Հովհաննես Սարդարյան, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

Արմինան ու Հեմինգուեյը միշտ մեզ հետ են

(մրցույթին ներկայացված պատմվածքները չեն խմբագրվում և չեն սրբագրվում )

Խորեն Գասպարյանին՝ ավելի մեծ վարպետին
(ընծայում` Թոմաս Էլիոթի հանգույն)

      Նամակը կնոջը  գերեզման էր իջեցնելու,  Վարուժան որդուն՝ գրական աշխարհի հորձանուտը նետեր․․․  Հոր նամակը ստանալու օրը մի գիշերում մոր տառապանքից գրող դարձած Վարուժանը, հետագայում հոր հրավերով  Ամերիկայում լինելով, Ամերիկա ընկած հայի իրական վերաբերմունքն առ սեփական հայրենիք, դեպի իրեն սրտատրոփ սպասող կին ու երեխա սեփական հոր ու նրա ակումբակիցների  օրինակով տեսնելով, հոր ճակատագիրը՝ ակումբակիցների, իրենն էլ հայրերին սպասող զավակների ճակատագրին ակամա զուգորդելով՝ դեռ այն օրերին էր հասկացել, որ հայրենիքի գոյության կռիվն ու խաչը հայրենիքում ապրողինն է, իսկ մեր հայրենիքում նապրողների զգալի մասի «մի ոտը փախի է»,-ինչպես ժողովուրդն է սիրում ասել։ Ու  ծննդյան տոնին հայրական ու պապական, Հայրենի Տան ճոխ սեղանի շուրջ դատարկ աթոռներն ավելի շատ են, քան զբաղվածները։

Թվում է՝ այսպես շատերի հետ կարող է պատահել: Վարուժանը միակը չէ, ում համբերությունը չարաշահել, ում պարզապես հուսախաբել են։ Բայց քանզի մարդիկ երջանիկ են միանման, դժբախտ՝ յուրովի, ապա «յարեն յարատիրոջն է ցավ տալիս», ինչպես ամենքի յարը՝ հենց միայն իրեն։ Խորհուրդ-խրատը, որ կողքի սթափ միտքը, աչք ու ականջը տալիս են կույր սիրով տարվածին,  որպես կանոն՝ միշտ ուշացած է ու անարդյունք, քանզի ամենքն իրեն ու իր սերը բացառիկ է համարում, իրեն էլ այն երջանիկ բացառությունը, որին չեն լքելու։ Մինչդեռ մարսեցի տղամարդ չկա ու չկա շահի աշուղին ականջ կախելուց ապահովագրված կին։ Այնպես որ՝ նաղդ երջանկությունը նիսյա սպասումից լավ է։

—Ինքդ պետք է որ հասկանաս,  Մինուճար Կ․,-  շարունակում է Հովհաննես Զորավիգը,- ճակատագրական կնոջ ու սովորական, շատ սովորական մի կնոջ միջև հսկայական սար ու անդնդախոր ձորի տարբերություն կա։ Սովորական կնոջը, որ կին է այնքանով, որ պարզապես Եվայի ցեղակիցն է,  չես կարող բացատրել, ինքն էլ չի հասկանա, հասկանա էլ՝ չի ընդունի, որ իր սովորականությոամբ, պռաստոյությամբ վանում է ամենաքիչ ակնկալիքն ունեցող տղամարդուն անգամ։ Սովորական կանայք սովորաբար  չեն սթափվում, եթե սթափվում էլ են, ապա միայն լքվելու՝ կայացած փաստից շաաաատ հետո։

—Կնոջ ճակատագրականը լինո՞ւմ է,- վրդովվում է Մինուճար Կ․-ն։  

 —Բա հենց կինն է ճակատագրական լինում, էլի, Մինուճար Կ․։ Կախարդական հայելի հիշեցնող իր ժպիտով, որում կարող ես տեսնել հրաշքների աշխարհի ողջ պարունակությունը։

—Ի՞նչ ասել է՝ ճակատագրական կին։ Ավելի կոնկրետ կձևակերպե՞ս։

—էդ էն կինն է, Մինուճար Կ․, որին հենց տեսնում ես, երակներովդ արյան հետ, արյան հոսքից էլ առաջ ու նույնիսկ արյան փոխարեն սկսում է հոսել երջանկությունը։ Էդ կնոջը տղամարդը միանգամից է ճանաչում։ Որքան էլ կինը հազար դիմակ ունենա, ու ինքն իրեն էլ անճանաչ լինի, հենց էսօր  նորից էդպիսի մեկին եմ տեսել։ Այդպիսի կնոջ համար Ամերիկայից էլ կվերադառնաս, ամենածանր տաժանակրությունից էլ, ինչպես Ռասկոլնիկովը․․․ Ու հենց էդ կնոջն արժե սերմդ վստահել, որ սիրո պտուղդ կրակե Լիլիթ կամ կուսական Գայանե լինի՝ աստվածաշնորհ առաքինության հավատարմատար։ Ու այդպես Լիլիթից Լիլիթ, Գայանեից Գայանե ծաղկի ու փթթի կողաշեն Եվայի զարմը մեր հինավուրց ազգատոհմում։ Աստղակայծ ՋԱՀ-ս վկա,- ասում է Հովհաննես Զորավիգը։

Օտարություն և Օտարուհի (որ պարզվում է՝ ամենևին էլ սառը չէ), սիրելու մեր Արայական հնամենի (գեղեցի՞կ, թե՞ ոչ այնքան), սովորությունը միայն ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԿԻՆԸ կարող է մեղմել ու չեզոքացնել։ Դարձյալ աստղակայծ ՋԱՀ-ս վկա։

— Տրոյան կարող էր երկրաշարժից էլ ավերվել ու անհետ-անհիշատակ չքանար երկրի երեսից, ինչպես, օրինակ, Ատլանտիդան։ Լիլի-Մերին «9-րդ ալիքի պես ալեկոծում էին սիրտս, և պատրաստ էի ընդունել, որ հանուն նրանց բարեհաճ ժպիտը թեկուզ մի պահ ունենալու, Պոմպեյի պես կործանվի քաղաքը, միայն թե «Կործանվող քաղաքի ժպիտը» պատկերելիս կտավին հավերժացնել կարողանայի  սքանչելի քույրերի՝ հոգուս խորքը թափանցող հայացքն ու ժպիտը,- հիշում է Մինուճար Կ․-ն։ «Նպատակն արդարացնում է միջոցները» վարվելակեպը նրան մանկուց է հոգեհարազատ, երբ դեռ Մաքիավելիի անունն էլ չէր լսել, ոչ էլ ծանոթ էր Համտուն իշխանի՝ իրեն այնքան ոգեշնչող  պատմությանը։

     Լիլի-Մերին իրոք աչքի ընկնող էին, և «100»-ում միայն ՄինուճարԿ․-ն չէր, որ տպավորված էր նրանցով։ Հյութեղ դեղձի նմանվող քույրերը թաղում ոչ մեկի ուշադրությունից չէին վրիպել (տղամարդիկ ու դեռահասները տենչում էին օգտվել չափահասության շեմն անցած գեղեցկուհիների բարեմասնություններից, կանայք՝ երազում այդքան բարեմասն լինել)։ Ո՛չ մեկն էր հաջողում, ո՛չ մյուսը։ Տղամարդիկ ստիպված էին բավարարվել թաղն սպասարկող չոլախ Դիանայով՝ կողքանց թաքուն աչք ածելով գրգռիչ բարեմասնություններին, կանայք էլ, հույսը դնելով իրենց ունեցածին, ձգտել ամուսինների աչքը հեռու պահել հարևանի սիրուններով տարվելուց։ Ու Լիլի-Մերիին մի կուշտ անկաշկանդ սիրահետելը մնում էր պատանիներին։ Ամառները նրանց էր միանում Ռուզանիկը, ու գայթակղիչ երկյակը դառնում էր շլացնող եռյակ։

Թաղի սիրունների պատիվը պահողը Սկոն էր՝ թաղի փիլիսոփան ու երեք Կարեններից մեկը, ում մականունը նիհարության պատճառով Սկիլետ էր, և անունները կրճատելու հայկական սովորությունը մականունն էլ էր կրճատել։

-Չափազանցում եք, էդքան էլ լավը չի Ռուզանիկը, ինչ ա թե դրսից ա՝ սոված շան պես ֆիքսվել եք վրեն,- փորձում էր պաշտպանել Լիլի-Մերիի գեղեցկությունը։- Ռուզանիկի արտաքինն էդքան էլ լավը չի, հլա Լիլի-Մերիին նայեք, ինչ լավն են։

   Ու՜ր էր, թե Մինուճար Կ․-ի աչքը միայն Լիլի-Մերիի վրա լիներ. նկատել էր, որ աղջիկներին արարող հայրը՝ տաքսիստ Վարուժը, «ալենդելոնային արտաքին ունի։ Եվ այդ՝ Վարուժի ալենդելոնային արտաքինն էր երազում։ Մտածում էր՝ դրանով ոչ միայն թաղի՝ իրեն անհասանելի սիրուններին հեշտությամբ «կկպցնի»: Մանկուց նաև արտաքինի համար կոմպլեքսավորված Մինուճար Կ․-ն մինչ օրս կարծում է, թե աղջկան դուր գալու և իրենով անելու համար արտաքինն ամենավճռորոշն է. ինքն էլ պեդանտի մանրախնդրությամբ է զննում աղջկա արտաքինը։ Պնդում է, թե ոչ մի պարագայում պատրաստ չէ կնության առնել անբարետես աղջկա, թեկուզ ամենախելացին, ամենաբարին, տնարարն ու հավատարիմը լինի։

Լիլի-Մերիի հոր՝ Վարուժի արտաքինն իրեն ինքնավստահ կդարձներ ամեն տեղ՝ մտածում է։ Վարուժի՝ արտաքին ու իր՝ մտավոր տվյալներով Հոլիվուդ կհասներ։ Դեռ չի համոզվել, որ երկու երնեկը մի տեղ չի լինում  կամ՝ հարյուր հազարից մեկ է մեկտեղվում։ Մինչդեռ երբ Վարուժն էր խոսում, Մինուճար Կ․-ն համոզվում էր, որ Հոլիվուդն է իր բարձունքից ընկել վթարային հարյուրկվարտիրանոց՝ ճանապարհին կորցնելով անգամ մայրենիով հասկանալի արտահայտվելու կարողությունը։

Ինչևէ,  Մինուճար Կ․-ն հաճախ է հիշում Լիլի-Մերիին, առավել հաճախ զղջում է, որ Վարուժի արտաքինը չունի ու չկարողացավ գայթակղել ու համոզել չքնաղ Նատա ուսանողուհուն, որ մի Լիլի-Մերի էլ իրենք ունենան։

Եվ որքան էլ բարետես, կանացի, գրավիչ աղջիկները մոտը  պնդեն, թե տղամարդուն ընտրելիս իրենց համար կարևորը էներգետիկ դաշտն է, ու ջանան համոզել, Մինուճար Կ․-ն, մանկական կոմպլեքսներին ավելացնելով արցախա-խաչենական արմատներից եկող հաստ կողը՝  հրաժարվում է հավատալ, առավել ևս՝ ընդունել, որ աղջկան գրավելու համար իր պատկերացրած արտաքին տվյալներն ամենևին էլ առաջնային չեն։ Աղջիկներն ուշադրություն են դարձնում մաքսիմում՝ աչքերի ու կոշիկների փայլին։ Եվ գրպանի պարունակությանը, որ տղամարդու ունեցած թերությունները ծածկել, չունեցածներն    էլ ի ցույց դնել կարող է։

Սիրուշ մոր՝ փող, միայն թե  շատ փող աշխատելու շարունակական հորդորներն էլ չեն օգնում։ Եվ Մինուճար Կ․-ն, գրադարանի հարմարավետ բազկաթոռին թիկնած, շարունակ կարդում ու կարդում է, երբեմն էլ՝ իրականությունից կտրված դատողություններ անում կյանքի մասին։ Կյանքն ու ՄինուճարԿ․-ն առաջ են գնում տարբեր մայրուղիներով՝ իրարից անկախ․ թվում է՝ չնկատելով անգամ միմյանց գոյությունը։

—Չգիտե՞ս, որ բառերով սիրող կինը դատարկ բառեր չի սիրում։ Կինը սիրում ու հատկապես հարգում-պատկառում է ականջահաճո բառը  ականջին ոսկե օղ, թևին՝ թանկարժեք ապարանջան, վզին՝ մանյակ դարձնող տղամարդուն,- խրատում է Հովհաննես Զորավիգը։ – Հորիցդ  լավ սիրուն խոսքեր կնոջն ասած քանի՞ մարդ գիտես, բայց քանի՞ կոպեկի արժեք ունեցան դրանք մորդ համար, երբ իմացավ, որ Մարատը փող աշխատող ու հարստություն դիզողներից չի։ Կամ քանի՞ անգամ է քեզ ասել՝ «Տղա ջան, էն գործն արա, որ փողոտ ա»։

—Կյանքումս մի անգամ եմ աղջկա համար ծաղիկ առել, էդ էլ գիտես՝ ոնց ավարտվեց էդ պատմությունը,- անկեղծացավ Մինուճար Կ․-ն։ Ճակատագրի բերումով Մինուճար Կ․-ի երկրորդ ծաղկեփունջն էլ նույն անհույս սիրո համար էր լինելու։ Եվ դարձյալ, մինչև հասցեատիրոջը հասնելը, դեգերելու էր տարբեր հասցեներով, ինչպես իր սիրային բազմաթափառ նամակներն են մինչև հասցեատիրոջը հասնելը ընթերցված լինում նաև այլոց կողմից։ 

-Մի օր տեսա՝ ոնց ա մի ջիպից իջնում ու հասկացա, որ դասախոսի իմ խղճուկ վաստակով սրա ծախսերը ես հոգացողը չեմ։ Մի սովորական ծաղկեփնջով էլ սա բավարարվողը չէր։ Երբ տեսա կողքինին՝ փորը մեծ (ասենք՝ ջիպի տերն էլ ջիպի պես մեծ փոր էր ունենալու), քաչալ, հասկացա, որ սենց դեպքերում ֆիթնեսի գնալը, տեսքիդ հետևելն էլ օգուտ չի, -ասաց հուսախաբված գրականագետ Մինուճար Կ․-ն։

_ Դա կոչվում է փողի ուժ ու փողի հմայք,- ծանոթացնում է Հովհաննես Զորավիգը։ —Խելքով, մտքի պայծառությամբ, հումորի զգացումով, աշխարհաճանաչ փիլիսոփայությամբ գուցե կարողանաս  հիացնես ու կնոջը պապանձես քո խոսքով։ Բայց հենց տեսավ էդ ասածիդ տակ նյութական հենք չկա, փիլիսոփայությունդ կնոջ աչքում  գրպաններիցդ արագ է ծակվում, հումորդ զավեշտալի է դառնում, ճշմարիտ խոսքդ, որ անառարկելի պիտի  լիներ՝ անլսելի։

-Նույնիսկ մտածում էի մազ կրակելով փրկվեմ գենետիկ  վերահաս ճաղատությունից,- զայրույթը հազիվ է զսպում հուսալքված  գրականագետը։- Ասենք՝ հիմա էլ էդ մտքից չեմ հրաժարվել։ Աղջկան գրավելու համար կա՛մ փող, կա՛մ ալենդելոնային արտաքին է պետք, իդեալական կազմվածք։ Փող չունեմ, ունենայի էլ՝ կնոջ վրա չէի ծախսի, իսկ ահա տեսքս՝ ֆիթնեսի, ճաղատս էլ՝ մազ կրակելու միջոցով կարելի է տեղը բերել։ Դրանով էլ ինձ տեղը կբերեն կանանց շրջանում։ Ոչինչ, որ էս մեկի դեպքում մեթոդը չաշխատեց, հո աշխարհում աղջկերքը չհատան, – կասկածոտ հառաչում է,  ու արդեն երևացող ու իրեն այդքան կոմպլեքսավորող ճաղատը ծածկում ամռանը՝ կեպի, ձմռանը՝ հաստ գլխարկի տակ։  Թե՛ մասնագիտությունը, թե՛ անձամբ Մինուճար Կ․ գրականագետին զարդարողը միայն լուրջ նպատակը կարող է լինել։ Օրինակ՝ փորձել հասկանալ ու վեր հանել  հայոց ազգային կիկոսականության ու մեր գիքորության դրդապատճառները։

—Պոեզիա չես սիրում, չես նախընտրում, դրա համար էլ չես վստահում Աստծո զորությանը, մինչդեռ բանաստեղծն Աստծո քարտուղարն է, իսկ առանց Աստծո միջամտության ոչ մի բարի գործ չի արվի, ոչ մի լավ նպատակ չի իրականանա։ Մուսան Աստված է ուղարկում, ստեղծագործական ներշնչանքն Աստծո շնորհն է_ աղջիկների թեման փոխում ու զրույցը գրական քննարկման դաշտ է փորձում վերադարձնել Հովհաննես Զորավիգը։

– Ի՛նչ Աստված, ի՛նչ բան, ամենը կուտակած գիտելիքի արդյունք է, որ ես կլանում եմ ամենօրյա անհագ ընթերցանությամբ,- առարկում է Մինուճար Կ․-ն։

       -Դրա՞  համար ես կարդալիս հեռախոսդ միշտ ավիառեժիմ գցում, ու որ պատերազմ էլ բռնկվի, ու ատոմակայան էլ պայթացնեն, պետքդ չի․  քանի կրակն անձամբ քեզ չի հասել, դու քո ընթերցանությանն ես։ Ես նույնիսկ մինչև հիմա զարմանում եմ, թե Քառասունչորսօրյային այդ ի՛նչ ուժ ընթերցամոլի քո հետույքը գրադարանի աթոռից պոկեց ու կամավոր տարավ պատերազմ։

       – Կարդալն ինձ երբեք չի ձանձրացնում։ Պոստի կանգնած, թե պատերազմի դաշտում ես, մեկ է, կարդացել եմ։ Գրքերի աշխարհը երևակայելու հնարավորություն է տալիս։ Կյանքում էն, ինչ չունես, գրքերի աշխարհում քոնն է։

— Ինչքան էլ կարդաս, կարդացածդ համակցելու, և սեփական դատողություններդ ձևակերպելու համար Աստծո օգնությունն անգնահատելի է։

—Հիմա տաղանդներ ու հանճարներ չկան, որ առանց շատ կարդալու գրեն, ինչպես դու ես անում, ու գրածդ ստացվի,- արցախա-խաչենական կողն է դեմ տալիս Մինուճար Կ․-ն։

—Հապա «Քերծված սի՞րտ»-ը, որտեղ համամարդկային արժեքներ եմ վեր հանել, – չեմ նահանջում։ – Ինքդ ես ասել, որ լավ գործ է։ Տեսածս ու լսածս եմ գրել, նույնն է, թե երկնապարգև Մուսան է հուշել։

—Էդ առանձին կրակոց էր, այդպես միշտ չի լինում,- կիսաբարկանում է։

․․․ Ճակատագրի բերումով բանակում էլ Մինուճար Կ․-ն երեքից մեկն էր, ինչպես թաղում։ Զորամասի երեք անվանակիցներից իրեն «սուտիկանն» էր համարում։ Երբ միջավայրում անվանակից է ունենում, հին սովորությամբ ինքն անպայման «սուտիկանն» է։ Իսկականը պետք է որ անվանակիցը լիներ, այս դեպքում՝ անվանակիցները։ Տրամադրությունը տեղը ժամանակ (այդպես էլ չպարզվեց՝ միշտ հումորով Մինուճար Կ․-ն ավելի շատ լավ տրամադրություն ունենալի՞ս է կատակում, թե՞ ընդհակառակը) ավելի հեռուն է գնում՝ իսկական-սուտիկանը դարձնելով օրիգինալ ու պատենտ։

Օրերից մի օր թաղ եկավ Դավիթ անունով մի նորաբնակ։ Քանի որ թաղն իր Դավիթն արդեն ուներ (երեք եղբայրների միջնեկը, որոնց տարբերակելիս նեղություն չկրելու համար Սիրուշն ընդհանուր Վալոդիկներ էր ասում՝ մեծի անունը մյուսներին էլ տալով), էս մեկին Մինուճար Կ․-ի  հորդորով «Սուտիկան» կնքեցին։ Հենց այս տպավորությամբ ու համոզմունքով էլ նորակոչիկ Մինուճար Կ․գրականագետը, իր տրամաբանությունն իր վրա էլ տարածելով, զորամասի երեք անվանակիցների մեջ իրեն «սուտիկանն» էր համարում։

Ոչ մի կերպ չէր հաջողվում միակն ու անկրկնելին լինել։ Կարծում եմ՝ այս պահից, երբ իր շուրջը այլևս «Հարյուրապատում» է հյուսվում, երբ ինքն այլևս «Ուլիցերյան պատմվածքի հերոս» է՝ քերթվածի գլխավոր կերպար, հրաշակերտված ոռիկների անզուսպ սիրահարին պետք է որ հաջողվի գոնե անկրկնելի լինել (շրջապատում որ՝ հաստատ)։ Իսկ եթե նման, ապա միայն համաշխարհային գրականության իր սիրած տիպարներին. ասենք՝ Կամյուի Մյորսոն․բացարձակ անտարբեր մի մարդ, որպիսին Մինուճար Կ․-ն էլ կարող է լինել, շրջանցելով անգամ մահերը, եթե դրանք չխանգարեն իր ընթերցանությանն ու եթե առաջվա պես ապահովված լինի Ռոքֆոր ճաշակելու հնարավորությունն ու չխաթարվի ամիսը գոնե երկու անգամ սրճարան գնալու հին ընթացակարգը։ Ամեն անգամ փող ուղարկելիս հայրը պատգամում էր ընկերների հետ սրճարան գնալ։ Ու հիմա, ամիսը գոնե երկու անգամը նշանակում է պահպանել   սրճարան գնալու անընդհատությունը, որովհետև՝ երկու անգամ կրկնվողը հետագայում էլ կկրկնվի, ինչպես հուշում է Կոելիոն։

  Լիլի-Մերիից գոնե մեկին սիրահետելու անհնարինությունն այնպես էր կաշկանդել Մինուճար Կ․-ին, որ նա աղջիկ սիրահետելու առաջին փորձը հաջողությամբ մինչև վերջ հասցրեց 28 տարեկանում։ Ֆիթնեսի պարապմունքի ժամանակ Մինուճար Կ․-ին որսաց Արմինան։ Չափահասության շեմը մեկ տարի առաջ լրացրած Արմինայի կյանքում Մինուճար Կ․-ն առաջինը չէր: Բազմափորձ Արմինան ավելի շատ ինքը նախաձեռնեց։ Երկուսն էլ գոհ մնացին։ Այդպես մեկ-երկու անգամ էլ հանդիպեցին։ Արմինան տուն էր գալիս մերթ այս, մերթ այն պատրվակով, ու բավարարվում էին երկուսն էլ։ Մի օր էլ Մինուճար Կ․-ի մոր համար ամերիկյան հարազատների նվեր ուղարկած զգեստը հարսանիքում հագնելու համար վերցրեց ու՝ հայդե…

Շատ ժամանակ անց մի կերպ վերադարձրեց ու համոզվելով, որ Մինուճար Կ․-ն իր ծախսերը հոգալու միտք էլ չունի՝ վերջնականապես կապերը խզեց՝ իր հաճույքներին հարմար մեկին գտնելու վճռականությամբ։

—Էդ էր պակաս՝ էդ շորը նվիրեմ։ Կերածս պաղպաղակի կամ շաուրմայի կեսն էլ չեմ տա։ Խի էն ով ա, որ․․․,- Արմինայի առիթով, բայց ոչ միայն նրա հանդեպ իր ունեցած կնատյացությունն է արտահայտում Մինուճար Կ․-ն։ —Ես աղջկա համար մի հատիկ ծաղիկ իսկի առած չկամ։

—Ու տենց էլ ուզում ես որևէ մեկի սիրտը շահե ՞ս,- հարցնում է Հովհաննես Զորավիգը։

—Սիրողը տենց էլ կսիրի,- կողի է ընկնում ու արցախա-խաչենական իր հաստ կողն է դեմ տալիս հուսալքված գրականագետ Մինուճար Կ․-ն։

        — Ինձ՝ ընդհակառակը,- ոգևորվում է Հովհաննես Զորավիգը,- ստեղծագործելու է մղում սերը վայելած լինելը։  Չունեցածիս, չհասածիս մասին չեմ գրում։ Գրում եմ իմ վայելքների, ստացված գիշերների, գոնե մի համբույր քաղած լինելու տպավորությամբ։ Կարևորը՝ գոհ ու բավարարված, ինչպես հիմա։ Եվ այն մասին, թե ինչպես է այս կամ այն գեղեցկուհին (հայտնի «կալոդից», ինչպես վրդովված նկատեց ճակատագրական մի Սեր՝ ի պատասխան իմ հիացմունքի) ինձ երկնակամարի աստղերից գոնե մեկի տերը դարձրել։ Ես, առհասարակ, չեմ հավատում տառապանք պատճառող սիրո գոյությանը։ Գուցե նրանից է, որ ավելի լուրջ պատճառներ կան տառապելու, քան այս կամ այն «էպիզոդը», որ ինչպես հայտնվում է կյանքումդ, այնպես էլ մի օր, երջանկացնելու իր առաքելությունն ավարտած, կամ կարողությունն սպառած՝ հեռանում է։  Ինձ թվում է՝ որոշ մարդիկ տառապում են ոչ այնքան սիրուց, որքան լքվելու վտանգից կամ հրաժեշտի պատճառով։ Իսկ բանը հրաժեշտի չհասցնելու համար Ճակատագրական կին կամ տղամարդ է պետք լինել։ Հեռացողների հետևից լացելն ամենևին էլ ուժեղի հատկանիշ չէ։ Իսկ ինձ սերը միշտ երջանկացրել է։ Եվ իմ Սերը հենց միայն երջանկացնել գիտի՝ փոխարենը ոչինչ չպահանջելով, ինչպես հեքիաթում նկարագրված Սերն է վարվում։ Իմ կյանքում հենց այդպիսի Սիրո հեքիաթ է, Սիրո շքերթ, որտեղ ամեն հեռացող եկող ավելի լավի ճամփան է բացում։  Չսիրողներ էլ ունեմ, սիրողներից շատ։ Նրանք շուտ են հեռացել, այնպես, կարծես չեն էլ եղել։ Ու հիմա միայն հիշողությունս մարզելիս են երբեմն միտքս գալիս, սոսկ դիպվածով։ Փոխարենն ինձ հետ են ճակատագրական ու նույնիսկ տիեզերական սերերս, որ ոչ վաղ անցյալում ինձ տիեզերքի տերն են դարձրել։ Եվ, որպես աշխարհին Աստծո պատուհանից նայող, երբեմն մտածել եմ՝ երևի Թումանյանին էլ մի էդ տեսակ գոզալ է հանդիպել  ժամանակին ու Մեծ լոռեցին գրել է՝ «Տիեզերքի տերն եմ ես…»։ Իսկ մենք ահա դարից ավելի գլուխ ենք կոտրում, թե ի՞նչ է ուզում էդ քառյակով ասել Թումանյանը։

  — Գենետիկ հոռետեսության պատճառով շատ եմ տուժում,- դժգոհում է Մինուճար Կ․-ն։ —Քո լավատեսությունից եմ ուզում, կեսը տուր։

  — Վերցրու, եթե կարող ես։ Իմ լավատեսությունը ինքնաբավ մարդու լավատեսություն է, մանկուց ամեն ինչ ունեցողի ինքնավստահությամբ է պայմանավորված․ իսկ չունեցածս՝ ընկերներս են անշահախնդիր նվիրում, նրանց չկարեցածն էլ Տերն է շնորհում՝ փակելով 35 տարի առաջ վերցրած պարտքը։

Գրադարանից երկու քայլի վրա գեղանկարիչ Կարլեն Քոչինյանի` վերջերս վաճառված արվեստանոցն է։ Այն օրերին, երբ դեռ Քոչինյանը չէր վաճառել, և երբ Մինուճար Կ․-ն  Արմինայից վերջնականապես ձեռ չէր քաշել, ու նա իր միջոցառումների մշտական խանդավառ հյուր էր,  նրան մի օր գեղանկարչի արվեստանոց տարավ։ Ավելի ճիշտ, նկարիչը հյուրասիրության կանչեց։

—Մի օր արի, քեզ նկարեմ, սիրուն աղջիկ,- զրույցի ու հյուրասիրության մի պահի իր ֆիրմային խմիչքով Արմինայի կենացը խմելու հետ առաջարկեց գեղանկարիչը։

Արմինան կարկամեց․  կուզեր, անշուշտ, Քոչինյանի վրձնած իր գեղանկարն ունենալ։ «Համաձայնե՞լ, թե՞ չհամաձայնել,- երկար մտորում էր։  — Տեսա, թե ոնց Քոչինյանի եփած սուրճը բաժակները լցրեց Մինուճար Կ․-ն։ 80-ն անց գեղանկարիչը կտավին իմ պատկերը կարող է լղոզել։ Գուցե և չլղոզի, բայց, ա՛յ ինձ, օրգազմի հասցնող ուժով տիրել, հաստատ  չի կարողանա»,- ինքն իր համար վճռեց Արմինան ու գեղանկար ունենալու երազանքը ջահել որձի փնտրտուքով փոխարինած՝ հեռացավ։ Գնաց դեպի ֆիթնեսի սրահը, ուր տղամարդկանց պարապմունքի ժամին իր ուզածը հաստատ կգտներ, ինչպես գտել ու հարմար մի պահի իրենով էր արել  գրականագետ Մինուճար Կ․-ին։

 Հարմար մի պահի բնորդելու փափագը սրտում հեռացավ արվեստանոցից։

Ճուղոյանց Իսոն  նահապետական մտածողության պատճառով փակեց վեց զավակներից կրտսերի՝ գեղարվեստի ակադեմիայի ասպիրանտուրան ընդունվող Կարլենի առաջընթացի դուռը։ Եթե չփակեր, էսօր Հովսեփի որդու «Ճիչը» կախված էր լինելու աշխարհի լավագույն հռչակավոր թանգարաններից մեկի լուսավոր, ոչ թե իր՝ արդեն վաճառված  արվեստանոցի խոնավ պատին, դրանից առաջ էլ զարդարած լինելով ընդամենը համագյուղացի գրող Իվան Գոգչյանի բազմաթիվ գրքերից մեկի շապիկը։ (Թե ինչու նախ Գոգչյանը, ապա Սասուն որդին գոնե մի հարյուր դոլար չտվին ու էդ նկարը չտարան կախելու իրենց ճոխ տան ճոխ պատին, այդպես էլ գաղտնիք մնաց)։ Եվ գուցե  Մունկի «Ճիչ»-ից էլ բարձր ճչար, ինչպես ճչացել են գեղանկարչի որձությամբ հմայված ջահել Արմինաները, երբ դեռ ինքը 80-ի շեմին չէր հասել։ Թե չէ հիմա, երբ ըստ դերասան, ասմունքող, էս վերջերս էլ արձակագիր դարձած մի նորատի կնոջ  բնորոշման,  «Քոչինյանի սեռական օրգաններից միայն աչքերն են մնացել», որձի անզուսպ կարոտ քաշող Արմինադ եկել ու աչք է ածում, համոզվի՝ կարա նկարիչը «տնգի», մի հատ էլ կթողա նկարի, չի կարա՝ բարով մնաս գեղանկար։

   Թեև Արմինադ հազիվ թե մերժեր բնորդելու նույնիսկ 80-ն անց Քոչինյանին։ Անգամ մորեմերկ բնորդելուն դեմ չէր լինի, եթե հանրապետությունով մեկ ճանաչված լիներ, ինչպես իր պրոֆեսոր ընկերներից շատերը կամ եթե գեղանկարիչը Գուրգեն Խանջյանի չափ հայտնի լիներ, ապա Արմինադ նրա վրձնահարվածներին կհանձնվեր կամովին, ինքնակամ տենչալով դրանք, ինչպես Կոելիոյի՝ սադոմազոխիստական սեքսի կողմնակից հերոսուհին հանձնվեց  զուգնկերոջը՝ իր «հատուկ հաճախորդին»՝ անհամբերությամբ սպասելով հերթական մտրակահարվածի՝ դեռ չփորձած կայֆին։ Հիշում ես, Մինուճար Կ․, ինչպես Սոնադ (նա էլ, Արմինայիդ պես, քեզ համար նախկին է, որովհետև արդեն սատանան գիտի որերորդին է փոխում) ձեռքիցդ խլեց Խանջյանի «Հիվանդանոցը», ինչքան էլ որ ասացիր՝ քո կարդալու տարիքը չի (Սոնան հասուն  է, նորատի կին, Տհասը կամ Ալվարդը չի, որ համեստորեն համաձայնի, բաց տեսարաններից էլ ամոթխած կարմրի), չհամաձայնեց ու գիշերն ի լույս մի շնչով կարդաց վեպը։ Խանջյանի հետ մի գիշեր անցկացնելու պատրասակամ ցանկությունը հաջորդ վաղ առավոտյան Սոնային գրողի դուռն էր հասցրել։ Ծոցը մտցրեց թե չէ՝ չգիտենք, բայց լուսանկարը Սոնան ֆեյսբուքով մեկ արեց, նույնն է, թե ինքն աշխարհով մեկ եղավ։ Գրողին կիպ կպած Նկարը մատնում է նորատիկնոջ՝ Խանջյանի մոտ գնալու ներքին մղումները, որոնցով տպավորված ու գոհացած՝ նա համարձակության դասեր է տալիս շրջապատին։ Ներքուստ, սակայն,  գոհանում է,  որ բոլորի վախը բռնող եղել է, իրենը՝ ոչ։ Եվ ինքը կարող է միակ ու եզակի անբռնազբոսը լինել։

«Տուր ձեռքդ, Պստլո»-ի լանջաբաց լուսանկարով էր տպավորվել Սոնան։ Եվ հավանաբար ուզում էր համոզվել՝ իսկ Մեծի ձեռքը (թե բուռը) տվածը ժամանակից շուտ մեծացած նորատիկնոջը կտպավորի՞։ Սոնան համարձակ է, կանացի մտքում դրածի հանդեպ աննահանջ, թեկուզ մեկանգամյա, բայց նաղդ կայֆը նիսյա, թեկուզ հավերժական երջանկության զգացումից միշտ գերադասող (Սոնան գիտի, որ հավերժական արժեքներ չկան. թե կան էլ՝ դրանց հավերժականությանը ո՞ր միամիտն է հավատում։ Սոնան Մագա չէ, նա Շեքսպիր մինչև քեզ հանդիպելն է կարդացել, Մինուճար ջան։ Ու գիտի, որ ամեն ինչ կարո՛ղ է կնոջ սիրո երկարությամբ չափվել։ Հատկապես, որ տղամարդիկ էլ Ռիխտերին հավատալու հին սովորությունից չեն ուզում հրաժարվել։ Տղամարդու բնույթի այդ կերպը Ադամական մեղքից էլ հին է։

Տես, թե ինչ վերափոխումներ է ունեցել Սոնան Դոստոևսկուց մինչև Բակունց, Կոմիտասից մինչև «Ուլիցերյան պատմվածքի հերոս»-ի Սոնա։ Վերափոխվել է ու միշտ մնացել նույնը՝ մարդամիջի աղջիկ, վարդամիջումը՝ ամենացանկալին։

    Ինչևէ, այս պայմաններում էլ Քոչինյանի՝ այնքա՜ն անմիջական  արվեստանոցը գինեհացաշաղախ օջախ է․ միայն Արմինայիդ չէ, Հեմինգուեյին էլ ես ձեռքը բռբնած այստեղ բերում, Մինուճար Կ․՝ ակամա հաստատելով՝ Արմինան ու Հեմինգուեյը միշտ մեզ հետ են։ Ինչպես որ մեզ հետ են Վան Գոգն ու Քոչինյանը, դա Վինչին ու իր …… , Ռոդենն ու իր Կամիլան, իսկ քո Կամիլան գնաց, մի ճաղատ բիձուկի վզովն ընկավ՝ քեզ թողելով հուշի հևքը։ Հիշում ե՞ս, Մինուճար Կ․։ Մեզ հետ են կինն ու գինին, որ գրականություն են դառնում ու գրող կերտում, վանքի եղնիկ դառնում ու որսորդ դարձնում տղամարդուն։

— ­­Էլի մի բան գտածի դեմքով է եկել։ Մի ամիս կլինի,  ամեն օր մի նոր Էվրիկա ես գոչում։ Ու թվում է՝ ամառս լրիվ կուտի էս պատմվածքդ,- մի տեսակ դժկամությամբ, մեջը եռացող դժգոհության լավան մի կերպ զսպելով, հիասթափությունների կծիկը մի կերպ կծկելով  է խոսքը շարունակում Մինուճար Կ․-ն։ Երևում է՝ դարձյալ ինչ-որ բանից դժգոհ է։

  • Հմի կասի՝ Հեմինգուեյին անջատեք, իմ պատմվածքը կարդացեք,_ գլուխը համակարգչի մեջ թաղած պատասխանելով առավոտյան  բարևիս՝ ասում է Էռնեստ Հեմինգուեյի մասին պատմող ֆիլմը նրա ծննդյան 125-ամյակի միջոցառմանը պատրաստվելու համար դիտող Մինուճար Կ․-ն։

—Չէ, Հեմինգուեյին նոր Հեմինգուեյով ընդհատեք, – կիսակատակն այս անգամ նրա ոճով գռեհկացնում է Հովհաննես Զորավիգը։

—Բայց Մեծություններ չճանաչելն իմ ոճի մեջ է, դու միշտ արժանին ես մատուցել արվեստի ու գրականության Մեծերին՝ ժամանակակիցը  հստակ տարբերակել դասականի ընդգծված բարձունքից,- հիշեցնում է Մինուճար Կ․-ն։

—Հիմա էլ է այդպես․ պարզապես ես էլ քո կերպարն եմ բաց ծով հանել (գրականության ծովը, Մինուճար Կ․, ցամաքներն էլ է ընդգրկում), ինչպես Հեմինգուեյն իր Ծերունուն, որը դու մի տեսակ սովորական գործ ես համարում։  Հեղինակի մասին էլ ասում ես. «Հա դե, մեր Հեմինգուեյն ա, էլի՜, թվում ա՝ էսա ձեռը կբռնեմ, հետը կգնամ Կարլեն Քոչինյանի՝ Հովսեփի ու Մարիամի որդու արվեստանոց՝ սրճելու»,- հիշեցնում է Հովհաննես Զորավիգը։ _ Էդ «թեթևությունը»  դասական,  հավերժախոր հեղինակներին  հատուկ  է։ Ափին լող տվողներ շատ կան։ Հեմինգուեյի Ծովի խորքերը քանի՞սն են հասել․․․  

            Ոգևորված պահերին Մինուճար Կ․-ն դեռ անավարտ ստեղծագործությունը  կարդում է նախ իր ուսանողուհու համար՝ շրջանցելով, իհարկե, բաց տեսարանների նկարագրությունը։ Դրանք Ալվարդը տպվելուց հետո ինքնուրույն կկարդա, երբ դասախոսի հանձնարարությամբ ու մասնագիտության պարտադրանքով ստիպվա՞ծ, թե՞ հաճույքով կարդացած կլինի «Դեկամերոն»-ը։ Էլ չի զարմանա գրականության բաց տեսարաններից։ Դերասանի մասնագիտության՝ մարմնի ամենաաներևակայելի բացությունները, գրգռաճեղքերը ցուցադրելու պարտադրանքը կստիպի արագ ընդունել «արվեստը զոհողություններ է պահանջում» սկզբունքը: Եթե, իհարկե, ցանկանում է երբևէ բեմի տիրուհի լինել և իր խաթեր թատրոն կանչել որևէ մեկին։ Ինչպես Մինուճար Կ․-ն բաց չի թողնում որևէ ներկայացում, որտեղ զբաղված է իր սիրտը գրաված դերասանուհին։ Թեկուզ արդեն ինքն էլ չի հիշում, թե քանի անգամ է նայել նույն ներկայացումները նույն դերասանախմբի կատարմամբ։ Եվ թեկուզ արդեն ինքն էլ չի զանազանում զգացմունքները դերասանուհու նկատմամբ։

—Դու այս պատմվածքն ամբողջությամբ կկարդաս «Դեկամերոնն» իմ հանձնարարությամբ կարդալուց հետո, – հրահանգում է դասախոսը։

— Չեմ կարդալու, ընկեր Կ․, ես էդ  «Դեկամերոնը», – որպես տասնութը չբոլորած նրբագեղ աղջնակ, հրաժարվում է Ալվարդը։ 

—Քննությանը կարող է հենց այդ տոմսն ընկնել, չեմ խնայի, եթե չպատասխանես,_ սպառնալից նախազգուշացնում է դասախոսը։

— Ադե՜, ընկեր Կ․,- երկար ծոր է տալիս Ալվարդը, և դասախոսի մտքու՞մ թե՞ ականջներում զնգում է  երբեմնի քաղցր ձայնը։ Մտածում է, որ սա նույն «Ադե»-ն էր, գրեթե նույն երանգով, որ ինքը մի ժամանակ նախ տհաճությամբ լսում, ապա հաճույքով ընդունում էր, որպես հաստատակամ ուսանողուհու վճռական ոչ՝ այս կամ այն հարցում։ Ալվարդն, իհարկե, հեռու է Նատա  ուսանողուհին լինելուց․ «մի տեսակ անգույն է», – նկատել է Մինուճար Կ․-ն, բայց նրա «Ադե»-ի երանգն էլ նույնն է՝ նատայական նույն չորկող բնավորության  ցուցիչը։ Եվ դասախոսը հիշում ու մտորում է․ «Ալվարդը ընդունելության քննությունները հանձնելուն պես արդեն փոխվել էր. ես դա նկատեցի հենց գնահատականները հայտարարելու պահին. մի տեսակ ինքնավստահություն էր հայտնվել մեջը, որ սովորաբար ուսանող դարձողների աչքերի կրակից տարբերվում է՝ հենց նոր ձեռք բերածի նկատմամբ արդեն քամահրական վերաբերմունքով»։

Եվ Մինուճար Կ․-ն այդ պահին վճռեց նաև իր ջանքերով ընդունված միակ ուսանողուհուն իր ձեռքով դուրս թողնել, հենց առիթը ներկայանա։

—Իրան էսօր լավ բաներ մի՛ ասեք,_ բարձրաձայնում է մի պահ մտքերով ընկած դասածոսը՝ փորձելով կանխել Ալվարդի խուճուճ մազերը կոմպլիմենտելս։ Բայց Ալվարդն էսօր էնքան լավ է նայվում, որ նույնիսկ չմահավան Սիրուշն է նկատում նրա գանգուրների գրավչությունը։

Հաջորդ հանդիպմանը դասախոսն ինքը ուսանողուհու հետ զրույցը սահուն կհասցնի «Դեկամերոն»-ին, որոշ զուգահեռներ անցկացնելով՝ աղջկա մեջ խթանելով արգելվածն անպայման ընթերցելու  գայթակղությունը։ Դարձյալ նրբորեն շրջանցելով, իհարկե, բաց տեսարանները, դրանց թաքուն վայելքը թողնելով ուսանողուհու անհատական երևակայությանը։

Հաջորդը  գեղանկարիչ համագյուղացիս է հետևում Ուլիցերյան պատմվածքի հերոսի կյանքի  պատմության ընթացքին՝ այս անգամ՝ լրիվությամբ։ Այն նույն Քոչինյանը, որին ժամանակին Խորեն Գասպարյանի հետ լուսանկարեց Գնդակահարության պատի տակ։ Նա էլ ժամանակին անտարբեր չի եղել գեղեցկուհիների հանդեպ, ինչպես ցանկացած նորմալ նկարիչ, որ ասում են բնորդուհիներին նկարելիս նախքան կտավին վրձնի ուժը փորձելը, բնորդուհու նկատմամբ տղամարդկություն են գործի դրել, ինչպես չքնաղ Կամիլայի գայթակղությանը չդիմացավ հանճարեղ Ռոդենը։

Թե՛ ուսանողուհուն, թե՛ գեղանկարչին  դուր է գալիս ստեղծագործության սյուժետիկ ընթացքը. երկուսն էլ հաճելի լարվածությամբ են հետևում իրադարձությունների զարգացմանը Ուլիցերյան պատմվածքի  հերոսի կյանքում, որ այդ պահին իրենց կողքին նստած կարդում է իր մասին անավարտ գործը՝ հընթացս այնպիսի մեջբերումներ ու վերլուծություններ անելով, որ հեղինակը հաճույքով ներառում է ստեղծագործության մեջ։

 Ալվարդի «ադե»-ից զարթնած  հիշողությունները Մինուճար Կ․-ին տարան անցյալ ամռան գիրկը, երբ ամեն ինչ այնքան երջանիկ էր, այնքան մոտ էր թվում Նատայի հետ հասունացած վերահաս երջանկությունը, և միայն զայրույթի պահերին էր հարազատների գոյությունն ու նրանց  իր ընթերցանությանը խանգարող խնդիրները իրեն միևնույն թվում։ Միայն հիմա, երբ կորստաբեր ամպն իր մռայլությամբ չոքել ու չի հեռանում հարազատ հոգիներից, միայն հիմա է հասկանում, որ հանգուցալուծումը մահն է, բայց մահն ինչպես կարող է լուծում լինել՝ չի հասկանում։

Հոր չաշխատելով էր Մինուճար Կ․-ն հասկանալու չարչարանքով իրեն ուղարկվող փողի արժեքն ու կարևորությունը։ Գիտակցելու էր, որ հոր՝ մեշոկն ուսին դրած 16-րդ հարկ հասցնելու և այդ բարձրության վրա չարչարանքով է ստեղծվում իրեն գիտության բարձունքներին հասցնելու գումարը։ Իսկ ինքն այդ օրերին հոր պարտաճանաչ ուղարկած ամսական 20 հազար ռուբլին քիչ էր համարում ու դեռ մի բան էլ՝ ալարում էր բանկ գնալ՝ ստանալու։

  • Ասա Մինուճար Կ․ ու ասա՝ համբերատար։ Որ միլիոն դոլար բաժանելու հերթ լինի, անգամ էդ հերթում համբերատար կանգնել չեմ կարող։ Երկու վեդրո կոֆե կխմեմ (հարազատներիս նման մի վեդրո արաղին դժվար դիմանամ։ Շալիկո պապի հետ խմողները տեղից վեր չէին կենում, տեղում մեռնում-մնում էին), երկու տուփ կծխեմ, ու թե էդ ընթացքում հերթը չհասավ՝ կթողնեմ-կհեռանամ։ էդ հերթերում կանգնելուց հոգնում-ձանձրանում եմ, կարդալուս ժամանակից է գնում։ Չի լինի՝ ուրիշի անունով ուղարկի, ստանան, բերեն գրադարանում ինձ տան,-զայրացած ասում է գրագետ գրականագետ Մինուճար Կ․-ն։

Մարատը մի անգամ էլ այդպես վարվեց։ 30 հազար ռուսական ռուբլին հյուրախաղերով Պետերբուրգում գտնվող որդուն հանձնեցին հենց հյուրանոցում։ Ժուլիանային հանդիպելու երջանկությունն այդ հյուրանոցում էր պատահելու։ 20-ը չբոլորած, մուլատի նմանվող աղջնակը մի ակնթարթում գերեց Մինուճար Կ․-ի սիրտը՝ հիշողություններում հավերժելու պայմանով։

Հոր ընկերն էր անձամբ բերել փողը, որ ինքը նեղություն չկրի՝ հենց կողքի բանկից կամ սվյազնոյից մի քանի րոպեում ստանա։ Եվ լավ էր արել. Մինուճար Կ․-ն իսկի հայաստանյան բանկում հերթ կանգնելիս է իրենից առաջ հերթ կանգնածներին մտովի սպանում՝ իր հերթը հասնելու համար։ Բանկերում հերթի կանգնած պահերին  մտովի նախ սպանում, ապա քարշ է տալիս նրանց՝ կապելով ձիու գավակից, ինչպես Աքիլլեսը՝ Հեկտորին։

Հատկապես ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո խոստացված հայոց արդար դատարանում իր ուզած բանը, համենայն դեպս Մինուճար Կ․-ն, չստացավ։ «Մաճկալ Սաքոյի» պատմությունը միտը չէր, որ իմանար, թե հեղափոխությունը «մուժիկին» խոստանում, բայց իսկի «մի զույգ կոշիկ» չի տալիս։ Ու թե շատ ես ուզում՝ ինքդ պիտի խլես՝ աչք ու ականջդ Սունդուկյանի հորդորին, թե՝ «Ղոչաղն էն է, որ մեկին դեսն անի, մեկելին էլ՝ դենը, շերեփը քցի ու իր բաժինը ղազանիցը հանի»։ Ինչպես հնարամիտները հնարը գտան ու «չմերժող» Նաջարյանից տարան տոհմական ցուլիկը։ Այնպես չի, որ Մաճկալ Սաքոյին բախտը չժպտաց։ Ճիշտ է, պատերազմում կուռը կորցնելուց հետո, բայց ժպտաց։ (Պաշտոնն էն ում են ձրի տվել, որ Մինուճար Կ․-ին ձրի տան, ձրի իսկի Արմինան չէր ուզում տալ։ Եվ երևի, (Աստված տա այդպես լինի), թեկնածուականը պաշտպանելուց հետո Կ․-ին էլ մի «կոլխոզից», բանից տան, որ նախագահի: Հատկապես, որ պաշտոնեական  առաջին առաջխաղացումը մինչև Ամանոր հրամանով ձևակերպված կլինի։ Իսկ եթե համատարած կրճատումների այս փուլում իրենց «կոլխոզն» էլ փակել չտան, մեկել տեսար, դոցենտ ու պրոֆեսոր էլ դառնա։

Մինուճար Կ․-ն  կարծում էր, թե արդարությունն այսուհետ գրչի ծայրին է (դատարանում ինչ սուր ճոճես, գրիչը հերիք է․ շատ էլ թե Ջիվանին ասել է՝ «եթե դատարանում քեռի չունես, գործը դատի մի տուր»։ Ու քեռի չունեցող (քեռի ունի, բայց է՛ն քեռին չի) Մինուճար Կ․-ն կարծում էր, թե իր համար էլ հեղափոխությունը քեռի կդառնա կամ դարձել է արդեն ու կարելի է ինչ-որ բան ստանալ։ Մինչդեռ, նույնիսկ նոր Հայաստանում, Ջիվանին փաստորեն չի հնանում։ Ինչպես չի հնանում մեր թշնամիների՝ մեզ ոչնչացնելու ցանկությունն ու բիրտ մեթոդը։ Ոչինչ չի փոխվել․ ամենը նույնն է, միայն թե՛ անհատապես, թե՛ ազգովին հայրենական տուն վերադառնալ չենք զորում․․․նույնիսկ երազում։ Անգամ երազում դարձյալ Դեր Զորյան սարսուռներն են, իսկ հայրենական տանը ոչինչ առաջվանը չէ։       

 «Երանի՞ չի, Մինուճար Կ․,- երազանքների գիրկն է ընկնում Հովհաննես Զորավիգը,- երանի մի օր էլ Մադագասկարում մեկը կարդա «Ուլիցերյան պատմվածքի հերոսը» ու այդքան սրտամոտ ու միշտ իր հետ լինելու արժանի համարի, որքան մենք՝ Հեմինգուեյի պարգևած գրական տոները։ Կարդա, ու իմանա, թե ինչպես լողալ չիմացող 11-ամյա տղային մի անգամ խեղդվելուց փրկեց համագյուղացի մի լավ տղա՝ Պըղոսանց Անդրեի տղա Տիգոն։ Մեր խոտհարքներն իրար մոտ էին. իջանք առվից ջուր բերելու։ Մտանք լճակը, որ զովանանք․․․ Հենց էդ լճակում խեղդվելուց էլ ինձ փրկեց Տիգոն, որ Արամ անունով իր ընկերոջ հետ նոր-նոր էր պատրաստվում ջուրը մտնել։ Փաստորեն, Տիգոն փրկեց ապագա գրողի կյանքը, որ ջրում լողալ չիմանալով՝ ահա արդեն Ուլիցերյան պատմվածքի հերոսի հետ լողում է գրականության բաց ծովում։

Տիգոյի մասին «Փրկարարը» (գուցե նաև «Փրկիչը») պատմվածքը մնաց իմ «Անմոռաց օրերի պատումներ» անտիպ առաջին գրքում։ Գիրքը կազմած էր, Սահակյան Լուսինեն ու Գասպարյան Խորենն էլ նայել-խմբագրել էին, ու որպես 13-16 տարեկան պատանու գրվածքներ տպագրության համար հարմար էին գտել։ Դրա համար եմ ասում՝ Առաջին անտիպ գիրքս։ Ավա՜ղ։  

Էլի շատ բան կա, որ չգիտեմ։ Օրինակ՝ գերանդիով հնձել։ էդ մասին «Հնձվորները» անտիպ պատմվածքում եմ գրել, Մինուճար Կ․։  Եվ իր շալակին ինձ մեծացրած Վազգեն պապս սասց. «Գերանդին թող, դու դրա հետ գործ չունես, քու գործն ուրիշ է լինելու»։ Նրան շալակելու՝ իր Մանյակ քրոջը  տված խոստումս իրագործելու հերթն էլ էր գալու, ու Վազգեն պապս, դիմելով մեր տանը Հայաստանի ժուռնալիստների միության անդամությունս նշելու հավաքված ավագ ընկերներիս՝ պատմելու էր նախ շատ տարիներ առաջ իմ և իր ավագ քրոջ խոսակցությունը։ «Արա, վեր արի ախպորս շալակից, եքյա մարդ ես»,_ ասել էր Մանյակը՝տեսնելով ինձ ախպոր շալակին կովերը ջրից բերելիս։

«Կմեծանամ, ես էլ պապիս կշալակեմ», – եղել էր իմ՝ հնգամյա տղայի պատասանը։

Պապս էս պատմությունն արավ ու թե՝

—Տղե՚րք, էսօր իմ Հովհաննեսն ինձ, իրոք շալակեց, ամպերին հասցրեց։ Իմ Հովհաննեսը, որ դեռ նոր 20 տարեկան պիտի լինի, արդեն էսքան մեծ շրջապատ ունի, ինձ շալակեց, ոնց որ տարիներ առաջ խոստացել էր, ծառների ծերը հանեց, աստղերին էլ հասցրեց։ Ուրախությանս ու գոհությանս չափ ու սահման չկա»,-ասաց Վազգեն պապս ու հին սովորությամբ մեկեն պարպեց իմ կենացի համար բարձրացված թասը։

      Ես հնձել չիմացա, փոխարենը իմացա, որ հնձվորին էլ, մյուսներին էլ կերտողը գրողն է, թեև ճիշտ է նաև հակառակը։ Մաթևոսյանի Պավլեն վկա։ Ուրիշ հարց, որ Հրանտ Մաթևոսյանի «Ծմակուտը»՝ հնձվորի արժանապատվությունը պահող իր Պավլեով աշխարհը ծմակում թողեց (Պավլե Դավթյան նախատիպի թոռնուհու՝ Նելլի Դավթյան լավ մարդու հետ երկար ճանապարհ ենք անցել ու փութով հաց կիսել)։

Ու հիմա, մանկության լուսավոր հեքիաթի հիշողություններն ու հուշապատառիկներն իմ մտքում՝ Վազգեն պապիս ասած «Ուրիշ գործն» եմ անում։ Ականջումս են Սուրեն հորեղբորս արած «Որսորդ Ավագի պատմությունը»,  Վանաձորի թիվ մեկ պատվավոր որսորդ, լրագրության երախտավոր, Անմոռաց անուն Վալտեր Թորոսյանի որսորդական պատմությունները։ Թորոսյանին մի անգամ Խորեն Գասպսրյանն այլոցից տարբերակելով կնքեց «Ուրիշ մարդ»։  Լրագրային մի նյութում բազմաթիվ ներկաների թվարկված անունների մեջ իր անունը չգտնելով (գրել էին՝ «․․․և ուրիշներ»)՝ Թորոսյանը նեղված եկել ու թե՝ «Բա ես  էդ միջոցառմանը ներկա չէի՞, մի՞թե չտեսա՛ն։ Իմ անունը խի՞ չեն գրել․․․»։

— Նիկողոսի՛չ,  ճիշտ են գրել, ախր դու  Ուրի՛շ մարդ ես․․․, – իրավիճակը փրկելու համար կես-կատակ ասել էր Գասպարյանը։ Բայց ինքն էլ, մենք էլ գիտենք, որ Վալտեր Նիկողոսիչն, իրոք, Ուրիշ մարդ էր։ Ու հիմա էդ Ուրիշ մարդու, լրագրության իմ ուսուցչի  որսորդական պատմությունները «Որսորդ Ավագի պատմության» հետ ականջումս,  շարադրում եմ «Ուլիցերյան պատմվածքի հերոսի» մեկ այս, մեկ այն գլուխը՝ հաճախ ինքս էլ չհասկանալով, թե մտքերի հոսքն ինձ որտեղից ուր է տանում։ Կարծես հասկանում եմ, թե ինչու Աննա Կարենինայի ինքնասպանությունն այդպես հանկարծակի եղավ կամ թվաց, և ինչու Մարկեսն այդքան դժվարությամբ խաղաղ մահվան հասցրեց Գնդապետին ու կնոջ հետ հեկեկաց։