Խանդութ Թորոսյան, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

Հատվող զուգահեռներ

Մրցույթին ներկայացված պատմվածքները հրապարակվում են հեղինակի ցանկությամբ, չեն խմբագրվում և չեն սրբագրվում:

Կան վայրեր, որոնք , եթե չափենք մեզ հայտնի չափման միավորներով , մեզ շատ մոտ են՝ երկու ,երեք,  ինը , տասը կիլոմետր, երբեմն՝ մի քանի տասնյակ, բայց հոգումդ դրանք շատ խորն են ու հեռու, շատ խորը ու երբեմն նույնիսկ մտովի այնտեղ հասնելու համար մի կյանքն էլ է քիչ։ Կան վայրեր, որոնք քեզ չափազանց հարազատ են ու նստած են սրտիդ մեջ, կարծես քո ծնվելուց էլ ավելի վաղ ես ճանաչում դրանց ու մերթընդմերթ ուզում ես մտնել հոգուդ մեջ ու հասկանալ, թե քանի տարեկան է հոգիդ , փորում ես հիշողությունդ ու հասնում ես անհիշելին, հասկանում ես , որ անցար ֆիզիկական գոյությանդ տարիքն ու արդեն հոգուդ մեջ ես, բայց ավել չես կարողանում թափանցել , դեմ ես առել անանցելի պատնեշի , հիշողությունդ չի հիշում անհիշելին։ Ու կան վայրեր, որոնք անգիտակցականի մակարդակում են, բայց շատ ջերմ են ու , որոնք չնայած մի քանի՝ երկու, երեք, ինը , տասը կամ տասնյակ կիլոմետրեր  են հեռու, բայց անգիտակցաբար խուսափում ես այդ վայրերից ու հայտնվում ես այնտեղ միայն խաղաղ -խաղաղ քնած ժամանակ, երբ հոգիդ շատ է ուզում, իսկ մարմինդ ու ուղեղդ ՝ ոչ ։ Կան վայրեր , որոնք միաժամանակ և՜ ջերմ են, և՜ սահմռկեցուցիչ, անբացատրելիորեն հարազատ , հաճելի , բայց՝ արգելված։ Մեկի համար դա այն վայրն է , որտեղ  նա համբուրվել է կյանքում առաջին անգամ, մյուսի համար՝ իր և միայն իր սիրելիին  հայտնի գողտրիկ ժամադրավայրը , որտեղ միգուցե սիրելիներից մեկը սրտի թրթիռով անհամբեր սպասել է մյուսին՝ տասը , քսան , երեսուն , քառասուն րոպե , նույնիսկ վաթսուն րոպե ու չի հեռացել, որտեղ էլ հետո ջահելությունն է թողել։ Ու  ինքներս մեզ արգելած վայրերն իրականում մեզ շատ մոտ են , բայց անհասանելի ,որովհետև նորից զգալու ես կյանքիդ առաջին համբույրը , սիրելիիդ քնքուշ հպումը , տեսնելու ես մետրոյի մուտքի մոտ  դաշտային ծաղիկներով սպասող   սևահերին  , ու արդեն շատ տարիներ անց այդ ծաղիկները տեսնելիս դու միշտ միայն նրան ես հիշելու, նա՝ քեզ։                        

          Չգիտեմ՝ ինչու են մարդիկ կարևոր մտքերն ասում ցածրաձայն, կամ թե չեմ հիշում , որ մեկնումեկը աղոթի բարձրաձայն ։ Չգիտեմ՝  ինչու են գաղտնիքները, սերը,  , հոգու երգերն ու անգամ հոգու ճիչերը ցածրաձայն ասվում։ Հա՜ , ու չգիտեմ , թե ինչից է , որ ինչ լեզվով էլ որ երգեն սիրո մասին , հոգիդ աղաղակում է , ու մեկ էլ գիտակցում ես , որ ոչ թե տիրապետում ես մի քանի լեզվի , այլ գրեթե յոթ հազար լեզվի, իհարկե, եթե երգը սիրո մասին է, ու չգիտես ինչու հասկանում եմ ղրղզի , բաշկիրի , չեչենի սիրո լեզուն ։Սերը միանման է հնչում բոլոր լեզուներով, միայն քո  մայրենիով ես դու այն լսում, այն էլ՝ շշուկով։                                Իսկ հիմա պիտի փորձեմ չսայթաքեմ ու ամեն ինչ ներկայացնեմ ոչ թե առաջին , այլ երրորդ դեմքով։ Դժվար կլինի։

Մեր Սոնան արդեն գանգրահեր էր այն բանից հետո , երբ տատիկը որոշեց սափրել նրա գլուխն ու ձվի ու լողակի խառնուրդ քսել նրա գլխին։ Արդյունքը տեսանելի էր , երբ նրա ճաղատ գլուխն արդեն կորցրեց դեղնակապտավուն երանգն ու ծածկվեց մազիկներով։ Ակնհայտ էր , մազերը հաստացել էին , ու փոխվել էր որակը։ Խարտյաշ էր , սպիտակամաշկ , նուրբ աղջնակ։ Փոքր ժամանակ գարնան գալով նրա նուրբ երեսին երբեմն-երբեմն մի քանի պեպեն էր հայտնվում։ Իրականում նա նեղսրտում էր իր պեպեններից, այնինչ  դրանք շատ էին սազում նրան։ Էլի մի քանի բաներ կային , նրա արտաքինում, որ           կաշկանդում էին նրան, և նա երբեք չէր խոսում իր թվացյալ թերությունների մասին։ Գիտեմ նաև , որ նեղվում էր , որ դիմացի ատամները կամ ինչպես ատամնաբույժներն էին ասում՝ առաջին , երկրորդ ատամները  իրարից հեռու էին , սակայն դիմացի կամ առաջին , երկրորդ  ատամների ճեղքը էլ ավելի էր նրան հմայիչ դարձնում , ինչպես ժամանակի հայտնի հանրահայտ երգչուհին էր, չնայած , որ նա շուտ գիտակցեց իր հմայքի գաղտնիքներից մեկը, երբ արդեն մայր էր , կայացած անկախ կին ու բարի մորաքույր։ Թերություններից մեկն էլ նա համարում էր ոչ այնքան բարձրահասակ լինելը։ Սոնան ներսից կամ հոգով ինչ-որ անհուն կարոտ էր զգում, երբեմն խորտակվում էդ անհուն կարոտի մեջ ու չգիտեր , թե ինչ էր զգում, անբացատրելի էր զգացածը։ Գիտեր , որ իր ներսում կային մի քանի հոգի, որոնց հետ խոսում էր ՝ հիմնականում անձայն։ Պեպենների հետ հաշտվել էր  ու մխիթարվում էր , որ պեպեններ ունենում էին ավելի շատ հյուսիսային Եվրոպայի մոտ գտնվող իր սիրելի կարմրահեր մարդիկ, չնայած իր աշխարհագրությունը մի քիչ հեռու էր կարմրահեր, պեպենոտ մարդկանց  հյուսիսից։ Մի օր գլխի ընկավ , որ քանի որ արև շատ էր սիրում,  ու արևն էլ անշուշտ  իրեն էր սիրում , համոզված էր , որ այդ պեպեններն արդյունք էին իրեն շոյած ու համբուրած արևի։             -Քոռանամ ես, կոլոտ կմնաս,- լսել էր Սոնան իր համար մի շատ սարսափելի օր, երբ պարզվեց , որ ինքն այլևս փոքրիկ աղջնակ չէր , այլ կարծես՝ օրիորդ։             Չէր հասկանում , թե ինչու էին իրեն ամուր գրկում ու համբուրում, շնորհավորում։ Գլխի ընկավ , որ այն , ինչ իր հետ էր կատարվել  առանց իր կամքի, ամենևին էլ պատժելի չէր , այլ ՝ որոշ առումով  միգուցե գովելի, բայց դե կոլոտ էր մնալու։ Հանգիստ շունչ քաշեց ՝ թեթևացած։ Ինքն արդեն օրիորդ էր , փոքրիկ օրիորդ, չէր էլ հասկանում , որ ֆիզիոլոգիապես շատ կարևոր փոփոխություն էր տեղի ունեցել։                   

  -Տա՜տ, էս ինչի՞ եք ուրախացել, -հարցրեց իր ֆիզիոլոգիական փոփոխությունից մի երկու օր վախեցած ու ինչ-որ տարօրինակ բաներ նկատած օրիորդ Սոնան։                  

 -Դե փոքր ես ու շատ չես մեծանա, սենց փոքր , չամիչ աղջիկ կլինես,-փորձեց բացատրել տատիկը։     

-Բայց որ մեծանամ , մամա դառնամ ,  ուրեմն փոքր չեմ , չէ՞, տա՜տ,-ջանում էր մի բան գլխի ընկնել մեր պեպենոտ չամիչը։             

-Հա՜, պիտի մեծանաս , որ մամա լինես։ Դու կմեծանաս , բայց փոքրիկ , պստլիկ մամա կլինես։                 

 Տատիկը կիսակաշկանդված բացատրում էր , որ պիտի սառը քարերին չնստի , տաք գուլպա հագնի ու իրեն ավելի տաք պահի, զգուշացրեց նաև, որ արդեն շարունակաբար է լինելու այն , ինչ նրա գլխին եկել էր, և, որ հարկ չկար անհանգստանալու, որովհետև բոլոր մամաներն էլ էդպես են մամա դառնում։ Շատ էր ուզում հասկանալ , միևնույնն է՝ չհասկացավ։ Ինքը նույն աղջիկն էր, բայց բոլորն ասում էին , որ արդեն մեծ աղջիկ է։ Դե ուրեմն մեծ է։                   Արդեն վաղուց գարուն էր։ Նրա հասակակիցները անհոգ խաղում էին կամ զբոսնում, ըմբոշխնում էին արևածաղկի սերմերը, երբեմն նույնիսկ կեղևով։                -Տա՜տ, էսօր չգնամ էլի երաժշտական , իջնեմ մի քիչ դրսում խաղամ, հոգնում եմ , ամբողջ օրը երաժշտական , հա երաժշտական։ Մեկ ա , ես աշխարհահռչակ դաշնակահարուհի չեմ դառնալու։ Զզվեցի էլի քո երաժշտականից։             

 -Լսի՜ր ,այ պստո, նախ՝ էդ իմ երաժշտականը չի , հետո էլ վատ կլինի՞, որ հյուրերի մոտ նվագես , ու ես էլ հպարտանամ , մանավանդ , շատ եմ սիրում , որ նվագում են ու ապրումներով օրորվում։                         

     -Ո՜ւֆ, տա՜տ, զզվել եմ , ե՞րբ եմ ավարտելու էդ երժշտականը ու պրծնեմ քեզնից, քո հյուրերից ու օրորվելով նվագելուց։ Հենց ավարտեմ, տատի՜, չեմ բացելու էդ դաշնամուրը, զզվացրել ես ինձ։ Մի հատ էլ ուզում ես, կոնսերվատորիա՞ գնամ, չէ մի չէ։                   

 -Արագացրու՜, չուշանաս, Զոյա Ռուբենովնային չսպասեցնես։                           Միգուցե Սոնան աշխարհահռչակ , կամ էլ պարզապես շարքային դաշնակահարուհի դառնար, ո՞վ գիտի, պարզապես այն դաշնակահարուհին ում անունը տալիս էր Սոնայի տատիկը, չափազանց տգեղ էր, կամ ՝ ավելի ճիշտ կլինի ասել ՝ անթերի տգեղ, իսկ այդ տարիքի աղջիկներին գրավում են կանացի , քնքուշ , վեհ, մի քիչ սեթևեթող, հատկապես մի քիչ երկար , կարմիր ներկած եղունգներով կանայք։ Ցավոք , տատիկի սիրած դաշնակահարուհին  Սոնային չէր ներշնչում  որպես կին։ Նա չէր կարող ներշնչել , համոզել Սոնային, երբեմն նա նույնիսկ սահմռկեցուցիչ էր որպես կին , հատկապես, երբ որևէ ստեղծագործություն կատարելիս նա ապրումներով օրորվում էր, այն էլ աչքերը փակ։ Հենց որ Սոնան հիշում էր դաշնակահարուհուն, սարսափում էր դաշնակահարուհի դառնալու մտքից, քանի որ նա միայն պատկերացնում էր այդ մեծ քթով , կոպիտ , անտաշ , ոչ կանացի կնոջը , չնայած , որի հոգին անխոս այնքան նուրբ , քնքուշ  ու վեհ պիտք  է լիներ , որքան նրա նվագած երաժշտությունը։           

   Սոնան դժկամորեն  հագավ իր «երաժշտական» գնալու շորերը և շատ տխուր ու հիասթափված դուրս եկավ տնից։ Դեռ պիտի հասներ Շրջանային, հետո էլ մետրոյով հրապարակ ու մի քիչ էլ ոտքով գնար , որ հասներ Զոյա Ռուբենովնայի մոտ։ Զոյա Ռուբենովնան շատ քնքուշ, կանացի, բայց խռպոտ ձայնով կին էր , դե շատ էր ծխում , և  մեկ էլ Սոնան հիշում էր նրա եղունգները խորը կտրած մատները, որոնք նրան երբեմն գեղեցիկ , երբեմն էլ տգեղ էին թվում, որովհետև Սոնան կարծում էր ,որ նրա նման հմայիչ կինը պիտի ունենար գոնե մի քիչ երկար ու կարմիր ներկած եղունգներ։ Եվ լավ կլիներ , որ մի քիչ էլ նուրբ ձայն ունենար, բայց դե ամբողջ օրը չափ էր տալիս ՝ ռաս ի, դվա ի… Իսկ ինչպե՜ս էր բուրում, ինչ հաճելի էր, երբ նա իր եղունգները կարճ կտրած ձեռքերով բռնում էր Սոնայի ձեռքն իր ափի մեջ ու ապրումներից , ցավեցնելու չափ սեղմելով , մեկ լյա , մեկ դո էր նվագում ու ասում ՝ ստակատո՜, հետո , թե բա՝ ֆորտե։ Եվ հետո նրա բույրը տարածվում էր Սոնայի վրա ու ամբողջ օրը նա բուրում էր իր քնքուշ , խռպոտ Զոյա ռուբենովնավարի, ինչ լավն էր իր քնքուշ ուսուցչուհին։                    

     Սոնան շտապում էր, չէր ուզում , որ ուսուցչուհին բարկանար ու էլի նախատեր։ Շարժասանդուղքներով իջավ և մարդկանց հոսքից հասկացավ , որ գնացքը նոր է ժամանել, շնչակտուր վազեց , քանի որ մյուսը հինգ րոպե հետո էր ժամանելու։ Վազեց, վազեց և մի կերպ հրմշտելով վերջին վագոնի վերջին դռնից սեղմվեց մի կողմից դռանը , մյուս կողմից ՝ ինչ -որ մեկին։ Աչքերը բարձրացրեց ու զգաց ինչ -որ մեկի շնչառությունը ու համառ հայացքը։ Ամաչեց, բայց ի՞նչ աներ. բոլորը բոլորի գրկում էին։ Ինչ-որ մեկի շնչառությունն էլ ավելի էր արագանում, ու մի անսովոր դող էր պատել նրան։ Նա վայրկյաններն էր հաշվում, որ ազատվեր արագ շնչող ինչ -որ մեկի գրկից ու արդեն երանի էր տալիս այն պահին , երբ նստած կլիներ դաշնամուրի առջև։ Նա դուրս թռավ խցանի նման և փորձեց արագ կորչել՝ համոզված լինելով, որ էն արագ շնչող տղան իրեն հետապնդելու էր։ Գլուխը հետ չէր դարձնում , չնայած , որ շատ էր ուզում հասկանալ, արդյո՞ք ճիշտ էր զգում ու դեռ զգում էր տղայի հայացքն ու շնչառությունը։ Շտապ-շտապ , առանց հետ նայելու գնում էր և մեկ էլ , թե ոնց էս տղան  նրա առաջ դուրս եկավ ու սկսեց խոսել։ Դե , նման դեպքերում անունն էին հարցնում, հետո մի երկու հաճոյախոսություն անում, և եթե աղջիկը արհամարհում ու չէր խոսում , սովորաբար տղաները թողնում , գնում էին, բայց էս համառ  տղան համառում էր , ո՜նց էր համառում, դե Սոնան էլ ուշանում էր, ախր ժամանակ չուներ , տղան խոստացավ , որ կգնա միայն , եթե  աղջիկը հեռախոսահամարը տա և ասի իր անունը։ Այլընտրանք չկար, պիտի հասներ Զոյա Ռուբենովնային, դե հետո էլ կարող էր պատահել , որ տղան չէր զանգի իրեն, հավանական էր , որ կանցներ տղայի ոգևորությունը։ Եվ հետո , ինքն այդքան փորձառու չէր , որ կարողանար խաբել տղային կամ գոնե կարողանար մի թիվ սխալ ասել։ Կամ պիտի ճիշտ հեռախոսահամարը տար , կամ էլ չպիտի գնար և ուշանար։             «Վա՜յ , տատի՜կ, ասում էի չէ՞ ՝ չգնամ այսօր»։      Նորից հիշեց տատիկին , բայց դե դրա ժամանակն էլ չկար։ Էս տղան համառում էր ։ Սոնան անկարող էր այլևս դիմադրել , դողացող ձեռքով ինչ -որ թվեր գրեց , անունն   էլ ՝ Ս -Ո-Ն -Ա ու վազեց , գնաց։

-Երեկոյան զանգելու եմ , – հետևից բղավեց հետաքրքիր , համառ տղան։

Սոնան հաղթանակած , թեթև շունչ քաշեց ։ Հիմա ուսուցչուհու դռան առջև էր , ինչ լավ պրծավ էդ տղայից, վա՜յ, տատի՜կ։ 

– Էլի ուշանում ես, այսօր ի՞նչ կասես, ախր գիտես , ժամը ժամի հետևից  գալիս են երեխաները , Սոնա՜, դիտավորյա՞լ ես անում։

Սոնան գրեթե ոչինչ չէր լսում , նա մտածում էր , թե ինչ պիտի անի , եթե այդ տղան երեկոյան զանգահարի իրեն , բայց զգում էր , որ հավետ կապված էր լինելու այդ համառ ու հետաքրքիր արտաքինով տղայի հետ։ Դեռ անունն էլ չգիտեր։ Արդյոք կզանգե՞ր, երանի չզանգեր, ո՞նց էր խոսելու , ո՞նց էր հարմարեցնելու , որ տնեցիները չնկատեին։ Մի կերպ դասն անցավ ու նա երազելով, մտքերի մեջ թաղված , անէացած իջավ չլուսավորվող մուտքի աստիճաններով, նույնիսկ չէր զգում , որ մուտքը մութ էր, ինչ -որ տարօրինակ զգացում էր պատել նրան ու մտքի մեջ թաքուն հրճվում էր , ինչ լավ էր , որ հանդիպեց նրան , ով լինելու էր իր կյանքի սերը, չնայած , որ երբեք բախտ չէր վիճակվելու միասին լինելու, բայց սիրելու էին միմյանց հավետ, հիշելու էին իրար նեղության , տխրության, ուրախության ու ամեն իրադարձության ժամանակ, մտովի խոսելու էին իրար հետ ու միշտ ափսոսելու , որ միասին չեն։ Ինչքան կարևոր օր էր այդ օրը երկուսի համար էլ , այնինչ նրանք չէին գիտակցում այդ պահին , որ այդ օրը իրենց ծննդյան օրից հետո մյուս կարևոր օրն էր լինելու՝ հոգով սիրելու և հավերժ սիրահարված լինելու օրը։ Ո՞վ էր այդ անծանոթը , որի շունչը Սոնան դեռ զգում էր ու մի կյանք էլ պիտի հիշեր նրա անբացատրելի , խորաթափանց, սիրով լի հայացքը , որից ինքը շիկնել ու ամոթից կախել էր աչքերը։

Հիմա արդեն Սոնան իսկապես մեծ աղջիկ է, աշխատում է չամիչ մնալ, թեև դժվար է, փոքր , փխրուն մայր է, կյանքը նրան շատ է խփել այս ու այն պատերին ու շատ է նեղացրել, սակայն նա  կարծես ավելի փորձառու է դարձել կյանքում, հասկանում է , երբ են ստում,  երբ են գլուխ գովում, երբ անլրջանում։ Միևնույնն է , այս ամենը հասկանալով նա մնացել է բարի , կարեկցող , մարդասեր կոլոտ աղջիկը։ Ու երբեմն հաճախ , երբեմն էլ հազվադեպ նա բոլորից թաքուն արտասվում է գիշերը , իսկ ցերեկը նա սովորաբար շատ  ուժեղ, պինդ , համառ կին է թվում բոլորին, բայց ա՜յ գիշերը նա նորից փոքրանում է։ Խնդիրները շատ են, անելանելի պահերը ՝ հաճախ , սիրում է կյանքն այնքան , որ անգամ երբ բժիշկները նրա կյանքի ժամերը կամ նույնիսկ վերջին րոպեներն էին հաշվում, նա ապրեց։ Ու արդեն քանի տարի պիտի չլիներ ու քանի գարուն ու ամառ պիտի չզգար, չսիրեր , չբարկանար ու գիշերները չնայեր լուսնին։ Սիրեց ու ապրեց , բժիշկներն ապշած էին անհնարինից  … ու սիրում է վայելել իր միայնությունը , սիրում է մնալ ինքն իր հետ , խոսել խղճի հետ ու շնորհակալ լինել, նայել էն նույն լուսնին, որ նույնությամբ երևում էր իր սևահերին։

– Տա՜տ ջան , վաղը կլուծվի քո հարցը, չէ՞որ ես արդեն հավաքել եմ պահանջված գումարը ու վաղը ես մեղք եմ գործելու՝ կաշառք եմ տալու, կյանքումս առաջին անգամ, տա՜տ։ Եթե չտամ , նրանք չեն տեսնի , որ դու հաշմանդամ ես, պարզապես քեզ խորհուրդներ կտան , կնայեն երեսիդ ու կպնդեն , որ դու ամենևին էլ հաշմանդամ չես, ճիշտ է, գամված ես սայլակին , բայց դու առողջ ես, որովհետև հաշմանդամության կարգ տալիս են նրանց , ովքեր նայում են , բայց չեն տեսնում, ովքեր մեռած են , բայց դեռ շնչում են։ Արդեն քանի անգամ  քեզ մերժել են հաշմանդամության կարգը, պատճառաբանելով , որ այդուհանդերձ  դու գամված ես սայլակին , միևնույնն է դու հաշմանդամ չես, համ էլ ասել են , որ շատ ուզես կպարես էլ։ Այ , վաղը  ես կտամ կոպեկ-կոպեկ հավաքած կանաչ հարյուրանոցները , ու դու հաստատ կդառնաս  փաստաթղթավորված հաշմանդամ։ Վաղը կպարզվի , որ դու ամենևին էլ առողջ չես , հա՜ շնչում ես , բայց չես ապրում ու հանկարծ նրանք կհասկանան , որ ամեն ինչ բնազդաբար ես անում։

Առավոտյան շտապեց մի գավաթ սուրճ վայելելու։ Դե իհարկե , սուրճը թշշոցով  թափվեց , գիշերը մտքերի մեջ ընկած պլպլացրել էր գազօջախը , որ առավոտյան անպայման թափեր։ Փույթ չէ , կմաքրի , ու վաղուց գիտեր , որ ամենահամեղ սուրճը անպայման մաքուր գազօջախին թափված , սրճեփը կիսատած սուրճն է։ Բուրում է խոհանոցը սուրճի , մտքերի ու հիշողությունների բույրով , ու հենց այս հիշողություններն էին , որ լցվում էին մի հատիկ սուրճի գավաթի մեջ , ինչ անուշ հոտ է, էս ո՜նց է բուրում։ Փորձում էր ձևակերպել մտքերը ու նորից էն փխրուն , գիշերը անարդարությունից ու անզորությունից լացող աղջկանից վերածվել համարձակ , գործարար, անվախ, իրասածի ինչ-որ կերպար ։ Անընդհատ զուգահեռ իրականությունների մեջ էր ու երբեմն հազիվ էր հասցնում մի իրականությունից դուրս գալ ու հևիհև հայտնվել մյուսում։ Տատիկը հիմա բժիշկների ձեռքն էր ընկել, մեկ հարցեր էին տալիս , մեկ աջ , մեկ ձախ ձեռքն էին բարձրացնել տալիս ու ժամանակին վաստակավոր ուսուցչուհի և աշխատանքի հերոս տատիկը անկարող էր կատարել բժիշկների հրահանգները ։ Ի՞նչ էր հիշում ու մտածում միայն մարմնով անկարող , բայց ոչ երբեք հոգով հաշմանդամ  տատիկը։

Սոնան իր հաշվով միանգամայն աննկատ կերպով , դողացող ձեռքով ինչ -որ բան խցկեց զննողներից մեկի գրպանը , այսինքն՝մթի մեջ լույս տվող ծրարն ու այնքան էր շփոթվել , որ քիչ մնաց « աննկատ» ծրարը ընկներ գրպանի եզրից։

Աներեր թվացող արտաքինով , բայց հոգին դողալով ՝ նա դուրս շտապեց , հեղձուկը խեղդում էր կոկորդը։ Այ քեզ դժվար բան , այդ պահին նրան թվաց , որ այդքան ամիս ծրարի պարունակությունը խնայելն ավելի հեշտ էր , քան այն , չէր էլ հասկանում ում գրպանը խոթելը։ Շատ դժվար է կաշառք տալը , ոչ էլ փորձեք , էլ չեմ ասում ՝ աննկատ  կանաչ կաշառքի մասին։ Տատիկին մի կերպ տուն հասցրեց , քնքշորեն համբուրեց սպիտակած մազերով գլուխը։ Խնամքով ու մեծ հոգատարությամբ լվաց նրա ձեռքերը , երեսն ու սկսեց կերակրել։

-Տա՜տ, այս անգամ ապացույցը նրա գրպանում է , ու այն շոշափելով մենք կստանանք պատասխան։ Գորովանքով կերակրեց տատիկին , թեև շատ վաղուց արդեն գիտեր , որ ամենահամեղ կերակուրը մնացել էր տատիկի տան խոհանոցում, ուր շտապում էր դասերից հետո՝ ճաշակելու ավելուկով կամ ձավարով ամենահամեղ տաք ապուրը, տապակած կարտոֆիլը ՝ անպայման սոխով։ Ու ինչ ծովամթերք էլ ճաշակի հիմա , միևնո յնն է, չի ճաշակելու մանկության բույրը , ավելուկն ու ձավարը, սոխով կարտոֆիլը։ Հետո , տարիների հետ հասկացել էր նաև , որ ճիշտ մարդկանց էլ են հանդիպում մանկության տարիներին ու հետն էլ հիշում մի ամբողջ կյանք, իսկական զգացմունքներն զգում են մանկության տարիներին, երբ ամենահամեղ ապուրը տատիկի եփածն էր , ու համ էլ տատիկի աչքը դեռ քեզ վրա էր։ Էլի էին տարիներ անցել ու հասկացել էր , որ ամենից շատ հիշում են այն մարդկանց, ում համար մի ժամանակ կարևոր էիր , բայց դե չէիր գիտակցում։ Հիմա նա իր զուգահեռ իրականությունում էր , տատիկն առողջ էր , Զոյա Ռուբենովնան  արդեն մի քիչ երկար կարմիր եղունգներով էր ու էլի խռպոտ ձայնով չափ էր տալիս, այստեղ էր նաև շատ սկզբունքային , բայց քնքուշ սևահերը , որի հետ արդեն բազում տարիներ է ապրում՝ իր աշխարհում զուգահեռ։ Քնելուց առաջ աղոթեց , իսկ իր աղոթքներում նույն մարդիկ են՝ իրական , բայց հեռու, նույնիսկ հնարավոր է մեկ կամ երկու կիլոմետր հեռու կամ էլ  ,միգուցե ,հարյուր հազարավոր , այս դեպքում հեռավորությունը տարածաչափական է ու այն ամենևին կապ չունի զգացածիդ, սրտիդ, աղոթքիդ հետ, դե իսկ աղոթքդ էլ հասցեատեր ունի , ու տարածաչափորեն , որքան էլ կիլոմետրերը շատ են կամ քիչ , միևնույնն է նրանք իրենց համար շշունջով կամ անձայն աղոթող ունեն։ Առավոտյան վայելեց իր թափած սուրճն ու հապշտապ դուրս եկավ տնից։ Իրականում Սոնային երբեմն դուր էր գալիս իսկական կյանքը , դե հա՜ ,խնդիրները շատ էին ու թեև նա շատ հարմար ու լավ էր զգում իր զուգահեռ կյանքում, բայց պիտի գնար բժիշկների մոտ , իրական պատասխանի հետևից։

Հագավ իր խիստ գործնական , ուժեղ , համառ կնոջ կերպարանքն ու գնաց բժշկի։

-Բարև, սիրելի Սոնա, -կասկածելի ջերմությամբ ողջունեց բժիշկը , որն ըստ երևույթին , հանձնաժողովի բժիշկներից ամենակարևորն էր։ -Սիրելի՜ս,- շարունակեց նա, -գիտե՞ս , մենք հաստատեցինք սիրելի տատիկի հաշմանդամության կարգը և կուզեի  հավելել, որ դուք ինչ -որ բան էիք փորձել  նրբորեն խցկել իմ գրպանը։ Ախր բոլորս էլ մարդ ենք չէ՞, կյանքում ինչ ասես չի լինում, լինես համբավ վայելող գուշակ , մարգարե, թե մահկանացու, անզոր ենք գուշակել մարդու կյանքի ընթացքը, մահն ու հիվանդությունը ընտրյալներ չունի։ Բոլորս էլ մահկանացու ենք։ Հորինել ու հորինում ենք կյանքը , կաղապարվում , սահմանափակվում , ճիշտ , սխալ, ամոթ։ Սոնան կարկամել էր, չհիշելով , թե իր կյանքի , որ իրականության մեջ էր, մեկում ամեն ինչ երանելի էր ու դրախտային, մյուսում՝ գազանաբարո բարոյականություն, անսահման ագահություն։ Ու երբեք չէր հասկանում , թե ինչու էր միշտ տխալվում մարդկանց ճանաչելու հարցում, միգուցե պատճառն այն էր , որ հաճախ էր խառնում իր զուգահեռ կյանքերը, երբեմն չէր էլ հասցնում փոխվել ու մնում էր այնպիսին , ինչպիսին իր դրախտային իրականության մեջ էր։

-Այն , ինչ խցկել եք իմ գրպանը, հետ ենք վեդադադձնում, հազար ու մի բանի կարիք կունենաք, -համառորեն պնդում էր հանձնաժողովի երևի ամենակարևոր բժիշկը։

Չէ՜ , սա իրական չէր կարող լինել, մտքի մեջ տանջվում  ու երկփեղկում էր Սոնան։ Նա ամաչում էր , ամաչում էր կաշառք տալուց, ինչը ստիպված էր հանուն տատիկի։ Ամոթից կարծես ավելի կտրուկ քաշեց բժշկի ձեռքի ծրարն ու առանց շնորհակալություն հայտնելու դուրս սուրաց։ Բարկանու՞մ էր , թե՞ ամաչում ։ Իրար հակասող

հոգեվիճակներ։ Լավ գիտի , որ բարկանալը մեղք է, հպարտանալը՝ նույնպես, էլ չասեմ , թե ինչ մեղք է կաշառք տալը։ Ինչքան էլ բարկանա , չպիտի թույլ տա , որ արեգակը մայր մտնի իր բարկության վրա։ Կյանքը շռնդալից սլանում է , ու հենց այս նույն շռնդալից արագությամբ  մեր մեղքերն են  սլանում։ Պիտի  կանգ առնենք  գոնե բարկության կեսից, հպարտանալու ու  կաշառելու կես ճանապարհից։ Գիտակցում էր , որ մեղք գործելու շեմին  էր, գործե՞ց արդյոք մեղք։ Առաջարկել էր կաշառք ՝ առաջին անգամ։ Համալսարանում ուսանելու տարիերին նույնիսկ , երբ արդեն երրորդ անգամ էին ուսումնասիրում փիլիսոփայությունը, ու սովետի բարքերին  ու կաշառքին սովոր դասախոսը հրաժարվում էր քննություն ընդունել մի ամբողջ կուրսից , նա այն եզակի մարդն էր, որ հրաժարվել էր  կաշառք տալ։ Կաշառք չէր տվել նաև քաղաքապետարանում ՝ իր սեփական օրինական ավտոտնակին նոր հասցե տրամադրելու համար։ Իհարկե , ավելի շատ էր վճարել փաստաբաններին , միայն թե կաշառք չտար, թեև ավելի շատ էլ  ժամանակ ու նյարդեր  էր սպառել , քան , եթե կաշառք տար։ Ու չնայած , հարցը դեռ լուծված էլ չէ։ Մեղքը մեղք չդարձավ, մեղքը հաղթահարվեց , երևի….

Որտե՞ղ էր ինքը, իրական զուգահեռում , մի՞թե այդքան սխալվել էր։ Փողոց դուրս գալուն պես նա փորձեց  կարգի բերել իր ներսը , ապա դուրս եկավ իր թվացյալ անդիմադրելի կերպարից ու փորձեց գնահատել իրավիճակը։ Ամուր բռնած ծրարը վեր բարձրացրեց ու տեսավ այն , ինչը չէր նկատել ու ոչ էլ նշանակություն էր տվել։ Ծրարի վրա մեծատառեդով գրված էր՝ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով։ Ծրարի կենտրոնում  հայկական զինանշաննն է ու մեր փողփողացող եռագույնը։ ժպտաց , հասկացավ , թե ինչու չէին վերցրել ամիսներ շարունակ լումա-լումա խնայած կաշառքը։ Էս անկաշառ բժիշկները վախեցել էին Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի «զորեղ»ծրարից, ծրարի վրա փողփողացող մեր սիրուն դրոշից ու զինանշանից: Քայլերը շտապեցին դեպի մետրոյի «Երիտասարդական» կայարան։ Մի քանի ժամադրված զույգեր էին, դե մեկը պիտի ուշանար, մեկը սպասեր,  էս մեկն էլ ամբողջ գիշերն աշխատած մի երիտասարդ էր, ամուր-ամուր գրկել էր աղջկան ու ասում էր՝ ինչ լավ է , որ եկար , թե չէ  տխրելու էի։           Մեր  քաղաքն է, մեր սիրո , հիասթափության, պնդանալու, չհարմարվելու կամ ,ցավոք, հարմարվելու, ըմբոստանալու քաղաքը , որտեղ ամեն օր սիրում են ու ամեն օր կորցնում, իսկ կորցնելուց հետո էլ խոմ չեն կարոտում, հետո կարոտը քարանում է հոգուդ մեջ ու դառնում ես անբուժելի ։ Բարկությունն անցավ ու մեղքն էլ մեղք չդարձավ այլևս , հաղթահարեց մեղքերը ու ամաչեց իր արարքից, ամոթը նրան մխիթարում էր , քանի որ ամոթով պիտի բժշկվենք , ամոթն է հենց մեղքի դեղը։ Մենք հորինում ենք մեր կյանքը , կաղապարվում, սահմանափակվում , ճիշտ , սխալ , ամոթ…Տիեզերքի հավասարակշռությունը խախտվել է մեր անգիտակից արարքներից, կորցրած սիրուց, մեզ կործանող հպարտությունից, անբուժելի դաժան կարոտից։ Մոլորակը սխալ է պտտվում , ու բոլոր- բոլորս սխալ ենք ժպտում։Աշխարհը շատ է տակնուվրա, խառնաշփոթ  ու հենց սենց սխալ , սենց տակնուվրա ու սենց խառնաշփոթ ապրում ենք մեր սխալների վրա ՝ մեծ ու փոքր , ապրում ենք սխալների սխալ աշխարհում ու ժպտալով ապրում , սխալ ժպտալով կամ թե ՝ սխալ ենք ապրում։Ժպտաց Սոնան ու հենց այդ պահին նորից մտածեց , որ ինչքան էլ կյանքը , սերը վաղուց իրական ու ճիշտ չէր իր համար, իսկ ոմանց համար էլ դրանք առցանց են միայն , միևնույնն է , կլինեն իսկական ու ճիշտ երիտատարդներ , որոնք կաշխատեն ողջ գիշեր , բայց առավոտյան կժամադրվեն մետրոյի այս կամ այն կայարանի մուտքի մոտ ու միշտ կսիրեն այս կյանքում  , երանի թե առանց զուգահեռ իրականության։ Իսկ Սոնան տանը դեռ էլի ծրարներ ունի՝ հայկական դրոշով ու զինանշանով, դեռ մի քանիսը  էլի կփրկվեն երևի կաշառք տալու մեղքից ։ Ու էլի կարոտ զգաց , չգիտեր ՝ ում կամ ինչի հանդեպ, բայց գիտի , որ կարոտելը մեղք չէ , հպարտությունը  մեղք է։  Արդեն վաղուց գիտի, որ համակերպվելն էլ է մեղք, բայց արդարության հետ համակերպվելը մեղք չէ ։ Եթե համակերպվել , ուրեմն միայն արդարությանը։ Տխուր էր , հետո ՝ ուրախ, հասկացավ, որ անձայն , բայց հոգու աղաղակով , ոգևորությամբ ու մեծ ուրախությամբ պիտի աղոթեր՝  Հայր մեր , որ յերկինս ես…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *