Երկուշաբթի էր: Կեսօր: Աղա Հեյդարին ձեռքը ճակատին տարավ: Մտածեց՝ ջերմում է: Տհաճություն էր զգում, օձիքը սեղմում էր կոկորդը: Իջեցրեց կողային ապակին, գլուխը հանեց պատուհանից: Օդը լի էր թանձր ու բարկ ինչ-որ բանով, որ խցանում էր շնչափողը, ծանրանում մաշկին: Գրպանից հանեց թղթի մի պատառիկ և մեկ անգամ ևս ուշադրությամբ կարդաց ցուցակը, որ կինն էր կազմել: Նախ զարմացավ՝ ինչո՞ւ է այդքան քաղցրեղեն ու միրգ ուզել, հետո հանկարծ հիշեց՝ մեհր ամսվա տասնյոթին իր ծննդյան օրն է: Եվ ծիծաղեց: Առանց պատճառի ոտքը արագարարին դրեց ու ազդանշան տվեց: Կողքին տաք կաթսան էր: Երեխաների ճաշի կաթսան: Ավելի մոտ դրեց: Մատները մտցրեց կանթերի մեջ և հարմար տեղավորեց: Ճանապարհը խցանված էր: Մի քիչ առաջացավ, հետ քշեց, հետ ու առաջ արեց ու հասկացավ՝ ճար չկա: Շարժիչն անջատեց և գլուխը հուսահատ հենեց թիկնակին: Հանեց օրացույցը, թերթեց: Չէ՛, չէր սխալվել: Երկուշաբթի՝ մեհրի տասնյոթին, իր ծննդյան օրն էր: Հաշվեց մտքում, ապա տարակուսած ու ապշահար ծալեց մատները և համոզվեց՝ ուղիղ երեսունինը տարեկան է: Զգաց, որ միանգամից քորը պատեց մաշկը, և կոշիկներն ասես մի քանի համար փոքրացան: Հանեց բաճկոնն ու աճապարանքով արձակեց օձիքը: Մտածեց. «Դեռ երեկ երեսուն տարեկան էի: Այդ ինչպե՞ս միանգամից երեսունինը դարձա»: Թոթվեց ուսերն ու սկսեց քչփորել եղունգների տակը: Նայեց շուրջն ու ձեռքը դրեց ազդանշանի կոճակին: Մեքենաները խցկվել էին ամենուր և զուր գրոհում էին, հենց մի անկյուն էր ազատվում: Հեյդարին գլուխը հանեց պատուհանից և կողքի մեքենային նայելով՝ բողոքեց: Սրան-նրան տվեց մի քանի հայհոյանք, որոնք ոչ ոք չլսեց: Պտտվեց և վերադարձավ այն ճանապարհով, որով եկել էր: Կաթսայից ծղրիդի սուլոցի նման ձայն էր գալիս: Խաղաղվեց: Վերցրեց կաթսան և ուշադիր տնտղեց տակն ու վրան: Մրմնջաց. «Հավանաբար կանթի պտուտակն է ընկել: Ափսոս: Պիտի հենց այսօր նորոգեմ: Հենց տուն հասնեմ: Հե՛նց այս իրիկուն»:
Կարմիր լույս էր: Արգելակեց: Գրպանից ծխախոտ հանեց, վառեց: Կոկորդը չորացել էր, բերանում դառնություն կար: Հանգցրեց գլանակը, դեն նետեց: Ծառերի հետևից ձայներ լսվեցին. մի քանի հոգի փոքր դագաղ էին տանում՝ ուսերին դրած, և հոգնած՝ անկանոն, խառնիխուռն փառաբանումներ հղում: Թափորի հետևից մի քանի սևազգեստ կանայք էին քայլում: Ողբում էին ու իրենք իրենց զարկում: Կականն ու փառաբանումները ի չիք դարձրին ուռռաներն ու ուրախ բացականչությունները, որոնք տարածվում էին շրջակա բարձրախոսներից: Գունավոր լույսերի ու դրոշակների, ամբոխի միջով դագաղն անցկացնելը դժվար գործ էր: Հեյդարին ձեռքի երեսով մաքրեց դեմքի քրտինքը և բարկացած գոռաց. «Ապակուն ձեռք մի՛ տուր: Չե՛մ ուզում, կորի՛ր, մի՛ կողմ գնա»: Շարունակեց ճանապարհն ու ոտքը դրեց արագարարին: Ժամացույցին նայեց: Շատ ժամանակ չուներ: Նախ պիտի կաթսան դպրոց հասցներ, հետո լվացքատնից վերցներ շորերը, կնոջ պատվիրածը գներ, տուն գնար, ճաշեր և վերադառնար աշխատանքի: Հիշեց՝ գործից հետո էլ պիտի աներ-զոքանչին տեսության գնա, և հոգնածությունն ավելացավ:
Ընթացքն արագացրեց ու թեքվեց: Մեկը վազեց մեքենայի առջևով: Գոռաց, ձեռքերը վերուվարեց, սպառնաց ու հայհոյեց: Կաթսան տարուբերվեց, թեքվեց և արդեն շրջվում էր, երբ սարսափահար Հեյդարին օդի մեջ բռնեց այն: Մաքրեց կափարիչը, եզրերի յուղը սրբեց բաճկոնի թևքով: Ներսում տարօրինակ մի բան զգաց. սիրտն աստիճանաբար ավելի ու ավելի էր ծանրանում ու մեծանում: Մեքենաները խցկվում էին իրար մեջ: Հետևում կարմիր ցոլքեր էին: Ծառերի ճյուղերի արանքներից կայծկլտում էին գույնզգույն լույսեր, ամենուր վառվռուն ցուցանակներ էին, ծաղիկ ու շատրվան: Մեկ էլ մեքենայի պատուհանից մի