Մանվել Պողոսյան, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

Սայլը

                                                                                                    Ի գիլ գայր ի գիլ, սայլիկն ի գիլ …

                                                                                                                                     Նարեկացի

                                                                            1.

   Մայրս դժգոհում էր, որ լույսի վարձը գնալով ավելանում է, թեև ինքն աշխատում է խնայող լինել: Ես կանգնել էի, ու մեղքը, արցունքի պես, խեղդում էր ինձ: Հայրս հաշվիչն էր ստուգում՝ էլեկտրական սարքերն անջատած: Ես կանգնել էի, ու ինձ խեղդող մեղքը, արցունքի պես, դուրս հորդեց որպես խոստովանություն: Ծնողներս և՛ ուրախացան, և՛ տխրեցին: Մայրս քնքուշ-թախծոտ գրկեց ինձ: Հայրս չուներ մորս մետաքսի պես փափուկ հոգին և զայրանում-սիրում էր տղամարդավարի: Ու որոշեց ինձ ուղարկել եղբոր մոտ, որ լեռնային մաքուր օդն ու ջուրը բուժեն գիշերային անքնությունից առաջացած գունատությունս: Մյուս օրը հայրս ինձ տարավ գյուղ՝ այնտեղից յայլա ուղարկելու համար: Նախ գնացինք գերեզմանոց: Ես ու հայրս անխոս կանգնած նայում էինք կողք-կողքի դրված երկու տապանաքարի: Մեկը մեծ էր, մյուսը՝ փոքր: Հայրս ձեռքն անխոս դրեց ուսիս: Ես հասկացա, որ նա իր սրբությունները կտակում է ինձ. կողք-կողքի դրված երկու քարեր, մեկը` մեծ, մյուսը՝ փոքր:

                                                                                       2.

   Սայլը, որով ես յայլա էի գնում, կաթի դատարկ բիդոններ էր տանում յայլա: Տարիների ընթացքում սայլը հալից ընկել էր, խարխլվել: Անիվներն ամրացնող գամերը հազիվ էին պահում օրորվող սայլը, որ չքանդվի: Օրորվելն էլ, հավանաբար, անիվների լավ կլոր չլինելուց էր: Դա երևի ապաշնորհ դարբնի մեղքով էր. նա բավականաչափ տաք ջրում չէր պահել կեռվող փայտը, որը լավ չէր կլորացել երկաթե շապիկ հագնելիս: Կամ, գուցե, անիվները ծռմռվել էին սայլն անխնա օգտագործելու հետևանքով: Սայլի թափքի երկու կողերը կապված էին երկաթե երկու շղթաներով, մեկը՝ ետևում, մյուսն՝ առջևում: Սայլը շարժվում էր՝ մեջը շունչ չունենալով: Ավելի ճիշտ՝ սայլի ոգին վաղուց զատվել էր նրանից, ձիու կերպարանք առել և լծվել սայլին՝ նրա պես պառավ ու խարխլված: Ձին կարմիր մաշկ ուներ, իսկ պոչը և բաշը շիկամազ էին: Մկանուտ, երբեմնի հզոր ոտքերը ձին այժմ փոխում էր ալարկոտությամբ: Ձիուն քաջալերելու համար էլ, երևի, սայլապանի մեջ առաջացել էր քթի տակ երգ դնդնալու սովորույթը:

    -Նյո՜, նյո՜, թառլանս,- ձայնեց սայլապանը ձիուն և զլեց երգը, երբ գյուղամիջում նկատեց հավաքված կանանց, որոնք բեռնատարին էին սպասում դաշտ գնալու համար:

                                                                         Էո՜ր, էո՜ր, էո՜ր, էո՜ր…

                                                                        Խարեզանս եղել եմ,

                                                                        Աղջիկ սիրելու սերից

                                                                        Ընչի՞ ես շուտ պաղել եմ:

    Հավաքված կանայք, որպես «մի փունջ ծիծաղ» քրքջացին, երբ սայլապանը ներանց կողքից անցնելիս երգը համեմեց աչքերի ու ունքերի խաղով: Սայլապանը, գոհ իր արարքից, խորամանկորեն կկոցած մի աչքն ուսի վրայով իմ կողմը գցեց՝ հարցնելով.

     -Ճնգո ունի՞ս:

     – Ի՞նչ,- չհասկացա ես:

     – Սիրած ունի՞ս,- իր անհասկանալի բառը բացատրեց սայլապանը:

      -Չէ,- պատասխանեցի ես շփոթվելով:

      -Բան չկա, կունենաս՝ տեսքով տղա ես:

    Էլի ինչ-որ բան էլ էր ուզում հարցնել սայլապանը, բայց մտափոխվեց ու ծոցագրպանից ծխախոտ հանեց: Մինչ նա ծխում էր՝ ես մտածում էի, որ սև, խոշոր աչքերով, փոքր-ինչ կոր քթով, արևախանձ մաշկով, արդեն ճերմակող մազերով ու խռպոտ ձայնով սայլապանն էլ, իր՝ ասես կացնով տաշած երգն էլ, սայլի ու ձիու շարունակությունն են: Երբ խոհերիցս կտրվեցի, գյուղից արդեն դուրս էինք եկել ու անցնում էինք ցորենի արտերի կողքով: Հասած հասկերն այնքան խիտ էին ու դեղին, որ թվում էին բրոնզից ձուլված: Հետո ճանապարհը ձգվեց գետի ափով և, ոլորանի հասնելով, սկսեց վեր բարձրանալ: Ներքևում մնացին դեղին արտերն ու գետի կապույտ ջրերը: Իսկ բարձունքում ձգվող ճանապարհով իր սայլն էր քաշում կարմիր բեռնաձին: Ճանապարհի եզրից, հավանաբար կաթի դատարկ բիդոնների թխկուշխկից ահաբեկված, հանկարծ մի արտույտ պոկվեց գետնից ու ճռվողելով թռավ դեպի արևը…

   -Անգլերեն գիտես, հա՞,- գույների պատրանքից ինձ պոկեց սայլապանը:

   -Չէ,- ասացի ես:

    Սայլապանը կասկածանքով նայեց ինձ: Ես հասկացա, որ հայրս պարծեցել է համագյուղացու մոտ: Երբ մեր ազգում որևէ մեկն ինչ-որ բանի էր հասնում, հայրս ասում էր, որ մեր ազգում անգլիացի է ծնվել: Հորս խոսքը սայլապանը յուրովի էր հասկացել:

    – Բա հանգավոր խոսքեր է՞լ չես գրե,- դեռևս կասկածող հայացքն ինձ հառած՝ հարցրեց սայլապանը:

     -Գրում եմ,- ասացի ես:

     -Հա՜… – Սայլապանի դեմքին վստահություն երևաց: Թերևս վերականգնվեց երերացող հավատը  համագյուղացու նկատմամբ: – Իսկ էդ դեղնությունդ՝ հեչ,- ասաց: – Յայլայում կոճղեզ ու սինձ կուտես, իսկ արևն ու ջուրը միջիցդ կքաշեն հիվանդությունդ: Յայլան ուրի՜շ է: Յայլայի մասին դու ինձնից ու Շեկոյից հարցրու: Քսան տարի երեքով ենք էս ճամփան անցե-դարձե՝ ես, Շեկոն ու մեր ճակատագիրը: Կուզե՞ս հենց հիմի բաց թողնիմ սանձերը: – Ու ավելացրեց՝ թերևս ոչ միայն ինձ ի նկատի ունենալով: – Շեկոն մենա՛կ կերթա յայլա:

    Քիչ անց սայլապանը կատարեց «խոստումը». բաց թողեց ձիու սանձերն ու ննջեց՝ գլուխը կրծքին հակած: Ձին զգալով, որ սանձը թուլացավ, քիչ-քիչ դուրս ելավ ճամփից՝ սայլը քաշելով դեպի հյութալի կանաչը, որի մեջ տեղ–տեղ պեծին էին տալիս ալ կարմիր կակաչները:

   -Էդ ո՞ւր քաշեցիր, քավթա’ռ,- գոռաց արթնացած սայլապանը։

   Մինչ ճանապարհին հասնելը սայլն ընկավ ոչ խորունկ մի փոս: Սայլը փոսից հանելու առաջին փորձից ձին սայթաքեց ու ծնկեց: Օդի մեջ շրջան գծող մտրակն օձի պես ֆշշալով իջավ ձիու գավակին։ Հավաքելով պառավական ողջ ուժերը՝ ձին սայլը քաշեց-հանեց փոսից: Սայլապանը կծկվեց, խեղճացավ ձիուն հարվածելուց հետո: Ես աշխատում էի զգացնել չտալ իմ ներկայությունը, երբ նա սայլի մեջ ուղղում էր իրար խառնված բիդոնները՝ աչքի պոչով հետևելով ձիուն: Քրտնակոլոլ, ուժասպառ ձին, որի մեջքին հաստ մետաղալարի պես ձգվել էր մտրակի հետքը, ասես խրտվիլակ լիներ, որի մեջ խոտ էին լցրել ու կոպիտ շուլալել: Քիչ-քիչ սայլապանը համարձակություն հավաքեց ու մոտեցավ ձիուն: Ես էլ աչքի պոչով սկսեցի հետևել սայլապանի ու ձիու հաշտվելուն: Սկզբում սայլապանը վախվորած շոյեց ձիու գավակը: Հետո դողացող ձեռքը դրեց մտրակի հարվածից ուռած հետքին ու կամաց սկսեց շոյել: Ձիու ալիքվող մաշկի դողից, ասես, էլեկտրահարվեց սայլապանի ձեռքը: Նա շտապով ետ քաշեց ձեռքը: Իր նստատեղին փռած շորը թափ տվեց, թրջեց բիդոններից մեկում ճանապարհի համար լցված խմելու ջրով ու փռեց մտրակի հետքի վրա: Հետո գնաց մի գիրկ ջոկած հյութալի կանաչ քաղեց-բերեց այնտեղից, ուր պեծին էին տալիս կարմիր կակաչները, ու աչքերը կախ կանգնեց ձիու դիմաց: Ձին խոտի զգլխիչ բույրից փռնգտաց ու թափահարեց գլուխն ու փոչը: Սայլապանը դա ընդունեց որպես ներում և ձիու բերանից հանեց լկամը:

     Մինչ ձին հաճույքով ծամում էր խոտը, սայլապանը գողունի վերցրեց հարվածից հետո ձեռքից շպրտած մտրակը, որ սայլի կողքին ընկած օձ լիներ ասես, ու պահեց իր նստատեղի տակ:

    – Հիմի Շեկոն պառավել է, – ասաց սայլապանը, երբ մենք վերսկսել էինք մեր ճանապարհը: – Ջահել վախտը տեսնողների աչքին նա կրակ էր թվում՝ քամուց փռփռացող իր շիկամազ պոչով ու բաշով: Հողե՜ր են վառվե Շեկոյի սմբակների տակ: Էդ հիմի է, որ բեռնաձի է դառե:

      Ձիուն գովաբանելուց հետո սայլապանը սկսեց նրան ոգևորել երգով:           

                                                                      Երկինք կը խաղան թուխ ամպեր,

                                                                      Ամպեր կը թափին վարդի ջրեր,

                                                                      Քաշի’, Շեկո՛, քեզի ղուրբան…

     Բայց ձին շարունակում էր իր միապաղաղ քայլքը: Նրան չէր ոգևորում սայլապանի դատարկ բիդոնների թխկուշխկով ուղեկցվող երգը:

     -Իմ երգերը հին են, թե ոգևորեն Շեկոյին: – ասաց սայլապանն՝ ինքն էլ հասկանալով, որ ձին անհաղորդ է  տիրոջ երգին: Ու անսպասելի հարցրեց: – Գուցե մի երգ հորինես, հը՞, որ ոգևորի Շեկոյին:

… Հետաքրքրվեցի, թե ինչու՞ չի ուզում փոխել ձին:

    – Շեկոն ինձ համար թանկ է,- ասաց սայլապանը: – Ինչպես էս սելը, որ հորիցս է մնացե: Ես էլ կարող եմ էս սելն ուրիշ սելով փոխեմ, ինչպես ուրիշները, բայց չեմ փոխի: Մենակ ակերի կոտրած ճաղերը, մեկ էլ թափքի փթած փետերն եմ փոխե, ու վերջ: Իսկ ա՛յ, կողերի երկու փետերին ձեռք չեմ տա: Դրանց վրայի կրծած հետքերը կտեսնի՞ս: – Սայլապանը մատների մեջ սկսեց ծխախոտը տրորել՝ ինձ ժամանակ տալով, որ ուսումնասիրեմ փայտերի վրա եղած հետքերը: – Գելերն են կրծե,- շարունակեց սայլապանը, երբ ծխախոտի ծխի հետ ինչ-որ դարդեր էլ դուրս փչեց: – Իսկ էն մեկը, որի հետքերն ավելի խորունկ են, խոշոր գելի կրծած է, որին հերս սկզբում արջի տեղ է դրե: – Ու մի պահ մոռանալով, որ գունատությունս ուրիշ բանից էր, ասաց: – Գույնդ գցեցիր… Դու մի՛ վախեցի, ճամփին գել  չկա: Գելը հեռու սարերն է քաշվե: Համ էլ՝ հորս հրացանը մոտս է:

       Ու սայլապանը լռեց: Հին, խարխլված սայլը և պառաված ձին քիչ-քիչ ինձ էլ սկսեցին հարազատ թվալ: Ես և սայլապանը մեր խոհերի հետ էինք, երբ հայտնվեց դեպի արևը թևած արտույտը: Նա ճռվողյունով մի քանի պտույտ կատարեց սայլի գլխավերևում ու վերստին թևեց դեպի արևը: Արևից աչքերս կկոցելով՝ ես մեկ արտույտին էի հետևում, մեկ հայացքս դաշտերին էի դարձնում: Դրա համար էլ թվաց, թե տեսողական պատրանք են կակաչները, որոնք, քիչ-քիչ շատանալով՝ կակաչների դաշտի վերածվեցին: Բայց պարզվեց, որ կակաչների դաշտն իրական է, այլ ո՛չ թե պատրանք: Սայլապանն ասաց, որ մարդիկ այն կոչում  են Կարմիր լիճ։ Եվ ասաց, որ այդ լճի հետ կապված մի պատմություն կա, եթե ուզում եմ, կարող է պատմել: Ես ասացի, որ պատրաստ եմ լսել, բայց սայլապանը չէր շտապում սկսել իր պատմությունը: Նա շպրտեց ծխախոտի մնացուկը, ծոցագրպանից նորը հանեց, տրորեց, վառեց և անխոս սկսեց ծխել: Կրակը այրում էր ծխախոտը, խոհերը՝ սայլապանին: Ինձ թվաց, թե նա մոռացել է իր խոստումը: Բայց ո՛չ, ի վերջո սկսեց պատմել:

  …. Գյուղում մի աղջիկ և տղա սիրահարվում են: Աղջկա հայրը դեմ է լինում, բայց աղջիկը համառում է: Զայրացած հայրը պայման է դնում. սիրում ես՝ ոտաբոբիկ անցիր Կարմիր լճի միջով: Հարազատներն ու համագյուղացիք ամոթանք են տալիս այդ մարդուն, քանի որ Կարմիր լճի մեջ, կակաչներից բացի, շատ էին փշերն ու եղինջները: Հեռու բարեկամն ու մոտիկ հարևանն էին միայն կողմ լինում այդ մարդու որոշմանը: Եվ, վառած ծխախոտը շուրթերի արանքը դրած, հայրը նայում է, թե ինչպես է աղջիկը քայլում Կարմիր լճի միջով: Եղինջների դաղոցի և փշերի ծակոցների ցավից մի քանի անգամ աղջիկն ընկնում է գետին, բայց վեր է կենում և շարունակում է քայլել: Ամեն անգամ ընկնել-ելնելուց ներա սպիտակ շրջազգեստը քիչ-քիչ կարմրում է արյունից: Աղջկան դաղող եղինջների կսկիծը հայրը սկսում է զգալ իր շուրթերի վրա, որոնք գնալով ավելի են այրում նրան: Եղինջիներից ու փշերից արյունոտված աղջիկը, երբ հասնում է հորն ու տեսնում ծխախոտից վառված նրա շուրթերը, մեջը կուտակված վիրավորանքը հալվում է ու որպես արցունքներ թափվում են աչքերից: Հայրը, ծխախոտից վառված շուրթերով ու արցունքն աչքերին՝ շալակում է կարմիր կակաչ դառած իր աղջկան, տանում է գյուղ և ամուսնացնում ներա սիրած տղայի հետ:

  … Սայլապանն ավարտեց իր պատմությունը: Եվ ավելացրեց՝ չգիտեմ ինքն ի՞ր համար, թե ի՞նձ համար.

     – Էս էլ քանի՜ տարի եղավ՝ ամեն գարուն կծաղկի Կարմիր լիճը…

                                                                                3.

      Ճանապարհը քիչ թեքությամբ վեր էր ձգվում: Ամեն անգամ թվում էր՝ ուր-որ է բարձունքը կվերջանա: Բայց պարզվում էր, որ այդ սարի ուսին հենված մի այլ սար էլ կա: Ամեն սարից հետո բացվում էր մի հովիտ՝ չափերով և բուսականությամբ նախորդներից տարբերվող: Իրար ուսի հենված յոթ աշխարհ մնաց ետևում: Բայց հեռու հորիզոնում, համարյա ամպերի մեջ մխրճված, մի սար էլ երևաց: Ինձ թվաց, եթե այդ սարն էլ բարձրանանք, կհասնենք երկնքին: Բայց սայլապանի ձայնն ինձ երկնքից ցած իջեցրեց: Յայլա էինք հասել:

     Սայլը կանգ առավ մի մեծ գոմի մոտ: Սայլապանն ասաց, որ հիմա բիդոնները կբեռնաթափեն և ինքն ինձ կտանի հորեղբորս տուն: Ու մտավ գոմ: Քիչ անց գոմից դուրս եկան երեք աղջիկներ ու սկսեցին բիդոնները տանել։ Ներանք հետաքրքրված ինձ էին նայում ու իրար հետ ինչ-որ բան քչփչում: Երբ երկրորդ անգամ եկան բիդոնները տանելու, ներանցից մեկը հարցրեց, թե սիրո մասին բանաստեղծություն ունե՞մ գրած։ Ես, որ արդեն մի քիչ շփոթված էի ներանց համարձակ հայացքներից, կմկմացի, որ չունեմ։ Դրանից հետո ներանք ուշադրություն էլ չդարձրեցին վրաս։ Ես մտքիս մեջ մեղադրում էի սայլապանին, երբ սայլը շրջապատեցին արևահարված դեմքերով ու պլոկված քթերով տղաները։ Նրանցից մեկի վարտիքն էր պատռված, մյուսի՝ գծավոր շապիկը, երրորդի գլխին ճմռթված մի գլխարկ կար, իսկ ամենափոքրը վարտիք չուներ հագին…

      -Ո՞ւմ մոտ ես եկել … Անունդ ի՞նչ է … Ինչի՞ ես էդպես դեղնած…

      Հարցերով ինձ «քարկոծող» այդ «ավազակախմբի» առաջնորդը, պարզվեց հորեղբորս տղան էր, ով նրանցից ամենամեծն էր: Գոմից դուրս գալով՝ նա իր ավազակախմբին հայտարարեց իմ ով լինելը և հարցրեց.

      -Սայլապանը գլուխ չգովա՞ց, որ իր քոսոտ Շեկոն առանց իրեն կարող է գա յայլա:

       Եվ պատմեց, որ խմած ժամանակ սայլապանը գրազ է եկել մեկի հետ, որ Շեկոն առանց իրեն կգնա յայլա: Գրազ է եկել ու պարտվել, որովհետև ճանապարհին ձին տարվել է հյութալի խոտով ու ամոթով թողել տիրոջը… Ես էլ տղաներին պատմեցի ճանապարհին եղածը՝ ի հատուցումն սայլապանի բերանբացության: Այնպիսի հռհռոց բարձրացավ, որ ձին խրտնեց ու սայլը մի քանի մետր տեղից շարժեց: Հորեղբորս տղան հրամայեց իր ավազակախմբին լցվել սայլը։ Բոլորը թռան սայլի մեջ: Խիզախ ինքնակոչը՝ սանձերը ձգելով՝ փորձում էր ձիուն ստիպել ետ-ետ գալ, որ շտկի սայլը, երբ գոմից դուրս եկավ սայլապանը: Բոլորը դուրս թռան սայլից ու փախան տարբեր կողմեր: Ես էլ՝ նրանց հետ: Սայլում մնաց լոկ ավազակախմբի ամենափոքր անդամը և սկսեց լաց լինել:

                                                                                        4.

    – Գնացինք,-  ասաց հորեղբորս տղան՝ ձեռքով սղալելով մազերն ու աչքի տակով նայելով ինձ:

     -Ո՞ւր,- հարցրի:

     -Կտեսնե՛ս,- պատասխանեց:

      Հարևան տան պատին ծեփված ստվերը, որի ձեռքին վառված ծխախոտ կար, հարցրեց, թե ո՞ւր ենք գնում: Հեչ՝ ասաց ընկերոջը հորեղբորս տղան ու մի ծխախոտ էլ ինքը վառեց: Յայլայում չկար լուսավորություն. լոկ տների լուսամուտներից լամպերի երևացող աղոտ լույսերն էին մխրճվում խավարի մեջ: Մի քանի տուն շրջանցելուց հետո հորեղբորս տղան ասաց՝ հասանք: Ինչ-որ փոքրիկ շինություն էր: Մի քանի րոպե անց մի ստվեր հայտնվեց, բայց տատանվեց ներս մտնել, քանի որ ներսում երկու ստվեր էր նկատել:

      -Հորեղբորս տղան է,- ասաց հորեղբորս տղան:

      Ներս մտնող ստվերն աղջիկ էր: ՆԱ-ստվերն ինչ-որ առօրեական բաներ էր հարցնում, իսկ ՆԵ- ստվերն էլ առօրեական պատասխաններ էր տալիս: Կամ՝ հակառակը: Մի երեք – չորս րոպե էլ չէր անցել, երբ ՆԵ-ստվերն ասաց, որ իր գնալու ժամանակն է: ՆԱ-ստվերն էլ ասաց, որ վաղն էլի կգա: Ու ՆԵ-ստվերը գնաց: Տունդարձի ճանապարհին, երբ անցնում էինք մի տան դեռևս լուսավորված պատուհանի մոտով, տեսա հորեղբորս տղայի՝ թեթև ժպիտով համեմված հայացքը,որն ինձ էր ուղղված: Երևի կարծում էր, թե «լեզուս կուլ եմ տվել» իր մատուցած անակնկալից: Բայց ես մտածում էի սայլապանի պատմության սիրահար աղջկա մասին, ով փշերի ու եղինջների միջով էր քայլել: Արդյո՞ք նե էլ իր սիրած տղայի հետ նման սովորական բաներից է խոսել: Այդ խոհերով տարված՝ չէի կարողանում քնել: Ինչ-որ փափուկ, հաճելի բան սողոսկում էր սիրտս: Ինչպես կոճղեզ հավաքելիս տեսածս այն դեղնականաչավուն մողեսը, որ գալարվելով մտավ քարերի արանքը: Հանկարծ ուզեցի տեսնել բիդոններ բեռնաթափող այն աղջկան, ով ինձանից սիրային բանաստեղծություն ուզեց: Ես էլ ուզեցի, հիշելով սայլապանի ինձ տված հարցն ու գողանալով նրա բառը, «ճնգո» ունենալ: Քնեցի՝ վճռելով, որ վաղը կգնամ տեսնելու ներան, ում ինքս ինձ համար… «ճնգո» կարգեցի:

                                                                                                5.

        Առավոտյան հրաժարվեցի սինձ ու կոճղեզ հավաքելու գնալ: Հորեղբորս տղան ասաց, որ տանը գլխացավի դեղ կա, եթե գլուխս է ցավում: Ասացի, որ գլուխս չէ՛ ցավողը: Ինչքան էլ ուզեցավ ավելին իմանալ՝ չասացի: Արևահարված դեմքերով, պլոկված քթերով և միշտ վերջից գնացող տղեկների բաց հետույքով ավազակախումբը հեռացավ:

       Գոմի մոտ «ճնգոս» չկար: Որոշեցի անցուդարձին հետևել գոմի դիմացի սարի լանջից, որտեղից ամեն ինչ երևում էր: Սարի մի կողմում իրար ետևից շարված մեծ քարեր կային՝ լանջից մինչև գագաթը: Այդ քարերն, ասես, սարի ողնաշարը լիներ: Ես շրջում էի քարաքոսերից դեղնած այդ քարերի արանքով, որոնց փոսիկների մեջ դեռևս առավոտի շաղը կար, երբ յուրօրինակ մի փոքրիկ քար գտա, որ ձիու գլուխ էր հիշեցնում: Քարաքոսից երկու դեղնակարմրավուն կետեր կային քարի վրա: Դրանք, կարծես, ձիու աչքեր լինեին, որ կենդանություն էին հաղորդում քարին: Այդ քարը ես նմանեցրի Շեկոյին: Ես չգիտեմ, թե ինչ փոխկապակցություն կա մտքի և իրականության միջև և կա՞ արդյոք, բայց հենց այդ պահին տեսա յայլա եկող Շեկոյին: Սայլապանից բացի ինչ-որ մեկն էլ կար սայլի մեջ: Դաշտից վերադարձավ ավազակախումբը: Տեսնելով ձեռքիս քարը, բոլորը հիացագին բացականչեցին՝ ասես թալիսման լինի: Նման հազվագյուտ առարկաներ գտնելը ավազակախմբի յուրաքանչյուր անդամի համար հպարտության առիթ էր: Եվ, իրար հերթ չտալով, այդ քարի համար ինձ սինձ ու կոճղեզ էին առաջարկում:

        -Էս թալիսմանն ինձ պետք է… – հայտարարեց հորեղբորս տղան:

                                                                                 6.

      Յայլայում տարածվեց, որ մեխանիկը գյուղից «կինո է բերել»: Գոմի մոտ արդեն իրարանցում էր: Մեխանիկը գոմի դատարկ մասի պատին, որպես էկրան, սպիտակ սավան էր փակցրել:  Կինոապարատը գոմի մյուս ծայրում հավաքված կովերից մի քանի մետր հեռավորության վրա էր դրել՝  ժապավենների ալյումինե մի քանի կլոր տուփեր հետ: Եվ փորձում էր գործի գցել հետը բերած փոքրիկ շարժիչը, որպեսզի կարողանա միացնել կինոապարատը: Իսկ կինոապարատի և էկրանի արանքում «դահլիճն» էր՝ ուր պետք է տեղավորվեր հանդիսատեսը՝ ամեն մեկն իր բերած աթոռով: Ես ևս մի աթոռ գրկած մտա դահլիճ և տեղ զբաղեցրի վերջում, քանի որ վերջիններից մեկն էի, որովհետև դրսում «ճնգոյիս» էի սպասում… ում այդպես էլ չտեսա:

     Հնդկական ֆիլմ էր: Այն փաստը, որ ես հնդկական ֆիլմ եմ նայում… կովերի հետ, ինձ շատ զվարճալի թվաց: Քիչ մնաց քրքջայի, երբ մեկը ցնցեց ուսս: Հասկացա, որ ոչ թե մտածել եմ, այլ երևի քրքջացել եմ, դրա համար էլ սաստում են: Բայց գիտակցությանս հասավ, որ ինձնից հետո ախր կովերն են, ու շրջվեցի: «Ճնգոս» էր…

                       -Ինձ հետ սուրբը կգա՞ս,- հարցրեց:

                       -Հա, – ասացի ես՝ մի կարգին չհասկանալով, թե ինչո՞ւ ես։

                       – Մենակ չեմ ուզում գնալ, – ասաց նե, երբ դուրս էինք եկել «դահլիճից»:

                         Բայց ինչո՞ւ հատկապես ես` մտքիս մեջ գլուխ էի կոտրում ես։

       Դրսում լիալուսին էր, և նե խնդրեց, որ խուսափենք կինոյից ուշացածներից, որոնք «դահլիճ» էին շտապում իրենց աթոռներով: Տեսնելով, որ ես ետ եմ ընկնում՝ յուրովի մեկնաբանեց.

      -Սկիզբը հետաքրքիր չէ՝ լավ տեղերին կհասնենք: Անցյալ տարի էլ էին էս կինոն բերել…

       Բայց ես ետ էի ընկնում ոչ թե ֆիլմը չնայելուս պատճառով, այլ որովհետև լիալուսնի տակ դիտում էի ներան: Նե մոտավորապես իմ հասակակիցն էր՝ մի քիչ նիհար, չթե շրջազգեստը հագին, որի վրա ծաղիկների կոկոններ էին՝ իրենց տակ թաքցրած ևս երկուսը… Նե կարծես ուրիշ մի աղջիկ լիներ, որ նման չէր գոմի մոտ իմ տեսած աղջկան: Հրաշքանման բան է շորը: Նույնիսկ մտածեցի, որ կողքովս անցած էլ կլինի «դահլիճ» մտնելիս, իսկ ես չեմ ճանաչել ու աթոռը ձեռքս մինչև վերջ տնկված եմ մնացել գոմի դիմաց՝ իբր թե հորեղբորս տղային եմ սպասում:

                   -Հասանք, – ասաց նե, – երբ հայտնվեցինք խճաքարերով սարքած ոչ մեծ մի շինության մոտ:

                    Յուրօրինակ մուտք ուներ սուրբը: Նախքան ներս մտնելը պետք է պտտվեիր եղած չորս պատերից երեքի երկարությամբ:

                  -Լուցկիդ տու՛ր, – ասաց նե:

                  -Չունեմ, – ասացի:

                  -Չե՞ս ծխում,- հարցրեց:

                  -Չէ,- պատասխանեցի:

                  -Չես էլ ծխե՞լ:

                   -Չէ…

                  Ավելի շուտ ինքս ինձ թութակ էի զգում իմ «չէ» – երի համար, քան թե՝ սիրահար:

                   -Քո տարիքի բոլոր տղերքն էլ ծխում են: Մտածեցի՝ դու էլ ծխող ես, լուցկի կունենաս: – Ու 

             հուսահատ ավելացրեց: – Բա հիմա ի՞նչ անեմ:

                    -Գնա՞մ լուցկի բերեմ, – կմկմացի ես:

                    -Պետք չէ, – ասաց: – Մի քիչ աչքերս փակ կկանգնեմ, որ վարժվեն մթին, ու ներս կմտնեմ:

       Ու նե փակեց աչքերը… Թափված երկար մազերով, որոնք խավարի հետ էին խառնվել, ուղիղ քթով, փակ աչքերով, փոքր բերանով ու ձվաձև դեմքով այդ աղջիկը գեղեցիկ էր: Կանգնել լալկվել էի՝ աչքերս հառած ներա կարմիր շրթունքներին, որոնք լուսնի դալուկ լույսի ներքո պեծպեծում էին, ինչպես այն ալ կարմիր կակաչները խոտերի մեջ: Ինձ թվում էր, որ ոչ թե նե է եկել սուրբը, այլ՝ ես: Եկել եմ և սրբի մարմին առած ոգու դեմ կանգնած ինքս եմ աղոթում իմ առաջին սիրո աղոթքը:

                    -Էս թալիսմանը սուրբը դնեմ ու գնանք, – ասաց նե՝ աչքերը դեռ փակ:

    Ես տեսա ներա ձեռքում հայտնված իմ գտած «ձիու գլուխը»… Սայլապանի օձի պես ֆշշացող մտրակը, Շեկոյի ծնկելը, ձիու մեջքի՝ շուլալած կար հիշեցնող հետքը, որ նրան խրտվիլակի էր վերածել՝ այժմ իմ հոգին էր:

     «Ճնգոս» ուրիշինն էր…

                                                                                                  7.

                  Գժտվեցի հորեղբորս տղայի հետ:

                  -Պարոն բանաստեղծը մեր թայը չէ, – մյուս օրը հայտարարեց նա՝ իր ավազակախմբի հետ հեռանալով:

                  Հորեղբորս կինը և հարևանուհին հաց էին թխում: Հարևանուհին խմորն էր գրտնակում, իսկ հորեղբորս կինը թոնրի մեջ հացն էր թխում: Քանի որ տանն էի մնացել, խնդրեցին օգնել իրենց: Ես սինու վրա շարում էի խմորի գնդերը և տանում էի թոնրատուն:

                  -Մկան շեռը ջաղչին օգուտ է,- ժպտում էր հորեղբորս կինը:

                  Երբ խմորը կես ընկավ, ասացին էլ գնդեր չբերեմ, պետք է թոնրի կրակը թեժացվի: Հորեղբորս կինը կուտ գնացած մի լավաշ տվեց, ասելով, որ սոված կլինեմ: Ինձ թվաց, որ նե կռահում է իմ «կուտ գնացած» սիրո մասին:

                                                                                     8.

        Այդ օրը լուսնի մահիկը կեսօրից հետո սկսեց կարմրել: Սովորաբար երկնքում այն երևում էր որպես ամպի մի կտոր, որը մայրամուտից հետո քիչ-քիչ սկսում էր դեղնել գիշերային երկնքում: Մարդիկ տարակուսած էին: Ոմանք դա վերագրեցին արևի ճառագայթների ինչ-ինչ ազդեցությանը, ոմանք էլ վատ կանխատեսումներ արեցին: Եվ ամեն մեկն անցավ իր գործին՝ աչքը երկնքից չկտրելով: Հենց այդ պահին էլ յայլայում լսվեց սայլապանի գոռգոռոցը: Մարդիկ մտածեցին, թե սայլապանը խելքը թռցրել է: Բայց դա սայլապանի հոգու ճիչն էր, որ օգնություն էր կանչում, երբ, արցունքն աչքերին, ձիու վզից կապած պարանը քաշելով բերում էր Շեկոյին: Ձին հազիվ էր քարշ տալիս ոտքերը: Նրա աչքերն արդեն մշուշվել էին: Նա պարզապես քայլում էր, որովհետև քաշում էին վիզը գցած պարանը և ստիպում:

    … Ամեն անգամ յայլա գալիս սայլապանը սայլը թողնում էր իր դռան դիմաց, իսկ Շեկոյին տանում-կապում էր դաշտում, որ արածի: Արևը մայր մտնելուց առաջ էլ դաշտից բերում էր ձիուն, կապում էր գոմում, որ առավոտյան գյուղ վերադառնա: Այդ օրն էլ, սովորականի պես, նույնն էր արել: Իսկ երբ գնացել էր Շեկոյին բերելու, տեսել էր հողի մեջ խրված ցցի շուրջը վզից կապած պարանի երկարությամբ պտտվող ձիուն: Ձին ուզեցել էր ինչ-որ բանից խուսափել: Երբ սայլապանը տեղ էր հասել, տեսել էր, որ ձին ընկած է կանաչ դաշտում, սմբակներով իր տրորած սև շրջանակի մեջ: Միանգամից չէր նկատել ձիու մաշկի մեջ մխրճված թունավոր բոռերին: Երբ նկատել էր՝ սկսել էր ձեռքերով պոկել բոռերին, բայց ապարդյուն:

    … Երբ դադարեցին քաշել՝ ձին ընկավ գետին:

    Հորեղբայրս ձիու մեջքին մածուն լցրեց և կոշտ ցախավելով սկսեց շփել: Ձիու պղտորված աչքերի դեմ արդեն վարգում, վրնջում էր մի կայտառ քուռակ, որն ինքն էր: Շեկոյի մեջքից, չորացած ցեխի պես, պոկվում էին դեղնագորշագույն բոռերը, որոնք արյուն ծծելուց տռզել էին և պայթում էին հորեղբորս կոշիկների ներբանների տակ: Մածնաշփումը չօգնեց … «Ուշ է»՝ ասաց հորեղբայրս:  

Խեղճացած սայլապանը, որ մինչ այդ խնդրում էր փրկել իր բարեկամին, սկսեց հորդորել, որ կրակեն ձիու վրա, չթողնեն տանջվի: Հենց այդ պահին Շեկոն բացեց աչքերը: Սայլապանն անբնական գոռոցով  անհայտացավ հավաքված մարդկանց միջից: Մարդու և ձիու հայացքները խաչվել էին, ու մարդը պարտվել էր: Իրականում դա ձիու հրաժեշտի հայացքն էր աշխարհին: Նա չէր էլ նկատել տիրոջը: Ես կանգնել էի սատկող Շեկոյի կողքին և փորձում էի … ձիանալ՝ մտքիս մեջ կրկնելով.

                                                                          « …Բոլորս էլ

                                                                            Ձիեր ենք մի քիչ,

                                                                            Մեզանից ամեն մեկը

                                                                             Իր տեսակի ձի է» …

      …Բայց ոչ թե իմ կարեկցանքն օգնեց Շեկոյին, այլ հորեղբորս հրացանը: Կրակոցից հետո Շեկոյի բաց մնացած աչքերի մեջ այլևս կյանք չկար, այլ կյանքն էր անդրադարձվում այնտեղ: Շեկոյի մարմինը բնակատեղիից հեռացնելու համար գոմից մի ցուլ բերեցին, հաստ պարանով կապեցին և քաշեցին-տարան հեռու: Հենց այդ պահին էլ հայտնվեց սայլապանը և գլխիկոր գնաց ձիու ետևից: Ասես սիրելի մեկի դագաղի ետևից էր գնում՝ կուչ եկել, խեղճացել էր, ինչպես ճամփին ձիուն մտրակելուց հետո: Թվում էր՝ ոչ թե սատկած ձի էին քարշ տալիս, այլ սայլապանի հոգին…

   … Երկնքին հառած հայացքներով՝ մարդիկ, ասես, հրում էին արևը դեպի մայրամուտ, որ նոր փորձանք չգա, վերջանա ձախորդ օրը: Եվ, ի վերջո, երբ արևը մայր մտավ, մարդիկ թեթևացած շունչ քաշեցին՝ կարծես իրենք դա արեցին:

                                                                                    9.

     … Գյուղից եկավ կաթ տանող մեքենան: Վարորդն ասաց, որ տեսել է, թե ինչպես երկու գայլեր հոշոտում էին սատկած ձիու մարմինը: Ծնողները երեխաներին արգելեցին հեռանալ բակերից: Լոկ սայլապանը վերցրեց հրացանը, ամուսնացող տղամարդու կոսպանդի պես կապեց փամփշտակալը և գնաց: Այդ օրը մենք մի կրակոց լսեցինք: Վերադարձած սայլապանն ասաց, որ երկրորդ գայլը փախավ հեռու սարերը, որտեղից նրանք եկել էին: Եվ ավելացրեց. միամտենք՝ նորից կգան:

       Երկնքում մի ամպ հայտնվեց: Ինձ թվաց՝ այն նման է ձիու գլխի: Մտածեցի, թե Շեկոյի հոգին է, որ համբարձվում է:

        -Ուզում եմ տուն գնալ, – ասացի:

         -Հա, արդեն լավացել ես, – ասաց հորեղբայրս:

         Իսկ հոգի՞ս…  մտքիս մեջ հարցրեցի ես:

         Պաղ թանը խմելուց հետո հորեղբայրս ասաց, որ կաթի մեքենայի հետ ինձ գյուղ կուղարկի:  

         Մեքենայի շարժվելուց առաջ ես հրաժեշտ տվեցի ավազակախմբի տղաներին:

      -Կտաս ներան,- քառածալ մի թուղթ մեկնեցի հորեղբորս տղային: – Նե ինձանից սիրային բանաստեղծություն է խնդրել:

       Ճանապարհին վարորդն ինչ-որ բան էր պատմում: Բայց ես ոչ թե վարորդի պատմածն էի լսում, այլ ունկնդրում էի ճանապարհի ժապավենի վրա ձայնագրված սայլի գիլ-գլորը… ու սայլապանի խռպոտ երգը:

                                                                 Էո՜ր, էո՜ր, էո՜ր, էո՜ր …

                                                                 Սելիս յանն է չամից,

                                                                 Սըռնին է պինդ ծիրանըքից

                                                                 Կոտրելուց ահ չունիմ,

                                                                 Պրծել եմ աշխարհքի ղամից …

           Հանկարծ մեքենայի դիմապակուց երևաց մի ամպ, որը քիչ-քիչ վերափոխվեց սայլի, որի մեջ լցված էին յայլայի ավազակախմբի տղաները, իսկ ավազակապետը «նյո՜, նյո՜» բացականչելով թափահարում էր սանձերը, որին լծված մի արտույտ այն քաշում էր դեպի արևը:

         -Քեզ ի՞նչ եղավ, – ինձ սթափեցրեց բեռնատարի վարորդը:

         -Ոչինչ, – պատասխանեցի: – Աչքերով … լսում եմ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *