ԹՂԹԱԴՐԱՄԻ ԵՐԿՈԻ ԿԵՍԸ
Ծանր հրետանին երկու կողմից միաժամանակ ու անընդմեջ էր աշխատել, և թափվող արկերի տարափից հողը խոցոտվել էր, փոշին բարձրացել երկինք, փակել արեգակի երեսն ու իջել նստել գետնատարած զինվորների վրա, և կամավորական Մհերը հստակ լսել էր այրվող ծառի ճիչն ու արկերի հարվածներից տնքացող հողի հառաչը, և ծխից ու փոշուց աչքերն արցունքակալել, սիրտն անկանոն էր բաբախել…
Ինքը՝ առաջին դասարանցի Մհերը, սիրահարվել էր դասվար ընկեր Անիկին, և ոչ միայն նրա համար, որ ընկեր Անիկը քաղաքավարի էր խոսում և դպրոցի ամենասիրուն ուսուցչուհին էր, այլ նրա համար նաև, որ հայերենի բոլոր տառերը գիտեր, և ամեն անգամ, երբ կարմիր ներկած շրթունքները ետ գնում, ճեփ-ճերմակ ատամների արանքից դուրս էր թռչում այբուբենի հերթական տառն ու օդում սավառնելով հասնում վերջին նստարաններին, և, երբ երկտարեցի Սեթոյի բերանում չարչրկվում էր «ռ» տառը, և Ռուբենը դառնում էր Ըռլուբեն, ծիծաղի ալիքն անցնում էր նստարանից նստարան, և ընկեր Անիկը ժպտալով լռեցնում և պատմում էր մի երեխայի մասին, որը փոքր տարիքում նույնպես կակազել է, բայց հետո հայտնի դերասան դարձել, ինքը՝ առաջին դասարանցի Մհերը, պատկերացրել էր ծափերից թնդացող դահլիճի բեմում խոնարհումներ անող իր ընկեր երկտարեցի Սեթոյին, և ընկեր Անիկին ու Սեթոյին հավասարապես կարոտել, իսկ հրետանին շարունակել էր կրակ թափել, և խոցվող հողի տնքոցը խլացրել էր Սեթոյին ուղղված ծափողջույնները, ու բարձրացած փոշու ամպի միջից Մհերին էր ժպտացել այբբենարանը կրծքին սեղմած ընկեր Անիկը, որովհետև ինքը՝ Մհերը, երբ արդեն սովորել էր այբուբենի բոլոր տառերը, հավաքել էր հայրենիքից իրենց գյուղ հասած կոնֆետների հայատառ թղթերն ու բաժանել ընկերներին, որպեսզի կոնֆետի հայատառ թղթերը որպես էջադիր օգտագործեն, իսկ իր էջադիրն իր հեծանիվի հետ փոխանակած Հայաստանի Առաջին Հանրապետության հիսուն ռուբլիանոց թղթադրամ-մասունքն էր, որով էջադրում էր արցունքն աչքերին կարդացվող հայ պատմավեպերը, որովհետև ինքը Պապ թագավորի հետ սրախողխող լինողն ու Արշակ թագավորի հետ խաբեությամբ գերեվարվողն էր, Ավարայրում մարտնչող Հայոց այրուձիի մի հեծյալն ու նաև Սասունի սարերում զենքի վրա ֆիդայի երդվողն էր, իսկ հրետանային պատրաստությունը կավարտվի, և գունդը գրոհի կգնա, իսկ իր ծոցագրպանում Հայաստանի Առաջին Հանրապետության հիսուն ռուբլիանոց թղթադրամ-մասունքի մի կեսն է, որովհետև կամավոր գրվելուց թղթադրամը կիսել, մի կեսը տվել էր Նանեին և խոստացել, որ կվերադառնա, ու կմիացնեն կիսված թղթադրամի երկու կեսերը, կշրջանակավորեն, կփակցնեն իրենց տան պատին և այլևս երբեք չեն բաժանվի, և երկուսով Մհերի ճակատ մեկնելու գիշերը, մինչև լուսաբաց, նստել էին զբոսայգու իրենց նստարանին, և այգաբացին ծառերի սաղարթներում արթնացող թռչունները սիրերգ դայլայլելով ճախրել էին նրանց գլխավերևում, թևիկներով հպվել գիրկընդխառն նստածներին: Մհերը երանությամբ ժպտացել էր, իսկ հրետանու ոռնոցն ահագնացել, խլացրել էր դայլայլող թռչունների սիրերգը, ու նրանց ճախրն ընդհատած արկը հողը տարել Մհերի տակից, իրեն բարձրացրել վեր, նետել էր ջերմախտով բռնված հողին, և բարձրացած փոշին ծածկել էր գեղգեղող թռչուններին, զբոսայգու իրենց նստարանն ու ծառուղով ընդառաջ վազող Նանեին, իսկ կիսամութ եկեղեցում այրվող մոմերի մլմլոցն էր և ինչ-որ հեռուներից լսվող հոգեհանգստյան կարգ կատարող քահանայի անկիրք երգեցողության կցկտուր հնչյունները, և Նանեն եռագույն դրոշով հարդարված դագաղի գլխավերևում, շրջապատին անհաղորդ ու լուռ, աչքը Մհերի ժպտացող դեմքին, իրար էր միացրել կիսված թղթադրամի երկու հավասար կեսերը, և եկեղեցում լռությունը խնկաբույր էր:
ԱՐՄԵՆԱԿԻ ԿՈՃՂԸ
Նվիրում եմ բանաստեղծ ընկերոջս՝ բազմանդամ ընդանիքի հայր Հ. Հ.-ին
Ձյունը երեկվանից սկսվել ու մեծ փաթիլներով է գալիս, իսկ ժամանակ առ ժամանակ մոլեգնող ձնաբուքը գալարվում, սուլելով գալիս հարվածում է շտապօգնության միհարկանի շենքի պատուհանին, հետ նահանջում և խրձերով ձյունը թափում բակում կայանած մեքենայի վրա, իսկ կանչը շտապ է, ջերմողը` ամսական երեխա, և մեր ձյունածեծ մեքենան առանց հապաղելու շարժվում է կանչի հասցեով, իսկ փողոցից կանչի հասցեն տանող ճանապարհը ձյունն արգելափակել է, և ես դեմից, դեղերի պայուսակը ուսից կախ բուժքույրս` հետևից, մինչև ազդրերս ձյունը ճեղքելով ենք առաջանում, իսկ կանչի տունն ընդարձակ է, չորսբոլորը ջերմություն սփռող վառարանում այրվող փայտի ճարճատյունը` հոգեհմա, իսկ ես ու բուժքույրս` դռան շեմին ձյունակոլոլ, և սեղանի շուրջ նստածներն ու սեղանի վերևը հանդիսավոր բազմած տան մեծ մայրը` ադեն, խղճահար են մեզ նայում, իսկ օրորոցը ննջարանում է, ջերմության մեջ այրվողը` լույսի կտոր, և ես հիվանդությունն ախտորոշում ու նայում եմ երիտասարդ մայրիկին, իսկ նա, թեկուզ անպայման է, որ երեխային բերելու է հիվանդանոց, բայց խնդրում է, որ այդ մասին մեծ սենյակում բոլորին ասեմ, և ես ննջարանից դուրս գալիս ու անհասցե հայտարարում եմ, որ վիճակը ծայրահեղ ծանր է, հիվանդանոցային բուժումն անվիճելի, և սեղանի շուրջ նստածների հարցական հայացքներն ինձանից միահամուռ տեղափոխվում են ադեի վրա, և, երբ ինքը փառահեղ գլուխը դրական է շարժում, բոլորը, նրանց հետ նաև ես, թեթևացած շունչ ենք քաշում, և բուժքույրս, դեղերի պայուսակը ուսից կախ, առջևից ես, երեխայի մայրն ու բարուրը գրկին հայրն էլ հետևից, մեր քիչ առաջ բացած ճանապարհով իծաշարուկի ենք գնում դեպի մեքենան, իսկ տան մուտքի դռան բացվածքում կանգնած, մեզ բարի ճանապարհ մաղթողների մեջ ադեն չկա, որովհետև ինքն իր ասելիքն ասել ու սեղանի գլխին հանդիսավոր նստած է մնացել, իսկ մեքենայի դիմապակու խոզանակները նույնիսկ վերջին արագությամբ չեն հասցնում մեծ փաթիլներով թափվող ձյունը մաքրել: Ձնաբուքը սաստկանում է, իսկ ես մտորումներում աչքերս փակում և շատ վաղուց պատահած ու մինչև հիմա պատմվող` Արմենակի կոճղի պատմությունն եմ հիշում. ուրեմն, Պետանի Ալեն`Արմենակի հայրը, ոսկեձեռիկ հյուսն, համբավավոր տկզար ու նաև խոսքաշեն մարդ է եղել, և գյուղացիք քաղաքից եկած բանահավաքին միակամ նրա դուռն են ցույց տվել՝ նախապես զգուշացնելով, որ ինքը` Պետանի Ալեն, անվարձահատույց խոսողներից չի, և բանահավաքը նրա մոտ մի տուփ թեյի կոնֆետով է գնացել։ Ալեն կոնֆետի նախշազարդ տուփը զննողաբար նայել, շուռումուռ տվել, ձեռքում ծանր ու թեթև արել, երկու-երեք առած ասել, լռել և, ի պատասխան քաղաքից եկած բանահավաքի հարցական հայացքի, ասել է՝ «Երկու կտավատ ես բերանս նետել, ծափը[1] դրել տակս, կուզես որ մեջը լիքը ձեթ լցվի՞»։ Էս խոսքի վրա բանահավաքը մատը կծել ու գյուղից բավարարված է գնացել, իսկ Պետանի Ալեն շարունակել է հարսանիքներին տիկ նվագել, գյուղացոնց համար դուռ-պատուհան սարքել, բոլոր երևույթներն առածներով ու ասացվածքներով մեկնաբանել և միտքն ու խելքը տեղը խոր ծերության հասել, ու, երբ ժամը եկել է, ինչպես բոլոր մահկանացուները, ինքը նույնպես հրաժեշտ է տվել էս աշխարհին, և, չնայած, Արմենակ որդին օրինաց կարգով, տեղը տեղին թաղումն արել, յոթն ու քառասունքը տվել, քարն էլ է վրան քաշել, բայց հոգին չի խաղաղվել, որովհետև ամեն տուն մտնելուց հոր թափուր մնացած տեղին նայել, տունը լքված ու ամա տեսել, սիրտը ցավից կծկվել է․ «Տան լիությունն ու հաջողությունը տան մեծն է, տան քյոթուկը» ասելով գնացել անտառ, մի ընկած դարավոր կաղնի գտել, բունը կտրել, երկու զույգ եզների լծասարքով արմատախառն քաշել, բերել, տան մեջտեղը դրել, Փառան կնոջն ու երեք որդիներին կանչել, ասել է. «Ամեն տան մեջ մե քյոթուկըմ պիտի ըլլի, օր տան բարաքյաթը չկտրվի»։ Գյուղացիք այս առթիվ գլուխները տարուբերել, ասել են. «Ալեի պես հայր կորցնելուց հեչ էլ զարմանալու չէ քիչըմ պակսեցնելը», և Արմենակի կոճղի պատմությունը բերնեբերան փոխանցելով լեռներն անցել, հասել սարի էն կողմի գյուղերը, և ամենքն ամենուր Արմենակի կոճղի պատմությունն ըստ պատմողի երևակայության էին գունազարդել, և գյուղացիք զանազան պատրվակներով գնացել էին Արմենակի տուն, որ կոճղն իրենց աչքով տեսնեն և եղելությունը ուրիշներին որպես ականատես պատմեն, իսկ երբ դուռ-դռան հարևան Սահակ տացուի բահի կոթը իսկապես էր կոտրվել, և նա ընդամենը գործն ավարտելու համար էր եկել Արմենակի բահը խնդրելու, ինքը` Պետանի Ալեի տղա Արմենակը, դուռը լայն բացել, «Արի, Սահակ տացուս, աշե, էն է հորս փոխնակ քյոթուկը» ասելով էր ներս հրավիրել, և Սահակ տացուն երդիկից ընկած լույսի փնջի մեջ չոր կոճղը կանաչ շիվերով ծլարձակած տեսել, ասելիքը բերանում մոլորվել, հետընթաց քայլքով էր դուրս եկել, և Արմենակի կոճղի հրաշքը աշխարհով մեկ էր արել:
Շտապօգնության մեքենան ձյունածածկ փողոցները հաղթահարելով վերջապես եկել հասել հիվանդանոց և կանգնել է ընդունարանի մուտքի առաջ։ Ես հուշերիս հորձանուտից վերադարձել և անավյուն սեղմել եմ խռխռացող ռադիոկապի կոճակը, քնատ կարգավարը միալար ու տաղտկալի ձայնով թելադրոււմ է հերթական կանչի հասցեն, իսկ քամին հանդարտվել է, և շուրջբոլորը ճեփ-ճերմակ անեղծություն է։
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԿԱՏՈՒՆԵՐԻ ՈՒ ԵՐԵՍՓՈԽԱՆԻ ՄԱՍԻՆ
Արվեստանոցիս պատկից ավտոտնակի տանիքում ապրող կատուները մուկ չեն բռնում և մոտակա աղբանոցը չեն գնում կեր հայթայթելու, իրենք դատարկ փորիկներով պարզապես լուռ մեկնվում են տանիքի՝ արևից տաքացած շիֆերներին, և այս եդեմական լռությունը խախտվում է, և սկսվում դժոխային վայնասունը միայն այն ժամանակ, երբ տոպրակը ձեռքիս դուրս եմ գալիս մուտքից, և կատուներն իրար հրմշտելով տանիքից ցատկում, գալիս են ինձ ընդառաջ, շուրջբոլորս պտտվում, քսվում ոտքերիս, պոչերը տնկած, ետ-ետ նայելով ինձնից առաջ ընկած, վազում, կանգնում, մի անգամ էլ ետ նայում, հավաստիանում, որ այլ ուղղությամբ չեմ գնում, բարձրանում են տանիքը, դիրքավորվում կերակրամանի շուրջն ու շարունակում բարձր ու աղեկտուր մլավել, և, երբ վերջապես տոպրակի պարունակությունը լցնում եմ կերամանը, լռում են, և սկսվում է կատվային մեծ խրախճանքը, և ավարտելուց ագիների վրա ինքնագոհ նստում, ուղիղ նայում են աչքերիս: Եվ ես լալկվում եմ, որովհետև կատուների աչքերը մարդու աչքերից ավելի խոսուն են, նրանցում այնպիսի անսահման շնորհակալություն, ջերմություն, սեր ու հավատարմություն եմ տեսնում, որ մարմնովս սարսուռ է անցնում, և ես ամաչում եմ ինքս ինձնից, որովհետև ընդամենն իրենց մեր սեղանի մնացորդներն եմ տվել, և ակամա մտաբերում եմ օրը հազար անգամ ցուցադրվող նախընտրական տեսահոլովակները, նամշած մակարոնով ու կծված ձեթով տոպրակները գրկներին, ամա աչքերով տեսախցիկին նայող ընտրողների՝ բարերար կուսակցապետին ուղղված անկիրք ու անկենդան երախտիքի խոսքերը և մտածում, որ, եթե այս անտուն կատուների երախտապարտ համայնքը ընտրելու և ընտրվելու իրավունք ունենար, իրենցից մեկին չէ, ինձ կընտրեր, և ես կհայտնվեի պառլամենտում ու ժամանակ առ ժամանակ լուրջ, շատ լուրջ կեցվածքով կբարձրանայի երկրիս համար մեկ ամբիոնը, օրինակի համար մի երկու անգամ կհազայի, քննախույզ աջ ու ձախ կնայեի, խոսափողը կհարմարեցնեի ոչ այնքան երանելի հասակիս և, արժևորելով կատուների դերն ու նշանակությունը մեր կյանքում, հատկապես, վերջերս մկների ակտիվացման ֆոնին, ի պաշտպանություն կատուների ոտնահարված իրավունքների սրտակեղեք ճառ կասեի և ինքնագոհ կիջնեի ամբիոնից, և կատուներն իմ խոստացած երանելի ապագայի սպասումում կշարունակեին պառկել ավտոտնակի՝ արևից տաքացած տանիքին, իսկ մկները կշարունակեին ասպատակել արվեստանոցս ու մաս-մաս կկրծոտեին բնանկարներս, և մի օր կպարզվեր, որ այլևս ոչ մի բնանկար չունեմ, որովհետև նկարչից վերածվել եմ ճառասացի, և ես ու տանիքի հուսախաբ կատուները մեղավորի փնտրտուքում խղճահար իրար կնայեինք ու կզարմանայինք, թե այս ամենն ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ: Վերջ… Հա՞ որ…
ՊԱՏԵՐԱԶՄԸ, ԵՐԿՐԱՊԱՀ ԳԵՂԱՄՆ ՈՒ ՀԵՏԱԽՈՒՅԶ ՌՈԲՈՏԸ
Նեղ պատուհանով գավառական քաղաքի կենտրոնական փողոցին նայող «Վարպետ Գեղամ» ցուցանակով փայտաշեն արհեստանոցի մակերեսն ընդամենը յոթ քառակուսի մետր էր՝ պատերի տակով մինչև առաստաղը լցված կենցաղային տեխնիկայի հնէաբանական նշանակության նմուշներով, իսկ կենտրոնում՝ աշխատանքային սեղանի առաջ նստած երկրապահ կամավորական Գեղամը հետախույզ ռոբոտի գծագրերին նայել, մտովի պատկերացրել էր, թե ինչպես է իր հավաքած ռոբոտը հաղթահարում քարքարոտ բարձունքն ու հայտնվում թշնամու թիկունքում, ինքնագոհ ժպտացել, հրճվանքով նայել փողոցով անցնող-դարձող մեքենաներին, զմայլվել ճեմասահ զբոսնող կանանց կիրք ճառագող հոլանի թևերով, իսկ նրանց կողքով անցնելիս ընթացքը դանդաղեցնող մեքենաների պատուհաններից դուրս հորդող երաժշտության կցկտուր ելևէջները նեղլիկ պատուհանից թափանցել արհեստանոց, շոշափել վարպետ Գեղամի լսողությունը և մարել էին անկանոն թափված կենցաղային տեխնիկայի փոշեկոլոլ կույտերում։
Քաղաքը վայելում էր սպասվող ամառային տապ օրվա վաղ առավոտյան հոգեթով զովությունը:
Վարպետ Գեղամը՝ միտքն անցյալի բավիղներում, աչքերը փակել ու ետ էր ընկել անվավոր բազկաթոռին, և ճակատին տարաժամ հայտնված կնճիռները թրթռացել էին։
Սարերի ուսին նստած գորշ ամպը ծագող արեգակի ճառագայթներից նոր էր երփներանգ շառագունել, և ջոկատը նախապատրաստվում էր գրոհի, իսկ Տիգրանն ու Հակոբը գնացել էին հետախուզության, և, երբ հետախույզների վերադարձի սպասումի լռությունը խախտող մոլորված ծղրիդի երգը հանկարծահաս ընդհատվել էր հակառակորդի դիրքերից հնչած ինքնաձիգի կրակահերթերով, ջոկատն անցել էր գրոհի, և նրանց դիրքերի մատույցներում Տիգրանն ու Հակոբը մեջք-մեջքի էին ընկած, և նրանց զենքերի տաք փողերն իրենց արյան լճակում էին, հրամանատարը ծնկի իջել և դողացող մատներով նրանց աչքերն էր փակել, որ նրանք իրենց աչքերի խոնավանալը չտեսնեն, իսկ Սերոբի անզուսպ ճիչն ու ինքնաձիգի կրակահերթը թրատել արնահոտ օդն ու ծագող արևին ժպտացող սարերին բախվելով վերադարձել ու լցվել էին տղաների ունկերն ու մակարդվել երակներում։
Վարպետ Գեղամի կոկորդում ինչ-որ բան էր լռվել, և փորձում էր աչքերը ողողած արտասուքի հետ կուլ տալ, և ինքը՝ երկրապահ Գեղամն անպայման պիտի հետախույզ ռոբոտ հավաքի, որովհետև Տիգրանն ու պատանի Հակոբը նրանց դիրքերի մատույցներում բաց աչքերով էին ընկած, իսկ պայծառ երկնքում հայտնված ամպն էլ եկել ծածկել էր արեգակի երեսն ու ճարճատող կրակահերթերում մոլորվել էր ծղրիդի լուսաբացի երգը, իսկ վարպետ Գեղամի յոթ քառակուսի մետր մակերեսով արհեստանոցի շեմին կանգնած հաճախորդի հեռուստացույցը խափանվել է, ինքը հետախույզ ռոբոտի բոլոր մասերը հայթայթել է և վերջնական տեսքի բերելուն ընդամենը մի տեսախցիկ է պակասում՝ թեկուզ էժանանոց, որովհետև, եթե փորձարկումը հաջող անցնի, անպայման փողատեր հովանավորներ կհայտնվեն, չեն կարող չհայտնվել, իսկ հակառակի պես խափանված հեռուստացույցի տիրոջ դուռ-դռան հարևանը «Դ» վիտամինի ետևից ծով է գնացել, մինչդեռ էսօր ամիսներ շարունակ ընթացող սերիալի վճռական պահն է, որովհետև երեկոյան կամ դատավորի պատանդառված դաշնակահար աղջկա մատնեմատը կկտրեն և կուղարկեն դատավոր հայրիկին, կամ դատավորը արդարացման վճռով դատարանի դահլիճից ազատ կարձակի նրանց ծուռբերան ընկերոջը, բայց չէ՜, դատավորի աղջկա փեսացուն երեկ ոնց-որ թե հայտնաբերել էր նրանց թաքստոցը և մինչև դատը սկսվելը կազատի աղջկան, ինչպես անցյալ տարվա սերիալում եղավ, և տղան ու աղջիկը երկար կհամբուրվեն, ու ամեն ինչ բարեհաջող կավարտվի, իսկ երկրապահ Գեղամի կռիվը երբևէ չի ավարտվի, որովհետև պատերազմները սկսվում են մի անգամ և այլևս չեն ավարտվում, ընդամենն ընդմիջվում են, որպեսզի նորից ու ավելի դաժան սկսվեն, և ինքը՝ երկրապահ Գեղամը, իր յոթ քառակուսի մետր մակերեսով արհեստանոցում հետախույզ ռոբոտ է ուզում հավաքել, որովհետև Տիգրանն ու պատանի Հակոբը զենքը կրծքին սեղմած, մեջք-մեջքի, բաց աչքերով էին ընկած, իսկ ծղրիդի լուսաբացի երգն էլ մարել էր նրանց արյան լճակում:
Իսկ քաղաքի հոգեթով առավոտը շտապում է դեպի շոգ կեսօր, և մայթեզրի թխկենու ստվերում մի աղջիկ ու մի տղա, առավոտ կանուխ, իրար միաձուլված էին համբուրվում:
Սկսվում էր լեռների գրկում ծվարած քաղաքի հերթական օրը::
ԿԱՊՈՒՅՏ ԱՆՄՈՌՈՒԿՆԵՐ
Գյուղացիները Ծառզարդարին Ծառծաթար էին ասում, իսկ Խունկիանոս քահանան չկար, որ ուղղեր, և հարսնացու աղջիկներն էլ Ծառծաթար ասելով շարունակում էին փաթուսխա կտորից թաշկինակներ ասեղնագործել, որ Ծառզարդարին երգ ու պարով իրենց տեսության եկած փեսացուների տան պստիկներին նվիրեն, որ սրանք հպարտ-հպարտ քիթները սրբեն ու ասեն՝«Հարս֊քուրիկն է նվիրել», իսկ այրի իրիցկինը Ծառզարդարի օրը մտնում էր մարագն ու աչք-ականջից հեռու ողբում անհայտությունում մնացած տեր հորը, ալրահամ գոգնոցով սրբում ջրակալած քիթ-բերանն ու գունդուկծիկ ընկնում մարագի հողե հատակին:
Այդ օրը լույսը նոր էր բացվել, և տեր Խունկիանոս քահանային տանելու երեք հոգով էին եկել, գեղականներին հավաքել եկեղեցու բակում, քահանային ծունկի իջեցրել, մորուքը մասսայական խուզե՜լ, և ստիպել էին, որ յոթ անգամ բոլորին լսելի կրկնի. «Աստված չկա», հետո եկեղեցու դուռը կողպել, բանալին դրել գրպաններն ու գնացե՜լ էին, իրիցկինը վազել տուն, մարագի դռան սողնակը ներսից գցել, ամրությունը ստուգել և սկեսրայրի՝ Տեր Եղիշե քահանայի՝ Էրզրումից, գաղթին շալակով բերած ձեռագիր «Նարեկ»-ն ու նկարազարդ Աստվածաշունչը չէր մոմապատել ու հողին պահ տվել: Չէր վստահել: Մարագի մի անկյունում կրակ արել, կրակին էր տվել և բոցկլտացող խարույկի դեմը նստել ու երկինք ձգվող և կես ճամփին մարող ամեն մի բոցի հետ երեսը խաչակնքել, մեղա էր եկել, իսկ Էրգրից բերած զանգը եկեղեցու գմբեթից իջեցրել, տարել էին դպրոց, և հիմա տարիներով, թե դարերով ժողովրդին պատարագի կանչող զանգի ղողանջները գյուղի դպրոցում դասերի սկիզբն ու ավարտն էին ավետում, իսկ հարկադրաբար Աստծուց ու եկեղեցուց հրաժարված ու անարգված Խունկիանոս քահանան մարդկանցից խուսափել, երկնամերձ սարերում ծաղկաբույր հովիկների, տավարի կոշտ շրթունքներով պռճոկվող կանաչ խոտի կռթոցից և ծաղիկ-ծաղկաստանի հովվերգական հմայքից արբեցած ավելուկի թփերի մեջ՝ մեջքի վրա, աչքը իրար վազանցող ամպերին, բարձրաձայն գոհություն էր հայտնել Աստծուն, որ եկեղեցու զանգը չէին տարել փամփուշտ ձուլելու, և քամին, թե մոտակայքում արածող կովերից մեկը հասցրել էր իր տիրոջը, տերն էլ իր տիրոջը, և հայրենիքի ռազմական հզորությանը հակա և ժողովրդի ուղեղը կրոնի հաշիշով ախտահարելու մեղադրանքով այլ հակաների ու միջազգային ահաբեկիչների հետ մի ոտքի տեղով հայտնվել էր Սիբիր գնացող վագոնում, իսկ իրիցկինն ամեն առավոտ նայել եկեղեցու զանգազուրկ գմբեթին, վախվորած մի քանի անգամ խաչակնքվել, Երկնավորից մեղքերի թողություն խնդրել, մտել մարագը, խոնարհվել խարույկի այրված հողին և բարձրաձայն ու արցունքառատ լաց էր եղել, իսկ կարգալույծ քահանա Խունկիանոս Ափոյանի Տիրոջից օգնություն հայցող աղոթքները խճճվել էին աքսորավայրը երիզող փշալարերում, և հոգևոր ու մարմնական տառապանքից հյուծվել, ու աքսորականների գերեզմանատանը ավելացել էր ևս մի անանուն շիրմաթումբ, և անձրևն ու ձյունը ծեծել, հյուսիսային քամիները լիզել, անանուն շիրմաթումբը հավասարեցրել էին հողին, իսկ գյուղը շարունակում էր արթնանալ նախրապան տիրացու Վասակի «Հե՜յ-հե՜յ, տավարը քշեք նախրքա՜շ» հրահանգով, իսկ հարսնացու աղջիկներն էլ Ծաղկազարդին Ծառծաթար ասելով շարունակում էին նվեր թաշկինակների չորս անկյուններում կապույտ անմոռուկներ ասեղնագործել:
ՊԱՊ, ԵՍ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՄ
Գյուղի մեր անձուկ փողոցն ամայի է, և փոցխն ուսին ու բահը թևատակին այս ու այն կողմ աճապարողներ չկան, արդեն իրիկնացել է, բայց արոտից վերադարձող ոչխարի հոտին խառնվող գառների ու մայր ոչխարների իրար կանչող և գյուղի մեղմանուշ երեկոյի անդորրը խախտող սրտաճմլիկ մայունը չկա, պրկված պտուկներից ինքն իրեն հոսող կաթից անհանգիստ, գլուխը գոմի դռան շեմին քսելով օգնություն մզզացող Նարգիզ կովին`«եկա, եկա, Նարգիզ ջան» ասելով, խաբի փայտիկը դույլի մեջ գոմ շտապող, «ջան, ջան» ասելով կթող ու կաթը հարևան Սինամին խաբ տանող Էրաննու աբան ու առավոտ ծեգին թոնիրը վառող, լավաշի առաջին բացը թոնրի շրթին խփելուց առաջ, իբրև թե թխվող գաթայի հոտը երդիկից դուրս գալու և հարևանների ախորժակ-նախանձը գրգռելու համար կրակին մի պտղունց արդար յուղ գցող Քյալենց «հնարամիտ» հարս Շայրիստանը չկա, իսկ էն Սլո Զավենենց բոստանի պատի տակի նստարանի փայտն էլ կանաչ մամռով է պատվել, որովհետև վրան նստող, իրենց աղջիկ ժամանակվա բոյ-բուսաթով լինելը հիշող, սմքած մամիկներն ու, նաև, փողոցով անցնող տղաներին վարագույրի արանքից ծիկրակող դեռահաս աղջիկներն ու հոսանքի լարերին նստած սարյակներին պարսատիկով անհանգստացնող չարաճճի մանչուկներն էլ չկան, և ես, փողոցի ամայությունը հաղթահարելով, մոտենում եմ մեր տանը։ Բակի սալաքարերի արանքից եղինջը դուրս եկել ու բակով մեկ է եղել, ես եղինջի թփերը շրջանցելով հասնում մուտքի դռանը, կարոտով շոշափում եմ ժանգից սևացած կախովի կողպեքը, իսկ բանալին առաջվա պես դռան շրջանակի կողափայտին` հորս խփած մեխին է, և տարիների անգործությունից ժանգած ծխնիների ճռռոցից դռան վերևը` պատշգամբի ծածկի տակ բույն հյուսած ծիծեռնակները բնից թռնում, նստում տանձի ծառին ու վախեցած են ինձ նայում, իսկ մեծ սենյակի դիմացի պատի նկարի վրա սարդը ոստայն է հյուսել, ու միջից ինձ ժպտացողը չորս որդիներ մեծացրած Բաթիկ պապս է, և ես ինքնաբերաբար փայտե աթոռակը քաշում, ուղիղ դեմն եմ նստում, և մենք երկար իրար նայում ու լռում ենք, և ես հիշում եմ` ոնց էր պապս ինձ ձի թամբել ու արորի մաճ բռնել սովորեցնում, և հուզվում, ուզում եմ արտասվել, չի ստացվում, գլուխս կախում, ոտքերիս տակ եմ նայում, իսկ հատակը կեղտոտ է, տանը ավել փնտրում, չեմ գտնում, դուրս գալիս, գնում եմ գյուղամեջ, մոտենում, բարևում եմ խանութի առաջ շուրջանակի կանգնած ծխող ու բարձր վիճող տղաներին, պատասխանում, ինձ հարցական են նայում։ Խանութի դուռը գյուղի հավաքատեղին է, իսկ ես հավաքվածներին չեմ ճանաչում և «ծանոթներս այնտեղ կլինեն» ասելով գնում եմ գյուղի հանգստարանը։ Վրաների գիրը քամուց ու անձրևներից անընթեռնելի
երկու եկեղեցու մանրակերտ հիշեցնող հին շիրմաքարերը թեքվել, ուս-ուսի իրար հենվել ու չեն տապալվել։ Առաջանում եմ, և հղկված գրանիտին անմահացած` ժպտացող, տխուր, մտախոհ, անտարբեր ու նաև ինքնագոհ ծանոթ դեմքեր են։ Բարևում եմ. իր փառահեղ քթով Խաչոյենց Խորենն է. երբ ֆուտբոլի դաշտի համար տարածքի խնդրանքով տղաները գնացել էին կոլխոզի գրասենյակ, ասել էր. «Իսի լածիրակներուն աշեցեք, մայր հողին վրա կուզեն որ բուրթի տշեն», գնդակ չէ, տպավորության համար բուրթին վրացերեն էր ասել։ Այդ տղաների տղաները հիմա ուրիշի դաշտերում են «գնդակ տշում», իսկ մեր ֆուտբոլի դաշտն ամայի է մնացել, քիչ այն կողմ Սուտլիկ Մելոն է, հորս մտերիմներից էր ու երազանք ուներ, որ երբ «մեծ» մարդ դառնամ, գալու է, աշխատասենյակիս դուռը ոտքով բացի ու սպասողների զարմացած հայացքների ներքո փաթաթվի ինձ. ազնիվ, չապականված հոգի։ Սա էլ Խասան Սարգիսն է՝ թևին նշանավոր, գյուղի առաջին մթության մեջ լույս տվող ֆոսֆորապատ թվերով «Պոբեդա» ժամացույցը։ Ժպտում, անցնում առաջ և մոտենում եմ լուրջ, շատ լուրջ լալվարի քարից ինձ նայող Արութիկի Վանիկին, երկու քրոջ թոռներ ու նաև մոտ ընկերներ էինք, ասում էր՝ «Մեր երակներում երկու լիտր ընդհանուր արյուն կա»: Չէր չափել, ուղղակի, պատկերավոր էր ասում։ Հիվանդությունից էր մահացել, թաղման չէի եկել, մեղավոր նայում ենք իրար, և աչքերս խոնավանում են։ Գյուղի տարբեր տարիների ղեկավարների կողքով անցնում, կանգնում եմ գյուղի վերջին ծաղկուն տարիների ղեկավար իմ եղբայր Բորիսի շիրմաքարի առաջ, կարոտից սիրտս ճմլվում է։ Հիշողությունների հորձանուտն եմ ընկնում։ Եվ ես իրեն, թեկուզ ուշացած ու այստեղ, ուզում եմ հարցնել. մեր գյուղի կաթի գործարանը դարն ապրել էր, և նորը կողքի գյուղում կառուցվեց, որովհետև գյուղի մեծերը «հողը սուրբ է» ասելով բարեբեր արտի վրա շենք կառուցելը մեղք էին սեպել, իսկ ինքը կարող էր, բայց չէր համոզել` ինչո՞ւ… Երբ այդ արտերը հիմա անմշակ են մնացել, և կարտոֆիլի կապույտ ծաղիկի փոխարեն սևսիրտ կակաչների կարմիրով ու մոլախոտի դեղինով են ծփում, իսկ մեր գերեզմանոցի այս միակ խաչքարն էլ, ասում են, գյուղից հեռացած ժառանգներից հույսը կտրած, բազմազավակ մայր Քնքուշ մորքուրը կենդանության օրով է պատվիրել և, երբ հոգին ավանդել է, ժառանգներից միայն երկուսը հեռուներից եկել, իր պատվիրած խաչքարն իր վրա դրել ու գնացել են։ Տխուր է։ Էս մեկն էլ գյուղի երբենի ամենասիրուն աղջիկն է, գյուղը չէր սիրել ու քաղաք էր գնացել, իսկ մահվան մահճում կտակել էր, որ աճյունը գյուղ տանեն: Երեխաները կամքը կատարել էին, և գյուղի գերեզմանոցում մի անխնամ շիրիմ էլ էր ավելացել: Շարունակում եմ շրջել և բոլորին հավասարապես մնաք բարով չէ, ցտեսություն եմ ասում, որովհետև գերեզմանոցում, եթե ոչ հողի վրա, ապա հողի տակ լիակատար հավասարություն է, և ես որևէ մեկից տալիք-առնելիք չունեմ և թեթևացած սրտով բաժանվում ծանոթ-բարեկամներիցս ու դրսում հարստացած համագյուղացու միջոցներով լուսավորված ամայի փողոցով, երկու մոլորված շան ուղեկցությամբ, գնում եմ տուն, իսկ մեր տան լույսերն անջատված են, և ես խորդանոցից մորս հին լամպը բերում, չորացած պատրույգը մի կերպ կպցնում, նստում աթոռակին ու պապիս նկարին նայելով եմ ննջում։ Առավոտյան արեգակի շողն ընկնում է վրաս, և ես արթնանում, նայում բեղի տակից երջանիկ ժպտացող պապիս, շշնջում եմ` «Պա’պ, ես վերադարձել եմ»:
Հրաչ Բեգլարյան
ԻՄ ԿՈՂՔԻՆ ՆՍՏԱԾ ՍԵՎԱՄՈՐԹ ԱՂՋԻԿԸ, ՈՐԸ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԵՐ ԻՆՁ ՀԵՏ
Իմ կողքին նստած սևամորթ աղջիկը ոչ մի կապ չուներ ինձ հետ: Նստած էր իր համար և դուրս էր նայում լուսանցույցից: Ամպերը փարվում էին ինքնաթիռի թևին, թեթև հպվում նրան ու փախչում, իսկ աղջիկը դուրս էր նայում: Ես էլ էի նայում ամպերին, ինքնաթիռի թևին էի նայում, մեկ-մեկ երևացող արևին ու ակամայից հայացքս առնում էր աղջկա սևորակ այտին, դեպի դուրս նայող ձախ աչքի ինձ երևացող կեսին, նաև` հանգիստ շնչառությամբ վերուվար անող փարթամ կրծքին: Բայց այդ ժամանակ այդ ամենին առանձնահատուկ ուշադրություն չէի դարձնում, քանի որ այդ աղջիկն ինձ հետ ոչ մի կապ չուներ: Որտեղից էր գալիս` գիտեի: Ասենք չիմանալ չէի կարող, իրար հետ էինք նստել նույն ինքնաթիռն ու գնում էինք նույն տեղը, բայց ինձ ի՞նչ: Ինքնաթիռը դռռում էր անհանգիստ, սկզբում այդ դռռոցն ազդում էր նյարդերիս վրա, բայց հետո մի տեսակ սովորեցի ու հետո, ճանապարհի մեծ մասը, դուրս էի նայում: Եղավ մի պահ, որ փորձեցի աչքերս փակել ու քնել: Հա, բա ի՞նչ, ուրիշ էլ ի՞նչ պիտի անի ինքնաթիռ նստողը, որ մի երեք ժամ մաշի: Գիտեմ, կարելի է գիրք կարդալ, կարելի է խաչբառ լուծել, կարելի է լավ զրուցակից գտնել, կարելի է… վերջապես կարելի է արագ-արագ ծխելու գնալ, եթե, իհարկե, ծխող ես:
Բայց ես ծխող չեմ, զրուցակից չունեմ, գիրք չկա, խաչբառ չունեմ ու աչքերս փակում եմ` իբր քնած եմ: Չէ, ուրիշին խաբելու կամ նրա մոտ քնած ձևանալու հարկ չկա: Ես ոչ ոքի չեմ հետաքրքրում, քանի որ ուղևոր եմ, սովորական ուղևոր, իսկ դա վիճակագրական հասկացություն է:
Թե մոտս թուղթ ու գրիչ լիներ, մի բան կգրոտեի, ինքս ինձ կխաբեի, թե գրում եմ, մանավանդ, որ արդեն երկար ժամանակ է, որ մի կարգին բան չեմ գրել: Ամեն անգամ համակարգչին մոտենալու ձգտումս ջարդուփշուր է լինում էությունս պատած ծուլությանը հանդիպելով: Չգրելու հազարումի պատճառ կարելի է բերել, մանավանդ, որ թուղթ ու գրիչ չունեմ ու աչքերս փակ մշշացնում եմ` քնած եմ իբրև: Առաջ ոչ միայն ինքնաթիռ, այլ նույնիսկ մեքենա նստելիս էի քնում: Այդպես հարմար էր. համ ժամանակն էր աննկատ անցնում, համ հանգստանում էի, համ էլ շրջապատից կտրվելու հարմար միջոց էր:
Իսկ կողքիս նստած աղջիկը նայում է դուրս ու ոչ մի կապ չունի ինձ հետ: Ասենք կարելի է զրույցի բռնվել, բայց արժե՞ ժամանակը փչացնելու համար կոտրտված անգլերենով ինչ-որ բաներ փորձել բացատրել, թե գիտես, ես գրող եմ ու վեհաժողովի մասնակցելու եմ գնում: Ասենք, եթե ես այդ հավաքին չմասնակցեի, համաշխարհային գրականությունը կտուժե՞ր, թե՞ ընթերցողը բերանը բաց սպասում է, թե երբ պիտի մի բան գրեմ, որ թարգմանեն աշխարհի բոլոր լեզուներով ու ինքը՝ կարդալով, ստանա իր բազում հարցերի՝ մինչ այժմ չստացած պատասխանները:
Լուսանցույցից անդին սագի փետուր ամպեր են:
«Սագի փետուրն» իմ արտահայտությունը չէ: Թեթև, փախչող ու անանձրև ամպերին այդպես էր անվանում Էթերը: «Սագի փետուր են,- ասում էր,- թեթև, հանգիստ, անդարդ: Մարդ կարողանար սանձել դրանք ու թռչել երկնքով»։ Բայց Էթերը նույնպես հիմա կարծես թե կապ չունի ինձ հետ: Էթերը վաղուց է եղել իմ կյանում ու չգիտեմ` հիմա կա՞, ապրո՞ւմ է աշխարհում, թե՞… Ասենք ի՞նչ կարիք կա հազար տարի առաջվա բուրդը գզել: Եղել է… Քի՞չ բան է լինում մարդու կյանքում: Կողքիս նստած աղջիկն, օրինակ, իրական է, իսկ Էթե՞րը: Էթերը հիմա անիրական է, և գրողների միջազգային համաժողովում նրա մասին ոչ ոք չի հարցնի ինձ: Ասենք, եթե չգնամ էլ, ոչ ոք պակասս չի զգա: Մի գրող ավել, մեկը` պակաս: Հայտնի լինելու համար Աստված պիտի մատը ճակատիդ դնի, թե չէ՝ ինչքան ուզում ես վիզդ ձգիր, միևնույն է քեզ նկատող չկա: Արագության դարում ենք ապրում, ու ոչ ոք ժամանակ չունի ուրիշի գրածը կարդալու:
Ամուր սեղմում եմ կոպերս, ցանկանում կենտրոնանալ այդ մեծ ու լուսավոր քաղաքում ինձ սպասվող հանդիպումների վրա, բայց կոպերիս տակ է մտնում Էթերը՝ իր մի քիչ կծվահոտ օծանելիքով: Չեմ ցանկանում հուշերիս սանձը բաց թողնել: Որ ի՞նչ: Ես վաղուց պայքարում եմ սեփական անձիս դեմ, ցանկանալով իմ հիմար երևակայական աշխարհը ջնջել ու դառնալ քսանմեկերորդ դարի պրակտիկ մարդ: Բայց ինչ էլ որ անում եմ, չի ստացվում: Չի հաջողվում պրակտիկ ու գործնական դառնալ, չի հաջողվում հուշերից ազատվել ու աշունը գալիս, մտնում է կոպերիս տակ:
Աշունը լացը զսպող երեխա էր այդ օրը: Չէր ցանկանում լաց լինել, բայց ինչ էլ որ անում էր, չէր ստացվում ու թոնթորում էր: Լալիս էր մի քիչ, հետո փորձում էր ծիծաղել ու էլի չէր կարողանում: Մեծ ճանապարհի վրա իմ կանգնեցրած մեքենայի մեջ ամուսիններ էին, որ զրուցում էին մեղմիկ: Ինչ-որ հարցեր էին քննարկում, խոսում ընտանեկան հոգսից, աշնան արդեն մեղմված արևին էին նայում և ինձ հետ խոսելու ժամանակ ու ցանկություն չունեին: Ես դպրոցում վեց ժամ դաս էի պարապել, հետո պատահական մեքենա էի նստել, որ ժամ առաջ հասնեմ Երևան: Պիտի գնայի Երևան, գործերս ավարտեի, հետո գիշերային գնացքով վերադառնայի գյուղամերձ կայարան, ոտքով կտրեի ամայի դաշտը և գիշերը քնեի, առավոտյան նորից դպրոց գնալու համար:
Ամուսինները զրուցում էին և ինձ վերցրել էին կամ մի երկու կոպեկ փող աշխատելու համար, կամ էլ սոսկ մարդասիրություից դրդված: Աշունը հաճելի էր. արևը կիրքը շիջած սիրող կին էր այդ օրը: Կիրքը թողել էր յոթ երկինք այն կողմ ու միայն կանացի փափուկ հոգատարությունն առած շոյում ու շոյում էր թիկունքս: Կինն ինչ-որ բան էր պատմում ամուսնուն ու ամուսինը ժամանակ առ ժամանակ մնչոց էր հանում: Համաձա՞յն էր կնոջ ասածին, թե ոչ, չէի հասկանում: Ես ականջի ծայրով էի լսում նրանց զրույցն ու մտքիս մեջ Էթերն էր: Թափանցիկ, քնքուշ հայացքով, որ երբեմն կոշտանում էր ու աչքերի մեջ սատանաներ էին խաղում: Ես և՜ սիրում, և՜ վախենում էի նրա աչքերի մեջ ժամանակ առ ժամանակ հայտնվող սատանաներից: Էթերը… Էթերն ասում էր մենք իրար սիրում ենք, բայց մեկ է, իրար հետ չենք լինելու: Դա ինձ զայրացնում էր, իսկ նա կապկում էր, թե ես ինչպիսին եմ լինելու ասենք վաթսուն տարեկանում: Լավ էր կապկում: Ասենք չէր կապկում, նրա խորքերում հաճախ արթնանում էր դերասանն ու կյանքը նրա համար վերափոխվում էր բեմի: Եվ այդ ժամանակ նա ավելի հմայիչ ու հետաքրքիր էր դառնում:
Ես աչքերս փակել եմ ու ուզում եմ մի քիչ, գոնե մի քիչ ինձանից հեռացնել Էթերին, ուզում եմ չլսել կնոջ տնավարի, մեղմ զրույցը, որ կարծես թե ոչ մի պարտադրանք չունի ամուսնու համար: Մեքենան դռռում է հանդարտ, աշնան արևոտ ճանապարհի վրա ճոճվում և քունը փաթաթվում է ինձ:
Վեր եմ թռչում անսպասելի հարվածից: Ինչ-որ կրճտոց է լսվում և աչքերս բացում եմ ու բան չեմ հասկանում: Հետևի նստարանի առաջ կուչ եկած ընկած եմ` երկու ձեռքով գլուխս բռնած: Միանգամից լռություն է իջնում: Նայում եմ չորս կողմս ու փորձում հասկանալ, թե ինչ է պատահել: Հասկանում եմ ուշօրեք` մեքենան շրջվել է ու ես հայտնվել եմ նստարանների արանքում, գլուխս ներքև ու ոտքերս վերև: Որքա՞ն եմ մնացել այդպես, որքա՞ն ժամանակ եմ հայտնվել ուշագնացության ու քնի արանքում, չգիտեմ: Հետո ձայներ եմ լսում, մարդիկ հավաքվել են մեքենայի շուրջն ու դատողություններ են անում, խոսում: Կարծես թե տեղ չի ցավում, կարծես թե կարողանում եմ շարժել ոտք ու ձեռքս, կարծես թե խելքս տեղն է:
-Մեջը ողջ մարդ կա՞,- ձայնը մի քիչ վախեցած, մի քիչ զգուշավոր է ու հետախուզող:
Ձայն չեմ հանում: Ես մեքենայի մեջ հյուր եմ, ես սովորական ուղևոր եմ ու… թող մեքենայի տերերը խոսեն: Բայց հարցին լռություն է փաթաթվում ու լռությունը ծանրանում է շուրջս:
-Բոլորը զոհվել են,- նույն ձայնն է, որ ոչ թե հարցնում, այլ հաստատում է փաստը, ու ես տնքում եմ.
-Ես ո՛ղջ եմ,- ձայն եմ տալիս ու զգում, որ ձայնս փոխված է, մի տեսակ խուլ:
-Վա՛յ,- աղջկա ձայն է, չեմ հասկանում ուրախ է, թե՞ տխուր, մի տեսակ անհույզ է ու վախեցած:
-Կարա՞ս դուրս գաս,- ինձ ասես շոշափում է տղամարդու նույն ձայնը:
Փորձում եմ շարժվել, դիրքս փոխել, բայց չի ստացվում ու տնքում եմ.
-Ես գլխիվայր եմ: Գլուխս ներքև է, ոտքերս վերև:
Լռում են: Անհամբեր եմ դառնում, թվում է՝ լռությունը ձգվում է հազար տարի, ու ես այլևս չեմ դիմանում:
-Քանի՞ հոգի եք մեքենայի մեջ,- մի այլ կոշտ ու խզված ձայն է հիմա էլ,- քանի՞ հոգի եք,- ասես կասկածում է` ես հասկացել եմ, թե ոչ ու կրկնում է հարցը:
-Երեք,- սրտնեղում եմ, երեք… մի կին, նրա ամուսինը և ես:
– Հա՛,- ծոր է տալիս նույն խռպոտ ձայնն, ու ես կատաղում եմ:
-Ինձ հանեք էստեղից, ախր շունչս կտրվում է:
-Վիրավո՞ր ես:
-Տո՛, եսիմ ի՞նչ եմ,- ասում եմ բարկացած:
-Իսկ մյուսները ո՞ղջ են:
-Չգիտեմ,- ես նրանց չեմ տեսնում, իսկ իրենք ձայն չեն հանում:
Ձայներից հասկանում եմ, որ մեքենայի մոտ գնալով ավելնում են մարդիկ: Խոսում են, որոշում ինչ անել: Հետո մեկը կանգնում է շուռ եկած մեքենայի կողքին ու լինգով բացում է ճմրթված դուռը: Դուռը դժվարությամբ, բայց տեղի է տալիս:
-Երևի կինն ու տղամարդը մեռած են,-շուրջը հավաքվածներին է ասում նա:
-Լավ, ախր ես ողջ եմ, ինձ դուրս քաշեք,- զգում եմ, որ երկար ժամանակ գլխիվայր մնալուց աչքերս մթնում են,- դուրս հանեք:
-Ո՞նց,- հարցնում է մեքենայի կողին կանգնած տղան,- ոտքերիցդ քաշեմ, բա որ հանկարծ ողնաշարդ վնասված լինի:
-Չի վնասվել,- համոզում եմ նրան,- տե՜ս,- ասում եմ ու ոտքերս շարժում,- տե՜ս․․․ բռնիր, մի կերպ դուրս քաշիր, ես ձեռքերով կօգնեմ քեզ:
Տղան բռնում է ոտքերիցս, քաշում վերև, ես ձեռքերով օգնում եմ ու վերջապես հայտնվում եմ շուռ եկած մեքենայի կողին: Մնում եմ չորեքթաթ, հետո ինձ օգնում են, որ իջնեմ:
-Ո՞նց եղավ,- հարցախեղդ են անում, իսկ ես չեմ տեսել վթարի պահը, քնած եմ եղել մի կարճ պահ ու երևի հենց դա էլ ինձ փրկել է` թուլացած մարմինս իրենից անկախ հայտնվել է հետևի ու առջևի նստարանների արանքում: Ոչ մի քերծվածք չունեմ, ոչ մի տեղս չի ցավում: Ամուսինները մահացել են: Ականատեսներն ասում են, թե «Ժիգուլու» դիմաց անսպասելի մեծ բեռնատար է հայտնվել, վարորդը ժամանակին արգելակել չի կարողացել ու մի կողմ է թեքել ղեկը: Մեքենան շուռ է եկել կողքի ու… Ամուսինների ոչ անունը գիտեմ, ոչ ծանոթ եմ: Իրենց խոսակցությունների պատառիկներից կարող եմ եզրակացնել, որ գնում էին քաղաք` երեխաներին հագուստ առնելու: Խոսում էին ընտանեկան հոգսերից:
«Էթերը»,- կայծկլտում է մտքիս մեջ: Ախր ես քաղաքում ժամադրված էի նրա հետ: Հիմա հաստատ եկել ու գնացել է, հիմա հաստատ հազար անլվա բառ է ասել իմ հասցեին ու գնացել է:
Տղան ինձ է նայում հետաքրքրված: Ես ինքս ինձ հետ եմ եղել այսքան ժամանակ: Աչքի պոչով տեսել եմ, թե ինչպես են մարդիկ ուղղել մեքենան, ինչպես են բժիշկները մեքենայի միջից հանել զոհվածներին ու տարել, ոստիկաններն ինչպես են ցրել հետաքրքրասերների բազմությունը: Մարդիկ կամաց-կամաց հեռացել են, որպեսզի դեռ երկար ժամանակ քննարկեն եղածը, հետո կենցաղային հոգսերի մեջ մոռանան ու շարունակեն ապրել:
Տղան ինձ է մոտենում.
-Ո՞ւր ես գնում:
-Քաղաք:
-Տանե՞մ:
-Հա,- ասում եմ ուրախացած ու մտքիս մեջ Էթերն է,- հա,- երկրորդում եմ:
-Կուզե՞ս հիվանդանոց տանեմ,- հայացքը կասկածոտ է,- տանե՞մ:
-Չէ,- ասում եմ,- չէ, ես ինձ վատ չեմ զգում: Ուզում եմ դեպքի վայրից հեռանալ, մանավանդ, որ իմ մնալով ոստիկաններին վթարի մասին ոչ մի մանրամասն հայտնել չեմ կարող: Ես քնած եմ եղել: Գուցե թե չհավատան, բայց եղածն այդ է:
…Պայմանավորված տեղում Էթերը չկա: Ինչո՞ւ պիտի սպասեր մեկ ու կես ժամ: Ավտոմատ հեռախոսախցիկ եմ մտնում, հավաքում նրանց բնակարանի հեռախոսի համարը: Նրա ձայնը խիստ ու խռոված է.
-Ո՞ւր էիր:
-Վթարի եմ ենթարկվել,- ասում եմ որքան հնարավոր է զվարթ:
-Էդ էլ արդարանալու նոր եղանա՞կ է,- չի հավատում:
-Չէ, իսկապես այդպես է:
-Որտե՞ղ ես,- հարցնում է զուսպ:
-Մեր տեղում:
-Տեղ չգնաս, գալիս եմ:
Հետո, երբ նրա աչքերի անհանգստությունը հազիվ մի կերպ մեղմել ու հանդարտեցրել էի, երբ վերջապես համոզվել էի, որ նա անտարբեր չէ, կարծես թե սիրում է ինձ, հետո երբ համոզել ու տուն էի ճանապարհել նրան, նստել էի սրճարանում: Դիմացս մի շիշ գինի էր ու կոտլետներ: Ուտելը չէի ուտում, բայց ժամանակ առ ժամանակ լցնում էի բաժակը, խփում շշին ու մտքիս մեջ ասում.
-Ողջ մնաս, ախպեր ջան, քո կենացը, որ էս մի անգամ էլ փրկվեցիր:
Սրտիս ցավն ուզում էի գոնե մի քիչ մեղմել: Ախր ամուսիններ էին զոհվել: Նրանք հաստատ երեխաներ ունեին ու բարեկամներ: Ափսոսում էի, որ ոչ անունները գիտեի, ոչ հասցեն, ոչ… Ու ինձ մեղավոր էի զգում նրանց առաջ:
Այդ օրը չէ, բայց հետագայում սկսեցին գլխացավերը, և բժիշկն ասաց, որ ուղեղի ցնցում եմ ստացել ու դեռ երկար ժամանակ պիտի ուշադիր ու զգույշ լինեմ:
Էթերը թռավ երազի պես: Կար իմ կյանքում, հետո հարմար թեկնածու գտավ ու ամուսնացավ, իսկ ես այդ վթարից հետո մի վատ սովորություն ձեռք բերեցի` այլևս չեմ կարողանում քնել տրանսպորտի մեջ:
Աչքերս փակ նստած եմ ինքնաթիռում: Դռռոցն արդեն ոչ թե ականջներիս մեջ է, այլ ուղեղիս: Գիտեմ, ինքնաթիռից իջնելուց հետո երկար ժամանակ ականջներիս մեջ պիտի հնչի: Բայց ի՞նչ արած: Բաց եմ անում կոպերս: Աղջիկը դարձյալ անշարժ նստած է կողքիս ու եթե չշնչեր, կմտածեի, թե արձան է:
Մենակ չեմ հասկանում, թե Էթերին ինչու եմ հենց հիմա հիշել: Չեմ հասկանում ի՞նչ կապ ունեն այս եբենոսյա սևություն ունեցող աղջիկն ու շեկ Էթերը: Էթերը… Էթերը… Հիմա չգիտեմ, թե ինչ է անում Էթերը, չգիտեմ ինչով է ապրում, ի՞նչ հետաքրքրություն ունի, ի՞նչ է սիրում և ի՞նչ է ատում: Նա մնացել է կյանքիս այն ժամանակի մեջ: Մնացել է որպես հուշ: Այսինքն չգիտեմ նաև, թե հուշն ինչ է: Գիտեմ, որ մնացել է սրտիս մեջ, ինչ-որ տեղ: Հաճախ թվում է, թե կորած, մի տեղ ապահով դրած կարևոր իրի նման է, բայց հիմա հասկանում եմ, որ ինքն իմ մեջ ապրում է իմ կամքից անկախ և երբ ուզենա, գլուխը դուրս կհանի սրտիս միջից ու կտիրի էությանս: Դա այդպես է, բայց չեմ հասկանում, թե հիմա ի՞նչն է ստիպել նրան, որ հիշեցնի իր մասին:
Այդ օրը, որքան էլ փորձեցի, չկարողացա հասկանալ նրա կրկին հայտնվելու պատճառը, բայց հետո, հետին թվով, երբ սարդի պատմությունը եղավ, գլխի ընկա, որ պատճառը Էթերի գլխաշորն էր: Այդ օրը ձեռքս էր ընկել նրա գլխաշորը, որի բույրն ինձ խենթացնում էր: Նրանից արևի, քրտինքի, մի տեսակ նուրբ օծանելիքի ու սիրո հոտ էր գալիս: Մի խոսքով, Էթերի հոտը, որն ինձ հանում էր հունից, ստիպում մոռանալ` որտեղ եմ գտնվում և ստիպում էր անել բաներ, որոնք առնվազն տարօրինակ էին թվում իմ շուրջը եղող մարդկանց աչքին: Ես սարդի պատմությունից հետո, անսպասելի մի պահի հասկացա, որ իմ կողքին նստած աղջկանից Էթերի գլխաշորի հոտն է գալիս: Ով գիտե քանի տարի առաջ մոռացած աղջկա բույրը գալիս, փաթաթվում էր ռունգներիս, ու ես ենթագիտակցությանս մեջ խենթանում էի: Կողքիս Էթերը չէր, այլ անծանոթ մի աղջիկ, բայց Էթերի բույրը եկել, պարուրել էր ինձ, ու ես հազիվ էի զսպում այդ անծանոթ աղջկան գրկելու ցանկությունս: Փակ կոպերս սեղմում ու սեղմում էի, բայց դա չէր փրկում:
…Սարդն անսպասելի տեսա: Թաքնվել էր ինքիաթիռի լուսանցույցի ու վարագույրի արանքում և գործում էր: Գործում էր անդադար: Հետաքրքիր է` սարդն այդ բարձրության վրա ի՞նչ է զգում, կամ որևէ բան զգո՞ւմ է արդյոք: Նայում էի սարդին, մտքիս մեջ` Էթերը, ռունգերիս մեջ` նրա բույրը և առաջին պահին չհասկացա, թե ինչու է ծղրտում աղջիկը: Ինչ-որ տարօրինակ ծղրտոց հանեց ու մատը մեկնեց իմ կողմը: Չհասկացա, թե ինչ է ուզում նա: Աչքերը վախեցած էին, հայացքը` տագնապած: Այդպես երևի լինում է առանց գիտակցելու ցլամարտի մեկնած մարդկանց հետ: Չգիտեն, որ ցուլերը կարող են կատաղել ու, եթե նեղ փողոցով վազես նրանց առջևից, կարող են ոտնատակ տալ քեզ: Ցուլի առջևից փախչողի սարսափած հայացք ուներ աղջիկն ու բլբլացնում էր ինչ-որ բան: Եթե մի քիչ դանդաղ խոսեր, գուցե մի կերպ հասկանայի, թե ինչ է ուզածը, բայց այսպես… Նա մատը մեկնել էր իմ կողմն ու սարսափած կանչում էր:
Ուղևորներն իրար անցան: Շատերին թվում էր, թե ես ինչ-որ բան բան եմ արել, ինչ-որ անշնորհք բան ու հիմա աղջիկն ինձնից ազատվելու համար ձայնը գլուխն է գցել: Բայց վկա էր Աստված, որ ես ամբողջ ժամանակ նրա հետ մի բառ անգամ չէի փոխանակել ու մտածել էի Էթերի մասին: Հիմա էի հասկանում, որ իր անհանգիստ հայացքով, իր արագ ու մի քիչ անփույթ քսած շպարով այդ օրը Էթերը նման էր փոքրիկ կնոջ: Այդ հայտնագործությունը ես արել էի աղջկա ծղրտոցի արանքում ու դեռևս չէի հասցրել իմաստավորել: Էթերը նրան ի՞նչ: Նա ոչ ինձ էր ճանաչում, ոչ էլ Էթերին գիտեր:
Արագ մոտեցավ ուղեկցորդուհին ու առանց աղջկան լսելու սպառնալից ինչ-որ հարց տվեց: Ես չհասկացա, նրա հարցի իմաստը, քանի որ տագնապած ու զարմացած էի: Ուղեկցորդուհին կրկնեց.
-Ի՞նչ եք արել:
-Ոչինչ,- մի կերպ գործի դրեցի պահի տակ մոռացած անգլերենս,- ոչինչ…
-Իսկ աղջիկն ինչո՞ւ է դժգոհում: Ինչո՞ւ է անհանգստացած:
-Իրեն հարցրեք, քանի որ ինձ էլ է հետաքրքիր:
Ասացի ու նկատեցի, թե ինչպես են մի քանի հոգի աննկատելի մոտեցել մեզ: Մոտեցել ու սպասում են հրահանգի, որ ինձ կարգի հրավիրեն: Ով գիտե, գուցե ձեռքերս ոլորեն ու տանեն, գցեն մի տեղ, որ չխանգարեմ: Դա տագնապս ավելացրեց, մանավանդ, որ չգիտեի, թե ինչ էր տեղի ունեցել:
Իսկ աղջիկը ձեռքը մեկնել էր իմ կողմն ու բղավում էր ինչ-որ բան: Նրա սարսափը գնալով ավելանում էր, փոխվելով անկանխատեսելի ինչ-որ բանի: Ուզեցի տեղիցս վեր կենալ, հեռանալ նրանից, բայց մոտեցած մարդիկ թույլ չտվեցին ու զսպեցին ինձ: Աղջիկը շարունակում էր գոռալ:
-Սպայդե՛ր…,- վերջապես հոդաբաշխ մի բառ արտասանեց նա:
Ես լսում ու չէի լսում, բանականությունս մի տեսակ կանգ էր առել: Ուղեկցորդուհին զարմացած ինձ էր նայում, երևի մտածում էր, թե ինչ պիտի արած լինեմ ես, որ այդ աղջիկն ինձ սարդ անվանի: Ուղևորները վախեցած էին, երևի մտածում էին ահաբեկիչ եմ և սրտները ահ ընկած սսկվել, նայում էին մեր ուղղությամբ: Վերջապես ասես արթնացա քնից ու հասկացա, թե աղջիկն ինչ սարդի մասին է խոսում: Ախր ես տեսել էի լուսանցույցի ու վարագույրի արանքում ոստայն հյուսող սարդին: Տեսել, բայց բանի տեղ չէի դրել` սարդ է, թող իր համար ապրի, ես սարդն ստեղծե՞լ եմ, որ նրա կյանքի ու ապրուստի մասին հոգամ: Ու հիմա հասկացել էի, որ խոսքն այդ սարդին է վերաբերում, բայց չէի կարող երևակայել, որ սարդն աննկատելի իմ վրա է բարձրացել: Աղջիկը տեսել է ու բղավում է սարսափահար:
-Սպայդե՛ր,- ձայնը գլուխը գցած կանչում էր նա:
Ես սարդից չեմ վախենում: Ի՞նչ վախենամ, կենդանի է, էլի: Հասկացել եմ բանն ինչ է ու ակամա ժպտում եմ:
-Ո՞ւր է,- հարցնում եմ հայերեն:
Աղջիկը հասկանում է, թե չէ, չգիտեմ, բայց մատով ցույց է տալիս գլուխս:
Ձեռքով տանում եմ գլխիս:
-Ա՛յ,- սարսափահար կանչում է նա ու երկու ձեռքով փակում աչքերը:
Գլխի եմ ընկնում, որ սարդը ճխլել եմ, մանավանդ, որ մատներս շոշափում են նրա մարմինը: Բռնում եմ զգուշորեն ու արդեն մեռած սարդը ցույց եմ տալիս ուղեկցորդուհուն,
-Ահա:
Նա կնճռոտում է դեմքը: Հաստատ նա էլ կճչար, եթե չլիներ մարզված ինքնազսպումը:
«Այ թե հերոս ես, հա՛»,- քթիս տակ ձեռ եմ առնում ինքս ինձ ու նայում եմ շուրջս: Գրպանիցս անձեռոցիկ եմ հանում, սարդը խնամքով փաթաթում նրա մեջ և ուղղվում դեպի ինքնաթիռի պոչամաս: Զուգարանում գցում եմ այն, քաշում ջուրը, լվացվում եմ խնամքով ու ետ եմ գալիս տեղս նստելու:
Աղջիկն իր նստարանի վրա կուչ է եկել ու նորից լռել: Մի կողմ է քաշվում, ասես սարդը ես եմ: Ես ժպտում եմ համակերպված, իսկ աղջիկը նորից դուրս է նայում: Ճիշտն ասած վիրավորված եմ: Ախր ինձ ինչո՞ւ էին ահաբեկիչի տեղ դրել: Լավ էր ժամանակին հասկացա, թե չէ՝ թևերս կոլորեին, հետո էլ գուցե ինքնաթիռը հարկադրական վայրէջք կատարեր ու, դե արի, հայ գրող, պատասխան տուր: Կուզենայի ուղեկցորդուհուն կանչել, մի լավ նախշել, բայց անգլերենս հաստատ չէր հերիքի ու մի բան հասկացնելու փոխարեն գուցե թե գործն ավելի բարդացնեի:
Ու լռում եմ: Ինքնաթիռը դռռում է, աղջիկը նստել արձանի պես ու նայում է ամպերին: Հասկանում եմ նրան, նրա գոյությունն ընդունում եմ, բայց չեմ հասկանում, թե նրա վրայից ինչպե՞ս կարող է Էթերի բույրը գալ:
***
Իսկ երբ ինքնաթիռը վայրէջքի է գնում, աղջիկը բռնում է ձեռքս:
-Ներիր,- ասում է ու ժպտում մեղավոր:
Ուզում եմ ժպտալ, բայց չի ստացվում: Ամուր սեղմում եմ շուրթերս ու մտքիս մեջ սարդն է: Խղճում եմ նրան: Ո՞վ գիտե՝ ինչպես էր հայտնվել այստեղ ու ինչ դժվարությամբ բնավորվել: Ախր հեշտ չէ երկրի ու երկնքի արանքում ապրելը: Խղճում եմ նրան:
Իսկ հետո, երբ օդանավակայանից դուրս եմ գալիս, ձեռքս թափ եմ տալիս.
-Սարդի հերն էլ անիծած, մի սարդ ավել, մեկը` պակաս: Ո՞վ գիտի աշխարհում ապրող բոլոր սարդերի թիվը,- ինքս ինձ համոզում եմ քթիս տակ ու խառնվում եմ անծանոթ քաղաքի աղմուկին:
[1] Ծափ-լայնափոր, տափակ, շրթնավոր կավե աման, որի մեջ պահում են յուղ, կաթ, թան, մեղր ևն։
