Պատմվածք

Նախիր

                                                                                            1․

    Քամին մի գորշ ամպ շալակած տարավ ու խցկեց այն ճեղքը, որտեղից ծիկրակում էր լուսինը՝ լուսնափոշի թափելով Առափիի վրա, ուր հետզհետե մարում էին վառվող լույսերը և գյուղը տուն-տուն ձուլվում էր խավարին: Միայն Սերոժի տան և գոմի լույսերն էին դեռ շարունակում  վառված մնալ ակնակիր խավարի մեջ՝ նման դեղին վրձնահարվածների: Որոշակի հաճախականությամբ տանից գոմ և գոմից տուն գնում- գալիս էր մի ստվեր: Լույսի դեղին վրձնահարվածների մեջ այդ ստվերը վերածվում էր կոր քթով, կարճ խուզած մազերով ամրակազմ մի տղամարդու՝ ծխախոտը բերանին:

   Հերթական անգամ գոմ եկած Սերոժը դուրս ելավ գոմից ու կանչեց կնոջը: Սակայն կինը չէր շտապում: Սերոժն, ի դեմս Վարդուշի, հայհոյեց Եվայի ցեղի շորորալը, շպրտեց ծխախոտը և նախքան գոմ մտնելը գոռաց․

-Ծնեց․․․

   Մինչ կինը կգար՝ ամպի ճեղքից դուրս ելած լուսինը, լամպի պես, կախվեց գոմի դռան վերևում: Քամին տան պարտեզի ծաղիկներից թռցրած բուրմունք բերեց ու օծեց գոմադռան լուսավորված հատվածը: Երկու գիշերաթիթեռներ էլ հայտնվեցին լուսնալույսի մեջ ու սկսեցին պտտվել օդում՝ ասես լուսապսակ լինեին գոմ եկող կնոջ գլխավերևում:

   Մինչ մարդիկ ներսում օգնում էին կովին ծնել՝ դրսում խոնարհաբար սպասում էին լուսինը, գիշերաթիթեռները և բուրումնաօծ քամին: Ի վերջո գոմից դուրս ելան ամուսինները: Նրանք, չնկատելով բնության ջանքերը, անցան-գնացին իրենց հոգնությամբ շաղախված ուրախությամբ: Անտարբերությունը քանդեց հրաշքը: Լուսինը մտավ ամպի տակ ու գոմի դռան վերևում վառված լամպը մարեց: Քամին տարավ իր բերած բուրմունքը: Գիշերաթիթեռներն էլ փշրեցին իրենցով հյուսած պսակը և սկսեցին զարկվել գոմի լուսամուտին:

   -Զգույշ,- ասաց Սերոժը,- ամպերն էլի ծածկեցին լուսինը:

   Վարդուշը հենվեց ամուսնուն: Սերոժը մի ձեռքով գրկեց կնոջ ուսը և նրանք գնացին:

                                                                                  2․

   Ցլիկը կարծում էր, թե ինքը հիվանդացել է ու կորցրել հիշողությունը, քանի որ երբ աչքերը բացեց ոչ ճանաչեց առաստաղի տակ թռչող սպիտակ աղավնիներին, ոչ գոմի անկյունում կչկչացող հավերին, ոչ էլ ներս ու դուրս անող մարդկանց: Նա փորձեց ոտքի կանգնել, որ ավելի լավ ուսումնասիրի շուրջբոլորը, բայց չկարողացավ: Վերջնականապես հակվելով իր հիվանդացած լինելու մտքին՝ ցլիկը փակեց աչքերը և տրվեց իրեն լիզող մոր գգվանքներին: Ցլիկը դեռ չգիտեր, որ ինքը նոր է ծնվել և հիշողություն չունի:

   Օրեր անց, երբ ցլիկին առանձնացրել էին տախտակներով սարքած փոքրիկ մի տեղ, նա արդեն գիտեր, որ ինքը ցլիկ է, որ բարձր առաստաղի տակ թռչողներն աղավնիներ են, որ հեռավոր անկյունում կչկչացողները հավեր են, որ օրվա տարբեր ժամերին գոմ եկող մարդիկ իրենց տերերն են, որ մսուրի տակից գիշերները դուրս ելնողը և գոմահատակին գարու հատիկներ փնտրողը մկնիկն է, որ լուսամուտին սարդոստայն հյուսողը սարդն է, որ երեկոները լամպի շուրջը պտտվողը գիշերաթիթեռն է: Եվ աշխարհը, ուր հայտնվել է ինքը, գոմ է:

   Երեկոները նախրից վերադարձած մայրը ցլիկին պատմում էր դրսի աշխարհից, ուր սարերն այնքան բարձր են, որ չգիտես նրանց ուսերի ձյունի՞ց, թե՞՝ ուսերին հենված ամպերից են սկիզբ առնում պաղպաջուն աղբյուրները, որ ձորերում ու դաշտերում այնքան ծաղիկներ կան, որոնց բույրերը քսվում են իրենց կճղակներին, որ առավոտի շաղը դրած հյութեղ կանաչից համով բան չկա: Բայց դա խորթ աշխարհ էր ցլիկի համար: Նա ուներ գոմի իր աշխարհը, որը սիրում էր մոզիական իր ողջ սրտով: Սիրում էր կչկչան հավերին, որոնց հետ երբեմն խաղում էր․վազում էր հավերի կույտի մեջ ու կանգնում էր՝ հրճվանքով նայելով, թե ինչպես են այդ կարմիր, վառվռուն, ճերմակ ու սև հիմարները կչկչոցով դես ու դեն թռչում՝ հաճախ ընկնելով թրքնոցը: Իսկ աղավնիներին ցլիկը սիրում էր առանձնակի սիրով, որի մեջ ինչ-որ խորհրդավորություն կար: Այդ քնքուշ արարածները դեպի իրենց էին ձգում ցլիկին: Ցլիկը երբեմն պառկում էր մղեղոտ սալահատակին, աչքերը տնկում էր գերանների տակ ղունղունացող աղավնիներին ու անրջում էր:

   Մի օր ցլիկն ականջալուր եղավ անուշ գվգվոցների, որ ներքև էին թափվում գոմի առաստաղից, ինչպես անձրևը՝ Երկիր կոչվող մեծ գոմի առաստաղից, երբ առաջին անգամ իրեն գոմից դուրս թողեցին: Թարթիչներով, պոչով, մաշկի սարսուռով ցլիկը քշեց իրեն պատող նիրհը և պլշած սկսեց հետևել աղավնիներին: Գերանների արանքից անդադար լսվում էր աղավնիների մնչոցները: Գոմում տիրող թրիքի ու մեզի հոտը, որ իր աղիությամբ կսկծացնում էր ցլիկի աչքերը, այդ օրը չէր զգացվում: Ցլիկը հավատացած էր, որ այդպես է և մսուրի տակից դնչիկը հանած մկնիկի համար, այդպես է և գոմի լուսամուտին գործած սարդոստայնը կիսատ թողած ու ականջ դնող սարդի համար: Այդպես էր և գոմ եկած մարդու համար՝ ով գարի շաղ տվեց հատակին, բայց աղավնիները ներքև չիջան: Միայն հիմար հավերի համար, երևի, այդպես չէր, քանի որ կչկչոցով հարձակվեցին կերի վրա՝ փշրելով ղունղունոցի կախարդանքը:

   Երբ այդ ամենը ցլիկը պատմեց նախրից վերադարձած մորը, նե ասաց, որ դա ․․․սէր է: Ցլիկի հոգում տպավորվեց, որ սէրը մի բան է, որ կատարվում է բարձրում՝ վեր թրքոտ, միզահոտ գոմահատակից: Այդ օրից սկսած սկսվեց ցլիկի խորթացումն իր գոմի աշխարհից: Այժմ նա դժգոհ էր գոմի լուսամուտն իր սարդոստայնով փակած սարդից, որ պակասեցնում էր գոմի լույսը: Արդեն զզվում էր հավերի կչկչոցներից, և նրանց հետ վաղուց էր ինչ էլ չէր խաղում: Մկան ծվծվոցն էլ էր ձանձրալի դարձել: Իսկ մարդու արածն անարդար էր համարում ցլիկը, երբ թոկով իրեն կապեցին մսուրից և մայրական կաթի տեղ ստիպեցին չոր խոտ ուտել: Ցլիկը դժգոհեց՝ չկերավ անհամ խոտը, որը ծակծկում էր դունչը: Մայրը ցլիկին հորդորում էր խոհեմ լինել, ենթարկվել, քանզի աշխարհում մտրակ կա, որը սարսափելի բան է: Բայց ցլիկը համառում էր: Երբ շատ էր քաղցած լինում՝ ճիգեր գործադրելով վզից հանում էր պարանը և ծծում էր մորը: Մարդը մեկ-երկու անգամ ներողամիտ եղավ՝ տուն տանելով սովորականից քիչ կաթը: Երրորդ անգամ մարդու ձեռքին հայտնվեց մտրակը: Այդ օրից ետ ցլիկը սարսափեց մտրակից և սկսեց ուտել չոր խոտը, լիզել մսուրի մեջ դրած աղակտորը՝ վզին արդեն երկաթե շղթան:

   Անցնող օրերի հետ ցլիկը զգում էր, որ առաստաղը փոքր-ինչ ցածրացել է, որ հատակի մեկ սալն այլևս չի հերիքում, երբ ինքը պառկում է, որ վզի շղթան թեթևացել է: Ցլիկի հոգում, ինչպես գիշերաթիթեռը լամպի շուրջը, սկսեց պտտվել նախիր գնալու միտքը: Ցլիկի հիշողության մեջ մնացած մոր պատմությունները նախրի մասին ելան-կանգնեցին իրենց երեր ոտքերի վրա, ինչպես ցլիկը ծնվելուց հետո: Սակայն եկել էր գոմերելու ժամանակը: Ամբողջ ձմեռ ցլիկը լսում էր մոր պատմությունները նախրի մասին, և մտովի վազվզում, տրտինկ էր տալիս գալիք երջանկության մեջ:

   Սպասման միապաղաղությունը խախտվեց միայն մեկ անգամ: Այդ օրը, սովորականի պես, փոքրիկ տաբուրետին նստած կինը կթում էր մորը, երբ գոմ եկավ տղամարդը՝ բերելով քթոցով խոտը: Ցրտից շփելով ձեռքերը՝ նա խոտ լցրեց մսուրը և սկսեց ցախավելել թրքնոցը: Գոմի տաքությունը, երևի, ինչ-որ բան հալեցրեց նրա մեջ: Նա սկսեց բաներ ասել կնոջը, որից կինը  ժպտում էր: Տղամարդը մի կողմ դրեց ձեռքի ցախավելն ու մոտեցավ կնոջը, ձեռքը կոխեց ներա ծոցը: Մեկ-երկու կոճակ պոկվեցին՝ ազատություն տալով կնոջ գիրգ ծծերին: Հետո ցլիկը տեսավ, թե ինչպես կինը երկու ձեռքերով հենվեց մսուրին, իսկ տղամարդը գրկեց ներա կոնքերը: Կնոջ կրծքից դուրս թռած ծծերը զողանջող զանգերի պես տարուբերվուն էին տղամարդու շարժումներից:

   Ցլիկը նայում էր մարդկանց ու զգում էր, որ ոտքերի արանքից ասես շիկացած մի երկաթ փորատակն այրելով առաջանում է: Այդ անսովորությունից ցլիկը մզզաց, որը գրավեց տերերի ուշադրությունը: Նրանք, չդադարեցնելով իրենց շարժումները, ժպտացին՝ մեկմեկու ցույց տալով ցլիկին:

    -Սէր է,- ասաց ցլիկին մայրը, որ գոհությամբ ծամում էր քիչ առաջ մսուրը լցրած խոտը՝ գոհ, որ ազատվել է կաթնագեղձերն ու կուրծքը ճնշող ցավից:

   Մարդկանց նվաղումներին անտարբեր՝ ցլիկն ուզեց հավաստիանալ․ մսուրի տակից դնչիկը հանե՞լ է մկնիկը, իր գործը թողած նայո՞ւմ է սարդը, ո՞ւր է գիշերաթիթեռը, կտրվե՞լ է, արդյոք, մեզի ու թրիքի հոտը, ո՞ւր է իրեն պատած հրճվանքը: Չկային ոչ մեկը: Լոկ դույլով կաթն էր շուռ եկել ու հոսում էր թրքնոցը:

   Այս ի՞նչ է արել սիրո հետ մարդը, այս ո՞ւր է իջեցրել երկնածին սէրը: Չէ՞ որ այն բարձրում է լինում, վերևում, ինչպես ինքը հավաստիացավ առաջին անգամ աղավնիներին նայելիս, ոչ թե թրքոտ, միզահոտ գոմահատակին: Ու ցլիկը զզվանքով շուռ տվեց գլուխը, երբ իրենց գործն անելուց հետո նրա գավակն էին շոյում տղամարդու կոշտ ու կանացի նուրբ ձեռքերը:

   Մարդկանց գնալուց հետո մնաց գոմահատակին թափված կաթի ճերմակ հետագիծը և լսվեց գոմասյան տնքոցը՝ չգիտես ուսին պահած երդիկի ծանրությո՞ւնից, թե՞՝ տեսածից:

                                                                                   3․

   Արևի ճառագայթները հալեցրին գոմի լուսամուտին ձմեռ-սարդի հյուսած ճերմակ սարդոստայնը: Լուսամուտից ներս ընկած լույսի սյունով դեպի երկինք փորձեցին թռչել աղավնիների ձագերը: Անգիտակից արգելքին՝ նրանք կրկին ու կրկին զարնվում էին լուսամուտի ապակուն՝ ավերելով գերանների ճեղքերում ձմեռած սարդի գործած նոր սարդոստայնը: Մսուրի տակ փորած ծակով մի քանի մուկ էին արդեն ներս ու դուրս անում՝ գոմահատակին գարու հատիկներ գտնելու հույսով: Տախտակներով սարքած ցլիկի նախկին տեղում մի քանի խոճկորներ հայտնվեցին: Վերջիններիս մռթմռթոցներն էլ ավելի ամրացրին ցլիկի նախիր գնալու ցանկությունը: Անգամ հիշողությունը, թե ինչպես էր մարդը տավոտ քսում մոր վնասված կճղակներին, անգամ մոր զգուշացումը, որ նախրապանը մտրակ ունի, որ նախիրն ունի իր օրենքներն ու բարոյական չափանիշները, որոնց պետք է ենթարկվել, ոչինչ այլևս չէր կարող ցլիկին ետ պահել նախիր գնալու մտադրությունից: Ցլիկի հոգին դուրս էր թռչում մարմնից, որը ոչ թե սև, ողորկ կաշվով պատված զանգվածն էր, այլ գոմն էր, որն այլևս անտանելի էր դարձել նրա համար:

   Երբ առաջին անգամ ցլիկին թողեցին նախիր՝ զարմացավ, թե այդքան ժամանակ ինչպե՞ս է ապրել գոմում ու թե ինչո՞ւ է գոմի աշխարհը լավագույնը համարել: Իր մոզիական հայացքների վրա ցլիկն այժմ մզզում էր կարեկցանքով: Նոր աշխարհով ցլիկի ոգևորությունն այնքան մեծ էր, որ մոր խորհուրդները մոռացած նա թռչկոտում էր նախրով մեկ՝ չլսելով մոր զգուշացումները, որ դա վտանգավոր է, որ հարգի նախրի օրենքները, այլապես դա կանեն ցլի կոտոշները: Եվ, որպես օրինակ, ցույց տվեց խոշոր կրծքով, կլոր գավակով ու բոզ մաշկով մի կովի, որի աչքերում ծփացող թախիծ կար: Թե ի՞նչն էր պատճառը՝ մայրը չասաց: Ցլիկի հարցերը մայրը չլսելու էր տալիս կամ չէր պատասխանում:

   Չորչորուկ, թրքոտ մի կով ինչ-որ բան էր տարածում նախրով մեկ: Ասում էին, թե ցլի պատվերն է կատարում:           Թրքոտ կովի ջանքերն, ի վերջո, պսակվեց հաջողությամբ: Նախիրն իր հասարակությունից դուրս թողեց բոզմաշկ կովին: Հետայդու այդ կովը ուշ էր գալիս նախրի հավաքատեղի, միշտ քայլում էր նախրի վերջից և արածում էր առանձին, որի համար էլ արժանանում էր նախրապանի հայհոյանքներին ու մտրակի հարվածներին: Հենց թրքոտ, չորչորուկ կովն էլ ցլիկին բացատրեց, թե բանն ինչում է: Ցլիկը հասկացավ, բայց նրա համար ոչինչ չփոխվեց, ինչպես նախրի մյուս անդամների համար էր եղել, որոնք անտարբեր նայում էին, թե ինչպես է ցուլը կոտոշները երբեմն կոխում առանձին արածող կովի կողերը:

   Ի հեճուկս նախրի, մի օր, ցլիկը դուր գալ ուզեց նախրից մերժված կովին: Առանձնացավ նախրից ու ներա հետ սկսեց արածել: Որքան հաճելի էր ներա հետ կողք-կողքի արածելը բարձրլեռնային այդ արոտավայրում, որն այնքան մոտ էր Երկիր գոմի կապույտ առաստաղին: Նախրապանի մտրակն էլ ցլիկին չբաժանեց  ներանից: Երկրորդ անգամ, երբ նախրապանն ուզեց մտրակել, ցլիկը կախեց գլուխը, տնկեց կոտոշները և, ներքևից վերև նայելով, գնաց նախրապանի վրա: Հետայդու նախրապանը նրանց հանգիստ թողեց: Մայրն անհանգիստ էր, համաձայն չէր ցլիկի հետ և անդադար կրկնում էր, որ ցուլը նախրում հեղինակություն է, որ նրա դեմ ոչինչ չի կարող անել ցլիկը: Բայց ցլիկը չէր լսում մորը: Վտանգի դեմն առնելու համար՝ մայրը որոշեց ցլիկի խենթացած սիրտը տրորել նախրի կարծիքով: Բայց դա էլ չօգնեց՝ որքան էլ մայրը կրկնում էր, թե նախիրը չի խրախուսում այդ կապը, որ նախրի կարծիքը հաշվի չառնելը վտանգավոր է, որ նախիրը զորեղ է, որ ցլիկը միայնակ ոչինչ չի կարող անել ընդդեմ նախրի:  

   Մի օր, նախրատեղ տանող ճամփին, տներից մեկի բակից մի ցուլ նախահարձակ եղավ: Նախրի ցուլը և նախահարձակն իրենց հզոր ճակատներն իրար դեմ տված՝ փնչում էին, պտույտներ գործում: Ցլիկն ուզեց մոտ գնալ, բայց մայրն արգելեց՝ վտանգավոր է: Անգամ նախրապանը, որ ձեռքին մտրակ ուներ, կանգնած դիտում էր: Ցլերի կճղակների տակ, երկու ցլերի երկարությամբ, հողը շրջանաձև տապկվել էր: Ի վերջո նախահարձակ ցուլը փռվեց գետնին ու տխուր մզզաց:

   Նախրի հաղթած ցուլը կոտոշները ցուցադրաբար ցլիկի կողը կոխեց՝ նրան մի կողմ հրելով, երբ միացավ նախրին: Ցլիկը հասկացավ, որ մտրակից հետո երկրորդ սարսափելի բանն աշխարհում կոտոշներն են:

   Նախրատեղից վերադառնալիս, երբ անցան այն տան մոտով, ուր կռվել էին ցլերը, ցլիկը տեսավ տապկված հողի սև շրջանակի մեջ ընկած պարտված ցլի ճմռթված կաշին: Ճողված քայլվածքով մեկն էլ ձեռքի դանակներն էր սրում ցլին կլանած այդ շրջանակի մեջ: Ցլիկը զգաց, որ մտրակից ու կոտոշներից բացի, թերևս, կա և երրորդ սարսափելի բանն աշխարհում: Կարճահասակ, ճողված քայլվածքով այդ մարդը մնաց ցլիկի մտքում:

                                                                                      4․

   Եկավ գոմերելու ժամանակը: Դաշտային ծաղիկների բույրը, սարերի զովությունը, թարմ կանաչի համը տրորվեցին թրիքի ու մեզի հոտից: Դռատակից փչող քամին քիչ-քիչ դարձավ դեղին միզասառույց ու փակեց գոմ մտնող ցրտի ճամփան: Ամբողջ ձմեռ ցլիկը տրվեց հուշերին ու վրեժին: Նա զգում էր, թե ինչպես է սիրտը լցված ատելությունը հոսում դեպի օրեցօր ամրացող, հզորացող կոտոշները, որոնք հարկ եղավ գործադրել մի օր, երբ ջրի ճամփին խենթացավ ձմռան ընթացքում բյուրեղացած կարոտից ու վազեց դեպի բոզ մաշկ ունեցող կովի գոմը: Ներան նույնպես ջուր խմելու համար դուրս էին թողել գոմից: Երբ ցլիկը հասավ ներան՝ գռին հակված մի ցլիկ թիթիզացավ, նախահարձակ եղավ, սակայն պարտվելով թողեց հեռացավ: Ցլիկը դունչը դրեց ներա մեջքին, ձուլվեց ներան ու լայն բացած ռունգներով սկսեց շնչել ներա հոտը: Իսկ ետևից հասած տերը մտրակում էր այն խաբկանքը, որը կարծում էր, թե իր ցուլն է:

   Այդ դեպքից հետո ցլիկին այլևս գոմից դուրս չթողեցին: Այժմ դույլով էին ջուր տալիս նրան: Ցլիկի սիրտը մզզում էր կարոտից: Նա փորձում էր վզից հանել երկաթե շղթան, ինչպես հորթ եղած ժամանակ պարանն էր հանում ու ծծում մորը, բայց չէր հաջողում: Մայրն ասում էր, որ դա մոզիական հափշտակություն է, որ կանցնի, երբ ցուլ դառնա: Բայց ցլիկը գիտեր, որ իր զգացածը ոչ թե մոր ասած մոզիական հափշտակությունն է, այլ՝ աղավնիների հետ կատարվածն է: Ու ցլիկը համբերատար սկսեց սպասել ձմռան ավարտին:

   Երբ գոմի դռատակին կպած դեղին միզասառույցը հալվեց՝ տերը նախիր թողեց կովին, իսկ ցլիկին՝ ոչ: Քիչ հետո տիրոջ հետ գոմ եկավ կարճահասակ, ճողված քայլվածքով մարդը, որը շոյեց ցլիկի կլոր գավակը և գոհունակությամբ տմբտմբացրեց գլուխը:

   -Ի՞նչ կասես, Օնո,- հարցրեց տղամարդը:

   -Լավ ցուլ է, Սերոժ, – ասաց ճողված քայլվածքով մարդը: – Գնամ ավտոյի միջից դանակներս բերեմ:

   Ու իր ճողված քայլվածքով դուրս գնաց գոմից: Ցլիկը հիշեց, որ մտրակից ու կոտոշներից բացի դանակն է երրորդ սարսափելի բանը: Վախը, դանակի պես, խրվեց ցլիկի սիրտը: Ու նոր միայն գիտակցությանը հասավ մարդկանց խոսակցությունը, որ ինքն արդեն ցուլ է դարձել: Ասես կրկնակի ուժ զգաց մեջը և թափ տալով մսուրից պոկեց վզի շղթան ու գնաց դեպի դուռը: Ճամփան փակած տերը ձեռքին մտրակ ուներ, բայց սէրը հզոր էր մտրակի նկատմամբ ունեցած վախից: Ցավից գոռալով տերը մի կողմ շպրտվեց՝ կողերը բռնելով: Ցլի հարվածից հազիվ խուսափեց դանակներն առած գոմ եկող մսագործը:

   Թարմ օդից մանր, սարսուռ ալիքներ վազեցին ցլի մեջքի վրայով՝ դրոշի պես փողփողացնելով սև մաշկը ջլապինդ պարանոցից մինչև հաստ, երկար փոչը: Նախրատեղում նախիրն արդեն չկար: Ցուլը տեսավ դիմացի սարալանջին հասած նախիրը ու գնաց այնտեղ: Նե չկար նախիրը եզրափակողների մեջ: Դեմը ելավ նախրի ցուլը՝ աչքը կոխելով իր ծաղրանքը: Ցուլն արդեն գիտեր, որ սրտից հոսած ատելությունը վերջնականապես երկու հաստ եղջյուրների տեսքով ցցված են գլխին և ինքը պատրաստ է այլևս:

   Երրորդ ընդհարումից հետո ցուլը տեսավ, թե ինչպես ինքնավստահ, գոռոզ հակառակորդը, որ հեղինակություն էր նախրում, խույս տվեց ու փախավ: Ցլի կողքին իսկույն հայտնվեց չորչորուկ, թրքոտ կովն ու գովեց նրա ուժը՝ ասելով, որ նա իսկական ցուլ է դարձել, որ նույն կարծիքին է և ողջ նախիրը: Դա զգաց նաև ցուլը՝ տեսնելով, թե ինչպես են կովերն իրենցից հեռու քշում պարտված ցլին: Բոլորի հայացքները հաղթողին էին ուղղված: Թրքոտ կովը բզզում էր ցլի ականջին, որ նախրի կովերից կարող է ընտրել որին ուզում է: Բայց ցուլն անտարբեր էր բոլորի նկատմամբ․ ներան էր փնտրում:

   Երբ հեռվում ինչ-որ գյուղ երևաց՝ թրքոտ կովն ասաց, որ նե հիմա այդ գյուղում է, ուր տերն է տարել, քանզի վստահ է, որ իր կովի անցյալ տարվա ստերջությունը ծերացած ցլից է:

   Ցլին թվաց, թե արևն իրենց գոմի դռատակի դեղին միզասառույցի մի կտորն էր, որ կաթիլ-կաթիլ հալվեց-սպառվեց ու ամեն ինչ ընկղմվեց խավարի մեջ: Երակներով, արյան տեղ, թվաց լեռնագագաթների ձյան պաղությունը սկսեց հոսել: Հուսահատությունից թոքերի ողջ ուժով ցուլը բառաչեց ու պոչը պնկած վազեց իրեն պատած խավարի միջով:

   -Մի դրան տես, է,- ասաց նախրապան՝ վազող ցլին նկատելով:

   -Էդ ո՞ւր,- գոռաց նախրաապան վազելով:

   -Քո մուրը քո գլուխը,- հևասպառ կանգնեց նախրապան՝ չհասնելով ցլի ետևից:

   Երբ ցուլը հասավ երևացող գյուղը՝ սկսեց անդադար բառաչել: Մարդիկ խույս էին տալիս սև մահի առջևից, որն անկանոն վազում էր՝ ահ ու սարսափ տարածելով գյուղում: Վախը համախմբեց մարդկանց և նրանք մտրակ ու փայտեր առած փորձեցին զսպել չգիտես որտեղից հայտնված ցլին: Այդ հալածանքը կատաղության հասցրեց ցլին:

   -Փրկեք, փրկեք․․․տղայիս․․․

   Ութամյա մանչուկը տեսավ մոտեցող ցլի հզոր ճակատը, պատռված մռութից հոսող արյան շիթը, և ակամա ձեռքերով պաշտպանեց ծոցում թաքցրածը: Ցլի հարվածից հետո երկիր-երկինքը շուռ եկավ մանչուկի համար: Կատաղած ցուլը քայլեց՝ կճղակների տակ տրորելու գետնին ընկած զոհին: Մինչ ցուլը մոտենում էր՝ մանչուկի կուրծքը սկսեց տրոփել: Այդ նկատելով մայրը նետվեց դեպի որդին՝ անտեսելով մահը:

   Երկու ճերմակ աղավնիներ տղայի ծոցից թռան երկինք: Անակնկալի եկած ցուլը մեխվեց տեղում՝ աչքն աղավնիներին:

   Երանի ինքն իր սէրը կարողանար տանել այնտեղ, ուր անասնական օրենքներն ու կոտոշների չեն, որ վճռում են ամեն ինչ, ուր չկա նախիր, հալածող մարդիկ, որոնք այլասերել են սէրն այնպիսի դաժանությամբ, ինչպես որ հիմա իր հետ են վարվում․․․

   Այդ պահին մի մեքենա արգելակեց քիչ այն կողմ: Մեքենայից իջավ ու ցլին մոտեցավ ճողված քայլվածքով մարդը՝ ով թիկունքի ետևը թաքցրած դանակ ուներ:

   Վերջին բանը, որ ցուլը տեսավ, դա կապույտ երկնքում ճախրող ճերմակ աղավնիների կարմրելն էր՝ մինչ կոտոշների արանքը մխրճված դանակի հարվածից գետին կտապալվեր:

                                                                                                                                   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *