Ուսուցչուհին Բակուրին ասում էր․ «Անունդ ռազմաշունչ է, գեներալ կդառնաս»: Բակուրը ծիծաղում էր ի սրտե: Չգիտես ինչու հիշեց այդ մասին, ծիծաղեց նորից: Ստորագրեց հերթական հոդվածը վաղվա թերթի համար, որն անմիջապես տանելու էր խմբագրություն:
Նստեց իր մաշված Օպելն ու քշեց դեպի մամուլի շենք: Խմբագրությունը յոթերորդ հարկում էր, բայց պարզվեց, որ վերելակը խափանված է: Բակուրը սլացավ վեր, առանց սրտխփոցի, ծխող չէր: Թակեց ընդունարանի դուռը, ներս մտավ: Գիրուկ քարտուղարուհին ժպտաց, բացեց գլխավորի աշխատասենյակի դուռն ու հայտնեց՝ Բակուրը եկավ:
Բակուրը հարգալից ողջունեց, պայուսակից հանեց յոթ մեքենագիր էջից բաղկացած հոդվածն ու դրեց սեղանին:
-Ինչու այսքան թուղթ,- հարցրեց գլխավորը,- չորս էջի տեղ ունեմ։
Բակուրը փորձեց բացատրել, որ կցկտուր բան կստացվի: Գլխավորը պահանջեց սեղմել:
-Ուրեմն պետք չէր ճանաչված գրողի դիմել,- պատասխանեց Բակուրը: Եվ դուրս ելավ:
Աստիճաններով իջավ գլուխը բարձր պահած: Նստեց իր վաստակաշատ մեքնան ու քշեց դեպի Ծաղկաձոր, Գրողների տուն: Տնորենը տեղում չէր, բայց աշխատակազմը հարգում էր Բակուրին, անմիջապես հատկացրին կարգին սենյակ: Ներս մտավ ու փռվեց մահճակալին: Մայիս էր, սոխակների ժամանակը : Կանաչը զրնգում էր ու երգում :
Մեկ ժամ անց Բակուրը քայլեց դեպի Կեչառիս: Հասավ, մոմեր վառեց մոր և հոր միասնական հիշատակի համար: Ցավն այն էր, որ նրանք մահացել էին նույն օրը, ավտովթարից: Դանդաղ բարձրացավ Գրողների տուն: Պայուսակի մեջ կոնյակ ուներ, խմեց երկու ըմպանակ: Սուրճ ուզեց, բաց հիշեց, որ չի բերել: Եկել էր անավարտ պատմվածքը շարունակելու: Միայն մաշիկներով իջավ ճաշարան, խնդրեց արտահերթ սուրճ: Ամենայն պատրաստակամությամբ մատուցեցին: Հատնվեց գրչակից Փարեմուզը, ժպաց ու ասաց․
-Դու եկար, ես գնում եմ։ Վեպս ավարտեցի:
-Բարով մաշես, – պատասխանեց Բակուրը: Փարեմուզը շրջվեց ու հեռացավ:
Բակուրը դեռ վեպ չէր գրել, բաց կոպիտ խոսքը նախանձից չէր: Իր պատմվածքները լան տարածում ունեին: Իսկ Փարեմուզի մականունն էր ձանձրույթ պապի:
Մեկ գիշերում ավարտեց պատմվածքը: Սլացավ Երևան: Խոստացել էր հանձնել «Դուռ» հանդեսին։ Այնտեղ սպասում էին: Հանձնեց, գնաց տուն: Զանգ ստացավ: Չորոտ մի ձայն ասաց.
-Մենք Ձեր ծառայությունների կարիքն այլևս չունենք:-Բակուրը ցած դրեց հեռախոսը: Փաստորեն ռոճիկ չի ստանալու:
Հիշեց որ հին ընկեր Կարենը դեռ մեկ ամիս առաջ կանչում էր Արցախ: Ասում էր․
-Ա՛յ մարդ, էս բնության մեջ կյանքդ կերկարի, դպրոցում գրականության դասատուի տեղ կա:
Զանգահարեց: Կարենը պատասխանեց ակնթարթորեն: «Տեղը դեռ կա»։ Հաջորդ լուսածեգին Բակուրը բռնեց Ստեփանակերտի ճամփան: Կարենը դիմավորեց, տարավ տուն: Ասաց․
-Գիշերն ինձ մոտ կմնաս, հիմա հաց ուտենք:
-Կարեն ծխում ես, ինչքան գիտեմ,- ասաց Բակուրը,- մի հատ տուր:
Առավոտյան գնացին դպրոց։ Աշակերտները նայում էին քննախույզ: Սկսեց Մուրացանից: Դասարանը համակ ուշադրություն էր։ Ամենքի աչքերը փայլում էին: «Այստեղ էլ կմնամ,- որոշեց Բակուրը,- կանաչիով հացը կա»:
