Նաիրա Աբրահամյան, Պատմվածք

Արաքսի հովտի դրախտը

-Հասնել Մեղրի ու չլինել Կազակաշենո՞ւմ,- զարմանքով բացականչեց ընկերներիցս մեկը։

Սկսեցի վերանայել Մեղրիի բնակավայրերի անվանացանկը։ Պաշտոնական էջերում Կազակաշենի մասին ոչ մի տեղեկություն չգտա։

Մեղրիում տաքսի պատվիրելիս հենց այդպես էլ գրանցում են՝ Կազակաշեն։  Մարդկանց քաջածանոթ հասցեն սա է։

Օրը մայրամուտանում էր։ Սահմանամերձ լեռների կատարներին քսվել էր երկնքի դեփ-դեղինը։ Մեքենայի ապակին իջեցնելով՝ սկսեցի ագահաբար լուսանկարել լեռների տաք ու այրվող կատարները։ Այգիներից ծորում էր նռան կարմիրը, իսկ կլպած արքայանարիջների շարքերը վարագուրել էին տեղացիների պատշգամբները։ Երկրի հարավն աշնան շքեղությունն էր ապրում։

Տեղ հասանք։ Տանտիրոջ խնամած, մաքուր այգու կոկիկ ու թփախիտ արահետները միանգամից աչքի զարնեցին։ Նռան, սերկևիլի, զեյթունի, դափնու ծառերը գրեթե համաչափ բարձրություն ունեին, որոշները կքել էին բեռի տակ։ Եղանակը կտրուկ ցրտել էր, սակայն պարտեզից բուրում էր ծաղիկների անուշահոտը։ Մի քանի մեղու աշխույժ շարունակում էին նեկտարաքամը․ նռնենու բերքառատ ճյուղին նոր ծաղիկներ էին բացվել։

Անհագուրդ ուրախությամբ շուրջբոլորս էի նայում։ Հանկարծ մարմնովս դող անցավ, երբ քամուց բացուխուփ արվող ճյուղերի ճեղքերից տեսա հանդարտ հոսող փիրուզե ջրերի տիրուհուն։ Չքնաղ էր Արաքսի հովիտը։ Անտեսելով երկայնքով ձգվող սահմանային փշալարերը՝ Արաքսը շարունակում էր լուռ ու հանդարտ, օղակ-օղակ առաջ գնալ։ Գետը տարածքին տեր էր դարձել։

Նման զգացողություն պատմական հայրենիքում էի ունեցել։ Հիշում եմ՝ հուզմունքից պապանձվել ու  կառչել էի Մայր գետը կամրջող երկաթե բազրիքներից։ Այնտեղ ջրերը նոսր էին, գետի հոսքը՝ հանդարտ։ Այնտեղ Արաքսն օտարին էր ծառայում, այստեղ՝ սահմանապահ էր նաև։ Մտածեցի․ «Տեսնես՝ սիրտն ի՞նչ է զգում, հիշողությունն ապրո՞ւմ է դեռ․․․»։ 

Սկզբում տանտերը բակում չերևաց։ Ուղեկցորդիս հորդորեցի առաջ չգնալ։ Սակայն տարածքում խմբված այցելուները վստահեցրին, որ դուռը բաց է հյուրերի առջև։ Այստեղ կարող են գալ բոլորը, շրջել, զբոսնել, վայելել տարածքի գեղեցկությունը, անգամ հյուրասիրվել այգուց՝ պահելով տանտիրոջ խիստ պայմանը՝ չաղտոտել այգին՝ չվնասելով ծառ ու ճյուղ։

-Տեսնես ո՞րն է այս ամենը հիմնելու նպատակը։ Չէ՞ որ այցելուներ ընդունելիս տանտերը գումար չի աշխատում,- հեռադիտակը դեմքին մոտեցնելով՝ զարմացավ հունահայ մի տղամարդ։

-Քառասունվեց տարի ապրելով Պետերբուրգում՝ 2011 թվականին, թողնելով ընտանիքիս անդամներին ու ունեցվածքս, որոշեցի գալ հայրենիք,- մեզ հետ զրույցում պատմեց Ժորա պապը։- Հասնելով մանկությանս հետքերին՝ դժվարությամբ, բայց կարողացա ստեղծել այս դրախտավայրը, որտեղ հիմա գտնվում եք դուք։ Ինչպես տեսնում եք, Արաքսի հովտի երկայնքով ձգվում է հարևան Իրանի սահմանը։ Ուզում եմ հեռվից երևան մեր շենացած հողերը, փարթամ ու բերքի տակ կքած ծառերը, ուզում եմ այնտեղից տեսանելի դառնա մեր դրոշի չդադրող ծփանքը։

Տարածքն իսկապես դրախտավայր էր հիշեցնում։ Դժվար թե գտնեիր մի հատված, որտեղ աշխատավոր ծերունու ձեռքը դիպած չլիներ։ Այգու քարաշեն ու մետաղական դեկորները, նստարաններն ու աստիճանները, լուսամփոփները․․․ ամեն, ամեն ինչ պատրաստված էր ճաշակով ու որակյալ հումքից։

-Իսկ ինչո՞ւ Կազակաշեն։ Կարծես՝ անվանումն աղերս չունի տարածքի հետ,-զարմանքս չթաքցրի ես։

Պապը մեղմ ժպտաց։

-Մանկությանս տարիներին չարաճճի էի ու աշխույժ։ Ընկերներս սկսեցին ռուսական ֆիլմերից մեկի հերոսի անունով ինձ կոչել Կազակ։ Այդպես իմ անունից ինքնաբերաբար առաջացավ տարածքի անվանումը՝ Կազակի ստեղծած շեն։

Շատերն իմ իսկական անունն անգամ չգիտեն։ Երբ երեխաներ են այստեղ գալիս, ինձ տեսնելով՝ հեռվից ձայնում են՝ Կազա՜կ պապի․․․

Ուղեկցորդս պատմեց, որ Մեղրիում վաղուց արդեն ավանդույթ է դարձել՝ նորահարսին բերել Կազակաշեն։ Այստեղ լուսանկարվելու համար բնապատկերները չտեսնված են։ Իսկ շրջանավարտներն ավարտական ցերեկույթից հետո երեկոյան հավաքվում եմ Ժորա պապի դրախտում։ Կրակարանը թեժացնում են, խմբվում, զրուցում՝ դիմավորելով Արաքսի ջրերի մակերևույթին երևացող այգաբացի գարնանագոլ շողերը։

Մենք տարվել էինք հեռախոսի տեսադարանում Արաքսի հովտի խորհրդավոր գեղեցկությունը խցկելով, իսկ այդ պահին պապը զգուշորեն հող էր ավելացնում իր աճեցրած բանանի ծառի՝ դեռևս բարալիկ ցողունին։

-Ասում են՝ գիշերը ցուրտ է լինելու,- ճակատի խոնավությունը չորացնելով՝ ասաց մեղրեցի Կազակը։

Հայացքս վերջին անգամ գետի կողմն ուղղեցի։ Արաքսը ուժեղացած քամուց հորձանք տալով առաջ էր սողում՝ երևի թե նորից հավատարիմ մնալով իր երբեմնի սուրբ ուխտին։

Մեր մեքենան արդեն Շիվանիձորի մայրուղում էր։ Արաքսն ու Կազակաշենը անհետացել էին իրիկնապահի խավարում․ Մեղրիում իսկապես անսովոր ցուրտ էր։