Դավիթ Սամվելյան, Վեպ

Մոռացված երկրի զանգերը

(հատվածներ վեպից)

Դեպի գյուղ տանող ճանապարհն անցնում էր լեռներով՝ մե՛կ իջնելով դեպի խորունկ կիրճերը, մե՛կ մխրճվելով երկնքի մեջ։ Շուրջբոլորը լուռ էր, միայն խոտերին ու ծառերին մեղմորեն փարվող քամու շշուկն էր երբեմն լսվում, որն ասես առաջ էր ընկնում և շտապում փարատել երկար սպասումն ու փոխանցել վերադարձիս ուրախալի լուրը հարազատ եզերքներին։

Սայլը դանդաղ, բայց առանց դադարների շարունակում էր ընթացքը։ Սայլապան Մինասը, որն այս անգամ եկել-հասել էր Օրդուբադ, ամեն ինչ անում էր, որ մեզ րոպե առաջ գյուղ հասցնի։ Մորս հորդորներին, թե կենդանին պետք է գոնե շունչ քաշի, նա շրջվում, գլխով դրական նշան էր անում, բայց շարունակում էր ընթացքը։

Անվերջ թվացող վերադարձիս վերջին երկու օրերից հետո, երբ արդեն բավականաչափ մոտեցել էինք մեր գյուղին, հեռվից լսելի դարձան բուլվարի զանգի ղողանջները, որ արձագանքում էին լեռներում ու սիրտս լցնում անհամբեր անհանգստությամբ։

Չդիմացա։ Ցած իջա սայլից ու սկսեցի քայլել փոշոտ փողոցներում՝ զգալով հարազատ հողի հպումը, որ պետք է բուժեր վերքերս՝ սրտիս ու ոտքիս։

Պատերազմը բազմաթիվ զրկանքներ ու դժվարություններ էր պատճառել գյուղացիներին, բայց նրանց սրտում ցնծալի ուրախություն էր՝ դիմավորում էին ռազմաճակատից վերադարձած իրենց որդուն. հազվադեպ բան էր, վերջին շրջանում միայն սև թղթեր էին ստանում։ Ճանապարհին ամեն տուն, ամեն մարդ հարազատ էր ու ընկեր, ասես երբեք չէի էլ լքել այս վայրերը։ Ընկերներս հերթով մոտենում ու ողջագուրվում էին և կրկնակի աչքալուսանք տալիս մորս։

Հայրս կանգնել էր տան դարպասի առաջ ու հպարտ կեցվածք ընդունած՝ սպասում էր ինձ։ Այդ պինդ մարդը, որն իր հույզերն ի ցույց չէր դնում, որը երբեք չէր թուլացել մեր ներկայությամբ, չկարողացավ ինքն իրեն զսպել, առաջացավ ու փարվեց՝ դեմքս տաքացնելով աչքերից հոսող արցունքի կաթիլներով. տղամարդիկ հազվադեպ են լաց լինում, բայց երբեք չեն կեղծում արցունքները։

Երբ կուտակված կարոտը պարպվեց, հորս ուսի վրայով հայացք նետեցի պատշգամբին։ Դատարկ էր։ Շահանդուխտ տատս այնտեղ նստած չէր։ Հրաժեշտ էր տվել կյանքին՝ առանց վերադարձս ողջունելու։ Ասում են՝ ավագ թոռան զոհվելու բոթին չի դիմացել սիրտը, կամ էլ երկարատև շաքարախտը վերջնականապես քայքայել էր օրգանիզմը։ Ո՜վ իմանա…

Աստիճաններին կանգնած՝ լուռ իր հերթին էր սպասում Մուրադը՝ ձեռքը գցած քրոջս ու եղբորս ուսերին։ Բարևեցինք տղամարդավարի ու փարվեցինք իրար։ Ավագ եղբորս կորցրել էի, բայց նաև հասկացա, որ նոր եղբայրություն եմ վաստակել։

– Ես գիտեի՜, ես գիտեի, որ կվերադառնաս, ես հավատում էի։ Տեղյակ էի քո սև թղթի մասին, բայց ոչ ոքի չեմ ասել, որովհետև չէի ուզում հավատալ էդ լուրի իսկությանը,- չկարողանալով զսպել ուրախությունը՝ խոստովանեց Մուրադը։

Քարացա տեղումս։ Փաստորեն, ես այսքան ժամանակ համարվել էի զոհված, բայց շարունակել էի պայքարել կյանքիս համար, կյանք, որը միայն հարազատներիս համար արժեք ուներ, կյանք, որում լինելն ու չլինելը կարող է որոշել ընդամենը մեկ ակնթարթը, բայց որը մեկ ակնթարթ ավելի ապրելու համար պատրաստ ենք աննահանջ մաքառել, անգամ այլոց զրկել կյանքից։

* * *

Ժամանակն արագ էր անցնում։ Երկու շաբաթ հետո Նախիջևան քաղաքի հիվանդանոցում արտահերթ բժշկական զննումները հաստատեցին՝ սահմանել հաշմանդամության երկրորդ կարգ, որը մեկ տարի անց, չգիտես ինչու, փոխվեց երրորդի։ Վստահեցրին, որ հաջորդ տարի այն պետք է դառնար անժամկետ, սակայն սոցապբաժնի՝ ազգությամբ հայ աշխատակիցը պահանջեց անհնարինը՝ բանակային կենտրոնական շտաբից վիրավորումս հաստատող տեղեկանք. և զրկեցին թե՛ հաշմանդամության կարգից, և թե՛ թոշակից։ Հետագայում պարզվեց, որ այդ աշխատակիցը հորս ուղարկած ռևիզիայի հերթական «զոհերից» էր եղել…

Որպես հոգատարության դրսևորում կամ թե հերթական «մեղավորության» պատճառի սրբագրում՝ հայրս բարեխոսեց, որ աշխատանքի անցնեմ երկաթգծի վարչությունում։ Տաբելավար էի. շրջում էի տարբեր կայարաններով, կազմում նրանց աշխատանքային գրաֆիկը և գրանցում բանվորների հաճախումները։ Հերթական շրջայցերից մեկի ժամանակ նկատեցի, որ մի սահմանապահ ռուս զինվոր, պատին հենված, լաթի կտորով մաքրում էր իրեն կցված ինքնաձիգը։ Մտքիս եկան պատերազմական օրերն ու պատրաստությունները։ Մոտեցա նրան, որ նկատողություն անեմ զենքը սխալ բռնելու համար, և դեռ խոսքս չավարտած՝ կրակոց հնչեց։ Անզգուշորեն դիպչելով ձգանին՝ զինվորը կրակեց։ Գնդակը սլացավ իմ ուղղությամբ ու անցավ ոտքերիս միջով։ Առաջին վիրավորումս գերմանացու արկից էր, երկրորդը, ճակատագրի հեգնանքով, նրա կողմից, ում համար պատերազմում էի։ Առաջին վիրավորումս անխուսափելի էր, և պատահականորեն փրկվեցի, երկրորդի դեպքում պատահականությունը, փառք Աստծո, կյանքս չխլեց, բայց կրկին ուշաթափվեցի։ Վիճակս բավականին ծանր էր։ Բժիշկների հսկողությամբ ինձ գնացքով անմիջապես տեղափոխեցին Նախիջևանի հիվանդանոց, որտեղ էլ վիրահատվեցի։ Օրեր անց զինվորական քննիչները այցելեցին՝ հարցաքննելու և պարզելու՝ կատարվածը կանխամտածվա՞ծ էր, թե՞ ոչ։ Ես չբողոքեցի, բայց զինվորին տասնհինգ օրով ձերբակալեցին, իսկ ինձ, այն նույն ճակատագրի հեգնանքով, հաշմանդամության երրորդ կարգ նշանակեցին։ Փաստորեն, խաղաղ ժամանակ ստացած վիրավորումներն ավելի են կարևորում, քան ռազմաճակատում ստացածդ վերքերը, երբ կյանքդ է դրված լինում զոհասեղանին…

Որոշեցի ազատվել աշխատանքից և այսուհետև հնարավորինս հեռու մնալ կայարաններից, այն ամենից, ինչը կհիշեցներ իմ թափառումների և պատերազմի մասին։ Վերադարձա գյուղ և սկսեցի աշխատել կոլտնտեսությունում՝ կրկին որպես տաբելավար։

* * *

Մայիսի 9-ի վաղ առավոտյան հնչեց բուլվարի զանգը։

Մարդիկ՝ բան ու գործ թողած, գլուխները կորցրած, շտապեցին գյուղամեջ։

– Ընկերնե՜ր, պատերազմն ավարտվել է։ Հաղթանա՜կ, ընկերնե՛ր, կեցցե՜ մեր բանակը, կեցցե՛ ընկեր Ստալինը,- թաշկինակը թափահարելով՝ աղաղակում և անդադար նույն տեքստն էր կրկնում Սուրենը՝ չսպասելով գյուղացիների հավաքվելուն։

«Մեր բանակը»… «Ընկեր Ստալինը»…

Մերն էր դարձել այն նույն բանակը, որը տարիներ առաջ, թեպետ սովետական, բայց Ադրբեջանի Հանրա-
պետությանը հանձնեց իմ հայրենի գյուղն ու երկրամասը։ Եվ այդ նույն բանակի կազմում, որը տարիներ առաջ պարտության էր մատնել մեզ ու գրավել իմ ու պապերիս ծննդավայր Նախիջևանը, մենք պարտության էինք մատնել ուրիշներին, օտարների հեռավոր Բեռլինը գրավել։ Բեռլինը գրավելն ավելի հզոր ու հնչեղ մի քայլ էր, քան ինչ-որ փոքրիկ հողակտորի՝ ձեռքից ձեռք փոխանցելը, ավելի մեծ, հաղթանակած բանակով հայրենիքի մաս կազմելը, բայց այդ նույն «հայրենիքի» համար զոհված ոչ մի հայ զինվոր այդպես էլ չթաղվեց իր փոքր, բայց իսկական հայրենիքում. անմար կրակ, տարիների հետ մարող հիշողություն ու հետմահու պարգևներ՝ որդեկորույս մայրերին որպես սփոփանք։

Իսկ ում որդու սև թուղթը չէր հասել դեռ, թաքուն հույս էր փայփայում, որ իր զինվորը, թեկուզ վիրավոր, կվերադառնա. խաղաղությունը վերադարձի հույս է արթնացնում միշտ…

Մայրս շարունակում էր չհավատալ եղբորս զոհվելուն, մտածում էր՝ գուցե իմ սև թղթի պես՝ եղբորս մահվան լուրն էլ է սխալմամբ հաղորդվել. ամենադժվարը բժշկի մահվան լուրին հավատալն է, մարդկանց մահից փրկողների մահվանը առերեսվելը։ Պատշգամբում նստած՝ օրվա մեջ մի քանի ժամ նայում էր գյուղ մտնող ճանապարհին. ընկեր Ստալինից հույսը կտրել էր, այդ «ընկերը» իր շատ ընկերների հանդեպ նույնքան դաժան էր վարվել, որքան թշնամիների հետ, հույսը Աստվածն էր ու իրականությունը չընդունելու համառությունը։

* * *

Եվ մարդու բնույթն է այդպիսին` դառնալ դեպի աստված, երբ որևէ երկրավոր էակից օգնություն և հույս ակնկալելն արդեն սպառված հերթական ու վերջին փորձն է լինում, երբ սեփական կյանքում պատահող դեպքերին տրվող, գտնվող որևէ պատասխան չի հանգեցնում փոփոխության, չի խաղաղեցնում հույզերը։

Եվ որքան շատ է կառչած լինում մարդն աշխարհին ու նյութին, այնքան շատ են լինում հիասթափություններն ու անկումները, այնքան շատ է անպատասխան հարցերի հասցեատերը դառնում Երկինքը։

Եվ երկինք հասնելու փոխարեն ցանկանում է այն իջեցնել երկրի վրա, փոշոտ, հողակերտ մակերևույթի փոխարեն փորձում է քայլել ամպոտ ճամփեքով ու խաղաղվել անզորությունից, անգիտության պատճառով ծնված ցավերից։

Փարվել էի Մարիամ Աստվածածին եկեղեցու փորագրակերտ դռանն ու պատասխան էի հայցում՝ չսխալվելու, որոշումս հաստատելու որևէ նշան։ Բայց Աստված լուռ էր. նրա մասին վաղուց լուռ էին գյուղում…

Որոշել էի հեռանալ գյուղից. հայրս կտրականապես դեմ էր տեղափոխվելուն, մայրս համամիտ էր հորս հետ, Մուրադն էլ խոստացավ, որ հոգ կտանի նրանց. Մուրադը միշտ կողմ էր իմ որոշումներին՝ չափազանց վստահելու կամ կույր սիրո հետևանք էր։

«Էստեղ ապագա չկա…». բոլորի գլխում պտտվող այս միտքը վերջին շրջանում սկսել էր հաճախակի հնչել մարդկանց շուրթերից։ Հեռանում էի մարդավայել ապագայի, երեխաներիս ապագայի համար։

* * *

Հնչում էր բուլվարի զանգը։

Չոբան Ալին անասուններին սարից իջեցրել ու լուր էր տալիս գյուղացիներին, որ դարպասները բացեն։

Մթնշաղ էր. գյուղն աստիճանաբար թաղվում էր ստվերների մեջ։ Հայրս լուռ նստել էր պատշգամբում ու հետևում էր: Չկարողանալով զսպել իրեն՝ տեղից վեր կացավ, ձեռքիցս վերցրեց ճամպրուկն ու մի կողմ դրեց, ապա ուսերս գրկեց.

– Պինդ կկենաս։ Ընտանիքիդ հոգ տար։ Մենք մեր կյանքը լավից-վատից ապրել ենք,- ասաց ու նորից տեղավորվեց աթոռին՝ ասես չուզելով թափուր թողնել Շահանդուխտ տատի տեղը…

* * *

Մայրս կանգնել էր բեռնատարից մի քանի քայլ հեռու և համբերատար հետևում էր, թե ինչպես ենք ես ու Մուրադը բարձում իրերը։

Նորից հեռանում էի գյուղից. այս անգամ պատերազմ չկար։ Դեռ չկար։ Ոչ ոք չէր հրամայել, բայց հեռանում էի, այս անգամ կյանքի կռիվ էր հենց կյանքի դժվարությունների դեմ։

Երբ ամեն բան պատրաստ էր մեկնելու համար, մայրս մոտեցավ ու հերթով գրկեց համբուրեց զավակներիս, ապա կնոջս ճակատը։

Բեռնատարի վարորդը գործի գցեց շարժիչը՝ խախտելով գիշերային լռությունը։

Մոտենալով մորս՝ գլուխս կախեցի, որ օրհնի ընթացքս։ Ձեռքերս առավ ափերի մեջ ու ամուր սեղմեց:

– Չկարոտես, Արա՛մ,- շրթունքները սեղմելով՝ հորդորեց նա,- չկարոտես, որ հեշտ լինի։

Ասաց ու գրկեց՝ գլուխս սեղմելով կրծքին։ Մի քանի վայրկյան լուռ մնացինք, որից հետո դեմքս ափերի մեջ առավ և արցունքից թաց աչքերը ուղիղ աչքերիս մեջ հայելով՝ ավելացրեց.

– Բայց չմոռանաս հայրենիքդ, որքան էլ լավ լինի Երևանը, չմոռանաս հայրենի գյուղդ…

Ասաց ու շրջեց ինձ բեռնատարի կողմը…

Հեռացող «Գազ-51»-ի լույսերն աստիճանաբար կուլ էին գնում գիշերվա խավարին։ Արդեն հասել էինք Տամբրի թաղամաս՝ Սողոմոնանց տներին, երբ հեռվից երաժշտության ձայն լսվեց։ Տամբրեցի Անդուկն էր. լքված տան դիմացի քարերից մեկին նստած՝ շվի էր նվագում։ Իր պատրաստած շվին ու իր հորինած երգերը…

Տեսնելով մոտեցող մեքենան՝ վեր կացավ տեղից ու քայլեց մեր կողմը։ Աչքերը տրորեց փոշու և լույսերի կուրացնող քողը ցրելու համար, պտտվեց կանգ առած մեքենայի շուրջը։

– Էս գնո՞ւմ ես, Արա՛մ,- նկատելով ինձ՝ միամիտ հարց ուղղեց Անդուկը։

– Հա, Անդո՛ւկ, գնում եմ, բայց ամառները հետ եմ գալու,- վերևից ողջունելու փոխարեն միանգամից պատասխանեցի՝ փորձելով արդարանալ։

– Բա որ բոլորը քեզ պես հեռանան, ո՞նց կլինի, ախր գյուղը կդատարկվի…- ասաց ու թևը օդում հուսակտուր թափ տվեց։

Լուռ էի։ Պատասխան չունեի։ Պատասխանս Անդուկին չէր բավարարելու։ Ոչ ոքի չէր բավարարելու՝ բացի… Գլխով նշան արեցի վարորդին, որ շարունակի ընթացքը։

– Արա՛մ, հասկանո՞ւմ ես՝ ինչ ա հայրենիքը։ Վաթան, Արա՛մ, վաթա՜ն…

Անդուկը բղավում էր մեքենայի հետևից՝ առանց հասկանալու կամ դիտավորյալ տանջելով խիղճս ու ոչնչացնելով ինքս ինձ սեփական աչքում…