Պատմվածք, Վանիկ Ադամյան

Պատմվածքներ

(պատմվածքները ՀՐԱԶԴԱՆ-65 մրցույթում արժանացել են մրցանակի՝ արձակ անվանակարգում)

Քերոբի շարֆը

            Բլքենց Քերոբը Րաֆֆու բոլոր վեպերը ջուր էր արել և առօրյա խոսք ու զրույցներին, որպես իր խոսքի հավաստում, այս կամ այն վեպից ամբողջական պարբերություններ էր մեջբերել ու, ինքն իրենից գոհ, շուրջիններին վերևից նայել, բայց, այսուհանդերձ, գեղականները իրեն՝ բազմաթիվ գրքեր կարդացած Բլքենց ուսումնական Քերոբին, լուրջ չէին ընդունել, որովհետև կինը՝ Սիրան քուրոն, երբևէ վարտիք չէր հագել, թե չուներ, հիմա դա այդքան էլ կարևոր չէ, կարևորն այն է, որ, ինքը օգտվելով վարտիքի բացակայությունից, որտեղ պատահի ոտքերը չռել ու կանգնած էր միզել, ինչի պատճառով իրենից մշտապես գոզահոտ էր բուրել, և թաղի կանայք  նրանից խուսափել և երկու խոսք հետը փոխանակելուց հետո ցուցադրաբար քիթ-բերանները փակել ու փիֆ֊-փիֆ անելով հեռացել էին, իսկ Սիրան քուրոն, անտեսելով տեգոր կանանց հորդորներն ու ուսյալ ամուսնու հանգամանքը, շարունակել էր անվարտիք մնալ և ի ուրախություն թաղի պստիկների  կանգնած միզել, և գյուղի ամենակարդացած մարդկանցից առաջինը՝ Բլքենց Քերոբը, գյուղում իրեն արժանի վերաբերմունքի չէր  արժանացել,  և  տարբեր առիթների թեկուզ իրեն միշտ հրավիրել էին, բայց իր ներկայությունը երբեք չէին  կարևորել, մինչև մի օր, երբ ինքը քաղաք կարտոլ էր տարել ծախելու և կիսանկուղային դուքանում դարակի վրա տեսել կապույտ զոլերով կարմիր շարֆերի դարսը, և երկար ու երկմտանքով շալվարի գրպանում կարտոլից շահած դրամը ափի մեջ տրորել ու ցլցլալով նայել շարֆերին, և հավլաբարցի ճարպիկ խանութպանը նկատել, թռել երեսին  ու կապույտ զոլերով կարմիր շարֆը փաթաթել շփոթահար Քերոբի վզին, ու հայելին պահել էր դեմը, հայելու միջի պարանոցին շարֆ փաթաթած տղամարդը Քերոբի սրտով էր եղել, և թեյի բարձիկ կոնֆետի, կտոր շաքարի, երշիկի ու այլ քաղաքային բարիքների համար նախատեսված գումարը տվել խանութպանին ու հպարտ վերադարձել էր գյուղ՝ վզին ունենալով գյուղի առաջին ու միակ կապույտ զոլերով կարմիր շարֆը, և թաղի կնանիքի բուռն նախանձը շարժել առ Գոզե Սիրանի ամուսին Բլքենց Քերոբի վզին փաթաթված և մի ծայրն էլ ուսով ետ գցած, արևի տակ փողփողացող շարֆը, և  պատերի տակ սկսել էին բամբասե՜լ, թե շարֆի փոխարեն, թող Գոզե Սիրանին «մե թումբանըմ առներ, որ ոտքի վրա չըշռեր»: Իհարկե, այս խոսքերը Սիրան քուրոյի ականջին էլ էին հասել բայց ինքը, հպարտ ամուսնու գյուղում առաջին շարֆով, «Դե´ տրաքեք» ասելով շարունակել էր կանգնած միզե՜լ, իսկ կապույտ զոլերով կարմիր շարֆի ազդեցությունը գյուղացոնց վրա անհավանական մեծ էր եղել, և Գոզե Սիրան քուրոյի ամուսին Բլքենց Քերոբը դարձել էր  բոլոր մեծ ու փոքր առիթների ցանկալի հյուրը, և արդեն կապույտ զոլերով կարմիր շարֆի դռների մեջ երևալուն պես առիթատերը ընդառաջ վազել և մուտքին հարող սեղանին տեղավորվող Քերոբին «Ծո մարդ, Քու տեղը վերի դին է» ասելով առաջնորդել էր  սեղանի գլուխը, և ինքը՝ Բլքեց Քերոբը, ձեռքը շարֆի վրա սեղանների արանքով սահաքայլ գնացել-նստել էր առիթատիրոջ կողքը, նայել ներքևները նստածներին, քթի տակ ժպտացել, ու, երբ առիթատերը խաշլամի պատառը՝ «Աս մեկը ընտիր կտորըմ է, անո՜ւշ  էրե, Քերոբս» ասելով դրել էր իր ափսեն, ինքը պատառը նրբորեն էր տարել բերանը, որ հանկարծ մի կաթիլ չծորա շարֆի վրա, և այլևս խոսքուզրույցներին Րաֆֆուց մեջբերումներ չէր արել, այլ հպարտ կանգնել ու ցուցադրաբար շոյել էր կապույտ զոլերով կարմիր շարֆը, իսկ Սիրան քուրոյի գոզահոտն էլ այլևս այլ կերպ էր բուրել, և երանությունն ափ ի բերան էր եղել: Սակայն փորձանքն անակնկալ ու հանկարծահաս  էր եկել, երբ ինքը մտել  էր գոմ՝ կովի տակը մաքրելու, շարֆը կախել էր սյան մեխից ու դուրս գալուց մոռացել , և, մինչ վերադառնալը Մարալ կովի ամսական հորթը ծամծմել էր շարֆն ու պատառոտված շարֆից մի փռթիկ էր մնացել, ինքը հուսահատ դուրս  եկել գոմից, և այդ օրվանից գյուղացոնց խոսք ու զրույցներին շարունակել էր մասնակցել  ոչ միայն Րաֆֆու վեպերից մեջբերումներով, այլ նաև պարսիկ Օմար Խայամի քառյակներով, ու գրպանում  գուրգուրանքով շոյել երանելի կապույտ զոլերով կարմիր շարֆի ծամծմված փռթիկը:

Փափախը

            Հորս այդպես բորբոքված երբեք չէի տեսել: Խիստ վրդովված, հետուառաջ անելով բողոքում էր ու անհասցե հայհոյում, իսկ մեր հանդերձարանը ծննդատան նկուղային հարկում էր, և դուռը երբեք չէր փակվում, որովհետև աշխատողներն օրվա ընթացքում տարբեր առիթներով, հաճախ նաև ծննդաբերական բաժանմունքի նորածինների իրար փոխանցվող զիլ՝ պահանջող, նվվացող խղճալի և հենց այնպես իմիջիայլոց, սնգսնգալով լացերից մի քիչ ականջները հանգստանալու համար, իջնում էին հանդերձարան և անմիջապես էլ վերադառնում, որովհետև նորածնի լացը ինչքան էլ ականջ սղոցի, միևնույն է, անանձնական երջանկություն բերող ավետման լաց է:

            Երբ ես եմ ծնվել, հավանաբար, նույնպես իմ գալուստն ավետող երկար ու զիլ՝ պահանջող, գուցե նվվացող, խղճահար եմ լաց եղել, իսկ Բարդուղիմեոս պապս լացս չէր կարող լսել և իմ ծնվելու լուրով չէր կարող ուրախանալ, որովհետև ինքն իմ ծնվելուց շատ առաջ էր մահացել և ինձ՝ իր վերջին թոռնիկին, իր անունը տալուն մայրս կտրուկ հակառակել էր՝ ասելով. «Ոսկիները որ հարսին է տվել, թող նա էլ անունին տիրություն աներ»: Եվ թեկուզ մայրս ոսկիների համար նեղացած էր պապիցս, միևնույն է, մեծ ակնածանքով ու սիրով էր հիշում իրեն՝ ներկայացնելով որպես հաղթամարմին, գեղեցկադեմ, խստաբարո, ավանդապաշտ, բազմանդամ ընտանիքը բռի մեջ պահող Նահապետ, և ես չգիտեմ՝ մորս պատմություններից տպավորված, թե արյան կանչով, անկեղծ սիրում ու կարոտում էի Բարդուղիմեոս պապիս, և մանկությանս տարիներին, ու մինչ հիմա, իր գերեզմանն իմ սրբավայրն է, ուր գնում եմ խոստովանության և միշտ զգում եմ նրա ներկայությունն ու զարմանում, թե ինչու մեղմաբարո և ազատամիտ հայրս բոլորովին չի համապատասխանում պապիս՝ իմ մտապատկերում ստեղծած կերպարին, մինչև այն օրը, երբ ծննդատան անկողպեք հանդերձարանից մի գիշեր անհետացավ փափախս, և մենք, թեկուզ շատ արագ պարզեցինք, որ գողը մեր տարիքավոր մայրապետն է, ում տղան գաղութում էր, և հավանաբար գլուխը մրսում էր, լռեցինք, իբր ո´չ փափախ է եղել, ո´չ էլ գողացել են, մինչդեռ հայրս, մեզ համար անակնկալ, շատ ցավոտ տարավ իմ փափախի գողանալը և, զայրացած ետ ու առաջ անելով, կրկնում էր. «Հլը դուք աշեցե՜ք, տղամարդու փափախն են տարել»: Մայրս հետևն ընկած հորդորում էր, թե. «Փափախ է, մեծ բանըմ չէ, մանչուդ ձեռքը քարի տակ չէ, նորը, ավելի լավը կառնի»: Հայրս ավելի էր բորբոքվում և որոտում. «Կնիկարմա´տ, հասկացի՜, փափախն են տարել, թող պալդոնը տանեին, կըսեի՝ հա´, պետք էր, տարել են»: Հայրիկիս մեջ արթնացել էր տարիներով քուն մտած Բարդուղիմեոս պապս, իսկ ես, քանի որ գլխաբաց դարի սերունդ եմ, փափախն էլ դնում էի ձևի համար, ինձ այդքան էլ հասկանալի չէր փափախս գողանալու առթիվ հայրիկիս հուսահատ ողբը, բայց սա առիթ դարձավ, և ես իր մեջ իմ հեռակա սիրո ու կարոտի կերպար պապիս տեսա և համոզվեցի, որ իմ Բարդուղիմեոս պապը երբեք գլխաբաց չի եղել, գլխին մեծ ու շքեղ փափախ է ունեցել և քնելուց անպայման մահճակալի կողքի աթոռակին՝ կանոնավոր դարսված շորերի վրա դրել, մանրակրկիտ ստուգել է, թե արդյո՞ք ամուր և կայուն է դրված, որ հանկարծ փափախը վար՝ գետին չընկնի, և հիմա, երբ երկուսն էլ չկան, պապիս ու հորս հավասարապես եմ կարոտում և ափսոսում, որ մի քանի ոսկու պատճառով այդպես էլ պապիս անունը չեմ ժառանգել:

Ձկնորս Հովսեփը

            Լուսաբացին քամին սաստկացել էր, և ալեկոծված ծովի ալիքները, իրարից առաջանցիկ, իրար հրմշտելով, շտապում էին փոթորկուն ծովից դուրս՝ դեպի ափը, շառաչյունով բախվում առափնյա ժայռերին, փրփուր թքելով փշրվում, վերածվում մանր կաթիլների և ափի քարերը լիզելով՝ վերադառնում ծով, իսկ ձկնորս Հովսեփի փոքրիկ թիանավակն ալիքների բերանն ընկած մեկ հայտնվում էր բարձրացող ալիքի վրա, մեկ սուզվում վրա հասնող մյուս ալիքի տակն ու նորից հայտնվում մեկ ուրիշ բարձրացող ալիքի կատարին, իսկ նավակի հատակին ցանցի մեջ թպրտացող ձկները բերանները բացուխուփ անելով ակնապիշ նայում էին ալիքների հետ կռիվ տալով նավակը առաջ տանող ձկնորս Հովսեփին ու ժամանակ առ ժամանակ պոչերով հուսահատ հարվածում իրար ու նավակի հատակին:

            Ձկնորս Հովսեփը կարիքի մեջ էր և, անտեսելով եղանակի տեսության տղայի զգուշացումները, հյուսիսից եկող սառն ու հարավից եկող տաք հոսանքների բախումից սպասվող քամու ուժգնացումը, ծով էր մտել և հիմա շահած ձկները արկղի մեջ կանոնավոր շարել ու մեր խաչմերուկում չորս ձուկը հազար դրամով է վաճառում: Իսկ մենք իմ ձեղնահարկ֊արվեստանոցում ենք ու դարձյալ տաք_տաք վիճում ենք: Դրսում ցրտաշունչ ձմեռ է, և երեկվանից սկսված ձյունը մեծ փաթիլներով է ու առատ, իսկ վառարանում փայտը հաճելի ճթճթոցով է վառվում, և կարմրած վառարանի վրա էլեկտրակայանի ցեխի վարպետ Գևորգը կարտոֆիլի թալաշ է անում և բշտիկ_ բշտիկ կարմրած թալաշները վառարանի վրայից տեղափոխելով ափսեի մեջ՝ քթի տակ փնթփնթում է. «Երկիրը էս վիճակից դուրս բերելու համար Ստալին է պետք»,  աչքի տակով բանաստեղծի հարցական դեմքին նայելով ասում է. «Այո´, հենց Ստալին», իսկ բանաստեղծը, ծխախոտը ծխախոտից կպցնելով, ասում է. «Միայն ազգային ծրագիրը կփրկի», ապա ծխախոտի ծուխը ներս քաշում, շվվոցով դուրս փչում. «Երկրում մշակույթի սով է»: Վարպետ Գևորգը վառարանում փայտ է ավելացնում: Դրսում քամու սուլոցն է, ներսում՝ վառարանի ճթճթոցը, մեր ծխախոտի ծուխն ու նկարիչ Թորոսի բողոքը չծխողներին՝ ծխախոտի ծխի ավելի շատ վնասակար լինելու մասին, ինչը ինքը համացանցում է կարդացել, իսկ հարևան ավտոտնակի ծածկի տակ ապրող կատուն երկու սև ու մի սև պուտերով սպիտակ ձագ է բերել, և ամեն անգամ, երբ շենքի մուտքից դուրս եմ գալիս, մլավելով ընդառաջ է վազում, և ես իրեն որևէ ուտելու բան եմ տալիս: Էսօր տանից կատվին կեր չեմ բերել, և քանի դեռ նկարիչը սուրճ է դնում, գնում եմ ձկնորս Հովսեփից կատվի համար ձուկ բերելու: Հովսեփը ձուկը ինձ է տալիս ու տափաշշից մի կում անում, ծխախոտ վառում, քթից, բերանից միաժամանակ ծուխ հանում ու տուփը մեկնում է ինձ, ասում եմ. «Շնորհակալ եմ»: Ծխախոտի տուփը դնում է գրպանն ու ասում է. «Դու գիտես, իսկ ես վաղը ինչ ալեկոծություն էլ լինի, նորից ծով եմ մտնելու», կիսատ ծխած ծխախոտը շպրտում է ձյուների մեջ, իսկ ձյունը շարունակում է մեծ-մեծ փաթիլներով գալ, և շուրջբոլորը ճերմակ շղարշ է, և Հովսեփն ասում է. «Լուսահոգի տատիկիս օրհնված աչքաուլունքը նավակի վրա է, ինձ ոչինչ չի պատահի, էնքան ձուկ եմ բռնելու, որ շատ փող աշխատեմ, երկաթյա մոտորանավակ առնեմ ու իմ վրա եկող ալիքները խոյահարեմ, ցիրուցան անեմ, ծովը աջից ձախ, ձախից աջ ակոսեմ ու ծովում ինչքան ձուկ կա բռնեմ»: Ասում եմ. «Հովսեփ, բա ծովում ձուկ չմնա՞»: Լրջանում, ասում է. «Դե, չէ, պատկերավոր եմ ասում»:  Ձյունը հաղթահարելով մի կին մոտենում, հազար դրամով չորս ձուկ է տանում, և արկղում մի կենտ ձուկ է մնում, Հովսեփը ձուկը դնում է իմ տոպրակն ու ասում. «Սա էլ իմ կողմից տար, ծննդկանը, թեկուզ կատու, պիտի կուշտ ուտի, որ կաթ ունենա», մկտակված բաճկոնի վրայից ձյունը թափ տալով ասում է. «Էդ ձագերը մեղք են, սոված էս ցրտին չեն դիմանա: Տուն տար», և դատարկ արկղը դնում է թևատակն ու գնում, որ գիշերը նորից ծով մտնի: 

«Նանը եկավ»

            Ծեր կինը հաղթահարել զառիվերն ու դիրքապահ զինվորներին հաց էր բերել, կապոցը մեջքից իջեցրել, դրել էր բազմերանգ մամուռով պատված քարի կողքն ու կռթնել քարին: Հոգնել էր: Դիրքի խրամատները դատարկ էին, խոնարհված բլինդաժի ավերակների մեջից երևում էր կարմիր կազմով նոթատետրի եզրը: Կինը ցավից ուզեց բարձր գոռալ, բայց ձայնալարերը լռվեցին, լեզուն բերանում անշարժացավ, որովհետև տղաները երկնքում կլսեն ու կանհանգստանան իր՝ հաց բերող կնոջ համար, արցունքի շիթը մնաց կնոջ կոպերի տակ, լքված դիրքում լաց լինել չի կարելի, որովհետև դիրքի զինվորները միշտ ծիծաղում էին, և նրանց արյունով օծված հողը արցունքով թրջել ոչ մի դեպքում թույլատրելի չէ: Կինը գոգնոցի փեշով սրբեց աչքերն ու ավելի հարմար տեղավորվեց դարավոր մամուռը վրան քարին, և դիրքը չլքած շունը եկավ, գլուխը դրեց կնոջ գոգին, ու գոգնոցից բուրող ալյուրի հոտից ռունգերը թրթռացին, աշխուժացավ, կինը շոյեց շան գլուխը, շունը երանության մեջ աչքերը փակեց, իսկ կինը չորուկ մատների դանդաղ ու վարժ շարժումներով կապոցը բացեց, կանաչների վրա, մեկ առ մեկ դիրքապահ զինվորների անունները տալով, շարեց խաշած մսի ու տարեկանի հացի կտորները, համոզվեց, որ ոչ մեկը չի մոռացվել, որ նրանք երկնքից տեսնում ու ժպտում են, և հայացքը երկնքից իջեցրեց, ու շան բաժինը դրեց զինվորների բաժինների շարքում, շունը շնորհակալ վնգստաց ու շուլալվեց կնոջ ոտքերին, կինը համոզվեց, որ դիրքի պահապան շունը կհսկի զինվոր տղաների բաժին հացը, և, որ որևէ պիղծ բերան չի կպնի նրանց բաժին նշխար հացին, ապա անելիքն ավարտված համարելով՝ վրան ուղղեց ալրաբույր գոգնոցը, իսկ շունը գետինը հոտոտելով գնաց, բլինդաժի փլատակներից բերեց զինվորի կարմիր կազմով նոթատետրը: Զինվորի չափածո նամակներ էին սիրած աղջկան, ով հիմա պատուհանի առաջ նստած նայում է իր զինվորի վերադարձի ճանապարհին, իսկ ճանապարհն ամայի է: Կինը նոթատետրից փոշին թափ տվեց, գուրգուրանքով սեղմեց կրծքին, նայեց ավերված բլինդաժին, աչքի դեմով շարժանկարով անցան քաղաքում օր-օրի վեր խոյացող դղյակները, ու մրմնջաց. «Գլխներիդ փուլ գա», զգաստացավ, մեղա գալով երեսը դեպի դիմացի բլրի վրայի վանքին երեք անգամ խաչակնքեց, որովհետև էդ դղյակներում կարող են նաև երեխաներ լինել, ապա գրկեց շանն ու շշնջաց, որ ինքն էլի կգա, անպայման կգա, որովհետև զինվոր տղաները մի օր երկնքից կիջնեն, կվերականգնեն խոնարհված բլինդաժը, և ինքը դարձյալ հաց կբերի, և զինվոր տղաները բարձունքներից իրար ձայն կտան. «Նանը եկա՜վ․․․»։

         Մի օր

            Մի օր, առավոտ կանուխ, մենության մեջ մտորելուց հոգնած, դուրս եկա իմ կացարանից և գնացի կյանքի ետնախորշերում դեգերողների մոտ, որ տեսնեմ՝ իրենք է՞լ են մեզ նման, և ցավով պարզեցի, որ ոչ թե իրենք մեզ, այլ մենք ենք իրենց նման, և շարունակելով ընթացքս՝ կեսօրին հասա հոգեբուժարան, և աշխարհից մերժվածներն ինձ գրկաբաց՝ որպես յուրային ընդունեցին: Ես տեսա, որ մեր ու իրենց տարբերությունը միայն թղթի վրա է, և, երբ արդեն վերջնականապես մտերմացել էինք, եկավ հոգեբուժարանի վերակացուն և ախտորոշումս հավաստող փաստաթղթերի բացակայության պատճառաբանությամբ դուրս հրավիրեց, և մտամոլոր քայլերս երեկոյան տարան ինձ շքեղ դղյակները, և ես նրանց բնակիչների հետ սեղան նստեցի, գինի խմեցի ու պարզեցի, որ իրենք ու մենք նույն միսուարյունից ենք, պարզապես մեր դավանած Կուռք-Աստվածներն են տարբեր, և կեսգիշերին վերադարձա իմ մենավոր խուցն ու բարոյականության մասին անավարտ մենագրությունս տեղավորեցի դարակում վաղուց փոշեկոլոլ մյուս հորինվածքներիս կողքը և լուսաբացի սպասումում աչքերս փակեցի: