Եսթեր Մխիթարյան, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

Անվերնագիր

(մրցույթին ներկայացված աշխատանքները տեղադրվում են առանց խմբագրման և սրբագրման, հեղինակի ցանկությամբ)

Լռության մեջ օրորվող ժամերը դար են թվում: Իսկ հեքիաթի լինում չի լինումը՝ հարաբերական: Խոսքերն ասելու համար բառերն աղքատ են թվում, իսկ մայրամուտը նկարագրելիս վրձինս ցած էր ընկել ու գույները խառնվել էին իրար:

Դու մի՛ հավատա, երբ բառերն անիմաստ շռայլում են, դու հավատա, երբ քեզ նվիրվում են առանց բառեր շռայլելու:

Անցողիկ է ամեն բան: Միայն բառերն են մնայուն, որ այսօր գրքերի մեջ տողերի են վերածվում: Իսկ այդ տողերը վաղը մի սիրահար կնվիրի իր սիրելիին ու նրան կշշնջա, որ պարտադիր չի, որ քեզ նվիրեն հազար վարդեր, բայց առանց զգացմունքի: Այլ կարևոր է նվիրես մի վարդ՝ հազարավոր հույզերով ու ջերմությամբ լցված: Որ կարևոր չի, որ մատիդ դնեն հազար կառատանոց մատանի, այլ կարևոր է թեկուզ հասարակ մի մատանի լինի, բայց նվիրի ադամանդե սրտով մեկը, որը այդ մատանու վրա ծախսել է իր վերջին գումարը, որ քեզ մի օր երջանկացնի:

Ու դու հազարավոր դղյակներ թողած կընտրես այն փոքրիկ խրճիթում ապրող տղային, որի գլխավերևում տանիքի փոխարեն բաց կապույտ երկինքն է:

Գոհացի՛ր երկնքի կապույտով, որտեղ նա սիրում է քեզ առանց ձևականությունների ու առանց քաղքենի սեթևեթանքի:

Լռության մեջ օրորվող վայրկյաները մի դար են թվում, իսկ հոգիդ անվերջ փոթորկող կարոտը կրծում է սիրտդ ու տակնուվրա անում ամբողջ ներաշխարհդ:

Դու մի՛ կարծիր, թե դու բոբիկ ես առանց փողի: Դու ունես թափանցիկ կոշիկներ, որոնք քեզ այս աշխարհում կպաշտպանեն ամեն մի փորձանքից ու չարիքից:

Եթե ուզում ես ժպտաս: Ապա ժպտա միայն արցունքների միջից, որ ավելի հմայիչ թվաս՝անձրևից հետո ժպտացող արևի նման:

Օրերը դար են թվում: Իսկ ժամերը առաջ չեն գնում:

Իսկ դու օրերից առաջ մի՛ ընկիր:

Մի օր ամեն ինչ լավ կլինի ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին:

Իսկ դու փորձիր ժպտալ: Ժպիտը ամենաանկեղծ ու բարի ժեստն է: Աշխարհի ամենասիրուն ժպիտը դու ունես: Գիտես ինչու՞:

Որովհետև դու Աստծո ստեղծածն ես, ում Աստված ամենայուրահատուկն է ստեղծել:

Ժպտա և եղի՛ր երջանիկ: