Երբեմն նրան թվում էր, թե ինչքան էլ մենություն ուզեր, միևնույնն է, ինքը մենակ չէր։ Երբեմն, կամ նույնիսկ երբեմնից էլ ավելի հաճախ, ինքը կարծես երկու հոգի լինի։ Ու այդ երկու հոգին ոչ թե շիզոֆրենիայի կամ անհատականության խանգարման հետևանք է, այլ մարդկանց հասկանալու փորձը։ Նա փորձում է հասկանալ բոլորին։ Մի օր մարդիկ իրար հետ են՝ սիրով լի, ունեն նույն սկզբունքներն ու այնքան համահունչ են, տարիներով իրար հետ են ապրում՝ անձնագրում չունենալով ամուսնության մասին վկայող կնիք, սիրում են, ուրեմն՝ էլ ի՞նչ կնիք, մի օր կարծես հասկանում են, որ, հա՛, իրենց զգացածը հենց սեր է, այլ ոչ թե կիրք կամ ցանկասիրություն ու որոշում են ունենալ այդ կնիքից իրենց անձնագրերում։ Բայց արի ու տես, որ կնիքը չգիտես ինչու համը հանում է։ Հենց դրոշմվում է՝ ընտանիքը փլուզվում է մեկ-երկու ամսից։ Էն նույն սկզբունքները սկսում են հակառակ սկզբունքներ դառնալ, երջանիկ պահերը դառնում են տխուր պահեր, ու կարծրատիպ դարձած սկզբունքները շուռ են գալիս, ու այն, ինչ լավն էր մի ժամանակ, հիմա դառնում է անտանելի, զզվելի, իսկ այն, ինչ վատն էր մի ժամանակ, ինչ-որ մեկի համար դառնում է ցանկալի։ Դե արի ու հասկացիր։ Գիշերները երկար են, ցերեկները՝ ավելի երկար։ Փակեց աչքերը, բացեց աչքերը ու տեսավ, որ օրն արդեն փոխել է իր գույնը։ Գիտեմ, գիշերն արտասվել ես, լուսադեմին աչքդ կպել էր, ու մի քանի րոպեները, որ հաջողացրիր քնել, քեզ վեց-յոթ ժամ է թվացել։ Այ, հենց հիմա վազիր ու բացիր ծորակը, վերցրու բաժակդ ու ջուր խմիր սոված փորիդ։ Հա, կնիհարես։ Գիշերը տխրիր, արտասվիր, անիծիր բախտդ, հետո անցիր Աստծուն, այնուհետև նրան, հետո հասիր նախաքրիստոնեություն ու հերթով սկսիր դիցարանի ամեն աստծուն կշտամբել, էնքան մինչև նորից կբթանաս, ու աչքդ էլի կկպնի։ Բայց հիմա չմոռանաս ջուր խմել, գլուխդ չկախես ու չգորշանաս, որքան էլ կյանքը քեզ կոտրի։ Խմեցիր ջուրը, ապրե՛ս, հիմա նայիր աչքերիդ մեջ․ դու միշտ պիտի գեղեցիկ լինես, էլ ավելի գեղեցիկ, սիրուն հագնվիր ու դիմահարդարվիր, ասեմ, որ չլինի թե մոռանաս քո գեղեցիկ շարֆիկը, որն էլ պիտի միշտ բուրի կյանքի ու քո սիրած օծանելիքի բույրով։ Երբեք ու երբեք չես գտնելու իդեալական մարդու, ոչ էլ քո երազած սերն ես գտնելու, ես կատարյալ չեմ կարող լինել, ոչ էլ դու, ու ոչ էլ որևէ մեկը։ Կատարելությունը, ինչպես երջանկությունը պահի մեջ է միայն՝ մի հպումի, գրկախառնության, կամ ասենք ժպիտի ու կամ համբույրի։ Դե հա, կան մարդիկ, որ ուտելով են երջանկանում, ի՞նչ համբույր, ի՞նչ հպում, ի՞նչ ժպիտ։ Հավաքիր քեզ, կյանքը չի սիրում թույլերին, պիտի գոնե ուժեղ ցույց տաս քեզ։ Իսկ մարդիկ էլ չեն սիրում ուժեղներին, սիրուններին։ Բայց դու ուժեղ ու սիրուն եղի՛ր։ Ցավն ավելի բարձր թռչելու համար է։
Հաջորդ առավոտյան Աստղիկը երկար մնաց անկողնում։ Դեմքը մռայլվում էր։ Նախկինում նա հավատացած էր, որ եթե կնոջ սիրո զեղումները մերժվում են տղամարդու կողմից, ապա պետք է հանգել այն եզրակացության, որ կա՛մ տղամարդը հոմոսեքսուալիստ է, կա՛մ ամուլ։ Այսօր արդեն նա ուներ նաև այլ բացատրություն՝ հնարավոր է, ինքը ցանկալի կին չէ։ Դեմքը մռայլվում էր, հետո՝ ժպիտ էր հայտնվում, ուրեմն այդ պահին հասկանում էր, որ գեղեցիկ ու ցանկալի կին է։ Վերջապես վեր կացավ անկողնուց, վերցրեց հեռախոսն ու կարծես մի կարևոր զանգ կատարեց․
-Սոնա ջան, լա՞վ ես։ Ես լավ եմ, հա՛։ Քո կարիքն ունեմ, արի նախաճաշենք ու մի երկու բան կա քննարկելու, հա՛, ջուրը կխմեմ անպայման, արի՛, դե։
Սոնան այն միակ մարդն է, որի մոտ Աստղիկը կարողանում էր բացվել մինչև հոգու խորքը։ Գիտեր, որ չէր հավատալու բաժանման լրջությանը։
Քթի տակ ինչ-որ տխուր, բայց սիրուն մեղեդի էր դնդնում։ Դռան զանգը
հնչեց։ Ինչ էլ շուտ հասավ։
-Աստղի՞կ, ի՞նչ ես մտածել, գիտեմ՝ դուրս ես տալու, ասա՛, դե՛։
-Սոնա՛, ի՞նչ ես կարծում, միայն անկեղծ, ես գեղեցիկ կի՞ն եմ,- հայելու մեջ իրեն նայելով հարցրեց Աստղիկը։
-Ասում ես անկեղծ, չէ՞։ Դե, անկեղծ կլինեմ, դու էլ գիտես, որ գեղեցկուհի չես։ Դե՛, քեզնից վատերն էլ կան բայց,- լեզուն կծեց, արդեն ուշ էր։
– Հուսադրող չէր, միևնույնն է, գնահատում եմ անկեղծությունդ,- հոգոց հանեց Սոնան։
-Ուզում եմ հարցնել, եթե իսկապես մտքիս դնեմ, կկարողանա՞մ որևէ տղամարդու գայթակղել։
-Ի՞նչ ես խոսում, չեմ հասկանում, մեղք ես գործելու։
-Էլ չսկսես։ Ես գիտական փորձ եմ անելու,- պաշտպանվեց Աստղիկը։
-Դե, շատ չեմ զարմանա, եթե ստացվի,- հեգնեց Սոնան։- Բայց ո՞ւմ ես մտադիր գայթակղել, ամուսին ունես, էդ ի՞նչ ես մտքովդ անցկացնում։
-Ոչ մեկին, հենց էնպես եմ ասում։
-Աստղ ջան, նման բաներ աղջիկ ժամանակ ենք արել, էլ էդ տարիքում չենք։
Աստղիկը չէր լսում Սոնային, մտորումների մեջ էր ու անշտապ ուտում էր իր խաշած ձուն։
-Ասա՛, Սոնա՛, այս տարիքում տղամարդիկ երբևէ փորձե՞լ են քեզ հետապնդել։
-Էդ էր պակաս։ Բայց հիմա գիտե՞ս, ոնց որ չեն էլ հետապնդում, հիմա փոխվել է ձևը, ու կենդանի շփում չկա, հետևից ընկնել չկա։ Մի հատ անունդ իմանան՝ բավական է։ Կսկսեն փորել, փորփրել ու այնքան բան կիմանան քո մասին, որ նույնիսկ դու էդքանը չգիտես։
– Հա, բայց եղավ ի՞նչ։ Առանց տեսնելու ո՞նց կլինի գրել։
-Դե, լինում է, էլի։ Ու անպայման լատինատառ կամ ռուսատառ են գրում՝ բարև գեգեցկուհի։ Գեգեցկուհի՝ հայատառ չեն գրում, որ հայատառ գրեն, սխալներն անխուսափելի են ու տեսանելի։ Ու աստված չանի, եթե պատասխանես։ Չէ, է՜, ոչ թե պատասխանես, այլ պարզապես գրես՝ բարև Ձեզ։ Մեր սերնդի կանանց դաստիարակությունն այլ է, բարևում են՝ պիտի բարևենք, չէ՞, այսինքն՝ մեզ համար չբարևելը անքաղաքավարություն է ։Հետո մտածում ես՝ կարող է ինչ-որ ծանոթ է, միգուցե կարևոր բան ունի ասելու։ Բայց վայ քեզ, եթե բարևես։ Եթե բարևեցիր, ուրեմն կամ բաժանված ես, կամ էլ թեթևաբարո մեկը։ Ի՞նչ կանացիության մասին ես խոսում, չես հասկանո՞ւմ, որ որձերի հետ գործ ունես։
-Վայ, քարե դարում ենք դեռ։ Կամ էլ ռաբիս են։ Կանանցից հաճախ եմ լսել։ Բայց ես շատ կուզեի փորձել, հետապնդվել, անցնել-գնալ ու երբ կանգ առնեի որևէ խանութի ցուցափեղկի առջև, ինչ-որ մեկը մոտենար ու փորձեր նայել աչքերիս մեջ։ Հետո սարսափելի գլխացավանքի մեջ կընկնեի՝ փորձելով ազատվել նրանից։
-Նողկալի չէ՞,- ծամածռվեց Սոնան։
-Չեմ կարծում։ Ավելի շատ շոյված կլինեմ։ Չեմ հիշում, որ երբևէ մի անծանոթ տղամարդ փորձած լինի «կպչել» ինձ։
-Երանի քեզ, մի երկու անգամ երեկոյան Հյուսիսային պողոտայով ոտքով գնա-արի, այնպես կկպչեն պոչիցդ, որ չես կարողանա գլուխդ ազատել։
-Իսկ այնտե՞ղ էլ են որձեր, թե սեր փնտրող տղամարդիկ են։
-Մեծ աղջիկ ես ու չես հասկանում, որ սերը փողոցներում թափած չի լինում։ Այսինքն՝ առհասարակ սերը վաղուց կարմիր գրքում է գրանցվել։ Գոնե մենք մի քիչ տեսանք։ Բայց ինչո՞ւ ես սիրո կարիք զգում, դու սիրված ես, տասը տարի անց օրինականացրիք ձեր ամուսնսությունը։
-Դե, գրին քարտի շնորհիվ, Սարգիսը գրին քարտ շահեց և որոշեց, որ պիտի զագսավորվենք։
-Հա՛ էլի, էդ եմ ասում, ինչ ես որոշել գիտական փորձ անել ու Հյուսիսայինով գնաս-գաս, գնաս -գաս, որ հասկանաս՝ դու հմայի՞չ ես, թե՝ չէ։
-Մենք բաժանվել ենք արդեն։ Սարգիսը սիրահարվել է մի օրիորդի ու ես ավելի քան վստահ եմ, որ օրիորդը չի սիրում Սարգիսին, նրան ամերիկյան երազանքն է հալումաշ արել։
-Լավ էլի, չեմ հավատում, ո՞նց։
-Հա ,Սարգիսն ինձ ասաց, որ ինձ հետ այլևս երջանիկ չէ, որ ես խամրել եմ։
Հենց նույն օրը, սրտին եղածը Սոնային պատմելուց հետո, նա սովորականից ավելի շպարվեց, հագավ իր գեղեցիկ զգեստներից մեկը, հարմարեցրեց շարֆիկներից մեկը։ Նորից նայեց հայելուն, հասկացավ, որ շրթներկը մուգ էր, ու չէր ուզում փողոցային կնոջ տեսք ունենալ, բայց չէր էլ ուզում չափից ավելի հարգարժան երևալ։ Փոխեց շրթներկը ու շատ հուզված տանից դուրս եկավ։ Հուզմունքը նրան հաճելի մի բան թվաց։ Զգում էր, որ արտառոց բան էր ձեռնարկում իր համար։ Հիմա կհասկանար՝ ունե՞ր հմայք, թե՞՝ ոչ։ Ուղիղ գնաց Հյուսիսային պողոտա, Սոնան ասաց, որ արդեն շատ վաղուց Աբովյան փողոցը ու հատկապես կինո Մոսկվայի մերձակայքն ու հրապարակը չէին ծանոթությունների բեմահարթակը։ Մայթերը լիքն էին անցորդներով։ Աստղիկն ուզում էր հասկանալ, արդյոք ինքն արդեն տարբերում էր տղամարդկանց որձերից։ Նա անշտապ քայլում էր։ Սկզբից քայլում էր՝ նայելով իր առջև։ Շուտով հասկացավ, որ անօգուտ է։ Ուրեմն ինքը պիտի նայի մարդկանց, որ նրանք էլ իրեն նայեն։ Էլի բան դուրս չեկավ։ Երկու կողմից էլ անցորդներ էին անցնում, ու թարսի նման՝ բոլորն էլ շտապում էին։ Նկատեց, որ դիմացից տղամարդ է մոտենում և համարձակ նայեց նրան, սա էլ անցավ՝ առանց ուշադրություն դարձնելու։ Երևի դեմքը խիստ արտահայտություն ունի՞։ Ժպիտ հայտնվեց շուրթերին, մի քանի անցորդների թվաց, որ նա իրենց ժպտում է, շտապեցին փախցնել հայացքները։ Նրա ինքնասիրությունը խոցվեց, այլևս չպիտի նայեր շուրջը։ Ոչ ոք հետապնդելու փորձ չարեց։ Աստղիկը այնքան դանդաղ էր քայլում, որ երբեմն անցորդները դիպչում էին նրան։ Չգայթակղեց ու ոչ էլ հետապնդվեց։ Մի կերպ տուն հասավ։ Պարզեց, որ ինչ-որ տարօրինակ կարեկցանք էր զգում ինքն իր հանդեպ։ Արցունքները հորդում էին, բայց թե ինչու՝ չէր կարող հասկանալ։ Խղճում էր և՛ իրեն, և՛ Սարգիսին։ Ուզում էր ատել, բայց չէր էլ հասկանում, թե ում կարելի էր ատել։ Սիրում էր ու․․․ չէր սիրում։ Կյանք է՝ մեկ սիրով, մեկ հուսահատությամբ։ Նյարդային դողը պատեց նրան ու սկսեց հազալ՝ սիրո կարոտից։ Դեռ փոքրուց էր հասկացել, որ ամեն ինչ սխալ է, որ երջանիկ լինում են միայն անցյալում, երբ գիտակցում են, ավաղ, ամեն ինչ վերջացած է։ Շատ վաղուց, քեզնից էլ առաջ ու միշտ, սիրել է գարունը, որովհետև դու գարնանն ես ծնվել, իսկ դու էլ աշունն ես սիրել, որովհետև նա աշնանն է ծնվել։ Չես կարող հերքել, քանի, որ դու ես անկեղծացել։ Ապրելը՝ կապրի։ Ապագայում չես լինելու դու, չի լսելու ապրեցնող ու ամենազորեղ բառերը։ Կապրի իր սիրած անցյալով, միայն քեզ հետ, ու իր սուրճն էլ կխմի առանց քեզ։
Առավոտյան արթնացավ, դիմահարդարվեց, հագավ իր ամենականացի շրջազգեստը, շարֆիկը հանգուցեց պարանոցին, օծեց քունքերն ու դաստակով անցնող զարկերակի հատվածը ամենանուրբ բուրմունքով ու սլացավ դեպի իր սիրելի աշխատավայր։ Գրեթե բոլորը նկատում ու ժպտում էին նրան, իսկ նա թեթև շիկնում ու աչքերը փախցնում էր, զգում էր, որ հմայիչ է ու զգում էր, որ դու զգում ես այն ինչ ինքն էր զգում։ Իր զգացածից գոհ ժպտում էր, թե որտեղ կլինես և կամ ում հետ կլինես՝ դու իրեն ես հիշելու, որովհետև ինքն էլ քեզ է հիշում։ Կապրի անցյալով, չնայած արդեն անցյալն ու ներկան անընդհատ խառնում է։ Դե, անձրևանոցդ չմոռանաս, հորդառատ անձրևները մեկ էլ անսպասելի սկսվում են․․․
