Վերջերս հաճախ եմ մտածում մահվան մասին։ Թերևս հենց այն պատճառով, որ Դերանց տոհմի շեն գերդաստանի վեց զավակներից մնացել է միայն անդամալույծ հայրս ու ամեն-ինչում իր հստակ ներկայությունը ընդգծող հորեղբորս հիշատակի երթուդարձը։
* * *
2001թ. օգոստոսին երկարատև ճանապարհորդություն ունեցա ավտոմեքենայով, ընտանիքիս հետ, Երևանից՝ Կուբատլու, մինչև Ջաբրայիլի բժշկական հոսպիտալ, ուր եղբայրս գլխավոր բժիշկն էր, այնտեղից՝ Հադրութ, ապա՝ Ստեփանակերտ՝ հայրական տուն, Սուրեն հորեղբորս տեսնելու ակնկալիքով։
Մանկությանս բակն էր, թթենու սաղարթները ձգվել էին կտուրից էլ վեր, մինչև երկինք։ Դարիվայր բակի վերին հատվածը փլուզվել, ձագարաձև բացվել էր «Գրադ» համակարգի ականից, որ Շուշիից էին արձակել։ Տան պատը խոր ճաք էր տվել։ Վիրավոր, բայց դեռ կանգուն զինվոր էր հիշեցնում տունը։
… Արցախյան պատերազմի թեժ ժամանակն էր։ Ստեփանակերտը շրջափակման մեջ էր։ Խանութները փակ էին, դատարկ։ Կյանքի ու մահվան այդ կռվում ամայությունն էր քաղաքի տերն ու տիրակալը։
Գոյություն պահպանելու, երեխա ունեցող դրկիցներին օգնելու համար հորեղբայրս հավ էր պահում բակում։ Հենց պատերազմի ծանր այդ օրերում թռչուններից շատերը հիվանդանում են։ Հորեղբայրս ցանկապատում է բակի վերին անկյունը՝ տկար հավերն առանձնացնելով։ Համաճարակ էր, որից փրկություն չկար այլևս։ Վաղ առավոտյան, առողջ հավերի կերը տանելու պահին անբացատրելի մի խղճահարություն կանխում է հորեղբորս, և նա, խղճի ձայնին անսալով, թողնում է առողջ թռչունների բույնն ու շարժվում հիվանդների ուղղությամբ, թեև մահամերձ թռչուններին կերակրելն անիմաստ էր։ Հենց այդ պահին Շուշիից սկսվում է «Գրադ» համակարգի ահասարսուռ ռմբակոծությունը։ Երկիրը փախչում է ոտքերի տակից, իսկ հերթական արկի պայթյունից իսպառ ավերվում է առողջ հավերի բույնը։ Ահա այսպես, մեռնող թռչունները հորեղբորս փրկում են մահից։
Անվերծանելի են ճակատագրի քմահաճույքները, որոնք իրենց բովանդակության մեջ ամփոփում են ակնթարթով չափվող կյանք ու մահ, ներկա և ապառնի:
…Մեր վերջին հանդիպմանը Սուրեն հորեղբայրս յոթանասունվեց տարեկան էր: Նա կապրի ևս տասներկու տարի։ Ես կասեի՝ բախտ է ո՛չ միայն մարդու ծնվելն ու ապրելը։ Բախտ է նաև` մեռնելը։ Սակայն՝ ամենակարևորը. մենք ո՞ւր ենք գնում։ Չէ՞ որ Աստծուն փնտրում ենք թերահավատորեն, փնտրում ենք եկեղեցու գավիթներում, գմբեթների ներքո, քարոզների մեջ մարգարեների և, իհարկե, սուրբ գրքերում։ Այնուհանդերձ, հայտնաբերում ենք Նրան նորեն, հայտնաբերում ենք ստվերախիտ անտառներից փախստական կանչերում կատվառյուծի, տվնջական աստղերի ճառագող հայացքներում, ճախրանքում արծիվների և կամ՝ օվկիանոսի խորխորատներում, գունախաղերում ծիածանների…
Տունը դատարկ էր, որովհետև հորեղբայրս վաղ գարնանից մինչև ցրտերն ընկնելը, սովորաբար, տեղափոխվում է Դերանց Ծյոր[1]։ Հենց այդ օրերն էին, երբ Ստեփանակերտում վախճանվեց հարևանուհին՝ Երմոնյան, որ երկու դուռ այն կողմ էր։ Չէինք ցանկանում մասնակցել թաղման տխուր արարողություններին։ Ուստի հնարավորինս շուտ լքեցինք Ստեփանակերտ քաղաքը և ճանապարհ ընկանք Դերանց Ծյոր, որ նախնիներիս կալվածքն էր անհիշելի ժամանակներից ։
* * *
…Հորս պապը՝ Տեր Ղազարը, Շուշվա Ղազանչեցոց եկեղեցու աբեղա՝ կուսակրոն դառնալու նախօրեին, Դերանց Ծյորում զբոսնելիս հանդիպում է մի խումբ կանանց։
Խստաշունչ ձմեռը ետևում էր, այժմ՝ Զատկվա հաջորդ կիրակին` Կրկնազատիկը։ Մի խումբ կանայք նորահարսների հետ զբոսնում էին ծաղկուն բնության մեջ։ Շատերը Զատիկից մնացած խորտիկներ էին փռել կանաչի վրա, վայելում էին բնության զարթոնքն ու չէին նկատում երիտասարդի գողտուկ-սևեռուն հայացքները։ Դեռատի օրիորդներից մեկի լուրթ աչքերը դաջվում են Ղազարի սրտում, չի քնում ամբողջ գիշեր։ Առավոտյան մոտենում է հորը` Տեր Մանվելին, թե.
– Աստված քիշերն եկալ ա ասալ, որ ես կուսակրոն չտեռնամ։
Տեր Մանվելը հուսով էր, թե որդին կփոշմանի, կհանձնվի ու կենթարկվի իր որոշմանը։ Չէ՞ որ Ղազարի ծնվելուն պես ինքը փափագ ուներ. որդին պիտի Աստծո ուխտավոր՝ կուսակրոն աբեղա դառնար։ Աստծո երկյուղն ու վախը բնավորվում են Տեր Մանվելի սրտում։ Մեղքի պես մի բան կա երդմնազանց լինելու մեջ, առավել ևս՝ երբ երդմանդ ձայնը բարձրացրել ես առ Աստված։
Անհաշիվ տարիներն ինձնից թաքցրել են դրամատիկ մանրամասներ, որ եղել են հոր և որդու փոխհարաբերություններում, անբացատրելի է մնացել եղբայրների գժտությունը, և կան համանման շատ ու շատ իրադարձություններ, որոնք գաղտնածածուկ եղան։ Բայց կա մի բան, ինչը կասկած չի հարուցում բնավ։ Եղել են հեռավոր ժամանակներ, և Դերանց Ծորում հակամարտել են բարին և չարը, վեհն ու նվաստը, ոգեղենն ու հողեղենը, հոգևորն ու մարմնականը՝ արարելով առեղծվածներ, որոնք գրվեցին Դերանց սերունդների ենթագիտակցականում և գերբնականորեն ուղղորդում են առ այս։ Աստված շռայլ է, օրհնության իր բաժինն ունի ամենքի համար: Մարդը կարծում է, թե ինքն է իր ճակատագրի տերն ու տիրակալը։ Իրականում՝ իշխողը գերբնական աներևույթն է և ղեկավարում է մեզ անտեսանելի թելերով այնպես, ինչպես տիկնիկավար մի դերասան, որ չի հայտնվում, բայց հայտնի է բացակա իր ներկայությամբ։ Եվ մենք, որ տիեզերքի զարդն ենք հոգևոր մեր կերտվածքով, զի արարված ենք Աստծո պատկերով ու նմանությամբ, մենք՝ որ երկինքներում ճախրել գիտենք…. ահա թավալվում ենք սին կրքերի մեջ՝ կորուստյան ոգին ճանաչելով, քանզի մեր մարմիններում կա նվաստ մի օրենք, որը շարունակ քաշում է հնարավորինս ներքև։ Ապա ովքե՞ր ենք մենք։ Չէ՞ որ խամաճիկներն ենք հանելուկային առեղծվածների։
Չգիտեմ, ճակատագրի հնարա՞նքն էր առիթը, թե՞ Ղազար որդու համառությունը, բայց Տեր Մանվելն ի վերջո զիջում է։ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնից հետո, անհամբեր փեսացուն ամուսնանում է լուրթ աչքերով Ագյուլի՝ նախատատիս հետ, դառնում ամուսնացյալ դասին պատկանող քահանա։ Տեր Մանվելն ավագ որդուն ժառանգություն է տալիս շեն տունը, ծաղկուն այգիները, մատուռի մեջ կանգուն, տասներեքերորդ դարից եկող Դերանց Խաչը՝ իբրև անվիճարկելի նշան, որով հաստատվում է ցեղի պատկանելությունը քահանայական դասին:
Հայրը՝ Տեր Մանվելը, որ ավագ որդուն իբրև ժառանգություն շնորհել էր տուն ու այգիներ, կրտսեր որդուն՝ Ղազարին, տալիս է անպտուղ բլուրներից մեկը։ Քարքարոտ այս բարձունքը, որի տեր-տիրակալը օձերն ու կարիճներն էին, գտնվում էր Դերանց մատուռից դեպի վար ձգվող հատվածում. անմշակ մի բլուր՝ փշատերև մացառներով։ Դա նույն էր, թե՝ զրկել ժառանգությունից։ Այդպիսին էր նրա սիրո արձագանքը։ Եվ ի՞նչ։ Փաստորեն՝ Դերանց անբուժելի ռոմանտիզմը, որ բաժին հասավ Տեր Ղազարին, փոխանցվել է մոռացված հիշողությունների նեղ արահետով ու հրեղեն աղջկան սիրահարված նախահորիցս հասել մինչև հորեղբայր, ապա և՝ ինձ… Այս ռոմանտիզմը դառնում է Դերանց միակ ամենակարևորը, դառնում է «մտասևեռում», որի շուրջն են պտտվում կյանքի ու մահվան կառուսելը։
Լուսնյակ տատս ինչ-որ անբացատրելի նախանձով ու հիացմունքով էր պատմում Ղազար ու Ագյուլ ամուսինների՝ սկեսրայր հոր ու սկեսուր մոր մասին։ Այդ երկու զգացմունքը թերևս չեն համադրվում, բայց սա է ճշմարտությունը։ Գուցե տատիս վաղ այրիությունն էր նման իրարամերժ զգացմունքներ միավորել։ Երկար տարիներ ժուժկալ կյանք վարող Լուսնյակ տատս պատմում էր, որ Ղազարն ու Ագյուլը ապրել են մինչև խոր ծերություն, սիրտ սրտի, շունչ շնչի, հոգի են տվել միմյանց համար։ Տատս համոզված էր, որ մինչև կյանքի վերջ նրանք դեռ սիրեկաններ էին, ու ավանդել էին հոգիները մեկ օրվա տարբերությամբ։ Այն էլ որ մեկի անկընկալ գնալուց հետո, մյուսը ուշքի գա ու մաքրի աշխարհի կյանքի պարտքն ու պահանջը։
Ղազարը մի ամբողջ կյանք կռիվ էր տալիս ապառաժների հետ և տասնյակ տարիներ անց անջրդի քարուքռան վերածում մրգաստանի։ Լուսնյակ տատիս պատմությունը Դերանց Ծորի մասին հյուսել է սրտառուչ մի հեքիաթ, որտեղ ապրում են Հազարան Բլբուլը, սողունների թագուհի`Շարմաղ օձը։ Շատ հեռավոր ժամանակներում, պատանի նախնիս հանդիպել է հրեղեն աղջկան, կորցրել քունն ու դադարը։ Պատմության ամենահուզիչ այդ պահին տատս մի կողմ էր դնում նախշուն ծածկոցն ու հելունը, ու երեխային մատնացույց անելով՝ երգում. «Մին էլ տեսա Դերանց Ծորումը մի ղաշանգ աղջիկ՝ կանաչ-կարմիր շորումը»: Ձայնը կերկերուն էր, իսկ երեխան ես էի։ Տատիս պատմությունները լսում էի կես ականջով, բայց դրանք ներծծվել են սրտիս մեջ, դարձել խաբկանք-իրողություն. կարծես նույնացել ենք ես ու հեքիաթի իրական աղջնակը, կարծես ապրել ենք ժուկով-ժամանակով՝ հեռավոր մի կալվածքում, որն է՝ Դերանց Ծյորը։
* * *
…Ահա սլանում եմ դեպի Դերանց Ծյոր։
Պատմությունս հորեղբորս՝ Սուրենի մասին է, բայց ես այն պետք է սկսեի Դերանց Ծյորից։ Ղազար պապն իր անդրանիկ, տղա թոռան` Սուրեն հորեղբորս պորտալարը կապել է սրտին հարազատ այդ վայրի հետ։ Չէ՞ որ Դերանց Ծյորում է մանկության լուսավոր հուշը, որ դրախտի կապույտն է բովանդակում և ունի արյան հիշողության արմատներ։ Մենք հաշվետու ենք այդ հիշողությանը։ Կողք կողքի են գերբնականն ու իրականը, հաճախ՝ անքակտելիորեն միահյուսված, որոնք ինչ խոսք. մեզ ղեկավարում են անվերծանելի օրենքներով։
Սոսկ գերբնականով կարելի է բացատրել Սուրեն հորեղբորս արարքը։ Վաճառում է ունեցած-չունեցածը Արցախյան պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում, հրաժարվում ապահով կենսակերպից, որին հասնելու համար տքնաջան աշխատել էր ամբողջ մի կյանք, տեղափոխվում Ստեփանակերտ։ Ներդնում է ծերության վերջին հոգեպահուստը, ապա՝ փող հայթայթում պարտքով, որպեսզի Դերանց լքյալ Ծյորը ծաղկացնի վերստին։ Մոտակա գյուղի բնակիչների համար նա այդպես էլ մնաց օտարական, մնաց իբրև անբացատրելի մի հանելուկ, մի տեսակ Ռոբինզոն։ Շատերը նրան «կիժ» էին համարում, իսկ հետո արդեն բացեիբաց՝ միտքն աջ ու ձախ բարձրաձայնելով և տարածելով։ Ռոբինզոնն ուներ և իր Ուրբաթը։ Վերջինս Արկադի անունով մի երիտասարդ էր, որ ջուր ու մթերք էր հասցնում հորեղբորս շաբաթը մեկ՝ «Նիվա» մակնիշի իր ավտոմեքենայով։ Արկադին թուլություն ուներ խմիչքի հանդեպ ու ինչքան խմում էր այնքան ավելի էր նմանվոևմ իր բնօրինակ Ուրբաթին։
* * *
…Սուրեն հորեղբորս առնչվող հիշողությունները սկզբնավորվում են վաղ մանկությունից. վեհաշուք արտաքինով հորեղբայրս նման էր ֆրանսիացի հռչակավոր դերասան Ժան Գաբենին, բայց՝ ավելի նրբագեղ էր: Ընտանեկան հավաքույթների ժամանակ ես ու զարմուհիներս հաճախ վիճաբանում էինք, թե՝ ով պետք է նստի հորեղբոր կողքին, որովհետև մենք՝ փոքրիկ աղջնակներս, մեզ օրիորդ էինք զգում նրա ներկայությամբ։ Իմ ծանոթներից և ոչ մեկը չի գերազանցել հորեղբորս նրբանկատությունն ու հոգատարությունը։ Նա իմ ափսեի մեջ դնում էր տարատեսակ ուտելիքներ, սովորեցնում դանակ-պատառաքաղ գործածելու հմտություններ, սեղանից օգտվելու կարգն ու քաղաքավարության կանոններ։ Նա անգերազանցելի էր այդ հարցերում։ Ինքն է ղեկավարել բազմաթիվ հյուրասիրություններ, որ կազմակերպվում էին Հայաստան ժամանած կառավարական պատվիրակությունների համար՝ Խորհրդային Միության օրոք։ Ղեկավարել է երկար տարիներ շարունակ։ Շատ տարիներ անց, երբ համալսարանն արդեն ավարտել էի, աշխատանք գտա Առևտրի նախարարությունում։ Հորեղբորս բարի համբավը չէր մոռացվել։ Ճշտելով ազգակցական կապերս՝ կանայք ընդունում էին ինձ առանձնահատուկ, մի տեսակ արտասովոր ոգեշնչումով։ Հիշում էին, թե ում զարմուհին եմ, իսկ այս հանգամանքը թերևս առավել կարևոր էր դարձնում իմ ներկայությունը նրանց շրջապատում։ Այդ տարիներին Սուրեն հորեղբայրս արդեն ամուսնալուծված էր։
…Ստեփանակերտի մեր տանը հին ալբոմ կար։ Հիշում եմ հորեղբորս լուսանկարները։ Խորհրդային բանակի երիտասարդ սպա էր՝ սլացիկ, գեղեցկատես, կապիտանի համազգեստով։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ նա հետախույզ էր։ Հաճախ մտաբերում եմ ուշագրավ մի դեպք, որ գալիս է բացահայտելու հորեղբորս մեծահոգությունը։ Գարնան պայծառ մի օր, Սլովակիայի ինչ-որ անտառակում դեմ-դիմաց հանդիպում են խորհրդային հետախույզն ու գերմանացի կապուտաչյա սպան։ Նրանք քարանում են՝ միմյանց ակնապիշ զննելով և դիմացինին նշանառության տակ վերցնելով։ Հորեղբայրս ձեռքի շարժումով հասկացնում է. հեռացի՛ր։ Ապա՝ շրջվում։ Հակառակորդը գուցե տմարդի՞ էր կամ պարզապես ֆյուրերի ու մեծ ռեյխի մոլորյալ նվիրյալը։ Ուստի և՝ կրակում է, իսկ գնդակները սուրում են՝ հորեղբորս քունքին թերևս քսվելով։ Վայրկյան անց կրակում է նաև Սուրենը, գնդակը մեխում հակառակորդի ճակատին: Գերմանացի երիտասարդը տապալվում է։ Տատիս պատմելով՝ հորեղբայրս մի տեսակ խեղճանում էր այդ դեպքը մտաբերելիս։ «Խեղճը գարուն տարիքում գնաց, իսկ ես դրանից հետո քանի-քանի գարուններ ապրեցի»,- հաճախ կրկնում էր Սուրենը։
Երեսուն տարեկանում՝ նկարիչ էր։ Ամուսնության սկզբում, մինչ բուհում հեռակայելը ընտանիքի հանապազօր հացն էր վաստակում լուսանկարչությամբ, նկարչությամբ։ Վերոնշյալ ալբոմում պահպանվել էր Սուրեն հորեղբորս ձեռքով նկարված մի գծանկար, որ պատմում էր հեռավոր ծովեզերքի մասին։ Նավակի կողափայտին կռթնած ձկնորսը գրկել էր ջրահարսի հեզաճկուն իրանն ու նրանք համբուրվում էին։ Ձկնորսն ինչ-որ բանով, թերևս հեռավոր նմանությամբ հիշեցնում էր երիտասարդ հորեղբորս։ Իսկ ջրահարսը գեղեցկուհի էր. կիսատ հյուսված վարսերով, անթերի կիսադեմով, նազուկ մեջքի նուրբ ծալքերով…. կուրծքը՝ պիրկ, հետույքը՝ ցցուն… թեփուկավոր պոչն արտացոլում էր արևի հուր-շռայլությունը, և թվում էր՝ ձկնային վերջույթը շարունակ տարուբերվում է ալիքների հետ։ Հաճախ եմ սևեռվել այդ գծանկարին, իսկապես լսելով ալիքների հառաչանքը, իսկապես ճանաչելով կրքոտ սիրո շշուկներ…
…Երբ Ստեփանակերտից ընտանիքով տեղափոխվեցինք Երևան, առաջին գիշերն անցկացրեցինք Ամիրյան փողոցի վրա գտնվող ընդարձակ բնակարանում։ Հորեղբորս կինը` Երմոնյան, գեղեցկուհի էր, դասական դիմագծերով։ Քիթ-բերանը՝ գծած, կիսադեմը՝ անթերի։ Այնինչ սպի կար ձախ այտին, և երբեմնի վնասվածքը վկայող այս խորշոմը թերևս ստվերում էր նրա կատարյալ գեղեցկությունը։ Ես՝ մանկահասակ աղջնակս, անլիարժեքության հուզմունքն էի ճաշակում մայրաքաղաքում բնակվող ազգականներիս ներկայությամբ, հորեղբորս որդուն կամ աղջկան հանդիպելիս։ Արդեն բազմաթիվ գրքեր էի կարդացել, խոսում էի գեղեցիկ հայերենով, բայց վախենում էի, թե այն շինծու կհնչի իմ բերանից։ Արցախի բարբառով չէի բացատրվում, ամաչում էի, իսկ ռուսերեն խոսելիս թվում էր, թե սխալներ եմ թույլ տալու։ Շփոթմունքը կաշկանդում էր՝ ավելորդ ամոթխածություն ծնելով։ Իմ միակ պաշտպանությունը խոնարհված աչքերս չբարձրացնելու մեջ էր։ Սա էր իրավիճակը, երբ կատարվեց անսպասելին։ Հորեղբորս կինն աչքերը կոկետորեն հառեց ամուսնուն և ինձ ակնարկելով՝ ասաց.
-Она будет красавицей…
Շփոթահույզ երախտագիտությամբ ժպտացի նրան։ Դեմքն այնքա՜ն հարազատ ու ծանոթ թվաց։ Հասկացա, որ նկարիս ջրահարսն էր։
…Վերոհիշյալ իդարձությունից մեկ տարի անց Սուրեն հորեղբայրս հավաքեց ճամպրուկներն ու լքեց կնոջը, երեխաներին։ Նա հետո սպասում էր, թե ետ կկանչեն, կկարոտեն, առանց իրեն չեն կարողանա։ Բայց ընտանիքը չհետաքրքրվեց Սուրենի ճակատագրով, իսկ հորեղբայրս հպարտ էր. չվերադարձա՛վ։ Ամուսնալուծությունը համընկավ ինչ-որ սխալ դատավարության, ապա՝ պաշտոնաթողության հետ։ Հորեղբորս բանտարկեցին։ Բայց և ազատ արձակվեց երկու տարի անց, գլխավոր դատախազի հրամանով։ Վերականգնեցին նախկին բոլոր արտոնությունները. կուսակցական վկայական, պաշտոն։ Ասում են՝ ընկճված էր, հիվանդ, և բնավ նման չէր ինքն իրեն։ Հայրս ու հորաքույրներս փորձում էին խոսել Սուրենի կնոջ` Երմոնյայի հետ, բայց վերջինս հիմնավորում էր իր որոշումը՝ երեխաների կամքը վկայակոչելով։ «Նրանք հոգնել են, հասկացե՛ք,- ասում էր,- այլևս չեն ցանկանում տեսնել հորը, խորշում են ծեծկռտուքներից, ամենօրյա վեճերից։ Մյուս կողմից, ախր, ձեզ ինչո՞ւ պիտի լսեմ, որ ինձ մի բան պատահի, դո՞ւք եք ինձ պահելու, թե՞ երեխաներս»։
Հորեղբորս ամուսնալուծությունից հետո մենք այլևս չէինք շփվում նրա ընտանիքի հետ, կարծես՝ գոյություն չունեին։ Դա պարտադրված էր մեզ։ Երեխաները հաճախ են դառնում մեծերի անարդարության, սխալ որոշումների զոհը՝ պարտադրանքը փոխելու իրավունք չունենալով։ Առ այս չի լռում ափսոսանքն ու տխրությունն է հետապնդում մինչ օրս, երբ խոհերն են գլուխ բարձրացնում՝ արարելով հուշեր։ Չէ՞ որ ճակատագրական սխալ էր հորեղբորս զավակներից օտարվելը։ Նրանցից ի հիշատակ մնում է «Русалочка»-ն, կամ՝ Երմոնյայի տորթը, որ մորս սիրած թխածքն էր և նա հաճախ հենց «Русалочка» էր պատրաստում Երմոնյայի բաղադրատոմսով։ Կա ևս մի բան, որ ծովեզրին բնակվող թախիծն է բերում՝ հորեղբորս կնոջ գեղեցկության մասին պատմելով։ Ես խոսում եմ գունաթափ գծանկարի մասին… Այնտեղ, ծովեզրից անդին շարունակվում է ջրահարսի հավիտենական կյանքը…
* * *
Ավտոմեքենան անցավ Շուշին, Խաչին տակը, Կարմիր գյուղը։ Լեռնային քարքարոտ ճանապարհը դժվարանցանելի էր, խորդուբորդ. տեղ-տեղ անսպասելի հայտնվում էինք անդնդախոր վիհերի պռնկին։ Թվում էր՝ Դերանց Ծյորը անմատչելի մի տեղ է, որին չենք հասնելու երբեք։ Շոգ կեսօր էր։ Նեղլիկ, զառիթափ արահետն ի վերջո հասցրեց բարձր բլրի ստորոտը։ Մուտքը ցանկապատված էր երկաթե ճաղերով, իսկ ծանր դարպասի վրա կար ցուցատախտակ. «Պատվի՛ր քո հորն ու քո մորը, որպեսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրա, որ Տեր Աստված տալու է քեզ» (Հին Կտակարան, Ելից 20:12)։
Չորսով` ամուսինս, երեխաներս ու ես, սկսեցինք կանչել.
– Հորեղբա՜յր, հորեղբա՜յր…
Մեր ձայները թնդում էին, իսկ արձագանքը թևածում էր Ծորն ի վեր, հասնում Դերանց մոռացված մատուռին, որ բարձրավանդակի վրա էր, հասնում մինչև մատուռի խաչն ու դուռը, ապա վերադառնում իբրև քամի, որ սիզախոտերի քաղցրավուն բույրերով էր ներծծված։ Խաչն անհողդողդ իշխում էր շրջապատի վրա՝ մի անգամ և վերջնականապես հաստատելով այն ճշմարտությունը, որ քամիներ կփչեն ու հողմեր կբարձրանան, կչարչարվի մարդն ու կարարի նորանոր բաներ, բայց Իշխողն ու Որոշողը կմնա Ինքը…
Մի կես ժամ անց Սուրեն հորեղբայրս իջավ բարձունքից։ Թիկնեղ էր, հրացանը ուսին, անտաշ, փայտե մեծ ձեռնափայտով, գամփռ շների հետ։ Մենք միշտ տեսել էինք նրան պաշտոնյա տղամարդուն հարիր, նրբագեղ կոստյումներով։ Նրա՝ անտառաբնակի կերպարանքը խիստ զարմացրել էր մեզ։ Բլրի գագաթնամասում փոքրիկ կառույց կար, քոլիկ հիշեցնող մի տնակ, որն ուներ երկաթե երկու մահճակալ, աթոռներ ու սեղան։ Պատերից մեկին ծնողների` Լուսնյակ մոր ու Բաղդասար հոր նկարներն էին, հակընդդեմ պատին՝ պապ ու տատի` Ղազարի ու Ագյուլի նկարները։
* * *
…Կատրինը՝ քրոջս դուստրը, որ ծնվել ու մեծացել է Նյու Յորքում, անմոռաց հուշ ունի իր մանկության մեջ։ Մանկահասակ օրիորդ էր, երբ հորեղբորս տանը, Դերանց Ծյորում լինելու առիթն ունեցավ։ Տեսնելով գեղեցկուհի նախատատին, Կատրինը փափագում էր նախատատի լուսանկարը։ Բայց ինչպե՞ս։ Հորեղբայրս երբեք և ոչ մի գնով չէր բաժանվի լուսանկարից, սա լույսի պես պարզ էր, և քույրս նախընտրում է լռել։ Շատ տարիներ անց, երբ հորեղբայրս արդեն մահացած էր, Կատրինը երկրորդ անգամ մեկնում է Ստեփանակերտ, տաքսիով հասնում Դերանց Ծյորի փակ դարպասին, բայց ներս մտնել չի հաջողվում։ Ցանկապատից դեպի ներս թափթփված իրեր կային։ Կույտից դուրս ցցված մի թուղթ գրավում է Կատրինի ուշադրությունը։ Թուղթը փայտով մոտեցնում է ցանկապատին և… Ո՜վ զարմանք… Ագյուլի լուսանկարն էր։ Պարզ չէր, թե նվիրական պատկերն ինչքան ժամանակ էր մնացել արևի, անձրևի կամ ձյան տակ։ Հետագայում, շնորհալի մի նկարչուհի վերականգնեց նկարը։ Ես այն տեսել եմ Կատրինի նյույորքյան բնակարանում։ Զարմուհուս հետ կատարվածը ինչ-որ կերպ մխիթարում է ինձ, հաստատում եզրահանգումներ, որոնք զգացական դաշտում են և կամ՝ երևակայական տիրույթներում։ Սակայն կան ճշմարտություններ, որոնք երբեմն հաստատվում են ժամանակ-դիպվածի քմահաճույքով։ Նկարի հետ կապված այս պատմությանն անդրադառնալով, ես կարծում եմ, որ մենակ չեմ անբացատրելի զգացմունքների շրջապտույտում։ Դատապարտված լինելու զգացողությունը պետք է որ համամարդկային լինի, իսկ ես՝ դատապարտության իմ բաժինն ընդունելով, կամավոր վերադառնում եմ վաղեմի ժամանակներ։ Ինձ առաջնորդող ուժը շրջանառվում է երակներիս մեջ՝ դառնալով մոգական ճառագայթների ձգողականություն։ Ահա անմեկնելի այս երազով եմ վերադառնում Դերանց Ծոր, և անուրջների անքննելի խորհուրդն եմ ճանաչում։ Ի՞նչ է սա… Ես ճանաչում եմ անհիշելի ժամանակների հիշողությունը, սակայն չունեմ բառեր…
Կատրինին առնչվող զարմանալի դիպվածն իր հետ բերում է և՛ լքվածություն, և՛ հույս։ Եթե սրտո՛վ ես փափագում՝ անպայման կհասնես մուրազիդ։ Ուզում եմ հավատալ, որ մենք՝ Դերանց Ծորի ժառանգներս, ավելի հաջողակ կլինենք և գուցե թե ենք, քան մեր նախնիները։
* * *
Դերանց Ծորը բնավ նման չէր մանկական իմ երևակայություններին։ Բլրի վրա աճում էին հսկայական թթենիներ, որոնք Ղազարն էր տնկել։ Իսկ դեղձենիները, նռնենիներն ու ծիրանենիները սելավը պոկել էր արմատներից դեռևս կոլեկտիվացման տարիներին։ Տարածքն անտերության էր մատնված, իսկ սելավը սրբել էր ամբողջ մի կյանք, որ եղել էր քրտնաջան աշխատանք ու կռիվ։ Ղազարը հող էր բերել ավանակներով, կառուցել էր փայտե միջնորմներ, որոնք արգելակում էին հողի հոսքը։
Ազատության մեջ էին վայրենացած ճագարներ, հնդկահավեր։ Հորեղբայրս հինգ ճագար զգետնեց որսորդական իր հրացանով։ Մի քանի հնդկահավ մորթեցինք։ Ես զբաղվեցի հնդկահավերը փետրահան անելու գործով, իսկ Սուրեն հորեղբայրս մորթազերծում էր ճագարները։ Հորեղբայրս ինձ միշտ ընդունել է դստեր պես, ամուսնուս`իբրև որդի։ Նույն վերաբերմունքն ուներ հորաքրոջս աղջիկների նկատմամբ։ Դա արտահայտվում էր և՛ սիրալիր վերաբերմունքով, և՛ հարսանյաց, ծննդյան նվերներով, և՛մարտիության ճոխ ծաղկեփնջերով։ Այն սերն ու ջերմությունը, որ նա պետք է տար սեփական զավակներին, «խլեցինք» ես և զարմուհիներս, քանզի ամուսնալուծվելուց հետո Սուրենն այլևս չէր շփվում ո՛չ կնոջ, ո՛չ էլ զավակների հետ։ Ամուսնուս հետ հորս փոխհարաբերությունները քաղաքավարության կանոններով էին, զո՛ւսպ, իսկ հորեղբորս հետ հոգի էին տալիս միմյանց, կատակում, քննարկում դեպքեր, ծաղրում որոշ պաշտոնյաների, քանի որ երկուսն էլ գործում էին նույն ոլորտում։
Ուշ երեկո էր, երբ հավաքվեցինք կոպիտ տաշված սեղանի շուրջ, նստեցինք թթենու տակ։ Երկինքն աստղազարդ էր, լիալուսինն իջել-բազմել էր հորեղբորս ուսերին։ Կարծես պայծառատես լիներ, իսկ ազնվազուն նրա դեմքն օծել էին արծաթագույն ճառագայթներ, որ մարգարեական խոհով էին տոգորված։ Մենք բոլորս ձեռքով էինք վերցնում խորովածի կտորները, ուտում էինք լիակատար ազատությամբ. կարծես վայրի բնությունն ինքն էր պարտավորեցնում, որ նմանվենք քարանձավաբնակ մեր նախահայրերին… Այնինչ հորեղբայրս միսն ու ոսկորը բաժանում էր դանակ-պատառաքաղով, ամենահամեղ կտորները դնում դստերս ափսեի մեջ։ Դուստրս շիկնում էր ստեպ-ստեպ, ձգվում ճիշտ այնպես, ինչպես ես՝ տարիներ առաջ։
Ռոբինզոնը երբեմն նկատողություն էր անում Ուրբաթին, որ կորցրել էր խմելու չափը, իսկ Ուրբաթն արդարանում էր՝ պնդելով, թե վաղուց կարոտ էր նման հետաքրքիր ընկերակցության։ Գուցե՝ սոսկ խոսքեր էին, թթի օղին լիուլի կոնծելու արդարացում։ Ամուսինս, երեխաներս ու ես մի քանի տարի չէինք տեսել Սուրեն հորեղբորս։ Շատ էինք կարոտել։ Ակնհայտորեն՝ երջանիկ էր և նա։
-Ավո ջան,- հանկարծ խոսեց Սուրենը դիմելով ամուսնուս,- չգիտեմ, Աստված քանի՛ տարի ունի ինձ համար պահած։
– Հորեղբայր, նման բան մի ասա։- Ավոն գրկեց նրան՝ ինչպես որդին կգրկեր հորը։
– Մի բան հաստատ գիտեմ, դո՛ւ ես լինելու ինձ թաղողը,- շշուկով շարունակեց հորեղբայրս։ Կարծես ամաչում էր։ Իր միս ու արյան զավակը չէր Ավոն, բայց նրան էր վստահում սրտամոտ տխրությունը։
Նախքան այս հանդիպումը եղել էինք Ստեփանակերտի տոհմական գերեզմանոցում ու տեսել սրբատաշ տապանաքարը, որ Սուրենն էր պատվիրել նախապես։
– Հորեղբայր, տեսել եմ քո…. գերեզմանաքարը,- ժպտացի ես։
– Ոչ մի ծախս չեք ունենալու,- պատասխանեց Սուրենը,- հոգեհացի ծախսից բացի։- Ապա՝ ծիծաղեց ինքնագոհ։
Հարբած Արկադին գնաց հավատարիմ «Նիվայում» քնելու, դուստրս ու որդիս հոգնաբեկ ննջում էին։ Գայլերի ոռնոցը խռովք էր բերում մեր հոգիներին, այնինչ օրորոցային խաղաղություն կար ծղրիդների միալար երգի մեջ: Լռությունը խախտեցի ես.
-Գիտե՞ս, հորեղբայր, երկու օրից պիտի գայինք, բայց շտապեցինք… Երմոնյան մահացել է։
Ստեփանակերտում ապրող հարևանուհու մասին էր խոսքս։
– Ինչպե՞ս թե՝ Երմոնը մահացել է… – Մի ակնթարթում մի բուռ դարձավ հորեղբայրս, հայացքը շաղվեց։- Բա երեխաներս ինձ ինչո՞ւ չեն հայտնել…
Դեմքն առավ ափերի մեջ ու հեկեկաց անհույս։
Գրկեցի նրան։ Ապարդյուն փորձում էի հանգստացնել։ Ուշացումով գլխի ընկա, որ հեռավոր ծովեզերքում ապրող ջրահարսի անունը Երմոնյա էր նույնպես, և հորեղբայրս նրա մահն էր ողբում։ Պարզաբանեցի թյուրիմացությունը, ասացի, որ սխալմունք է, որ ծեր հարևանուհուն նկատի ունեի։
Ծիծղուն աչքերով, միշտ բարեհամբույր, թվացյալ հանգստություն ճառագող հորեղբայրս շրջել էր գլուխը։ Նա գտնվում էր ժամանակի այլ եզերքում, և, ո՞վ գիտի, որտե՞ղ կարող է լինել ծովին մերձ այն ափը, որ գաղտնիք ունի ավազների խորքում։ Չէ՞ որ ջրահարսն այդպես էլ չմարդացավ ու չհասկացավ սիրո զորությունը։ Անցյալի ծանր ապրումներն էին գերեվարել հորեղբորս։ Հետո նա հիշեց վերջին օրվա մանրամասներն ու պատմեց, թե ինչպես էր լքել իր Երմոնյա կնոջն ու երեխաներին։ Կարծես երեկ լիներ. քսանվեց տարին ակնթարթ էր սոսկ։ Ժամանակը կանգ էր առել վերջին այդ օրվա մեջ։ Դրանից հետո ուրիշ օրեր չէին եղել այլևս, և ոչինչ չէր կատարվել։
Ահա խոսում էր հորեղբայրս մորմոքի ուժով ու անողոք մեղադրում էր կնոջը։ Կողակիցը եղել էր ապիմաստուն ու թեթևամիտ, կողակիցն էր զրկել իրեն լավ հայր լինելու հնարավորությունից։ Ամբողջ գիշեր չքնեցինք, ամուսնուս հետ համբերությամբ լսում էինք նրան։ Կարկամել էինք զգացմունքների այն հեղեղից, որն ալեկոծում էր ալեհեր ծերունու սիրտը։ Փորձում էինք հարցեր չտալ։ Փորձում էինք լռությամբ հերքել ամեն մի պատճառ ու հետևանք, այլևս չթեժացնել հիշողությունների ցավը։ Քարացել էին լիալուսինը, երկինքը, թթենիների մութ ստվերները… Թվում էր՝ ժամանակն իր կանգառին է հասել։
…Ինձ կրկին հանգիստ չէին տալիս կպչուն հիշողություններ, որ այցելում էին Ստեփանակերտ վերադառնալիս։ Տարիներ առաջ, երբ երիտասարդ կին էի, աշխատում էի Երևանի առևտրական տրեստներից մեկում՝ որպես գլխավոր հաշվապահ։ Լպրծուն աչքերով մի առևտրական դիմեց ինձ՝ հայացքը դեմքիս բևեռելով.
-Հորեղբայրդ վատ մարդ չի… բայց կինը…. լսել եմ…
Անվայելուչ արտահայտություն թույլ տվեց հորեղբորս կնոջ՝ Երմոնյայի հասցեին։ Ապա՝ավելացրեց.
-Գաղտնիք չի. Սուրենը խանդի մոլեգնության մեջ դանակով կտրել է կնոջ այտը, որպեսզի փչացնի նրա գեղեցկությունը։
Այդ տականքը ցանկանում էր նսեմացնել ինձ, իբր՝ վեր-վեր մի թռիր, գիտե՜նք ձեզ։
Ես նրան դուրս հրավիրեցի առանձնասենյակիցս։ Նա գնաց, իսկ ես նրա ետևից ցանկանում էի բղավել.
-Ոչնչությո՛ւն, դու արժանի չես անգամ հորեղբորս կոշիկների կապերն արձակելուն։ Ուրեմն ո՞վ է քեզ տվել անծանոթ կնոջն անբարոյական կոչելու իրավունքը։
Մինչև օրս էլ չգիտեմ ճշմարտությունը. կարծում եմ՝ հորեղբայրս ընդունակ չէր նման արարքի, չէր կարող վնասել կնոջ այտը՝ գեղեցկություն խլելու և կամ կանացի հմայքը կոտրելու նպատակով։ Չէ՛ր կարող։ Քանզի անհամատեղելի են մոլագարությունն ու վեհանձնությունը, իսկ քնքշանքն ու դաժանությունը, սերն ու ատելությունը՝ իրարամերժ։
Սակայն գերբնականն է մեզ այցելում այնժամ, երբ թերի է մնում իրականությունը։ Ուստի այս ամենին է գումարվում ջրահարսի անեծքը, որ դրոշմվեց հորեղբորս ճակատագրին։ Ո՞վ կհավատա սրան։ Չգիտեմ։ Բայց եթե լեգենդ կա մեզանից յուրաքանչյուրի կյանքում, ապա լեգենդը նաև վկայում է… Ծովերում թափառող հոգիներ են ջրահարսները, և նրանց տրված չէ երբևէ հանգիստ ունենալու վայելքը։ Նրանք կնոջ կերպարանք են առնում, որպեսզի հափշտակեն տղամարդու ամենալուսավոր մասնիկը։ Նրանք փրկում են ձկնորսներ, ջրահեղձ նավաստիներ են հանում ծովի փրփուրներից, բայց ջրահարսի համբույր ճաշակող տղամարդը չի կարող փրկվել, քանզի ծովեզրին է թողնում իր հոգու գեղեցկության ամենամաքուր շռայլության փշրված ճակատագիրը:
Ավտոմեքենան ավելի ու ավելի է հեռանում Դերանց Ծորից։ Ճանապարհը մատուցում է այլ տեսարաններ, և տեսադաշտից ի վերջո անհայտանում է Դերանց Խաչը, որ վկայություն ունի և հաստատում է ցեղիս կորսված պատկանելությունը քահանայական դասին։ Դա իմ վերջին հանդիպումն էր։
…2001թ. դեկտեմբերի երեքին մահացավ ամուսինս։ Մահվան բոթը Սուրեն հորեղբորս հասավ ավելի ուշ, բայց նա եկավ Երևան, եկավ հատուկ ինձ ցավակցելու։ Այնքա՜ն շփոթված էր, թևաթափ, երեխայի պես անօգնական…
– Ե՛ս պիտի մեռնեի,- մրմնջում էր ալևորը,- ոչ թե Ավոն… Հիմա ո՞վ ինձ կթաղի…
Վերջին անգամ էի տեսնում Սուրեն հորեղբորս։
…Սուրենը մահացավ երկարատև հիվանդությունից, Ստեփանակերտի ծերանոցում։ Հարազատներից ոչ ոք չկար։ Մենակ էր։ Նա՛, որ այնքա՜ն շատ բան է արել բարեկամների, ազգականների, անգամ՝ օտարների համար։ Ես լքել էի երկիրս, զավակներիս հետ գտնվում էի յոթը ծովերից այն կողմ, և հայրենիք վերադառնալու փաստաթղթային իրավունք չունեի։ Հորեղբորս թաղման արարողությունը կազմակերպել էին ինչ-որ մարդիկ։ Ճարպիկ ստահակներ, որոնք հիշողությունը կորցրած, մահամերձ ծերունուն պարտադրել էին, և նա հանձնել էր Դերանց Ծjորն ու հայրական տունը տնօրինելու իրավունքը։
Եվս մի զուգադիպություն։ Մեկ օրվա տարբերությամբ, Հայաստանի Ստեփանավան քաղաքում, որն անվանակիցն է Ստեփանակերտի, հանկարծամահ է լինում հորեղբորս կինը` Երմոնյան, այս պատմության Ջրահարսը։ Մահանում է իր իսկ ձեռքով մշակված տնամերձում։ Առ այս չգիտեմ, թե ի՞նչն էր նրան դուրս բերել Երևանի կենտրոնում գտնվող շքեղ բնակարանից և թե ինչպես էր հայտնվել գավառական քաղաքում։
Այս մահերից հետո թաքցրեցի նկարը, որ խոսում էր՝ վկայելով ջրահարսի, ձկնորսի և ծովեզրին բնակվող անեծքի պատմությունը։ Թող չգտնվի՛ պատկերն այլևս, և որևէ մեկը թող չվարակվի հոգեմաշ, դիվական թախիծով։
* * *
Քնած եմ ծեր անապատում գտնվող Լոս Անջելես հսկա կոնգլոմերատի, Գլենդել քաղաքի փոքրիկ բնակարանում։ Կողքիս է հիշողությունը կորցրած, անդամալույծ հայրս` Դերանց ցեղի վերջին մոհիկանը։
Երազ…
Դերանց Ծյորում եմ։ Տեսնում եմ հրեղեն աղջկան, որ լիաթոք ներշնչում է բարձրավանդակի մատուռից՝ Դերանց Խաչից բարձրացող քամին։ Քամին՝ սիզախոտերի անուշ բուրմունքով։ Հարազատ, հեռավոր ձայների արձագանքը պարգև է՝ զմայլանք։ Հրեղեն աղջիկը նման է իմ դեռ չծնված թոռնուհուն՝ ջրի զույգ կաթիլի պես։ Արթնանում եմ ուրախ ու հավատում եմ Դերանց ցեղի հայտնության առասպելին։
[1] Դերանց ցեղին պատկանող կալվածքի անվանումն է։
