2024թ․ ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋՅԱՆ ամենամյա մրցույթում վեպն արժանացել է մրցանակի՝ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՎԵՊ անվանակարգում
( հատված)
ՍՈԼ – ԵՐԿԻՐ
Ծնվել է, մահացել է. կռվել է, զոհվել է, կյանքը տվել է հայրենիքին, ջահել կյանքը զոհել է հանուն երկրի հարատևման, անմահացել է, պարգևատրվել է, հերոսացել է։ Փա´ռք, փա´ռք, փա՜ռք։ Թե ծնվելուց հետո, կռվից առաջ ինչ է արել, ոնց է ապրել, ում է սիրել, ում չի սիրել, ինչ է սիրել, ինչ չի սիրել, որ մի սիրունի մազն է քաշել, ում է թաքուն սիրահարվել, ում հետ է ծեծկռտվել, ում այգուց է գիշերվա կեսին ցոգոլ ու շլոր թռցրել, ինչ է երազել երկնքում փայլկտող աստղերին նայելիս՝ Կոմիտասի ձայնով, սև աչքունքով, սև բեղմորուսով, բոյ-բուսաթով այս պատանին, ոչ ոք, ոչ ոք չի ասում, ոչ մի պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում, ոչ մի տեղ, ոչ մի օրաթերթում, ոչ մի կայքում ու հարթակում չի գրվում ու չի քննարկվում, ոչ մի տող՝ ոչ մի տեղ․ ո´չ արցունք քամող մահախոսականում, ո´չ մարդաբոյ հուշարձանի բացման օրը սրտաբուխ հնչած գովաբանական ճառերում, ոչ հետմահու «Արցախի հերոսի» կոչումը շնորհելիս, երբ Նախագահի հրամանագիրը բարձրագոչ հայտարարում է. «Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի N հրետանային դիվիզիայի, N հրետանային մարտկոցի N հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Արտավազդ Հայկի Համբարձումյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը», ո´չ էլ հոգեհանգստի սեղանի շուրջը հավաքվածների հոխորտ բաժակաճառերում ու վեհերոտ օղորմաթասի ձգձգված ներբողներում. ոչ ոք ոչ մի տեղ չի հիշում, ոչ ոք, ոչ մի տեղ։
Բոլորը, խոսքները մեկ արած, լռում են՝ պարպված պարկուճի նման. էդ մի մատ տղան էդ ի՞նչ կյանք էր ապրելու, ի՞նչ էր հասկանալու իր ապրածից ու տեսածից, որ հիմա էդ կյանքը ամենքի ականջին լսելի, ախորժելի պատմություն դառնար, որ պատմելու արժանի պատմություն դառնար: Էդ մի մատ տղան էդ ինչացո՞ւ էր, որ սիրտ աներ թշնամու աչքերին ուղիղ նայել, որ իմանար, թե ոնց սողեսող գնար, կուզեկուզ վազեր ու վիրավոր ընկերոջ ծանրացած ու արյունաքամվող մարմինը պարկի նման քաշեր ուսին ու բերեր հաներ թիկունքում մնացած էս դատարկ գյուղի բերան: Էդ մի մատ տղան էդ ո՞վ էր, ինչացո՞ւ էր, որ էդքանը զորեր:
– Ար-տո՜, Ար-տո՜, որտե՞ղ ես, տո՜ւն արի, տո՜ւն:
– Արտո՞, մութն ընկել է, ո՞ւր ես, տղա´ս:
– Դասդ ինչո՞ւ չես սովորել, Արտավա´զդ:
– Շատ ապրի մեր Արտոն, ամբողջ դասարանի պատիվը բարձր պահեց, առաջինը հասավ բլրի գագաթին ու եռագույնը խրեց հողի մեջ:
– Ես ի՞նչն եմ գնահատում Արտավազդի պատասխանում, նրա ինքնատիպ մտածելու կարողությունը, ինքը շատերի նման անգիր արած պատասխաններ չի տալիս, հարցը լսում է, իմացածը ի մի բերում ու տեղում պատասխանը ձևակերպում. ա´յ սա եմ ակնկալում ու պահանջում ձեզնից, բոլորի´ցդ:
Պատմելունը, ուրեմն, այդքանից հետո, թշնամու քթի տակ քառասուն օր ու քառասուն գիշեր պարկապզուկ նվագելով ու երգելով կռվելն է, պատմելունը, դու մի ասա, «Բայրաքթարից» թափվող մահից հրաշքով ճողոպրելն ու փլված տան ձեղնահարկում անվերջանալի օրերով պատսպարվելն ու չմեռնելն է, պատմելունը, ոնց էլ լինի, կիմանաք, այսքանից հետո անմարդ ու անշունչ գյուղերի միջով մեն-մենակ թափառելն ու չխելագարվելն է, ու պատմելիս՝ գժվելունը օրը ցերեկով մի կենտ, մի դավադիր ու անճոռնի կրակոցից զոհվելն է, բայց դե, ո՞վ կիմանա էդ պատմությունը, որ ով էլ պատմի, ով էլ իմանա, լեզուն ո՞նց կպտտվի, մատները ո՞նց կհասնեն ստեղներին, որ չխելագարվի ու պատմի. արծվի ճախրն ու մի պարսատիկի քարից վիրավորվելն ու երկնքի բարձրից գահավիժելը ի՞նչ պատմելու բան են, որ պատմես, ո՞նց պատմես:
Ո՞վ գիտի՝ ով կիմանա, ով կպատմի, ինչպես կպատմի: Արտոյին՝ ի՞նչ, թե կիմանան, չեն իմանա, թե կպատմեն, չեն պատմի, պատմողին կլսեն, չեն լսի, կհավատան, չեն հավատա, Արտոյին՝ ի՞նչ: Արտոն իր անելիքն արդեն արել է. երկար գնալունը կարճ է կտրել, վազքով անցել է ու սուրալով հասել մի տեղ, որտեղից ոչ թե չեն վերադառնում, այլ որտեղ հասնելիս անդին անցնելու ոչ մի տեղ չեն որոնում. որոնելն ի՞նչ իմաստ ունի, երբ բոլոր ճանապարհների վերջնագիծը այդտեղից մի քայլ առաջ է գծված: Դա հենց Արտոյի տեղն է: Դա է Արտոյի իրական տեղը: Այդ տեղը հիմա կոչվում է «Արտավազդ», «Արտավազդարան»: Քանի՞սն են հասնում իրենց տեղին: Բոլորը ճամփա են ընկնում, քանի՞սն են հասնում: Ք-ք սրտին՝ մխիթարա՞նք: Ըհը´. սրտի մխիթարանք:
Ամեն գիշեր, Արտոյի սենյակի լույսը մարելուց առաջ, մայրը պահարանից հանում է Արտոյի կարճաթև, կրծքին՝ ինը թվի դաջվածքով, սև-սպիտակ զոլերով շապիկը, խնամքով ու հոգատար շարժումներով բացբացում ու կրկին ծալծլում է ինը թիվը, խոր շնչում որդու ջահել հոտը, արցունքի միջից հայացքով շոյում է նկարից լայնադեմ ժպտացող տղայի դեմքը ու շշնջում. «Բարի´ գիշեր, Ա՜րտս։ Ինձնից էլ երբեք հեռու չգնաս, տղա´ս, էլ չհեռանաս, լսո՞ւմ ես, թա´նկս, լա´վս, միա´կս: Խաղաղ ու անհոգ քնիր, ի´մ տղա, ես քո կողքին եմ, ես միշտ քո կողքին եմ, Արտավա´զդս, ի´մ Արտ»:
Ամեն գիշեր Սայաթ Նովա փողոցի այս տան երկրորդ հարկի պատուհանում լույսը մարելուց հետո կանաչ աչքերով Շուշանիկը գլուխը մտցնում է բարձի տակ ու արցունքներին ազատություն տալիս, մինչև որ կեսքուն, կեսարթուն, կիսաբաց աչքերով երազ է տեսնում․ «Ինքը, հարսի շորը հագին, ինքնամոռաց պարում է, եղեգների միջով անտես ու անձայն քայլելով՝ հայտնվում է Արտոն, մի մեծ դույլ սառը ջուրը շուռ է տալիս իր գլխին ու մի կողմ կանգնած՝ ատամնաբաց ծիծաղում։ Հարսի սպիտակ շորը թրջվում է ու տեղնուտեղը կարմրում, Արտոն փորը բռնած քրքջում է՝ Կարմի´ր գլխարկ, Կարմի´ր գլխարկ, ես Գայլ տատիկն եմ, արի քեզ ուտեմ, արի՜, արի՜, Կարմրագլխարկ սիրունս, արի՜, արի՜»։
Կանաչ աչքերով Շուշանիկը հիմա ամեն գիշեր երազում է, որ Կարմիր գլխարկը հանդիպի Գայլ տատիկին, թեկուզ մի անհույս ակնթարթ պառկի Գայլ տատիկի անկողնում՝ պատրաստ կուլ գնալու և անհետանալու նրա մթին խորխորատ հիշեցնող որովայնում, ամեն ինչի պատրաստ է, միայն թե երազը իրականություն դառնա. թող հարսի շորը թրջվի ու ճմռթվի, թող գույնը փոխի ու կարմրի, համաձայն է, միայն թե հանդիպի Գայլ տատիկին, միայն թե մի անգամ էլ գրկի իր սրտակեր Արտոյին։
Գարիկը համրացած՝ ձեռքերը թույլ կախում է ուսերից, թիկունքը կորացնում ու չտեսնող հայացքը խրում նորաթաղ հողի մեջ, որ հիմա տեղ-տեղ ծիկրակում է ծաղիկների արանքից․ կարծես ուզում է հողը ճեղքել, հասնել դագաղին, դագաղի կափարիչը ճեղքել, հասնել Արտոյի երեսին, Արտոյի աչքերը ճեղքել ու հասնել սև բիբերին, փորփրել ու տեսնել՝ ինչ կա դաջված բիբերի սևության մեջ։ Գարիկը հիմա գիտի, թե ինչ կա դաջված Արտոյի բիբերում․ սորվող դեղնավուն ավազ ու հեռուներում նշմարվող լերկ բլուրներ։ Գարիկը գիտի․ իր աչքերում էլ են անջինջ դաջվել նույն ավազն ու բլուրները։ Աչքերի խոր խորքում լույսը բարակում է, մարմրում ու մարում։
Ոտքը ցավոտ ճկվում է, Գարիկը բերանքսիվայր ընկնում է ընկճված ծաղիկների ու մահահոտ հողի խոնավության վրա՝ մնում անշարժ ընկած։ Մահվան թափորը ժամեր առաջ է հեռացել գերեզմանատնից՝ ջահել-ջիվան Արտոյին թողնելով մեն-մենակ՝ հողի տակ պառկած։ Գարիկն իր ուսերին զգում է՝ ի՜նչ անտանելի ծանր է Արտոյին ծածկող հողը: Մի իշամեղու է ընկնում արմատախիլ ծաղիկների ծուղակն ու թպրտում՝ սրտապատառ, տագնապահար դզզալով։ Լուսնի շողը շեղակի ձգվում է իշամեղվի, ծաղիկերի ու Արտոյի շրջանակված դեմքի վրայով. կարծես փոքրիկ Արտոն նկարել է ինքն իրեն, իսկ հետո, երբ իր կողքին թառամած ծաղիկներ և ծուղակն ընկած իշամեղու է ավելացրել, մի բան իր սրտով չի ստացվել, մի բան վհատեցրել է փոքրիկ Արտոյին, ու նա ստիպված լուսնի բարակ շողով ջնջել է իրեն ու իր ստեղծածը:
Թափորի մեջ բոլորը՝ Արտոյի մայրն ու Շուշանը, զինակից ընկերները, դասարանցիներն ու կուրսեցիները, նրա հրամանատար Գարիկին են որոնում, իսկ Գարիկը, կռվի դաշտում Արտոյին տեսադաշտից կորցնելուց հետո, անհավասար կռիվը տանուլ տալուց հետո, վեց ամիս անընդհատ հույս փայփայելով, որ Արտոյի թավ ձայնով մի անգամ էլ կլսի «Երազի իմ երկիր հայրենին» ու չամաչելով երգելու իր անկարողությունից՝ կձայնակցի նրան․
«Իմ պապերն են քեզ շահել,
Իմ եղբայրքն են քեզ պահել,
Քոնն են որդիքն իմ ջահել,
Հայրենի երկիր, Հայաստան», – արդեն երեք օր է՝ հրամանատար Գարիկը կուչ է եկել մոր մահճի մոտ ու անօգնական, մերթընդմերթ հոգոց հանելով՝ կոշտ մատներով շոյում է կաթվածահար մոր ոսկրոտ ու անզգայացած ձեռքն ու ոտքը։
Երբ մայրը լուռ՝ վերջին շունչն է փչում՝ մի աչքը փակ, մյուսը՝ որդու աչքին հառած, մի շնչով դեռ էս աշխարհում, մյուսով՝ իր Հայկի ստվերին մոտ, Գարիկը տնքալով՝ ծանր հառաչում է, արցունքը կոպտորեն սրբում, թաղման բյուրոյի աշխատակցի հետ հարցերը մանրամասն ու հավուր պատշաճի կարգավորում, ու երբ մշուշված հայացքը մի պահ ընկնում է հեռախոսի էկրանին, սարսռալով կարդում է․ «Կամանդիր, էսօր Արտոյի թաղումն ա Եռաբլուրում»։
Օրն արդեն երեկոյանում է։
ԼԱ – ՃԱՆԱՊԱՐՀ
Շները կաղկանձում են։ Թափառական շների ոհմակը, վաստակավոր երգչախմբի վարպետությամբ, միաձայն կաղկանձում է: Նազենի հարսը ննջարանի թավշյա ծանր վարագույրը ծերպ է անում ու աչքերը կկոցելով՝ նայում, սկզբում խավարից բացի ոչինչ չի տեսնում, հետո կամաց-կամաց մութը ցրվում է ու տարրալուծվում աղոտ լույսի մեջ, կամաց-կամաց աչքերը սովորում են խավարի սևությանը․ մութ ու ամայի փողոցի եզրով շարված մարդաբոյ եռալամպ լապտերասյուներից թափվող լույսի շիթերը փոքր-ինչ լուսավորում են հատուկենտ մեքենաների ուշացած վազքը։ Հեռվում՝ իրար քիթ մտած բլուրներից տարածվող մութն այնքան խիտ է ու անթափանց, որ ձեռքդ մեկնես, աչք կհանես։ Մոտերքում՝ լույսի բարակ ու նվաղած շողի մեջ անշարժ կանգնած տղամարդու կերպարանքը ծանոթ է թվում Նազենի հարսին։ Մոտերքում թաց օդի սառնությունը թանձր ձյութի պես կպչում է տուֆակերտ տներին, վարագուրված պատուհաններին ու սանդղամուտքի ճաք տված աստիճաններին՝ լողացող մշուշի հետ տարածվելով բակերով ու փողոցներով ու հրապարակներով մեկ, լցվելով միայնակ, ուշացած ու հոգնած անցորդների թոքերն ու խեղդելով նրանց հեղձուցիչ հազով, որ մերթ ընդ մերթ չարագուշակ արձագանքվում է միլիոնանոց քաղաքի անմարդ դատարկության մեջ:
Շները դեռ կաղկանձում են միաձայն։ Վերջին մոլոր անցորդների հետ տղամարդը դանդաղաքայլ հեռանում է լույսից, լոք-լոք անելով՝ անցնում ջրափոսերն ու կամուկաց կանգ առնում, անօգնական կույրի պես խարխափելով՝ ձեռքերը ձիգ տարածում է ու թափահարում մթնում, ափերը վեր պարզած՝ բռան մեջ հավաքում է անձրևաջուրը, պատանու թեթև ցատկերով հետ ու առաջ վազվզում՝ լեզվի ծայրով համտեսելով անձրևի կաթիլները, ու միանգամից մեխվում է տեղում։ Հանկարծ ինչ-որ բան է մտաբերում ու ծաղրածուի նման մատներն օղակելով՝ մոտեցնում է ականջին. անձրևը կարծես սերենադ է երգում իր սիրուհու պատվին, իսկ ինքը կորցրել է լսելու կարողությունը և հիմա փորձում է մի կերպ որսալ մեղեդին ու ցանկալին որպես իրականություն ընդունելով՝ գեթ մի պուտ բավարարել իր տղամարդկային լիբիդոն՝ խուսափելով ընկճախտի հերթական թակարդից ու տանուլ տվածի բարդույթից: Տղամարդն ամբողջովին տրվել է երևակայությանը և դեռ չի նկատում, կամ բոլորովին չի ուզում նկատել, որ թրջվել է մինչև ոսկորները, գուցե նաև՝ մինչև առողջ ու անառողջ օրգանները, մինչև սիրտն ու թոքերը, միտքն ու հոգին, մինչև իր թաքուն ու անթաքույց մեղքերը:
Նազենի հարսը ոտքի վրա դանդաղ երերում է և հուզմունքից կծմծում շուրթերը, երեխա օրերի սովորույթով մատները տանում է բերանն ու եղունգները ղրթղրթոցով կրծմրծում, հոգին բերանն է ելնում, սիրտը թպրտում է՝ գլուխը քարին խփած ճնճղուկի նման. տեսնես ի՞նքն է, տեսնես որտե՞ղ էր, ո՞ւմ հետ էր մինչև հիմա, տեսնես հաց կերե՞լ է, ճնշումը չափե՞լ է, իսկ եթե ճնշումը բարձրանա՞, ոչ մի դեղ չի վերցրել հետը, անխե´լք մարդ, բա ի՞նչ է անելու։ Իսկ եթե վատանա՞: Բա որ կողքին մարդ չլինի՞: Բա որ, հա բա որ. ինքը սիրտդ հանել՝ շպրտել է ցեխերի մեջ ու հեռվում կանգնած՝ օտարի նման անտարբեր նայում է, թե ոնց է ամեն անցորդ խղճահարված՝ հայացք նետում սրտիդ կողմն ու խոր հառաչում՝ ա՜խ, ա՜խ, ի՜նչ էլ զգայուն սիրտ է, տեսնես ո՞վ է էսպես անխիղճ վիրավորել ու վնասել էս սիրառատ ու սիրակարոտ սրտիկին, – իսկ դու մի գլուխ իր սրտի մասին ես մտածում, բա անխելքն էլ ո՞նց է լինում: Է՜հ, ինչ արած, մարդը սիրո ավելցուկից խելքը թռցնում է՝ դառնում հոգեկան հիվանդ ու սկսում ինքն իրեն վնասել, ի՞նչ վնասել, հոշոտել:
Անձրևը սաստկանում է. պատուհաններն այնպես են հեղեղվում պղտոր անձրևաջրով, որ փողոցի տեսարանն ավելի է աղավաղվում ու գրեթե անտեսանելի դառնում։ Նազենի հարսը, մտացրիվ ու վախվորած, մի պահ մոռանալով տեղատարափ անձրևն ու նրա սառը թացությունը, որ մարդու հոգի է շամփրում, վիրավոր ու ցաված սիրտ մղկտացնում, փորձում է շարժել սլվլիկ բռնակն ու բացել պատուհանի փեղկը, գլուխը մտցնել հեղեղի տակ ու ամբողջ ուժով գոռալ, այնքան բարձր բղավել, մինչև ձայնը խռպոտի, մինչև թոքերը պատռվեն, միայն թե Հայկը լսի իր կանչը, միայն թե իմանա, որ ինքը սպասում է, դեռ սպասում է, որ Հայկը տուն գա, բայց անզգամ բռնակը տեղի չի տալիս, դժգոհ ճռռում է ու սսկվում Նազենի հարսի դողահար բռունցքի մեջ։ Անճարությունից սիրտն այնքան է լցվում, որ անզուսպ փղձկում է ու հեկեկում։ Մարմինը կծկվում է, աննկատ փշաքաղվում, ու քիչ անց մեռելի պես անշարժանում է՝ չդիմանալով սրտմաշուկ ցավին:
Անձրևի ու քամու տուրուդմփոցը շարունակվում է կատաղի համառությամբ՝ ֆը՜շշշ, ֆը՜շշշ, սսը՜սս, սսը՜սս: Երբ փոքր-ինչ ուշքի է գալիս, Նազենի հարսն զգում է, որ անհուսությունից նվվացող սիրտը դեռ թպրտում է՝ ծովի անտարբեր ալիքի հետ ափ նետված ձկան պես, մատները չռած՝ գամում է պատի ողորկությանը ու վախվորած հենվելով պրկված բազուկներին՝ կրկին անշարժանում: Ինքն իր հետ մուկն ու կատու խաղալով՝ Նազենի հարսն էլ չի համբերում. ծանր վարագույրը դարձյալ ծերպ է անում, քիթն ու ճակատը սեղմելով ապակու դավադիր սառնությանը, ձեռքերը սեղմած կրծքին, իրար ագուցած մատները կոտրատելով՝ դարան մտած եղջերուի պես անքթիթ նայում է փողոցի մթությանը:
Ականջը դեմ տված բարակ անձրևի սերենադին՝ տղամարդը դեռ ծամածռվում է ծաղրածուի պես՝ ցատկոտելով ջրափոսերի վրայով, անտեսանելի հանդիսատեսին գոհացնելու վերջին ճիգով մի պահ պատսպարվում է մոտակա կրպակի ծածկի տակ ու կարծես իր ուզածն այդպես էլ չլսելով՝ ականջը բաց է թողնում ու արագաքայլ հեռանում լապտերասյան տակ ուրվագծվող լույսի շրջանից. կրկին ձուլվելով անձրևածեծ մթանը՝ տղամարդն անհետանում է Նազենի հարսի մշուշված աչքից։ Մատները ջղային կոտրատելով՝ Նազենի հարսը փակաչք մրմնջում է, կարծես աղոթում է ինքնամոռաց՝ բարակ շրթունքները բացուխուփ անելով ու ննջասենյակի լռությունը խախտելով ատամների սվսվոցով։ Լռություն: Սսսը՜սսը՜սս: Լռություն:
Շների սիրտ մաշող կաղկանձը հիմա հեռվից է լսվում, տղամարդու ոտնաձայնը մոտենում է սև կաշվեպատ դռանը․ մի պահ աչքերը արագ-արագ թարթելով, որ հարմարվի սանդղահարթակի վառ լույսին, ոտքը կախ է գցում ու փոքր-ինչ անսովոր, դեռ անհանգիստ ու վարանոտ՝ հապաղում։ Նազենի հարսը, որ ինքն իրենից թաքուն, ոտնաթաթերին ոստոստալով՝ հասել է նախասրահ, որտեղ դեռ զգացվում է կախիչին լուռ թառած՝ Հայկի բաճկոնից տարածվող ծխախոտի տտիպ հոտը, հիմա սրտատրոփ սպասում է դռան թակոցին։ Կիսամութ սրահում խավարը պինդ քողարկում է Նազենի հարսի աչքերում բույն դրած տրտմությունը, մարմնի վհատ տենչը, որ այրում է կուրծքն ու որովայնը, պճպճացնում ցայլքը: Ձեռքը դնում է սրտին, գլուխը փոքր-ինչ ետ գցում, շուրթերը կիսաբաց, ռունգերը լայնացրած՝ հևում է ու ծանր տնքում: Ինքն իրենից ու աշխարհից թաքուն, արձանի նման լուռ ու անշարժ կանգնած՝ Նազենին դեռ սպասում է Հայկին: Նյարդերի գունդուկծիկ՝ Նազենին համակ սպասում է:
– Նազի´կ, Նա՜զ, ե´ս եմ, բա´ց արա, լսո՞ւմ ես, Նա՜զ, ես եմ, քո Հայկը, – տղամարդը մեջքը կռացնում է, բերանը մոտեցնում բանալու անցքին ու կրքոտ շշնջում կոշտ բեղերի արանքից, – Նա´զս, ինձ մի´ սպանի, բա´ց արա, ասում եմ՝ բա´ց արա, խոսենք, ես ամեն ինչ կբացատրեմ, դուռը բա´ց արա։
Նազենի հարսը վարանելով՝ ձեռքը մոտեցնում է դռան կողպեքի վրա ցից ցցված բանալուն, ուր որ է՝ բռնելու է ու աջ թեքի, բայց՝ ոչ, վերջին պահին զգուշանում է, միտքը գնում հասնում է ամուսնու գրասենյակը, որտեղ աջ պատի տակ, գրասեղանի մոտ նստած երկարամազ աղջնակը, ոտքը ոտքին գցած, կարճ փեշի տակից ցուցադրում է սպիտակ ու փամփլիկ ազդրերը, իսկ դիմացի սեղանի մոտ՝ իբր մտազբաղ ու մտահոգ նստած տղամարդու բերանի ջրերը գնում են, որքան էլ փորձում է հայացքը մի կերպ հետ հրել ու տանել դնել պատից կախ նկարի՝ ծաղկավոր շորով աղջկա մազերի մեջ մոլորված թիթեռնիկի վրա կամ հետ բերել ու պառկեցնել սեղանի անկյունում դարսված ամսագրերից մեկի շապիկին շողշողացող սևահեր կնոջ փքուն շուրթերին ու կիսաբաց լանջին, որի խորքից ծիկրակող լուսե գնդերը գայթակղում են՝ առանց երևալու:
Տղամարդն ու աղջնակը ամուսնու գրասենյակի միակ աշխատակիցները չեն, բայց Նազենի հարսի միտքը գրասենյակ հասնելիս նրանց է բռնացնում սիլի-բիլի անելիս, ու սիրտը խանդից թպրտում է, երբ պատկերացնում է, թե ինչպես է իր Հայկի հայացքը տամկանում աղջնակի լանջաբաց բլուզի տակից ծիկրակող կրծքերի բաժանարար գծին նայելիս։ Նազենի հարսի միակ հոգսը հոգի հանող, խենթացնող խանդն է ու Հայկի սերն իր խանդի բռնկուն խաղով տաք պահելը․ հազա՜ր երանի տալու հոգս ու ժամանակ, ապրելու ժամանակ, մարդավարի գժվելու ու սիրելու ժամանակ։
Մարդը երբեք չի իմացել գլխին գալիքը, թե չէ խելքը կթռցներ ու չէր հասնի գալիքին, թե չէ ուրախությունից ու կորստի ցավից սիրտը կպայթեր՝ մեկընդմիշտ փակելով վաղվա դարպասները։ Մարդը միշտ իմացել է գլխին գալիքը, բայց ինքն իրեն համոզել է, որ իր իմացածը Աստծու կամքը չէ. «…եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի», և հույսը դրել է Վերինի կանխորոշածի վրա: Ո՞վ գիտի՝ որն է նախապատվելի․ անիմա՝ հասնել ու գժվե՞լ, թե՞ իմացեալ՝ գժվել ու չհասնել։ Ո՜վ գիտի։
ՍԻ – ՏՈՒՆ
Ամպերի վրա երերացող օդանավը քամու հակառակ ուղղությամբ է տուն գալիս, ու գալու ժամանակը հիմա երկարում է գնալու ժամանակից։ Ամպերի թանձր ծխագույնը ճեղքելիս օդանավը բուռն թափահարում է պոչը, ներսում մի զսպված աղաղակ է ալիքվում ու խշրտոցով մարում թափվող պլաստիկե շշերի ու բաժակների ու տուփերի, ուղևորների ձեռքից պլստացող ամսագրերի ու գրքերի ու հեռախոսների, ծորացող հյութերի խուլ ժխորի ու ծղրտոցով լի աղմուկի մեջ:
Ժամանակը մտել է վերթևումների իր փակ շրջանը՝ սուզվելով մինչև անկումների ծակ հատակը: Երբ հոգիդ բերանդ ելած՝ շտապում ես, ծեքծեքուն աճապարում ու նետվում կրակի բոցերի մեջ, ժամանակը մլուլ է տալիս, առաձգական թելի պես ձգվում, երկարում է՝ քեզնից առաջ հասնելով այնտեղ, ուր միայն ստվերդ է ուրվագծվում քեզ սպասողների շուրջն ու գլխավերևում, իսկ մինչև դու հասնես, դեռ էնքա՜ն պղտոր ջրեր են հոսելու, էնքա՜ն սուտ փուչիկներ ու սրտեր ու արկեր են պայթելու:
Գալու ժամանակը նաև երկարում է, քանի որ մարդամեկը շտապում է կուտակված կիրքը պահ առաջ պարպել․ կուրծքը դեմ տալ բլուրներից ալիք-ալիք փչող ուրցաբույր քամուն, քիթը մտցնել ծաղկած մասրենու փշփշոտ քաղցրության մեջ ու անհագ հոտոտել։ Թող օդանավը, փոթորկի բերանն ընկած գերանի պես, թափահարի պոչը, թող գլուխը բազմանշանակ տմբտմբացնի ու քիթը տնկի, միևնույնն է, մարդամեկի հեչ պետքն էլ չէ. ինքը որոշել է տուն գնալ, ինքը տուն է գնում: Շունչը կտրվում է գույնզգույն կարպետի պես արևալույսի մեջ մեկնված հողին նայելիս. տատի թախտին փռված գորգի խուտուտն է զգում բոբիկ ոտքերի տակ ու ինքնաբերաբար ձեռքը տանում է, որ ոտնաթաթը տրորի։ Ինքնասույզ ժպտում է ու նորաձև ներբաններով թեթև դոփում օդանավի հատակը՝ համոզվելու, որ տատի գորգը տարել են՝ որդան կարմիրի երեսին մի մատ հաստությամբ նստած ժամանակի փոշին ճիպոտով թափ տալու ու մեղքերը լվանալու, հարահոս ժամանակի հուշերը քամուն տալու։
Երջանկությունից աչքերը պսպղում են․ առանց շուրջիններին հաշվի առնելու՝ ձեռքերը վեր է պարզում, դնում ջիլպինդ ծոծրակին ու մատներն ամուր ագուցած՝ մկանուտ պարանոցն ինքնավստահ աջ ու ձախ թեքում ու միայն իրեն լսելի՝ տնքում հաճույքից։ Աչքերը փակում է, հուզմունքից տեղում շուռումուռ անում, վիզը երկարում է՝ օդանավի պատուհանի կլորությունը ծածկելով բրդոտ գլխով: Մատների ծայրով սրբում է աչքերի անկյունները, ամրագոտին արձակում ու ոտքի է ելնում, շարքերի նեղ արանքով, քնածների թույլ ֆսսոցի, արթունների թսթսոցի ու աղջիկների փսփսոցի միջով հասնում է շշերով ծանրաբեռն սայլակին, օդանավի հետ օրորվում է ու գրկում ուղեկցորդուհու բարակ իրանը, իբր՝ հավասարակշռությունը մի կերպ պահպանելու, իբր՝ աջակողմյան գեղեցկուհու գիրկը չընկնելու համար. քաջալերվելով ուղեկցորդուհու սպիտակաթույր ժպիտից, մեղավորի խոնարհությամբ բերանը մոտեցնելով նրա ականջին՝ շշուկով հարցնում է. «Կոնյակ ունե՞ք, գեղեցկուհի´, հայկական կոնյակ ունե՞ք»: Ո՞վ կհամարձակվի իրեն արգելել երկնքի անծիրության այս վայելքը, ո՞ւմ մտքով կանցնի իրեն զրկել վերադարձի այս հաճույքից, տունդարձի հրճվանքից.
«Այս գիշեր Տոն է հոգվույս՝ Կիրակի՜,
Համբույրներ կու գան հովեն ու ծովեն։
Բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի՜,
Շրթունքս են ծարավ միակ համբույրին…»
Արծվի թևերը պարզած՝ օդանավը վստահ ճախրով շրջանցում է ամպերի հաստ պատնեշն ու մխրճվում հարազատ երկնքի խորքը։
Անեզր երկնքի իր բաժին երկինքը:
Լողացող ամպերի այս ծվենները Երկնքի անսահմանության մեջ այս երկրի՝ թշնամուն անտես սահմանն են գծում՝ Բարձրյալի աչքի առաջ:
Մինչ տունդարձի այդ թռիչքին հասնելը՝ Գարիկը, ինքնապաշտպանական բնազդով, մի վարժանք էր հորինել ու վերջին տարիներին՝ բանակից մինչև օտար երկիր, մինչև ինքնաարտաքսում, հմտորեն բանեցնում էր՝ որտեղ էլ իջևաներ ու բնավորվեր։ Ինքն իրեն լուրջ-լուրջ համոզել էր, որ հենց դա էր պահպանել ու փրկել իր կյանքը բոլոր եղած ու լինելի արհավիրքներից, ձախորդ օրերի բոլոր ծուղակներից, չարխափանի պես բուժել ու ապաքինել էր՝ այս օդանավի օրհնությանն արժանացնելու համար։ Ինքն իրեն համոզել էր՝ մորն ու նրա աղոթքը խիզախորեն մտքից հանելով, կամ տոկալով և հույսն իր վրա դնելով ու անվհատ հավատալով իր հորինածի ուժին։
Մանտրայի պես ամեն օր, օրը մի քանի անգամ, ամեն բառը հատ-հատ ընդգծելով՝ անշշուկ կամ կիսաձայն կրկնում էր․ «Ես սիրում եմ ինձ, ես ի´նձ եմ սիրում, ես ի´նձ եմ կարոտում, ես ի´նձ եմ հիշում ու երազիս մեջ ես ի´նձ եմ տեսնում, միայն ի´նձ։ Ե´ս եմ իմ կուռքն ու աստվածը, իմ մայրն ու հայրը, ե´ս եմ իմ տունը, իմ երկիրն ու հայրենիքը: Ե´ս եմ: Ե´ս»։
Այսպես իրեն համոզում էր ու վստահեցնում, որ ինքը որևէ մեկի կարիքը չէր զգում այս աշխարհում, որևէ մեկին չէր կարոտում, անգամ մորն էր մտքից հանել ու դրել նոթատետրի մեջ, ինչպես հին լուսանկար, որով միայն տոնից տոն են հիանում ու չկամորեն խոստովանում․ «Էրեգ լավ էր, քանց վուր էսօր»։ Անգամ Սարյանի այգին էր խունացած ու անգույն տեսնում իր հուշի աչքով, որ միտքը հանկարծ չծռվեր, ու սիրտը չբարակեր, որ չուզեր կոշիկները հանել ու բոկոտն քայլել ուշ աշնան խաշամի վրա, որ չուզեր ձեռքերը վեր պարզել ու տռճիկ տալ մարդաբոյ խոտ ու ծաղկի մեջ, որ չուզեր ձայնը գլուխը գցել ու գինովցած երգել․
«Երևանի սիրուն աղջիկ,
Ունքերդ կամար,
Հաստատ գիտեմ, որ ծնվել ես
Միայն ինձ համար»։
«Ջա՜ն, ախպե՜ր ջան, բան չմնաց, մեռնե՜մ ջանիդ, հեսա հասնում ենք, էլ բան չմնաց, արա՜, էս ո՜նց եմ կարոտել սաղիդ. մեռնե՜մ ջանիդ, իմ թառլա՜ն ախպեր, էսքան տեղն էլ քեզ տղամարդու նման պահի, հենց պստպստիկ անիվներդ կպան Զվարթնոցի հալված ասֆալտին, քեզ մի բոլ պաչպչելու եմ, հա´, էս սիրուն աղջկան էլ կպաչպչեմ, առանց էդ էլ էս քանի ժամ ա՝ կանգնել ա գլխիս, հա, էլի, տաք տեղ բույն ա դրել՝ թեյ կուզե՞ք, սառը սուրճ ունենք, հանքայի՞ն ջուր, թե՞ սովորական: Ասում եմ՝ բե´ր, բե´ր, բոլորն էլ բեր, քե´զ մատաղ, մի քիչ էլ որ մնաս, ուրիշ բան էլ կուզեմ, ազի՜զ ջան, մենակ թե տեղ հասնենք, վա՜խ, մորս էս ո՜նց եմ կարոտել, գալիս եմ, մե´ր ջան, հասնում եմ, հասնեմ ու քեզ սեղմեմ ցրտահարված սրտիս, իմ անո´ւշ մայրիկ, գրկեմ քեզ ու դառնամ քո էն պստլո տղան, ում ամեն առավոտ դպրոց էիր ճամփում ձյունից ճերմակ, օսլայած ու արդուկած վերնաշապիկով՝ գրքերի հետ պայուսակի մեջ սահեցնելով շոկոլադի ձեռնաչափ սալիկն ու այտը համբուրելով, հը՜, տես է՜, մորս նման խոսեցի, լավ, թող լինի՝ թուշը․ քնքուշ-մեղուշ կսմթելով ու չփչփոցով թուշը պաչելով», – ջիլպինդ ծոծրակը քորելով՝ Գարիկը կարմրատակում է ու ափը սահեցնում անհամաչափ երկարած մորուսն ի վար՝ ասես մոր մատնահետքերը փնտրելով մանուկ օրերի՝ դեռ անմորուս այտերին ու երկարամազ գլխին։
Օդանավը, ուժգին օրորվելով ու խուլ դռռոցով, քսվում է գուդրոնածածկ թռիչքուղուն և սահուն, դանդաղ մարում երերուն ընթացքը։ Ինքնաթիռի սրահում սովորական իրարանցում է սկսվում. ոմանք կտրուկ վեր են ցատկում նստատեղից՝ մոռանալով արձակել ամրագոտիները, ու ցավից գալարվելով՝ հետ են հրվում, հապշտապ ու անխնա քաշքշում ամրագոտին՝ պահ առաջ ազատվելու ոչ միայն նստատեղի նեղվածքից, այլև օդանավի հեղձուցիչ գերությունից, ոմանք համբերատար շարունակում են գամված մնալ իրենց տեղերին՝ վկայելով աճապարելու ունայնությունը, երբ ելքի դուռը փակ է, իսկ առաջինների գլխի վրայով թռչելը՝ անկարելի ու արգելված: Անելանելի իրավիճակ՝ անօրենության սիրահարների համար: Էս կյանք չի, որ մենք ենք դիմանում, բա հալալ չի՞ էն ազատ կյանքը. ոնց ուզում՝ քշում ես, ինչ գիծ ուզես՝ խախտում ես, ինչ արագություն ուզես՝ բացում ես, ում ուզես՝ վրաերթ ես անում ու մնում անպատիժ, մենակ թե շեֆդ դուխ ունենա ու տղամարդավարի կանգնի մեջքիդ, մենակ թե շեֆ ունենաս, որ աշխարհը չունի, չկա, չի եղել, չի լինի: Բա չէ, հերիք չի դիմանում ես էս վախենալու, բարձր թռիչքի անհարմարություններին, վայրիվերո թափահարումներին ու դռռոց-դռդռոցին, վտանգավոր քամիների պոռթկումին ու վայրենի սուլոցներին, թանձր ամպերի դիմադրությանը, մի բան էլ քեզ սաստում են՝ նստի´ր տեղդ, տեղդ իմացի´ր, չափդ ճանաչի´ր, մարդ ես:
Երևանի ժամանակով լուսաբաց է, օդի ջերմաստիճանը՝ խիստ կազդուրիչ, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը՝ առողջարար, քամու ուժգնությունը վայրկյանում՝ հազար տարվա կյանք պարգևող։
Պատերազմը դարանել է օդանավակայանում ու այս ինքնաթիռի վայրէջքին է սպասում, բայց ոչ ժամանողներն են նկատում նրան, ոչ մեկնողները: Պատերազմը օձագալար, սողեսող մոտենում է գյուղերի տան բակերում՝ ծառից կախ ճոճքի մեջ ննջող մանուկների ժպիտին՝ անդորրավետ ու դուրեկան, պատերազմը, ռետինե փափուկ ներբաններով՝ սպորտային թեթև կոշիկները հագին, ներխուժում է վազքուղի ու առավոտվա ոսկեշող թագը գլխին՝ հասնում ամբոխաշատ հրապարակ, ու շլացնում ու կուրացնում է խաղաղ երթի մասնակիցներին: Պատերազմը խաղաղության հանդերձանքով՝ անճանաչելի ու նորաձև, ու վարակազերծ դիմակով մտնում է մարդկանց տներն ու անկողինները՝ մոլորեցնելով ի սրտե ու ի ծնե պացիֆիստներին:
Փայտփորիկս կամաց-կամաց սովորում է իմ խոսք ու զրույցին, կամաց-կամաց հավատում է ինձ. կարծես վարժվել է իմ նազուտուզին, ինձ հետ հաշվի նստելուն, մնում է՝ ես էլ վարժվեմ ու Փայտփորիկիս ընդունեմ ինչպես այն կա՝ սրակտուց ու սիրակարոտ ու սրտացավ։

