Թարգմանությունը պարսկերենից՝ Նունե Հովհաննիսյանի
ՄԱՀԴՈԽԹ
Սարին թիկն տված կավածեփ պարսպով կանա՜չ-կանա՜չ այգին գետեզրին էր. այդ մասում ցանկապատ չկար. սահմանը գետն էր: Պարտեզում, որ բալի ու կեռասի այգի էր, կար մի կիսագեղջկական-կիսաքաղաքային տուն՝ երեք սենյականոց, դիմացը՝ ջրավազան՝ լի ջրիմուռներով ու գորտերով: Ավազանի շուրջբոլորը մանր ավազ էր, և մի քանի ուռենի կար: Ուռենիների ցոլքն ընկնում էր ջրի մակերևույթին, և հետկեսօրին ջրավազանի մուգ կանաչը լուռ վիճում էր ծառերի բաց կանաչավուն երանգի հետ. հենց այդ պատճառով էլ Մահդոխթը սրտնեղում էր: Ոչ մի տեսակ թշնամանք չէր հանդուրժում: Պարզ էր: Ուզում էր, որ միմյանց սիրով վերաբերվեն ամենքը՝ նույնիսկ աշխարհի կանաչագույնի բոլոր երանգները:
-Իրոք, շատ խաղաղ գույն է, բայց դե…
Թախտը ծառերից մեկի տակ էր, երկու ոտքը՝ փոքր ջրավազանի մեջ, և շատ հավանական էր, որ ցանկացած պահի կսահի տիղմի մեջ ու ամբողջությամբ կընկնի ջուրը: Մահդոխթը նստում էր հենց այդ թախտին և հետևում ջրի ու ծառերի վեճին: Երկնի կապույտը, հատկապես հետկեսօրին, ներթափանցում էր կանաչի ու կանաչավունի մեջ, ու Մահդոխթին թվում էր՝ այն Բարձրյալի դատավորն էր:
Եթե ձմռանը Մահդոխթը շյուղերով էր հյուսում, եթե մտածում էր գնա, Ֆրանսիայում ուսում առնի կամ աշխարհը ոտքի տակ տա, այն պատճառով էր, որ ձմռանը՝ ցրտին, մարդը մաքուր օդ է շնչում, թե չէ ամռանն ամեն ինչի վերջը գալիս է: Ամառը լի է մարդկանց ու մեքենաների ծխով ու փոշով, աղտ ու կեղտով և պատուհանների մեծ ապակիների ցավով, որոնք չեն կարողանում դիմակայել արևի ջերմությանը:
-Լա՛վ, էս անիծվածներն ինչո՞ւ չեն հասկանում, որ էսպիսի պատուհանները հարմար չեն էս երկրին:
Մտորում էր, տխրում և ստիպված ընդունում էր մեծ եղբոր՝ Հուշանգ խանի առաջարկը: Ամառանոց էր գալիս և հանդուրժում էր աղմուկ-աղաղակը երեխաների, որոնք ողջ օրը գոռում էին, կեռաս խժռում, փորլուծ ընկնում ու մածուն ուտում:
– Հրաշք է գյուղի մածունը:
-Հա՛, հրաշք է:
Երեխաները միշտ դողում էին, դժգույն էին, որոշներն իրենց քաշից ավելի էին ուտում. ինչպես մայրերն էին ասում՝ զխկտվում էին:
Սկզբում, երբ ուսուցչուհի էր, Էհթեշամին ասում էր.
-Օրիո՛րդ Փարհամի, խնդրո՛ւմ եմ, այս տետրն այնտեղ դրեք… Օրիո՛րդ Փարհամի, զանգը տվեք… Օրիո՛րդ Փարհամի, մի բան ասեք էդ Սաղրային, ես նրա լեզուն չեմ հասկանում:
Էհթեշամին սիրում էր կարգադրություններ անել, և ինքն էլ վատ օգնական չէր: Հա՛: Բայց մի օր ասաց. «Օրիո՛րդ Փարհամի, այսօր միասին կինո գնա՞նք: Լավ ֆիլմ են ցուցադրում»:
Մահդոխթի գույնը թռել էր երեսից: Չէր կողմնորոշվել՝ ինչպես պատասխանի անարգանքին: Այս մարդն ի՞նչ էր մտածել: Իրեն ո՞ւմ տեղն էր դրել: Ընդհանրապես, ի՞նչ էր ուզում: Նոր էր գլխի ընկնում, թե ինչու էին ուսուցչուհիները զսպում իրենց ժպիտները, երբ պարոն Էհթեշամին խոսում էր իր հետ: Փաստորեն մտածում էին… Ղալաթ էին անում, թե մտածում էին: Նրանց ցույց կտա՝ ինքն ով է:
Մահդոխթը դպրոց չգնաց: Բայց երբ հաջորդ տարի լսեց, որ Էհթեշամին ամուսնացել է պատմության ու աշխարհագրության ուսուցչուհի Աթայիի հետ, կրծքավանդակում զգաց ճնշում: Այն այնքան ուժգին էր, որ թվաց՝ ուր որ է սիրտը դուրս կթռչի:
-Ախր հայրը շատ փող էր ներդրել:
Այդպես էր:
Գալիք ձմռանը ողջ օրը գործեց. գործում էր Հուշանգ խանի երկվորյակների համար, որ նոր-նոր էին ոտքի ելել: Տասը տարի անց հինգի համար էր հյուսում: Հասկանալի չէր՝ ինչո՞ւ էին այդքան ունենում ու ունենում: Հուշանգ խանն ասում էր. «Ինձանից կախված չի, երեխա սիրում եմ, ի՞նչ անեմ»:
-Լա՛վ, ի՞նչ անի, իրոք, ի՞նչ անի:
Վերջերս Ջուլի Անդրուսի ֆիլմերից մեկն էին ցուցադրում: Ջուլիի զուգընկերն ավստրիացի էր, յոթ երեխա ուներ, մի սուլոցով նրանց այս ու այն կողմ էր ուղարկում: Վերջն ամուսնացավ Ջուլիի հետ: Իհարկե, Ջուլին սկզբում մտածում էր՝ վերադառնա, գնա, միանձնուհի դառնա, բայց հետո որոշեց ավստրիացու կին լինել, քանի որ ինքն էլ ութերորդին էր սպասում, և դա լավագույն լուծումն էր, հատկապես, որ գերմանացիներն էլ մոտենում էին. ամեն ինչ կատարվում էր իրար հետևից:
-Ես նման եմ Ջուլիին:
Ճիշտ է: Նման էր Ջուլիին: Եթե մի մրջյունի ոտք վնասվեր, ինքը կարող էր մի փեշ արցունք թափել: Կերակրել էր նույնիսկ փողոցային սոված շներին, իր նոր վերարկուն նվիրել էր դպրոցի հավաքարարին: Երբ ուսուցչուհի էր, երեք անգամ այցելել էր մանկատուն, հասարակական կենտրոններից հանդիպման ծրագրեր ունեին, ամեն անգամ երեխաների համար մի քանի կիլոգրամ քաղցրավենիք էր տարել:
-Ի՜նչ լավ երեխաներ են:
Վատ չէր լինի, եթե նրանցից ոմանք իրենը լինեին:
Ի՜նչ մի դժվար բան է. եթե մի քանիսն իրենը լինեին, նրանց հագուստը միշտ մաքուր կլիներ, փսլինքը երբեք չէր կախվի նրանց շլինքից, զուգարանն էլ մատնանշելու համար պատշաճ բառ կօգտագործեին:
-Լա՛վ, սրանց վերջն ի՞նչ է լինելու:
Դժվար հարց էր, հատկապես որ ռադիոյով ու հեռուստատեսությամբ իշխանություններն էլ էին ժամ առ ժամ հայտարարում՝ պետք է մտածել այդ հարցի մասին: Իշխանությունն էլ, Մահդոխթն էլ անհանգստանում էին երեխաների համար: Ի՜նչ կլիներ՝ Մահդոխթը հազար ձեռք ունենար ու շաբաթական հինգ հարյուր սվիտեր գործեր: Ամեն զույգ ձեռքով՝ մեկ հատ, հազար ձեռքով՝ հինգ հարյուր հատ: Բայց հո մարդ չի՞ կարող հազար ձեռք ունենալ, այն էլ Մահդոխթը, որ սիրում է ձմեռը, և կեսօրից հետո դուրս է գալիս զբոսնելու: Եթե մարդ որոշի հազար ձեռքին ձեռնոց դնել, առնվազն հինգ ժամ կտևի:
-Չէ՛, չէ՛, հինգ հարյուր ձեռքով հինգ հարյուր ձեռքին հինգ հարյուր ձեռնոց դնելը երեք րոպեի հարց է. նույնիսկ ավելի քիչ:
Դժվար բան չէ, ի վերջո հարցը կլուծվի: Պետության աչքը խուփ, ինքը արտադրամասեր կհիմնի, սվիտերներ կգործի:
Մահդոխթը թափահարում էր ոտքը ջրավազանի մեջ: Առաջին անգամ, երբ եկավ այգի, նախ գնաց դեպի գետը, ոտքերը մտցրեց ջուրը: Պաղ սառցաջուրը դաղեց մկանները: Ստիպված ջրից դուրս եկավ: Հնարավոր է՝ հիվանդանար: Հենց հագավ կոշիկները, մոտեցավ ջերմոցին: Դուռը բաց էր, ներսի գաղջ օդն ամառվա տապից ավելի հեղձուցիչ էր, բայց տարիներ առաջ Էհթեշամին ասել էր, որ ծաղկանոցի կանգնած օդը շնչելը շատ օգտակար է, քանի որ ծաղիկները թթվածին են արտադրում: Թեև այդ ժամանակ ջերմոցում ծաղիկ չկար, բոլոր ծաղիկները տեղափոխել էին այգի:
Մահդոխթը քայլում էր ջերմոցի նեղ անցուղիներով ու նայում փոշոտ ապակիներին, և հանկարծ՝ հևոց, ինչ-որ տաք, ջերմոտ, այրվող մի բան ու քրտնահոտ: Մահդոխթի սիրտը կանգ առավ: Սպասուհին՝ Ֆաթին՝ տասնհինգամյա պարմանուհին՝ անառակ կնոջ նման ջերմոցի խորքում և այգեպան Յադոլլահը՝ ճաղատ, ճպռոտ աչքերով. մարդ մեղա գալուց հետո է կարողանում նրան ոտքից գլուխ ուշադիր նայել: Էլի հևոց, հևոց, հևոց… Մահդոխթի աչքերը մթնեցին, դողէրոցքն ընկավ ոտքերը: Ձեռքն ակամայից հենեց քարե նստարանին: Բայց չկարողացավ հայացքը կտրել նրանցից: Նայեց, նայեց, մինչև նրանք նկատեցին: Տղամարդը ոռնում էր: Ուզում էր ազատվել, չէր կարողանում: Իր կամքից անկախ՝ հարվածում էր աղջկան: Աղջկա հայացքն ու ձեռքը ձգվել էին դեպի Մահդոխթը: Վերջինս վազքով հեռացավ: Չգիտեր՝ ինչ անի: Ակամայից մոտեցավ ջրավազանին: Քիչ էր մնում՝ փսխի: Ինքնաբերաբար լվաց ձեռքերն ու նստեց թախտի ծայրին:
-Ի՞նչ անեմ:
Մտածեց՝ գնա ու ամեն ինչ պատմի Հուշանգ խանին ու հարսին: Աղջկան նրանք էին տիրություն անելու:
-Ընդամենը տասնհինգ տարեկան է, ի՜նչ պահվածք է…
Հուշանգ խանը, հաստատ, լավ կքոթակի նրան: Հետո էլ կվռնդի: Ֆաթիի եղբայրները հաստատ կսպանեն նրան: «Ի՞նչ անեմ»: Մտածեց՝ ճամպրուկներն իսկույն կապի ու վերադառնա Թեհրան: Ի վերջո, ավելի լավ է, քան գլխացավանքի մեջ ընկնելը:
«Հա՛, հետո՞»:
Մնում է, որ ի՞նչ անի:
Ստիպված՝ սարսափահար վերադարձավ: Աղջիկը չադրան էր կարգի բերում: Դեմքը կաս-կարմիր էր, ճանկռոտված: Ասաց՝ խանո՜ւմ ջան, և ընկավ Մահդոխթի ոտքերը:
«Շան նման վնգստում է»:
-Գնա՛, կեղտո՛տ:
-Չէ՛, խանո՛ւմ ջան, աղաչում եմ, Աստծո՛ւ սիրույն:
-Սսկվի՛ր: Քաշվի՛ր մի կողմ:
– Աստված քո դարդն ու ցավն ինձ տա, եթե մորս ասես, ինքնասպան կլինեմ:
-Բայց ո՞վ է պատրաստվում ասել:
-Աստված վկա, ամուսնանալու ենք, հենց էգուց կգա, պարոնի հետ կխոսի:
Ստիպված էր խոստանալ միայն այն պատճառով, որ աղջիկն իրեն հանգիստ թողնի: Երբ նրա ձեռքերն իր ոտքերին դիպան, սիրտը տակնուվրա եղավ: Աղջիկը, ինչպես անձեռոցիկի ճմռթած տուփ, քաշվեց իր խուցը: Մահդոխթը հոգոց հանեց: Լաց լինել էր ուզում:
Երեք ամիս էր անցել: Ամառն ավարտվելու վրա էր: Վերադառնում էին, ոչ ոք չգիտեր, թե ինչու այգեպան Յադոլլահն անսպասելի վեր կացավ ու գնաց: Հուշանգ խանն ասում էր. «Տարօրինակ է, իր բերանով էր հարյուր անգամ ասել, որ չի գնա»: Պիտի նոր պահակ գտնեին, որ ձմռանն այգին չթալանեին: Ով ցանկանար, կարող էր չորս թախտ դնել գետափին և ուրբաթ օրերին երեսուն թումանով վարձով տալ սրան-նրան: Այդպես էր ասում Հուշանգ խանը, մնացածը հաստատում էին: Այդ պահին էր, որ այգու խորքից լսվեց աղջկա հռհռոցը: Երեխաներին տարել էր խաղալու և պարզ չէր՝ ի՞նչ խաղ է սովորեցնում նրանց: Մահդոխթը բարկացած քայլում էր սենյակում և բռունցքներով հարվածում դռանն ու պատերին: Անհանգստանում էր երեխաների համար: «Երանի՜ հղիանար, որ սպանեին»: Լավ կլիներ՝ հղիանար: Եղբայրները կթափվեին գլխին, կծեծեին ինչպես հարկն է, ու այդ ժամանակ շունչը կփչեր նրանց ոտքերի տակ: Ի՜նչ լավ կլիներ: Երեխաներն այլևս չէին ապականվի: Հանկարծ մտքով անցավ. «Կուսությունս նման է ծառի»: Պիտի նայեր հայելու մեջ, պիտի տեսներ սեփական դեմքը: «Գուցե դա է պատճառը, որ կանաչ եմ»: Դեմքը կանաչ՝ դեղինին էր խփում: Աչքերի տակ առատ կնճիռներ էին գոյացել, ճակատին երակ կար, որ աչք էր ծակում: Պարոն Էշթեհամին ասել էր. «Ինչ սառն եք, ոնց որ սառույց լինեք»: Մտածեց. «Չէ՛, սառույց չեմ, ես ծառ եմ»: Կարող էր ինքն իրեն թաղել հողի մեջ: «Լա՛վ, բայց ես հո սե՞րմ չեմ, ծառ եմ, պիտի ինքս ինձ տնկեմ»: Այդ ամենն ինչպե՞ս բացատրեր Հուշանգ խանին: Ուզում էր ասել՝ եղբա՛յր, արի նստենք, մտերմիկ խոսենք: Գիտե՛ս, սվիտերներ գործում են արտադրամասերում: Եթե սկսեր, հազար ձեռքի մասին էլ պիտի պատմեր: Բայց դա հնարավոր չէր: Անհնար էր՝ Հուշանգ խանը դա հասկանա: Օրինակ՝ ինչպես ասեր՝ երբ հազարավոր ֆաբրիկաներ հագուստ են արտադրում, այլևս կարիք չկա, որ ինքը ձեռքով հյուսի: Ճար չկար: Մահդոխթը մտածեց՝ մնա այգում, և ձմեռնամուտին տնկի ինքն իրեն: Պետք է այգեպաններից իմանա՝ երբ է տունկ անելու լավագույն ժամանակը: Ինքը չգիտի, բայց կարևոր չէ: Կմնա ու արմատներ կձգի: Գուցե ծառ դառնա: Ուզում էր աճել գետեզրին, ունենալ ավելի կանաչ տերևներ, քան տիղմի կանաչն է, և չվիճել ջրավազանի հետ: Եթե ծառ դառնա, կփթթի: Կծածկվի բողբոջներով: Բողբոջները քամուն կհանձնի, կլինի մի լիքը այգի Մահդոխթ: Ստիպված կկտրեն բոլոր ծառերը՝ բալենին ու կեռասենին, որ մահդոխթ աճի: Մահդոխթը կաճի, հազարավոր շիվեր կտա, կտարածվի ողջ աշխարհում, և երկրագունդը կցվի մախդոխթենիներով: Մահդոխթի բազմաթիվ ծառեր կլինեն: Ամերիկացիները կգնեն տնկին ու կտանեն Կալիֆոռնիա կամ ավելի ցրտաշունչ վայրեր: Մահդոխթի անտառ: Նրանք հաստատ մահդքաթ կասեն: Այնքան կասեն, որ մի տեղ կդառնա մեդուք, մի ուրիշ տեղ՝ մադուք: Հետո՝ չորս հարյուր տարի անց, լեզվաբանները գլուխ գլխի կտան և ցցված քներակներով կհաստատեն, որ երկու բառերի հիմքում էլ նույն՝ մադիք արմատն է, և աֆրիկյան ծագում ունի: Այդժամ կենսաբանները կառարկեն, թե ցրտաշունչ երկրներում աճող ծառը չէր կարող Աֆրիկայում ծագել:
Մահդոխթը գլուխը պատին խփեց. մի քանի անգամ խփեց: Այնքան խփեց, մինչև արցունքները գլորվեցին աչքերից: Հեկեկալիս մտածեց՝ այս տարի անպայման կշրջագայի Աֆրիկայում: Կգնա, որ աճի: Ի սրտե ուզում էր լինել արևադարձային ծառ: Սիրտն էր ուզում. մարդուն միշտ էլ սրտի ուզածն է խելագարության հասցնում:
ՖԱԵԶԵ
1953 թվականի օգոստոսի 5-ին՝ ժամը 16-ին, երկար օրերի մտորումներից ու տատանումներից հետո, Ֆաեզեն որոշում կայացրեց: Լռելն այլևս անիմաստ էր: Եթե շարունակեր համբերել, ինչն առանց այն էլ երկար էր տևել, ամեն ինչ իրար կխառնվեր: Պետք է գնար ու պաշտպաներ իր իրավունքը: Հենց այդպես. ողջ ուժով, որ եռում էր ներսում: Մեկ ժամ տևեց, մինչև պատրաստվեց: Զգուշորեն հագել էր զուգագուլպան, հանել էր զգեստը, հագին քաշել քաթանե ամառային կիսաշրջազգեստն ու բլուզը և հընթացս մի քանի անգամ մտածել՝ գուցե Ամիր խանն այնտեղ լինի: Ամիր խանի մասին մտածելիս այրվել էր նրա մարմինը: Եթե Ամիր խանն այնտեղ լիներ, ինքը չէր կարողանալու հանգիստ խոսել: Ընդհանրապես չէր կարողանալու խոսել: Դարձյալ պիտի սրտում պահեր ամենը և նորից տարակուսանքի ու մտատանջության գիրկն ընկներ: Ամեն անգամ, երբ ցանկացել էր խոսել, սրտում ծնվել էին կասկած ու անվճռականություն. ծանրութեթև էր արել՝ ասի՞, չասի՞:
Երբ հայելու առաջ դիմափոշի էր քսում, մրմնջաց՝ ծերացել եմ: Քսանութ տարի, երկու ամիս էր անցել ծնվելու պահից: Ծեր չէր, իհարկե: Հյուծվել էր: Հագավ կոշիկները, վերցրեց պայուսակն ու իջավ աստիճաններով: Տատը, նստած բակում՝ թախտի վրա, նայում էր ջրավազանին: Սթափվեց աղջկա բարձրակրունկների կտկտոցից: Հարցրեց.
-Դո՞ւրս ես գնում:
-Հա՛:
-Լավ չէ: Ամենուր խառնաշփոթ է:
Հարևանը միացրել էր ռադիոն: Աղմուկը հասնում էր մինչև իրենց բակը: Ֆաեզեն հապաղեց: Տատը ճիշտ էր: Տատն ասաց.
-Գոնե չադրան գլխիդ քաշիր:
Ֆաեզեն առանց մի բառ արտաբերելու բարձրացավ վերև: Սև չադրան, որ կրում էր սգի ժամանակ, դուրս քաշեց շորերի տակից և գլխին գցեց՝ հայելու առաջ կանգնելով: Արհեստական մետաքսի խոշոր ծալքերը, կողքից նայելիս, նրան վերածեցին խորանարդների հավաքածուի: Եթե Ամիր խանն այնտեղ լինի, հաստատ հոգու հետ խաղալու է: Ամիր խանի՝ հոգու հետ խաղալն իրեն դուր էր գալիս, բայց ոչ այդ դեպքում: Հաճելի էր, երբ կատակներն ամուսնանալուն էին վերաբերում, բայց երբ ծաղրում էր չադրան, ինքը վատ էր զգում: Քիչ էր մնում լաց լինի, բայց նրա առաջ արցունք թափելը ճիշտ չէր լինի: Մտածեց՝ մեկ է, հնար չկա: Ներքև իջավ. այս անգամ չադրայով: Տատը ծպտուն չհանեց: Երկար ժամանակ էր՝ ո՛չ նկատողություն էր անում, ո՛չ խրատ էր տալիս: Դուրս եկավ: Մայրուղուն կից՝ երկրորդական փողոց էր: Հեռվում ցույց էր, բայց սա գլխավոր ճանապարհը չէր, և շատ շուտով մի տաքսի հայտնվեց: Ֆաեզեն նստեց և ասաց՝ Սեզավար: Վարորդը հայելու միջից նայեց նրան: Արդեն վարում էր: Հարցրեց.
-Չե՞ք վախենում: Վիճակը շատ խառն է:
-Ճար չունեմ:
-Ստիպված՝ պիտի երկարացնեմ ճանապարհը: Հիմնականով չեմ կարող գնալ: Վտանգավոր է:
-Ոչինչ:
Վարորդը վարում էր երկրորդական փողոցներով: Խաչմերուկներից մեկում խցանում էր: Մի մարդ, փողոցի մեջտեղում կանգնած, ձեռքերով հրահանգներ էր տալիս: Մի քանի մեքենա հաջորդաբար շարվել էին: Հանկարծ հրահանգ տվողն անսպասելիորեն թռավ մայթին: Արագ-արագ հեռանում էր: Նրան հետևում էին: Տղամարդը շեղվեց ճանապարհից և կորավ տեսադաշտից: Մեքենաներն իսկույն պոկվեցին տեղերից: Տղամարդուն հետապնդողը թռավ այն տաքսու վրա, որի մեջ Ֆաեզեն էր: Ձեռքին կար դանակ, որով հարվածում էր մեքենայի ապակուն: Նրան տեսնելուն պես՝ աղջիկը գլուխն առավ փեշերի մեջ: Արդեն փոշմանել էր, որ դուրս է եկել: Վարորդը կտրուկ արգելակեց: Ֆաեզեն գլուխը խփեց դիմացի նստարանին: Վարորդը հապշտապ շարունակեց ընթացքը: Ֆաեզեն ողջ մարմնով հետ գնաց: Տղամարդն ընկել էր տաքսու վրայից: Վարորդն ասաց.
-Զգուշացրի՝ վտանգավոր է: Գնում եմ, կանգնեմ:
Ֆաեզեն չպատասխանեց: Վարորդը շարունակեց.
-Շո՛ւն տերտեր: Ես քո տիրոջ… թշվա՛ռ: Տիկինս տասն անգամ ասաց՝ դուրս մի՛ արի:
Ֆաեզեն չէր պատասխանում: Նրան դուր չէր գալիս հայելու միջից իրեն անդադար նայող տղամարդու հայացքը: Ուզում էր շուտ իջնել մեքենայից:
Ի վերջո տեղ հասան: Մի երկութումանանոց դրեց վարորդի ափի մեջ: Նրա ձեռքի հպումից այնպես սարսռաց, որ մանրին չսպասեց: Բացեց տաքսու դուռն ու դուրս թռավ: Տունը, ուր այցելում էր, փողոցի վրա էր: Այդտեղ էլ էր աղմուկ, բայց հեռվից էր գալիս: Ֆաեզեն սեղմեց զանգի կոճակը, և երկու րոպեն հանդուրժելը կուլ տվեց ինչպես թույնը:Ալիյեն բացեց դուռը: Քնաթաթախ էր:
-Մինչև հիմա քնա՞ծ էիր,- բացականչեց Ֆաեզեն,-կեցցե՛ս, Ալիյե՛ ջան:
Ալիյեն բարևել ու մի կողմ էր քաշվել, որ հյուրը ներս մտնի: Ֆաեզեն հարցրեց.
-Մունես խանումը տա՞նն է:
-Տանն է:
-Որտե՞ղ է:
-Պիտի որ հյուրասենյակում լինի:
Ֆաեզեն ուղղվեց դեպի հյուրասենյակ: Առաջին քայլափոխին շշնջաց՝ այստեղ է, երկրորդին՝ այստեղ չէ: Շարունակեց մինչև դռանը հասնելը: Հինգերորդ քայլն էր. ասաց՝ այստեղ է, և դուռը բացեց: Մունեսը, ռադիոյի դիմաց միայնակ նստած, ուշադիր լսում էր: Ամիր խանն այդտեղ չէր: Մտածեց՝ գուցե վերևի հարկում քնած է: Ասաց.
-Բարև՛:
Մունեսի դեմքը փթթեց:
-Ա՛յ քեզ անակնկալ: Ո՞նց ես, ջանի՛կ: Անցյալ տարի ընկեր էիր, այսօր արդեն՝ ծանոթ,- վրա բերեց Մունեսը՝ դանդաղ վեր կենալով տեղից: Ռադիոյի ձայնն իջեցրել էր:
-Թո՛ղ անակնկալներն այդպիսին լինեն: Ձեզնից էլ ո՛չ ձայն կա, ո՛չ ծպտուն: Աստված բարին կատարի:
Կանայք համբուրել էին իրար և ռադիոյի մոտ, կողք կողքի նստած, հաճոյախոսում էին ու քրթմնջում:
Ֆաեզեն հարցրեց.
-Մենա՞կ ես:
-Հա՛, սիրելի՛ս, մենակ եմ: Մերոնք գնացել են Մաշհադ:
-Հա՞, բա ինչո՞ւ ինձ չես ասել:
-Երկու օր է, ինչ գնացել են:
-Հա՜: Ամիր խանն ի՞նչ է անում:
-Տանը չէ, գործի է:
-Պա՛հ, էս խառնաշփոթին ի՞նչ գործ:
-Ես ի՞նչ իմանամ: Դուրս է գալիս, ասում է՝ գնում եմ գործի:
-Արտասովոր է:
-Արտասովորը քո գեղեցկությունն է:
-Ինչպիսի՜ հաճոյախոսություն: Հոգաչափ շնորհակալ եմ:
-Ինչպիսի՜ հաճոյախոսություն: Թեյ կուզե՞ս:
-Շնորհակալ կլինեմ: Եթե դժվար չէ…
Մունեսը վեր էր կացել, որպեսզի թեյ պատրաստի: Ֆաեզեն անջատեց ռադիոն: Հնարավոր է՝ ռադիոն խանգարեր խոսել: Չափից ավելի մտորել, գցել-բռնել էր, որպեսզի այլևս չերկմտի:
Մունեսն արդեն վերադարձել ու անձայն նստել էր հյուրի դիմաց: Ֆաեզեն մի տեղ կարդացել էր, որ կլոր երես ունեցողներն ի ծնե հիմար են: Հենց կարդացել էր, անմիջապես նետվել էր դեպի հայելին և նայել սեփական դեմքին: Գիտեր՝ իր երեսը կլոր չէ: Իրեն բազմիցս ասել էին, որ ձիու դեմք ունի: Ավելի շատ մայրն էր ասել խայթող տոնով, ինչը տարիներ շարունակ բզկտել էր նրա սիրտը: Այնուամենայնիվ, հենց կարդացել, վազել էր դեպի հայելին, նայել իրեն, համոզվել, որ ինքը չի կարող հիմարների դասից լինել: Դրանից հետո սովորություն էր դարձել մարդկանց դեմքերով գնահատելը: Ամիրի դեմքը քառակուսի էր՝ ուղղանկյուն պիրկ ծնոտով: Բայց Մունեսը կլորերես էր. կլոր-կլոր, լիալուսնի կամ առնվազն ձվի նման: Վերջին տասը տարիներին կարծել էր, թե նա հիմար է, ու թեև տասը տարով Մունեսը մեծ էր իրենից, մտերմացել էր հետը: Նրա մեջ ինչ-որ գրավիչ բան կար, որի շնորհիվ իրենց ընկերությունն ամրապնդվել էր: Հետո՝ մեկ-երկու տարի անց, մեջտեղ էր եկել Ամիրի հարցը: Այժմ Ֆաեզեն շփվում էր Մունեսի հետ և՛ նրա, և՛ Ամիրի համար: Շատ անգամ էր մտածել՝ եթե Մունեսի դեմքը փոքր-ինչ երկարավուն լիներ, գուցե գլխի ընկներ և կարգավորեր իր ու Ամիրի ամուսնության հարցը: Շատ անգամ էր մտածել՝ խե՛ղճ աղջիկ, ախր, ինչո՞ւ է դեմքն այդքան կլոր:
Ալիյեն մատուցեց թեյը: Ըմպեցին: Մունեսը ժամանակ առ ժամանակ ռադիոյին էր նայում: Թեև ինքն իր տանն էր, ու ինքն էր տարիքով մեծը, բայց չհամարձակվեց ռադիոն միացնել: Հարցրեց.
-Վիճակը շա՞տ խառն է:
-Հա՛, քաոս է:
-Ամիր խանն ասաց՝ հանկարծ դուրս չգամ, գլուխս կթռցնեն:
Ֆաեզեն մտածեց, որ չպետք է շեղվի բուն թեմայից, և հարցրեց.
-Վերջերս Փարվինին տեսե՞լ ես:
-Չէ՛, մեկ ամիս կլինի չենք հանդիպել:
-Ինչո՞ւ:
-Վերջին անգամ, երբ հետը խոսեցի, երեխան հիվանդ էր, ասաց՝ կարմրուկ է, ավելի լավ է՝ ոչ ոք չգա, վարակն էլ էս կողմ, էն կողմ չտանի:
-Բախտդ բերել է, որ չես տեսել:
Մունեսն աչքի պոչով նայեց Ֆաեզեին: Ֆաեզեն սպասում էր արձագանքի, որպեսզի միտքը շարունակի: Մունեսը, սակայն, նայում էր գորգի ծաղիկներին: Ճարահատյալ շարունակեց.
-Իմ կյանքում հանդիպած ամենաանամոթ արարածն է:
Այս անգամ Մունեսը նայեց նրա երեսին: Հայացքում զարմանք կար: Հարցրեց՝ ինչո՞ւ:
«Ինչու»-ն շատ անկեղծ արտաբերեց: Ֆաեզեն մտածեց. «Տե՛ր Աստված, երանի երեսն այդքան կլոր չլիներ»:
-Ստոր, զզվելիի մեկն է: Ահավոր է, երբ մարդն այս ամենը հասկանում է տասը-տասնհինգ տարվա մտերմությունից հետո: Մեր սուսիկ-փուսիկ հարսիկը երես է առել, ամոթը մի կողմ է դրել, պատիվը գետնով տվել: Հիմա ամեն ստորության պատրաստ է:
Մունեսի աչքերում ծփում էր ահը: Հարցրեց.
-Ի՞նչ է արել: Չլինի՞ ուզում է բաժանվել:
-Չէ մի՜: Պա՛հ: Թշվառը: Դա էր պակաս, ապահարզան տար: Կեղտո՛տը: Ափսո՛ս եղբայրս:
Մունեսը զարմացած սեղմեց շուրթերը: Հետաքրքություն ծնվեց ներսում: Փորձում էր հասկանալ Փարվինի անամոթության պատճառը: Չէր ստացվում: Նրան հիմնականում տեսել էր Ֆաեզեենց տանը՝ ուրախ ու տխուր առիթների, ծիսական արարողությունների ժամանակ, պարզ, սիրալիր վերաբերմունք էին ցուցաբերել միմյանց նկատմամբ, և նրա արարքում Մունեսը ոչ մի արտասովոր բան չէր նկատել:
Մունեսը նայում էր Ֆաեզեին: Սպասում էր բացատրության: Ֆաեզեն էլ Մունեսին էր նայում, երբ հանկարծ աչքերը լցվեցին, լցվեցին, ու արցունքները գլորվեցին: Դրանից Մունեսը հուզվեց: Նա ևս արտասվեց: Միշտ էր այդպես եղել: Հենց մեկը լալիս էր, Մունեսի լացն էլ էր գալիս: Ինքն էլ չգիտեր՝ ինչու է այդպես: Շարժեց շուրթերը, որ հավաքել էր հուզմունքից, և ասաց.
-Աստված սիրես, մի՛ լացիր: Ախր ի՞նչ է եղել:
Ֆաեզեն փնտրում ու չէր գտնում թաշկինակը: Չադրայի փեշով, որ փռվել էր շուրջը, մաքրեց աչքերը:
-Գիտե՞ս՝ որքան ջերմ եմ եղել հետը: Կարծում ես՝ եթե ես չլինեի, կկարողանա՞ր այդքան երջանիկ լինել: Ահա, անցած տարի եղբորս հետ կռվել էր, թողել-գնացել: Մեղավորն ինքն էր: Ո՞ր մի խելքը գլխին կինն է նման բան անում: Քո կարծիքով ո՞ւմ միջոցով հաշտվեցին: Ի՛մ՝ խեղճուկրակիս: Կազմակերպեցի մի ճաշկերույթ, որի մասին ողջ քաղաքը մինչև հիմա խոսում է: Գնացի, Միրխանդից միս առա: Երկու թուման էլ ավելի տվեցի, որ ամենալավ կտորը տա: Սմբուկ սարքեցի, թահչին սարքեցի, հավ խորովեցի: Ի՜նչ խորոված էր: Կիտրոնի հյութ, նանա, համեմունքներ վրան քսեցի, ժամ ու կես բակում խորովեցի: Մածուն ու սպանախ սարքեցի: Լոլիկ ճարվո՞ւմ էր: Վեր կացա, հասա շուկա, որ պոմիդոր գտնեմ: Գնդապետ Սարվբալայի միջոցով օղի առա, որ դրա հերը կոնծի:
Ֆաեզեն սեղմեց շուրթերը հանկարծահաս դառնությամբ, որ իր էությունից էր բխում: Մունեսը պլշած նայում էր նրան: Հարցրեց.
-Հետո ի՞նչ եղավ:
-Ի՞նչ պիտի լիներ, աղջի՛կ ջան: Նոր հարսանիք կազմակերպեցի, ճամփեցի նրան եղբորս տուն: Երկու ամիս հետո անամոթը որոշեց՝ պատասխան տա: Ուզում էր՝ գործերս հարամի: Ընթրիք էր կազմակերպել: Անպատկառը վերցրել, եվրոպական ճաշեր էր սարքել: Մի քանի կտոր լեշ էր գցել ափսեի մեջ, ասում էր՝ բիֆշտեքս է: Հը՜մ: Իբր մենք էշ ենք: Ճաշակ-մաշակ չունենք: Հենց էդտեղից հասկացա՝ հետս թարսվել է: Ասացի՝ էնպես թարսվել ցույց տամ, որ խելքդ գլուխդ գա:
-Բայց երբեք չի ասել, որ նման մտադրություն ունի,-ասաց Մունեսը:
-Ի՞նչ պիտի ասի: Ի՞նչն ասի: Ասի՝ ուզում է ինձնից վե՞ր թռչել: Մի ամբողջ կյանք, ով Ֆաեզեի եփածը կերել է, համը բերանում է մնացել: Հիմի էդ գավառացի արքայադուստրը համարձակվում է ասել՝ հետս կռի՞վ ունի: Պտուղը ծառից հեռու չի ընկնում: Գայլի ձագը մեկ է գայլ էլ մնալու է, թեկուզ մարդու հետ մեծանա:
-Հա՛:
-Գնացի, խոհարարական գիրքը ձեռքս առա: Եթե մարդ կարողանում է թահչին սարքի, բիֆշտեքս-միֆշտեքս ի՞նչ է, որ չսարքի: Սովորեցի:
-Դե պիտի սովորեիր: Էդտեղ բան չկա: Ամեն օր առավոտյան ռադիոյով սովորեցնում են՝ ոնց սարքես: Ամեն ինչ պարզ է:
-Ես էլ հենց էդ էի ուզում ապացուցել: Նորից սեղան գցեցի:
-Ե՞րբ:
-Մի ամիս առաջ: Բոլորին հրավիրեցի: Եվրոպական ուտեստներ էին: Գնացի, Միրխանդին հինգ թուման տվեցի, ութ կտոր ֆիլե առա: Ամեն մեկին՝ մի ֆիլե: Ոլոռ առա, կանաչ լոբի առա, Ստամբուլի կարտոֆիլ… Լոբով բրինձ եփեցի սալաթի հետ: Մածնով սպանախ էլ դրեցի: Ֆիլեի համար հո՜ սոուս չէի սարքել, մատներդ հետը կուտեիր: Գնացի շուկա, առա ամենախոշոր դեղձերը՝ հետն էլ՝ կեռաս, բալ, նեկտարին: Գնդապետ Սարվբալային ասացի, օղի առավ: Օղին լցրի կուժի մեջ, կուժը դրի սառույցի մեջ: Սառույցի կտորները լցրի տատիս բյուրեղապակյա վազի մեջ:
Մունեսը հիացած նայում էր Ֆաեզեին: Հարցրեց.
-Ինչո՞ւ:
-Որ օղին սառը մնա:
-Հը՜մ:
-Լա՜վ կերան: Կերան, պա՛հ-պա՛հ ասացին: Կերան-կերան, պա՛հ-պա՛հ ասացին: Մատներն էլ հետը կերան: Էդ ժամանակ խանումը նախանձից տրաքեց: Ոնց որ խաշած բազուկի կտոր լիներ:
-Փարվի՞նը:
-Բա էլ ո՞վ: Գիտե՞ս՝ ինչ արեց:
-Չէ՛:
-Ո՛չ տվեց, ո՛չ առավ: Ասաց՝ Ֆուզի ջան… Հողերը գլխիս: «Ֆուզի ջան»…Կեսը կգնա, լեզուն չի պտտվում՝ ասի Ֆաեզե: Հա՛: Ասաց. «Ֆուզի ջան, մի բան ասե՞մ, ֆիլեի վրա սոուս չեն լցնում»: Էնպիսի մի տոնով ասաց, որ յոթ կողմի հարևաններն էլ լսեն:
-Հա՜:
-Չես պատկերացնի՝ հետս ինչ կատարվեց: Ասացի՝ ո՞վ է որոշել, որ ֆիլեի վրա սոուս չեն լցնում: Ասաց՝ ռադիոյով է լսել: Ասացի՝ ես էլ գրքից եմ կարդացել: Ինքը թե՝ իմ գրքում էլ է էդպես գրված: Ասացի՝ ուրեմն ստից գիրք է: Ափսոս, եղբայրս մեջ ընկավ: Ասաց. «Հիմա ինչ կարևոր է, լցնում են, չեն լցնում, կարևորը՝ համով է»: Խանումը փքվեց, երբ եղբայրս ինձ պաշտպանեց: Էդպես փքված մնաց մինչ ընթրիքի ավարտը:
Մունեսն այնքան էր տարվել թեմայով, որ Ֆաեզեն մի քիչ էլ ճոխացրեց:
-Մի խոսքով, էդպես փքված-փքված մնաց, մինչև տղամարդիկ դուրս եկան պատշգամբ: Իբրև մնացել էր՝ ինձ օգնի՝ սեղանը հավաքենք:
Ֆաեզեն լռեց: Սեղմեց շուրթերը: Այլևս չկարողացավ դիմանալ: Արցունքներն անձայն գլորվեցին այտերին:
-Աստվա՛ծ իմ: Մի՛ լացիր: Աստծո՛ւ սիրույն,- ասաց Մունեսը:
Մունեսն էլ էր արտասվում:
-Սեղանը հավաքելու ժամանակ էլ շուռ եկավ, ինձ ասաց՝ էն մարդը, որ դալաններում ինչ-որ ջահելի է քսմսվում, պիտի մտածի իր կուսաթաղանթի, այլ ոչ թե խոհանոցի մասին:
Արցունքները հոսում էին Ֆաեզեի դեմքով, լցվում ծոցը: Մունեսը, թափվող արցունքներին զուգահեռ, զարմանքից պլշել էր: Հարցրեց.
-Ի՞նչ ջահել:
-Իր շուն-շանորդի հորեղբոր քաքոտը. ոնց որ զուգարանից դուրս թափված կեղտ լինի: Թաղեմ դրան: Երբ ես ու էդ տղան… Արյունը խփեց գլխիս: Սկզբում ուզում էի մի ուժեղ չափալախ տալ ականջին, էնպես, որ թմբկաթաղանթը պայթի, ու ընդմիշտ հիշի, բայց ափսոս եղբայրս այնտեղ էր: Հետո էլ մտածեցի՝ ինքը կծում է, ես էլ կկծեմ: Ասացի. «Նախ դալաններում եղբորդ քսմսվողը միայն Ազրայիլը[1] կարող է լինել: Գիտե՞ս՝ ինչու: Որովհետև էդ զզվելիին միայն մահվան հրեշտակը կարող է դիպչել: Երկրորդն էլ՝ կուսության թաղանթ չէ, ծակ է: Երեք երեխա ես հետ գցել, մինչև հիմա չգիտե՞ս՝ ծակ է, թե՞ թաղանթ: Միայն մարդկանց առաջ ճառում ես…»:
Մունեսն այլևս չէր արտասվում: Հայացքը սևեռել էր Ֆաեզեին: Ֆաեզեն շարունակեց. «Եթե էդ կեղտոտ բերանդ մի անգամ էլ բացես, մի հատ Փարվին կսարքեմ, հարյուրին էլ կողքը կդնեմ: Լա՛վ է, հիմա եղբորիցս վախենում է: Սսկվել է»:
Մունեսը լուռ նայում էր գորգի ծաղիկներին: Ֆաեզեն և՛ մաքրում էր արցունքները, և՛ ուշի ուշով հետևում Մունեսի դեմքի փոփոխություններին: Ասաց.
-Գիտեմ՝ օձի նման մինչև չխայթի, չի հանգստանա: Հիմա էստեղ-էնտեղ ինձ խայտառակում է: Բայց հեչ վեջս չի: Իմ խիղճը մաքուր է: Կեղտը ձյանը չի կպչում: Այնքան էի ջղայնացել, որ քիչ էր մնում՝ գնայի, գինեկոլոգից վերցնեի կուսությունս հաստատող հետազոտության թերթիկը, դնեի շրջանակի մեջ, կպցնեի պատին, որ դրա նախանձ աչքը դուրս գար:
Մունեսը շարունակում էր նայել գորգի ծաղիկներին: Ապա ասաց.
-Կուսությունը թաղանթ է: Ասում են, եթե աղջիկը բարձր տեղից ցատկի, կուսությունը կվնասվի: Թաղանթ է, կարող է պատռվի:
-Ի՞նչ ես ասում, ա՛յ աղջիկ: Ծակ է: Սկզբում նեղ է, հետո լայնանում է:
-Օ՜ֆ:
Մունեսը սփրթնել էր: Ֆաեզեն նրան էր նայում: Հարցրեց.
-Ի՞նչ է եղել:
-Հե՛չ: Բայց պիտի որ թաղանթ լինի:
-Չէ՛: Գրքում կարդացել եմ: Ես շատ եմ կարդում: Անցք է:
Գրեթե միաժամանակ ներս մտան Ալիյեն՝ մրգերով, և Ամիր խանը: Ֆաեզեն դարձավ հեզ ու խոնարհ: Քառակուսի տղամարդը ողջունեց կանանց և փռվեց սենյակի անկյունում դրված բազկաթոռին:
-Դրսում քաոս է: Դուրս չգաք, հա՜,-ասաց, հետո նկատեց աղջիկների կարմրած աչքերը: Հարցրեց՝ բա՞ն է եղել:
Մունեսը պատասխանեց՝ չէ՛:
Ամիր խանն այլևս սիրալիր չէր նայում: Խոժոռվել էր: Կրկնեց.
-Ասում եմ, բա՞ն է եղել:
Պատասխանեց Ֆաեզեն.
-Սրտներս էինք թեթևացնում:
-Հա՛, լացելո՞վ:
-Դե՛ կին ենք:
Ամիր խանն աննկատ ժպտաց: Ֆաեզեն հայտարարեց.
-Ես արդեն պիտի գնամ:
Տղամարդը հարցրեց.
-Ո՞ւր գնաս: Դրսում խառնաշփոթ է: Շունը տիրոջը չի ճանաչում:
-Պիտի գնամ, ուշ է:
Ամիր խանն ուզում էր առաջարկել՝ գիշերը մնա, բայց չասաց: Աղջկա ընտանիքը հաստատ կանհանգստանար:
-Ես կտանեմ: Որ եկել եք, բարով եք եկել, բայց սա էն օրը չի, որ կինը տանից դուրս գա:
-Այդքան վախենալու չէ, Ամի՛ր խան:
Տղամարդը մռայլվեց: Ասաց.
-Ընդհանրապես, իմաստ չունի, որ կինը տնից դուրս գա: Կինը ներսի մարդ է, տղամարդը՝ դրսի:
Ֆաեզեն չպատասխանեց: Ամիր խանի հետ վիճելու ուժ չուներ: Ամեն ինչ իր ժամանակին: Փարվինից նոր-նոր էր գլուխն ազատում: Կինն այլևս չէր կարող ջուր ծեծել: Բարեբախտաբար, նախաձեռնությունն իր ձեռքին էր:
Ամիր խանը վեր էր կացել. քանի դեռ լույս էր, Ֆաեզեին տուն հասցներ: Աղջիկը երջանիկ էր, որ նրա հետ մենակ է մնալու: Ասաց.
-Ավելի լավ է խուլ փողոցներով գնանք: Տաքսու վարորդն էլ էր էդպես ասում:
ՄՈՒՆԵՍ
(մաս I)
ՄԱՀ
1953 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 16-ին Մունեսը, կտուրին կանգնած, նայում էր փողոցին: Արդեն 56 ժամ էր, ինչ մի վայրկյան անգամ աչք չէր կպցրել: Ամիր խանն ասել էր՝ պետք է դուրս չգաս տնից:
Վերևից նայում էր փողոցին: Ներքևում խառնաշփոթ էր: Մեկ աջ կողմից էր մի խումբ վազելով գալիս, մեկ՝ ձախ: Երբ հայտնվում էր մի խումբը, մյուսը փախչում էր: Հետո անցան մարդկանցով լի բեռնատարներ և մի քանի տանկ: Հեռվից լսվում էր գնդացրի ձայնը:
Մունեսը մտածում էր՝ քսանութ տարի պատուհանից նայել է պարտեզին՝ կուսաթաղանթի մասին իր պատկերացումներն ունենալով: Ութ տարեկանում նրան իրականում ասել էին՝ Աստված երբեք չի ներում կուսությունը կորցրած աղջկան: Հիմա արդեն երեք օր, երկու գիշեր է՝ գիտի՝ կուսաթաղանթ չէ, այլ անցք է: Ինչ-որ բան կոտրվել էր ներսում: Մի պաղ ցասում էր պատել մարմինը: Այդ օրերին անդադար հիշել էր մանկությունը, երբ նախանձով էր նայել ծառերին՝ երազելով, որ գեթ մի օր, գեթ մեկ անգամ կմագլցի դրանցից մեկը, բայց երբեք չէր համարձակվել՝ կուսությունը կորցնելու ահից: Ինքն էլ չգիտեր՝ ինչու, բայց մինչև ծնկները սառույցի պես սառն էր: Մրմնջաց.
-Ես վրեժ կլուծեմ:
Մի մարդ հայտնվեց փողոցում: Ձեռքը փորին էր դրել. ճոճվում էր: Մի քանի քայլ առաջ եկավ և գլխիվայր ընկավ առվեզրին: Առուն չէր երևում, և Մունեսն այլևս չէր տեսնում տղամարդու գլուխը, բայց երևում էին առվից դուրս մնացած ոտքերը:
Մունեսը փակեց աչքերը և ձգվեց առաջ: Հինգ վայրկյան անց նրա դին արդեն փողոցում էր: Իհարկե, աչքերը բաց էին և նայում էին երկնի կապույտին:
ՄՈՒՆԵՍ
(մաս II)
ԾՆՈՒՆԴ ԵՎ ԿՐԿՆԱԿԻ ՄԱՀ
Սկզբում Մունեսը մահացել էր: Գուցե մտածում էր, որ մահացել է: Որոշ ժամանակ հենց այդպես՝ աչքերը բաց, մեջքի վրա փռված էր ասֆալտին: Կամաց-կամաց երկնի կապույտը սևացավ, և Մունեսի աչքերից արցունքներ գլորվեցին: Ապա բարձրացրեց աջ ձեռքն ու տրորեց աչքերը: Այնուհետև վեր կացավ: Սաստիկ թուլության ու ջախջախվածության զգացողությունը պատել էին մարմինը: Տղամարդն ընկած էր փողոցի մյուս կողմում՝ առվի մեջ. ոտքերը դուրս էին առվից, աչքերը բաց էին: Մունեսը հարցրեց.
-Լա՞վ եք:
-Ես մեռած եմ,-պատասխանեց տղամարդը:
-Կարո՞ղ եմ որևէ բանով օգնել,- շարունակեց Մունեսը:
-Լավագույն օգնությունն այն կլինի, որ հեռանաք այստեղից: Թե չէ փորձանքի մեջ կընկնեք:
-Ինչո՞ւ,- զարմացավ Մունեսը:
-Աղմուկը չե՞ք լսում: Հավանաբար, հաշվեհարդար են տեսնում,- ասաց տղամարդը:
-Բա Դո՞ւք էստեղ ինչ եք անում:
-Սիրելի՛ս, արդեն ասացի՝ մեռել եմ:
Մունեսը հարցրեց.
-Հիմա եթե ես Ձեզ բժշկեմ ու խնամեմ, հնարավո՞ր է՝ կրկին լավ զգաք:
-Չէ՛, չէ՛: Չեմ կարծում: Արդեն բանը բանից անցել է: Մի ֆրանսիացի կինոսցենար է գրել՝ «Բանը բանից անցել է» վերնագրով: Հիմա ես հենց այդ փուլում եմ, և բանը բանից անցել է:
Մունեսը չափազանց ազդված էր: Ասաց.
-Այնուամենայնիվ, գուցե…
Տղամարդն իսկապես բարկացավ:
-Ասացի՝ հեռացի՛ր: Տարօրինակ ժամանակներ են:
Հետո Մունեսը գնաց և մոտ մեկ ամիս շրջեց փողոցներում: Առաջին երկու օրերին փողոցներում խառնաշփոթ էր, մարդիկ զբաղված էին ծեծուջարդով և միմյանց սպանելով: Կամաց-կամաց փողոցները խաղաղվեցին, մարդիկ քաշվեցին իրենց տները. մտածում էին ու ափսոսում: Ոմանք հայտնվեցին բանտում: Ոմանք ուրախ էին, հավաքույթներին բավականին օղի ու գինի էին կոնծում և ծիծաղում: Երիտասարդության շեմը հատող աղջիկը, իհարկե, հավաքույթներին չէր մասնակցում, բայց փողոցներում շրջելիս անցնում էր այդ տների պատուհանների տակով և լսում էր նրանց հռհռոցը: Գիշերները տնից ոչ ոք դուրս չէր գալիս, քանի որ ոստիկանները հարցնում էին գաղտնաբառը: Ի վերջո, Մունեսը հայտնվեց համալսարանի դիմացի գրադարաններում: Առաջին մի քանի օրը ամոթխած կանգնեց ու գրքերին նայեց. իրեն թույլ չտվեց կարդալ դրանց վերնագրերը: Ապա աստիճանաբար թոթափեց վախը և սկսեց ընթերցել վերնագրերը: Վերջապես մի օր նրա ուշադրությունը գրավեց ոչ թե գրախանութների, այլ պատահական մի կրպակի ցուցափեղկին դրված գիրքը՝ «Սեռական բավարարվածության գաղտնիքները, կամ ճանաչենք մեր մարմինը» վերնագրով:
Մունեսը տասներկու օր անընդմեջ անցնում էր գրավաճառի կրպակի առջևով և թռուցիկ հայացք նետում գրքի կազմին: Տասներեքերորդ օրը վերջապես համարձակվեց և մոտեցավ կրպակին:
-Ի՞նչ արժե:
-Հինգ թուման:
Մունեսը գնեց գիրքը: Պատսպարվեց մի խուլ փողոցում և ծառի ստվերում նստելով՝ ընթերցեց: Սկսեց առաջին գլխից, հասավ վերջին: Կարդաց կրկին և երրորդ անգամ: Անցել էր երեք օր:
Երրորդ օրը բարձրացրեց գլուխը: Այժմ արդեն ծառերը, արևը, փողոցը այլ իմաստավորում ունեին նրա համար: Զարգացել էր:
Գիրքը նետեց առուն և ճամփա ընկավ: Գնում էր իրենց տան կողմը: Իրիկնամուտին արդեն տանն էր: Ալիյեն բացեց դուռը: Տեսնելով Մունեսին՝ ճչաց և փռվեց գետնին: Պառաված օրիորդը նրան բարձրացրեց՝ հարցնելով.
-Ալի՛յե ջան, ի՞նչ է պատահել:
Կինը, կամաց-կամաց ուշքի գալով, ասաց.
-Խանո՛ւմ ջան, Դուք եք մեզ էս օրը գցել: Մի ամիս է՝ հայրդ, մայրդ, եղբայրդ ոտքի տակ են տվել դաշտ ու քաղաք, սար ու ձոր և ամեն իրիկուն արյուն-արցունք են թափել: Ախր, խանո՛ւմ ջան, որտե՞ղ էիք, ի՞նչ էիք անում:
Մունեսն անմիջապես չպատասխանեց: Միայն տմբտմբացնում էր գլուխը և փիլիսոփայորեն ժպտում:
-Ալի՛յե ջան, ես այլևս այն հին Մունեսը չեմ: Արդեն շատ բան գիտեմ,-ասաց, վեհ ու հանգիստ գնաց հյուրասենյակ, մի անկյունում նստեց ու սուզվեց մտքերի մեջ: Քառորդ ժամ անց Ամիր խանը սփրթնած կանգնած էր շեմին:
-Է՜յ, անամո՛թ, որտե՞ղ էիր,- հարցրեց նա:
Պառաված օրիորդը քնքուշ ժպտում էր: Եղբոր բարկության պատճառ չէր հասկանում: Բարկություն չէր, զարմանք էլ չէր:
Ամիր խանն ասաց.
-Մեր ընտանիքի պատիվը գետնով ես տվել: Բոլորը գիտեն, որ կորել էիր:
-Ես միայն քո թույլտվությամբ մի քիչ զբոսնել եմ,- պատասխանեց Մունեսը:
-Ես քեզ ասել էի, որ էդ խառը ժամանակում տնից չպիտի դուրս գայիր, անպատկա՛ռ,- գոռաց Ամիր խանը, արձակեց գոտին ու հարձակվեց Մունեսի վրա: Իհարկե, աղջիկը չէր հասկանում՝ ինչու է ծեծվում: Որոշ ժամանակ ծեծվեց, զարմացավ ու ի վերջո հարցրեց.
-Ամի՛ր խան, ինչո՞ւ ես խփում, խելքդ թռցրե՞լ ես:
Ամիր խանը դա լսեց թե չէ, արյունը խփեց գլխին: Մրգի դանակը վերցրեց ճաշասեղանից և ուժգին խրեց Մունեսի սրտի մեջ:
Աղջիկը կարճ հառաչանքով երկրորդ անգամ հրաժեշտ տվեց կյանքին:
ՄՈՒՆԵՍ
(մաս III)
ԿՐԿՆԱԿԻ ԾՆՈՒՆԴ
Լսելով աղմուկ-աղաղակ՝ Ալիյեն մտավ սենյակ: Տեսնելով Մունեսի արնաշաղախ մարմինն ու Ամիր խանի աջ ձեռքի արյունոտ դանակը՝ ճչաց և ուշագնաց փռվեց գետնին: Ամիր խանը մոլորվել էր, քիչ-քիչ ահը սողոսկում էր սիրտը: Որոշ ժամանակ շշկլված նայեց դանակին, ապա այն դրեց սեղանի եզրին: Հետո փոշմանեց: Վերցրեց դանակը, մաքրեց կոթի մատնահետքերը թաշկինակով, որ գրպանից էր հանել, և կրկին տեղը դրեց դանակը: Հենց այդ պահին հնչեց դռան զանգը: Ամիր խանը մոտեցավ, բացեց դուռը: Ծնողներին էին:
-Ոստիկանական երեք բաժանմունք գնացինք: Դեռ չեն գտել,- ասացին՝ մտնելով հյուրասենյակ:
Նախ տեսան Ալիյեին, հետո՝ Մունեսին: Մի ակնթարթ անքթիթ իրար նայեցին, ապա երկուսն էլ ճչացին և ուշաթափվեցին: Սենյակում մնաց Ամիր խանը՝ չորս անշունչ մարմնի հետ: Մրմնջաց.
-Աստվա՛ծ իմ, ի՞նչ անեմ:
Նստեց աթոռի եզրին՝ հայացքը հառելով ահարկու տեսարանին: Ի վերջո կորցրեց ինքնատիրապետումը և սկսեց հեկեկալ: Որոշ ժամանակ արցունք թափելուց հետո թաշկինակով սրբեց երեսն ու սարսափով նկատեց՝ կտորն արյունոտ է: Դեմքը ողողվել էր արյան մեջ: Սարսուռով, որ պատել էր ողջ մարմինը, նետեց թաշկինակը սեղանին, և ահաբեկված հայացքը գամեց դիերին: Նրանցից ոչ մեկը գիտակցության գալու նշաններ չուներ: Ողջ պատասխանատվությունն Ամիր խանի վզին էր:
Դռան զանգն էր:
Ամիր խանի սիրտը պատի ժամանցույցի նման դնգդնգում էր: Վեր կացավ՝ մրմնջալով.
-Տե՛ր Աստված, օգնի՛ր:
Այս ու այն ոստիկանական բաժանմունքում Մունեսի անհետանալու վերաբերյալ այնքան էին հայտարարություն տվել, որ օրական առնվազն հինգ ոստիկան էր այցելում իրենց: Ամիր խանը մոտեցավ դռանն ու կտրուկ բացեց, որպեսզի միանգամից վերջ տա մտատանջությանը: Ֆաեզեն էր: Ամիր խանի դեմքն սկզբում մթության մեջ էր: Ոչինչ չնկատելով՝ Ֆաեզեն ասաց՝ բարև՛, ապա տեսնելով նրա դեմքը՝ գոռաց՝ սո՛ւրբ Աբաս, և հենվեց պատին:
-Աստվա՛ծ սիրես, դու էլ չուշաթափվես,- ասաց Ամիրը:
Ֆաեզեն, սարսափահար նայելով Ամիրի դեմքին, կմկմաց.
-Եկել էի՝ Մունեսի մասին հարցուփորձ անեի:
Ամիր խանն աջ ձեռքի ցուցամատն ուղղեց հյուրասենյակի կողմը: Աղջիկը մոտեցավ, բացեց սենյակի դուռը: Ամիր խանը շարունակում էր կանգնած մնալ միջանցքում: Ֆաեզեն սփրթնած դուրս թռավ սենյակից՝ հարցնելով.
-Չորսին էլ սպանե՞լ ես:
-Միայն Մունեսին:
-Ի՞նչ պիտի անես:
-Չգիտեմ,- պատասխանեց, կիսամեռ խավարասերի նման կուչ եկավ պատի տակ ու հեկեկաց:
Այդ ակնթարթին Ֆաեզեն հասկացավ, որ վերջապես ճակատագիրն իրեն նվեր է արել: Հանեց գլխաշորը, ճմռթեց, մի անկյուն շպրտեց, ապա ծնկի իջավ Ամիր խանի առջև:
– Ա՛յ մարդ, ամո՛թ է, ինչի՞ ես լացում: Որ լավ եղբայր ես, թասիբ ունես ու սպանե՞լ ես: Շատ էլ լավ ես արել: Իսկ ինչի՞ պիտի չսպանեիր: Մի աղջիկ, որից մի ամիս ձեն-ծպտուն չկա, մեռած է էլի: Լավ աղջիկը նման բան չի անում: Շա՛տ լավ ես արել: Ապրե՛ս: Ես էլ քո տեղը լինեի, ես էլ էդպես կանեի: Հալալ լինի քո կերած կաթը,- ճառելով՝ կրծքերի արանքից հանեց թաշկինակը և դրեց Ամիր խանի ձեռքի մեջ, որպեսզի արցունքները մաքրի:
Ամիր խանը հանգստացել էր: Խնչեց թաշկինակի մեջ: Սփոփանքի էր սպասում, և ահա՝ այն եկավ հրեշտակի տեսքով: Միևնույն ժամանակ մտքով անցավ՝ որքան տգեղ է գետնին ծնկած, կրծքերի արանքից թաշկինակ հանող կինը: Աղջիկն այնպես էր նստել, որ երևում էր վարտիքը: Ամիր խանը մտածեց՝ եթե սա էլ իր քույրը լիներ, սրան էլ կսպաներ ու խիղճը կմաքրեր: Բայց իր քույրը չէր, ոչ էլ իր հետ կապ ուներ: Բացի դա, իր կողքին էր վճռորոշ պահին: Ի վերջո, տղամարդը հոգոց հանեց ու հարցրեց.
-Հիմա քո կարծիքով ի՞նչ պիտի անենք:
-Բան չկա անելու, ընկե՛ր ջան: Աղջիկը մի ամիս է՝ կորել էր, չէ՞:
-Հա՛:
-Շա՛տ լավ: Կթաղենք այգում: Ոչ մեկն էլ գլխի չի ընկնի: Հիմա շատերն են կորել, հետաքննիչների գլուխն էլ խառն է: Ոչ ոք չի գալու ձեր տունը խուզարկի:
Այդ ամենը Ամիր խանին խելքին մոտ թվաց: Գլխի շարժումով հավանություն տվեց նրա ասածին, և երկուսով դուրս եկան բակ. մթության մեջ բահ ու քլունգով ջանասիրաբար փորեցին հողը և յոթանասունհինգ սանտիմետրանոց խոր փոս բացեցին: Ապա վերադարձան սենյակ: Հայրը, մայրը, Ալիյեն դեռևս ուշակորույս ընկած էին: Կինն ու տղամարդը բռնեցին Մունեսի ձեռք ու ոտքից, նրան քարշ տվեցին այգի, գցեցին փոսը, հողը լցրին վրան, բահով թմփթմփացրին, որ հողն ամբողջովին հարթվի ու պնդանա: Այնուհետև վերադարձան սենյակ, սկսեցին լվանալ արյունն ու ոչնչացնել հետքերը:
Երբ ավարտել էին գործը, ծնողներն ու Ալիյեն կամաց-կամաց ուշքի եկան: Ուժեղ հարվածի պատճառով երեքն էլ վերջին երկու-երեք ժամվա իրադարձությունները մոռացել էին: Միայն Ալիյեն էր աղոտ հիշում, որ դի է տեսել: Բայց քանի որ անգրագետ սպասավոր էր, չհամարձակվեց այդ մասին բարձրաձայնել: Բացի դա՝ հայտնի էր, որ նա նմանակ ունի: Բոլոր հարևանները տեսել էին, թե ինչպես է վերջինս կեսգիշերներին քայլում տանիքի եզրով, հետաքրքրությամբ մի կողմ քաշում միջատապաշտպան շղարշները և հետևում քնած, կիսարթուն ու արթուն մարդկանց: Նաև դա էր պատճառը, որ սսկվեց ու ոչինչ չասաց:
Ամիր խանի մայրը, տեսնելով Ֆաեզեին, փթթեց ինչպես ծաղիկը և ասաց.
-Օ՜, խանո՛ւմ, ինչպե՞ս ես: Անցյալ տարի բարեկամ էիր, այսօր արդեն ծանոթ: Չես երևում:
-Ճիշտ եք: Պարզապես չեմ ուզում անհանգստացնել:
-Ի՞նչ ես ասում, ցավդ տանեմ:
-Եկել էի՝ Մունեսի մասին հարցնեի, իմանայի՝ գտնվե՞ց, չգտնվե՞ց:
Ամիր խանի մայրը հառաչեց, ասաց.
-Է՜հ, բա՛լա: Դեռ չի գտնվել խեղճ երեխաս: Երանի գտնեին:
-Վերքիդ աղ լցրի: Աստված Ձեզ հետ: Լա՛վ մնացեք: Եթե հայտնվի, ինձ անպայման տեղյակ պահեք:
-Էս ո՞ւր: Ո՞վ է թողնում, որ դու գնաս: Պիտի ընթրես մեզ հետ: Ալիյե՛, խոհանոց գնա՛:
-Չէ՛, տիկի՛ն, Ձեր թույլտվությամբ ես գնամ, Ձեզ նեղություն եմ տալիս:
-Չէ՛, չէ՛: Անհնա՛ր է:
Ֆաեզեն մնաց: Ալիյեն գնաց խոհանոց: Սովորության համաձայն ճաշ եփելիս նրա շուրթերից ծորում էին լոռերեն քառյակներ: Քառյակների միջոցով ողբագին պատմում էր, որ եթե տառաճանաչ լիներ, կվերցներ գրիչն ու մի նամակ կգրեր իր սիրեցյալին, որ շատ հեռու էր: Նամակում կպատմեր այն ամենի մասին, որ տեսել, բայց չէր կարողացել բարձրաձայնել:
Ի վերջո ընթրեցին: Ընթրիքից հետո Ամիր խանն ինքնակամ առաջարկեց Ֆաեզեին տուն ուղեկցել: Ճանապարհին Ամիր խանը լուռ էր ու մոլորված: Աղջիկը համարձակվեց բռնել նրա ձեռքը, շոյել ու սփոփանքի խոսքեր ասել: Վերջիվերջո հավաքեց համարձակությունն ու ասաց.
-Էս ամենից հետո հնարավորինս շուտ պիտի ամուսնանաս, որ կարողանաս Մունեսին մտքիցդ հանել: Մանավանդ, որ դու էլ կարիք ունես կողակցի, որը նաև կյանքի լավ ընկեր կլինի ու քեզ կմխիթարի:
-Ճիշտ ես ասում:
Մի քանի օր անց Ամիր խանը դիմեց մորը.
-Մա՛մ:
-Հա՛ ջան,-պատասխանեց մայրը:
Ամիր խանը նստել էր աթոռի եզրին և փոքր-ինչ հուզված էր երևում:
-Մա՛մ ջան, իհարկե ինձ չպիտի թույլ տայի էդ մասին քեզ հետ խոսել, բայց երկար եմ մտածել և որոշել եմ մեկին ընտրել, որը նաև կյանքիս ընկերը կլինի ու ինձ կմխիթարի: Ուզում եմ ամուսնանալ:
-Պա՛հ-պա՛հ, ի՜նչ լավ է: Հա՛, քրոջդ չենք գտել, ինչքան լավ կլիներ՝ ինքն էլ մասնակցեր հարսանիքիդ: Ինչ արած: Ամեն դեպքում գովելի է, որ ամուսնանալու մտադրություն ունես: Հարսանիքը որտե՞ղ եք անելու:
Ամիր խանը շիկնելով մաքրեց կոկորդը և ասաց.
-Նախ պիտի գնանք աղջիկ ուզելու:
Մայրը զարմացավ: Հարցրեց.
-Ֆաեզեի հետ չե՞ս ամուսնանում:
-Չէ՛, չէ՛, մա՛մ ջան: Ես հաջի Մոհամմադ Սորխչեհրեի աղջկան եմ ուզում: Տասնութ տարեկան է: Գեղեցկուհի է, հեզ, հլու, ամաչկոտ, սիրալիր, խոնարհ, խելոք, նամուսով, անկեղծ, համեստ, մաքուր, միշտ գլխաշորով է, քայլելիս՝ գլուխը կախ, միշտ՝ շիկնած: Խնդրո՛ւմ եմ, գնացեք նրան ուզելու:
-Ամի՛ր ջան, լուսահոգի քրոջիցդ դու երկու տարի մեծ ես, և քառասուն քաղցր տարիներն արդեն հետևում են: Էսքան ժամանակ չես ամուսնացել, որ քրոջդ պաշտպանես ու հոգ տանես: Հիմա ինչո՞ւ ես ուզում տասնութ տարեկանի հետ ամուսնանալ: Չե՞ս լսել, որ ասում են՝ մարդը ջահել կին մենակ հարևանի համար է ուզում: Գիտես չէ՞, էդպես հնարավոր է խայտառակվես:
Ամիր խանը մի փոքր մտածելուց հետո ասաց.
-Մա՛մ ջան, գիտե՛ս, ասում են՝ կինը հասավ քսանին, պիտի լացես նրա հալին: Ես ճար չունեմ: Միակ հնարը քսան տարեկանից փոքրի հետ ամուսնանալն է: Համ էլ նրա դեմքից երևում է, որ նամուսով է: Արի էսօր պատրաստվենք ու գնանք նրան ուզելու:
Նույն օրը երեկոյան մայրը հագավ իր լավագույն զգեստը, չադրան գցեց գլխին և Ամիր խանի ուղեկցությամբ՝ գնաց հարսնախոսության:
Իրար ողջունեցին, բարև-բարի երեկո ասացին: Աղջիկը՝ գլխաշորը կապած, հաստ գուլպաներով, ամոթխած, թեյ հյուրասիրեց:
Մայրը հարսին հավանեց, հարսը՝ սկեսուրին: Փեսայի ընտանիքին դուր եկավ հարսի ընտանիքը, հարսի ընտանիքին՝ փեսայի ընտանիքը: Հարսանիքը նշանակեցին գալիք չորեքշաբթի, քանի որ մոտ էին սգո ծիսական օրերը. այլապես հարսանիքը երկու ամսով կհետաձգվեր:
Որոշեցին կալիմի չափը՝ տասնհինգ հազար թուման: Ամիր խանը բերելու էր մոմակալն ու հայելին, հարսանիքն անելու էին հաջիի բակում, որն ավելի ընդարձակ էր ու մեծ: Մայր ու տղա ուրախ ու երջանիկ վերադարձան տուն և եղելությունը պատմեցին Ալիյեին: Ալիյեն խելոք տմբտմբացրեց գլուխը, փիլիսոփայորեն ժպտաց և առաջին իսկ պատեհ պահին չադրան քաշեց գլխին, գնաց Ֆաեզեենց տուն ու պատմեց եղածը: Աղջիկը որոշ ժամանակ գլուխը խփեց պատերին, ապա բռունցքներով՝ լուսամուտին: Ապակին ջարդուփշուր եղավ՝ վնասելով ձեռքը: Հետո Ալիյեի հորդորով չադրան գլխին գցեց, և միասին գնացին Շահ Աբդուլազիմ[2]: Տասներկու մոմ վառեցին, մի պարարտ գառ զոհաբերեցին, որ հարսանիքը գլուխ չգա: Ապա գնացին Դավազդա Ղառ՝ միրզա Մոնաղեբիի մոտ և սերը ոչնչացնող մի հուռութք առան: Այնուհետև հասան Էվին թաղամաս՝ Բաջի խանումի մոտ: Բաջի խանումը մաքուր հոգի ուներ և մի հին գիրք, որի միջոցով բախտ էր բացում: Նա ոտքից գլուխ չափեց Ֆաեզեին և ասաց.
-Բախտիդ տերը մեկն է, որ միջահասակ է, ո՛չ գեր է, ո՛չ նիհար, թուխ, քառակուսի դեմքով, մանր աչքերով, ալ շուրթերով:
Ֆաեզեն պայծառացավ, որովհետև գրքում ամեն ինչ ճիշտ էր գրված: Բաջի խանումն ասաց.
-Ցավ ունես սրտումդ: Ցավիդ պատճառը սերն է: Աստված քեզ քո սիրուն բաշխի:
Ֆաեզեն ոգևորված տմբտմբացրեց գլուխը: Այդ պահին իսկապես մոր չափ սիրում էր Բաջի խանումին: Պառավը մանրամասն բացատրեց.
-Այդ սիրուն հասնելու հաղթական ճանապարհն այն է, որ դու յոթ գիշեր յոթ անգամ բոբիկ յոթ քայլ անես դեպի Մեքքայի կողմը և յոթ անգամ յոթ քայլ՝ հակառակ կողմը, և ամեն քայլափոխին պիտի կրկնես՝ ո՛վ տեր, ինձ ազատիր սատանայի գայթակղություններից ու փորձանքից: Հետո կլվանաս ոտքերդ, քնելուց էլ ոտքերդ վերմակով չծածկես:
Ֆաեզեն ասաց.
-Խանո՛ւմ ջան, ես սիրահարված եմ և ուզում եմ՝ իմ սիրուն հասնել: Թալիսմանի նման մի բան տուր, որ էդ տղամարդը ինձնով գերվի:
Բաջի խանումը շատ ծեր էր: Հռհռաց, ասաց.
-Աղջի՛կ ջան, ոչ մի բան զոռով չի լինում, նկատի ունեցիր: Պիտի պայքարես այդ սիրո համար: Լա՜վ են ասել.
Ի՜նչ լավ է, երբ սերը ծագում է երկուսի գլխում,
Երբ մեկի գլխում է, այն գլխացավանք է…
Ֆաեզեն բարկացած վեր կացավ և միայն մի հինգ ռիալանոց նետեց գորգի վրա: Երբ աղջիկը դուրս եկավ, Բաջի խանումը ծիծաղեց: Վեր կացավ, թղթադրամը վերցրեց և գցեց կավե գանձատուփի մեջ: Որոշել էր թոռան օժիտի համար փող հավաքել:
Ֆաեզեն յոթ օր, յոթ գիշեր քայլեց, աղաղակեց ու լաց եղավ: Մտածեց՝ գնա ոստիկանատուն ու մատնի Ամիր խանին: Կամ սպանի նրան, ինչպես ինքն էր Մունեսին սպանել: Մտքով հազար ու մի բան անցավ, բայց ոչ մեկն էլ խելքին մոտ չէր: Ի վերջո որոշեց հարսանիքի գիշերը գնա, հուռութքը Մունեսի ոտքերի տակ թաղի, որ նրա արյունն ու հուռութքի չարաբաստիկ լինելը միասին կառչեն Ամիր խանի օձիքից:
Հենց հարսանիքի գիշերը Ֆաեզեն գնաց Ամիրենց տուն: Դա կատարեց Ալիյեի աջակցությամբ: Նա գլխի էր ընկել, որ աղջկան սպանել են, բայց, իհարկե, ցույց չէր տալիս: Հաջիենց տուն գնալուց առաջ, Ալիյեն ներս թողեց Ֆաեզեին: Վերջինս ուղիղ այգի գնաց և սկսեց փորել հողը, որպեսզի հուռութքն այնտեղ թաղի, երբ մի ձայն ցնցեց նրան: Ձայնը Մունեսինն էր. կանչում էր՝ Ֆաեզե՜ ջան:
Կարծես ջրհորի հատակից էր խոսում: Աղջիկը մի կերպ կուլ տվեց թուքը, ձեռքը սեղմեց սրտին, որ այն կրծքավանդակից դուրս չթռչի, ապա մի փոքր ուշքի եկավ: Ձայնը կրկնեց.
-Ֆաեզե՜ ջան, չեմ կարողանում շնչել:
Ֆաեզեն շարունակում էր լուռ մնալ:
-Շատ սոված եմ: Ծարավից մեռնում եմ: Ինչքան ժամանակ է՝ ո՛չ մի կաթիլ ջուր եմ խմել, ո՛չ մի հատիկ բերանս դրել:
Ֆաեզեն ինքնաբերաբեր, առանց մտածելու ճանկերով սկսեց փորել հողը: Փորեց, փորեց, մինչև աղջկա կլոր երեսը երևաց հողի տակից: Նա, դանդաղ բացելով աչքերը, ասաց.
-Սիրելի՛ս, քույրի՛կս, մի քիչ ջուր տուր ինձ:
Ֆաեզեն գնաց, ջրավազանից մի բուռ ջուր բերեց, լցրեց Մունեսի երեսին: Հետո սկսեց արագ-արագ փորել հողը: Փորեց, փորեց, մինչև աղջիկն ազատվեց: Այնքան թույլ էր, որ չէր կարողանում շարժվել: Ֆաեզեն բարձրացրեց նրան, թափ տվեց հողը նրա վրայից: Մունեսը ճոճվելով գնաց խոհանոց: Ֆաեզեն նոր միայն սկսեց վախենալ: Չգիտեր՝ ինչպես ընկալի այս տարօրինակ եղելությունը: Հուշիկ քայլերով զգուշորեն մոտեցավ խոհանոցին: Տեսավ հողի ու ցեխի մեջ կորած աղջիկը սառնարանից հանել է կաթսան ու հենց այդպես՝ ցեխոտ ու կեղտոտ մատներով, բուռ-բուռ վերցնում է ուտելիքն ու բերանը լցնում: Թույլ մռնչում էր, աչքերը՝ ակնախոռոչներում պտտեցնում: Պտտեցնում էր ու սարսափազդու ժպտում:
Նա ուտում էր ու մռնչում էգ առյուծի նման, որը հեռու էր իր ձագերից և ժամանակ առ ժամանակ վայում էր: Ի վերջո կերավ կաթսայի կեսն ու հագեցրեց քաղցը: Կրկին վեր կացավ ու ճոճվելով դուրս եկավ բակ: Մոտեցավ ջրի պոմպին և մի դույլ դրեց տակը: Ջրով դույլը՝ լի ջրամբարի ավլախոտով, մի շնչում քաշեց գլուխը: Մի պահ մնաց անշարժ, ապա մռնչալով հանեց շորերը, մերկացավ, մտավ ջրավազանն ու սկսեց լվանալ իրեն:
Ֆաեզեն գնաց ուղիղ աղջկա սենյակը, որը մնացել էր այնպես, ինչպես կար: Բացեց դարակները, վերցրեց ներքնաշորեր, շորեր, սրբիչ և վերադարձավ: Նա վերցրեց սրբիչը ու ոլորելով՝ չորացրեց մարմինը: Հետո հենց բակում էլ հագնվեց, ապա ուղղվեց դեպի հյուրասենյակ և նստեց իր մշտական տեղում՝ ռադիոյի կողքին: Ֆաեզեն վախվխելով ներս մտավ և նրա դիմացի անկյունում կուչ եկավ:
Մունեսն սկսեց խոսել: Ասաց.
-Փաստորեն, եղբորս օգնում ես, որ ինձ սպանի՞: Ո՛վ անամոթ, անպատկա՛ռ:
Ֆաեզեն կմկմալով փորձեց բացատրություն տալ, բայց կարծես քարին պատմեր: Ազդեցություն չեղավ:
Մունեսը շարունակեց.
– Մի ամբողջ կյանք կարծել ես, որ եթե կլորերես եմ, ուրեմն էշ եմ, հիմար եմ: Չէ՞:
-Ի՞նչ ես ասում: Էդ ինչե՞ր ես մտածում:
-Ա՛յ անիծվես դու:
– Սրբի անունով եմ երդվում, ես նման բան չեմ մտածել:
-Հիմարն ինքդ ես: Ես հիմա բոլորի մտքերը կարդում եմ: Դու ոչ միայն մտածում էիր, որ եթե դեմքս կլոր է, ուրեմն ես հիմար եմ, այլև ուզում էիր օգտվել այդ հիմարությունից և դառնալ եղբորս կինը: Էդպես չէ՞:
-Երդվում եմ…
-Սսկվի՛ր: Սուտ երդումներ մի՛ տուր:
Ֆաեզեն լռեց: Մունեսը շարունակեց.
-Հիմա ուշադի՛ր նայիր: Դեմքս ոչ միայն կլոր չէ, այլ շատ էլ երկար է:
Ֆաեզեն սարսափահար նրան էր նայում: Իսկապես, Մունեսի դեմքը ձիու դեմքի նման երկարել էր: Ֆաեզեն հոգեկան ցնցում էր ապրում: Նրան թվում էր՝ ջերմություն ունի: Մտածում էր՝ որքան լավ կլիներ՝ կաթված ստանար, խլանար, կուրանար, որ այս ամենը չտեսներ, չլսեր:
-Եվ ոչ միայն դեմքս է երկար, այլև բիբերս,-ավելացրեց Մունեսը:
Ֆաեզեն նայեց: Աղջիկը ճիշտ էր ասում: Բիբերն էլ էին սրվել:
-Եվ բիբերս ոչ միայն երկար են, այլև կարմիր:
Ֆաեզեն տեսավ՝ Մունեսը ճիշտ է ասում: Բիբերը և՛ երկար էին, և՛ կարմիր: Մտածեց՝ գուցե ոտքերն էլ կճղակավոր են:
-Չէ՛, կճղակավոր չեմ,- ասաց նա ու սատանայի նման քրքջաց:
Քիչ էր մնում՝ Ֆաեզեն ուշաթափվի, բայց նա չէր թողնում:
-Իզուր ձևեր մի՛ թափիր: Քո էության մեջ մի կեղտոտ բան կա: Բայց ես որոշել եմ քեզ հետ ապրել և այս տնից հեռանալ: Ուզում եմ հիմնել մի կազմակերպություն՝ ընդդեմ եղբայրների, որ այլևս ոչ մեկի քույրը չսպանվի: Բայց ես իրականում այդքան էլ վատը չեմ: Միայն իմացիր, որ կարդալու եմ յուրաքանչյուր կեղտոտ միտք, որ ծագելու է էդ փոքր ուղեղումդ: Հասկացա՞ր:
-Իհարկե՛, իհարկե՛,- պատասխանեց Ֆաեզեն:
-Լուսահոգի տատս ուներ մի կատու, որ քսանչորս ժամ շարունակ կուչ եկած մնաց անկողնու մեջ: Երբ դուրս եկավ, գրքի պես բարակ էր ու երկար: Այդ ժամանակ այնքան կերավ, որ ուռեց ու սատկեց: Երբ հողի տակից դուրս եկա, սկզբում այդ կատվին էի նման և մտածեցի, որ այդ պահին խեղճ կատվի հոգին մարմնիս մեջ մտավ:
-Անշուշտ, Դուք իրավացի եք: Ձեր աչքերը նմանվել են կատվի աչքերի: Բայց Ձեր դեմքը, եթե կհաճեք իմանալ, ձիու երեսի է նման:
-Ինչո՞ւ ես գեղարվեստորեն խոսում: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ մենք ընկերներ էինք: Թեև դու կարծում էիր, որ ես հիմար եմ, բայց, այնուամենայնիվ, ընկերություն էինք անում: Մարդավարի խոսիր:
-Լա՛վ:
-Ես նաև գիրք եմ կարդացել տղամարդու ու կնոջ մասին: Սրանից հետո չես կարող ասել, թե ինձնից շատ բան գիտես: Հասկացա՞ր:
-Հա՛:
-Իմիջիայլոց, իմացի՛ր, Փարվինն ավելի լավ խոհարար է, քան դու: Դա իմ կարծիքն է: Հասկացա՞ր:
-Հա՛,- պատասխանեց Ֆաեզեն, բայց մաղձը կոկորդով իջավ, հասավ սրտին, որ այնտեղ բնավորվի:
Մունեսը, որի դեմքը, ի վերջո, մի օր կլոր էր եղել, և ինքն էլ պարզ ու բարի աղջիկ էր, ասաց.
-Իհարկե, դու էլ վատ չես պատրաստում: Բայց նա ավելի լավ է կարողանում:
Ֆաեզեն հարցրեց.
-Հիմա ի՞նչ անենք:
-Էսպես կնստենք, մինչև հարսն ու փեսան կժամանեն:
Մի քանի ժամ անց վերադարձան տնեցիները՝ հարսի ծնողների և մի քանի հարազատների ուղեկցությամբ: Ուրախ բացականչություններով, գովաբանություններով նորապսակների սենյակ տարան հարսին: Եվ փեսային, որ հարբած էր, այնքան էր հարբած, որ ոտքի վրա չէր կարողանում կանգնել, նույնպես մտցրին սենյակ: Ալիյեն բղավեց և ուշակորույս փռվեց գետնին, քանի որ նկատել էր Մունեսին: Պառաված օրիորդը կանգնած էր միջանցքում և նայում էր հավաքվածներին: Հաջի Սորխչեհրեն հարցրեց.
-Այս աղջիկն ո՞վ է:
-Մունե՜ս, աղջի՛կս,- վախեցած բացականչեց մայրը:
Մունեսը, սակայն, ծպտուն չհանեց: Ճեղքեց ներկաների շարքն ու մոտեցավ նորապսակների սենյակին: Հրեց դուռը, և չնայած այն ներսից կողպած էր, կրնկի վրա բացվեց, ինչպես հանդիսասրահի դուռը: Մունեսը ներս մտավ: Ամիր խանը ճոճվելով զգեստափոխվում էր: Աղջիկը երեսը շրջել էր դեպի պատը և ամոթխած հանում էր շորերը: Դռան շրխկոցից երկուսն էլ շրջվեցին՝ մեկը զարմանքով, մյուսը՝ սփրթնած, գրեթե մեռած և ուշակորույս. այդ պահին էր, որ Մունեսը սրեց դեմքը և բիբերը նույնպես:
-Օյինբազություններ մի՛ արա և մարդավարի արի առաջ,- ասաց Մունեսը:
Ամիր խանը գառան նման հնազանդվեց: Մունեսը հարցրեց.
-Թշվա՛ռ, ինչո՞ւ ես այդքան խմել:
-Ի՜նչ ասեմ:
-Գնացել, տասնութ տարեկանին ես առել, որ հեզ ու մաքո՞ւր լինի:
-Հա՛:
Մունեսը շրջվեց դեպի հարսը.
-Դու անցյալ տարի չե՞ս հղիացել քեռուդ տղայից ու չե՞ս ընկել տիկին Ֆաթեմիի դանակի տակ:
Աղջիկն ուզում էր բղավել ու ուշաթափվել, երբ Մունեսն առաջն առավ:
-Իզուր ձևեր մի՛ թափիր: Հենց Ֆաթեմիի հորդորով էլ տխմար եղբորս հարբեցրել ես,- ասաց, հետո դարձավ Ամիրին և շարունակեց,- իսկ դու, շանորդի՛, ստիպված ես էս կնոջ հետ ապրել: Եթե նրա վրա ձեռք բարձրացնես ու մի վնաս տաս, կգամ ու միանգամից քեզ կթաղեմ: Հասկացա՞ր:
Ամիրը քոռ այծի նման տմբտմբացնում էր գլուխը: Ահաբեկված հարսն ու փեսան կանգնած էին Մունեսի առաջ: Մունեսն ասաց.
-Ես գնում եմ Ֆաեզեի հետ ապրելու: Ճիշտ է, էս անճարը մի քիչ շատ էր ղալմաղալ անում, բայց իսկապես կույս է, իսկ էս մյուսը՝ չէ, և տխմար մարդու բաժինը սա է: Բայց քեզ արդեն ասացի՝ եթե նրան նեղացնես, էնպիսի օյին կդնեմ գլխիդ, որ մինչև կյանքիդ վերջը չես մոռանա:
Այնուհետև Մունեսը դուրս եկավ սենյակից: Ամիր խանը մոլորված ու ջախջախված նայում էր իր ջահել հարսնացուին, հետո նստեց մահճակալին ու սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել: Ասում էր.
-Ի՜նչ բախտ էր, ի՜նչ դառը ճակատագիր:
Ասում էր ու ողբում: Երիտասարդ հարսը դարձյալ կողպել էր ննջասենյակի դուռը:
Մունեսը քայլեց դեպի հյուրասենյակ: Ալիյեն գիտակցության էր եկել և սահեց նրանց հետևից: Մայրն ու մնացած հյուրերը ևս: Հաջի Սորխչեհրեն ուզում էր հասկանալ, թե ինչո՞ւ փեսայի քույրը հարսանիքին ներկա չէր, իսկ մայրը չէր կարող ուրիշների ներկայությամբ հարցաքննել աղջկան: Բացի դա աղջկա նկատմամբ լցվել էր անորոշ երկյուղով:
Մունեսը Ֆաեզեին ասաց.
-Քո՛ւյր, վե՛ր կաց: Վեր կաց, գնանք Քարաջ:
Ալիյեն գոռաց.
-Աստված սիրե՛ք, ի՛նձ էլ տարեք:
-Հետո, հետո,- պատասխանեց Մունեսը:
Մարդիկ լուռ ու մոլորված կանգնել էին: Աղջիկներն անցան նրանց միջով: Բացեցին դուռն ու անհետացան գիշերվա խավարի մեջ:
ԽԱՆՈՒՄ ՖԱՐՐՈԽԼԱՂԱ ՍԱԴՐԱԼԴԻՎԱՆ ԳՈԼՉԵՀՐԵ
Արդեն 52 տարեկան, բայց ինչպես միշտ գեղեցիկ ու խաղաղ Ֆարրոխլաղան նստած էր պատշգամբում՝ ամերիկյան թիկնաթոռին: Ճոճվում էր: Գարնան կեսերն էր, նարնջենու բույրը տարածվել էր տնով մեկ. երբեմն-երբեմն Ֆարրոխլաղան փակում էր աչքերն ու ողջ էությամբ հանձնվում բույրի ալիքին: Մտածում էր, որ եթե հայրը ողջ լիներ, հիմա հաստատ այգու մի անկյունում նստած՝ կփոխեր խորդենիների թաղարների հողը: Հայրը տասը տարի առաջ էր մահացել: Կարծես հենց երեկ լիներ: Մահանալուց երկու օր առաջ ասել էր. «Աղջի՛կս, հոգ տար ինքդ քեզ: Այս մարդու վրա հույս դնել չի լինի»: Ասել էր ու երկու օր անց մեռել: Ֆարրոխլաղան մի պահ մոռացավ ծաղկաբույրի մասին: Հոր մասին հիշողություններն այնքան զորեղ էին, որ ստվերում էին ամեն ինչ: Աջ ձեռքով ինքնաբերաբար ծածկեց երեսը: Ուզում էր իրենից հեռացնել մահվան հետ կապված հիշողությունները, քանի որ երբ դրանք գալիս էին, իրենց հետ վիշտ էին բերում:
Գոլչեհրեն սենյակում էր: Քանդակազարդ մեծ հայելու առաջ կապում էր փողկապը: Հայելին մասամբ արտացոլում էր այգին, պատշգամբը, ճոճաթոռը, որի վրա Ֆարրոխլաղան հանդարտ ճոճվում էր ու մտորում: Երկու րոպեի գործը Գոլչեհրեն կես ժամում էր անում՝ աչքի պոչով իմիջիայլոց հետևելով կնոջը: Նա խուսափում էր կնոջը դեմ-հանդիման մնալուց: Հենց հայտնվում էին դեմառդեմ, միայն թունոտ հայացք էր նետում կնոջ վրա: Դա ինքնաբերաբար էր ստացվում: Չգիտեր ինչու, բայց ամեն անգամ, երբ նայում էր կնոջ երեսին, սիրտը պայթում էր ոխից ու խանդից: Իսկ հեռվից, ինչպես հիմա՝ հայելու միջից նայելիս, սիրում էր կնոջն աշխարհում ամեն ինչից ու ամենքից շատ: Նրա դիմաց հայտնվելիս էր միայն արթնանում հին քենը: Երեսուն տարվա հին քենը:
Ֆարրոխլաղան ցանկանում էր ձգել մարմինը: Ակամայից լայն բացեց թևերը, պրկվեց աղեղի նման, ողջ մկանները ձգելով՝ հասավ բավականության: Հանկարծ հիշեց Վիվիեն Լիին՝ «Քամուց քշվածները» կինոնկարից: Մի դրվագում նա էլ էր այդպես ձգվում իր անկողնում: Վիվիեն Լիին մտաբերելիս միաժամանակ հիշում էր Ֆախրեդին Ազադին: Նրա հետ կապված առաջին հիշողությունը «Շահզադեի երեկույթ»-ն էր՝ Շեմիրանի այգում: Ֆախրեդինը նոր էր ժամանել Ամերիկայից: Իր հետ բերել էր ամերիկյան ֆիլմեր ու լուսանկարներ և ցույց էր տալիս հավաքվածներին: Նյու Յորքի նկարները, այն արտասովոր նկարները… Ֆարրոխլաղան հետագայում երեք անգամ եղավ Նյու Յորքում, բայց երբեք չկարողացավ տեսնել այն Նյու Յորքը, որը պատկերված էր լուսանկարներում: Մեղքը մտովի բարդեց Գոլչեհրեի վրա: Եթե կարողանար Ֆախրեդինի հետ գնալ, հաստատ կտեսներ այդ արտասովոր Նյու Յորքը: Սա այն մարդը չէր, որ կարողանար ցույց տալ քաղաքն այդպիսին: Բան ու գործը ժամը իննին հյուրանոցի սրահ իջնելն ու նախաճաշելն էր, ապա սրահից սենյակ տեղափոխվելը, որտեղ կծկվում էր բազկաթոռին, երբեմն նիրհում, մինչ կգար ուղեկցորդը և իրենց կտաներ կինո, ռեստորան կամ կաբարե:
Գոլչեհրեն վերջապես ավարտել էր փողկապ կապելը, հիմա էլ աննպատակ շրջում էր, որպեսզի հայելու առաջ անցկացնի օրը: Մտածեց՝ եթե սափրվի, կես ժամ էլ կկարողանա մնալ նույն տեղում: Մտավ լոգասենյակ, վերցրեց մի բաժակ տաք ջուր, քսուք ու վրձին և վերադարձավ: Սափրվում էր: Ֆարրոխլաղան համբերատար սպասում էր, որ Գոլչեհրեն վերջապես ավարտի գործերն ու տնից դուրս գա: Թոշակի անցնելուց հետո, իրականում, Գոլչեհրեն ամեն երեկո գնում էր զբոսանքի: Մեկ-երկու ժամ ինչ-որ սրճարանում թերթ էր կարդում, սուրճ էր ըմպում և վերադառնում: Կինն ամեն օր համբերատար սպասում էր նրա հեռանալուն, որ թևեր առնի և սկսի ճախրել: Երբ ամուսինը տանն էր, ոտք ու ձեռքը թուլանում էին: Ստիպված էր լինում կուչ գալ մի անկյունում: Անշարժության երեսուներկու տարվա փորձ ուներ: Սովոր էր լռությանը: Դա էր սերտել, բայց գիտեր, որ Գոլչեհրեի՝ տնից դուրս գալուն պես վերագտնելու է ուրախությունն ու շարժունակությունը: Անցյալում ուրախությունը շատ էր, որովհետև օրական առնվազն ութ ժամ Գոլչեհրեն տանը չէր: Թեև օրվա մեջ հանդիպում էին երկու անգամ՝ ճաշելիս և քնելիս, բայց կինն ավելի եռանդուն էր: Նույնիսկ երգում էր ժամանակ առ ժամանակ, սակայն թոշակից հետո այդ պարգևից էլ զրկվեց: Բավական չէր՝ ամուսինը մեծամասամբ տանն էր, բարկացնում էլ էր: Նույնիսկ մտքով չէր անցնում՝ ծաղկամանները տեղափոխի, վազերը մշակի, նորոգի սենյակի հայելին, որն ամբողջովին խարխլվել էր: Գիշերազգեստը մշտապես հագին՝ փռված էր մի անկյունում՝ կա՛մ բազմոցին, կա՛մ նստարանին, կա՛մ հատակին՝ առավել հաճախ քնած կամ գլուխը Ֆարրոխլաղայի գլխին հենած՝ անհամ ու դարն ապրած կատակներ անելիս:
Կինն ասաց.
-Կարող էիր լոգարանում սափրվել: Հիմա ամբողջ գորգը կթրջես:
Գոլչեհրեն թափահարում էր վրձինը ջրի մեջ, ու սիրտն ուրախությունից տրոփում էր:
-Խանո՛ւմ, սո՛ւս մնա:
Ֆարրոխլաղան կծեց շուրթը: Երեսը շրջեց բակի կողմը: Պատասխանելու տրամադրություն չուներ, թեև բառերը պտտվում էին ուղեղում պայթուցիկների պես ու պատրաստ էին ճայթելու: Բայց սսկվեց: Կրկին Ֆախրեդին Ազադին հիշեց: Այդպիսի պահերին միշտ հայտնվում էր նա ու դառնում փրկօղակ:
Այն օրը երեկոյան՝ առաջին հանդիպմանը, Ֆախրեդինն էր մոտեցել իրեն: Ֆարրոխլաղան կանգած էր եղել ակացիայի թփի մոտ, երբ Ֆախրեդինը հեռվից կանչել էր՝ Վիվիե՜ն Լի: Կինը շրջվել էր: Տղամարդը նայել էր նրան: Մինչ օրս հիշում էր տղամարդու առնական շուրթերը: Թեև հետագայում բազմիցս համբուրել էր դրանք, բայց առաջին հուշը…Այն հաստ շուրթերը՝ գերբնական ճնշմամբ, այն շուրթերը, որոնք ասես փակվում էին միայն սադափագույն ատամների փայլը քողարկելու համար: Հարցրել էր՝ ե՞ս:
-Դո՛ւք: Վիվիեն Լիի պստլիկ քույրիկ: Տարօրինակ է, այդքա՞ն էլ նման:
Կինը ցանկացել էր մորից ժառանգած սովորությամբ գլուխը թեքել դեպի ձախ ուսը և աչքի պոչով նայել նրան: Գիտեր՝ այդպես գեղեցիկ է: Բայց մինչ կհասցներ գլուխը թեքել, շփոթվել էր: Երկչոտ ճնճղուկի պես կուչ էր եկել, և բացվել էին Ֆարրոխլաղայի շուրթերը, որպեսզի ժպտան:
Ասել էր.
-Ֆարրո՛խ, հավատացե՛ք, օր օրի ավելի եք գեղեցկանում: Մի՞թե այդպես հնարավոր է:
Շփոթվածություն դեռ կար, բայց սթափվել էր: Կարողացել էր գլուխը մի կողմ թեքել, աչքի պոչով նայել ու ասել.
-Տասը տարի է, ինչ ինձ չեք տեսել:
-Չե՞մ տեսել, ինչպե՞ս չեմ տեսել:
-Բայց որտե՞ղ եք տեսել,- հարցրել էր կինը:
Ֆախրեդինը մի քանի անգամ ձեռքը թփթփացրել էր սրտին.
-Այստե՛ղ: Ինչո՞ւ ամուսնացար:
-Չպիտի՞ ամուսնանայի:
-Պիտի ամուսանայի՞ր:
Կինը շվարել էր: Այն ժամանակ, երբ նա մեկնում էր Ամերիկա, որևէ խոստում չէր տվել: Այն ժամանակ ընդամենը տասներեք տարեկան էր: Չէր հիշում՝ որևէ զգացմունք տածած լինի նրա նկատմամբ: Սակայն այդ օրը, այդ պահին մտածել էր՝ գուցե ինչ-որ բան եղե՞լ է: Ասել էր.
-Կյանք է, բոլորն էլ ամուսնանում են:
-Դո՞ւք էլ: Ինչպե՞ս կարող է նման գեղեցկության տերն ամուսնանալ: Դուք ընդհանրապես ամուսնանալու իրավունք չունեիք: Պիտի հնարավորություն տայիք, որ սովորական մահկանացուները հիանային ձեզնով:
Ֆարրոխլաղան ծիծաղել էր: Մանրիկ, միալար ծիծաղ էր՝ սրտի խորքից: Ծիծաղելի էր տղամարդու խոսելաոճը: Այդ չարաճճի ծիծաղը գուցե պիտի թևաթափ աներ տղամարդուն, բայց չէր արել: Ավելի էր մոտեցել:
-Միշտ երկնագույն զգեստ հագիր, այնքա՜ն է քեզ սազում,- ասել էր նա:
Այդ պահին նրանց արանքում բուսնել էր Գոլչեհրեն: Ֆախրեդինի ուսին էլ չէր հասնում: Նա չորս տարի տանջել էր Ֆարրոխլաղային իր բռնազբոս ժպիտով ու խորազնին հայացքով:
Ֆախրեդինն ասել էր.
-Տիկնոջը «Քամուց քշվածները» ֆիլմի մասին էի պատմում: Գալուցս մի քանի օր առաջ եմ դիտել: Նոր էին ցուցադրում: Չեք պատկերացնի՝ որքան դժվարությամբ եմ տոմս ճարել: Առավոտվա հինգից հերթ եմ կանգնել: Ասում էի, թե որքան նման է կինոյի հերոսուհուն՝ Վիվիեն Լիին:
-Տարօրինակ է,- ընդամենը արտաբերել էր Գոլչեհրեն:
Նրա ժպիտն այս անգամ հեգնախառը չէր: Արհամարհելի, խղճուկ ժպիտ էր: Այնքան արդար էր, որ գիտակցում էր Ֆախրեդինից ցածր լինելը:
-Ֆիլմը ցուցադրում են: Անպայման գնացեք, նայեք: Կինոարվեստի գլուխգործոցներից է: Մինչև օրս արտասահմանում նման ֆիլմ չեն նկարել,- ասել էր Ֆախրեդինը:
Երեկոյան վերադարձել էին հորեղբոր մեքենայով: Գոլչեհրեն, հարգելով հորեղբոր ներկայությունը, ողջ ճանապարհին լռել էր: Փողոցի սկզբնամասում հարգանքով հրաժեշտ էին տվել և սիգաճեմ քայլել դեպի տուն: Ֆարրոխլաղան ողջ ընթացքում մտածել էր, որ ամուսինը կքնի, իսկ ինքը որոշ ժամանակ կխորհի նախքան ննջելը: Գոլչեհրեն, սակայն, ամեն ինչ փչացրել էր: Փողոցից սկսել էր ծաղրել: Ծաղրել էր «մարդամեկի» անհեթեթ ֆիլմերը, անիծյալ լուսանկարները, այն ծիծաղելի գլխարկը, որ բերել էր, դրել բոլորի գլխին ու մեկ-մեկ նկարել. նույնիսկ վսեմ տիկնոջ… Ֆարրոխլաղան միայն զայրույթով ասել էր՝ սո՛ւս:
Այդ բառի միակ օգուտն այն էր եղել, որ Գոլչեհրեն փոխել էր խոսակցության թեման: «Մարդամեկին» թողել էր ու կպել կնոջ երկնագույն շրջազգեստին, թե շատ տգեղ է ու ոնց որ աղախին լինի: Որպես շարունակություն՝ գնացել, նկուղից ձմերուկ էր բերել ու գիշերվա ժամը երկուսին սկսել էր ուտել և զոռով, ստիպելով կերցրել էր նաև Ֆարրոխլաղային, որն այդ ողջ ընթացքում սպասում էր քնից առաջ իր կեսժամյա մտորումներին և հանդուրժում էր անհեթեթությունների այդ շարքը:
Ժամը երեքին ի վերջո մտել էր անկողին և, իհարկե, քնելուց առաջ ցանկացել, որ կինը կատարի իր ամուսնական պարտականությունը: Կինը դա էլ էր հանդուրժել: Դարձել էր ժամը չորսը, ու տղամարդը որոշել էր լողանալ, հետո նամազ անել: Մի բան, որ երբեմն անում էր:
Հենց այդ գիշերվանից Ֆարրոխլաղայի սիրտը լցվել էր ատելությամբ և մնացել ատելությամբ լի: Հարատև:
Գոլչեհրեն վերջացրել էր սափրվելը: Հիմա էլ խաղաղ հանդիսավորությամբ հավաքում էր իրերը: Ինքն էլ չգիտեր՝ ինչու էր այդ օրն այդքան մտմտում: Ասես մի բանի սպասելիս լիներ: Կարծես ինչ-որ իրադարձություն էր լինելու: Ի՞նչ իրադարձություն, ինքն էլ չգիտեր:
Հնչեց զանգը: Մոսայեբը մոտեցավ դռանը: Ֆարրոխլաղան հայացքը հառել էր Մոսայեբին. ցանկանում էր հնարավորինս շուտ իմանալ՝ ո՞վ է, և ինչո՞ւ է եկել: Գոլչեհրեն դուրս էր եկել պատշգամբ և կնոջից երկու քայլ հեռու կանգնել: Ֆարրոխլաղան մի պահ շրջվեց և նայեց նրան: Մի հայացքը բավական էր, որ երկուսն էլ վերապրեին ատելությունը: Գոլչեհրեն հանկարծ, առանց որևէ նախաբանի, ասաց.
-Մյուս ամիս հիսունմեկդ կլրանա: Արդեն կլիմաքսային տարիքի կին ես, Ֆարրո՛խ ջան:
Ֆարրոխլաղան լռելյայն նայեց նրան: Տղամարդու ժպիտը, ինչպես միշտ, խոցեց սիրտը: Ի վերջո ասաց.
-Լսի՛ր, եթե կարծում ես կատակելու գոնե մի կաթիլ տրամադրություն ունեմ, սխալվում ես:
-Չեմ կատակում, ջանի՛կս: Կլիմաքսը կատակի թեմա չէ:
Ֆարրոխլաղան խորը շունչ քաշեց ու հայացքը կրկին հառեց դռանը: Լրագրավաճառն էր: Մոսայեբը վերադարձավ օրաթերթը ձեռքին և հենց բակից այն դրեց Ֆարրոխլաղայի ոտքերի առաջ: Հետո ասաց՝ գնում է Քարաջ ուրբաթ օրվա հյուրընկալության համար Նասրոլլահ խանից միս գնելու:
-Երանի, մենք էլ Քարաջում մի այգի ունենայինք,- ասաց Ֆարրոխլաղան:
-Կարծում ես դաշտանադադարից հետո մեջդ էդքան սիրտ ու հոտառություն է մնացել, որ այգուց էլ հաճո՞ւյք ստանաս,- պատասխանեց Գոլչեհրեն:
Ֆարրոխլաղան, օրաթերթի առաջին էջին նայելով, ասաց.
– Այս տարիքում… Հարյուր տարեկան ես դարձել ու այսպիսի կատակնե՞ր ես անում:
-Թեկուզև հարյուր տարեկան: Բայց բարձրաշխարհիկ խանում ունենալն է՛լ ձեռք չի տալիս:
-Է՜հ, գնա մի աղախին գտիր: Բնավորությունդ, ընդհանրապես, զզվելի է,- նետեց Ֆարրոխլաղան և անտարբեր՝ սկսեց թերթ կարդալ:
Գոլչեհրեն խլեց օրաթերթը: Կինը հայացքը կրկին այգուն հառեց: Մոսայեբը հագել էր պիջակն ու կոշիկները և գնում էր դեպի դուռը: Ջրավազանի մոտ հարցրեց.
- Ուրիշ բան ուզո՞ւմ եք:
- Եթե կանաչ նուշ հանդիպի, ա՛ռ,- ասաց կինը:
Մոսայեբն առանց պատասխանելու ուղղվեց դեպի դուռը: Գոլչեհրեն նստել էր բաց պատուհանագոգին և թերթում էր լրագիրը: Ֆարրոխլաղան մտածեց. «Աստվա՛ծ իմ, ինչո՞ւ չի գնում»: Ցանկանում էր շարունակել երազելը: Հիշել էր այն օրը, երբ պիտի գնային Ֆախրեդինի ամերիկացի կնոջ հետ ծանոթանալու: Ամուսնուց վեց ամիս անց ժամանել էր կինը՝ երկու տղաների՝ Թեդիի և Ջիմիի հետ: Այդ պահին որքա՜ն տարօրինակ էին թվացել այդ անունները: Չէր մոռանում այդ օրը: Որքա՜ն էր հուզվել: Գանգրացրել էր մազերը, երկնագույն ծաղիկներով ճերմակ զգեստ էր հագել, ու Գոլչեհրեի քմծիծաղի ներքո՝ քսել էր դիմափոշի, շրթներկ և ուսերին էր թափել խոպոպները: Բավական ժամանակ էր ծախսել թանկարժեք զուգագուլպայի գիծն ուղղելու համար: Վերջին ակնթարթին պտտվել էր հայելու առաջ: Ամեն ինչ հիասքանչ էր: Մինչ այդ կնոջը չէր տեսել: Ամերիկուհու ընդհանրապես չէր հանդիպել: Այնուամենայնիվ, դիտել էր «Քամուց քշվածները» և երկար ժամանակ իրեն համեմատել Վիվիեն Լիի հետ: Իրեն չէր ստորադասել, սակայն նմանություն էլ չէր գտել: Բայց եթե տղան ասել էր կա նմանություն, ուրեմն կար:
Գնացել էին Սարեմ Միրզայենց տուն: Նրանք առայժմ այնտեղ էին բնակվում, մինչև իրենց առանձնատունը պատրաստ կլիներ այգու հյուսիսային հատվածում: Ամերիկուհին կանգնած էր կամարակապ մեծ հյուրասենյակի դիմաց և բոլորին ողջունում էր ձեռքսեղմումով: Ոչ մեկի հետ չէր կարողանում հաղորդակցվել: Միայն ժպտում էր: Նա մի կին էր՝ անսահման բոյով, խարտյաշ մազերով, ցցուն երակներով պատված ձեռքերով՝ լի բծերով: Ակնաբիբերն այնքան բաց երանգ ունեին, որ կարելի է ասել անգույն էին: Լա՛վ, ուշադիր նայելիս՝ երկնագույն էին: Սակայն չափազանց բաց երկնագույն: Այնուամենայնիվ, երկնագույն էին: Ֆախրեդինը, կարծես, սիրում էր այդ գույնը: Ֆարրոխլաղան սեղմել էր նրա ձեռքն ու ներս մտել: Առջևում մեծ հայելի կար: Կանգնել էր, որ իրեն զննի: Որոշ ժամանակ անքթիթ նայել էր իր սև աչքերին և զգեստի ծավի ծաղիկներին: Հետո հայելու մեջ արտացոլվել էր Ֆախրեդինի կերպարը, և հենց այդպես, առանց շրջվելու, կինը հարցրել էր. «Ինչո՞ւ ամուսնացար»: Հարցն ուղղել էր նույնպիսի պարզությամբ, ինչպես իրեն՝ ժամանակին: Բայց ինչպիսի՜ ազդեցություն էր թողել: Տղամարդը հայելու միջից հափշտակված նայել էր նրան: Ֆարրոխլաղային թվացել էր, թե նա գունատվել է: Ասել էր. «Որքա՜ն է Ձեզ սազում երկնագույն ծաղիկներով ճերմակ զգեստը»: Հետո հապշտապ հեռացել էր, մոտեցել կնոջը, բայց երեկույթին, ողջ երեկույթին, նրանք անսպասելի հայտնվել էին կողք կողքի:Ասես մի ուժ ձգում էր նրանց:
Տարիներ անց Շահզադեի այգում՝ լուսնյակի ցոլքերի ներքո, կատարվածի մասին պատմել էր Ադելա Ռաֆաթին: Ադելան լավ կին էր: Փորձել էր եղելությունը հասկանալ: Բռնել էր սիրո կողմը: Պարսավել էր Գոլչեհրեի պահվածքը: Այդ ժամանակ Ֆարրոխլաղայի մեծ աղջիկը քայլում էր այգում՝ Ադելայի տղայի հետ: Շշուկներ էին պտտվում, և Ֆարրոխլաղան էլ գիտեր Ադելայի պատմությունը: Իր հետ կատարվածի մասին այնպես էր պատմել, որ կինն էլ էր անկեղծացել: Ադելան արտասվելով պատմել էր շատ բան: Երկու կանայք չափազանց մտերմացել էին: Ֆարրոխլաղան ասել էր. «Ութ տարի տևեց: Ութ հրաշալի տարի»: «Փաստորեն, պատերազմի տարիներին դու սիրահարված ես եղել: Երանի քեզ»,-պատասխանել էր Ադելան: Ֆարրոխլաղան ձեռքերը տարել էր գլխի հետևը: Հորանջել էր ուզում: «Պատերազմի ութ տարի»,- բարձրաձայն ասել էր նա:
Գոլչեհրեն առանց պատճառի բարկացավ: Հանկարծ հարցրեց.
-Կլիմաքսի ժամանակ կնոջ զգացմունքնե՞րն էլ են փոխվում:
-Չգիտե՛մ,- պատասխանեց Ֆարրոխլաղան:
-Կարծես հենց էդպես է: Գուցե այդ պատճառով էլ տղամարդուն իրավունք են տվել՝ մի քանի կին առնի և շարունակ ստիպված չլինի իր անկողնում ամլացածի հանդուրժի:
-Գուցե:
Գոլչեհրեն մտածում էր այն կնոջ մասին, որ ստիպված էր հանդուրժել Ֆարրոխլաղա անունը: Պատերազմի տարիներին էր: Մի լեհուհի էր նա, ով պարսկերեն չգիտեր: Գոլչեհրեն նրան անվանում էր Ֆարրոխլաղա, կինը ծիծաղում էր: Չէր կարողանում այդ անունը ճիշտ արտաբերել: Անունը նրան զավեշտալի էր թվում: Երբ պատերազմն ավարտվել էր, կինն ասել էր՝ Ֆարրոխլաղան վերադառնում է Եվրոպա, և ծիծաղել էր: Հաջորդ շաբաթ նրա դուռն այլևս բաց չէր եղել:
Գոլչեհրեն ասաց.
-Եթե նորից ամուսնանամ, դու շա՜տ կբարկանաս:
Ֆարրոխլաղան չպատասխանեց: Դարձյալ այգուն էր նայում: Հիշեց Ֆախրեդինի վերջին հայացքը: Նրա տանն էին: Դուռը կողպված էր, վարագույրները՝ գոց: Սենյակում մութ էր: Ֆախրեդինի աչքերը փայլում էին մթության մեջ: Ասել էր. «Պիտի գնամ: Պիտի գնամ, երեխաներիս տեր կանգնեմ»: Ֆարրոխլաղան արտասվել էր: Ֆախրեդինն ասել էր. «Կվերադառնամ: Խոստանում եմ»: Պատերազմի ավարտից հետո ամերիկուհին Թեդիի ու Ջիմիի հետ վերադարձել էր հայրենիք: Վերադարձել էր՝ խելագարության շեմին հասած: Սկզբում՝ մի հյուրասիրության ժամանակ, բղավել էր՝ դուք բոլորդ խելագար եք: Դա գուցե վիսկիի հետևանքն էր: Կամ կնոջ համբերությունն իրոք սպառվել էր: Տասն օր անց նա բռնել էր երեխաների ձեռքն ու հեռացել:
Ֆարրոխլաղայի սիրտը հուշում էր՝ Ֆախրեդինն այլևս չի վերադառնա: Եվ չվերադարձավ: Հինգ ամիս անց մահացավ ավտովթարից: Ֆարրոխլաղան մնացել էր ինքն իր, ջրավազանի ու Գոլչեհրեի հետ: Երեխաներ էլ ունեին: Բայց նրանք իրենց կյանքով էին ապրում: Այնքան արագ մեծացան ու հեռացան, որ կարծես բնավ չէին էլ ծնվել, որ հիմա էլ լինեին:
Գոլչեհրեն ավարտել էր կարդալը, ծալել էր օրաթերթը, դրել թևի տակ: Սպասում էր՝ կինը թերթն ուզի, որ դաշտանադադարի մասին էլի մի բան ասի: Իրականում, երեք օր էր, որ հայտնագործել էր այդ բառը, և զգում էր՝ կինն ինչպես է տառապում դրանից: Կինը, սակայն, լուռ էր: Գոլչեհրեի նյարդերը տեղի էին տալիս: Ի վերջո, հարցրեց.
-Չե՞ս ուզում թերթը:
Կինն անձայն մեկնեց ձեռքը: Գոլչեհրեն տվեց այն: Կինը վերցրեց թերթը, ապա՝ ծխախոտը ոտքերի առջևից, և վառեց:
-Չպիտի ծխես: Դու այս տարիքում, էդ կլիմաքսի հետ, բոլորովին հալից կընկնես,- ասաց Գոլչեհրեն:
-Ինչո՞ւ չես գնում մի քիչ զբոսնես: Ամեն օր գնում էիր, չէ՞:
-Գուցե չեմ ուզում էսօր գնալ:
Կինը փոշմանեց հարցի համար: Համոզված էր՝ եթե գլխի ընկնի, որ իր գնալով ինքն ուրախանում է, այլևս չի գնա:
Ասաց.
-Ճի՛շտ ես: Ավելի լավ է՝ մնա:
-Հիմա կգնամ,- վրա բերեց Գոլչեհրեն:
Վեր կացավ: Չգիտեր՝ ինչու պիտի մնա: Սրտին վկայել էր՝ բան է պատահելու: Ակամա եկավ, կնոջ առջև կանգնեց: Մի ակնթարթ մտքով անցավ, որ գուցե երեսուներկու տարիներից հետո այլևս կարիք չկա, որ ինքը քմծիծաղով չափի կնոջը: Իրականում գիտեր՝ այդ ժպիտի պատճառով է իր ու նրա միջև պատնեշ առաջացել: Գիտեր նաև, որ եթե այդպես չժպտա, որ եթե այդպես ժպտացած չլիներ, հաստատ կնոջ համար մեռած կլիներ: Գիտեր՝ կինը երբեք չպիտի գուշակի, թե տղամարդու համար որքան ցանկալի է հիմա և անցյալում: Բայց այժմ անսպասելի մի ցանկություն էր մեջն առաջացել: Ուզում էր գոնե մեկ անգամ իր կնոջն էլ նայել այնպես, ինչպես լեհուհուն էր նայել՝ նրան Ֆարրոխլաղա անվանելիս: Իրոք, կինը հիմա կլիմաքսի տարիքում էր: Աչքերի մեջ այլևս չկար վաղեմի ըմբոստությունը: Այլևս գիշերները չէր ընկնում երազների գիրկը: Շուտ էր քնում: Նույնիսկ երբեմն-երբեմն խռռացնում էր: Այժմ գուցե կարելի էր նրան նայել բնական հայացքով՝ առանց հեգնանքի:
Գոլչեհրեն եկավ, կանգնեց Ֆարրոխլաղայի դիմաց՝ թիկունքով դեպի աստիճանները: Շշնջաց.
-Ֆարրոխլաղա ջա՜ն:
Կինը դողաց: Երբևէ իրեն այդպես չէր դիմել: Միշտ ասել էր Ֆարրոխ, հետն էլ՝ հեգնախառը ժպտացել: Կինը բարձրացրեց գլուխը: Ամուսնու աչքերում ծաղր չկար: Սիրով էր նայում: Ֆարրոխլաղան սաստիկ վախեցավ: Վստահ էր՝ ամուսնու մտքին մի բան կար: Մտածեց՝ գուցե ուզում է սպանի՞: Հավանաբար արթուն էր միայն բնազդը: Բռունցքով ուժգին հարվածեց Գոլչեհրեի փորին: Գոլչեհրեի փորը փուտ էր: Հարվածին դիմակայելու կարողություն չուներ: Կարծես հարմար դիրքով էլ կանգնած չէր: Ձախ ոտքը սայթաքեց: Ցանկանում էր ոտքի դիրքը փոխել, հավասարակշռությունը կորցրեց և գլխիվայր գլորվեց աստիճաններով: Ֆարրոխլաղան որոշ ժամանակ կանգնել էր աթոռի մոտ: Չէր համարձակվում ներքև նայել: Տղամարդու ձայնը դուրս չէր գալիս:
Երեք ամիս էր անցել: Նստած էր աթոռին: Սևազգեստ էր: Ջլատված: Տունն էլ այլևս չէր սիրում: Մոսայեբը անշարժ գույքի գործակալության տնօրենի՝ պարոն Օսթովարիի առաջարկն էր հայտնում՝ եթե հարգարժան տիկինը ցանկանա տունը վաճառել, Օսթովարիին թող չմոռանա: Ֆարրոխլաղան, առանց երկար-բարակ մտածելու, Մոսայեբին ասաց՝ Օսթովարիին փոխանցի, որ տունը կվաճառի միայն Քարաջում այգի գտնելու և գնելու պայմանով:
Օսթովարին սկսել էր այգու որոնումը:
Գտել էին այգին՝ կանա՜չ-կանա՜չ՝ գետեզրին:
Խանում Ֆարրոխլաղա Սադրալդիվան Գոլչեհրեն գնեց այգին, վաճառեց տունը և որոշեց իրերը տեղափոխել Քարաջ:
ԶԱՌԻՆՔՈԼԱՀ
Զառինքոլահը քսանվեցամյա մարմնավաճառ էր: «Շահր-ե նո»[3]-ում էր աշխատում՝ Ոսկի Աքրամի մոտ: Աքրամը յոթ ոսկե ատամ ուներ: Այդ պատճառով էլ շատերը նրան անվանում էին Յոթի Աքրամ: Զառինքոլահը մանկուց էր այդտեղ: Առաջին տարիներին օրական երեք-չորս հաճախորդ էր ունենում: Քսանվեց տարեկանում դրանց թիվը հասավ քսանի, երբեմն՝ քսանհինգի, երբեմն էլ՝ երեսունի:
Զառինքոլահը հոգնել էր գործի ծանրությունից: Մի քանի անգամ գանգատվել էր Աքրամին: Նախ պատասխանը եղել էր գոռգոռոցը, հետո մեկ անգամ ծեծ էր կերել ու սսկվել:
Զառինքոլահն աշխույժ կին էր: Միշտ էր այդպիսին եղել, թե՛ այն ժամանակ, երբ երեք-չորս հաճախորդ ուներ, թե՛ հիմա, երբ ընդունում էր մինչև երեսուն հոգու: Միշտ էր աշխույժ եղել: Նույնիսկ գանգատներն էին համեմված հումորով: Կանայք բոլորն էլ սիրում էին նրան: Կեսօրին, երբ միասին ճաշում էին, Զառինքոլահն սկսում էր կատակել, կոտրատվում էր սեղանի շուրջն ու պար գալիս, և կանայք ծիծաղից ուշաթափվում էին:
Մի քանի անգամ ցանկացել էր հեռանալ: Կանայք թույլ չէին տվել: Ասում էին՝ եթե Զառինը գնա, տունը կլցվի լռությամբ: Գուցեև հենց կանայք էլ հրահրել էին, որ Յոթի Աքրամը Զառինին ծեծի: Զառինքոլահն իրականում հեռանալու մտադրություն չուներ, որովհետև եթե հեռանար էլ, ուղիղ գնալու էր մեկ այլ հասարակաց տուն: Մի անգամ՝ տասնինը տարեկանում, գնալու հնարավորություն էր եղել. փեսացու էր ճարել: Հավակնոտ բանվոր էր, որ երազում էր շինարար դառնալ և գործունյա կնոջ կարիք ուներ: Դժբախտաբար մինչ կհասցնեին որոշում կայացնել, տղայի գլուխը բահով երկու կես արեցին վեճի ժամանակ: Ինչքան էլ բողոքեր, մեկ է՝ հարմարվել էր ճակատագրին: Սակայն արդեն վեց ամիս էր՝ գլխի հետ ինչ-որ բան էր կատարվում: Ամեն ինչ սկսվեց մի շաբաթ օր. առավոտյան քնից արթնացավ, ջուր խմեց և պատրաստվում էր նախաճաշել, երբ հանկարծ Յոթի Աքրամը կանչեց.
-Զառի՜, հաճախորդ է եկել, շտապում է:
Սովորաբար առավոտները այցելուներ քիչ էին լինում: Շատ քիչ: Չհաշված նրանք, ովքեր գիշերը մնում էին, և առավոտյան տռփանքը կրկին զարթնում էր նրանց մեջ: Այդ օրն առավոտյան Զառինքոլահը մտածեց. «Լա՛վ, ջհանդամ թե չի եկել»: Ուզում էր մտքով անցածը բարձրաձայնել, երբ Յոթի Աքրամն իրենից առաջ ընկավ.
-Զա՛ռի, քեզ հետ եմ, հաճախորդ ունես:
Զառինքոլահը նախաճաշելու հաճույքից հրաժարվեց, կամ ժամանակավորապես հրաժարվեց: Բարկացած վերադարձավ իր սենյակ, պառկեց մահճակալին ու ոտքերը չռեց: Այցելուն եկավ: Տղամարդը գլուխ չուներ: Զառինքոլահը նույնիսկ ճչալու համարձակություն չունեցավ: Հաճախորդն արեց իր գործն ու գնաց:
Այդուհետև բոլոր հաճախորդներն անգլուխ էին: Զառինքոլահը չէր համարձակվում որևէ մեկի հետ խոսել այդ մասին: Հավանաբար ասելու էին՝ խելքը թռցրել է: Գիտեր մի կնոջ, որը խելագարվել էր, և ամեն իրիկուն՝ ժամը ութին, աղաղակել: Այդ ժամանակահատվածը չար ոգիների գրոհի ժամն էր: Նրա պատճառով հաճախորդներ էին կորցրել և տնից վռնդել էին կնոջը:
Որպեսզի մոլագար կնոջ նման չբղավի, Զառինքոլահը որոշեց ամեն օր ժամը ութին երգել: Վեց ամիս էր՝ երգում էր: Բղավոցներն էին երգ դառնում: Ցավոք, խռպոտ, տհաճ ձայն ուներ: Կանանցից մեկն ասել էր. «Տնաշե՛ն, լրիվ բաղաձայն ես: Ախր, գլուխներս տարար»: Դրանից հետո ամեն իրիկուն Զառինքոլահը գնում, իջնում էր աղբյուրի մոտ, այնտեղ մոտ կես ժամ երգում և վերադառնում էր: Աքրամը չտեսնելու էր տալիս: Այնուհանդերձ, կինը սպասարկում էր մինչև երեսուն հոգու և աշխույժ էլ էր: Միշտ էր այդպիսին եղել:
Հետո նոր աղջիկ բերեցին: Տասնհինգ տարեկան էր և անչափ ամաչկոտ: Զառինքոլահը մի օր նրան իր սենյակ տարավ ու ասաց.
-Աղջի՛կս, մի բան պիտի ասեմ քեզ: Պիտի մեկի հետ կիսվեմ: Վախենում եմ վերջը խելագարվեմ: Մի գաղտնիք ունեմ մեջս, որ կրծում է հոգիս:
-Անշուշտ, մարդը պիտի կիսվի իր գաղտնիքներով: Տատս ասում էր. «Իմամ Ալին, երբ չէր կարողացել մարդկանց հետ խոսել, գլուխը կախել էր ջրհորի վրա ու սրտի դարդը պատմել էր ջրերին»:
-Հա՛, հենց էդպես է: Ես էլ քեզ եմ պատմում: Բոլորն աչքիս անգլուխ են երևում: Այսինքն կանայք՝չէ՛, տղամարդիկ: Նրանք բոլորն անգլուխ են: Գլուխ չունեն:
Աղջիկն ամոթխածորեն լսում էր: Հարցրեց.
-Իսկապես բոլորն անգլո՞ւխ են:
-Հա՛,- պատասխանեց Զառինքոլահը:
-Գուցե իրականում գլուխ չունե՞ն:
-Եթե իրականում գլուխ չունենային, մյուս կանայք էլ դա կնկատեին:
-Ճիշտ եք ասում: Բայց հնարավոր է, իրենք էլ են անգլուխ տեսնում, սակայն չեն համարձակվում դրա մասին պատմել, ինչպես Դուք:
Որոշեցին՝ երբ Զառինքոլահն անգլուխ տղամարդ տեսնի, աղջկան ցույց կտա, իսկ եթե աղջիկն անգլուխ տղամարդ տեսնի, Զառինքոլահին ցույց կտա:
Զառինքոլահի աչքին բոլոր տղամարդիկ անգլուխ էին երևում, աղջկա աչքին՝ գլխով: Հաջորդ օրն աղջիկն ասաց.
-Զառինքոլա՛հ, պիտի աղոթեք, մատաղ անեք: Գուցե էդ ժամանակ կարողանաք տղամարդկանց գլուխները տեսնել:
Զառինքոլահը Յոթի Աքրամից երկօրյա արձակուրդ խնդրեց: Վեր կացավ, գնաց թաղի բաղնիքներից մեկը: Սովորականի նման ընդհանուր սրահ չգնաց, որպեսզի խոսք ու զրույցի չբռնվի: Ընտրեց առանձին համար: Քիսաչի վարձեց: Ոտքից գլուխ լվաց իրեն: Պատվիրեց, որ երեք անգամ քիսայի: Քիսաչին շունչը փչում էր: Զառինքոլահի մարմնի բոլոր ծակոտիներից արյուն էր հոսում: Բայց էլի չէր ընդունում, որ նամազի համար բավականաչափ մաքուր է: Քիսաչին ի վերջո սկսեց լաց լինել: Ասաց.
-Խե՛ղճ կին, ոնց որ խելագարվում ես:
Զառինքոլահը լավ վճարել էր քիսաչիին, որ իր գաղտնիքը ոչ ոքի չասի և խնդրել էր՝ իրեն ծիսական լվացում անել սովորեցնի: Քիսաչին սովորեցրել էր:
Երբ քիսաչին գնաց, Զառինքոլահը ծիսական լվացում արեց: Տասնհինգ անգամ լվացվեց: Ճիլոպի շփումից ողջ մարմինը կարմրել էր: Հիմա էլ ցանկանում էր հագնվել և Շահ Աբդուլ-Ազիմ[4] գնալ: Հանկարծ մեջը երկրպագություն անելու ցանկություն էր առաջացել: Որոշեց՝ հենց այդպես մերկ էլ նամազ անի: Նամազ անել չգիտեր: Մտածեց՝ ինչ մի դժվար բան է: Եթե Ալին այնքան վշտացած է եղել, որ անապատում վիշտը ջրհորին է պատմել, ուրեմն ինքն էլ Ալիին կդիմի.
-Ալի՛, Ալի՛, Ալի՛, Ալի՛, Ալի՛, Ալի՛, Ալի՛, Ալի՛, Ալի՛…
Կանչելիս փղձկաց: Հեծկլտում էր ու կանչում Ալիին: Դուռը թակեցին: Դուռը բախեցին: Էքստազից դուրս էր եկել: Մոտեցավ դռանն ու արտասվելով հարցրեց՝ ո՞վ է: Բաղնիսպանն էր: Ասաց՝ ուզում է բաղնիքը փակել: Զառինքոլահը հագավ մաքուր հագուստը, իսկ կեղտոտը թողեց բաղնիսպանին: Դուրս եկավ և ոտքով գնաց Շահ Աբդուլ-Ազիմ: Մութն ընկել էր, Էմամզադեի դուռը փակ էր: Նստեց բակում: Լուսնկա էր, լուսնի ցոլքերի ներքո՝ բակը մի պատառ: Զառինքոլահը լուռ արտասվում էր: Երբ առավոտյան բացեցին Էմամզադեի դռները, Զառինքոլահն այլևս չէր տեսնում: Կոպերն ուռել էին, և աչքերը կորել էին դիմախորշում:
Զառինքոլահը չմտավ Էմամզադե: Այլևս չէր էլ լացում: Անսահման թեթևություն էր զգում: Ծղոտի նման: Ճամփա ընկավ: Մի խանութում հարիսա կերավ: Խանութպանից հարցրեց.
-Եթե մարդն ուզենա էս տոթին մի բաժակ պաղ ջուր խմի, ո՞ւր պիտի գնա:
Խանութպանը, որ կարեկցանքով էր նայում Զառինքոլահի ուռած աչքերին, պատասխանեց.
– Երևի Քարաջ:
Նրա դեմքից այլևս չէր երևում, որ մի ժամանակ «խանում» է եղել: Դարձել էր փոքրիկ կին՝ քսանվեցամյա, սիրտը՝ ծովի պես:
Գնաց Քարաջ:
ԵՐԿՈՒ ԱՂՋԻԿ՝ ՄԱՅՐՈՒՂՈՒՄ
Արևամուտ էր: Քարաջի մայրուղով երկու աղջիկ էին քայլում: Երկուսն էլ չադրայով էին: Մեկը քսանութ տարեկան էր, մյուսը՝ երեսունութ: Երկուսն էլ կույս էին: Տասնութերերոդ կիլոմետրին՝ երեսուն քայլ նրանցից հեռու, արգելակեց մի բեռնատար: Մեքենայի մեջ երեք հոգի էին: Վարորդն ու օգնականը հարբած էին: Ուղևորը սթափ էր և ստիպված էր եղել ժամանակ առ ժամանակ ղեկն աջ կամ ձախ թեքել, որպեսզի վթարի չենթարկվեն: Ի վերջո գերադասել էր լուռ նստել և իրեն հանձնել բախտի քմահաճույքին:
Վարորդը կանգնեցրեց մեքենան, շրջվեց, նշան արեց օգնականին: Առանց բառ փոխանակելու երկուսն էլ իջան և ուղղվեցին դեպի կանայք: Ուղևորը, որ սուսուփուս նստած էր, օգտվելով առիթից՝ ծխախոտ վառեց: Տղամարդիկ մոտեցան, կանգնեցին աղջիկների դիմաց: Վարորդը հարցրեց.
-Աղջիկնե՛ր, ո՞ւր եք գնում:
Աղջիկը, որը երեսունութ տարեկան էր և անունն էլ Ֆաեզե էր, պատասխանեց.
-Գնում ենք Քարաջ՝ մեր հացը մեր քրտինքով վաստակելու, տղամարդկանց շառից էլ հեռու մնալու:
Վարորդը քահ-քահ ծիծաղեց: Ասաց՝ հը՞, ջանի՛կ, հետո ձեռքը գցեց աղջկա չադրային և քաշեց: Նա, ով մնաց առանց գլխաշորի, գոռաց.
-Վա՜յ, ամա՜ն, օգնեցե՛ք, օգնեցե՛ք:
Տղամարդիկ հարձակվեցին աղջիկների վրա: Պայքարը կարճ տևեց: Ի վերջո աղջիկները հանձնվեցին: Նա, որի անունը Ֆաեզե էր, գոռաց ու օգնություն կանչեց այնքան, մինչև վարորդը ձեռքը դրեց նրա բերանին: Մյուս աղջիկը՝ Մունեսը, լուռ էր և սուսուփուս հանդուրժեց այն, ինչ տեղի ունեցավ: Այդ ամենը տևեց քառորդ ժամից էլ պակաս: Տղամարդիկ վեր կացան և քանի որ պարզ էր՝ օգնության եկող չկար, անշտապ թափ տվեցին իրենց ձեռք ու ոտքի փոշին: Աղջիկներն ընկած էին գետնին: Նա, որի անունը Ֆաեզե էր, լացում էր ու ասում.
-Աստված մեր վրեժը ձեզնից կառնի:
Տղամարդիկ ավարտեցին փոշին թափ տալը: Վարորդի օգնականը կարծես գոհ չէր: Մրթմրթաց.
-Սա փուտ էր, Իսմայի՛լ աղա:
-Քո բաժինն էդ էր, տղա՛,-պատասխանեց Իսմայիլը,- էս մեկը լավ էլ կուլտուրական էր, այսինքն ինձ նման ազնվական, էլի:
Երկուսն էլ ծիծաղեցին: Շնորհակալություն հայտնեցին աղջիկներին և մոտեցան բեռնատարին: Վարորդը նստեց իր տեղը, օգնականը՝ իր: Վարորդը գործի գցեց շարժիչը: Ուղևորը հարցրեց,
-Բա՞ն է պատահել:
-Իզուր ես քիթդ խոթում,- վրա տվեց վարորդը:
-Կներե՛ք, մտածեցի՝ բան է պատահել,- պատասխանեց ուղևորը:
-Ի՞նչ գործի ես: Ոստիկա՞ն ես:
-Պարտիզպան եմ: Մարդիկ անունս դրել են բարի-բարի այգեպան:
Վարորդը ծիծաղեց: Ասաց.
-Բարի- բարի այգեպան, հողն էինք ոռոգում:
Վարորդն էլ, օգնականն էլ հռհռացին: Այնքան հռհռացին, որ վարորդը ձեռքից բաց թողեց մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով բեռնատարը երկու անգամ պտտվեց իր շուրջը, հետո բախումից խուսափելու համար շրջանցեց դիմացից եկող մերսեդեսին և սլացավ ուղիղ դեպի ճամփեզրի պուրակը: Առաջին ծառը մատղաշ էր, կոտրվեց: Երկրորդ ծառին բախվելով՝ բեռնատարը կողաշրջվեց: Օգնականի կողմի դուռը բացվեց, և մինչ մեքենան կշրջվեր, տղամարդը ենթագիտակցորեն դուրս սահեց: Վարորդը դիմապակուց թռավ օդ: Քանի որ ծանր էր, փշրեց ապակին, և նույն ճանապարհով դուրս թռավ նաև ուղևորն ու փափուկ վայրէջք կատարեց տասը քայլ հեռու՝ դարմանախառն թաց կավի վրա, որ հունցել էին շինարարական աշխատանքի համար: Վարորդը հասել էր էլեկտրալարերին և ամուր կախվել լարից: Հիմա նրբորեն պար էր գալիս օդում, ինչը, կարելի է ասել, վատ չէր: Օգնականը բաց էր թողել փոքր-ինչ վայնասուն անելու հնարավորությունը և մինչև վիզը մխրճվել բեռնատարի ծանր կմախքի տակ. նույնիսկ աչքերն էին փակ:
Ուղևորը թափ էր տալիս վրայի կավը և մերթընդմերթ դիերին նայելով՝ ասում.
-Փա՛ռք Տիրոջը:
Ի վերջո հասկացավ, որ ջանքերն ապարդյուն են, և կավի շերտերից ազատվելու համար պիտի բաղնիք գնա ու զգեստափոխվի: Հետո գտավ կոշիկի աջ զույգը: Հագավ ու սիգաճեմ ճամփա ընկավ դեպի Քարաջ:
(շարունակելի)
1978 թվական, ամառ, Փարիզ
Ամփոփում և խմբագրում՝ 1989 թվական, գարուն, Թեհրան
[1] Մահվան հրեշտակը:
[2] Ուխտատեղի:
[3] Թարգմանաբար՝ Նոր քաղաք:
[4] Ուխտատեղի Թեհրանում:
