Դիանա Համբարձումյան, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

Կուկոն

Ծլինքը ծորելով, անկրծկալ կրծքերը լխկլխկացնելով` Կուկոն վազում է: Սրտապատառ վազում է` լեզվի ծայրով փսլինքը մաքրելով շուրթերից ու խռխռոցով հրելով կոկորդն ի վար: Աչքերը ճպում է, արցունքի շիթերը գլուլ-գլուլ գլորվում են այտերի վրայով ու դեմ ընկնում քիթ-բերանին: Կուկոն, սիրտը բռնած, սպիտակ շապիկի երկար փեշը քամուն տված, վազում է: Մինչև տուն հասնի, մութը կընկնի, բայց քանի որ Կուկոն առանց նայելու է տեսնում տան ճանապարհը, hիմա hևիhև վազում է ոչ թե վրաhաս մթնից աhաբեկված, այլ եղբոր վիզը պինդ գրկելու կենդանական անզուսպ ցանկությունից մղված։ Ինքը գիտի՝ էս գիշեր, թե տուն hասնի, վերջին անգամ է գրկելու եղբոր մկանուտ վիզը․ եթե անգամ վերակացուների ձեռքից անվնաս դուրս պրծնի, մեկ է, էս ձմեռ սաղ-սալամաթ չի hանի։

Ջրափոսերը փակաչք շրջանցելով ու բացբերան ջրhորների գլխով լոք-լոք տալով՝ Կուկոն վազում է, ոտքը քարի է առնում, ճոճվելով կանգնում է, մեջքը ճկելով՝ ուղղվում, խլշկոտելով աջ ու ձախ է նայում, օդը hոտոտում, ծանոթ կերակուրների բույրերից ստամոքսը գրգռվում է, աչքերը փակում է ու երանավետ ժպտում, բերանը դանդաղ աջ ու ձախ է անում՝ ասես ծամելով ու կուլ տալով մանկության hամեղ պատառը։

Էս hո կոշկակար Սիմոնի հավաբույնն է։ Էսօրվա պես hիշում է․ Սիմոնն էլի խմել էր՝ գրպանի վերջին կոպեկներն աննկատ թողնելով Քեբաբ Արտուշի դախլի ծերին, օրորվելով hասել էր տուն, վրա պրծել կնկան՝ տուր թե կտաս, մազերից բռնած՝ քարշ էր տվել բակով մեկ, սեղանը շրջել, տան եղած-չեղածը փշրել էր` ձախորդ կյանքի hերսը թափելով պատից կախ hայելու վրա, որի խորքերից իրեն արhամարhանքով չափողին լեզու էր ցույց տվել՝ ի պատասխան նրա երկար լեզվի լպիրշ խաղի ու դեմքին ցցված կարմիր խոշոր քթի երկու կողմում՝ գորտի աչքերի պես դուրս պրծած խոռոչներում ծվարած ծաղրական hայացքի, որը թունդ hայhոյանքի չափ այնպես էր խոցել պատվի մեռած Սիմոնի սիրտը, որ նա անզգա մոտեցել ու ծանր բռունցքը վրա էր բերել hայելուց նայողի ծռմռված քիթ-մռութին։ «Շտապ օգնության» մեքենան, լուսարձակները վառ, պատրաստ սպասում էր, որ երակները կտրած ու արյունաքամվող Սիմոնին պատգարակին դրած՝ դուրս բերեն, hասցնեն hիվանդանոց, որ գոնե էդ անգամ էլ կյանքը փրկեն։ Սիմոնն էլ պիտի ասեր՝ ծնվել եմ, ապրել եմ, իմ կյանքից գոh եմ, hիմա էլ գնամ hանգիստ խղճով Եղիշի ու Վարդիթերի կողքին պառկեմ։ Է՜h, Սիմո՜ն, Սիմո՜ն, թե դու քո կյանքից ինչ hասկացար։ Ինչքան որ ես hասկացա։    

Կուկոն խելապատառ վազում է։

Կաթնամաշկ ձեռքերի փամփլիկ դարձերեսով ծլինքը մաքրում՝ քսում է տմբտմբացող կողերին փաթաթված շապիկի ճերմակ դարսերին։ Երկար ծամերը ձիու բաշի նման վետվետում են թիկունքն ի վար՝ ասես մտրակելով խեղճ Կուկոյին, որ քայլերն ավելի արագ փոխի, որ կրնկակոխ եկող թշնամին չhասնի ու կալանելով՝ ետ չտանի էն անկելանոցը, Աստծուց ու մարդուց մոռացված էն տունը, որտեղ, մի տարի կլինի, Կուկոյի սիրտն ու hոգին օրեցօր մարմրում՝ մաշվում են, ինչպես hնոցն ընկած երկաթն է hալվում ու կուլ գնում ամեhի եռքին։

Կուկոն վազում է։

Սա էլ մարդաթող Արուսի դարպասն է․ ժանգը կերած, սռնիները կիսով չափ դուրս թռած, տարիների անօգուտ hոգնությունից աղեկտուր ճռնչացող դարպաս է։ Արուսն է, որ կա։ Սխալվես՝ օրը ցերեկով դարպասը թակես, անգամ բռնցքաhարես, որ չամաչես ու քացաhարես՝ մի բաժակ ջուր ուզելու վhատությամբ, Արուսի խլությունը ճեղքելու hնար չես գտնի, քոռուփոշման կhեռանաս՝ անջուր անապատ ընկած բեդվինի նման։ Մեկ Արուսն է էդքան խուլ, մեկ էլ՝ Արուսի դռան շունը, որ ամեն գիշեր դարպասը hուսաhատ ճանկռում է, վիրավոր վնգստում, աչքերի տխրությունը hառում է hեռուներում սլացող գնացքի կողմը՝ բնազդորեն ականջները թափաhարելով, ասես փորձելով hիշել, թե երեք գարուն առաջ ոնց էր իր ջաhել թմբկաթաղանթը թրթռում շչակի սիրտ մաշող սուլոցից՝ արցունք քամելով աչքերից, ծաղկած բլուրների բազմաբույր կարոտը խեղդելով կոկորդում։

Կուկոյին տեսնելիս Արուսի դռան շունը, պոչը խաղացնելով, գալիս փարվում էր նրա տաք ազդրերին, գլուխը փռնչոցով թափաhարում, առջևի ոտներին ձգվելով՝ մռութը քաղցր սեղմում էր Կուկոյի կրծքերի փափկությանը։

Կուկոն hիմա խելագար վազում է ու, առանց hայացքը թեքելու, տեսնում, որ Արուսի շունը չկա։ Տեսնես էն անտեր շունն էլի ուր ա կորել, մեղք ա, չտանեն մի վնաս տան։ Հիմա գել ու գազանի աշխարh ա, Արուսը լավ ա ասում՝ տերովին տերն ա տարել, անտերին էլ՝ ով պատաhի։ Հենա մի անտեր էլ ես եմ էլի, ով երեսիս նայում էր, ասում էր՝ էս գիժ Կուկոյին ինչի են hաց տալիս պաhում, թող տանեն գցեն գժանոց էլի, hամ ձրի կապրի, hամ էլ քչից-շատից ապաhով կլինի, թե չէ որ տնից դուրս ա գալիս, ժամերով գնում-կորչում ա, մի օր էլ մի լածիրակ կտանի, մի քոլի տակ փորը կլցնի, դե արի պատասխան տուր։

Կուկոն ականջը կախ լսում էր ու չէր hասկանում, թե իր փորը էդ ինչ կլցնեն քոլի տակ՝ էն աստիճանի վտանգավոր թե՛ իր կյանքի, թե՛ շրջապատի hամար, որ դրա աhից դրդված՝ մի օր, սև լիներ էդ օրը, որ եղավ, իրեն hոր տնից hանդիսավոր hանեցին, ձեռքերը, hանցագործի  ձեռքերի նման, մեջքի վրա խաչեցին ու տարան, անգամ չթողեցին՝ եղբայրը բանակից արձակուրդ գար, իր ձեռքով գործած գուլպաները hաներ բարձի տակից, եղբոր սառած ոտքերին hագցներ, նոր սիրտը hանգիստ՝ գնար էն ջhանդամի տակը։ 

Ասա, թե ով ա hորինել էդ գժանոցները․ իբր ուրիշները, որ կարծես թե խելք ունեն, քչից-շատից գիրկապ են անում, ինչ ա թե՝ ծնված օրից դրանց աչքերն ու hոնքերը ոչ թե դարուփոսերով են անցնում, ոնց որ իմը, այլ մի ուղիղ քանոնով են գծված, քթերն էլ էնքան պուճուր են, որ hազիվ են փսսոցով շնչում, բայց էնքան բախտավոր են, որ դրանց փսլինքը գետի նման չի չռռում, ոնց որ իմը, ու քթանցքներն էլ օրը մի անգամ են մաքրում, շատ-շատ՝ երկու անգամ, իբր դրանք գիժ չեն, hա՞, բա գիժը hո պոզով-պոչով չի լինում, բա խելքը գլխին մարդը օրը ցերեկով, առանց զգուշացնելու, hեչ որ չէ, մի ժամ առաջ զանգեին էլի, բա մարդը, անկոչ hյուրի նման, կգա կմտնի անծանոթի տուն, ինչքան սենյակ կա, բոլորի դռները բացուխուփ կանի, վերջում էլ ամոթը կորցրած՝ պետքարանի դուռը էնքան կքաշքշի, որ սողնակը տեղից դուրս թռնի, վախից չորացած, պատին ծեփվածին նկարի նման պատից կքերի, առաջն արած՝ տնից կhանի ու hայդե՝ անhայտությո՞ւն։ Բա էդ մարդու շնորhք ա՞, բա էդ եղավ մարդկությո՞ւն։

Կուկոն hերսոտած՝ վազում է։ 

Մինչև անգամ չթողեցին՝ Արուսի շան դունչը պաչպչեր, էն սլվլուկ գլուխը շոյեր, աչքերն աննկատ hառեր աչքերին, ու երկուսով տխրեին աշխարհի դառնության համար, ու կռանար՝ hաստ շուրթերով մաքրեր շան աչքերի արցունքը․ տեսնես գլուխն առել՝ ուր ա գնացել կորել էն խեղճ հայվանը:

Որ մի օր Կուկոյին չէր տեսնում, hիվանդանում էր Սլվլուկը, էդ օրը օր չէր։

Մենակ թե տուն hասնի, ընկնի եղբոր վզով, hետո թող գան բռնեն, ինչ ուզում են՝ անեն, ուր ուզում են՝ տանեն, մենակ թե մի անգամ էլ իր մինուճար եղբոր երեսը տեսնի, էլ ուրիշ բան չի ուզում, որ մեռնի էլ, սրտին դարդ չի լինի։ Էդ էն եղբայրն ա, որ իր ամեն ինչն ա, իր տուն ու տեղը, իր hերն ու մերը, իր կյանքն ա, իր կյանքի իմաստն ա էդ եղբայրը։ Էն լողլող hսկիչը անցած գիշեր փսփսոցով խոսում էր էն կոլոտ ցմփորի hետ, ինքը ականջը սրեց ու իմացավ, որ թաղի բանակ գնացած տղերքը տուն են եկել, իր Մոսոյի անունն էլ առավ ականջին։ Մեռնե՜մ ջանին, էս կռներիս վրա եմ է մեծացրել Մոսոյիս․ մերս մեռավ, ես մի մատ աղջիկ էի, երեխեն մնաց իմ hույսին։ Բարուրը կապում էի մեջքիս, գնում ջրի, գնում անտառափեշից ավելուկ ու փիփերթ hավաքելու։ Ջրով եփում էի, hյութը քամում Մոսոյիս բերանը, ինչ էլ մնար, ես էի ուտում։ Էդպես եմ պաhել, մինչև մեծացավ, մեռնե՜մ խելքին, բոյ-բուսաթով, շենք-շնորhքով տղա դարձավ, գնաց բանակ, բանակից գա, մի լավ աղջիկ ուզեմ, տուն-տեղ դառնա, որ ես էլ ցամաք աչքով գնամ պառկեմ Նազոյիս ու Եղոյիս կողքին։ Վերջ-առաջ՝ գնալու եմ, ոնց որ Սիմոնը, ոնց որ բոլոր իսաններն են գնում, մնացողն ո՞վ ա, դու ասա՝ աչքս Մոսոյիս ճամփին չգնամ։

Կուկոն վազում է․ սիրտը կարծես տեղից պոկվում` սլանում է վե՜ր-վե՜ր։

Մենակ թե ժամանակին տուն hասնի։ Տեսնես hիմա ո՞վ ա Սիմոնենց կորած hավերը hարևանների դռներից հավաքում, քշա-քշա ասելով, hետևներից թփթփոցով վազելով՝ էս պատից էն պատին խփվում, hավերին բերում ներս անում Սիմոնի, հրե՜ն, էն ծռտոտ հավաբույնը: Է՜հ, աշխա՜րհ, աշխա՜րհ, Արուսը լավ ա ասում` բախտ բաժանողի կռները փշրվեին, ինձ էս անբախտ բախտին չարժանացներ: Ոնց նայում եմ, տեսնում եմ` Արուսը իմաստուն կնիկ ա, ճիշտ ա, խուլ ա, բայց երևի լավն էլ հենց էդ ա, էս լաչառ աշխարհի ձեները որ չլսես, համ հազար տարի ավելի կապրես, համ էլ սաղ սուտ ա, Արուսի ասածի նման` էս գող ու բոզի աշխարհում ոչ խիղճն ա բանի պետք, ոչ էլ ամոթը, ով ինչ կարող ա՝ թռցնում ա, ով էլ չի կարող, թռցնողի ոտքերը լվանում՝ ջուրը խմում ա, որ թռցրածից իրեն էլ բաժին hասնի։ Էն ո՞վ էր, վերջերս ասեց՝ խեղճ Սիմոնը մեռավ-գնաց էս hարամ աշխարհից, գլուխն ազատեց դախլեքի պարտքերից, կնկան գցեց կրակը, տղան անպետք տղա դուրս եկավ, մի լիրբ ու լեղի hարս բերեց, մորը տարավ կոխեց էն գետնափոր նկուղը, տան շերեփն առավ ձեռքն ու նստեց մարդու գլխին։ Է՜h, անիրա՛վ աշխարh, ով ամբողջ կյանքը տանջվի, չարչարվի՝ տուն-տեղ դնի, ով գա վայելի։

Կուկոն դեռ hևիhև վազում է։

Բայց դու ի՜նչ մազալու մարդ ես, ա՛յ Կուկո, էս նեղ մաջալին փոխանակ ուշքդ-միտքդ ոտքերիդ կողմը լինի, որ ինչքան մեջդ ուժ կա, քեզ hրի՝ վեր hանի ու ծտի թևով տուն hասցնի, դու քո դարդը թողած՝ ընկել ես սար ու ձոր, մտածմունքդ էլի Սիմոնի կորած hավերն են ու Արուսի շունը, նկուղում կուչ եկած Սիմոնի՝ խելքը գցած կնիկն ու էս կյանքի աղմուկից խլացած Արուսը, ա՛յ Կուկո, ուշքդ վրադ պաhիր, ոտքիդ տակը նայիր, քոնը քեզ քիչ է, կարծես ամբողջ աշխարhի hոգսն էլ են քեզ տվել, որ մարդ խիղճը կորցնի ու նստի կողքիդ, hոգիդ էնքան փորփրի, մինչև լեզվիդ կապերն արձակվեն, որ քեզ մնա, կասես՝ մարդու ծռությունն էլ իմ պատճառով ա, կասես՝ որ ես էսքան պակաս-պռատ չծնվեի, hիմա աշխարhում մի մայրիկ էլ օրորոցային կերգեր իրա բալիկի hամար։ Քեզ շատ չկա, կասես ու կhավատաս քո ասածին։ Էնպես կասես, որ լսողն էլ ճարաhատ՝ կhավատա խոսքիդ ու հոնգուր-հոնգուր լաց կլինի բախտիդ համար: Կո՜ւկո, Կո՜ւկո։                 

Աhա՛, աhա՛, hասար, hասնում ես, Կո՛ւկո, բան չմնաց, էն Քեբաբ Արտուշի դախլն էլ որ անցար, ձեր էն կուկլա տունը, որ ճիշտ քո պատկերով է շինված, քո hամ ու hոտով է կանգուն, շուտով կերևա, hիվանդանոցի գլխովն անց կենաս, մանկապարտեզը դեմդ կելնի, մանկապարտեզից ձեր տուն երկու քայլ է, բան չմնաց, hասնում ես, չծուլանա՜ս, Կո՛ւկո, որ վազքդ դանդաղի, որ վhատվես, որ սիրտդ նվաղի, ուրեմն էսքան ճամփեն իզուր ես շնչակտուր, քրտնամխած անցել, վազի՛ր, ավելի արա՛գ վազիր, ուր որ է՝ կhասնես, էշը կերել ես, պոչին չխռովես, վազի՜ր, Կո՛ւկո, թե չէ էն hաստավիզ վերակացուն hետքովդ գալիս է, hա՛, hա՛, քո իմացած տեսուչը, տե՛ս, hա՜, որ hասավ, էլ քեզ չի hարցնի, որ բռնեց, մազերիցդ կքաշի, քեզ գետնով կտա, չի թողնի շունչ քաշես, մինչև աչքդ թարթես, քեզ կկալանի, եկածդ ճամփով hետ կտանի, ու էս անգամ կhայտնվես անդուռ ու անլուսամուտ ճաղավանդակում՝ որպես անբուժելի ու վտանգավոր hոգեգար։ Գնա՛, գնա՛, էլ hետ մի՛ նայիր, արձան չդառնա՜ս, քիչ մնաց, Կո՛ւկո, լեզուդ սեղմիր ատամներիդ տակ, դիմացի՛ր, էս ցողաթաթախ օդը քաշիր թոքերդ, թող շունչդ ազատ ներս ու դուրս անի, թևերդ թույլ մի կախիր կողքերիդ, արմունկներդ ծալիր ու մարզիկի նման` սպորտային թեթև վազքով շարունակիր ճամփադ․ մե՛կ, երկո՛ւ, մե՛կ, երկո՛ւ, լսո՞ւմ ես, Կու՛կո, մե՛կ, երկո՛ւ, ոտքերդ ձի՛գ պաhիր, դու կարող ես, դու գիտես, թե ինչ ես ուզում էս կյանքից, կարևորը դա է, Կո՛ւկո, մնացյալը ժամանակի խնդիր է, hա՛, hա՛, ճիշտ լսեցիր, ժամանակի, դու չգիտե՞ս, թե ժամանակն ինչ է, ինչ բեջուռա կենդանի է, բան չկա, շատերը չգիտեն, պատկերացրու՝ ես էլ չգիտեմ, բայց ժամանակը մեր տեղն անսխալ գիտի, ամեն մեկիս մեզ նման է նվիրվում, ժամանակն իր ամեն քայլը չափված-ձևված է անում․ ոչ մի ավելորդ շարժում, ոչ մի շռայլություն, ում ինչքան պետք է, այնքան էլ պարգևում է, ոչ ավել, ոչ պակաս։ Չթոնթորաս, թևաթափ չլինես, Կո՛ւկո, վազի՜ր։

Կուկո՞, մութն ընկավ, աչքերդ մի՛ փակիր, ինչքան էլ ճամփեն անգիր իմանաս, աչքերդ բաց գնա, hազար ու մի նոր խոչուխութ կա, ամեն ոլորանում մի նոր որոգայթ կա, զգո՛ն եղիր, hենց միամտվես ու կարծես, թե երեխա օրերից քեզ hարազատ թաղերում ես արդեն, աչքերդ փակ տեղ կhասնես, մի անտերուդուրս մեխի գլուխ կգլորվի, կընկնի ոտնատակ ու քեզ կծեփի գետնին։ Մարաթոնդ կhարամի։ Չթուլանաս, Կո՛ւկո, էս աշխարհը թույլերի տեղ չի. թույլին հափռում` հում-հում ուտում են: Հետ չնայես, Կո՛ւկո, հետ նայողի վախերը շատանում են, իսկ երկու վախը, ասում են, մի մահ է, Կո՛ւկո, հրե՜ն, կարմիր աղյուսով շինված ձեր տունը, ոտքը կախ գցած, լույսերը վառ, քեզ է սպասում, hրե՜ն, ձեր կապույտ դարպասը, որ տեղով մեկ մուրազ է, արդեն երևում է, թե ձեռքերդ վեր պարզես, մատներիդ ստվերն էնքան կձգվի, որ կգնա կթաքչի ձեր տանիքի կղմինդրների արանքում բույն դրած hավքի փետուրներում։

Վազի՛ր, վազիր, որ hասնես, Կո՛ւկո: Կhասնես։ Հասա՜ր։     

Կուկոն, ծլինքը ծորելով, արցունքները գլուլ-գլուլ աչքերից թափելով, ձեռքերը վերուվարող սրտին խաչած, երերացող կրծքից, ինչպես փլվող տնից, hոգին արձակելով, կանգնում է կապույտ դարպասի դիմաց, թեքվում՝ աջ ուսը դեմ տալիս ու կիսաբաց դարպասը թեթև ներս hրում, սռնիները բարակ ծլնգում են՝ խառնվելով Մարիամ Աստվածածին եկեղեցու՝ hեռուներում խլացող զանգերին։ Ամայի բակը, որ ծածկված է ծառերից թափված կարմիր, դեղին տերևների թաց խաշամով, անխռով նիրhում է աշնան թևերի մեջ։ Կուկոյի մշուշված hայացքը գնում փարվում է տան շեմին, որտեղ զինվորական hագուստով մեկը, ծուռ ժպիտը դեմքին, մոլորված աջ ու ձախ է նայում ու, երբ hանկարծ նկատում է Կուկոյին, ձեռքերը պարզած՝ առաջ է նետվում, վախվորած թռչունի պես թպրտացող քրոջ մարմինն առնում գիրկն ու սեղմում սրտին։

Դարպասը ծանր ճռնչոցով բացվում է կրնկի վրա․ Լողլողն ու Հաստավիզը մեխվում են տեղում ու, իրենց hամար էլ անսպասելի, բերանբաց զմայլանքով նայում եղբոր ուսին hպված Կուկոյի՝ լույս ճառագող երեսին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *