1․
Գիշերը փռվել էր Ախուրյան գետի աջ ափին տարածված Առափի գյուղի գլխավերևում՝ աստղազարդ գլխաշորը կապած: Խավարի մեջ ընկղմված գյուղում մի քանի տեղ վառվում էին գիշերային լամպեր: Այս ու այնտեղ մնացած ձյան վերջին պատառիկների վրա պսպղում էր աստղերից կաթկթող լույսը՝ սրթսրթալով պաղությունից: Գիշերային լամպերից մեկը էլեկտրասյունից կախված վառվում էր մի խաչմերուկում: Քամուց օրորվելով ու ճռճռալով այդ լամպը հերթով լուսավորում էր խաչմերուկի չորս կողմերը: Լամպը «վիզը» հատկապես երկարում էր խաչմերուկին կից տան կողմը՝ կարծես ուզում էր ծիկրակել լուսամուտից, որտեղ այդ ուշ ժամին դեռ վառվում էր լույսը:
Գիշերի սև թավիշի ֆոնին՝ հավկթից դուրս եկած ճուտիկի դեղնությամբ լուսավորված այդ լուսամուտից մի կին դուրս էր նայում: Նե ուղղեց ուսերին գցած շալը, բայց ոչ թե ցրտից պաշտպանվելու համար, այլ՝ խեղճությունից, անզորությունից, որից դողում էր ներա հոգին, ինչպես ձյան մեջ աստղերի սրթսրթացող լույսը, և լսելի շշնջաց․
-Խաչի վրա ենք ապրում, ոչ թե՝ խաչմերուկի:
Լուսամուտի ապակիների միջից ներս նայող ծեր, բարի կնոջ արտացոլքը, ով շատ լավ էր «ճանաչում» այդ ասողին, պոկվեց լուսամուտի ապակիներից, ետ-ետ գնաց՝ ձուլվելով խավարին, երբ Անուշը ետ եկավ լուսամուտից:
Երեք տարի առաջ էր, որ Անուշի Միսաք ամուսինը մեռավ, երբ նոր էին ամուսնացրել իրենց Վալոդ որդուն: Վալոդը հոր գերեզմանը սարքեց, շիրմաքարը դրեց՝ նկարն էլ վրան: Կողքին էլ Անուշի նկարն էր՝մենակ ծննդյան թվով: Անուշը ոտքը կախ էր գցել այս աշխարհում, որ թոռը ծնվեր, որ աչքալուսանքով գնար հանգուցյալ ամուսնու մոտ: Բայց, հակառակի պես, Լուսիկ հարսը, առաջին պտուղը վիժելուց հետո, էլ չէր հղիանում: Գյուղացիք խոսում էին, թե մոր մեղքն է աղջկա վրա ընկել: Իսկ Անուշը վստահ էր, որ նախանձում են իր հարսին, ներա գեղեցկությանը: Շատերի վզերն էին «ոլորվում», երբ անցնում էին Անուշի տան կողքով: Որդու հարսանիքի հաջորդ առավոտը, երբ Անուշը դուրս ելավ տանից, իրենց բակում տեսավ գլուխը կտրած թպրտացող ճերմակ մի աղավնի: Անուշը ջերմ ժպիտով ետ նայեց տան կողմը, ուր որդին էր ու հարսը՝ մտածելով, որ աչքին երևացած տեսիլքի իմաստն ինքը հասկացավ: Բայց երբ վերստին նե հայացքը դեպի բակը դարձրեց՝ ապշեց: Բակում, իրոք, վիզը կտրած ճերմակ մի աղավնի էր թպրտում իր արյան մեջ: Պատի վրայից հանկարծ գորշ մի կատու, քարի պես, ներս ցատկեց ու ուզեց բռնել աղավնուն: Բայց այս ու այն կողմ զարկվող աղավնին հանկարծ թափահարեց թևերը և թռավ: Անուշը «փըշտ, փըշտ» ասելով իրենց բակից քշեց գորշ կատվին: Իսկ փորձանքն Անուշը ոչ «փըշտ, փըշտ»-ով, ոչ՝ արցունքով, ոչ՝ սրբին մոմ վառելով չկարողացավ քշել: Գյուղամիջից վերադարձող Վալոդն օր օրի սկսեց փոխվել․լռակյաց դարձավ, ցրված ու անտարբեր: Անուշը հասկանում էր, որ Լուսիկի չբերության շշուկներն են Վալոդին այդպիսին դարձրել: Մի օր էլ Վալոդը գյուղամիջից տուն եկավ ու ասաց, որ Ռուսաստան է գնալու:
Այս մտորումներն էին, որ խլել էին Անուշի քունը: Լուսամուտից հեռացած Անուշը վերստին վերադարձավ լուսամուտի մոտ: Խաչմերուկում կախված լամպի անկանոն շարժումները մի պահ գրավեցին ներա ուշադրությունը: Անուշը, ըստ քամու փչելու ուղղության, մտքով սկսեց «լուսավորել» ճանապարհի շարունակությունը: Իրենց տան կողքով ճանապարհը գնում էր մինչև գյուղից դուրս էր գալիս ու հասնում էր գյուղի մրգատու այգիներին: Իսկ երբ քամին լամպն իրենցից հակառակ կողմն էր տանում՝ Անուշը մտքով անցնում էր խանութի կողքով, հասնում գյուղամեջ, ուր գյուղսովետի շենքն էր, ակումբը, քաղաքից եկող ավտոբուսի վերջին կանգառը, հետո ձիթհանքը, դպրոցը, հետո գյուղավերջում Նիկոլի թվին կառուցված երկաթակոպ կամուրջն էր Ախուրյան գետի վրա, հետո ճամփան թեքվում հասնում էր քաղաք, հետո՝ մինչև աշխարհի չորս կողմերը: Երբ էլեկտրասյունից կախված լամպը, քամուց քշված, փոխեց ուղղությունը, Անուշը մտքով գնաց մինչև կալը, ուր ամռանը կանանցով աշխատում էին մինչև լույս՝ քունը երգերով քշելով․
Կարմիր խնձոր եմ կծել,
Իմ յարը միտս եմ գցել․
Եսօր երկօր չեմ տեսել,
Կրակը սիրտս եմ լցել:
Կալից եկող երգը, երբ քիչ-քիչ մարեց Անուշի հիշողության մեջ, նե վերստին ուշադրություն դարձրեց էլեկտրասյունից կախված ճոճվող լամպին, որ այդ պահին լուսավորում էր կալին հակառակ: Անուշը մտքով անցավ դարբնոցի դիմացով, հասավ սղոցարանին, որը մեծամասամբ փակ էր լինում, հետո հասավ հենց իրենց տնամերձ հողամասի դիմացը գտնվող Սարոյի ջաղացին: Սարոյի ջաղացի մոտ վերջանում էր Անուշի հողամասը և սկսվում էր հարևան Հակոբի հողամասը, որի հողակտորի ծայրից ճամփան թեքվում ու սկսում էր բարձրանալ դարն ի վեր, որի պռնկին՝ բարձունքում, գյուղի սուրբն էր:
Լուսամուտի մոտ կանգնած Անուշի շնչառությունը սկսեց արագանալ՝ ասես ոչ թե մտքով, այլ քայլելով էր մինչև սուրբը դարը բարձրացել: Նե մտքի մեջ սկսեց ջերմեռանդորեն աղոթել՝ ասես իր ջանքից էր կախված խնդրանքի կատարվելը: Բայց երբ Անուշի աչքը նորից ընկավ լուսավորված խաչմերուկին՝ վերստին խոժոռվեց, քիչ առաջվա տագնապն ու վախը նորից լցվեցին հոգին և ասաց․
-Անիծյալ լինես:
Անուշը ծանրացած սրտով մոտեցավ երկաթե գլխով իր մահճակալին, վերցրեց ուսերին գցած շալը, դրեց մահճակալի կողքին դրված աթոռի թիկնակին: Հետո բարձրացրեց շրջազգեստի փեշը, ծնկների արանքը հրեց հագի գիշերանոցը, և երկու ձեռքերով բռնելով շրջազգեստի փեշերից, շրջազգեստը քաշեց-հանեց գլխի վրայով: Շրջազգեստն էլ խնամքով ծալեց-դրեց աթոռի թիկնակին՝ շալի վրա: Մարեց սեղանին դրված լամպը: Ետ տարավ վերմակը, նստեց մահճակալին, իրար միացրեց հողի հետ կռիվ տվող ձեռքերն ու սկսեց աղոթել՝ չգիտես հողի՞ն, թե՞՝ Աստծուն:
Շնորհակալ եմ,
Որ այսօր էլ տվեցիր մեզ հաց,
Չթողեցիր քաղցած:
Հետո պառկեց ու վրան ծածկեց վերմակով: Մահճակալի երկաթե ցանցը ճռռալով ներքև իջավ Անուշի ծանրությունից՝ ասես մահճակալը «կուլ տվեց» ներան: Բայց մի ժամ էլ չէր անցել, երբ Անուշը դուրս ելավ մահճակալի «որովայնից»: Առանց լամպը վառելու նե հագավ շրջազգեստը, ուսերին գցեց շալը և գնաց վերստին կանգնեց լուսամուտի մոտ: Գիշերն արդեն արձակել էր իր աստղազարդ գլխաշորը: Լուսամուտից ներս նայող ծեր, բարի կինն այլևս չէր երևում: Դրսում արդեն թույլ գծագրվում էին պատկերները:
Պատի այն կողմից Անուշը քչփչոց լսեց: Հարսը, հավանաբար, ճամփորդության պատրաստություն էր տեսնում: Անուշը կռթնեց լուսամուտագոգին, որ չընկնի, քանզի ոտքերը սկսեցին դողալ:
-Այ անխելք, էս մութնուլույսին փոխանակ մարդուդ ծոցը լինես, ծոցովդ նրա ոտքերը կապես, ելել ճամփի պատրաստությո՞ւն ես տեսնում,- արցունքի հետ Անուշի ծանրացած հոգուց հոսեց հարսին ուղղված կշտամբանքը:
Մի պահ Անուշի մտքով անցավ, որ լավ կլիներ հարսը խելոք ու բարի չլիներ, ոտքը զարկեր գետնին, արգելեր Վալոդին Ռուսաստան գնալ, սպառնար, որ կբաժանվի, որ․․․Էլ բան չկարողացավ հորինել Անուշը: Ավելի ճիշտ՝ սարսափեց իր խոհերից: Եվ մտքով հևիհև բարձրացավ սուրբը, մեղանչեց ու ետ եկավ: Լուսիկը գյուղի աղջիկներից իր ընտրածն էր: Այդ աղջիկը մտել էր հոգին: Ներա մեջ ճիշտ իրեն էր տեսնում: Անուշը չէր կարող թույլ տալ, որ նե տառապի: Անուշը, որոշելով անելիքը, դուրս ելավ իր սենյակից:
Նե ուսերին գցած շալը կապեց բկի տակ, դուրս գնաց, մի գիրկ ջարդած փայտ ու նավթոտած աթարի մի կտոր բերեց, և վառեց վառարանը: Սենյակը լցված ծուխը քաշվելու համար Անուշը բաց թողեց դրսի դուռը՝ մինչև թեյնիկով ջուր կբերեր ու կդներ վառարանի վրա: Փայտի այրվելու ճթճթոցի հետ տունը սկսեց տաքանալ:
Քիչ անց դուռը բացվեց և իր ննջարանից դուրս եկավ Վալոդը՝ ուսերն իրար վրա բերած ու մի քիչ էլ կորացած, որ պաշտպանվի ցրտից: «Բա՞ մարդ էլ կնկա ծոցից ելնելիս մրսած տեսք կունենա,- մտածեց Անուշը՝ նայելով Վալոդին:- Հերդ իմ ծոծից հետո ձմռանը պաղ ձյունով էր լվացվում, որ հովանա,- մտքի մեջ որդուն խոստովանեց Անուշը»:
-Էս ինչ լավ տաք է,- ասաց Վալոդը՝ ուսերը ետ տալով ու մեջքն ուղղելով:
Սովորաբար Անուշը կպատասխաներ, թե փայտի տաքությունն ուրիշ է, բայց հիշելով, թե ինչ մարտավարություն էր ընտրել՝ ասաց:
-Տան տաքությունն ուրիշ է:
-Թե՞յ ենք խմելու,- հարցրեց Վալոդը՝ վառարանի վրայի թեյնիկն ակնարկելով:
-Հա,- ասաց Անուշը,- քո սիրած սպիտակ բալի մուրաբայով՝ ընկույզն էլ մեջը:
Վալոդը մորն առավ իր ժպտացող հայացքի մեջ: Այդպես ոսկին է ադամանդն իր մեջ առնում, երբ զարդ են պատրաստում: Անուշը զգաց որդու սէրը և հավատաց, որ իրեն կհաջողվի նրան ետ պահել Ռուսաստան գնալու մտքից: Թեև հոգու գաղտնաթաքույց խորքում վախը դեռ թաքնված էր:
Անուշը սեղանին թեյի բաժակներ դրեց, սպիտակ բալի մուրաբա ու խոշոր կտորներով շաքար:
-Լուսիկն ի՞նչ է անում,- հարցրեց Անուշը,- ասա թող գա:
-Լուսիկ,- կանչեց Վալոդը` նստելով սեղանի մոտ դրված աթոռին:
Կամաց բացվեց ննջասենյակի դուռը և երևաց Լուսիկը: Այդպես ամպի տակից դուրս է գալիս լուսինը: Այդպես ծաղկում է ծաղիկը: Այդպես սրտի մեջ ծնվում է սէրը: Լուռ ու գեղեցիկ:
Անուշը թեյ լցրեց երեքի համար էլ, և նրանք սկսեցին թեյ խմել: Վալոդն ուտում էր սպիտակ բալի մուրաբան թեյի ամեն կումից հետո: Անուշը նայում էր մեկ որդուն, մեկ՝ հարսին և ժպտում էր, երբ բռնում էր նրանց հայացքը: Հանկարծ Անուշը քանդեց բկի տակ կապած ուսերին գցած շալը, դրեց ծնկներին, և Վալոդին աչք-ունքով ցույց տալով Լուսիկին, ով աչքերը կախ իր թեյն էր խմում, սկսեց երգել․
Աչքեր ունիս նռան հատ,
Կապտածաղիկ կտավատ․
Երնեկ թե մերդ բերեր
Քեզանից մի քանի հատ:
Վալոդը թողել էր մուրաբա ուտելը և մոր երգի համար սեղանին եղանակ էր զարկում՝ ընկերակցելով վառարանին դրված եռացող թեյնիկի խշշոցի հետ:
Վալոդի ոգևորությունից ոգևորված՝ Անուշը մի նոր երգ սկսեց․
Յարս իրիկուն կաշե,
Որ ինձի ծոցը քաշե․
Լուսինը ամպը մաշե,
Երկնքից մեզի կաշե․․
Որդուն ժպտալով Անուշը մի այլ երգի պոչը բռնեց․
Մեր երկիրը Մուշ ինչ անուշ տեղ է,
Մեջ քո երկու ծիծ քնելու տեղ է․․․
Վառարանն արդեն կարմրել էր: Վառարանից ավելի կարմրել էր Լուսիկը:
-Այ մեր, դու թե՞յ խմեցիր, թե՞՝ օղի,- հարցրեց Վալոդը, որ զարմացած թողել էր եղանակ նվագելը:
-Երջանկություն,- ասաց Անուշը՝ հայացքով կրծքին սեղմելով Վալոդ որդուն և Լուսիկ հարսին:
Վալոդի հայացքը հանկարծ մթնեց այդ պատասխանը լսելով: Նա հայացքը խոժոռեց և դարձավ կնոջը․
-Շորերս դրեցի՞ր:
-Դրեցի,- պատասխանեց Լուսիկը:
Անուշը հասկացավ, որ ոչ իր փիլիսոփայական պատասխանները, ոչ երգած երգերը և ոչ էլ ընկույզը մեջը սպիտակ բալի մուրաբան Վալոդին ետ չեն պահի: «Ինչ դժվար է մարդուն հասկացնելը, որ երջանկությունն ամենասովորական բաների մեջ է,- մտածեց Անուշը: – Հենց այն, ինչ քիչ առաջ եղավ, ախր դա երջանկությունն էր, որ կա»:
Վալոդը վեր կացավ, որ դուրս գնա: Անուշը փակեց նրա ճամփան:
-Ախր ո՞ւր ես գնում, այ բալա: Ի՞նչ կա էդ անտեր Ռուսաստանում: Մնա՝ կնկադ մարդություն արա: Կնիկը քաղցր խոսքից կշտացող էակ է՝ ո՞ւր ես մենակ թողնում: Որ գնում ես՝ տանդ ո՞վ պիտի տիրություն անի, հողդ ո՞վ պիտի մշակի, ցորենդ ո՞վ պիտի ալյուր աղա:
Վալոդը մորը նայեց բացակա հայացքով և, ի վերջո, ասաց․
-Իմ գնալն ուրիշ հաշիվ է:
Եվ դուրս ելավ տանից: Դրսում Վալոդը մի ծխախոտ վառեց՝ հիշելով այդ «ուրիշ հաշիվը»: ․․․Գյուղի ակումբում հավաքված տղերքը հետևում էին բրիգադիր Արտոյի ու նրա բրիգադի անդամներից մեկի խաղին:
-Տեսնես ո՞վ է էս խաղի անունը կնիկ դրել, հը՞, շեֆ – հարցրեց Արտոյի հետ խաղացողը:
-Ինչի՞ կնիկ,- չհասկացավ խաղին հետևողներից մեկը:
-Դե, դամա է, չէ՞, էս խաղի անունը: Ասել է՝ բաբա:
-Տես, է, -խոսակցությանը խառնվեց խաղին հետևող մի այլ համագյուղացի:- Երեկ՝ մեկ, էսօր՝ երկու, որ Արտոյի հետ խոպան է գնացել, արդեն ռուսերենը մեջ գցեց:
-Ա չտոժ,- պարծենցավ ռուսախոսը:
-Կնոջ մասին խոսելիս տղամարդը պետք է կանգնի ու հանի գլխարկը,- ասաց բրիգադիր Արտոն և ավելացրեց՝ աչքով անելով հավաքվածներին: – Մանավանդ ռուս կանանց հետ:
-Ճիշտ ասիր, շեֆ, այլապես չես կարող անել,- քրքջաց ռուսախոսը:
Մյուսներն էլ ծիծաղեցին՝ հասկանալով խոսքի երկիմաստությունը կանգնելու և գլխարկը հանելու մասին:
-Դո՞ւ ինչ կասես, Վալոդ,- հարցրեց ռուսախոսը:
-Էդ ինչի՞ ես հենց Վալոդին հարցնում,- հարցրեց բրիգադիր Արտոն:
-Դե, գյուղում խոսում են, շեֆ, որ պարտադիր չէ չբերությունը մենակ կնկանից ․․․
Ռուսախոսը չհասցրեց ավարտել՝ Վալոդը խաղատախտակի վրայից ճանկեց «ձին» և «թագուհին» ու շպրտեց ռուսախոսի վրա: «Թագուհին ձին հեծած սլացավ» դեպի ռուսախոսը․ձին սմբակով հարվածեց, իսկ թագուհին՝ ապտակեց: Վալոդն ու ռուսախոսը սկսեցին քաշքշել իրար:
-Էդ ապացուցելու համար հեշտ միջոց կա`Ռուսաստանը,- ասաց բրիգադիր Արտոն՝ բաժանելով կռվողներին: – Մեր բրիգադում մի տեղ կա: Հենց Ռուսաստանում էլ տղամարդկությունդ կապացուցես Վալյայի, Նատաշայի կամ Գալյայի հետ: Ու գյուղացոց բերաններն էլ կփակես:
Վալոդը լուռ, անհասցե նայում էր բրիգադիր Արտոյին:
-Ի՞նչ կասես, Վալոդ,- հարցրեց Արտոն:- Կգա՞ս:
-Կգամ,- ասաց Վալոդը:
․․․- Հա, Վալոդ ջան, տուն արի, թե չէ կմրսես էդպես բարակ հագած,- ասաց հարևան Սիրիկը:
Սթափված Վալոդը մտածեց, որ հիշողությամբ տարված «կգամ»-ն արտասանել է լսելի, իսկ Սիրիկը կարծել է, թե ինքն իրեն է պատասխանել:
Սիրիկը, ով փոքրամարմին, կարճահասակ կին էր, ներս մտնելով, երբ տեսավ Անուշի արցունքները, էլ ավելի կծկվեց, փոքրացավ հարևանի ցավից:
-Հակոբն ուրեմն ճիշտ է լսել,- ասաց Սիրիկը՝ չհարցնելով էլ, թե ինչո՞ւ է արտասվում Անուշը: -Առավոտը գնաց գոմ, որ անասուններին խոտ տա: Ձեր տանից ձայներ էր լսել: Եկավ թե, վայ թե, Անուշենց տանը խոսք- խորատա է: Ասի՝ գամ տեսնեմ ի՞նչ է եղել:
Մի քանի օր հետո բրիգադիր Արտոյի «Վոլգա»-ն կանգնեց Անուշենց տան դիմաց և տարավ Վալոդին:
2․
Ապրիլյան արևը քիչ առաջ ստվերում մնացած մի բուռ ձյուն հալեցրեց, արևկող մի տեղ հողից նոր ծլած կանաչը շոյեց, և հիմա էլ գոմի լուսամուտի կեղտոտ ապակուց ներս էր ծիկրակում, ուր փոքր տաբուրետի վրա նստած Սիրիկը կովն էր կթում, իսկ Հակոբը ցլիկի համար խոտ էր լցնում մսուրը:
-Վալոդից լուր կա՞,- հարցրեց Հակոբը:
-Երեկ փոստատար Պարգևը նամակ բերեց,- ասաց Սիրիկը: -Սովորաբար հեռվից եկած լուրը պարգևի պես բան պետք է լինի, բայց էդ հեչ պարգև չէր խեղճ Անուշի համար:
-Ինչի՞:
-Խեղճ կինը հավատում էր, որ Վալոդը կիսաճամփին կփոշմանի ու ետ կգա: Բայց նամակում գրված էր, որ հաջող տեղ են հասել:
-Հա, թե ճամփից ետ չի դարձել, էլ չի էլ գա:
-Էդ ինչի՞:
-Ճերմակ, հյուրնկալ երկիր է,- քաչալը սղալեց Հակոբը՝ երկիմաստ նայելով Սիրիկին:
-Թերմաշ,- խոժոռ նայելով ատամների տակից նետեց Սիրիկը՝ հասկանալով, թե Հակոբն ինչ ի նկատի ուներ:
-Լցվել է,- ցլիկի գավակը շոյելով շտապեց ասել Հակոբը, որ շեղի Սիրիկի զայրույթը, որը, սովորաբար, սկսվում էր ներա սիրած «թերմաշ» բառով:- Մինչև Մերուժիս հարսնիքը մի հարյուր կիլո միս կտա:
Սիրիկը, որ պատրաստվել էր կրակ վառել Հակոբի գլխին նրա «ճերմակ, հյուրնկալ» երկրի համար, իսկույն մոռացավ այդ, տրվեց Մերուժի մասին խոհերին և ասաց․
-Աղի մի կոշտ դիր ցլիկի դեմը: Աղ կերած անասունի միսը համով է:
Հակոբը, քթի տակ ժպտալով, գնաց մի կոշտ աղ բերեց, բայց ոտքը կախ գցեց ու դարձավ կնոջը՝ հարցնելով․
-Ասում եմ՝ կարո՞ղ է Մերուժը էլ ետ չգա քաղաքից:
-Էդ ի՞նչ ես ասում, այ մարդ,- զարմացավ Սիրիկը՝ դադարեցնելով կիթը: -Ինչի՞ պիտի չգա:
-Դե, եսիմ, քաղաք է, էլի: Լիքը զիզի-բիզի բաներ կան:
-Չէ, Մերուժս կգա:
-Էդ ինչի՞ ես էդպես վստահ:
-Երկու օր առաջ մի տուփ սուրճ ու մի շոկոլադ վերցրած գնացի Ռիմայի մոտ: Ասաց, Մերուժդ ուսումը պրծնի, ետ կգա:
-Մոր գերեզմանով երդում կերա՞վ,- քթի տակ խնդմնդաց Հակոբը:
Ռիման երեսունն անց ամուսնացած- բաժանված լեզվանի մի կին էր: Ներա դժբախտությանը համագյուղացիները «գիտական» բացատրություն ունեին: Ասում էին, որ Ռիմայի սրտից դեպի մատանու մատը գնացող ամուսնական նյարդը, վայ թե, կտրված է եղել: Իսկ երբ Ռիման սկսեց սուրճի բաժակով գուշակություններ անել՝ գյուղացիները վերանայեցին իրենց «գիտական» բացատրությունը․ սրտից դեպի մատանու մատ գնացող նյարդը շեղել է ճամփան ու դեպի Ռիմայի լեզուն է գնացել: Իր գուշակություններին հավատացողների միջոցով Ռիման սկսեց տեղեկանալ գյուղում կատարվող անց ու դարձից, և իր ուղիղ, երկար քիթը սկսեց խոթել գյուղացիների անձնական հարցերի մեջ: Գյուղացիները սկսեցին դժգոհել, որ Ռիմայի «ամուսնական» նյարդը ոչ միայն դեպի լեզուն է գնացել, այլև ճյուղավորվել է ու նաև դեպի քիթն էլ է գնացել: «Դե, դե,- աջ ու ձախ սպառնում էր Ռիման,- լեզուներդ ձեզ քաշեք, թե չէ եղբորս կասեմ: Եղբայրս էս գյուղի օրենքն է, ուժն էլ, հրեն, կողքից կախած է»: Ռիմայի եղբայրը միլիցիոներ սերժանտ Սաշիկն էր, ով կողքից կախած ատրճանակ ուներ: Մեկ-երկու անգամ սերժանտ Սաշիկը, մի աչքը խոսողին, իսկ մյուս շիլ աչքն ամբողջ գյուղին հառած, զսպել էր համագյուղացիներին՝ ոչ, իհարկե, ատրճանակով: Իսկ երբ սխալ գուշակությունները շատացան՝ սերժանտ Սաշիկի ատրճանակն էլ չօգնել: Այդժամ Ռիման սկսեց իր մոր գերեզմանով երդվել, որ ասածները ճիշտ են: Գյուղում այդ երդումներն անեկդոտի պես բան դարձավ․«Ռիմայի մոր գերեզման»՝ կատակում էին գյուղացիները: Սերժանտ Սաշիկը քրոջը հորդորեց ամեն հա ու չէի համար չերդվել, թե չէ մի փորձանք կբերի իրենց մոր գերեզմանին:
-Իզուր տեղն էլ ծիծաղում ես Ռիմայի գուշակությունների վրա,- ասաց Սիրիկը:- Ինձ ի՞նչ մյուսներն ինչեր են խոսում: Գուշակել է, որ Մերուժս գալու է, և ես հավատում եմ ներան:
Հակոբը մտածեց, իրոք, կարևորը Մերուժի գալն է: Եվ դեռևս ձեռքին մնացած աղի կոշտը դրեց ցլիկի մսուրը՝ մտածելով, թե ինչ հարսանիք կանի, ինչ հարսանիք․․․ Հանկարծ մտքի մեջ պատկերացած հարսանիքը «խափանվեց»:
-Հիմի՞ ինչ եղավ, այ մարդ,- հարցրեց Սիրիկը, երբ կիթն ավարտելով նկատեց քարացած Հակոբին:
-Բա ո՞ւմ ենք ուզելու Մերուժին,- հարցրեց Հակոբը:
Սիրիկը ժպտաց, մշտական գլխացավերից կկոցված աչքերը փայլեցին:
-Ես մտքիս մեջ ընտրած մեկին ունեմ,- ասաց: -Գեղամի Արուսին ի՞նչ կասես:
-Հա, Վարդը լավ կնիկ է,- ասաց Հակոբը՝ մտքով տնտղելով Գեղամի կնոջ բարեմասնությունները:
-Այ թերմաշ,- աչքերը կիսախուփ արեց Սիրիկը, բայց Հակոբը շտապեց գլխին թափվող զայրույթի դեմն առնել:
– Ասի՝ մորը կքաշի, էլի,- արդարացավ Հակոբը:
Նրանք դուրս ելան գոմից: Գոմի դիմաց փոքրիկ մի հրապարակ կար, որտեղ երկար գռով մի աղբյուր էր, ուր իրենց անասուններն էին ջրում շրջակայքի ապրողները: Սայլապան Վանուշն իր ծերացած Շեկոյին էր ջրի բերել: Բարևելուց հետո նա ասաց, որ դարբնոց է տանում ձիուն, որ դարբինը ձիու մաշված պայտերը փոխի: Երբ ձին ջուր խմելն ավարտեց՝ Վանուշը ձիու վիզը գցած պարանը քաշելով գնաց: Երբ Հակոբն ու Սիրիկն էլ իրենց բակը հասան՝ Սիրիկը տեսավ Անուշենց տան կողմը ծիկրակող Վանուշին, ով Սիրիկին նկատելով արագացրեց քայլերը: Սիրիկը նկատեց և ջաղացի դռանը կանգնած Սարոյին: Սարոյի մազերը միշտ ալրոտ էին: Ոչ մեկն էլ չիմացավ, թե ե՞րբ ճերմակեցին Սարոյի մազերը, կամ՝ ճերմակեցի՞ ն արդյոք: Սակայն բոլորն էլ հարգանքով էին վերաբերվում Սարոյին՝ մանավանդ, երբ նրան սարքած փայտե իրերը սկսեցին ցուցադրվել քաղաքի թանգարանում: Սարոն կանգնած նայում էր Անուշենց խնձորենուն, որի բունը մարդու հասակի չափ էր: Գյուղի հրաշալիքներից մեկն էր այդ խնձորենին, երբ ծաղկում էր: Սիրիկը կանգնել մտքով տատանվում էր: Հակոբի ասածները և Վանուշի հայացքը հիշելով՝ ուզում էր տղամարդկանց քոքը չորանա, բայց գալով Սարոյին՝ երկմտում էր․ խնձորենուն նայելիս Սարոն փա՞յտ էր տեսնում, թե՞ ծաղկած խնձորենին համեմատում էր ինչ-որ մեկի հետ:
Ի վերջո մի միջանկյալ որոշման հանգելով, որ տղամարդիկ բարի պտուղ չեն, Սիրիկը տուն մտավ: Մինչ թանզիվով Սիրիկը քամեց կթած կաթը, ներա բաժին «ոչ բարի պտուղ» Հակոբն արդեն երկու սուրճ էր եփել:
… Տարիներ առաջ, երբ սուրճը տարածված չէր, Հակոբն ու Սիրիկն ամեն օր թեյ էին խմում: Սիրիկը մշտական գլխացավ ուներ և հավատում էր, որ թունդ թեյը մեղմում է իր գլխացավը: Իսկ Հակոբը սիրում էր ոչ թունդ «կծովի» թեյը: Նա ունելիով կտրում էր շաքարը, մի կտոր գցում էր բերանը, բաժակից մի քիչ թեյ էր լցնում փոքրիկ ափսեի մեջ և ֆրթացնելով խմում էր: Այդպես էր՝ մինչև Մերուժը գյուղ չբերեց մի փաթեթ սև հատիկներ և երկաթե պոչավոր մի աղաց: Ու պատմեց, թե ինչպես ամեն անգամ, երբ գնացել է պրոֆեսորի տուն իր դիպլոմային աշխատանքի համար, պրոֆեսորը ձայնել է կնոջը, որ մի բաժակ սուրճ բերի: Հաճելի բույրով ինչ-որ խմիչք է եղել՝ փոքր բաժակով: Մի օր էլ պրոֆոսորը երկու բաժակ է սուրճն ուզել և մեկն իրեն է տվել: Ի հակադրություն հաճելի բույրին՝ խմիչքը դառնահամ է եղել, որն ինքը զզվանքով է խմել: Մյուս այցին չի ուզեցել գնալ, քանի որ ստիպված պետք է լիներ նորից խմել սուրճ կոչված այդ զզվելի խմիչքը: Բայց գնացել է՝ չվտանգելու համար դիպլոմայինը: Սակայն այդ անգամ իրեն այդքան զզվելի չի թվացել սուրճը: Իսկ որոշ ժամանակ հետո զգացել է, որ մորից ժառանգած գլխացավը թեթևանում է սուրճ խմելիս: Մի օր էլ, երբ պրոֆեսորն ուշացնում է կնոջից սուրճ ուզելը, ինքը համարձակություն է հավաքում և ասում, թե սուրճը նպաստել է իր գլխացավի մեղմացմանը: Պրոֆեսորն ասել է, որ սուրճը գլխացավին լավ է: Դրանից հետո Մերուժը սուրճը որպես դեղ բերել է մոր համար: Սկզբում Սիրիկը թերհավատ էր: Բայց քանի որ պրոֆեսորն էր ասել և բերողն էլ իր Մերուժն էր՝ սկսեց խմել: Հակոբը դեռ իր թեյն էր ֆրթացնում: Մի օր էլ,երբ խանութ էր գնացել իրեն ծխախոտ առնելու, խանութում տեսավ Սիրիկի համար Մերուժի բերած դեղի հատիկներից, մենակ թե դրանք կանաչ գույնի էին:
-Սրանք ի՞նչ են,- հարցրեց Հակոբը:
-Ես էլ չգիտեմ,- ասաց խանութպան Ռազը: -Խանութի պահեստում մի մեծ պարկ կա՝ դեռ ինձանից առաջ եղած խանութպանից է մնացել: Անտերը հատիկավոր լոբու է նման: Մտածեցի՝ արտասահմանյան լոբի կլինի, տարա տուն, որ եփենք: Ինչքան եփինք-եփինք՝ չեփվեց: Էլի ետ խանութ բերի: Հրեն, ապրանքների հետ առանց գնի դրել եմ՝ կարող է մեկի խելքը հասնի, գիտենա ինչ է, տամ իրեն: Իսկ մինչ այդ մեկ-մեկ սրանց եմ տալիս,- ասաց խանութպան Ռազը՝ ցույց տալով խանութի պատի տակ կանգնողներին:- Ասում են՝ կայֆ է տալիս:
-Մեր Սիրիկի գլխացավի դեղին է նման,- ասաց Հակոբը,- մենակ թե սև չէ:
-Հակոբ ջան, էդ պարկը բերեմ, տար թող Սիրիկդ որպես գլխացավի դեղ օգտագործի,- առաջարկեց խանութպան Ռազը:- Համ էլ պահեստում տեղ կազատվի:
-Ախր կանաչ է,- առարկեց Հակոբը: – Սիրիկի դեղը սև է:
-Այ Հակոբ, կարող է ամեն գույն տարբեր դոզայի է:
-Չէ, Արտո ջան,- հրաժարվեց Հակոբը: -Համ էլ մեջքս ցավում է:
-Էդ՝ հեչ,- վճռեց Արտոն՝ ցույց տալով խանութի դռանը կանգնողներին: – Սրանց կասեմ՝ կբերեն: Վերջում մի բուռ էդ անտերից կտաս դրանց:
Եվ երբ Մերուժից իմացան, որ դա կանաչ գույնի սուրճ է, ոչ թե՝ լոբի, և դա տարածվեց գյուղում խանութպան Ռազին գյուղացիները կոչեցին Լոբի Ռազ:
Իսկ երբ սուրճ խմելը քիչ-քիչ տարածվեց՝ արդեն Հակոբն էլ էր թեյի փոխարեն սուրճ խմում: Միայն թե թեյի ֆրթացնելով խմելը տարածվեց և սուրճի վրա: Եվ այժմ էլ սուրճի հերթական կումը ֆրթացնելով ասաց․
-Էդ Գեղամը բացսիրտ, մաքուր ձեռք մարդ չէ: Բա ո՞ր աղջիկը հորը քաշած լինի:
-Վայ, Մերուժիս հոգին կուտի: Չէ, չէ, չէ․․․
Սիրիկն, ասես, ոչ թե «չէ»-երն էր կրկնում, այլ՝ բաժանման պատ էր շարում Գեղամի և իրենց խնամիության արանքում:
-Թե ինձ հարցնես՝ Կորյունի Աննան ավելի լավն է,- ասաց Հակոբը՝ հաղթական ֆրթոցով ավարտելով սուրճ խմելը: -Համ էլ՝ Կորյունի հետ լավ եմ՝ չի մերժի, թե խնամախոս գնամ:
Եվ իրենց ոգևորության մեջ չնկատեցին էլ, թե ինչպես մթնեց, և լուսինը ծիկրակեց լուսամուտից՝ հետևելով «խնամախոսությամբ» տարված Հակոբին ու Սիրիկին, ինչպես որ առավոտյան գոմի լուսամուտից ծիկրակելով նրանց հետևել էր արևը:
3․
Անուշենց բակում սկսել էին քարեր հայտնվել: Այն տպավորությունն էր, թե թաղի տղեկները դիտավորյալ են քարերը նետել: Բայց ոչ Անուշը, ոչ էլ Լուսիկը ոչ մեկին չէին տեսել իրենց բակը քարեր նետելիս: Վալոդից նամակ չկար, բայց փոստատար Պարգևն ամեն օր հարկ էր համարում գալ և ասել այդ մասին: Պարգևի ամեն գալուց հետո Լուսիկի տրամադրությունն ընկնում էր: Նման պահերին Անուշը հարսին շոկոլադ էր տալիս ուտելու: Բայց և հասկանում էր, որ ոչ մի շոկոլադ էլ ամուսնու ասած քաղցր բառերից քաղցր չէր կարող լինել: Անուշը գիտեր, որ կինը կշտանում է քաղցր բառերից: Ժամանակին, երբ ամուսինն իրեն քաղցր բառեր էր ասում, հաց ուտելն անգամ չէր գալիս: Վալոդի չասված քաղցր բառերի բացն Անուշը փորձում էր շոկոլադով լուծել: Այս անգամ էլ ուզեցավ շոկոլադ տալ հարսին, բայց կոմոդի դարակը դատարկ էր, և Անուշը խանութ գնաց շոկոլադ գնելու:
-Բարև, Անուշ մայրիկ, – բարևեցին խանութի պատի տակ կանգնած երկուսը:
-Բարև,- պատասխանեց Անուշն ու մտավ խանութ:
Այդ երկուսը խանութի «պատվո պահակներն» էին: Համարյա միշտ խմած էին լինում, բայց խանութ գալողների հետ միշտ սիրալիր էին, քանի որ նրանցից ակնկալիք ունեին: Եվ ամեն մեկը մի բան տալիս էր նրանց: Անուշն էլ իր առևտրից միշտ նրանց մի քանի շոկոլադ էր տալիս: Այս անգամ էլ, երբ նրանց մի քանի շոկոլադ տվեց, նրանցից մեկն ասաց՝ Անուշի ցանց-պայուսակի մեջ նկատելով սուրճի տուփը:
-Հո՞ չես որոշել Ռիմայի մոտ գնաս, Անուշ մայրիկ:
-Դե, ասի Վալոդիցս նամակն ուշանում է,- արդարանալու պես պատասխանեց Անուշը: -Համ էլ՝ Սաշիկին ասեմ գա պարզի, թե ո՞վ է մեր բակը քարեր շպրտում:
-Մենք միշտ էստեղ կանգնած ենք,- ասաց երկրորդը,- շուտ-շուտ էլ ձեր տան կողմն ենք նայում, բայց չենք տեսել, որ մեկը ձեր բակը քար նետի:
-Թող Սաշիկը պարզի,- ասաց Անուշը:
-Շատ ճիշտ ես որոշել, Անուշ մայրիկ,- կրկին խոսեց առաջինը: -Իսկ, այ, Ռիմայի մոտ գնալդ պիտի հետաձգես: Ռիմայի հետ փորձանք է պատահել՝ տրամադրություն չունի սուրճի բաժակ նայելու:
-Ի՞նչ փորձանք,- հետաքրքրվեց Անուշը:
-Անհետացել է Ռիմայի մոր գերեզմանը,- վրա բերեցին երկուսով:
-Մեղա քեզ Աստված,-խաչակնքեց Անուշը: -Էդ ինչպե՞ս:
-Չգիտենք, Անուշ մայրիկ: Գնացել է գերեզման՝ մոր գերեզմանը չի եղել: Կողքի գերեզմանները եղել են, մորը՝ չի եղել:
-Արդեն խմե՞լ եք,- նրանց չհավատաց Անուշը:
-Չե՞ս հավատում,- ասաց առաջինը և ցույց տվեց սրբի դարը տանող ճանապարհը,- այ, նայիր:
Սրբի դարն ի վեր մի կին էր բարձրանում:
-Էդ ո՞ վ է,- հարցրեց Անուշը:
-Ռիման է,- ասաց երկրորդը: – Իրեն մեղավոր է զգում, որ ամեն չնչին բանի համար մոր գերեզմանով էր երդվում, ինչի համար էլ գերեզմանն անհետացել է: Գնում է սրբից խնդրելու, որ մոր գերեզմանը ետ բերի:
Անուշը, որ մինչ այդ այդ երկուսի ասածները կատակ էր ընդունել, հանկարծ հավատաց, երբ տեսավ դարն ի վեր ելնողին: Ակամայից նե ցանց-պայուսակից հանեց սուրճի տուփը և մեկնեց այն երկուսին: Աչքը սրբի դարը ելնողին հառած՝ Անուշը տուն եկավ: Ներա գլխում չէր տեղավորվում, թե գերեզմանն ինչպե՞ ս կարող է անհետանալ: Իր և Հակոբենց տունը փակեցին տեսադաշտը: Անուշն իրենց բոստանը մտավ, որ աչքից չկորցնի սրբի դարը ելնողին: Բայց չէր հասկանում, թե՝ ինչո՞ւ: Արևից տաքացած հողը փափկել էր, և Անուշի ոտքերը խրվում էին հողի մեջ: Ոտքերը հողի մեջ խրվելո՞ւց, թե՞՝ խոհերի ծանրությունից, հանկարծ Անուշը ծնկեց: «Աստված իմ»՝ դուրս թռավ ներա բերանից: Հանկարծ գիտակցությանն էր հասել՝ կարո՞ ղ է իր ամուսնու գերեզմանն էլ անհետացած լինի: Մտքում հաստատ որոշեց, որ գնա ստուգի: Բնից դուրս եկած շունը, որ մինչ այդ պոչն էր թափ տալիս, սկսեց հաչել:
-Քեզ ի՞նչ եղավ, Անուշ ջան,- ծնկած Անուշին տեսնելով՝ վազելով եկավ Սիրիկը: -Վալոդը կգա, հո էդ անտեր Ռուսաստանները չի մնա:
Անուշը գլուխն էր օրորում:
-Չի՞ գա, նամա՞կ ես ստացել,- Սիրիկը ծնկեց Անուշի դիմաց:
-Վալոդը չէ,- ի վերջո խոսեց Անուշը:- Ասում եմ՝ կարո՞ղ է Միսաքի գերեզմանն էլ է անհետացել:
-Ինչի գերեզմանն անհայտանո՞ւմ է,- զարմացավ Սիրիկը:
-Բա չե՞ս լսել, որ Ռիմայի մոր գերեզմանն անհայտացել է,- ասաց Անուշը: -Հրեն,- մատը տնկեց դեպի սուրբը,- սուրբն է գնում:
Դարն ի վեր բարձրացողն արդեն հասնում էր սրբին:
-Ինչի՞,- հարցրեց Սիրիկը:
-Ասում են՝ իրեն մեղավոր է զգում մոր գերեզմանի անհայտանալու համար,- լսածը կրկնեց Անուշը՝ ավելացնելով:- Գնամ, ես էլ գնամ Միսաքի գերեզմանը ստուգեմ:
Անուշը դժվարացավ բարձրանալ: Նիհար ու փոքրամարմին Սիրիկը ոտքի ելավ և օգնեց, որ Անուշն էլ բարձրանա:
-Ես էլ կգամ,- հայտարարեց Սիրիկը: -Հորն ու մորս գերեզմանին երկար ժամանակ է չեմ գնացել:
Եվ Սիրիկը գնաց, որ շորը փոխի, տանն ունեցած խունկն էլ թերթի մեջ փաթաթի ու ետ գա: Անուշն էլ ուզում էր տուն մտնել, երբ իրենց դարբասը բացվեց ու ներս մտավ միլիցիոներ սերժանտ Սաշիկը: Բարևելուց ետ սերժանտ Սաշիկն ասաց, որ եկել էր սուրբը գնալու համար, քանի որ իր Ռիմա քույրը շփոթել է իրենց մոր գերեզմանի տեղը և գնացել է խնդրելու, որ սուրբը ետ բերի գերեզմանը: Իսկ գերեզմանն իր տեղում է: Պարզապես իրենց գերեզմանի մի կողքին իրենց բարեկամներ Թաթոսի, իսկ մյուս կողքին՝ Բագրատի գերեզմաններն են: Իսկ քույրը շփոթվել է, երբ տեսել է Թաթոսի ու Բագրատի գերեզմանները, իսկ դրանց արանքում չի եղել մեր մոր գերեզմանը: Չի եղել, որովհետև քույրը համագյուղացի Թաթոսի և Բագրատի գերեզմանները շփոթել է մեր ազգակից Թաթոսի ու Բագրատի գերեզմանների հետ:
Անուշը թեթևացած շունչ քաշեց, քանի որ համոզվեց, որ գերեզմանները չեն չքանում: «Որեմն Միսաքի գերեզմանն էլ տեղը կլինի»՝ Անուշի սիրտը տեղն ընկավ: Եվ սերժանտ Սաշիկին ասաց, որ ինքը տեսավ, թե ինչպես Ռիման բարձրացավ սուրբը: Սերժանտ Սաշիկն ասաց, որ ինքն եկել է քրոջ ետևից, իսկ երբ խանութից ծխախոտ է գնել, խանութի պատի տակ կանգնածներից իմացել է, թե Անուշն ուզեցել է իրեն տեսնել և, ահա, եկել է:
Անուշը երկու բառով ներկայացրեց եղելությունը, իսկ սերժանտ Սաշիկը խոստացավ խոսել թաղի բոլոր տղեկների հետ: Այդ պահին տանից դուրս եկավ Լուսիկը, ամոթխած բարևեց Սաշիկին և մտավ բոստան: Լուսիկի ետևից Սաշիկի վավաշոտ հայացքը գնաց ու կպավ ծաղկող խնձորենուն:
-Էս ինչ լավն է,- բացականչեց Սաշիկը:
-Ի՞նչը,- մի տեսակ կասկածող զարմանքով հարցրեց Անուշը:
-Խնձորենին,- ասաց Սաշիկը:
-Հա, սկսել է ծաղկել,- միամիտ-միամիտ ասաց Անուշը:
-Ախր խնամել է պետք, ափսոս է: Ժամանակն է ծառի բուկը փխրեցնել, բունը սպիտակեցնել, որ մժեղները չելնեն տերևների վրա ձվադրեն,- ասաց Սաշիկը:- Բա ես էսպիսի խնձորենի ունենայի՝ անտե՞ր կթողնեի:
-Չգիտեի, որ էդքան ծառասեր ես,- ասաց Անուշը:
– Մինչև Ռիմայի սրբից իջնելը մի բահ տուր խնձորենու բուկը փխրեցնեմ,- առաջարկեց Սաշիկը՝ առաջանալով դեպի բոստանը:
-Չէ, Սաշիկ ջան, էդ Վալոդիս գործն է,- ասաց Անուշը:- Դու քարերով զբաղվիր:
-Բայց ես ամբողջ սրտով եմ ասում,- ասաց Սաշիկը:
-Շնորհակալ եմ,- ասաց Անուշը՝ տեսնելով եկող Սիրիկին:- Համ էլ՝ ես ու Սիրիկը գերեզմանոց պիտի գնանք:
«Էդ պառավը կարո՞ղ է բան գլխի ընկավ»՝ ծխախոտ վառելով մտածեց սերժանտ Սաշիկը՝ դարն ի վար եկող քրոջը սպասելով:
Գերեզմանոցից ետ գալով Անուշն իրենց բակում մի քար տեսավ: Դա բավական մեծ էր, թե երեխաները կարողանային պարսպի վրայով ներս գցել:
4․
Հակոբի և Սիրիկի «խնամախոսությունն» այդ գիշեր ձախողվեց, երբ Հակոբն ասաց, որ անասուններին գոմի դիմացի աղբյուրը ջրի տանելիս ցլիկն իր ձեռքից քաշել-պոկել է պարանը ու թռնել է կովի վրա:
-Թերմաշ,-շշպռեց Սիրիկը,- էդ ի՞նչ կա մտքիդ:
Հակոբը փնթփնթաց, որ իր խոսքի մեջ երկիմաստություն իզուր տեսավ Սիրիկը: Ինքն ուղղակի ուզում էր ասել, որ ցլիկին զսպել էլ չի կարողանում, որ ուզում է ցլիկի վիզը շղթա գցել ու գոմում ջրել: Բայց Սիրիկը չպատասխանեց:
Հակոբն իր ուժի պակասելն առաջին անգամ զգաց, երբ քթոցով խոտն էլ չկարողացավ գոմ տանել: Դատարկ քթոցը դրեց գոմի մի անկյունում, գրկով խոտը կրեց-լցրեց քթոցի մեջ, իսկ քթոցից նոր արդեն կերակրեց անասուններին: Պակասած ուժի պատճառով էր, որ չպնդեց, թե կարող է փխրեցնել Անուշենց խնձորենու բուկը, երբ Սիրիկն ասաց, թե միլիցիա Սաշիկն է ուզեցել դա անել: Անուշը Հակոբին էլ նույն պատասխանը տվեց, որ դա իր Վալոդի գործն է: Անուշը հավատում էր, որ Վալոդը ետ կգա: Եվ, իրոք, երեք ամիս էլ չէր անցել, երբ Վալոդը ետ եկավ: Նա ոչինչ չասած իր անակնկալ վերադարձի մասին: Մի տեսակ ինքնավստահ էր դարձել, բայց մտախոհ էր, լռակյաց: Անուշի խնդրանքները խոնարհաբար կատարում էր, եթե իրեն կլանած խոհերի հետ չէր: Մի օր էլ Անուշը տեսավ, որ Վալոդը բոստանն է փորում: Անուշը կարծում էր, թե որդին մոռացել է իր խնդրանքը: Անուշը կանգնեց ու նայեց, թե Վալոդն ինչպես էր փորում հողը: Հողի մեջ խրած բահը Վալոդը շուռ էր տալիս երկյուղածությամբ, ինչպես հավատացյալն է շրջում Ավետարանի էջը: Հողը գյուղացու բերքի ավետարանն է՝ Անուշն իր այս մտքի հետ էր, երբ տեսավ, որ Վալոդը թողեց փորելը, կռացավ, վերցրեց փորելուց կտրված խոտերը և երկար, լուռ նայում էր:
-Նրան էլ էս խոտերի պես կտրտել են․․․Տաս ռուբլի ու մի տուփ շոկոլադ, որ սպանեն․․․ Պատերազմն ավելի մարդկային է․․․
Անուշը սարսափեց լսածներից, թեև բան չհասկացավ: Անուշին թվաց, թե Վալոդն ինչ-որ սպանության հետ կապ ունի: Երևի դրա համար էլ թողել-եկել է: Կրակ վառվեց Անուշի գլխին: Պատկերացրեց, թե ինչպես է միլիցիոներ Սաշիկը գալիս Վալոդին ձերբակալելու ու սահմռկեց: Անուշը տուն մտավ, հագավ կոշիկները ու գնաց՝ մտածելով, որ բրիգադիր Արտոն է Վալոդին փախցրել Ռուսաստանից, որ Արտոյի կինը մի բան կիմանա: Արտոյի կինը ոչինչ չգիտեր, բայց խոստացավ, որ այսօրևեթ նամակ կգրի ամուսնուն և կհարցնի:
Թե քանի օր մղձավանջների մեջ ապրեց Անուշը՝ չէր էլ հիշում: Երբ հերթական անգամ գնաց Արտոյի կնոջ մոտ՝ կինն ասաց, որ Վալոդը մարդասպանության հետ կապ չունի: Արտոն նաև գրել է, որ Վալոդը չբեր չէ և Վալյայից երեխա է ունեցել, բայց աբորտ են արել:
Վալոդի Ռուսաստան գնալը, նրա ասած «տաս ռուբլին», «մի տուփ շոկոլադը», «սպանելը» Անուշի համար հասկանալի դարձան: Տուդարձի ճամփին Անուշը երկու փառք տվեց Աստծուն․ մեկը, որ Վալոդը կապ չունի մարդասպանության հետ և սերժանտ Սաշիկը չի գա Վալոդի ետևից, մյուսը, որ որդին չբեր չէ: Բայց հանկարծ Լուսիկը եկավ աչքերի դեմ: Լուսիկի աչքերով նայեց կատարվածին և ուզեց Աստծուն տված փառքերից մեկը ետ վերցնել, բայց չհամարձակվեց:
Տուն հասնելով՝ հարսի դեմ Անուշը չհասկացավ իրեն մեղավո՞ր զգաց, թե՞ Վալոդի մեղքն իր վրա առավ, և ուզեցավ Լուսիկին շոկոլադ տալ: Վերջին առած շոկոլադից մի բուռ էր մնացել: Մի բուռն էլ տվեց հարսին:
-Կեր,- ասաց:
Լուսիկը ժպտաց ու կերավ շոկոլադներից մեկը:
-Էլի կեր,- նորից ասաց Անուշը:- Ես գիտեմ, որ քո սիրած շոկոլադն է:
Լուսիկն էլի ժպտաց ու երկրորդ շոկոլադը կերավ, բայց սիրտը խառնեց:
-Չլինի՞ փչացել էր,- ասաց Անուշը՝ բացելով մի շոկոլադ, որի վրա արդեն սպիտակ փառ էր բռնել: -Հիմար պառավ,- ինքն իրեն անպատվեց Անուշը և դառավ հարսին: -Հիմի թան կսարքեմ:
Անուշը թան էր սարքում, երբ եկավ Սիրիկը և ասաց, որ գյուղում խոսում են, թե Վալոդը երեխա ունի:
-Էդ ե՞րբ հասցրին տարածել,- զարմացավ Անուշը՝ նկատի ունենալով, որ Վալոդի Ռուսաստանում ունեցած երեխայի լուրն է գյուղում տարածվել:
-Ես հղի՞ եմ,- միամիտ-միամիտ հարցրեց Լուսիկը:
Անուշի ձեռքից թանով լի մեկ լիտրանոց բանկան ընկավ ու փշրվեց և ոչ ոք չլսեց Անուշի արտասանած «ես հիմար պառավ եմ»-ը:
Լուսիկը ոչ թե թունավորվել էր հին շոկոլադից, այլ՝ հղի էր: Որ թե Անուշը, թե ինքը պաչել են Լուսիկի ուրախությունից կարմրած այտերը: Այդ մասին Հակոբին պատմում էր Սիրիկը: Վալոդի վերադարձը, Լուսիկի հղիանալը կրկնապատկեցին Հակոբի ու Սիրիկի «խնամախոսական» ջանքերը: Նրանց սրտերը թունդ էին ելնում, երբ պատրաստվում էին «ծեծել» հերթական համագյուղացու դուռը: Ի վերջո նրանք կանգ առան Մուկոյի Հասմիկի վրա: Մարդ ու կին մանրիկ ծիծաղեցին՝ գոհ իրենց ընտրությունից:
-Հարսանիքին Մերուժիս առած շորը կհագնեմ,- հայտարարեց Սիրիկը:
-Գնամ քաղաք,- ասաց Հակոբը:
-Մնա թարմ լավաշ թխեմ՝ նոր,-առարկեց Սիրիկը:- Պրոֆեսորը լավ մարդ է՝ Մերուժս նրան էլ թող լավաշ տա:
Անուշի հետ Սիրիկը քչփչում էր, իսկ Լուսիկը հացի ալյուր էր մաղում: Սիրիկն այնպես էր ոգևորվել, որ մոռացել էր իր «խնամախոսության» երազային լինելը: Անուշն էլ, ոչինչ չկասկածելով, սրտանց ուրախացել է:
Լուսիկը մաղում էր ալյուրը և ժպտում պառավներին: Ներա այտերը կարմրել էին, քրտինքի մի քանի հատիկ պտկել էր ճակատին, ասես առավոտի շաղը դրած ծաղիկ լիներ:
Սիրուն հարսը ալիր մաղեր,
Ջուխտ ծծերը ծոցեն խաղեր․
Սիրուն հարսը ալիր մաղեր,
Իր տեսնողի ուշքը շաղեր․․․
-Պատկերք,- դուրս թռավ Սիրիկի բերանից, երբ դարձավ Լուսիկին:
-Հա, սիրուն է,- ասաց Անուշը, կարծելով, թե Սիրիկն ամփոփում է մինչ այդ իր ապագա հարս Մուկոյի Հասմիկին ուղղված գովեստները:
Իսկ Սիրիկը, աչքը Լուսիկից չկտրելով, հավատում էր, որ ինքն էլ շուտով նման մի հարս կունենա, ով կմաղի իր ալյուրը, կթխի իր հացը, կսիրի իր Մերուժին, իր համար թոռներ կծնի և չի թողնի, որ իր թոնրատան ծուխը կտրվի:
․․․Եվ մյուս օրն առավոտյան, գոգնոցի փեշով սրբելով ջրակալած աչքերը, հոգու խորքում Սիրիկը հաջողություն էր մաղթում քաղաք մեկնող Հակոբին, որ գնում էր Մուկոյի Հասմիկի անունն ու սէրը կաթեցնելու Մերուժի ականջները:
5․
Ակումբում մարդ չկար: Տղամարդիկ արտագնա աշխատանքից դեռ չէին վերադարձել, իսկ գյուղում մնացածներն իրենց գործերի հետ էին: Վալոդը տուն էր դառնում չմակարդվող խոհերի հետ: Գիշերն իր լուսամուտի տակ ոտնաձայն էր լսել:
-Քնած եմ եղել,- ասել էր Անուշը, երբ առավոտյան Վալոդն այդ մասին հարցրել էր ներան:
Վալոդը գիտեր մոր անքնության մասին և չհավատաց ներան: Դա ավելի բորբոքեց Վալոդի կասկածը: Ինչ-որ գեշ բանի զգացողություն ուներ Վալոդը: Նրան թվում էր, թե ետևից գալողն այդ «ինչ-որ բանն է», ոչ թե՝ իր ստվերը: Այդ խոհերով էլ մութ փողոցով հասավ իրենց տան խաչմերուկը, որտեղ վառվում էր գյուղի գիշերային լուսավորության լամպերից մեկը: Գուցե այդ ամենը երազո՞ւմ է եղել՝ մտածեց Վալոդը, որ մայրս ոչ մեկին չի տեսել: Թեթև ժպիտը լուսավորեց Վալոդի դեմքը, ինչպես որ ճանապարհն էր լուսավորվել խաչմերուկում: Աչքն ընկավ իրենց տան լուսամուտին․լույսը վառվում էր: Բեղի ծայրը նա սեղմեց ատամների տակ ու վճռական քայլեց դեպի տուն: Ասես որս տեսած գազան էր, որ դեպի իր որսն էր գնում: Բայց դարբասին երկարած ձեռքը Վալոդը ետ քաշեց, ասես, էլեկտրահար: Իրենց բակից խոսակցության ձայն էր լսվում: Բամբ ձայնով մի տղամարդ խոսում էր իր կնոջ հետ: Լուսիկը, հավանաբար, բարակ շոր էր հագել ու դողում էր, քանի որ բառերը կտրտված էին հնչում ներա բերանից:
«Գիտե՞ս,- հարցրեց բամբ ձայնով տղամարդը,- խնձորենին մեր սիրո մասին է խոսում»:
«Ինչ լավ է, որ նա գլխի չի ընկել ականջ դնել խնձորենուն»,- ասաց նե:
Լսած ամեն մի բառը կացնի պես փայլատակում էր Վալոդի աչքերի դեմ: Մոր խոսքը հիշեց Վալոդը․«Կինը քաղցր խոսքերից կշտացող էակ է»: Էլ չդիմացավ`ոտքով զարկեց-բացեց դուռը: Բակում ոչ ոք չկար: Սակայն Վալոդին թվաց ինքը հասցրեց նկատել, թե Լուսիկն ինչպես ծածկվեց դռան ետևում, իսկ տղամարդը ցատկեց հարևան բակը: Վալոդն ուզեց վազել, բայց սայթակեց ոտքի տակ ընկած քարից: Երբ հասավ ցանկապատին՝ Հակոբենց բակում էլ մարդ չկար: Հիշեց՝ Հակոբը գնաց, որ տուն բերի Մերուժին:
Լուսիկը սեղանի մոտ նստած նորածնի շապիկ էր կարում, երբ Վալոդը ներս մտավ:
«Լրբի մեկը,- մտքի մեջ մռլտաց Վալոդը,- ձևացնում է»: Իսկ բարձրաձայն ասաց․
-Հարկավոր է բակի քարերը հավաքել՝ ոտքիս տակ ընկավ:
-Քո գալած օրը հավաքեցի,-ասաց Լուսիկը,- բայց առավոտն էլի կհավաքեմ:
Վալոդը հանկարծ հիշեց․քարերի մի կույտ էր հավաքվել, երբ ինքը Ռուսաստանից եկավ: Սահմռկեց․միթե՞ այդքան անգամ կինն իրեն դավաճանել է:
-Հաց կուտե՞ս,- հարցրեց Լուսիկը՝ ձեռքի կարը մի կողմ դնելով:
-Կուշտ եմ,- երկիմաստ պատասխանեց Վալոդն ու հարցրեց:- Այսօր Հակոբը եկա՞վ քաղաքից, բերե՞ց Մերուժին:
Լուսիկը զարմանքից կլորացրեց աչքերը, բայց տեսնելով պատասխան սպասող Վալոդի խիստ հայացքը, ասաց․
-Ախր դա մի շաբաթ առաջ էր: Մերուժը չի ուզեցել գյուղ վերադառնալ:
Եվ վերստին վերցրեց, որ շարունակի մի կողմ դրած կարը, բայց անզգուշորեն ասեղով ծակեց մատը:
«Ստում է, ձևացնում, դողում՝ դրա համար էլ ծակեց մատը»,- Վալոդին հուշեց այն «ինչ-որ բանը»:
Համոզվելու համար Վալոդը մոտեցավ ու բռնեց Լուսիկի ձեռքը: Լուսիկը կարծելով, թե դա Վալոդի արձագանքն է ասեղով իր մատը ծակելուն՝ նշաձև աչքերի ծիծաղուն հայացքը հառեց նրան:
«Դողում է տերևի պես»,- մտածեց Վալոդը:
Քիչ-քիչ Լուսիկի ծիծաղող նշաձև աչքերը կլորացան և նե հարցրեց․
-Քեզ ի՞նչ եղավ:
-Հը՞:
-Դողում ես:
Հնձված խոտի պես Վալոդն ընկավ ծնկներին: Բութ հայացքը նա մի քանի վայրկյան հառել էր Լուսիկի դեռևս զարմացած դեմքին: Կասկածի դանայան տակառը ենթադրություններով առաջին անգամ Վալոդը սկսեց լցնել այնտեղ՝ Ռուաստանում: Երբ սթափվում էր՝ այդ կասկածները վռնդում էր բանականության սահմաններից անդին: Սակայն աներես ճանճերի պես դրանք երբեմն-երբեմն վերադառնում էին և բզզում, բզզում, բզզում․․․
-Քեզ ի՞նչ եղավ,- Վալոդին խոհերից պոկեց Լուսիկի ձայնը:
Վալոդի սիրտը մորթված հավի պես թպրտաց: Նա հիշեց, թե քիչ առաջ ինչպես էր դեպի կրակը թռչող թիթեռի պես գալիս դեպի իրենց լուսավորված լուսամուտը: Կծելով բեղի ծայրը՝ Վալոդը գրկեց Լուսիկին ու տարավ անկողին:
Վալոդի հաճելի այդ խենթությունը Լուսիկն առաջին անգամ զգաց նրա գալու առաջին օրը: Սկեսրոջից իրենք թաքնվեցին խոտանոցում: Չոր խոտի հոտին խառնվեցին իրենց համբույրների բույրը: Հետո հենց իր քթի մոտ հայտնված կորնգանի ծաղկի բույրը, երբ Վալոդը կռացրեց իրեն ու ետևի կողմից բռնեց կոնքերը:
Հիշելով այդ ամենը՝ Լուսիկը բաղեղի պես փաթաթվեց Վալոդի ջլապինդ վզով և կիսաձայն շշնջաց նրա ականջին․
-Մայրդ քնած չէ:
6․
Հակոբը մայրաքաղաքից վերադարձավ կամկար, գլխիկոր: Համագյուղացիներից բարևներ առնում-տալիս էր աչքերը չբարձրացնելով: Հաճախ չհասկանալով, թե ով բարևեց իրեն կամ՝ ում բարևեց ինքը:
Սիրիկը հեռվից տեսավ մի տեսակ կեռված Հակոբին և կարծեց, թե ինչ-որ բան է եղել: Կարճատեսության պատճառով անգամ մտածեց, թե Հակոբը ձեռնափայտով է քայլում: Բայց երբ Հակոբը մոտեցավ՝ Սիրիկը տեսավ, որ ոչ մի ձեռնափայտ էլ չկա Հակոբի ձեռքին: Ու կռահեց, որ իրեն երևացած ձեռնափայտն ինչ-որ դժբախտություն է, որ հիմա կգուժի Հակոբը: Պաղ ջուր լցվեց Սիրիկի սրտի վրա, երբ իմացավ եղելությունը: Մերուժը հրաժարվել էր գյուղ վերադառնալ և ամուսնանալ: Պրոֆեսորը, որին երախտապարտ էին և Հակոբը, և՝ Սիրիկը, ով իրենց Մերուժին տիրություն էր անում, ու նրանց համար բարության մարմնացում էր, դարձավ թշնամի: Հակոբը ձևակերպեց մի բանաձև, որից սարսափեց Սիրիկը: Այդ բանաձևի իմաստն այն էր, որ հարկավոր է վախենալ ձրի բարություն անող մարդուց, քանզի նա վտանգավոր է: Եվ Հակոբը համոզված կրկնում էր, որ «ձրի բարիք չկա», որ այն մկան թակարդում դրված պանրի է նման: Ու որպես օրինակ բերում էր Մերուժի հետ կատարվածը:
-Սուրճի պատմություն գիտես,- Սիրիկին ասաց Հակոբը: -Սկզբում կինն է բերել սուրճը, հետո տեսել են, որ Մերուժը լավ, խելոք տղա է, արդեն աղջիկն է սկսել բերել սուրճը: Սկզբում սուրճը, հետ սուրճի հետ մի հայացք, մի ժպիտ, իրար հետ խոսել և վերջում էլ այս դժբախտությունը, որ բերին մեր գլխին:
-Տունս քանդվեց,- մղկտաց Սիրիկը:
-Ասում էր, այ հեր, ժամանակին գյուղում ամառանոց կսարքեմ: Բա չէ՝ ես էլ թողեցի: Չէ, էլ տղա չունեմ,- հերսոտեց Հակոբը:
-Աստծուց վախեցիր, Հակոբ, էդ ինչե՞ր ես ասում,- երկյուղած ընդդիմանում էր Սիրիկը՝ զսպել չկարողանալով արցունքները:
Դրանից հետո Սիրիկն ու Հակոբն ապրում էին որպես մոլորյալներ: Երբ նրանց հայացքներն իրար էին հանդիպում, աշխատում էին շուտափույթ փախցնել, որ մեկը չտեսնի մեկի լացը, մյուսն էլ չտեսնի մեկելի խեղճությունը: Ու կամաց-կամաց ցավի դեղինը ծեփվում էր նրանց աշխարհին: Լինում էր, որ գոմից լսվում էր սոված ու ծարավ անասունների բառաչը, որը երկար ժամանակ մնում էր անարձագանք:Վիշտը նրանց, ասես, վերածել էր մարդկային մի նոր տեսակի: Թվում էր, եթե տարիներով ձևավորված սովորույթը չլիներ, նրանք տեղներից չէին էլ շարժվի: Սակայն այդ սովորույթի վախճանն էլ էր մոտ թվում: Արդեն մի գիրկ խոտ կամ դույլով ջուր բերելն էլ էր ծանրացել Հակոբի համար: Վիշտը, ծանր վիշտը միշտ Հակոբի ուսերին էր, և երբ դրան չնչին բեռ էլ էր ավելանում, Հակոբը ճկռում էր, օրորվում քայլելիս: Կովը կթելիս կես դույլ կաթը տուն տանելն էլ Սիրիկի համար էր ծանրացել: Նրանց հույսերի վերջնական խորտակումը գուժեց Մուկոյի Հասմիկի ամուսնությունը: Հարսանիքին դհոլ-զուռնայի նվագը թնդանոթի համազարկերի պես էր պայթում Հակոբի ու Սիրիկի համար:
Մի օր էլ Սիրիկն իրենց գոմից ձայներ լսեց:
Սիրիկը գոգնոցի փեշով աչքերն էր սրբում, երբ ներս եկավ խեղճությունից փոքրացած առանց այն էլ փոքրահասակ Հակոբը: Կարծես նա ամաչում էր իր արած մի գեշ բանից:
-Ահա,- մի փոքր փաթեթ մեկնելով ասաց Հակոբը:
-Ի՞նչ է,-հարցրեց Սիրիկը, թեև պատռված թերթի արանքից նկատելի էր փաթեթի պարունակությունը:
-Անասունների փողն է: Պահիր:
Հակոբն ուզում էր, որ Սիրիկը վերցնի փաթեթը, որ ինչքան հնարավոր է ինքը շուտ ազատվի այդ փաթեթից:
-Ինքդ պահիր,- նեղսրտեց Սիրիկը՝ ետ հրելով Հակոբի պարզած ձեռքը:
-Ես քո անխելք․․․- ջղայնացավ Հակոբը, բայց կիսատ թողեց հայհոյելը:- Հրեն, էլ ոչ խոտ ունենք, ոչ էլ՝ ուժ: Էլ ջահել չենք, հասկացիր: Տղադ չուզեց գյուղ գալ: Հույսեր մի փայփայիր: Դե, թող իր քաղաքում էլ մնա՝ իր պրոֆեսորի ու նրա աղջկա հետ: Իսկ սա,- ձեռքի փաթեթը թափահարեց Հակոբը,- սա մեզ համար․․․թաղման փող է:
Եվ դարձյալ կուչ եկավ, փոքրացավ՝ դառնալով քիչ առաջվա անօգնական, խեղճ Հակոբը:
Երեք օր Հակոբը միայն Սիրիկի կռնակը տեսավ գիշերները: Իսկ ցերեկները Հակոբն ինչ-որ տեղ էր անհայտանում: Մարդ ու կին իրար հետ էլ սուրճ չէին խմում: Մի օր էլ Հակոբն իրեն վատ զգաց ու անկողին ընկավ:
-Կուզե՞ս սուրճ եփեմ,- հարցրեց վախեցած Սիրիկը:
-Չէ,- կյանքում առաջին անգամ հրաժարվեց Հակոբը: -Մի տուփ սուրճ ու մի շոկոլադ առ գնա Ռիմայի մոտ, տես ի՞նչ կասի,- ասաց:
Սիրիկը Հակոբի աչքի առաջ ասվածները վերցրեց ու դուրս եկավ տանից, բայց Ռիմայի մոտ գնալու փոխարեն մտավ իրենց գոմը և սկսեց լաց լինել:
Մոր գերեզմանի «կորստից» և «գտնվելուց» հետո Ռիմայի երկու այտերն էլ կարմրեցին: Տհաճ իրավիճակի մեջ ընկնելու ամոթի՞ց էր, թե՞ վերին ուժերը պատժեցին ներան՝ ոչ ոք չգիտեր: Միայն թե դրանից հետո Ռիման ընկավ ընճախտի մեջ և հրաժարվեց սուրճի բաժակով գուշակություններ անելուց ու մոր գերեզմանով երդվելուց:
Բավական ժամանակ ձգձգելուց հետո Սիրիկը տուն մտավ և Հակոբին ասաց, որ, ըստ Ռիմայի ասածի, եթե Հակոբն այսօր ոտքի չկանգնի, ապա վաղն անպայման իրեն լավ կզգա, որ եղածն ընդամենը կապված է ներվային ապրումների հետ և ոչ մի լուրջ հիվանդություն էլ չկա: Եվ ինքն իր հորինածից զարմանալով՝ Սիրիկը ժպտաց Հակոբին:
Մյուս օրը, երբ Անուշը եկավ Հակոբի առողջության մասին հարցնելու, Սիրիկն ասաց, որ նա ելել է անկողնուց և գոմ է գնացել անասուններին նայելու:
-Վահ,- զարմացավ Անուշը՝հարցնելով,- ինչի դուք անասուն ունե՞ք:
-Ամեն օր էս ժամերին մի պատճառ բռնում գոմ է գնում,- ժպտաց Սիրիկը:- Գիտի չգիտեմ, թե ուր է գնում: Ինքը գնում է իբր թե անասուններին խոտ տալու, ես էլ ձև եմ անում, թե չեմ հասկանում:
-Խեղճ մարդ,- հոգոց հանեց Անուշը: -Վայ թե իրեն մեղավոր է զգում:
-Բայց երկար ժամանակ է ինչ չկա,- անհանգստացավ Սիրիկը: -Հիմա պիտի վաղուց ետ գալած լիներ:
Կանանց մտքով վատ բան անցավ և նրանք գոմ գնացին: Գոմի դուռը փակ էր ներսից: Սիրիկը ծեծեց դուռը և կանչեց Հակոբին: Պատասխան չեղավ:
-Բաց դուռը, Հակոբ ջան,- ասաց Սիրիկը,- ես վաղուց գիտեմ, որ դու գոմ ես գալիս իբր թե անասուններին տիրություն անելու: Դու մեղք չունես: Ես քեզ չեմ մեղադրում: Բաց դուռը:
Գոմում դարձյալ լռություն էր: Սիրիկը սկսեց ոտքով զարկել գոմի դռանն ու «Հակոբ, Հակոբ» գոռալ:
-Քոռանամ ես,- լացակումեց Անուշը,- գնամ Վալոդիս կանչեմ:
Երբ Վալոդի հարվածներից հետո ներսից փակված դռան սողնակը ծռվեց ու դուրս ելավ տեղից, նրանք մեռած Հակոբին տեսան գոմի դռնից քիչ հեռու ընկած:
7․
Վալոդը տուն էր գնում Հակոբի այգալացի արարողությունից: Մերուժը խնդրեց, որ մնա մինչև համագյուղացիների գնալը: Վերջում Մերուժի հետ մի քանի հոգեթաս խմեցին միասին: Տուն գնալիս Վալոդը զգաց, որ ոտքերի տակից ճանապարհը փախչում էր՝ գոմից դուրս թողած մոզու պես դես ու դեն ցատկելով: Կիսաճամփից ետ դարձավ՝ որոշելով շրջանցել Հակոբենց տունը և գոմերի դիմացով գնալ ու իրենց տուն մտնել դարբասով: Ուր որ է աղբյուրին կհասներ, ուր մտադրվել էր լվացվել-թարմանալ, բայց մտափոխվեց՝ հիշելով, որ իրենց խնձորենին «խոսում է»: Եվ որոշեց գնալ «զրուցել» խնձորենու հետ: Երբ հասավ խնձորենուն՝ քթի տակ մռթմռթաց․«Բարև»: Ու սպասեց, որ խնձորենին պատասխանի: «Այ թե հիմարություն է, հա»՝ մտածեց Վալոդը, երբ երկար սպասելուց հետո էլ պատասխան չստացավ: Իսկ երբ շրջվեց, որ հեռանա, թեթև քամի եղավ և Վալոդին թվաց, թե ինքը թիկունքից լսեց․
«Ո՞վ էր, ո՞վ»․․․
«Ինչ սև օր»․․․
Վալոդը մեկից շրջվել չհամարձակվեց: Մանավանդ որ ձայնի հետ սկսեց քիչ-քիչ լուսավորվել շուրջբոլորը: Վալոդին թվաց, թե իր նոր փորած սևահողի երեսին եղյամ է նստել և, հավանաբար, փայլփլում է լուսնի շողերից: «Հա, լիալուսին կլինի,- անցավ Վալոդի մտքով: -Երևի լուսինը ելավ ամպերի տակից»: Առեղծվածի պատասխանը գտնողի վստահությամբ Վալոդը գլուխը վերև բարձրացրեց: Ամպամած երկինք էր․ ոչ լուսին կար, ոչ էլ՝ աստղեր: Վալոդի երկնքին հառած աչքերը չռվեցին ապշանքից: Իսկ լույսը գնալով պայծառանում էր: Արդեն պարզորոշ երևում էին հողի մեջ խրված բահը, իր բնից դուրս եկած շունը՝ պոչը թափահարելով, Վալոդի ստվերը՝ նրանից առաջ ձգված:
Վալոդը շրջվեց: Փորված սև հողի ֆոնին խնձորենին կարմրասպիտակ ծաղիկներով «այրվում էր», որպես անձեռակերտ հրդեհ: Կամ՝ մի ոտքի վրա կանգնած հսկա ջահ էր ասես, որ արծաթագույն էր ներկել գիշերը: Վալոդը հիշեց մոր պատմությունը, որ հայրը առաջին անգամ տեսնելով իր ծաղկած խնձորենին, կարծել է, թե հրդեհ է բռնկվել իր տանը, և սրբի բարձունքից վազել է տուն: Մայրն ասում էր, թե այդ օրն է ինքն իր հղիությունը հասկացել: Ու տուն հասած հևասպառ ամուսնու համար, մինչ նա կվերականգներ շունչը, ինչ որ խաղիկ է երգել խնձորի մասին:
Աչքերը հառած բացկլտացող խնձորենուն՝ Վալոդը կամկար մոտեցավ ու․․․լսեց:
«Նա սիրում է ներան»՝ քամին տարուբերում էր ծառի վերևի ճյուղերը:
«Սիրում է»՝ արձագանքեցին ծառի քիչ ներքևի ճյուղերը:
Վալոդը կանգնել էր ապշանքից քար կտրած․ ծառն, իրոք, խոսում էր: Կամ՝ բուրում էր Վալոդին հասկանալի լեզվով: Վալոդն էլ չհասկացավ, թե հետն ինչ կատարվեց․ ծանր տնքոցով ընկավ ծնկներին և խնդրեց խղճալ իրեն:
«Օհ, իմացավ»․․․
«Ցավ է, ցավ»․․․
Ծառի ներքևի ճյուղերն էին անհանգստացողը:
Ողողված գիշերվա արծաթ լույսով, խնձորենու դեմ ծնկաչոք, ինչպես հավատացյալը եկեղեցում, Վալոդն աղերսում էր, որ ծառը լռի: Բայց խնձորենու վերին ճյուղերը շարունակում էին իրենց բուրումնավետ շշնջոցը ներա սիրո մասին․․․ուրիշի հետ: Ներա, որի սիրտն ու ծոցն էլ չէր պատկաանում իր ոտքերի մոտ ընկած «ուխտավորին»:
-Ես, ես եմ սիրում ներան,- գոռաց Վալոդը: -Ես, ես, ես․․․
Ծառի ներքևի ճյուղերը վերստին օրորվեցին անհանգիստ:
«Վայ խեղճերին»․․․
«Սէրին, սէրին»․․․
-Անիծյալ,- մռլտաց Վալոդը՝ ոտքի ելնելով: -Ես քեզ կստիպեմ լռել: Դու հիմա կլռես:
Ու ճանկելով մի քանի քայլ այն կողմ հողի մեջ խրված բահը, Վալոդը հարձակվեց ծառի վրա: Խնձորենին տնքած ցավից, նրա ճյուղերից, արցունքների պես, կաթեցին ծաղկած ծաղիկները: Խավարը լուսավորած լույսը քիչ-քիչ մարեց ու ծառը դադարեց շշնջալ: Շունը կլանչելով իր բույնը մտավ:
-Վալոդ,- մթի միջից լսվեց աղմուկի ձայնից տանից դուր եկած Լուսիկի ձայնը:
Կնոջ ձայնից սթափվելով՝ Վալոդը մի կողմ շպրտեց դեռևս ձեռքերում պահած բահը, ինչպես մարդասպանը՝ կացինը:
Մոտեցած Լուսիկը գրկեց Վալոդին, որի երեսին մի պաղ ժպիտ էր սառել: «Օր օրի ուռչում է»՝ մտածեց Վալոդն ու ձեռքն, ինքնաբերաբար, տարավ պարանոցին: Պաղ, գործած մի օղակ կար այնտեղ: «Մեղքն է»՝ անցավ Վալոդի մտքով, և նա առանց տատանվելու քաշեց-պոկեց այն ու շպրտեց գետնին: Ճերմակող բանականությունն այժմ լոկ հանգիստ էր տենչում:
8․
Առավոտյան Վալոդին պատած ճերմակած բանականության տենդը նահանջեց: Բայց բշտերով պատված ձեռքերը ցավում էին: Հենց այդ ցավն էլ վերադարձրեց երեկ եղածի մշուշոտ պատառիկներ: Ճյուղակոտոր խնձորենին ողբերգական տեսք ուներ: Իր ծաղկած գեղեցկությամբ ճախրող ծառն այժմ նման էր գետնին ընկած, թևերը ջարդված արծվի: Գետնին ընկած բահի շուրթերը ծռվել էին, երբ գիշերը Վալոդն այն օգտագործել էր որպես կացին: Խնձորենու թափված ծաղիկներն արևի տակ արդեն թորշոմել էին: Ծաղիկների մեջ սատկած մեղուներ էլ կային: Վալոդը երկար նայել չկարողացավ իր․․․ոճրագործությանը: Նա շրջվեց, որ դուրս գնա, երբ նկատեց գետնին ընկած իր ոսկյա շղթան: Հիշեց, թե ինչպես մեղքը պոկեց պարանոցից: Գետնից ճանկեց շղթան ու տուն մտավ՝ անցնելով մոր մեղադրող հայացքի կամարի տակով:
Երբ Անուշը տեսավ ճյուղակոտոր խնձորենին՝ աչքերը ցավեցին: Նե միանգամից ամեն ինչ հասկացավ: «Ժամանակն է»՝ խոստովանեց Անուշն ինքն իրեն, և հարսին խնդրեց պատրաստել իր նոր շորերը՝ մինչև իր գալը: Հետո մի քիչ խունկ լցրեց թերթի մեջ, ծալեց-դրեց գրպանը ու գնաց գերեզմանոց:
-Ժամանակն է,- կրկնեց գերեզմանաքարին դաճված ամուսնուն նայելով: -Քեզ համար աչքալուսանք էլ ունեմ, որի համար ոտքս կախ եմ գցել էս աշխարհում: Պատրաստվիր ինձ դիմավորելու:
Երբ խունկն ու Անուշի խոսքերը ծխացին ամուսնու գերեզմանին՝ նե ետ եկավ, հագավ նոր շորերը, արդեն սպիտակած, բարակած մազերով կոս սարքեց, ինչպես սիրում էր ամուսինը, մի բաժակ ջուր խմեց, «մնաք բարով» ասաց և պառկեց ու մեռավ:
… Բակում մի երկու իշոտնուկ դրեցին մեռելտուն եկող-գնացողների համար, ուր տղամարդիկ նստում-ծխում-խոսում էին: Համագյուղացիները նկատեցին, որ Վալոդն ու ջաղացպան Սարոն առանձնացել են ու ինչ-որ բանի մասին են խոսում ճյուղակոտոր խնձորենու մոտ: Նրանց խոսակցությունը երկարում էր: Ոմանց թվում էր, թե ինչ-որ բանում ջաղացպան Սարոն չի համաձայնվում, մյուսների համար էլ պարզ էր, որ չհամաձայնվողը Վալոդն է: Թե ով էր ում ինչ-որ բան համոզում՝ հեռվից դժվար էր որոշելը: Քիչ անց մարդիկ տեսան, որ խոսակցությունն ավարտած Սարոն գնաց ու վերադարձավ կացին ու սղոց բերելով: Երբ Սարոն սկսեց կտրել խնձորենին՝ տարածվեց, որ դրանով դագաղ է սարքելու: Մարդիկ սկսեցին մեղադրել Սարոյին, քչփչալ, որ նա մի քանի ռուբլու համար խելքահան է արել վշտից իրեն կորցրած Վալոդին: Իշոտնուկին նստած տղամարդկանցից մեկը, ավարտելով ծխելը, գնաց ամոթանք տա Սարոյին, բայց, մի քիչ Սարոյի հետ խոսելուց հետո, սկսեց օգնել նրան: Հետաքրքրությունից դրդված՝ մեկ-երկուսն էլ մոտեցան: Պարզվեց՝ Վալոդն է խնդրել, որ հենց խնձորենուց դագաղը լինի: Եվ տղամարդիկ օգնեցին արդեն գերանի վերածված խնձորենին տանել սղոցարան:
Մեռելտուն եկող-գնացողները լսում էին էլեկտրական սղոցի միալար բզզոցը: Իսկ Սարոյի հետ մնացած մի քանի տղամարդիկ դատողություն էին անում, թե փայտը մեկ-երկու օրում չի չորանա, դագաղը ծանր կլինի, իսկ մինչև գերեզմանոց քիչ ճանապարհ չէ: Որոշեցին արհեստական ճանապարհով չորացնել․խնձորենու գերանից ձևած տախտակները դնել էլեկտրական վառարանների դիմաց: Սակայն Վալոդը լսել էլ չուզեց փայտը չորացնելու մասին: Բացի Սարոյից մյուսները համաձայնեցին, որ անպատշաճ է հանգուցյալն առանց դագաղի սեղանի վրա օրերով պառկի: Սարոն առաջարկեց անգամ գիշերը աշխատել, ռանդել տախտակները, որ գոնե հարթ լինեն, բայց Վալոդը համառեց: Թաց տախտակներով սարքած դագաղն այնքան անտաշ ստացվեց՝ ասես դագաղը հորինելուց հետո դա առաջին նմուշն էր: Սարոն, ում ձեռքի գործերը ցուցադրվում էին քաղաքի թանգարանում, ամոթից, որ դա իր սարքածն է, չգնաց գերեզմանոց, որ չտեսնի այդ…անճոռնի բանը:
Դագաղը գերեզմանոց տանողները ճանապարհին արագ-արագ փոխում էին մեկ մեկու: Թաց փայտերից սարքած դագաղն, իրոք, շատ ծանր էր՝ խոշորամարմին հանգուցյալի հետ միասին: Ծանր էր հատկապես խանութի պատի տակ կանգնող երկուսի համար, որոնք ճկռում էին այդ ծանրության տակ հանուն ողորմաթաս օղու և մեռելատանը տրվող խաշլամայի: Երբ հրաժեշտ տվեցին հանգուցյալին և դագաղը գերեզմանափոսն էին իջեցնում՝ հենց այդ երկուսն էին, որ լսեցին Վալոդի ասածը:
-Դու կփթես հողի տակ ու այլևս չես շշնջա որ կինս ուրիշին է սիրում:
Միլիցիոներ Սաշիկը չհավատաց հարբեցողներին՝ թեև նրանք երդվեցին, որ լսածից անակնկալի են եկել և ողորմաթասից մի կաթիլ էլ չեն խմել, այլ ողջ օղին լցրել են հանգուցյալի շիրմաթմբին:
Օրեր անց արդեն ամբողջ գյուղն էր խոսում այդ մասին, և սերժանտ Սաշիկն ի պաշտոնե իրեն պարտավորված զգաց հետաքննություն սկսել: Սակայն արդեն դժվար էր ճշտել, թե ով ումից է լսել Վալոդի խոսքերը: Մեկ-երկուսն էլ գտնվեցին, որ պնդում էին, թե տեսել են Վալոդի ինչ-որ բան ասելը, բայց չեն լսել ասվածը: Իսկ երբ հարևան Սիրիկն ասաց, որ Վալոդը մորը մի բաժակ ջուր է տվել մեռնելուց առաջ, սերժանտ Սաշիկի գլխում ֆռռացող կասկածը ձևակերպվեց որպես թունավորում:
Մի քանի ընթերականների հետ Սաշիկը գնաց Վալոդին ձերբակալելու: Ճանապարհին նրանց միացան նորանոր մարդիկ, և բավական մեծ մի բազմություն ներխուժեց Վալոդենց բակ: Աղմուկի ձայնից տանից դուրս եկան Լուսիկը՝ դեռ չծնված երեխայի համար կիսակար շապիկը ձեռքին, և Վալոդը՝ բացակա հայացքով: Սերժանտ Սաշիկը հայտարարեց, որ եկել է ձերբակալելու Վալոդին, և հորդորեց, որ ենթարկվի օրենքին ու չդիմադրի: Վալոդն իր բացակա հայացքը հառեց սերժանտ Սաշիկի հետ եկածներին և ակամա առաջ պարզեց ձեռքերը, երբ Սաշիկի ձեռքին տեսավ ձեռնաշղթան: Լուսիկը մի կողմ նետեց ձեռքին մնացած շապիկը և ծղրտոցով հարձակվեց Սաշիկի վրա, որ բաց թողնի Վալոդին:
-Հեռու տարեք սրան,- հրահանգեց Սաշիկն իր հետ եկած ընթերականներին:
-Միլիցիա կտամ քեզ, ցնդածի մեկը, միլիցիա, -գոռում էր Լուսիկը:
Վալոդը չէր հասկանում, թե կինն ինչո՞ւ է գոռգոռում, փորձում պաշտպանել իրեն: Չէ ո՞ր ինքը ոչ մի հանցանք էլ չի գործել: Ահա, ինքն էլ չի պաշտպանվում, քանի որ գիտի՝ սա Սաշիկի հերթական ձախողումն է, դրա համար էլ մինչև հիմա նա սերժանտ է մնացել:
-Դե, -դարձավ Սաշիկը Վալոդին, երբ իրեն վատ զգացող Լուսիկին տուն տարան,- ասա տեսնենք, թե ինչո՞ւ սպանեցիր:
-Երեխային Վալյան է սպանել՝ ես չէի ուզում,- ասաց Վալոդը:
-Ի՞նչ երեխա, ի՞նչ Վալյա,- վրա տվեց Սաշիկը: -Ասա, թե ինչո՞ւ ես մորդ սպանել:
Վալոդը ժպտաց՝ ասես ուրախանալով, որ իր կանխատեսումը Սաշիկի ձախորդության հետ կապված իրականանում է:
-Ես մորս չեմ սպանել: Այդ ինքն ասաց, որ պիտի մեռնի ու մեռավ:
– Մի խճճի,- սաստեց Սաշիկը: -Քեզ չի հաջողվի դուրս պրծնել: Մեռնելուց առաջ մորդ ջուր տվե՞լ ես:
-Հա, ջուր խմել ուզեց,- ասաց Վալոդը:
-Ի՞նչ թույն լցրիր ջրի մեջ,- հարցրեց Սաշիկը:
-Ի՞նչ թույն,-զարմացավ Վալոդը:
-Էդ դու պիտի ասես: Ի դեպ՝ որտե՞ղ է էդ բաժակը,- հարցրեց Սաշիկը և, պատասխանի չսպասելով, հետը եկած ընթերականներից մեկին հրահանգեց գնալ բերել այդ բաժակը: Եվ դառնալով Վալոդին շարունակեց իր մեղադրանքը: – Իսկ մորդ սպանելու համար դու պատճառ ունեիր: Դու ամեն ինչ կանխամտածված ես արել: Դու Ռուսաստանից շուտ ետ եկար, որովհետև կասկածում էիր կնոջդ: Այդպե՞ս է:
Հավաքվածներն ուզեցին ամոթանք տալ Սաշիկին՝ անգամ իրենց մտքերի մեջ խոսքեր էին պատրաստել.«Ամոթ է, այ Սաշիկ», « Լուսիկն էդպիսին չէ», բայց պապանձվեցին՝ լսելով Վալոդի «հա» պատասխանը:
-Տեսա՞ք,- համագյուղացիներին դառնալով բացականչեց սերժանտ Սաշիկը:- Ես չգիտեմ․․․-Սաշիկը մտքի մեջ վրեժի պես ավելացրեց «այդ քածը», իսկ բարձրաձայն շարունակեց,- կինը շնացել է, թե՝ չէ, բայց որ դու խանդել ես ներան՝ էդ մեկը հաստատ է:- Սաշիկը շոյեց ձեռքի ճանկռտուքը: -Ես ապացույց ունեմ,-շարունակեց Սաշիկը մի քիչ թերահավատորեն, քանի որ մինչև վերջ չէր վստահում վկայություն տվողներին: -Մորդ թաղման ժամանակ կողքիդ կանգնածները լսել են, թե դու մորդ հասցեին ինչպես ես շշնջացել, թե հետայսու ինքը կփթի հողի տակ և էլ չի խոսի կնոջդ սիրային կապից: Զուր չէ, որ հենց մեռնելու օրը թաղեցիր խեղճին:
Սաշիկը մտածում էր, որ հիմա Վալոդը կժխտի և ինքը կհայտնվի անհարմար դրության մեջ: Բայց Վալոդն ասաց․
-Ես դա ծառին եմ ասել: Ծառն էր շշնջում ներա սիրո մասին: Դրա համար էլ Սարոյին խնդրեցի, որ դագաղ սարքի:
-Հեքիաթներ մի մոգոնիր,- գոռաց Սաշիկը՝ վերստանալով նախկին վստահությունը,- ո՞վ է լսել ծառը խոսի: Դա ի՞նչ ցնդաբանություն է:
-Ես չեմ խաբում,- նեղվեց Վալոդը: -Այ, երբ հողի մեջ մնացած արմատներից նորից խնձորենի աճի՝ դուք էլ կհամոզվեք,- ուրախացավ Վալոդը, որ կարողացավ արդարանալ:
-Էդ քո խելքով օրենքը մի քանի տարի պիտի հետաձգի քո պատիժը, հա՞,- ծաղրեց Սաշիկը: -Ամեն հանցագործի պատիժը, որ տարիներով հետաձգվի, էս երկիրը հանցագործներով ու մարդասպաններով կլցվի:
Հավաքվածները կարծես նոր միայն սկսեցին նկատել Վալոդի տարօրինակ պահվածքն ու պատասխանները: Նրանք խղճացին տարաբախտ մարդուն: Նրանք իրենց դիմաց տեսան հիվանդ, վախեցած մեկին, ով անկյուն քշված որսի էր նման: Միայն սերժանտ Սաշիկն էր, որ ձերբակալության մոլուցքով տարված, դա չէր նկատում: Եվ երբ հավաքվածները պահանջեցին հանել Վալոդի ձեռնաշղթան ու ահազանգել համապատասխան հիմնարկություն, նոր միայն Սաշիկը սթափվեց:
Համագյուղացիների չմահավան հայացքները տեսնելով՝ Սաշիկը նոր մեղադրանք ձևակերպեց՝ փրկելու համար սերժանտի իր խորտակվող հեղինակությունը:
-Ես այս մարդուն մեղադրում եմ իր մորը ոճրագործի սրտով թաղելու համար:
«Ձերբակալությունը» կիսատ մնաց: Քաղաքից եկած ոստիկանները, որ պիտի «ցնդած» Սաշիկին կարգի հրավիրեին, տարան և Վալոդին:
9.
Սղոցարանում մնացած կտրված խնձորենու փայտից, որպես աչքալուսանքի նվեր, ջաղացպան Սարոն օրորոց սարքեց Լուսիկի նորածին տղայի համար:
Կտրված խնձորենու կեղևի տակից գարնանը մի շիվ բողբոջեց:
Երկուսն էլ իրար հետ մեծացան և ծաղկեցին:
… Տարիներ անցան, որի ընթացքում շատ բաներ փոխվեցին գյուղում: Փակվեց դարբնոցը: Էլ հարկ չկար գերանդու կամ մանգաղի բերանը ծեծել, սրել․ արդեն կոմբայնով էին քաղ անում: Էլ պետք չէր ձիերի համար պայտ, պայտը ամրացնելու գամեր կամ սայլի համար անհրաժեշտ մասեր պատրաստել․գյուղի վերջին սայլապան Վանուշը վաղուց էր մահացել: Փակվեց և ջրաղացը: Գյուղում էլ ցորենն ալյուր աղացող չկար․ պարկերով ալյուրը դարսված էր Լոբի Ռազի խանութում, ուր հիմա նրա որդին էր աշխատում: Թոնրատներից ելնող ծուխն էլ էր պակասել․խանութում «Սոմին» ու «Մատնաքաշ» հաց էին վաճառում:
Գյուղացին ավելի շատ կապված էր քաղաքին, քան թե՝ գյուղին: Շատերն ավտոմեքենա ունեին, որը քաղաքի հետ կապը հեշտացրել էր և ամրացրել: Կտրվելով հողից նրանք թուլացնում էին իրենց հայրենիքի հզորությունը: Բայց դա քչերին էր անհանգստացնում: Տարիներ առաջ Հակոբին պատած վախը, որ քաղաքն իր «զիզի-բիզի» հրապույրներով, վայ թե, գյուղից տանի իր որդի Մերուժին, հիմա մոդա էր դարձել:
Գետի ձախ ափին, ուր գյուղի ճակնդեղի դաշտերն էին, որպես հողակտորներ բաժանվել էին գյուղացիներին, ովքեր այնտեղ տներ էին կառուցել: Գյուղը քիչ-քիչ տարածվեց և գետի ձախ ափին: Թվում էր, թե գյուղն էլ գետն անցել ու դեպի քաղաք էր գնում:
Հաստատունն ու հավերժը, որ նույնն էր մնացել՝ հողն էր: Այն իր տեղում էր որպես հայրենիք: Հողը գյուղացու երկրորդ Աստվածն է: Հողը համբերատար սպասում է իր «անառակ որդիների» վերադարձին, որպեսզի երկնուշեղ փայտերով դուռ ու լուսամուտ մեխած տներ չլինեն, ինչպիսին տարիներ անց դարձավ Հակոբի տունը Սիրիկի մահից հետո․Մերուժը ոչ միայն այն ամառանոց չդարձրեց՝ այլև գյուղ չեկավ: Իսկ հարևան Անուշի տունը վերածվեց անասնագոմի, ուր մտնում-ելնում էր ամրակազմ մի տղամարդ՝ ամեն անգամ սիրով նայելով ծաղկած արևածաղիկների մոտ բոստանում աշխատող կնոջը: Կինն ամուսնուն ժպտալուց բացի՝ աչքի պոչով մեկ-մեկ էլ նայում էր արդեն պտղակալած խնձորենուն, որի բունը ծերությունից ճեղքվել էր երկու մասի: Իրենք ծառի երկու մասերի տակ էլ հենակներ էին դրել, որ ծառը չտապալվի: Հարսը գիտի, որ երբ խնձորները հասնեն, սկեսրայրը կպոկի երկու խնձոր՝ մեկը կտա Անուշ թոռնուհուն, իսկ մյուսը կտանի կտա տան պատի տակ ծաղիկների հարևանությամբ միշտ նստած կնոջը, ում ոտքերը վերջերս դողդոջուն են դառել: Հետո կշոյի ներա թորշոմած ձեռքը, որն իր համար դեռևս խնձորի պես հարթ է ու ձիգ: Իսկ պառավը կժպտա՝ ցուցադրելով իր պրոտեզի բրնձի հատիկների պես ճերմակ, հավասար ատամնաշարն այդ արդեն ջրակալած աչքերով ծերունուն, ով իր հոգու մեջ դեռևս այն առնական տղամարդն է, որին ինքը սիրել է և տարիներով սպասել՝ որդու հետ հաճախակի այցելելով նրան հիվանդանոցում: Ու հոգու մեջ, ասես ջրհորի խորքից, կլսի իր Անուշ սկեսուրի երգի ձայնը․
Քո յարն եմ ես,
Քո յարն եմ ես,
Աստված սիրես
Առ խնձոր, արի զիս տես:
