Նաիրա Աբրահամյան, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

Նոյեմբեր

Դրսից այլևս աշնան հոտ չէր գալիս։ Նոյեմբերը քսվել ու մնացել էր աշնան ծանրացած քունքերին։ Մերկացած բաղ ու բոստան խորշոմած մարմնով ձմեռնամուտին էին սպասում։ Ամենուր ցուրտ էր ու տխուր։

Առավոտը քիթը կախելով՝ մեր բակ էլ հասավ։ Տաք վերմակի տակ կուչ եկած քույրս վեր թռավ՝ պատուհանն ազատելով վարագույրի խեղդող ծանրությունից։ Սենյակում միանգամից լույս լցվեց։ Ես դեռ ճմլկոտում էի։ 

Տատս միշտ լուսաբացից առաջ էր արթնանում, մենք՝ խոհանոցից եկող կաթսաների ու դատարկ տոպրակների ականջ ծակող աղմուկից։ Տատս հարգված ու հարգանք տածող կին էր, սակայն քնած մարդկանց նկատմամբ՝ երբեք։

Այդ առավոտ ննջարան հասած ձայների ժխորը սպանիչ չթվաց, հայրս խոսք էր տվել՝ մեզ էլ իր հետ փայտ հավաքելու պետք է տաներ։ Ուրախացել էինք։

Հացի պաշարը տատն արդեն պատրաստել էր։ Հայրս տոպրակն ուսին գցելով՝ ձայնեց մեզ։

Քույրս ու ես հորս հետևից ընկած՝ խառնվեցինք անտառ գնացող գյուղացիներին։

Գիշերվա անձրևաջուրը սառել ու ճանապարհին սառույցի բարակ շերտ էր կապել։ Անցորդներն զգույշ էին քայլում։ Ես հասցրի մի քանի անգամ վայր ընկնել, կոշիկներիս մաշված տակացուն դարձել էր ապակուց էլ նուրբ ու սղլիկ։ Ծնկներիս քերծվածքներ կային, ուշք չդարձրի, բա որ հայրս տուն ուղարկե՞ր։

Անտառ հասանք։ Ծառերի խշշոցը սովորական թվաց, հոգոցն՝ անսովոր ազդու։ Հողի երեսնիվայր փռված խաշամը խոնավությունից փափկել ու կորցրել էր տեսքը։ Տերևների տակից մի քանի գլուխ հոտած սունկ երևաց, որդերը վերջին ավարն էին վայելում։ Սկսեցի փռշտալ, անտառի հոտը քիթս էր մտել։ 

Դատարկ ստամոքսս ուտելու խոսք էր բացում, ամոթից ձայն չհանեցի․ ի՞նչ հաց, դեռ քրտինք չէի թափել։

Հայրս սղոցը գործի դրեց։ Ծառը սկսեց ծանր տնքալ։ Մտածեցի՝ կա՛մ ցավից է, կա՛մ սղոցի բութ ատամների թողած մրմուռից։

Արևի բարակ շողը ամպերի քուլաներից գլուխը դուրս հանեց՝ ջերմությունը քսելով բարձր ծառերի մերկացած ճյուղերին։

Սև-կապտամետաղափայլ մի ճանճ, խաբվելով նոյեմբերի կեղծ ջերմությանը, սկսեց դես ու դեն թռչել․ քթին գարնան հոտ էր կպել։ Մե՛կ համառորեն հորս քրտնած ճակատին էր դիպչում, մե՛կ՝ նստում զգեստիս հիրիկների փնջերին։

Հանկարծ ճանճի աչքը ծառի չորացած ճյուղերին մնացած չիչխանի հատիկներին ընկավ։ Աներեսը միանգամից էդ կողմ թռավ։ Գտածը թթու էր, բերանին համ չտվեց, աչքը մնաց մեր հացի տոպրակին։

Հորս պարտադրանքով տոպրակի բերանը կիպ կապեցի։ Տապակած խմորի հոտը քթիս դիպավ, ատամներով շուրթերս կծեցի։ Հայրս զգաց, ասաց, որ առանց իրենց էլ կարող եմ հացը ուտել։ Էլի ամաչեցի, իրականում ես դեռ քրտինք չէի թափել։ 

Իսկ հորս ճակատի քրտինքը տաք-տաք կաթիլներով գլորվում էր ցած․ բարդու բունը ամուր էր շատ։

Հեռվից հասնող քրոջս ձայնից մեկեն վեր թռա՝ մոռանալով ծառի ցավին դարման անելու միտքս։ Փաստորեն, ինձնից չորս տարով փոքր քույրս հասցրել էր երկու կապ ցախ կիտել, իսկ ես դեռ տարմտում էի աշխարհի բանը՝ գո՞րծը հացից հետո, թե՞ հացը՝ գործից։

Հայրս ուրախ ժպտաց՝ սառած ու կոշտացած մատներով քրոջս մազերը խառնշտելով․ նա գոհությունը էդպես էր հայտնում։ Քույրս քիթը կախելով՝ մազակալից դուրս ընկած հյուսքը ուղղել փորձեց։ Սիրտն ուրախ էր։ Իմ սիրտն էլ էդ կոպիտ շոյանքից ուզեց։

Գործի անցա՝ շուրջս թափթփած ճյուղերի կտորտանքը զգուշորեն պարանին դարսելով։ Հայրս նորից ժպտաց, ոգևորվեցի։

-Աղջիկս ագռավի բնի ցախ ա հավաքել․․․

Ագռավի ու իմ հավաքած ցախի համեմատությունը չհասկացա, բայց քույրս գլխի գցեց, որ հավաքածս շատ է մանր, ջերմություն չի պահի, պետք է անտառի խորքերը հասնեմ, կացնի բերանն ընկնելու ցախ գտնեմ (այդ տարիներին անտառն ուղղակի սրբում էին)։

Գործի կեսն արել էինք, վերջապես հացի նստեցինք։ Հայրս արդեն երկրորդ ծառն էլ էր կտրել։ Քույրս մաթեմատիկայից գերազանց էր ստանում, հացին դեռ ձեռք չտված՝ սկսեց հաշվել ու բաժանել, թե երկու ծառն ու երկու կապ ցախը (փաստորեն իմ հավաքած ագռավի բույնը հաշվի մեջ չմտավ) մեզ քանի օր կտաքացնի։

Հայրս, պատառը բերանը տանելով, անտառի հեռու խորքից տատի հետ կռիվ տվեց․ կարտոֆիլի կարկանդակի մեջ էլի ծիտրոն էր լցրել։ Ես ուրախացա, որ տատի ականջից հեռու մնաց հորս՝ հաջորդ տարի ծիտրոնի մարգը վերացնելու խոստումը։

Հանկարծ հայրս տեղում սառեց․ ո՛չ թանն էր կուլ տալիս, ո՛չ թանամանն էր հեռացնում շուրթերից։ Նա մեզնից շուտ էր նկատել հեռվից մոտեցող ձիավորին։ 

-Անտառապահ Վարոն է,- ականջիս շշնջաց քույրս։

Հորս դեմքի կարմիրը կիտրոնի գույն ստացավ, մենք տեղում անշարժացանք։

-Բարի աջողում, էս ի՞նչ գործի եք,- ձիու սանձը քաշելով՝ շպրտեց եկվորը։

Հայրս ոչինչ չպատասխանեց։ Քույրս այս անգամ էլ թանի բաժակը Վարոյին դեմ տվեց։ Անտառապահը բաժակը շուրթերին դեռ չէր մոտեցրել, երբ ճանճը պտտվեց ու ընկավ մեջը։ Վարոն անսպասելիությունից կեղծ ժպտաց։ Բաժակը քիչ թեքելով՝ ճանճը հողին գցեց, մնացածն անտրտունջ քաշեց գլուխը։

Քույրս շուրթերը նորից ականջիս մոտեցրեց․

– Ճանճն ափսոս էր։

Ժպտացի։ Հայրս հայացքով սաստեց մեզ։

-Իյա՜, էս ծառն էլ կտրի՞ր, հա՞,- սևավուն բաճկոնի թևքով շուրթերը սրբելով՝ հոխորտաց Վարոն։

Քույրս դեմքը ծամածռեց, անտառապահը բռնեց քրոջս հայացքը։

  -Տո՛ ասա՝ էս մատղաշ էրեխեքին ինչի՞ ես բերել էստեղ, հը՞։

-Իրենք ուզեցին,- Վարոյի մորեգույն դեմքին չնայելով՝ ասաց հայրս։

 -Հերի՛ք ու բո՛լ էղավ, դուք ու ձեր հարևաններն արդեն իմ ատամները հաշվել եք։ Ես էլ եմ մարդ, ես էլ ընտանիք ու էրեխեք ունեմ, ես էլ․․․

-Բա ձեր էրեխքը ինչո՞վ են տաքանում,- վախվորած համարձակությամբ Վարոյի խոսքը կտրեցի ես։

Հարցս իր համար անսպասելի էր, մատ թափ տվեց վրաս։ Ուրախացա, հայրս չէր նկատել։

-Ասում եմ՝ ինչ ունեք-չունեք հավաքեք ու դուրս էկեք։ Սա պետությո՛ւն է, երկի՛ր․․․ Քանդո՞ւմ եք, հա՞, ոչնչացնո՞ւմ․․․ Տո՛ դուք խիղճ ունե՞ք, հը՞,- հորս կողմը ձեռքն ուղղելով՝ գոռգոռոցը շարունակեց Վարոն։ -Վա՜յ ձեր նամուսին, վա՜յ մեր երկրին ու անտառին։

Սպասելն իմաստ չուներ։ Հայրս հասկացրեց, որ հացը հավաքենք․ քույրս ճարպիկ էր, արդեն գլխի էր ընկել։

Ես փորձում էի արցունքներս կուլ տալ, մեծ կաթիլները կոկորդովս չէին իջնում։ Գլուխս կախեցի՝ աչքերս չորացնելու համար զգեստիս հիրիկի ծաղկած փեշերը վեր բարձրացնելով։

Արևը վաղուց հեռացել էր, ճանճն էլ չկար, ծիտրոնի հոտն էլ․․․ Վարոյի շների կլանչոցը դարձավ տևական․ պարզ էր, անտառում օտար մարդիկ կային։

Քայլում էինք։ Հայրս լուռ էր, քույրս՝ նույնպես, ես մտածում էի։

-Պա՛պ, ծառ կտրելը գողությո՞ւն է,- լռությունը խախտեցի ես։

-Գողություն է, բա ի՞նչ,- շուրթերի չորացած թանը մաքրելով՝ վրա բերեց հայրս։

Էլ հարցեր չտվեցի, հանցանքը շալակած՝ ճանապարհի մեջտեղն ընկած գնում էինք։ Մենակ չէինք, Վարոն բոլորին քշել էր անտառից։

Հետկեսօվա ցրտից սառույցն ավելի էր կարծրացել՝ ճանապարհը դարձնելով ավելի վտանգավոր, բայց ես արդեն չէի ընկնում, ծնկներս էլ չէին ցավում, սրտիս նվվոցը չէր կտրվում։ Էդ հետո պետք է իմանայի, որ հոգիս դառը վիրավորանք է ապրում։

Բեռնատարի բարձր ազդանշանը սթափեցրեց բոլորիս։ Ամենքն աջ ու ձախ գնալով՝ ճանապարհը միանգամից մեքենային հանձնեցին։

Թափքը մեծ էր, խորդուբորդ ճանապարհի տարուբերումից երկու հաստլիկ ծառերն ու երկու խուրձ ցախը աջ ու ձախ էին գլորվում, ինչպես իմ դատարկ ստամոքս հասած՝ երկու պատառ ծիտրոնով կարկանդակը։ Հայրս աչքը բեռնատարին գցեց։ Աչքերից վրեժ կաթեց գետնին։

-Վաճառեցիր, հա՞, ես քո․․․

Հայրս բառերի կեսը կուլ տվեց, ես՝ բոշայի վաճառած դառը համով ծամոնը։

Տուն հասանք։ Տատս եղբորս գրկած՝ կանգնել էր շեմքին։

-Էս ցրտին էդ էրեխին ինչի՞ ես դուրս հանել,- սղոցը պատին կախելով՝դժգոհեց հայրս։

Տատս մեր դեմքի առատ տխրությունն ու ցախ կապելու դատարկ թոկը տեսնելով՝ հարցեր չտվեց։ Երկար տարիները տատիս լռել էին սովորեցրել։

Քույրս հացի տոպրակը սեղանին դնելով՝ կուչ եկավ վառարանի կողքի փոքրիկ ներքնակին՝ փակելով ծանրացած կոպերը։ Երևի փակեց, որ աշխարհի մութը չտեսներ։ 

Եղբայրս չորեքթաթ մոտեցավ հացի տոպրակին՝ գետնին թափելով ագռավի բնի՝ իմ հավաքած ցախի կտորտանքը։

Այդ երեկո վառարանից հեռու չգնացի։ Փոքրիկ անցքից բարակ ճյուղերը ներս էի գցում՝ ավարը կրակի լեզվակներին բաժին դարձնելով։ Տան պատերին միանգամից ջերմություն նստեց։ Վառարանի վրա բլթբլթացող թեյնիկը կորցրեց շունչը։

Տունը տաք էր, հացս քրտինքով էի վաստակել։ Խիղճս սկսեց հանգստանալ։ Ասենք․․․ որ անհանգիստ լիներ ի՞նչ․․․ Ես իմ կյանքի գողությունն արդեն արել էի, ես իմ բաժին պետությունն արդեն քանդել էի։

Շոգից ամբողջովին ջուր դարձած քույրս քնից վեր թռավ։ Տատս վազելով՝ ձեռքը ճակատին դրեց։

Վառարանի կողքին նստած հարևան Աբովը հորս պատմում էր, որ Վարոն մեր կտրած ու հավաքած ցախը վաճառել է գյուղսովետի նախկին քարտուղարի կնոջը։ Վաճառել է․․․ վաճառել է, որ պետությունն ու անտառը կանաչ մնան, որ երկիրը շեն ապրի, որ․․․

Հանկարծ Աբովը, խոսքը կիսատ թողնելով, ականջը մեր կողմ բերեց։ Քույրս ինձ ու տատին իր երազն էր պատմում։

-Չգիտեմ՝ ոնց, բայց տատի ցանած ծիտրոնի մարգերը քանդվել էին,- աչքը վառարանից ծիկրակող կրակին գցելով՝ շարունակեց քույրս։ -Հավերը փուխր հողը տեսնելով՝ մեջը քուջուջ էին անում։ Ես հավերին քշեցի՝ մարգի մեջ բարդու դալար շիվեր տնկելով։

Բարդիները միանգամից մեծացան, մեծացան ու սկսեցին տարուբերել ճյուղերին նստած ագռավների բները։

Տուն մտանք։ Վառարանը չէր վառվում, բայց տունը տաք էր շատ, մենք չէինք մրսում։ Ամենուրեք տարածվել էր թարմ ու անուշ գարնանահոտը, իսկ դրսում, մեկ է,  էլի ցուրտ նոյեմբերն էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *