Նենեի շուրջ տիրող ակնածալից եռուզեռից ու նրա պահանջմունքներն անվերապահ բավարարման բովով անցկացնելու համընդհանուր մոլուցքից երևում էր, որ նենեի հետ Նարեկի մանկական գիտակցության համար քիչ հասանելի ինչ-որ բան է կատարվում: Սովորաբար թերթերունքների պարզ թարթումը կամ հատուկենտ ցանկություններ ձևող շուրթերի անաղմուկ մրմունջը նման հրաշքներ չի գործում, սովորաբար ցանկություններն այդքան արագ-անվերապահ չեն իրագործվում նույնիսկ լկստված կնոջ պարագայում, որ ձեռքում պինդ բռնել է սեփական մարդու սանձերը, իսկ ստեղ հո՛պ՝ մեկ էլ ցանկությունը հըլը ձև չառած, այլևս իրականություն է: Նշանակում է տեղի ունեցողը մանկական գիտակցության համար քիչ հասանելի, կարևո՛ր մի բան էր, որ ստիպում էր նրա ցանկություներն իրագործել հազիվ դրանք արտահայտած: Էդ ամբողջ ընթացքում, երբ տանեցիք երևակայական պարտքերը հասցնելու ենթագիտակցական մարմաջով փորձում էին որսալ նենեի թերթերունքների նույնիսկ աննշան խաղը, ցամաք շուրթերի աննկատելի թրթիռն ու հասնել դրանց մեկնաբանությանը, Նարեկին մի՜ անգամ, էդ մի անգամը միայն թույլ էին տվել ներս մտնել, ու նրա մանկական գիտակցության մեջ էդ պատկերը դաջվել էր հավետ. նենեն գրեթե անշարժ պառկած էր սենյակի արևմտյան եզերքի և դռան անկյունում դրված թախտի վրա ու թվում էր փետուրի պես անէ, փետուրի պես թեթև է: Էն, որ առավոտ-լուսով նավթի փեջի վրա սուրճը է՛լ նենեն չէր եփում, սպիտակ բուխանկի տալաշները փեջի վրա չէր խարկում, պապայի մոտ թոռան արածների վրա փեշ չէր փռում, չէր քաշում փափուի նազուտուզը, էն, էն, է՜ն որ տան ճաշը գործից հետո այլևս ափալ-թափալ հասցնում էր մաման, հուշում էր, որ նենեն էս անգամ չի պառկել երկարուձիգ օրվան ի բնե հատկացված ստանդարտ հանգիստն առնելու, չի պառկել առավոտ-ծեգին անպայմանորեն վեր կենալու խոստմամբ: Էդ մի անգամը, երբ Նարեկին թույլ էին տվել մուտք գործել սենյակ, Նենեի ժպիտը ցավի ծամածռություն էր հիշեցնում, բայց ամենակարևորը՝ նրա մի թևն ու ոտն անբնականոն ուռել էին, մյուսները՝ նվաղել, ու, առհասարակ, փքվել էր նենեի մի ամբողջ կեսը, կռկվել մյուսը, և պարզ էր արդեն, որ ծեգին նրա վեր կենալն էս անգամ հետաձգվում է անորոշ ժամանակով:
Որքան էլ անորոշ բառը հնչում է դատավճռի ազատազրկման պես անվերջանալի, բայց անորոշ ժամանակը Նարեկի գիտակցության մեջ հավերժության հետ չէր նույնացել: Գիտակցությունն էդ ժամանակը չէր մատուցել որպես մի բան, որ լույսի ցոլանքի պես լուսաղբյուրից արձակվում ու կլանող մակերեսի անհույս փնտրտուքով դեգերում է տիեզերքի անծայր անհունում: Անորոշը՝ անորոշ, բայց էս դեպքում դրա հետ փոխկապակցված ժամանակը մանկականորեն ձև ուներ, չափ, սահման, նշանակում էր, որ նենեն՝ միգուցե էսօր չէ, էգուց չէ, բայց մի օր առավոտյան անպայման վեր է կենալու, գարշապարի ոսկրի վրա իջեցնի-կոկի փեշի փոռիկները, փեջի վրա դնի ջազվեն, կողքը՝ հացն ու տարածի խանձած հացի բույրը, որից երեսուն տարի անց հասունության բերդում բանտված Նարեկի մանկությունը հեծեծահառաչ իրեն պատերով էր տալիս: Հավատալու չէր, որ նենեն լուսաբացին կարող է այլևս վեր չկենալ, որ նենեն կարող է կորչել դեզի մեջ ընկած ասեղի պես, կորչել ինչպես շվեյցարական ժամացույցի վրայից ընկած պստլիկ պտուտակը, բայց երկրորդ անգամ, երբ նրան թույլ տվեցին մուտք գործել սենյակ, նրա մանկական գիտակցության մեջ դաջվեց տկլոր, չոր թախտը, որի վրա շողին էին տալիս վարձույթից և հարևաններից վերցված դանակ-պատառաքաղները, արաղ-լիմոնադի բաժակներն, ու որտեղ մաման՝ մանիկյուրով ամանեղենի տակը դրված կարմիր կետիկները տնտղելով, զատում էր սեփական ափսեները հարևանների ափսեներից:
Պառկած լինելը լա՞վ է, թե՞ վատ, ընդհանրապես չլինելն ավելի լա՞վ է նման կերպ լինելուց, թե՞ չէ, երևի պիտի հարցնել նրան, ում շուրջ հյուսվում է էս դիլեմման, որովհետև էս հարցի պատասխանը միշտ կիմանա նա, ում ճակատագիրն է որոշվում, կիմանա նա, ով պիտի մնա կամ գնա, բայց անկախ դրանից փաստ էր՝ նենեն պառկա՜ծ, ոտի վրա՜, առո՜ղջ, խարա՜բ, բայց գոնե կա՛ր, սեր ու հոգատարություն էր ճառագում կամ գոնե էդ սիրո աղեմորմոք հուշը: Իսկ հիմա նա հանկարծ չկա: Պատասխանելու համար հարցին, թե ու՞ր կորավ նենեն, Նարեկին երկար-բարակ տարան Սովետաշենի ճամփով ու բերեցին մի ընդարձակ ավտոկայանատեղի: Մեքենայից իջնելուց հետո ոտքով ոլոր-մոլոր մի ճանապարհ անցան մեծաթիվ թմբերի, դամբանաքարերի կողքով, թեքվեցին աջ, մի քիչ էլ առաջ ու կանգ առան ծաղկածածկ թարմ մի թմբի մոտ, որտեղ որպես հուշատախտակ էր հանդես գալիս ութանոց կվադրատով հողը խրված սև թիթեղի մի կտոր: Թիթեղի վրա ասես սպիտակ գույնի ջրաներկով նենեի սկզբի ու վերջի ազդագրերն էին, անուն-ազգանունը՝ սեթևեթուն, խավոտ վրձնահարվածներով, սիրուն էնքան, որ Նարեկը նենեի հետ կսկծալի հանդիպման միջադադարում, երբ չէր հասկանում, թե ի՞նչ է ինքն արել տատին, որ նա դուրս չի գալիս իր հետ հանդիպելու, մինչևիսկ հասցրեց մտածել, թե ինչո՞ւ իր տեսած ոչ մի ջրաներկի մեջ սպիտակ գույն չի լինում: Միջանկյալ մի հարց մինչ բուն հարցին տված պապայի պատասխանը: Եվ երբ Նարեկը պատասխանի համար հայացքը թիթեղից բարձրացրեց պապայի վրա, նա Նարեկին ցույց տվեց բետոնով սահմանազատված չորսը չորսի վրա տարածությունը, հետո բռունցքով թփթփացրեց սեփական կրծքավանդակի, ապա որդու կրծքավանդակի ձախակողմյան հատվածին ու ասաց՝ նենեն, ահա, այլևս ապրելու է այստեղ:
Փափուն նենեից հետո երկար չդիմացավ: Արանքում հասցրեց հարակից սարերի ստորոտներից ու դոշերից մի քանի խոտի դեզ հնձել, ապա դեզը հիսուն ռուբլով վաճառել եզդիներին, նույն էդ շուստրի եզդիներից վաստակածի կրկնակի չափը վճարելով հասցրեց մի «Կամազ» գոմաղբ առնել՝ պարարտացնելու ոչ մի կերպ չբերրիացող ստերջ շիկահողը, հասցրեց խոհանոցի իր համար հատուկ պատվիրված անկյունում մի քանի անգամ բորշչ եփել, որը ստացվում էր ցանկացած խախլուշկի բորշից էլ լավ նույնիսկ էն դեպքում, երբ չկար սուկի միս ու տավարի մաչա, ապա պառկեց ներքնահարկի իր մահճակալին, որի հարևան պատին Ֆերգանայի հովտից մի քրտնաթոր դարչնագույն աշխետ՝ վարգելու պատրաստ, ոտնձգում էր իրեն պատկերող կարպետի ֆիզիկական սահմանները: Էն որ ինքը մարգի դոշին է՛լ թեք չէր ընկնում՝ ջուրը կապելու որթատունկերի ու սերկևիլի ծառերի տակ, էն որ թոշակը ստանալուց հետո չէր աճապարում շուկա՝ անելու ժամանակների համար անհնարինը՝ տասը-տանհինգ կոպեկով երկու-երեք հատով տանձ-խնձոր առնելու, հուշում էր, որ փափուի պառկելն էլ նենեի պառկելու պես սովորական հանգստի հետ կապ չուներ: Թե չէ փափուն տենց շատ անգամներ էր պառկել, բայց ծեգն իր սեփական մերկությունից դեռ նոր շառագունած, միշտ վեր էր կացել, որ հասցնի բուխանկի կարմրած կտորները թաթախի նենեի կոֆեի մեջ, ստուգողական մի նազ անի, թողնի գնա իր գործին: Եվ որ մի անգամ արդեն նենեի վեր կենալու հետ կապվել ի դերև էր եկել հույսը, և որ նենեի դեպքում վեր կենալն անորոշ-որոշակի ժամանակով հետաձգվել, բայց փաստորեն ժամանակը լույսի ճառագայթի պես արձակվել, մութ տիեզերքի ճամփեն էր բռնել, Նարեկն էս անգամ հասկացել էր՝ փափուի էս պառկելն անորոշ ժամանակով չի, նման կերպ պառկելուց հետո է՛լ ոչ ոք ոտի չի կանգնում: Էդ ընթացքում փափուն մի անգամ պապային իր մոտ կանչեց, դոշակի տակի՜ց հանեց, թե՞ պապային ուղղորդեց վերցնել հարևան տոլաբի խորքից, հիմա չի հիշվի, բայց նրան փոխանցեց սովետական կարմիր տասանոցների մի տրցակ: Թվաց՝ էդ անելուց առաջ նա իր համար փրկության հույսի տեղ է թողնում, բայց համենայնդեպս ժառանգություն թողնելու պես պատվիրեց՝ հինգ հարյուրը քեզ, հինգ հարյուրը՝ փոքր ախպորդ ու ախպերդ էլ հետը՝ քեզ: Պապան ստանդարտի մեջ՝ այ պա՜պ, էս ի՞նչ ես անում, էս հըլը վերջը չի, պահի էդ փողդ, էդ փողը քեզ հըլը պետք ա գալու, բայց ներքուստ սարսափում էր էն մտքից, որ ինքը հավանաբար ցանկացած դեպքում սխալվում է, որովհետև եթե ինչ-որ հրաշքով նույնիսկ ոչ հիմա, ապա հետո մի օր՝ հաստատապես: Մի օր հաստատապես գալու է կորստի տառապանքով Ադամի մեղքի համար հատուցելու իր հերթը: Պապան սարսափում էր էդ մտքից էն տիպի, որ գիտակցության մեջ խուլ փակել էր մեծ մի ջրվեժի շուխուռ անող բոլոր ծորակները, որոնք շառաչաձայն բանդագուշում էին մարդու անխուսափելի անցողիկության բոթն ու էդ բոթի կանխավարկածը մերժելու ցանկությունից ելնելով տանն արգելել էր չնչին առիթներով, ասենք, սմետան-մածունի, հաց ու կալբասի հարցով իրեն գործի տեղ զանգելը: Հեռախոսի լռությունը պապան վերցրել էր իրեն ի մխիթարություն ու լռաձայն ավարտված ամեն աշխատանքային օրվա վերջում Պետական Արբիտրաժի իր կաբինետից դուրս գալիս պատերի վրա շրջանակված կոմունիզմի ռահվիրաների աչքից հեռու խաչ էր քաշում, մինչև մի օր հետճաշի ժամին եկավ զանգը: «Քեռի՜, փափուն չկա»՝ էդ օրը լսափողի մեջ նա լսեց Հայկուհու աղիողորմ ձայնը:
Էդ օրը հինգ-վեց մարդ՝ ծայրերից բռնած դոշակի փոսորակում թափ տված թթի պես գնդված փափուի մարմինը ներքնահարկի նրա օթևանից հանեցին վերև ու տեղավորեցին «Էրեբունի» խալիով պատված միակ սեղանին, որի վրա տոնվել էին բոլոր Ամանորները, կերվել մամայի բոլոր տոնական տոլմաներն ու խրթխրթան «Նապոլեոնները»: Շատ չէր անցել, երբ մարդու ներսն անգիր արած քանդակագործի պես մռայլադեմ մի մարդ եկավ, պապայի ուղեկցությամբ բարձրացավ փափուի մոտ, սակվոյաժի նմանվող պայուսակից հանեց աշակերտական գրչատուփի նմանող առարկա ու երբ չխկացնելով դենը տարավ էդ տուփի կափարիչը, պատուհանից ներս սողոսկած արևի մենավոր մի ճառագայթ դրա վրա նշտարի սառնությունն ունեցող հազարաթև աստղիկ կապեց: Նենեի գնալու պատճառը գոնե իմացվեց՝ քաղցկեղը, բայց խստաշունչ տեսքով էդ պաթանատոմը որքան էլ իր գործիքներով քրքրեց փափուի ներսը, չկարողացավ նշել մի հիմնավոր պատճառ, որ հետագայում կկապվեր նրա գնալու հետ ու առիթ կտար մխիթարվել, թե՝ այ ախպեր, դուզ ա ասում էլի, տենց հիվանդության պարագայում փրկություն իրոք չկար, փափուն, ձև չկա, իրոք պիտի գնար: Պաթանատոմը սակվոյաժը հավաքեց գնաց, իսկ գնալուց առաջ արձանագրեց միայն, որ ըստ հարազատների խոսքի հանգուցյալը մահացել է էս ինչ օրը, էս ինչ ժամին և որ փափուն է՛լ չկա: Մի բան, որ, գրողը տանի, առանց նրա էլ պարզ էր:
Որ մի անգամ արդեն տեսել ես, պատասխանը գիտես, նշանակում է հարց տալու իմաստն էլ չկա: Նշանակում է՝ ո՞ւր է փափուն հարցը տալու ոչ մի անհրաժեշտություն չկար: Պարզապես Նարեկը պապայի հետ հերթական անգամ բռնեց նույն ճանապարհը: Նույն ոլոր-մոլոր ճանապարհը մեծաթիվ թմբերի, դամբանաքարերի՝ հների ու դրանց ավելացած նորերի կողքով ու հետո նորից նույն շրջադարձը: Ու ամեն հերթական այցելության հետ սրտում գլուխ բարձրացնող զգացումը, որ էս՝ պռոստը չորսը-չորսի վրա, հըլը որ ֆունդամենտը թափած ու վերջնական բարեկարգումը մինչև հաջորդ ռոճիկ հետաձգած խեղճ մի գերեզմանոց չի, տուն է, ուր հավերժ ապրում են սրտիդ հարազատ դարձած մարդիկ: Ծաղկածածկ թարմ թմբի կողքը, որտեղ որպես հուշատախտակ էր հանդես գալիս ութանոց ձողով հողը խրված սև թիթեղի անփոխարինելի կտորը, մի ուրիշ թումբ, համեմատաբար հին, կորցրել էր առաձգականությունը, որ հաստատ նախկինում ունեցել էր ու ասես տակից հենարանից զրկված, թումբը տեղ-տեղ փոս էր ընկել: Ժանգը հրդեհի անկշտությամբ կվադրատի վրայով մագլցել էր սև թիթեղի վրա, սողոսկել թիթեղի և սև ներկի արանքն, ու ներկը տեղ-տեղ ծլեփ տվել, զատվել էր մակերեսից: Սպիտակ ջրաներկի խավոտ գալարները ժանգից դեղնել-խունացել էին, ու ժանգը նենեի ծննդյան թիվը ջնջել էր: Մարդն ասես աշխարհ չէր էլ եկել: Երբ վերադառնում էին, պապան նայեց Նարեկին ու հարցրեց. «Հիշում ես չէ՞, փափուն որտեղ ա հիմա»: «Հիշում եմ»,– պատասխանեց Նարեկը՝ հայացքը ավտոկայանատեղին հառած ու ծեծեց դոշի ձախակողմյան հատվածը. ահա, այլևս՝ այստեղ: Գերեզմանոցը հևիհև մագլցել էր հարևան բլրակի փեշն ի վեր ու հակառակ փեշից գլգլալեն սրընթաց վար իջել: Աջից, ձախից՝ գերեզմանոցը հրդեհի պես լափել էր հարևանությամբ գտնվող նմանատիպ մի քանի բլրակներ ու գնալու տեղ չունենալով, դեմ առել Շորբուլաղի քանդվող դաչեքին: Տեղը քչություն էր արել ու գերեզմանոցը քյոփագ բիձու պես աչք էր տնկել ավտոկայանատեղիի տարածքի վրա: Գերեզմանոցը սկզբից հերպեսի պզուկի պես ծեր էր տվել դրա պռոշին, ապա կլանել այն մինչև կեսն ու հիմա մյուս կեսի սահմանների մեջ երկու բանվոր փոս էին փորել, նստել կողքը՝ հաց ուտելու: Նրանք մեռելատիրոջ բերած «Ստոլիչնիով» անցավորների կենացն էին խմում ու զակուսկի անում հոգեհանգստին վերապահված սառը խաշլամից: Ավտոկայանատեղիի ամբողջական կլանումն առջևում էր, որովհետև մարդիկ շտապում էին, շտապում էին մեռնել ու նրանք բոլորն իրենց համար նոր հանգրվան էին փնտրում:
Արդյունքում պապային նրա էդ ընկերն էր համոզել. Նախագահի խորհրդականն, ասել էր նա, իհարկե լավ է հնչում, բայց Նախագահին խորհուրդներ տալու համար մի ամբողջ կառավարություն աշխատում է վերևում, մի երկրորդն էլ, իրականը հենց դրա տակ՝ անդերգրաունդում: Ճիշտ «Սիթիի» պես, որ վերևում ծախում է մակարոնը, տակը՝ փաթեթավորում նույն էդ մակարոնը: Եթե խորհրդատուների ցանկում ի հավելումն կառավարության նկատի ունեցվի Նախագահի ամենագլխավոր խորհրդատուն՝ կինը ու խորհրդատուներից ամենաանտեսվածը՝ Բարձրյալը, նշանակում է Նախագահն իրականում խորհրդականի կարիք առանձնապես պիտի որ չզգար, նշանակում է խորհրդականի անունը զիլ, բայց գործնականում տակը զըրթ չկար: Հե՛չ բան, անձնական փառասիրության մեծ գերեզմանափոս Բաղրամյան Քսանվեցում, որտեղ նարկոզի հարվածային դոզայով թմրեցնում, ապա սպանում են թոշակի ուղարկված նախկինների մասնագիտական փառասիրությունը, որ նրանք էգուց-էլօր զերծ մնան հավակնություններից, թե բա մեզ հարմար մի բան ասեք, թե չէ մե՜նք նախկինում սենց-սենց սոցիալական կարգավիճակ ենք ունեցել: Ով՝ ով, բայց գոնե դու՛ դա գիտես, գիտես, որ դրսից օտարի աչքն ենք հանում, ներսից մեր սեփականը, իսկ սենց գոնե ծերության պատվավոր թոշակի հույս կունենաս: Յանկի թոշակառուների պես, իհարկե, Բահամներում չես ֆռֆռա, բայց զաթո մարմնի ու ոգու դիլեմմայի առաջ կանգնելիս ձեռդ չի դողա, ռիսկով գրախանութի ուզածդ գրքին կհասնի, էդ գիրքը գրապահարանից ռիսկով կվերցնի ու իր պեսների շարքից դուրս բերելիս չի մտածի, թե արա էդ ո՜նց էլ գեդինը չմտա թոռանս հացը փոխեցի մամլած թղթերի կույտի հետ: Ու պապան համոզվել էր. նախապես իրեն ուղղված առաջարկը մերժելու հակված, ի վերջո տեղի տվեց ընկերոջ գերտրամաբանական փաստարկներին և համաձայնվեց օգտվել արդարադատություն իրականացնողի իրեն ընձեռված հնարավորությանից: Բայց մինչ կգար նման խորհուրդ տալու պապայի ընկերոջ աստեղային ժամը, հավանաբար ստորգետնյա ջրերի ծանրության ուժի ազդեցությամբ Ողջաբերդից ապարային սողանքի մի երակ Գառնուց Երևան ուղղվող ճանապարհի տակը քանդելով հասավ Շորբուլաղի դաչեքին: Ու դիք կանգնած դաչեքի ոտը տակից փախավ: Երակը կանգուն թողեց դաչեքից մեկի կեսը, բայց պոկեց-սրբեց երկրորդ կեսը, մեկի քիթը վեր ծռեց, մյուսի շլինքը հիմքի ու պատերի կեսի հետ առավ հողի մեջ: Տերերը, որ միամտորեն կարծել էին, թե ժառանգների համար ամառվա շոգ օրերի կացարան են հետ քցում, գույքը երկրորդ ձեռ շինանյութի վաճառականներին ջրի տեղ թողեցին, գլխիկոր հեռացան: Քանդելու վարժված մարդկանց մի բրիգադ էդ տների խարխուլ ֆունդամենտներին իրենց պերֆերատըրները դեմ անելիս սկի մի հատ չխորացավ, թե՝ տենաս ո՞նց է էս ամբողջը կառուցվել, էս կառուցելն էդ անող մարդկանց ի՞նչ է արժեցել, մի տարի շարունակ բրիգադը քանդեց տարավ էն ամբողջը, ինչը հնարավոր էր տանել երկրորդական հումքի շուկայում նաղդելու և մինչևիսկ ոմանք քերեցին տարան պատերի գաջն ու պաբելկեն: Է՛լ որ շատ հեռու չգնան, էդ ամբողջից հետո տեղական հեռուստաընկերությունները ստեղ սկսեցին նկարել արցախյան պատերազմի լեյտմոտիվներով իրենց սերիալներն ու հաստատ չսխալվեցին, որովհետև Շորբուլաղի դաչնի հատվածը շատ նմանվեց լքված և սարսափազդու գոսթլենդի:
Սողանքին, որը եկել դեմ էր առել Շորբուլաղը գերեզմանոցից սահմանազատող ասֆալտապատ ճանապարհին, շատ չկար: Սողանքը մտադիր չէր սահմանափակվել միայն ողջերի կյանքը հարամելով: Այն սողոսկեց ասֆալտի փորոտիքը, սվեռլոյի պես հորձանքապտույտ պարանվեց աղիքներում ու աղիքներից ելքի միակ լեգիտիմ անցքից դուրս ցփնվելով՝ ուղղություն վերցրեց դեպի գերեզմանները: Երբ սողանքային երակը սպառնալիորեն մոտեցավ նենեի ու փափուի հանգրվանին, պապայի ընկերն առաջիններից մեկը նկատեց նախ՝ շրջակայքում ծռմռված դամբանաքարերը, ապա իրենց փոսերի մեջ մերկացած, ցեխակոլոլ ոսկրերն ու նույնիսկ դատարկ ակնախոռոչներից փոշու արցունքներ արձակող մի գանգոսկր: Պիտի մի բան անել՝ հուշեց պապայի ընկերը զգուշորեն՝ հասկանալով հարցի նրբությունը: Պապան ծառս եկավ իր հասկացածից, բայց ներքուստ հակառակվելով հանդերձ, զգաց, որ եթե էսօր չէ՝ վաղը երակը շուռ է տալու գերեզմանը գլխիվայր, ու, ի վերջո, առաջարկվող տարբերակին առանց որևէ հուշումի հանգելու է ինքը:
Պրոցեսն անհրաժեշտության դեպքում կկառավարեր պապայի ընկերը: Եթե նա էլ չէ, ապա հաստատապես կգտնվեին մարդիկ, ովքեր կմտնեին պապայի դրության մեջ ու իրենց վրա կվերցնեին զգայական էդ ծանր բեռը, որը ամեն հարազատի դիմանալու բան չի, այսինքն ոչ ոք չէր պարտադրում պապային անձամբ մասնակցել, անձամբ ներկա լինել նենեի ու փափուի արտաշիրիմմանն ու տեսնել մի բան, որ ժամանակին իր ծնողներն են եղել: Պապան նման խոստովանություն չարեց, բայց նենեի ու փափուի անէությունից հետո անցել էր էնքան երկար ժամանակ, որ նա միգուցե սկսել էր կասկածել՝ իսկ նրանք երբևէ եղե՞լ են արդյոք, ու նրա էդ ներկա գտնվելը մի բանի համար էր միայն՝ հաստատելու, որ հա իրենք իրականում հե՛նց էլ եղել են:
Տո լավ է՜, մարդ էդքան հիշաչար չի լինի, անկենդան մարմարի ու գրանիտի մեջ մի ծառի էղածն ի՞նչ է, կթողնի, կհարմարվի նրա գոյությանը, չէ՞ որ կանաչ ծառը կյանքի խորհրդանիշ է, բայց չէ, մարդը ծառն էր հարմարեցրել իրեն, ծառի բնից մի երկու մատնաչափ սղոցով թրաշել, քոքը նեղացրել էր, քոքից ազատված տեղում փռել էր գերեզմանի ֆունդամենտն ու ծառին թեկուզ հաշմանդամ, բայց թողել էր ապրի. ո՜ր համատարած մեռելների մեջ կենդանի մի բան հանդուրժել էր, դա էլ քիչ բան չէր: «Էդ ինձ տեսնել պետք էր, պե՛տք էր»,- Թոխմախի գերեզմանատանը, նենեի ու փափուի նոր հանգրվանի մոտ, ծառի ցանցառ շվաքի տակ նստած՝ Նարեկը հիշեց պապայի բառերն ու հայացքը ծառից վերադարձրեց դեպի գերեզմանաթումբը: Դրա տակ հին գերեզմանոցում տարիներ ի վեր տարբեր դագաղներում իրարից առանձնացված ապրելուց հետո նենեն ու փափուն այժմ ապրում էին մեկ ընդհանուր դագաղում վերամիավորած: Նա երկար-երկար նայեց նոր թմբին, որ տեղ-տեղ արդեն հասցրել էր նստել ու աչքն ընկավ թմբի ծերին չորացած տատասկի վրա:
Երկար ժամանակ էր, ինչ ստեղ էր: Էդ ընթացքում նենեի ու փափուի հետ արդեն երկար-բարակ խոսել էր, հարցրել էր նրանց որպիսությունը, նենեին փոխանցել էր կարոտը նրա խարկված հացից, փափուին՝ կարոտը նրա տասը կոպեկանոց տանձ ու խնձորից, հասցրել էր դժգոհել էս նոր հանգրվանի տեղից, հարազատ մարդկանց բնակավայրերի արագ փոփոխությունից, աչքածակ հարևաններից, որոնց պատճառով հաշմվել էր նրանց վրա շվաք փռած միակ ծառն, ու հիմա դափ-դատարկ անորոշ մտադրությամբ նայում էր քամուց ալիքվող խոտին: Նայեց-նայեց, ապա վերջապես որոշեց, որ պետք է պոկել այն: Նա գերեզմանոցի եզրապատից վեր բարձրացրեց մարմինը, մի տեսակ ծուլորեն մոտեցավ խոտին ու քաշեց դրա քոքից: Մեկն ասես ներքևում թուփն արմատներից բռնել ու հակառակ ուղղությամբ ձիգ էր տալիս, որովհետև, երբ Նարեկն այն դեպի իրեն էր քաշում, թուփը չէր հանձնվում: Դիմադրությունն ուժեղ էր, բայց դիմակայությունն՝ անհավասար: Թուփն ի վերջո պոկվեց, բայց մինչև կպոկվեր, այն վերջին ճիգով ընդդիմացավ ու դեպի իրեն քաշելով, Նարեկին ծնկների վրա նստացրեց հողին: Ձեռքում մնացած թփի տակից հողը վազեց դեպի երկրագնդի ընդերքն ու թփի տեղում բռաչափ մի փոս բացվեց որպես թե դուռ էր, որպես թե հրավերք էր դեպի տարաշխարհը:
Նարեկը ոտքի կանգնեց ու թափ տվեց ծնկները: Նա նայեց գլխապտույտ սև փոսի խորքը ու զգաց, որ մի արձագանք պիտի տա իբրև պատասխան: «Կգամ նենե ջան, մի քիչ էլ սպասի կգամ: Անպայման կգամ»,– մրմնջաց Նարեկն, ապա մեջքն անելով դեպի գերեզմանն, ուղղություն վերցրեց դեպի մեքենան: Քիչ հեռվում երկու քրտնաթոր բանվոր քլունգը գլխից վեր, ապա՝ վար, խառնշտորում էին երկրագնդի փորոտիքն ու պարբերաբար դադար տալով սրբում էին ճակատներից ծլուլ-ծլուլ թափվող քրտինքը:
Մարդիկ շտապում էին, շտապում էին մեռնել ու նրանք բոլորն իրենց համար նոր հանգրվան էին փնտրում:
