցափեղկերին ու համաչափ շարված մանրապատկերների այդ գրավիչ աշխարհն ինձ դեպի անհայտ աշխարհներ կլանեց։ Բայց ժամացույցն անհանգստության, լարվածության մեջ պահում ու դուրս էր մղում ինձ այդտեղից և, գրպանումս շոշափելով խնայատուփիս մանրադրամները, չէի կարողանում կողմնորոշվել՝ ինչին նախապատվություն տալ։ Բայց վերջապես գիտակցեցի, թե հատկապես որ շարքն էր ստիպելու ինձ նորից վերադառնալ այդտեղ. խորհրդային, կուբական, չեխական ու մի քանի այլ երկրների նամականիշների մեջ, որ այդ ժամանակներում ստանում էին մեր ֆիլատելիայի խանութները, իր պոլիգրաֆիայով առանձնանում էր հատկապես սերիական մի թողարկում, ըստ երևույթին ինչ–որ մեկի հավաքածուից վաճառքի հանված ամերիկյան նամականիշներ, ճերմակ, քառանկյուն ու ատամնավոր թղթերի վրա գույնզգույն ու նախշազարդ վեց թիթեռ․ ամեն ինչ երկիմաստ էր այդ նամականիշների վրա՝ թղթի մեջ էին, թե թղթի վրա, իսկական էին, թե դրոշմված, անշունչ էին, թե անկենդան էին ձևանում այդ թիթեռները, որ ասես գույների ու ձևերի բազմազան համադրություններից, ծաղկից ծաղիկ նետվելուց հոգնած՝ հանդարտվել ու իրենց վերջին հանգրվանն էին գտել թղթի ճեփ–ճերմակ մաքրության վրա։ Անհնար էր թիթեռների համար առավել հիասքանչ ու գեղեցիկ շիրիմներ պատկերացնել։

Ես լաց էի լինում, չէի դիմանում ապտակների ցավին, ուզում էի չլինել, բայց չլինել թաքնվելով բոլորից ու չլինելով պատժել ծնողներիս իմ կրած պատժի անարդարացիության համար, ու չգիտեի, որ կրածս պատժի անարդարացիության համար ինձ պարգևի ձևով հատուցում էր պահված։ Երբ գրականությանս ուսուցիչն իմացավ, որ դասերից ֆիլատելիայի խանութ–սրահ եմ փախել, նամականիշներիս հավաքածուով հրավիրեց իր տուն։ Դուռը մի գեղեցկատես կին բացեց։ Այդ իրիկուն տատս ու տատիս քույրն ինձ կրկնել ու կրկնել տվին խոստովանությունս, որ նստած դիրքում տեսել եմ այդ կնոջ բացված ոտքերն ու ներքնազգեստը և ծիծաղեցին ու ծիծաղեցին։ Կինը ժպտաց, շոյեց գլուխս, ուղեկցեց ինձ մի սենյակ, ուր գրքերը մեկը մյուսին պահարաններից դուրս մղելու փորձերի մեջ անշարժանում էին հյուրերի առաջ, իսկ գրողների կիսանդրիներն իրենց հանդեպ ակնածանքի ու լռության կոչով սաստում։ Մեծ գլուխներով ու հաստապակի ակնոցներով երկու փոքրիկ տղա, որ ինձնից մի քանի տարով մեծ էին, նստեցին կողքս, բացեցին ալբոմս, թերթեցին ու ասացին, որ պիտի կողմնորոշվեմ, թե ինչ եմ ուզում հավաքել, որ նման՝ տարբեր երկրների թողարկման, գնացք ու ծաղիկ, թռչուն ու մեքենա, տիեզերք ու գեղանկարչություն իրար վրա լցրած, մարված ու չմարված, ճմրթված ու վնասված եզրերով, կիսատ–պռատ սերիաներով հավաքածուն իրականում մեխն ու հացը մի տեղ վաճառող գյուղական խանութ է հիշեցնում, և արժեզուրկ է պարզ այն պատճառով, որ թեմատիկայից զուրկ է։ Նրանք ուղղակի հարկադրեցին ինձ հենց այդ պահին կողմնորոշվել ու տեղում պատասխանել, թե թեմատիկ ինչ հավաքածու եմ մտադիր կազմել։ Ես թոթվեցի ուսերս ու չգիտեմ ինչու, ասացի՝ թիթեռներ, թեև գնացքներն ինձ ավելի էին հետաքրքրում։ Նրանք նայեցին իրար ու փռթկացին։ Երևի, ասաց տարիքով մեծը, քեզ դեռ ոչ մի թիթեռ չի հաջողվել բռնել։ Ես ամենայն լրջությամբ պատասխանեցի, որ չի հաջողվել ու ասացի, որ մեծանամ նամականիշներից բացի շրջանակների մեջ մեծ, չորացած թիթեռներ էլ եմ հավաքելու։ Գեղագիտական բարբարոսություն, ասաց նրանցից մեկը։ Ես չհասկացա՝ ինչ նկատի ունի նա։ Գեղագիտական էգոիզմ, արհամարհանքով ավելացրեց մյուսը, որ ավելի մեծահասակ էր, աններելի է, որ մարդ սպանի գեղեցկության կյանքը անընդհատ աչքի առաջ ունենալու համար անկենդան գեղեցկությունը։ Ու հետո բնության մեջ ամեն շարժում իր նպատակն ունի, ու քեզ ի՞նչ է թվում, թիթեռների շարժումներն աննպատակ են, հա՞։ Իսկ եթե թիթեռն իր թեթև շարժումներով գոհություն է հայտնում Աստծուն ու արարչագործության հրաշքի՞ն։ Մարդ արարածը կորցրել է զուտ մարմնական գոյության հաճույքն զգալու ու գնահատելու իր կարողությունն ու դրա համար էլ հեշտությամբ է այլ արարածների զրկում այդ հաճույքից․․․

            Այդ պահին ներս մտավ գրականության իմ ուսուցիչը՝ ամեն ինչի մանրակերտի ու քարացածության մի երկրպագու, բայց կենդանի ու աշխույժ մտքի տեր, ժպտերես մի մարդ։ Թիթեռնե՞ր։ Թիթեռներին իսկապես չի կարելի շրջանակի մեջ առնել, նա դառը քմծիծաղ տվեց ու ասաց, չսխալվես, հաջորդ օրն իսկ չես նկատելու շրջանակի մեջ առնված թիթեռիդ, ուրեմն թող բնության մեջ թևին տա իր համար։ Ասում ես՝ թիթեռնե՞ր ես սիրում։ Ի՞նչ գիտես թիթեռների մասին, որ սիրում ես։

            Նա ինձ իր երկու վաղահաս տղաների մոտ հպարտանալու անսպասելի մի առիթ տվեց։ Ես աշխարհի ամենամեծ՝ սիրամարգի աչք կոչվող ընտանիքի ատլաս անունով թիթեռի մասին պատմեցի, ասացի, որ նրա թևերը, որոնց թափահարումը թռչունների թևաբախումների պես աղմկալից է, կոբրայի գլխի պատկեր է երիզում, որ վտանգի ժամանակ ատլասն այդ պատկերը ցուցադրում է թշնամուն։ Կարճատև լռությունից զգացի, որ իմ խոսքի թողած ազդեցությունը այդտեղ՝ այդ տոթ ու փոքրիկ սենյակում, վիթխարի մի թիթեռ գրպանիցս հանելուն ու օդ բաց թողնելուն հավասար մի բան էր։

Հնարավոր չի, մի պահ մտորելուց հետո ասաց ուսուցիչս ու լռեց։

Ի՞նչը չի հնարավոր, հայրի՛կ, հարցրեց տղաներից փոքրը։

Հնարավոր չի, որ ատլաս կոչված թիթեռն ինքը մտածած ու հորինած լինի իր թևերի պաշտպանական նախշերն ու կոբրայի գլխի պատկերը։ Բայց եթե ինքը չի մտածել, էդ դեպքում ո՞նց է թիթեռը կռահում պաշտպանության նպատակով գործածել մի բան, որ չի տեսել, որովհետև իր թևերի վրա է, ու որի մասին հետևաբար ոչինչ չպիտի էլ իմանա։ Հըմ, հետո էլի լռեց ու շարունակեց, եթե մի պահ ընդունենք, որ Աստված չկա, ստիպված ենք ընդունել նաև, որ թիթեռների նախշերը բնության զառանցանք են։ Բայց ո՞նց կարող է պատահականությունն այդքան բազմահնար լինել, այդքան գեղեցիկ նախշեր շռայլել, չէ՞ որ նույնիսկ աբստրակտ ոճի նկարչին ստեղծագործական մեծ ներշնչանք պետք կլիներ այդպիսի վերացական ու գեղեցիկ ձևեր ստանալու համար։ Ինձ այնուամենայնիվ թվում է, որ այդ նախշերը մեզ են վերացական ներկայանում և դրանք հատուկ, մեզ դեռ անհասկանալի ու մեր բանականության համար դեռ անվերծանելի մի նշանակություն են բովանդակում։ Ամեն դեպքում, ասաց նա, այդ թեթև արարածներն Աստծու գոյության ծանրակշիռ ապացույցներ են։

            Ուսուցիչս լուռ թերթեց փոստային նամականիշների իմ ալբոմն ու փոխանցեց կնոջը, որ տուփից մի կոնֆետ հանեց ու մեկնեց ինձ։ Սպասիր, կանխեց ուսուցիչս, կոնֆետդ հետո կուտես, ու դեպի գրքերից ճկված դարակներով պահարանն ուղղվեց։ Դու գիտե՞ս,  հարցրեց, որն է հավաքորդության իմաստը։ Ոչ, ասացի՝ լսելով, ինչպես են ճռճռում կոնֆետների թղթերն ու տեսա, թե ինչպես են երկու մեծ գլխով տղա ըմբոշխնում դրանք։ Ճիշտ է, ամեն մի նամականիշ ընդարձակում է այս կամ այն թեմայի վերաբերյալ մեր գիտելիքները, բայց որոշ ֆիլատելիստներ թյուր կարծիքի են, թե հավաքորդությամբ մարդն իրեն հետաքրքրող թեմայի վերաբերյալ գիտելիքներ է հավաքում միայն։ Անհնար է ամեն ինչ իմանալ և անհնար է ամեն ինչ հավաքել։ Աշխարհում անթիվ, անհամար նամականիշներ են թողարկվել, ասաց ուսուցիչս, հավաքորդը չի կարող ընդգրկել այդ անսահմանությունը։ Աստված արարում է անսահմանությունը, իսկ հավաքորդն, այս կամ այն թեման ընտրելով, փորձում կարգ մտցնել անսահմանության մեջ։ Նա պահարանից մի մեծ ալբոմ հանեց, որ իր չափերի համեմատ անսպասելի ծանր թվաց ինձ։ Մի պահ նայեց ձեռքերիս, որոշելով, որ մաքուր են ու թույլ տվեց թերթել։ Առաջին իսկ էջերից, որոնցում հունական նամակիշներ էին շարված, ես պահանցիկ ու տարտամ մի կանխազգացում ունեցա, թե այդ ալբոմն իրականում ինձ է պատկանում, բայց ինչ–որ վրիպմամբ պահ է տրված նրան, որ ուշադրությամբ ու վախով հետևում էր, որ զգուշությամբ թերթեմ ալբոմը, որի առաջին էջերում հնագույն դիցարաններից մեկի աստվածների ու հերոսների պատկերներով, ապա հույն ու հռոմեացի պոետների՝ Հորացիուսի, Կատուլլուսի, Օվիդիուսի դիմանկարներով, Հոմերոսի, Վերգիլիոսի, հին ու միջնադարյան հերոսական պոեմների, միջնադարյան ասքերի, առանձին էջերով Դանտեի ու «Աստվածային կատակերգության» պատկերներով, ևս երկու–երեք էջ Վերածննդի շրջանի այլ հեղինակների և վերջում առանձին էջերով Գյոթեի ու Շիլերի՝ հաճախ համատեղ նամականիշներն էին դասավորված, այնքան խիտ, որ պատկերասրահների նկարների պես չեզոքացնում էին իրար։ Բայց կային նաև էջեր, որոնցում մեկուսի, առանձին մի նամականիշ էր ցուցադրված՝ դրա բացառիկ արժեքն ընդգծելու նպատակով անշուշտ։ Խնամքով ձեռքիցս առնելով այդ ալբոմը՝ մեկ ուրիշը հանձնվեց ինձ, համեմատաբար փոքր, ուր միայն Սերվանտեսին ու Շեքսպիրին նվիրված նամականիշներ էին զետեղված։ Հետո երրորդը, ստվար մի ալբոմ, որ ինձ ամենից շատ գրավեց, որովհետև պատկերներն այստեղ ավելի վառ էին ու գունեղ։ Շունչս պահած թերթում էի արաբական, պարսկական, հնդկական, մոնղոլական, կորեական, վիետնամական, ճապոնական, չինական, արևելյան այլ երկրների գրականության նամականիշների այդ հարուստ հավաքածուն։ Ինձ գրավել էին շլացուցիչ գույների նրբագեղ համադրություններով նամականիշների սերիաները, որ չինական չորս հիմնական վեպերի դրվագներն էին պատկերում։ Ես նորից դիտելու համար մի անգամ էլ բացեցի այդ ալբոմի առաջին էջերն ու մատնացույց արի առաջին երեք էջերի նամականիշները։ «Հազար ու մեկ գիշեր», ասաց ուսուցիչս։ Ես զգում էի, թեև չէի տեսնում, թե ինչպես են ուշադիր հետևում ինձ, ինչպես է իմ հիացմունքը հաղորդվում ուսուցչիս, ու նա, որ հազարավոր անգամներ թերթել էր իր ալբոմները, որ նամականիշների իր հավաքածուի մեջ չուսումնասիրած ոչ մի անկյուն, մանրուք ու տառ չէր թողել, այս անգամ ինձ հետ միասին, իմ իսկ աչքերով էր դիտում սեփական հավաքածուն ու ոգևորություն էր առնում իմ մանկական հիացմունքից, իմ հիացմունքով կշռում, գնահատում այն, որոշում սեփական հավաքածուի իրական, գներով չաղարտված արժեքը, որ իսկական հավաքորդի համար նոմինալներով կամ կատալոգային արժեքով չի գնահատվում երբեք, այլ ապրումներով, որ ունեցել ես յուրաքանչյուր նամականիշի սպասելիս։ Ես հետո իմացա, որ ուսուցիչս երբեք չէր հաճախում ֆիլատելիստների ակումբ, որ իր հավաքածուն չէր ցուցադրում ոչ մեկին, բացառապես իր համար էր հավաքում, և այդ հավաքածուն արժեք ուներ միայն ու միայն իր համար։ Դրանից հետո նա ինձ անգլիախոս երկրների գրականության ալբոմը տվեց ու այստեղ էլ ինձ շլացրին «Ռոբինզոն Կրուզոյի», «Ալիսի», «Գանձերի կղզու», «Մոբի Դիքի» ու Դիկենսի վեպերի կերպարներով ու դրվագներով նամականիշները։ Իր ալբոմներով նա փորձել էր համակարգել համաշխարհային գրականության ողջ պատմությունը, որ ըստ այդ ալբոմների հաջորդականության սկսվում էր աստվածների կերպարներով ու ավարտվում կոմիքսների հերոսներով։

            Ես անթիվ գիշերներ եմ անցկացրել երազելով այդ նամականիշներից շատերի մասին, պատկերացնելով՝ ինչպես եմ գողանում ուսուցչիս հավաքածուից։ Բայց չէի համարձակվում ու չէի հասկանում, թե անվերջ նայելուց բացի ուրիշ ոնց կարելի էր ունենալ այդ նամականիշները։ Ես մեկը մյուսի հետևից ընթերցում էի այն գրքերը, որոնց պատկերազարդումները տեսել էի նրա հավաքածուի մեջ, բայց մայրս արգելեց ինձ «Հազար ու մեկ գիշերը» կարդալ, ու ես այդ գրքերի ընթերցման ժամանակ իմ պատկերացրած իրականությունն ուսուցչիս նամականիշների հետ համեմատելու համար հաճախ էի այցելում նրան, թերթում ու թերթում նրա ալբոմները, որոնց մոտ թիթեռների իմ հավաքածուն, որ արժեզրկել էր թիթեռների մասին իմ գիտելիքներն ու հավաքածուն։ Ուսուցչիս զավակների մահից հետո, որ նրանց վաղահաս մտավոր հասունության պես անբացատրելի առեղծված մնաց ինձ համար, ես սպասված հյուր էի նրանց համար և դժվար էի բաժանվում նրանցից՝ բնազդաբար զգալով, որ իմ ներկայությունը լցնում է նրանց զավակների չգոյության պարապը։ Կինն առանձնակի խանդաղատանքով էր ընդունում ինձ ու դեռ չէի կռահում, թե այդ խանդաղատանքն ինչի է վերափոխվելու իմ մեջ։ Ինչ–որ պահից սկսած ինձ ծանոթ նամականիշների մանր տառերը ոսպնյակով զննելու անցա, ինձ անհայտ գրողներ ու հերոսներ բացահայտեցի, Շեքսպիրից, Բյորնսից, Քիթսից ու Ուորդսվորտից անգլերեն մեջբերումներ սերտեցի ու միայն փոքրիկ գրքի երկու բացված էջի ձևով թողարկված Էլիոթի «The Ad-dressing of Cats» պոեմի հատվածի մանրագույն տառերն ինձ չհաջողվեց ընթերցել։ Այդ նամականիշներից շատերի պատկերներով պատմություններ սկսեցի հորինել։ Մի անգամ ուսուցիչս կարդաց դրանցից մեկն ու հիացմունքով համբուրեց ճակատս: Շնորհավորում եմ, ասաց, դու ապագա գրող ես, ու շուրթերը կրծոտելով մտորելուց հետո ասաց, որ թիթեռների նամականիշներ հավաքելու իմ որոշումը խորհրդանշական կարելի է համարել այն իմաստով, որ հին հունարենում պսիխե բառը թե՛ հոգի, թե՛ թիթեռ է նշանակել, իսկ ո՞վ է գրողը, եթե ոչ մարդկային հոգիների հավաքորդ։ Բայց թիթեռների նամականիշների իմ հավաքածուն կիսատ թողեցի ես, վերջնականապես որոշելով, որ թեմայի ընտրության մեջ սխալվել եմ, որ այդուհետ եթե հավաքեմ, գրականության նամականիշներ եմ հավաքելու միայն, բայց ուսուցչիս լիակատար թվացող հավաքածուն թևաթափում էր ինձ։ Ես ըստ նրա հավաքածուի ընթերցում էի, իսկ իմ նամականիշների ամբողջ հավաքածուն փոխանակեցի Ժյուլ Վեռնի տասհատորյակի հետ, որովհետև արկածային ու գիտաֆանտաստիկ գրականության նամականիշների ալբոմի մեջ ինձ ամենից շատ նրա վեպերի պատկերազարդումներով նամականիշներն էին գրավել։ Ու ես չգիտեմ, կդառնայի այդքան անհագ ընթերցող, եթե այդ նամականիշների ամբողջ հավաքածուն իմը լիներ, թե ոչ։ Տևական մի ընթացք ես ուսուցչիս գրքեր վերցնելու, իսկ իրականում նրա կնոջ հմայքի տիրույթում հայտնվելու համար էի այցելում և ավելի ու ավելի արագ վերջացնում ինձ տրված գրքերը։ Ինձ համար հանկարծակի ու անսպասելի կերպով բացվել էր հասակով մեծ կնոջ ողջ հմայքը։ Եվ անշուշտ այդ կինն զգում էր դա, երևի նախ բնազդաբար, ապա գիտակցաբար նպաստելով իմ զգացմունքին: Խորհուրդ էր տալիս այնպիսի գրքեր կարդալ, որոնցում երիտասարդի ու հասակով կնոջ սեր էր նկարագրվում։ Այդպես նա խորհուրդ տվեց ինձ «Պարմի մենաստանը» կարդալ։ Ես սիրահարված էի մի կնոջ, որ արթնացրել էր իմ սեռական երևակայությունը, մի բան, որ չէր հաջողվել ինձ ծանոթ ու հասակակից ոչ մի աղջկա։ Ու ինչպես ժամանակին ուսուցչիս նամականիշները գողանալու ծրագրեր էի մտմտում, այնպես էլ նրա կնոջն ուղղված սիրային նամակներ էի գրում, որ թաքցնում էի մեր տան կահույքի ետևում։ Ես զարմանում էի, որ ուսուցչիս հանդեպ ակնածանքն ու սերը դույզն ինչ չէր խանգարում նրա կնոջ հանդեպ տածած իմ կրքին, գուցե պատճառով, որ այդ մասին միայն ես գիտեմ ու մի ընթացք պատրաստ էի խոստովանել զգացմունքս, եթե անհամարձակությունն ու անփորձությունը չխանգարեին։ Փոխարենն այդ կիրքը համարձակ էր դարձրել ինձ հասակակից աղջիկների հանդեպ, որոնց սիրահարված չլինելով խոստովանություններ էի անում ու խոստովանություն կորզելով լքում։ Երևի համարձակության փորձառության էի տենչում: Ես գիտեի, որ նա մատչելի կին էր, այդ մասին նույնիսկ հասակակիցներս գիտեին, ու թեև չէի կասկածում, որ այդպես էլ կար, ու թեև դա բորբոքում էր իմ երևակայությունը, բայց այդ կնոջ ներկայությամբ դա ինձ անհավատալի էր թվում, նա ինձ շարունակում էր առաքինի ու համեստ մի արարած թվալ, որ ոչ թե պարսավանքի, այլ ծայրահեղ հիացմունքի էր արժանի։ Եվ նույնիսկ ամուսինն էր մատուցում նրան այդ արժանին։ Ես քանիցս տեսել եմ, թե ինչպես էր նա հայելու առջև իր գույնզգույն ու փետրազարդ, մեր քաղաքի ու այն ժամանակների համար անսովոր գլխարկների հավաքածուից մեկը դնելուց հետո մոտենում, համբուրում ամուսնուն ու դուրս թռչում տնից։ Շոգ օրերին հովանոց էր կրում, որ աննախադեպ էր գավառական մեր քաղաքում։ Անշուշտ ուսուցիչս կռահում, բայց առանց տառապանքի էր տանում կնոջ թեթևաբարո վարքը, սիրում էր նրան առանց խանդի։ Ինձ թվում է, թե նա հասել էր իմաստության այն աստիճանին, երբ հնարավոր է դառնում հիանալ կնոջ գեղեցկությամբ առանց ցանկասիրության։ Ու իմ առաջին, փոքրիկ հիասթափությունն այդ կնոջից ու ցավն ուսուցչիս համար այն էր, որ ես այդ կնոջ արտաքին բարեհամբուրության ու ամուսնու հավաքածուի հանդեպ օտարված հիացմունքի խորքում կեղծիքի երանգ որսացի, որի տակ եթե ոչ արհամարհանք, ապա անտարբերություն էր թաքնվում ամուսնու՝ գործածության համար բացարձակապես անպիտան գեղեցկություն հավաքելու մոլուցքի ու նրա հավաքածուի հանդեպ, որ ուսուցիչս՝ իր հավաքածուով ու գրականությամբ տարված իմաստուն այդ մանուկն զգում ու ներում էր։ Նա իսկապես իմաստուն մարդ էր կրքոտ և առհասարակ հավաքորդ լինելու համար, ու ինձ թվում է, որ այդ հավաքածուի մի զգալի մասը առանց պատանեկան խանդավառության, պարտավորության պես էր հավաքվել, ավարտին հասցնելու և ամբողջության բերելու համար մի զբաղմունք, որին պատանեկության ողջ կիրքն ու ժամանակն էր նվիրել։ Եվ միայն իր զավակների մահից հետո էր իսպառ կորցրել այդ հավաքածուի հանդեպ նախկին հոգատարությունը, ասես հասկացել էր ունենալու ողջ ունայնությունը։ Նա վերջնականապես զատեց իրեն իր հավաքածուից ու մի անգամ, նայելով, թե երկարատև մոռացությունից հետո գիտակ մարդու բանիմացության ինչ հիացմունքով եմ թերթում իր ալբոմները, մեր վերջին զրույցն էր դա, ասաց ինձ, բայց ի՞նչ է հավաքորդությունը, դու կարող ես անթիվ անգամներ թերթել, նայել, գոհություն զգալ, որ այն քեզ է պատկանում, բայց միևնույն է, ունենալ ոչ մի դեպքում չես կարող, և ունենալու անհնարինությունն է, որ հավաքորդին ստիպում է անվերջ անգամներ թերթել ու թերթել իր ալբոմները։ Նա թիթեռի մետաֆորով բացատրեց դա։ Ծաղկի վրա նստած թիթեռին էլ է թվում, թե ծաղիկը, որի վրա նստել է, իրեն է պատկանում, նա դառնությամբ ժպտաց ու ես վստահ եմ, որ այդ դառնությունը կնոջն էր ուղղված, նա ուզում է բոլոր ծաղիկներն ունենալ ու ծաղկից ծաղիկ է թռչում։ Իրականում ունենալու անհնարինությունն է խթանում ունենալու մեր տենչը։ Իսկ, երբ դու գրքեր էիր ընթերցում, իսկ ավելի շատ, երբ պատմություններ էիր հորինում ըստ նամականիշների, այդ ժամանակ դու իսկապես ունեիր։ Ես մտածում եմ, որ այդպես, միայն ու միայն այդպես կարելի է ունենալ։

Ուսանող տարիներիս այցերս նրանց տուն ավելի ու ավելի հազվադեպ դարձան։ Ես այլևս չէի մտածում նամականիշներ հավաքելու մասին, տարված էի մոդեռնիզմի գրականությամբ և գիտեի, որ ուսուցիչս առանձնապես չի խրախուսում իմ ոգևորությունը։ Մեր միջև մի տեսակ խզում էր գոյացել ու միայն, երբ նորից իմ մեջ բռնկվեց նամականիշներ հավաքելու տենչը, ես դարձյալ հիշեցի նրան։

Պատուհանների վարագույրները հանված էին, իմ թակոցներին բնակարանի դատարկությունն արձագանքեց միայն։ Հարևանների դռները չթակեցի, հեռացա ու տևական մի ընթացք դարձյալ մոռացա նրանց։ Տարիներ անց նրանց շենքի մոտով անցնելիս բնակարանի լույսը վառ տեսա։ Դուռը մի տղամարդ բացեց ու ասաց, որ ոչ մի տեղեկություն չունի նախկին բնակիչների մասին, մեծ դժկամությամբ տվեց մի հեռախոսահամար, որով բնակարանն իրեն վարձակալության հանձնած անձին կարող էի զանգահարել, ու անմիջապես ինձ վրա փակեց դուռը։ Ես նկատեցի, որ նույն հին, փայտե, թանձր սպիտակ ներկված դուռն էր, որի վրա փոստանցք և ուսուցչիս ազգանվամբ ցուցանակ կար։ Եվ այդ դուռն առաջին անգամ էր բացվելուց հետո փակվում իմ առջև: Ես զանգահարեցի, պատասխանեց մի կին, որ ուսուցչիս կնոջ ընկերուհին էր։ Ռուսաստանի մի հասցե տվեց։ Հաջորդ օրը փոստից նամակ ուղարկեցի այդ հասցեով ու երկար սպասեցի, ինչպես ծրարով ինձ առաքված առաջին նամականիշներին, որ այդպես էլ տեղ չհասան։ Տարիներ անց լսեցի, որ ուսուցիչս վաղուց մահացել է։ Մի քանի անգամ զանգեցի նրա կնոջ ընկերուհու հեռախոսահամարով, որ ինձ հաջողվեց վերծանել նոթատետրերիցս մեկից։ Ինձ ոչ ոք չպատասխանեց։ Մի անգամ էլ նամակ ուղարկեցի Ռուսաստանի հասցեով ու դա էլ մնաց անպատասխան։ Ես հրաժարվեցի ուսուցչիս փնտրելու մտադրությունից ու գտնելու հույսից։  

Տարիներ անց մայրաքաղաքում անցկացրած տևական ընթացքից վերադառնալով, տուն մտնելուն պես հեռախոսը զանգեց։ Ուսուցչիս կնոջ ընկերուհին էր։ Նույն երեկոյան օտար մի բնակարանում, անսպասելիորեն տգեղ արտաքինով մի կնոջ ներկայությամբ ես հպանցիկ թերթում էի ինձ ծանոթ ալբոմները, որոնցում նամականիշները պահպանվել էին նույնությամբ, ոչ մի նամականիշ չէր ավելացել, որոշ էջերում դատարկ տեղեր կային, «Էնեականի» գերազանց վիճակում գտնվող 1930 թվականի ամբողջական հավաքածուն, «Լուզիադների» չորս հարյուրամյակի առթիվ հրատարակված գունեղ նամականիշների շարքը, որ մինչև հիմա չեմ գտել ու մի քանի այլ հազվագյուտ և արժեքավոր նամականիշների բացակայությունը հայտնաբերեցի անմիջապես, իսկ որոշների՝ «Ասք ընձենավորի մասին» պոեմի 750 ամյակի առթիվ թողարկված Ռուսթավելիի 1930 թվականի անատամ նամականիշը, Գյոթեի 1949 թվականի երեք, Վերհառնի և Կոնսիանսի 1952 թվականի և առհասարակ բելգիական հավաքածուի նամականիշների բացակայությունն ավելի ուշ հիշեցի: Այդ ալբոմները երկար ժամանակ չէին թերթվել, էջերը կպել էին իրար։ Թերթում էի, բայց ուրախության փոխարեն թախիծ էր համակում ինձ: Ուսուցչիս մահը չէր վշտացնում ինձ, այլ իրերի՝ մարդկանց վերապրելու տխրության զգացումը։ Ես չուզեցի պարզել, թե ինչու չէր նրա կինն անձամբ ինձ փոխանցել այդ ալբոմը։ Դժվար չէր կռահել, որ հայելիների առաջ ժամերով շպարվող ու փետրազարդ գլխարկներ փորձող կինը չափից դուրս շատ էր ինքն իրեն նույնացրել սեփական արտաքինի հետ և դրա համար էլ ցավով պիտի տաներ իր արտաքինի հետ կատարվող ցանկացած փոփոխություն, վերահաս ծերության ցանկացած հիշեցնում։ Ես լավ էի հասկանում, որ այդ կինը չի ցանկացել իր նախկին պատանի երկրպագուն կնճիռներ տեսնի իր դեմքին։ Բայց հասկանում եմ նաև՝ ինչն էր երկար տարիների բացակայությունից հետո Ռուսաստանից մի քանի օրով ծննդավայր այցելած կնոջն ստիպել ամուսնու ալբոմները բերել ու նվիրել ինձ։ Ես, որ երկար եմ խորհել մեռյալների՝ ողջերի կյանքում ունեցած մասնակցության մասին, հասկանում եմ, որ այդ ալբոմները վաճառելու փոխարեն ինձ նվիրելու որոշումը հուշվել էր նրան, ինչ շարժառիթ էլ վերագրեր նա իր այդ որոշմանը։ Այդ ալբոմն ինձ նվիրելն ու հոգատար ձեռքերում տեսնելն ուսուցչիս հետմահու կամքն էր։ Բայց դա հանգուցյալների՝ ողջերին երախտահատույց լինելու դեպքի պարզ վկայություն չէր սոսկ։ Ես հիմա նոր եմ հասկանում, որ այդ կամքն իր հերթին մի ավելի մեծ ոգու կողմից էր ներշնչված նրան, և այդ ոգին պարգևատրում էր ինձ ուսուցչիս կնոջ հանդեպ տածած իմ զգացմունքն ու կիրքը զսպելու դիմաց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *