Արդեն վաղուց հոգնել էր վարձով տները մաքրելուց։ Հե՛նց վարձով ապրելուց էր հոգնել։ Ու տանտերերից, որոնք ոգեշնչվում են աշխարհի թարս պտտվելուց, պատերազմներից, սովից, փախստականներից, որոնց աչքերը դիվային փայլ են ստանում այն մտքից, որ երբ էլ ուզեն՝ խեղճ տնվորին դուրս կանեն ու կրկնակի թանկ այդ նույն տունը կտան մեկ այլ խեղճուկրակի:
-Լավ էլ վերանորոգեցիք տունը, ապրեք։ Բայց դա չի նշանակում, որ գինն իջնելու եմ։ Հա՛, պատուհան չկար, ունիտազ չկար, հա՛, ի՞նչ անենք, բայց ձեզ ութսուն քառակուսի տարածք եմ տվել, մնացածն ինձ ի՞նչ։ Ձեր համար եք անում։ Ես ձեզ չորս պատ ա՝ տվել եմ, մնացածը դուք եք որոշում, պատուհան լինի, թե չլինի, ունիտազ լինի, թե՝ չէ, դրանք բոլորը ճոխություններ են։ Կհանեք, հետներդ կտանեք, ինձ պետք չեն։
– Հա՛,անպայման հանելու ենք ու առանց պետքարան, առանց ապակի ձեր ութսուն քառակուսին ձեզ կթողնենք, մենք ճոխության ենք սովոր, մեր ապրանքը մեզ հետ կտանենք,- սկսեց բարեկրթորեն բարկանալ Սոնան։
Երբ հեռավոր սարերից քամի էր փչում, իր հետ վայրի ծաղիկների, նոր բուսնած խոտի ու բողբոջների բույրերն էր բերում։ Երբեմն ուրցի հոտ էլ էր բերում, ու նա անհագ շնչում էր սարերից եկող ուրցի սուր հոտը։ Փակում էր աչքերն ու խորասուզվում մտքերի մեջ։ Երբեմն, վաղ առավոտյան, երբ քնած էին քաղաքն ու նրա մարդիկ, անգամ շներն ու կատուները, երբ մոտենում էր պատշգամբին շնչելու սարերի բույրը, մերթընդմերթ զգում էր ինչ-որ շատ հարազատ՝ ծխախառը, գոմաղբախառը մի հոտ, որը վաղուց այլևս մանկության բույր էր։ Ու այս ամենն ուղեկցվում էր սարերից եկող ոչխարի կտտորի ու օշինդրի հոտի միաձուլմամբ։ Երանելի հազվագուտ պահ էր։ Ու էդ պահերը դառնում են օրեր՝ լավ կամ վատ, չնայած, որ լինում են նաև հալումաշ եղած օրեր։ Բայց դե, օր է, անցնելու է գնա։ Ոչ այնքան վատ օրեր էլ են գալիս, դրանք էլ կարելի է մի կերպ անցկացնել։ Այ, ամենասարսափելին վատ օրերն են, սրանք հենց այն օրերն են, երբ ցավում է թե՛ հոգիդ, թե՛ մարմինդ։ Էս օրերին ժամանակը ոչ էլ անցնում է։ Այն մեխվում ու մնում է։ Դու մեկ մոլեգնում ես, մեկ՝ փոթորկվում, հետո լուռ արտասվում ես ՝ հիմնականում անարցունք ու ամենադժվարը, որ պիտի թաքցնես, հանկարծ հարցեր չտան, որովհետև ինքդ էլ չունես շատ հարցերի պատասխանները։ Այսպիսի օրերը շատ են ու եթե հաշվենք մեր իրական տարիքը, ապա այն անպայման թվագրված տարիքից երեք կամ ով գիտի, նույնիսկ չորս անգամ ավել կլինի։
– Ալո, բարև ձեզ։ Ո՞նց եք։ Զանգել եմ ասեմ, որ մյուս ամսվանից տան վարձը թանկացնելու ենք։ Եթե չեք կարող վճարել, ազատեք բնակարանը։ Էնքան սիրիահայ կա փողոցներում, որ մի րոպե դատարկ չի մնա էդ տունը,- արագ-արագ ասաց Հասմիկը, ով ամբողջ հոգով հավատացյալ էր։ Այնքան հավատացյալ, որ գրեթե ամեն ամիս տան վարձը թանկացնում էր։ Եվ որպեսզի էլ ավելի նկատելի դարձներ իր հավատն առ Աստված ու ավելի մարդասեր ու բարի երևար, ո՛չ մազն էր ներկում, ո՛չ մաշկը, ո՛չ էլ ձեռք ու ոտք խնամում։ Իր հավատն այդպես էր, նա էլ անխնամ լինելով էր ուշադրություն գրավում՝ անսահման քրիստոնյա, երկարամազ Հասմիկը։
-Բա իհարկե, ձեր ութսուն քառակուսին այլևս քառակուսի չէ, այն արդեն բնակարան է՝ պատուհանները ապակեպատ են, զուգարանում զուգարանակոնք կա, լողարանում՝ ցնցուղ, ձեր իսկ գնահատականով շքեղ տուն է արդեն։
-Դե, ինչ անեմ, հիմա էդ ա։ Հիմիկվանից որոշեք։ Դուք ձեր հողում եք, բա էն խեղճերն ինչ ասեն,- մտահոգվել էր տանուտերի քույրը, ով տնօրինում էր տան վարձը:
– Մեկն էլ լսի, կմտածի, թե հենց մենք դուրս գանք, տունը անվճար այդ խեղճ մարդկանց եք տալու։ Որ իմանամ նման մտադրություն ունեք, համաձայն եմ, մենք հենց այսօր էլ դուրս կգանք, որ ձեզ չխանգարենք մի բարի գործ անել, բայց կասկածում եմ… Ախր, դրա մե՞ջ է քրիստոնեությունը՝ երկար մազերով վաշխառու եք ընդամենը: Դուք խաբում եք ձեզ, թե էդ ով է հորինել, որ մազ չներկելը շատ խորը հավատի նշան է, բա էլ չեմ ասում էդ չներկած մազերով տան վարձը եռամսյակը մեկ թանկացնելը իսկը խորը քրիստոնեության նշան է,- Սոնան բարկացավ, նրան նույնիսկ թվաց, թե չափն անցավ, գիտեր, որ ինքը բարեկիրթ էր, բայց հոգնել էր արդեն, ու սարսափելին այն էր, որ արդեն հույս էլ չէր մնացել պայծառ ապագայի հանդեպ։
-Մենք երբեք էլ չենք ունենա մեր անկյունը, միշտ էլ սենց տարօրինակ մարդկանց պիտի վարձ տանք։
-Սիրտդ լեն պահիր։ Կգա մի օր՝ ամեն ինչ էլ կունենաս,- ասաց Առաքելը։
Գիշերը մարդկանց բաժանում է ուտողների, ու աշխարհը փոխող մտքեր ասողների, կան նաև շուտ քնող-թաքնվողներ ու անքնությամբ տառապողներ։ Հա՛, Սոնան միշտ զարմանում է՝ ինչ են գիշերով էդքան ուտում ու չեն էլ չաղանում։ Դե հա, մի քիչ էլ նախանձում։ Ու չնայած նախանձում է շատակեր, բայց այդպես էլ չչաղացող շատ առողջ մարդկանց, միևնույնն է՝ գիշերը նա սիրում է հիշել՝ մարդկանց, դեպքեր, ապրումներ։ Ու երբ գլխում պտտվում է. իր կյանքի ֆիլմի ժապավենն ու արդեն վերհիշած, վերապրած, խոսակցությունները ձայնի ամեն ելևէջներով լսած է լինում, մնում է աչքերը ամուր փակել։ Թեև քնելն անհնար է, բայց նա համոզում է, ու հենց կոպերը ծանրանում են, և ուր որ է պիտի աչքերը փակվեն, մեկ էլ զգում է, որ հոգին ճմրթվում է, ու մի բան ներսում դողում։ Հիմա էլ հոգին է անքնության մատնված։ Այ, հոգուն ոչ մի կերպ չի կարող համոզել։ Հոգին դեռ պիտի արտասվի, հեկեկա՝ բոլորին անլսելի։ Հոգու կծկված հեծկլտոցը միայն տիրոջն է լսելի լինում։ Հոգիդ լացում է, դատարկվում ես ու վերջ, նույնիսկ չես էլ հիշում, ինչն էր քեզ նեղացրել։ Թվում է, թե ամենաերանելի պահը հոգուդ լացից հետո եկող մի կարճ պահն է, երբ նորից մանկանում ես ու կարծես անմեղ ես, նույնիսկ՝ դատարկ, դատարկ ես, հազիվ էլ հիշում ես ինքնությունդ։
Առավոտյան դուռը թակեցին։
-Բարև Ձեզ, հազիվ գտանք մեր տունը։
-Ո՞նց թե մեր տունը։ Սա ամենաթունդ քրիստոնյա Հասմիկենց տունն է,- քաղաքավարի տաքացավ Սոնան։
-Երևի, չեմ էլ տեսել, հեռախոսով եմ միայն հարցուփուրձ արել, բայց շատ թանկաբազար Հասմիկ է, դրանից ի՞նչ քրիստոնյա։
– Դե, ներս եկեք։
Ու պարզվեց, որ այս անգամ տունը ոչ թե վարձով էին տալիս, այլ՝ վաճառվում էր։ Սոնան տեղեկացրեց, որ վաճառելու դեպքում միայն տան քառակուսին էր վաճառվելու, ինչպես նորակառուցները։
Այցելուները հավանեցին տան նախագիծը, հատկապես այն, որ ննջարաններն իրարից հեռու էին։ Սոնան չհասկացավ ննջարանների իրարից հեռու լինելու առավելությունը, երևի դեռ փոքր էր, շատ էլ, որ արդեն երկու տղա ուներ։ Հաջորդ օրն ինչ-որ հնամաշ իրեր բերեցին, իրարահան եղած մի բազմոց, մի երկու աթոռ. այս մարդկանց ունեցած-չունեցածը սա էր։ Բարեկամաբար խնդրեցին, որ ընդամենը տասնհինգ օր ունեն տունն ազատելու համար։
-Տեսնես, մենք ե՞րբ տուն կունենանք,- հառաչեց Սոնան։
Ինքը շատ էր սիրում հեքիաթներ, նույնիսկ հրաշքների էր հավատում․ քանի անգամ էր հրաշքը փոխել նրա կյանքը, ամենաանհավատալի բաներ շատ էին տեղի ունեցել, բայց սա ամենաանհավատալիից մի քիչ ավելի էր։ Ամեն պատեհ կամ էլ արդեն անպատեհ առիթի, ծննդյան մոմերը փչելիս, կամ երբ նոր տարվա զանգերն էին ղողանջում, երազանքն անփոփոխ էր, հետո էլ իմացավ, որ վանքերն էլ են զորավոր երազանքների գործում, ու էլ սուրբ ու սրբատեղի չմնաց, որ չպարուրվեր ու չշնչեր Սոնայի երազանքով։ Իսկ ինքը կյանքից մեծ ակնկալիք չուներ։ Ու մեկ էլ կտեսնեիր սկսում էր իրեն մեղադրել։ Իսկ մեղավորությունը շատ տարօրինակ զգացողություն է։ Այն նման է ջրծաղիկի բշտիկին, դուրս է գալիս մայր ծաղիկը ու դեռ չհասկացած, թե ինչ կատարվեց՝ արդեն ամբողջ մարմինդ պատվում է էդ բշտիկներով։
-Ապրի՛ Հասմիկը, ինչքան օգնեց մեզ, քեզ ասում էի, չէ՞, մեր օրը գալու է։ Վաղը մեր իրերը կտեղափոխենք արդեն մեր տուն։ Սա էլ քո կյանքի հեքիաթներից է,- խանդավառվել էր Առաքելը։
Հեռախոսը սկսեց անհամբեր զնգալ։ Սոնան համոզված էր, որ անհանգիստ հեռախոսը գուժելու է։ Կյանքի օրենք է՝ փափագած երազանքին անպայման հաջորդելու է գույժ։
-ՄԻ կորցրու քեզ, կյանք է, սթափ եղիր, որ սրա տակից դուրս գաս։ Շատ պարտականություններ ունես, մինուճար տղա ես, իրավունք չունես հանձնվելու:
Դե, անիմաստ բան է նկարագրել մոր կորուստը, այսինքն անհարկի բան է նկարագրել, թե ինչ ես զգում, երբ արդեն չկա նա, ով քեզ տվեց այս հրաշք բանը՝ մութ ու լույսի, քաղցր ու դառնի, ճիշտ ու սխալի զգացողությունը ճաշակելու շատ անհավանական հնարավորությունը։ Իսկ այս քնքուշ բարին, որ աջ ու ձախ կռիվ էր տալիս արդարության համար, որ գիշերները անարդարությունից չէր էլ քնում, հիմա պիտի զբաղվեր տան իրերը տեղափոխելով։ Գոնե տրտնջար։ Չէ՛, նա պիտի ուժ տար ու իրականում ամեն ինչ նա էլ կազմակերպում էր։
Առավոտյան հավաքեց թաղի դեռահաս տղաներին ու ոգևորեց նրանց։ Մեկին անուշեղեն, մեկին՝ մի գիրք, էս մյուսին՝ խաղային մի սկավառակ, խրախուսանքներն ըստ նախասիրության էր շռայլում։ Օրը երեկոյանում էր, իսկ ինքը այս անչափահասների հետ դատարկեց ամբողջ տասնհինգ տարվա դրած տունուտեղը ու տեղափոխեց մի հարկ ներքև, որը դեռ տասը տարի հետո կդառնար իր երազների տունը։ Տանտիրոջ իրերն էլ արդեն մի տասը տարի լքված մնացել էին մարդու կարոտ այս տանը։ Վաղուց արդեն ոչ մի դարակ չէր բացվել, լույս չէր վառվել, սուրճ չէր թափվել այս տանը։ Իսկ տունն այս շատ ուրախ էր, մանավանդ այսքան տղաների աղաղակից։ Մրջյունների նման բերեցին, հիմնականում քարշ տվեցին, իրենցից մի քանի անգամ ծանր ու մեծ մի աշխարհ իրերը։ Բերում, շարում էին պատերի տակ։ Բայց այս իրերը դեռ պիտի իր դառնային, դրանք դեռ տախտակներ էին, կամ էլ կիսատ-պռատ բաներ։ Թվաց, թե շատ ժամանակ էր անցել։ Ոչ էլ հոգնածություն էր զգում, ուղղակի անընդհատ վերուվար էր արել ու ցուցումներ տվել՝ կամաց, զգույշ, վայ սեղանս չքերծեք, տատիկիս Մոսկվայից բերած չեխական ԲՈՀԵՄԻԱ բյուրեղապակյա ծաղկամանը պատերին չտաք։ Նստեց, որ շունչ քաշի։ Բայց չէ, ոնց նստեր, ախր նստելու տեղ էլ չկար։ Տունը պահեստի էր վերածվել։ Հիշեց, է, սկեսուրն էր մահացել, ինքը վերուվար էր անում՝ վերև, ներքև, վերև, ներքև։ Օր չունեին, այն մարդիկ պիտի գային իրենց տունն ընդունեին ու պիտի հաշվեին, թե այդ մի քանի օրվա համար ինչքան պիտի վճարեին։ Դե սա էլ էր խեղճ մարդ, ճիշտ արեց, բայց զարմանալին այն էր, որ այն թունդ քրիստոնյա Հասմիկը մոռացել էր երևի, որ տունը վաճառել էին ու զանգել այս մարդկանցից տան վարձն էր ուզում։ Հետո ոչ էլ խոստովանեց, որ սովորության համաձայն էր ուզել, այլ ՝ պնդեց՝ չէ, որ չէ, պիտի իմ տան վարձը տաք։ Չեմ էլ հիշում, թե ում հաջողվեց Հասմիկին հասկացնել, որ երբ տունը վաճառում են, այդ տունը էլ քոնը չէ, այլ այն մարդունը, ով քեզնից գնել է այն։ Հետևաբար եթե տունը քոնը չէ, ուրեմն վարձն էլ չես կարող դու վերցնել, վերջ։ Իսկ հիմա կենտրոնանալու պահն էր։ Հերթով հիշում էր առավոտից արած բոլոր գործողությունները, ամեն ինչ իջեցրել էին ներքև բացի զուգարանակոնքից, ու այս միտքը նրան հանգիստ չէր տալիս։ Խոմ չէ՞ր թողնելու կեղծ բարեպաշտին։ Դե, շուտ արա, հագնվի՛ր, որ գնաս հոգեհանգստի, հիշու՞մ ես։ Մի տեսակ ծանրացել էր, հոգնել էր, բայց պիտի գնար, մինուճար տղայի միակ կինն էր։ Ծանրացել էր, որովհետև չէր ուզում սկեսուրի հոգեհանգստին հարևանավարի գնար, օտարոտի հոգոց հանեց ու հասկացավ, որ չի էլ հիշում, թե ուր էին իր շորերը։ Ոչ թե թաղման շորերը, այլ իր որևէ շոր։ Փոշու մեջ կորած էր, հողաթափերով։ Այս տեսքով հաստատ չէր հայտնվի թամաշա անողների մոտ ու դառնար ամսվա գլխավոր հերոսուհին։ Սկսեց բարձրաձայն արտասվել ու փորձում էր շորի մի կտոր գտնել։ Բացեց տասնամյակից ավել անտեր մնացած զգեստապահարանի դուռը, որը ուրախությունից այնպես ճռռաց, որ մարմինը փշաքաղվեց ու մի երկու օր էլ այդպես փշաքաղված մնաց։ Մի կարմիր բան աչքովն ընկավ, դե ոչինչ, ինչ ուզում է լինի՝ կհագնի ու կգնա։ Իսկ կարմիրով գնա՞լն է լավ, թե չգնալը։ Չէ՛, կարմիրով գնալն ավելի քիչ է դատապարտելի։ Հա՛, թեկուզ կարմիրով։ Ժամանակ չկար։ Երեկոյի տխրությունն ահագնանում էր։
Սոնան զգում էր հարյուրավոր աչքերի հայացքն իր թիկունքին ու միևնույն ժամանակ հասկանում, որ այն զուգարանակոնքը ոչ թե թողել էր Հասմիկին նվեր, այլ խեղճուկրակ նորեկին։ Հազիվ հիշեց, որ տան վարձն էլ Հասմիկինը չէր, ուզեց ժպտալ, բայց գիտակցեց՝ տեղին չէր ։
-Ցավակցում եմ,- ամեն կողմից լսելի էր ապրումակցումը։