տրցակ տոմս հայտնվեց նրա քթի տակ և փակեց տեսադաշտը: Հեյդարին տարուբերեց գլուխն ու երեսը շրջեց: Հետևի մեքենայի վարորդն անընդհատ ազդանշան էր տալիս ու հայհոյում սրան-նրան: Հեյդարին զգաց, որ գլուխն այրվում է, և ականջների մեջ արձագանք կա: Ձեռքը սպառնալից թափահարեց ու գոռաց. «Առել եմ, երկու հատ առել եմ»: Գրպանից մի քանի ճմռթած տոմս հանեց և նետեց դուրս: Բարձրացրեց կողային ապակին ու լեզուն պտտեցրեց չորացած շուրթերի վրայով: Տաքսիները շրջապատել էին նրան, ամեն կողմից մի բան էին ասում: Բարձրախոսներից տարածվում էին ճառեր և ուժգին ծափահարության ձայներ: Բոլորը վազում էին: Բոլորը հևասպառ էին: Բոլորը ցաքուցրիվ էին մեքենաների, անիվների ու սայլերի արանքում: Բոլորն էլ ըմբոստ, հոգնած ու ուժասպառ իրար էին նայում ու անցնում: Հեյդարին սեղմեց շուրթերը և կարողացավ անցնել երկու մեքենաների արանքով, որոնց վարորդները վիճում էին: Անտեսեց կարմիր լույսն ու շտապ թեքվեց դեպի Ֆիրդուսու փողոց. երեխաների ուտելիքը սառչում էր: Ձեռքը սահեցրեց կաթսայի վրայով և նայեց ժամացույցին: Հիշեց՝ պիտի երեսունինը մոմ գնի: Հիշեց՝ երեխաների բուժզննման և պատվաստման ժամանակն է: Աչքերի առաջ եկավ կինը. հղի է, մոտ օրերս կծննդաբերի: Ձեռքը դրած ցցուն փորին՝ ոտքերը լայն բացած քայլում է: Կռանում է և դժվարությամբ հավաքում օրաթերթերը հատակի վրայից: Ասում է. «Վա՜յ, այն մարդու կնոջ ու երեխաների նկարներն են, որ մեռավ: Ախր, ասա՛, խելքը գլխին մարդը նման ախտով կվարակվի՞: Կին-երեխա ունեցող մարդը վեր կկենա, կգնա, կընկնի գլխացավանքի մե՞ջ »:
Մտածեց. «Հաստատ տարեդարձի առթիվ հարևաններին էլ է կանչել: Երևի նորից մեծ տորթ է առել ու մոմերով ծածկել»: Պատկերացրեց երեխաներին, որ պտտվում էին իր շուրջը, ծափ տալիս, ծիծաղում: Մեկը սենյակի անկյունից գոռում էր. «Կեցցե՛ անցած երեսունինը տարիները»:
Սև գլխարկով ու կարմիր դրոշակով մի նիհար ու երկար տղա բուսնեց դիմացը և ոտքը գետնին զարկեց: Ոստիկան էր: Հեյդարին, քնից վեր թռածի նման, ոտքը արգելակին դրեց: Կաթսան թեքվեց: Դիպավ ոտքին, կափարիչն ընկավ: Ինքն իրեն պարսավեց, բռնեց կաթսայի կանթերից , կափարիչը երկու անգամ պտտեցրեց: Պտուտակն ընկել էր, բռնակը չխկչխկում էր: Մրմնջաց. «Հենց այս իրիկուն կսարքեմ»: Նայեց շուրջն ու տեսավ, որ ամենուր մեքենաներ են, սայլեր, հեծանիվներ, և փախուստի տեղ չկա: Կողքին մի փքված, գեր կին երկու ձեռքով բռնել էր ղեկը և աչքը չէր կտրում լուսացույցից: Հեյդարին ակամայից նայեց նրան: Նայեց նրա ուռած աչքերին ու կախ ընկած կրկնակզակին: Նայեց հինայագույն մազերին և բազուկների թոշնած, մերկ մաշկին և թեքեց երեսը: Գրպանից ծխախոտ հանեց ու զայրացած վառեց: Ձեռքը սահեցրեց գրեթե ճաղատ գլխի վրայով և աճապարանքով հետ քաշեց: Մտածեց. «Խանո՛ւմ ջան, հեչ մտքովդ անցնո՞ւմ է, որ այսօր երեսունինը տարեկան եմ դառնում: Դու էդ տեսակ բաներից տեղյա՞կ ես: Դու ո՞նց ես քեզ զգում այդ ուռած դեմքով, սև-սպիտակ մազերով: Դու քանի՞ տարեկան ես: Դու ի՞նչ գործի ես ու գիշեր-ցերեկդ ո՞նց է անցնում»:
Աչքի պոչով ակամա նայեց հայելու մեջ: Տեսավ՝ մազերը թափվել են, աչքերի ու շուրթերի շուրջը մանր կնճիռներ են հայտնվել: Երեսը շրջեց ու շարունակեց ճանապարհը: Ձեռքը դրեց ազդանշանի կոճակին, ատամներով սեղմեց գլանակը: Կաթսան զգուշորեն վերցնելով՝ տեղավորեց ոտքերի տակ, որպեսզի վրան արև չընկնի: Նայեց ժամացույցին ու հասկացավ՝ կարգին ուշացել է: Երեխաները, դպրոցի ցանկապատին սոսնձված, ուտելիքին էին սպասում, կինն էլ պատուհանի մոտ անհանգիստ այս ու այն կողմ էր գնում:
Արևն ընկել էր մեքենայի վրա: Հագի խոնավ վերնաշապիկը կպել էր նստարանի հենակին: Գլուխը դուրս հանեց, ասելով.
-Ի՞նչ է, ինչո՞ւ մի կողմ չես գնում: Չե՞ս տեսնում, ճամփան իմն է: Դե՛, հիմա մի կողմ քաշվիր:
Մրմնջաց. «Առաջին անգամ է, որ ուշանում եմ: Առաջին անգամ է, որ երեխաներիս կերակուրը ժամանակին չեմ հասցնում»:
Նախորդ օրվա օրաթերթը վերցրեց ու թերթեց: Կնոջը հիշեց, որն ասում էր. «Էս Չե Գևարան ի՜նչ գեշ է: Կապիկ ոնց որ լինի: Ի՜նչ էլ չաղ է: Ի՜նչ ծիծաղելի մորուք ունի: Էս տեսակ մարդիկ բանի պետք չեն… ինքնագոհ են, գլխացավանքի բուն… Սրանք լավ կյանքի գինը չեն հասկանում»:
Հետևում մի փոքր տաքսի անդադար առաջ ու հետ, այս ու այն կողմ էր անում ու տեղում խլվլում: Միջից վարորդը գոռաց, թե հիմա թերթ կարդալու ժամանա՞կ է: Հեյդարին բանի տեղ չդրեց և շարունակեց թերթել օրաթերթը: Կինն ասում էր. «Չէ՛, էս մարդն իր կնոջը չի սիրել… Անհնա՛ր է: Երեխաներին էլ չի սիրել: Գուցե հարյուր ընկեր է ունեցել: Էն կուբացի փնթի կանանցից: Լավ եղավ, որ մեռավ: Կնոջ անեծքն է բռնել»:
Աջ կողմում նեղ փողոց էր, և բոլորը ներխուժում էին: Ձախը միակողմանի էր, և հնարավոր չէր պտտվել: Ոստիկանը սուլեց փողոցի մեջտեղում և թոթվեց ուսերը: Հեյդարին իջեցրեց ապակին՝ գլուխը դուրս հանելով: Փողոցի աղմուկի մեջ ձայնը կորավ, իսկ փոշոտ ու բարկ օդից հազն ընկավ կոկորդը:
Փչում էր տաք ու չոր քամին՝ մեղմ տարուբերելով էլեկտրասյուներից կախված դրոշակները: Ճամփա ընկավ՝ զգուշորեն սեղմելով ոտնակը: Մեքենան անչափ տաքացել էր և քիչ էր մնում՝ եռար: Ինքն իրեն ասաց. «Ինչ գնով ուզում է լինի, պիտի դպրոց՝ երեխաներիս հասնեմ… Սովոր են կեսօրին ճաշելուն: Երևի հիմա սոված են և դպրոցի դռան հետևում րոպեներն են հաշվում»: Վերցրեց կաթսան և ավելի հարմար տեղավորեց: Միտքն ընկավ՝ կաթսան յոթ տարի առաջ է գնել, երբ մեծ տղան առաջին անգամ դպրոց էր գնում: Դրանից հետո այդ կաթսան մշտապես իր կողքին է: Ամեն օր՝ կեսօրից հետո… նույնիսկ արձակուրդի որոշ օրերի: Կարծես հավատարմության պայմանագիր էր կնքվել նրանց միջև, ստեղծվել էր մի տեսակ բնական կապ: Մտածեց՝ յոթ կլոր տարի այս ճանապարհով գնացել-եկել է և չի դժգոհել: Յոթ տարի գլուխը կախ ասել է՝ հա՛, անպայմա՛ն, եղա՛վ: Սրտի խորքում ցանկացել է, որ երեխաները շուտ մեծանան, իրենից ձեռք քաշեն, և այլևս այդ կաթսան տանել-բերելու անհրաժեշտություն չլինի: Բայց ի՞նչ օգուտ: Հետո էլ ուրիշ օրեր կգան: Ուրիշ օրեր… անմազ գլուխ, ուռած դեմք… և էլի նույն գիշերներն ու անելիքը, նույն պարտականություններն ու անհանգստությունները, նույն թրջելն ու չորացնելը, նույն օրորոցայիններն ու անքնությունը:
Տեսավ՝ շրջադարձին վթար է եղել, գուցեև՝ վրաերթ: Հարցրեց.
-Ի՞նչ է պատահել:
Ոչ ոք չգիտեր: Շտապօգնության մեքենայի ազդանշանները թույլ չէին տալիս լսել ձայները: Հեյդարին հասկացավ՝ պետք է կրկին սպասի: Համբերի ու բառ չարտաբերի: Ձեռքը սահեցրեց կաթսայի վրայով. ամբողջովին սառել էր: Ուղղեց հայելին և աչքն ընկավ իր վրա: Մրմնջաց. «Ոչ ոքի մտքով չի անցնում, որ այսօր երեսունինը տարեկան եմ դառնում: Ի՜նչ շուտ մազերս թափվեցին, ինչո՞ւ է մաշկս այդքան դեղնել ու կնճռոտվել: Եվ մյուս տարի հենց այս ժամանակ նույն այս փողոցում՝ նույն կաթսայի կողքին, կդառնամ քառասուն»: Ինքն իրեն հարցրեց. «Քառասուն տարին ի՞նչ է: Սկի՞զբ, թե՞ վերջ: Ո՞ր մեկն է»: Ուսերը թոթվեց՝ ասելով. «Ի՞նչ տարբերություն, ինձ համար այս նույն ճանապարհն է՝ գուցեև մեկ ուրիշ կաթսայի, մեկ այլ հղիության, մեկ ուրիշ երեխայի ուղեկցությամբ»: Աչքերի առաջ եկավ կինը. պտտվում է սենյակում և հավաքում մանր-մունր իրերը: Շորերի վրա նավթալին է լցնում ու բարկացած անջատում ռադիոն: «Հիմա էլ ուզում են խելագարին աստված սարքել: Ոչ ոք չի մտածում նրա կնոջ ու երեխաների մասին: Մեկը չի հարցնում՝ էդ խեղճերն ի՞նչ են անելու: Թե ասա՝ ա՛յ մարդ, ի՞նչդ էր պակաս»:
Թախտե Ջամշիդ փողոցից վերև խցանում էր: Հեյդարին զգաց՝ սիրտը կանգնում է: Մաշկի տակ ինչ-որ բան էր խլվլում և տանջում նրան: Հարցրեց.
-Պարո՛ն ոստիկան, կլինի՞ այս կողմով գնամ:
– Չէ՛, եղբա՛յր, ճամփան քանդած է: Չի լինի:
-Բա ի՞նչ անեմ: Ամեն օր էս կողմով գնում եմ: Երեխաներիս դպրոցն էդ կողմում է: Ես գործ ունեմ: Շտապում եմ:
Կողքինը նայեց ու ոչինչ չասաց: Գլուխը հանեց պատուհանից ու թքեց ասֆալտին: Հեյդարին թողեց ղեկը: Ասաց.
-Լա՛վ: Գրողի ծոցը: Ջհանդամը: Կնստեմ հենց էստեղ ու կսպասեմ: Վերջը մի բան կլինի: Վերջը մի բան կփոխվի:
Շարժիչն անջատեց և ոտքը հեռացրեց ոտնակից: Հիշեց տարեդարձի մասին, ծիծաղը եկավ: Պատկերացրեց երեսունինը մոմերը, պատկերացրեց քառասուն մոմերը, քառասունհինգը, մեծ տորթը՝ ծածկված մոմերով, հետո ուժեղ փչելը, որից հանգան բոլոր մոմերը: Հետո՝ ոչինչ: Ինչո՞ւ: Ինչո՞ւ, հետո՝ մոմ շիրմաքարին, յոթ, քառասունք, տարի: Արձակեց ամրագոտին և կոշիկը հանեց: Մարմինը սարսռում էր: Պղպջակի պես ինչ-որ մի բան ինչ-որ տեղից բլթբլթալով բարձրանում էր մաշկն ի վեր և ճայթում ականջի տակ: Թոթվեց ուսերն ու քրթմնջաց. «Վերջը մի բան կլինի: Մի բան տեղի կունենա»: Մտքով անցավ՝ որոշված էր, որ շատ բաներ արդեն պիտի տեղի ունեցած լինեին, մինչև քառասունամյակն արդեն պիտի հազար տեսակ բան կատարված լիներ: Հազար արտասովոր հրաշք, հազար որոշում ու ընտրություն, հազար բացահայտում ու ինքնաճանաչում… գիտություն ու դավանանք: Հիշեց այն օրերը, երբ ոտքն ամուր գետնին էր դնում ու հավատում, այն օրերը, երբ մտածում էր՝ իր ձեռքում է ամեն ինչ՝ լավն ու վատը, պիտին ու չպիտին, այն օրերը, երբ ամենայն անկեղծությամբ ասում էր ինքն իրեն ու ուրիշներին.
-Մենք չենք եկել լոկ դիտելու համար, մենք չենք եկել, որ գոց ականջով ու փակ բերանով նստենք ու ասենք՝ այո՛:
Հիշեց ջահել օրերը: Օրեր, երբ ծրագրեր էր կազմում և հազար նպատակ ուներ: Օրեր, որոնք անհագ սպասում էին իրեն, և ինքն ուներ իր որոշակի տեղը դրանց մեջ: Ջանաց չմտածել: Ջանաց տխրություն պատճառող հին նկարի պես այդ օրերը գրպանում դնել և առաջին պատեհ առիթի դեպքում դեն նետել: Ինչ-որ բանի մեջ՝ նման ջրի մակերեսի օղակներին, պտույտ էր տալիս ու հեռանում: Մտածեց՝ գուցե սխալվել է: Գուցե ձեռքից բաց է թողել ժամանակի հաշվարկը: Մի՞թե հնարավոր է բացել աչքերն ու տեսնել, որ կյանքիդ կեսն անցել է: Մի՞թե հնարավոր է միանգամից երեսունինը մոմ գնել ու մի շնչով մարել դրանք: Հանեց թաշկինակն ու մաքրեց պարանոցը: Աչքերի առաջ եկավ կինը, որը մաքրում էր սենյակի փոշին: Բակը լվացել էր, ծաղկամանի մեջ ծաղիկներ դրել: Կանչել էր սրան-նրան, չամիչով ու ընդեղենով բրինձը, ֆեսենջանը եփել, հիմա էլ նստել, սպասում էր ամուսնուն, որ երեսը համբուրի, չար աչքից պաշտպանող ծխամանը պտտեցնի շուրջը և շնորհավորի տարեդարձը: Հարցրեց ինքն իրեն. «Սիրելի՛ս, այն օրերը հիշո՞ւմ ես: Այն ժամանակվա խոսքերը մի՞տդ են: Մի՞թե դու համոզված չէիր, որ մարդն ազատ է… Բավական է միայն, որ որոշում կայացնի ու ընտրի իր ճանապարհը»:
Առջևի մեքենան պտտվեց ու մի կողմ գնաց: Կանաչ լույս էր: Հեյդարին ոտքը դրեց արագարարին և անցավ Վիլլայի խաչմերուկը: Թոթվեց ուսերն ու ասաց. «Դա հարյուր տարի առաջվա բան էր: Հազար տարի առաջվա էր: Ես այլևս համբերություն չունեմ: Մյուս տարի քառասուն եմ դառնում: Ծերանում եմ: Էլ ուժ չունեմ: Իմ գործն ընտանիքս պաշտպանելն է… երեխաներիս պահելը: Իմ գործն էս կաթսան տանել-բերելն է»:
Չհասած Իրանշահրի խաչմերուկ՝ արգելակեց: Լուսացույցը չէր աշխատում: Թարթում էին կանաչ, դեղին, կարմիր լույսերը: Ոչ ոք չգիտեր իր անելիքը: Բոլորը բղավում էին և բողոքում: Հեյդարին բացուխուփ արեց աչքերը և հուսահատ՝ գլուխը հենեց լուսամուտին: Մի վտիտ ծերունի առվեզրին թափել էր մազ կտրելու գործիքները և խաղաղ նիրհում էր. ժամանակ առ ժամանակ գլուխը պտտեցնում էր, ապշահար շուրջը նայում, և էլի գլուխը կրծքին էր ընկնում: Մնում էր հնազանդ, հանգիստ, խոնարհ, ընտանի թռչունի համակերպվածությամբ ու անտարբերությամբ: Հեյդարին շրջեց երեսն ու կուլ տվեց բերանում հավաքված թուքը: Շոգ էր, հիշեց Մահմուդիե փողոցի զովությունը: Այն օրերը, երբ շուրջն ամեն ինչ նման էր արարչագործության սկզբնական փուլում գտնվող գոյին՝ դեռևս չձևավորված: Այն օրերը, երբ ամեն բան շարժուն էր, փոփոխուն ու իրարից բաժան, և ինքն իրեն ասում էր՝ ես այս ցիրուցան հյուլեներն իրար կմիացնեմ, այս անձև ու անդեմ նյութը կառնեմ մատներիս մեջ, ինչպես կամենամ կչափեմ երկարությունն ու լայնությունը, ջուր ու կավ կխառնեմ, սրտիս ուզած ձևը կտամ: Հիշեց այն օրերը, երբ ինքն իր շուրջը շրջան գծեց և ասաց՝ սա է տիեզերքի կենտրոնը, և ինքը վստահ էր շատ բաների հաստատ լինելու, կայունության ու հարատևության մեջ: Ինքն իրեն հարցրեց. «Սա՞ է այն, ինչ այդքա՜ն տենչում էի: Ի՞նչ պատահեց: Ի՞նչ փորձանք եկավ գլխիս: Կարծես մթնոլորտի մի տարօրինակ հատկություն լուռ ու կամացուկ կապեց ձեռք ու ոտքս՝ առանց թույլ տալու, որ գիտակցեմ դա, կամ գուցե կերածս ուտելիքի ու խմածս ջրի մեջ չեզոքացնող լուծո՞ւյթ էին լցրել, կամ, ես ինչ իմանամ, մոռացության փոշի՞: Չգիտեմ… Ի վերջո, ինչ-որ տեղ ինչ-որ բան արել է իր անտես գործը և հիշողությունիցս սրբել-տարել է ամեն ինչ»: Սիրտը կրակվում էր, աղիները գալարվում էին: Ստամոքսի խոցը հանգիստ չէր տալիս: Խաղաղ ու երկյուղած, այն հիվանդի նման, որը գիտի՝ անխուսափելի պահը մոտ է, անօգնական շուրջը նայեց՝ ինքն իրեն ասելով. «Քանի դեռ ժամանակ կա, շրջեմ գլուխս ու ասեմ՝ ո՛չ: Երանի՜ կարողանամ: Երանի՜ համարձակությունս հերիքի»:
Մեկն անընդհատ հետևից ազդանշան էր տալիս: Հեյդարին հոգնած ու ուժասպառ շրջեց գլուխն ու բղավեց.
-Աղա ջան, համբերի՛ր… Չե՞ս տեսնում՝ առջևը փակ է: Մի րոպե որ ուշանաս, չես մեռնի:
Մեքենան փոքր-ինչ մի կողմ քաշեց՝ հասկացնելով, որ անցնի: Մտքում հայհոյեց: Մրմնջաց. «Ուզես էլ, մեկ ժամից չես մեռնի: Երեք օրից էլ չես մեռնի: Միայն մի օր աչքի պոչով կնայես հայելու մեջ ու կտեսնես՝ ճաղատացել ես, ատամներդ փչացել են և նոր միայն կհասկանաս, որ քառասուն տարեկան ես, հետո՝ հիսուն, հետո էլ մեռնելուդ ժամանակն է»:
Ոստիկանը գոռաց փողոցի կենտրոնից: Հանեց սուլիչը: Պտտվեց իր շուրջն ու ասաց.
-Կանգնի՛ր: Այս կողմից: Ավելի արագ:
Մեկն անցավ մեքենայի կողքով: Խփեց հետնամասին ու անցավ: Հեյդարին ձեռքով սեղմեց որովայնը, կիտեց հոնքերը: Շոգից ոտքերն այտուցվել էին:Կոշիկները սեղմում էին: Լսվում էր կաթսայի կանթի չխկչխկոցը: Ճոճվում էր, և կափարիչը վեր ու վար էր լինում:
Հայրն ասում էր. «Մահմուդը շատ է մտածում: Մահմուդը սովորական երեխա չէ: Մահմուդը հավատում է էվոլյուցիային, կատարելագործմանն ու կատարյալին»: Աղա Հեյդարին ծիծաղեց և ձեռքը դրեց կաթսայի կանթին: Զգաց՝ ինքն էլ է նմանվել կաթսայի, լվացված, մաքուր, թանկանոց կաթսայի, հլու-հնազանդ մի կաթսա՝ գլխին պողպատե բռնակ: Մի կաթսա, որի ներսն ամեն օր լվանում են, մեջը լցնում, կափարիչով ծածկում և այս ու այն կողմ տանում:
Կոկորդում ինչ-որ բան էր վեր ու վար անում: Սիրտն ասես ապառաժ էր դարձել ու ճնշում էր կրծքավանդակը: Չէր հասկանում՝ ինչու հանկարծ նման վիճակի մեջ հայտնվեց: Չէր հասկանում՝ ինչու է մաշկը լայնանում, ինչու են ատամները սեղմում ու ծամում ծխախոտի գլանակը: Ինչու են ականջները շիկացել, և ինչու է կոկորդը ցավում մի ճիչի ճնշումից: Արագացրեց մեքենայի ընթացքն ու թեքվեց: Հիշեց՝ հիմա խանութները կփակվեն, իսկ կինն սպասում է քաղցրավենիքին, մրգերին ու ծննդյան տորթի մոմերին: Տեսավ սեփական կերպարը՝ բամբակե մոխրագույն շալվար հագած, սպիտակ պուտերով կապույտ փողկապը կապած, բաժակը ձեռքին խմում է իր աշխարհ գալու կենացը և հիշում, որ մեկն այսօր առավոտյան ասում էր, որ Մեսգարաբադում այլևս տեղ չկա: Պետք է հիմիկվանից մտածել: Պետք է հիմա մի կտոր հող գնել և ցանկապատել:
Դժվարությամբ անցավ մեքենաների արանքով և կանգառի ցուցանակի առջև դանդաղեցրեց ընթացքը: Ջանաց չմտածել: Ջանաց գլուխը զբաղեցնել խանութի ցուցանակները կարդալով: Թոթվեց ուսերն ու դնդնաց մի հին երգ: Հեռվից ծանոթի տեսավ: Թափահարեց ձեռքն ու շտապ-շտապ ծիծաղեց: Գլուխը հանեց, որ կանչի նրան նստելու իր մեքենան, բայց ազդանշանները շատ էին, փողոցում աղմուկ էր: Ինքն իրեն ասաց. «Երեսունինը տարին ոչինչ է: Իսկապես բան չկա: Դեռ կյանքիս կեսն առջևում է: Դեռ ժամանակ ունեմ: Դեռ կարելի է հազար բան անել… Կարելի է հազար ծրագիր կազմել: Կարող եմ նորից սկսել: Հենց այսօրվանից»: Սիրտն սկսեց զարկել: Ասաց. «Կարող եմ մեքենան կանգնեցնել ու իջնել… Հենց հիմա: Կարող եմ կանգնել փողոցի մեջտեղում, հրապարակի կենտրոնում, խոտերի, հողերի, արձաններից մեկի վրա ու գոռալ, ճչալ, բոլորին շուրջս հավաքել:Կարող եմ ասել ամեն ինչ, կարծիքս հայտնել և հաշիվներս մաքրել իմ ու ուրիշների հետ: Բայց ո՞ւմ համար: Ինչի՞ համար: Այս անտարբեր ու շվարած դեմքերը, այս սառն ու անհուշ հայացքները, այս խոնջացած, վերջին շնչում գտնվող մարդիկ ընդհանրապես չեն հասկանա: Նրանք չեն հավատա, որ ստիպված եմ եղել: Հարկադրված էի, իմ ձեռքին չէր: Նրանք չգիտեն, որ ես կին ունեմ, երեխաներ ունեմ և պիտի նրանց մասին մտածեմ… Նրանք խոսում են սիրո մասին, վերացական սիրո, բայց չգիտեն, որ կինս հղի է ու պիտի մտածեմ ծննդաբերության ծախսերի մասին: Հավատից ու դավանանքից են խոսում, բայց ոչ ոք չի հարցնում՝ երեխաներին կերակուր հասցնելու պատասխանատուն ո՞վ է, ո՞վ է պատասխանատու այս կաթսան տանել-բերելու համար: Ինքս էլ գիտեմ՝ բավական է մեկ վայրկյանը, ձեռքի մի շարժումը, մի ակնթարթը: Բայց մինչ ես փորձեմ շարժվել, կնզովեն ինձ ու կթքեն երեսիս: Հիմա պլշած երեսիս են նայում ու հարցնում, թե ինչպե՞ս եղավ, որ մտքովս անցավ փայտի առևտուր անել: Ինչպե՞ս որոշեցի հողակտորներ առնել-ծախել Քարաջում ու Ալիաբադում: Պատասխանում եմ՝ բա ձեզ մոտ ինչպե՞ս է լինում: Դուք, որ ինձնից ավելի վախեր ունեք, դուք, որ ինձանից ավելի հաճախ եք մատներդ շուրթերիդ տանում ու ավելի շատ եք փսփսում: Դո՛ւք, որ բոլորից շատ եք ձեռքներդ շփում, խոնարհվում, Աստծուն փառք տալիս, բայց ես ուզում եմ բոլորից առանձնանալ, բոլորիցդ…Ես զգում եմ մեջքիս կորանալն ու աչքերիս լույսի պակասելը, տեսնում եմ սեփական շիրմաքարս ու գիտեմ, թե որքան հեշտ եմ մոռացվելու և ինչ հեշտությամբ է մեկ ուրիշն իմ տեղը զբաղեցնելու: Ես ուզում եմ սկսել հենց այս պահից, այսօրվանից: Եվ ձեզանից ոչ ոքի հետ գործ չունեմ»:
Մոտոցիկլետով մի մարդ կտրեց առաջն ու ազդանշան տվեց: Ոստիկան էր: Գլխարկը պսպղում էր արևի տակ: Հանեց ակնոցն ու ասաց.
-Ձեր վկայականը, խնդրո՛ւմ եմ:
Աղա Հեյդարին շփոթահար տեղից վեր թռավ: Մոռացել էր տեղի ու ժամանակի մասին: Երկյուղած ու տարակուսած նայեց շուրջը և հանգիստ հարցրեց.
-Ի՞նչ է եղել: Ի՞նչ է պատահել: Ես գործ չունեմ… Երեխաներիս կերակուրի կաթսան եմ դպրոց տանում:
Երիտասարդ ոստիկանը, որ մանր աչքեր ու լայն քիթ ուներ, կոշտ ու կտրուկ ասաց.
-Շեղվել եք ձախ: Քսան թուման տուգանք է հասնում:
Հեյդարին նայեց նրան, հանգիստ շունչ քաշեց, հանեց վկայականը: Տվեց փողն ու շարունակեց ճանապարհը: Մրմնջաց. «Վերջացավ… Ամեն ինչ իսկապես վերջացավ… Կարևոր չէ, թե այդ օրերն ուր մնացին, կարևոր չէ, թե մինչ այսօր ինչ եմ արել: Դեռ մեկ տարի ժամանակ ունեմ: Երեք հարյուր վաթսունհինգ օր ժամանակ»: Աչքերի առաջ եկավ հղի կինը՝ ձեռքը փորին դրած, սենյակներում շրջելիս: Մտքով անցավ, որ գուցե հենց հիմա ցավեր է քաշում կամ հենց հիմա ծննդաբերում է: Հիշեց երեխաներին, կաթսան, որ ոտքերի մոտ տեղի-անտեղի շարժվում էր: Սիրտը Մահմուդիեի փողոցներում էր, մարմինը հանկարծ պրկվեց ծանոթ հուզմունքից: Հետ նայեց և որոշեց շրջվել: Մի քանի հոգի ազդանշան էին տալիս, գոռում էին, նշան անում, որ չի կարելի: Փողոցը լի էր բազմությամբ: Մեկն ասաց.
-Չէ՛, աղա՛, ճար չկա, էս փողոցը մինչև իրիկուն փակված կմնա: Ուրախ կառնավալ է, ավելի լավ է, մեքենան կանգնեցրեք, իջեք, նայեք:
-Չէ՛, տղա ջան, էդ տեսակ բաներն ինձ չեն հետաքրքրում,-պատասխանեց Հեյդարին՝ շրջելով երեսը: Բայց տեսավ՝ իրոք փախուստի ճամփա չունի: Շրջապատված էր չորս կողմից: Որևէ մեկին ինքը չէր հետաքրքրում: Անջատեց շարժիչն ու իջավ: Ինքն իրեն խոսեց. «Հենց էստեղից էլ կզանգեմ ու նրան ամեն ինչ կասեմ: Էդպես ավելի հեշտ է: Կասեմ՝ կյանքի հետ կապված ուրիշ ծրագրեր ունեմ, ուզում եմ ընտրել, հոգնել եմ հիմար հնազանդությունից: Հենց հիմա կգնամ նրա մոտ ու կբացատրեմ, որ արդեն սիրտս խառնում է պարզապես նայելուց, ուսերը թոթվելուց և մոռանալուց: Նրան կբացատրեմ, որ ես հավատում եմ կատարյալ կյանքին, հավատում եմ սիրուն և գեղեցկությանը, հավատում եմ կատարյալին, վերածննդին, առաջընթացին… Հավատում եմ մի բանի, որ դուրս է մարմնից, վեր է առարկաներից, մասնավճարից ու փոխառությունից, վարկից, խնայողությունից, ապահովագրությունից… անդին սահմանափակ ու ընդարձակ տարածքներից, օրաթերթերից, լուսնից, հրթիռներից, գիտության նվաճումներից ու հեղափոխությունից: Հավատում եմ մի բանի, որը շրջանցում է սուտը, ցուցամոլությունն ու շողոքորթությունը, որը վեր է ծննդյան տոնից, ամուսնության տարեդարձից, ընտանեկան այցելություններից, զոքանչի և հարգարժան հարազատների ձեռքերը համբուրելուց, վեր է շարիաթից ու սուֆիների՝ հոգևոր կատարելության հասնելու ճանապարհից, վեր այս վաղանցուկ ժամանակից ու անպիտան վայրից»:
-Պարո՛ն, ներեցե՛ք, հեռախոս որտե՞ղ կա,- հարցրեց մեկից:
Չգիտեր, գլուխը տարուբերեց, գնաց: Խանութների մեծ մասը փակ էր: Ոչ ոք մանրադրամ կամ մեկ-երկու ռիալանոց չուներ: Հեռախոսի լսափողը ջարդված էր, լարը՝ կտրված: Աղա Հեյդարին դրեց ակնոցը, թոթվեց ուսերն ու ասաց. «Վերջիվերջո նա կհասկանա: Վերջիվերջո բոլորը կհասկանան… Վաղ թե ուշ: Բացատրությունների կարիք չկա: Ես ուզում եմ օգտվել իմ բաժնից, և դա իմ իրավունքն է»: Երգ ու երաժշտության ձայն էր լսվում, երկար ծափահարությունների ձայն: Չադրայավոր կանայք սեղմվում էին իրար ու ծիծաղում: Բոլորն այս ու այն կողմ էին վազում ու ուռռա գոռում: Հեյդարին մի քանիսին հրեց՝ փորձելով ճամփա բացել և անցնել մյուս մայթը: Մի խումբ մարդիկ կերպարանափոխվել, նմանվել էին կենդանիների և ցատկոտում էին: Պտտվում էր նույն կետում: Չգիտեր՝ ինչ անի: Դերասանների խումբ էր անցնում: Նստել էին բաց մեքենայի մեջ և ողջունում էին՝ ձեռքերը թափահարելով: Մարդիկ սուլում էին ու ծափահարում: Հեյդարին բանտարկվել էր ձեռքերի ու ոտքերի արանքում և փորձում էր, ինչ գնով էլ լինի, ազատվել: Ամբոխը սեղմում էր և նրան այս ու այն կողմ հրում: Արևը գլխավերևում էր, շիկացած մարմինների հոտն ու մարդկանց ուժասպառ հևքը ծվատում էին նրան: Արմունկով զարկեց մի քանի հոգու: Տրորեց սրա-նրա ոտքերն ու կարողացավ մի կողմ քաշվել: Նման էր մի մարդու, որ երազի մեջ էր, ինչքան քայլում, նույն կետին էր հասնում, որքան վազում, նախկին տեղում էր հայտնվում: Ասես նրա առաջ երախն էր բացել մի անծանոթ տեղանք, որ ոչ մի տեղ չէր տանում, և այդ բոլոր տները՝ իրար կպած ու մոխրագույն, ամեն քայլի հետ ավելի ու ավելի էին հեռանում: Ոչ ոք նրա լեզուն չէր հասկանում, ոչ ոք նրան չէր նկատում, ոչ ոք նրան ականջ չէր դնում: Թվում էր, թե շուրջը հանկարծ ամեն ինչ փոխվել է, և այս մարդիկ, որ շրջապատել են իրեն, եկել են հազարամյակի խորքից. նրանց մարմնից փչում էր հողի տակ անհետ կորած քարանձավների հոտը: Աչքերը բացուխուփ արեց: Մարմինը հոգնած էր, ծեծված, հիվանդ: Թվաց՝ մեկը հեռվից իրեն է կանչում: Զանգուլակներով զարդարված ուղտեր էին անցնում: Մեկն իրեն նմանեցրել էր Ռոստամին և խփում էր սեփական փորին: Անկյունից մի խումբ մարդիկ ծափահարում էին ու ուռռա գոռում: Ինքն իրեն ասաց. «Չէ՛, ո՛չ: Անհնա՛ր է: Ես չեմ հանձնվի: Չե՛մ խաբվի: Չե՛մ ընդունի»: Հևասպառ հասավ մեքենային և հենվեց դռանը: Աչքն ընկավ կաթսային, ու մարմինն ավելի այրվեց: Ասես մի խորհրդավոր նենգ թշնամի դարանակալել ու հարմար առիթի էր սպասում: Ձեռքը սահեցրեց երեսի վրայով, գնաց, կանգնեց ծառի ստվերում: Ականջների մեջ զնգզնգում էր կաթսայի կափարիչը, իսկ ձեռքերից յուղի ու ճաշի հոտ էր փչում: Թվաց՝ այդ կաթսան լծի նման գցել են վզին և փակել ճանապարհը: Ինքն իրեն ասաց. «Բավակա՛ն է, հենց հիմա կազատվեմ դրանից»: Բացեց մեքենայի դուռը, վերցրեց կաթսան, պտտեցրեց օդում: Կանթերը սեղմեց բռուցքների մեջ և ուրիշների գոչյունների, ծափողջյունների մեջ ուժեղ խփեց գետնին: Կանթերից մեկը պոկվեց ու թռավ դեպի պատը: Հարվածեց ոտքով՝ ավելի հեռու նետելով այն: Ուզում էր մի քար գտնել ու հարձակվել կաթսայի վրա:
Մի քանի հետաքրքրասեր մարդ շրջապատեցին նրան: Աղա Հեյդարին սարսափահար չորսբոլորը նայեց: Չէր հասկանում՝ ինչու են մարդիկ իրեն նայում ու ծիծաղում: Փողոցի վերջում կանգնած ոստիկանը սուլեց ու ապշահար՝ հայտնվեց նրա առաջ: Հարցրեց.
-Աղա՛, ի՞նչ է պատահել: Այս կաթսան ձե՞րն է:
Լսվում էին գոռուն-գոչյուններ, ծափահարություններ: Ուրախ դիմակահանդեսն իրենով էր արել բոլորին: Շրջակա փողոցների բարձրախոսներից հիացական բացականչություններ էին հնչում: Մի մարդ ելույթ էր ունենում բեռնատարի թափքից, շուրջբոլորը կանգնած մարդիկ ուժգին ծափահարում էին նախադասությունների արանքում:
Աղա Հեյդարին դժվարությամբ էր մնում ոտքի վրա: Գլուխը պտտվում էր: Ձեռքը հենեց մայթեզրի ծառին ու կուլ տվեց բերանում հավաքված թուքը: Երբեք չէր զգացել արևի այդչափ մոտիկությունը սեփական մաշկին: Սրտի փոխարեն կաթսայի ծանրությամբ մեկ այլ բան էր բաբախում կրծքի տակ: Շուրջը նայեց ու տեսավ՝ ոչ մեկին չի հետաքրքրում: Մարդիկ տարված-հիացած էին դիմակահանդեսի մասնակիցներով: Ելույթներն ավելի էին թնդացել: Մի քանի հոգի սեղմվեցին նրան, հրեցին, մեկն էլ ոտքը կոխկրտեց: Մեկը մյուսի շալակն էր բարձրանում: Բոլորն էլ ուզում էին տեսնել շաբաթվա երջանիկ հաղթողին: Հեյդարին վճռեց՝ չի հանձնվելու: «Ինչի՞ց պիտի վախենամ: Ես այս հորթերից տարբերվում եմ: Ես այս խոսքերին չեմ խաբվի: Կգնամ իմ ճանապարհով»: Հիշեց երեխաներին: Աչքերի առաջ եկավ կինը՝ ձեռքը փորին՝ ճչում է, ծննդյան տորթը իր գլխին տալիս ու սպառնում: Երեխաները հարցախեղդ են անում, պատճառն են ուզում հասկանալ ու շվարած պտտվում են շուրջբոլորը:
Մեկն իր ափի մեջ դրեց կաթսայի կանթն ու ծիծաղեց: Կանթը ջարդվել էր: Ոստիկանն ասաց.
-Աղա՛, ավելի լավ է նստեք մեքենայի մեջ,- ապա, շրջվելով հավաքվածների կողմը, սպառնալից գոռաց,- ի՞նչ է, ի՞նչ կա: Գնացե՛ք ձեր գործին:
Մեկը ջրով լի բաժակ մեկնեց.
-Աղա՛ ջան, շփեք ձեր երեսը, ուշքի կգաք:
Հեյդարին շվարել էր ու չգիտեր ինչ անել: Ուզում էր մենակ մնալ ու լացել: Ուզում էր՝ հենց այդտեղ հենց այդ վայրկյանին ամեն ինչ վերջանար, և այդ անհասկանալի ճամփորդությունն ավարտվեր: Կռացավ և գետնից վերցրեց կաթսան: Բաճկոնի ճոթով մաքրեց կափարիչը, սրբեց հողը: Շուրջն ուրախ ձայներ էին ու ծիծաղ: Հանեց թաշկինակը, կռացավ, որ գետնին թափված բրինձը հավաքի: Թաղի հավաքարարն ուսից վերցրեց լաթը, թափ տվեց ու ասաց.
-Պարո՛ն, վեր կացեք: Ես կմաքրեմ: Սա ձեր գործը չէ:
Աղա Հեյդարին կանգնեց, վերցրեց կաթսան, դրեց մեքենայի մեջ: Նստեց ղեկի առջև, բարձրացրեց ապակին: Հավաքարարը հանգիստ և ժպտալով մաքրեց գետինը: Խնձորներն ու տանձերն էլ դրեց գրպանն ու լնգլնգալով հեռացավ: Հեյդարին հիշեց կնոջ խոսքերը. «Փա՛ռք Աստծո, այս քաղաքում միշտ գտնվում է մեկը, որ օգնության ձեռք է մեկնում»:
Թարգմանությունը պարսկերենից՝ Նունե Հովհաննիսյանի
