Գեվորգ Տեր-Գաբրիելյան, Պատմվածք

Այնպես չէ՞

«Դեկավիրոն» շարքից

Տիկին Ռիման շոյված էր, որ իրեն հրավիրեցին «Գրադարանավարների և գիտնականների երկխոսություն» համաշխարհային ֆորումին. այլևս հաճախ չէր, որ իրեն հիշում էին. նախկինում էր, որ ամեն հնարավոր կոնֆերանսի պիտի ներկա լիներ և զեկուցեր: Բայց հյուրանոցի պատուհանները չբացվող էին, և արդեն սրտնեղում էր: Սա հյուրանոցի նոր շենքն էր, հին գեղեցիկ մասնաշենքը դիմացն էր, և նրան, ավաղ, այնտեղ սենյակ չէին տվել: Տիկին Ռիման մի անգամ էլ ստուգեց, արդյոք դեղահաբերը վերցրել է, տեսքը հայելու մեջ ինչպիսի՞ն է, և, ոտքերը մի թեթև քստքստացնելով, դուրս եկավ սենյակից, իջավ վերելակով ու քայլեց դեպի կոնֆերանսի սրահը: Լավ է, գոնե մոտ էր: Մուտքի մոտ նրան դիմավորեց մի աղջնակ, լսելով դժվար արտասանելի ազգանունը, մի քիչ խառնվեց իրար, թևանցուկ արեց և ուղեկցեց նրան դեպի  աթոռը, որը պատվավոր առաջին շարքում էր:

– Դուք մեր հատուկ հյուրերից եք:

Տիկին Ռիման մի քիչ զարմացավ, բայց դե, գուցե իր նախկին դերակատարումն էին հիշել (ժամանակին Եվրոպայի Գրադարանավարների միության նախագահն էր), ընդունեց այդ վերաբերմունքը որպես փաստ, նստեց, փեշերը խնամքով փռեց շուրջը, հովհարը հանեց և երեսին հով անելով՝ զննեց շուրջը: Հետո բացեց ծրագիրը և, իր սովորության համաձայն, սկսեց փնտրել հայերի: Մի քանիսն էին՝ Գուրգեն Ամիրխանյան, Սևակ Գյուլամիրյան, Սենիկ Պողոսյան, Իզաբելլա Վարդանովա, Միրանդա Սարգիսովա, Արշալույս Ենգիբարյան, Շմավոն Սարուխանյան և այլն: Ծանոթ չէին: Հոգնեց հարյուրավոր հյուրերի անունների մեջ հայի անուն որոնելուց, մի քիչ հանգստացավ, դեռ մի տասնհինգ րոպե կար մինչև սկսվելը, ջուր խմեց, հետո ադրբեջանցիների անունները նույնպես նայեց համենայն դեպս: Տասը հայ կար, երեք ադրբեջանցի, երկու թուրք: Հարաբերակցությունը գոհացուցիչ էր:

Վերջապես առաջին խոսողները ելան բեմ, խոսեցին, տիկին Ռիման հաճույքով և ուշադրությամբ լսեց: Մի ելույթ հետաքրքիր էր. փափուկ ավտոմեքենաների տեխնոլոգիայի ստեղծողինը, ազգությամբ՝ բուրյաթ. իրենց ավանդական թաղիքե մշակույթն էր հիմք հանդիսացել իր հայտնագործության: Քննարկում էին, թե ինչպես երեխաների խաղերից այդպիսի հայտնագործություններ դուրս բերել: Հետո ընդմիջում հայտարարվեց, տիկին Ռիման չէր հասցրել տեղից վեր կենալ, մեկ էլ ետևից ձայն լսվեց.

– Ընկե՛ր Ռիմա:

Տիկին Ռիման մի պահ սառեց: Շա՜տ վաղուց իրեն այդպես դիմած չկային: Գլուխը դանդա՜ղ շուռ տվեց, որքան կարող էր. տղան չէր կարողանում մոտենալ՝ կողքի սեղանը խանգարում էր: Տիկին Ռիման ծանրորեն ոտքի կանգնեց, շրջվեց դեպի տղան: Խոշորամարմին ակնոցավոր տղա էր, ճաղատ, հիսուն տարեկանին մոտ (տիկին Ռիման տղաների տարիքը լավ չէր տարբերակում):

– Դուք ինձ չեք հիշում, ընկե՛ր Ռիմա:

– Անունդ ասա…

– Արշալույս:

Տիկին Ռիման մի քանի Արշալույսների էր հանդիպել իր կյանքում, տղա էլ, աղջիկ էլ: Տեսնես ո՞ր մեկն է:

– Իսկ ես ձեզ երբեք չեմ մոռանա: Տեսե՛ք:

Արշալույսը ձեռքը տարավ ծոցագրպանը և մի կապուկ դեղնած թղթիկներ հանեց:

Տիկին Ռիման նայում էր այդ թղթիկներին և կամաց-կամաց սկսում էր հիշել: Ո՞ւր պիտի փախչեր:

* * *

– Մարիետան հիվանդ է, – ասաց ընկեր Դադայանը: – Աղջիկ ջան, հույսներս դու ես: Ազգանունդ լավ կլինի փոխես, բայց մինչև էդ՝ թող էդպես էլ դիմեն. «ընկեր Ռիմա»:

Ռիման սկզբում, այո, մտածում էր փոխել, հետո որոշեց, որ չի փոխելու գյումրեցի վաստակավոր կոշկակար, ցեղասպանությունից փախած որբ իր ապուպապի ազգանունը: Հայրիկն ի՞նչ կասեր: Իսկ հետո՝ կարիք էլ չեղավ:

Այդ դպրոց Ռիման եկել էր ընդամենը մեկ ամսով՝ պարտադիր փորձնակության, երեք դաս էր անցկացրել առայժմ ընդամենը, հինգի «Ա»-ի հետ, և հանկարծ դասղեկին տարել էին հիվանդանոց:

– Ես չեմ կարողանա գալ, զբաղված եմ, – ասաց տնօրինուհին: – Ուրիշ մարդ չկա: Համոզված եմ, ամեն ինչ լավ կլինի: Մարիետան ասաց, որ լրիվ կարող ես: Լավ շկոլա է, ապագադ կառուցելու առիթ: Մինչև կյանքիդ վերջը կհիշես այս օրերը:

Ընկեր Հովսեփյանը՝ Մարիետան, նստել էր Ռիմայի անցկացրած երեք դասերին: Իսկ հիմա Ռիման պիտի առաջին անգամ միայնակ մտներ դասարան: Չէր վախենում: Երեխաներին արդեն ճանաչում էր: Պատասխանատու էր, գիտեր, որ պիտի ճիշտ վարվի:

Երեխաները լավն էին: Թումանյանի մասին պատմվող պատմությունից սկսեց. փուչ ընկույզի.

«Թումանյանը խնձոր ու ընկույզ շատ էր սիրում: Մի օր մի պարկ ընկույզ է բերում տուն, ո՛րը ջարդում են` փուչ է դուրս գալիս: Դուստրը՝ Աշխենը, հարցնում է.

– Հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում:

– Մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան: Ծախողն էլ խեղճ մարդ էր, ուզում էր շուտ ծախի, ասում էր՝ էրեխեքս սոված են: Մեղքս եկավ, բոլորը վերցրի»:

– Ի՞նչ եք կարծում, երեխաներ, ինչի՞ մասին է այս պատմությունը:

Տասնհինգ սիրունիկ մանուկ, ինը-տասը տարեկան, գետնին նստոտած էին շուրջը: Բայց ձեռք բարձրացնողներն էլի, ինչպես միշտ, նույն մարդիկ էին. Անին, որ միշտ ուսուցչուհուն մոտ էր ծալապատիկ նստում, և հեռու՝ «երկրորդ շարքում» նստող Դոնարան: «Երկրորդ շարքի» կարիք չկար, բայց կային երեխաներ, որ գերադասում էին փոքր-ինչ թաքնվել մյուսների ետևը:

Պիտի խոսեցներ մյուսներին: Ինչ-որ չէր ստացվում: Անհանգիստ էին: Նախորդ օրերին այդպիսին չէին թվում: «Քաշվում են, ինձ չեն ճանաչում»:  Ընկեր Հովսեփյանի դասերին իրադրությունն այլ էր. նա գալիս էր, արագ խոսում, արագ կազմակերպում, դասն առանց որևէ վայրիվերումի անցկացնում: Իսկ ինքը… առաջին դասին իրոք շփոթվում էր, չէ՞ որ առաջին անգամն էր դաս տալիս․ ելույթ՝ այո, ունեցել էր բազում անգամներ, հարցերի պատասխանել, շատ ավելի մեծ լսարանի, բայց դաս՝ իր քսան տարիների ընթացքում առաջին անգամն էր, որ վարում էր:

Եվ այժմ իր չորրորդ դասն էր, արդեն՝ առանց հսկողության: Նորմալ էր անցնում, բայց ինչ-որ կայծ պակաս էր: Հաջորդ դասն էլ էր իրենը: Երեք դաս միանգամից՝ հասարակական հմտություններ:

Դասամիջոցին հեռվից նկատեց, որ տղաներից մեկը՝ Արամը, տաքացած վիճում է մի քանի այլ երեխայի հետ: Ինչ-որ բան կա, որից ինքը տեղյակ չէ:

Դասը սկսվեց: Խաղ առաջարկեց.

– Պատկերացրեք,  որ դուք արդեն մեծ եք, ամեն մեկդ՝ մասնագետ: Բաժանվեք խմբերի՝ չորսական կամ հնգական հոգի: Իրար ասեք, թե ո՛վ՝ ի՛նչ մասնագետ է: Հետո քննարկեք, թե ինչպե՛ս եք իրար օգնելու, իրար հետ համագործակցելու ամեն մեկդ՝ ձեր մասնագիտության տեսանկյունից: Կետերով գրեք, հետո ամեն խումբ կպատմի:

– Իսկ եթե ես ուրիշ խումբ եմ ուզու՞մ:

– Մի՛ անհանգստացիր, հետո էլի օյին կանենք, խմբերը կփոխեք:

Օդապարիկներ արտադրող Զուլեյհան համագործակցեց պաղպաղակավաճառ Արսենի հետ, սա՝ լեռնագնաց Յանայի, որ խելքահան էր անում բոլոր տղաներին, և բոլորը միասին նկարչուհի Ալինայի ցուցահանդեսը կազմակերպեցին: Էդպես լավ անցավ խաղը, իրադրությունը կարծես հանդարտվեց, հետո էլ լավ քննարկեցին:

Միայն մեկն էր՝ նա, ով հիմա, հիսուն տարի անց, իր առջև կանգնած էր, որ իր խմբից ո՛չ բոլորի հետ էր համագործակցում:

– Ես ի՞նչ համագործակցեմ Բորիկի հետ, ուզում է «հարուստ մարդ» դառնա: «Հարուստ մարդը» բա մասնագիտություն է՞:

– Ինչպե՞ս կարող է Բորիկը քեզ օգնել քո պլաններում, Արշալու՛յս:

Արշալույսը նայեց Բորիկին.

– Ինձ հիսուն մետր պղնձե լար է պետք, կառնե՞ս:

– էդ էլ ուզելու բա՞ն էր, – ասաց Արամը:

– Դու՞ ինչ կուզեիր, Արա՛մ:

Արամն ուսերը թոթվեց:

– Չգիտեմ… Կղզի, բան…

– Արշալույս, դու կարող էիր ուզել կղզի՝ քո ուզած լաբորատորիան մեջը, բոլոր սարքավորումներով:

– Հըլը սպասի տեսնեմ, հիսուն մետր լար կտա, թե չէ, – ասաց Արշալույսը, շեղ նայելով Բորիկին:

– Իսկ դու՞ նրան ինչ կտաս փոխարենը, – հարցրեց Ռիման:

– Ես… Ինչ տամ… Ի՞նչ ես ուզում:

– Հիսուն տոկոս քո հայտնագործությունում:

– Հիսուն՝ չէ, չեմ տա: Շատ-շատ… Տասը տոկոս:

– Ես էլ քեզ լա՛ր չեմ տա:

– Տո հիսուն էլ կտամ, վաթսուն էլ, – հանկարծ ասաց Արշալույսը ջղայնացած, – եթե ընկերս ես մնում, միասին ենք գործ անում: «Փողը ձեզնից՝ գաղափարները մեզնից»: Մանավանդ եթե երեխաներ ունես ու էդ փողը ճիշտ ես օգտագործելու:

– «Ոսկե ցլիկը» լավ ֆիլմ է, – ասաց ընկեր Ռիման:

– Գիրքն ավելի լավն է, – ասաց Արշալույսը խոժոռ:

Մյուս խումբը դժժում էր: Ռիման մոտեցավ:

– Ի՞նչ որոշեցիք:

– Մենք ուզում ենք փոխվարչապետ դառնալ:

– Բոլո՞րդ:

– Չէ, ես ու Սաքոն:

– Իսկ դու՞, Բելա:

– Իսկ ես՝ փոխվարչապետի օգնական:

– Բա ի՞նչն է խնդիրը:

– Ես օպոզիցիա եմ:

– Իսկ դու՞, – դիմեց Ռիման չորրորդ մասնակցին՝ Արմենին:

– Իսկ ես՝ այգեպան, -ասաց Արմենը:

– Դե լավ է, ուրեմն իրար տալու, իրարից վերցնելու բան ունեք, – ասաց Ռիման:

Էդպես, տիեզերագնացուհի էլ կար, ոստիկան էլ, և նույնիսկ մի աղջիկ՝ ատամնատեխնիկ: Օրվա վերջում Ռիման հոգնած էր: Դասերից հետո արագ ցրվեցին Յանան, Անին, Դոնարան: Իսկ Արշալույսը, Արամը և մի քանիսն էլ հետները, դպրոցի բակում հավաքված, էլի տաքացած ինչ-որ բան էին քննարկում: Ռիման գնաց տնօրինուհու սենյակ:

– Իմացա, նորմալ է անցել, – ասաց տնօրինուհին:

– Ինչ-որ բանից անհանգիստ են, չգիտեմ՝ ինչ է եղել,- ասաց Ռիման, ուրախացած, թեև անհասկանալի էր, որտեղից ընկեր Դադայանը գիտեր, ինչպես են անցել դասերը:

– Ամեն ինչ չէ, որ ուսուցիչը պիտի իմանա, – ասաց ընկեր Դադայանը: – Երեխա են, իրենց ներքին վեճերն էլ կունենան: Գնա տուն, վաղվա դասին պատրաստվիր:

* * *

– Ես շատ ուրախ եմ, որ Ձեզ վերջապես կրկին հանդիպեցի, – ասաց Արշալույսը:

Տիկին Ռիման նայեց նրան վարից վեր:

– Լավ մասնագետ ես դարձել:

– Ձեր շնորհիվ, – ասաց Արշալույսը:

– Մի՞թե, – ասաց տիկին Ռիման:

– Իհարկե: Ես կպատմեմ, – ասաց Արշալույսը:

Եվ բարձրացավ բեմ. ընդմիջումն ավարտվել էր, և այժմ ելույթի ի՛ր հերթն էր:

– Ձեզ ենք ներկայացնում, – ասաց վարողը, – Արշալույս Ենգիբարյանին, Հայաստանից: Արշալույսը ոչ միայն Նոբելյան մրցանակի դափնեկիր է պսակաժահրի դեմ լավագույն միջոցը հայտնագործելու համար, իր գործընկերների հետ… նրանք բոլորն այստեղ են, բոլորին կծանոթանաք: Նա նաև այս տարի, իր թիմի հետ, արժանացել է Հյումանգոս Հիքսուսի մրցանակին ճշգրիտ նեյրոկոգնիտոլոգիայի ասպարեզում՝ պլացեբոյի էֆեկտը չափող սարքը ստեղծելու համար և ընդհանրապես մի շարք աշխատանքների, որոնց ամբողջությունը կոչվում է «Քվոտիդյեն Քյո», – իսկ թե ինչ է դա նշանակում, հուսով եմ, ինքը կբացատրի…

Բոլորը ծափահարում էին: Ռիման եթե մի քիչ ջահել լիներ՝ հիմա ամոթից մեռել էր, որ ա) չճանաչեց Արշալույսին, բ) երբ իմացավ, ով է՝ մոռացավ, որ Նոբելյան դափնեկիր է, և գ) քառասուն տարի շարունակ, թեև վերջերս ականջի ծայրով լսել էր այդ անունը, նրա մասին գրեթե չէր մտածել: Բայց նա արդեն փորձված տիկին էր, մտածեց ինքն իր մասին քմծիծաղով, և, ուրեմն, ինքզինքը անուշադրության մեջ մեղադրելու կարիք չէր զգում: Եվ սակայն դավաճան դեմքը՝ այտերից սկսած, ամբողջությամբ կարմրեց, մինչև իսկ ականջների ծայրերը: Հույս ուներ, որ մարդիկ Արշալույսով են տարված, այս պահին չեն կենտրոնանա տարեց տիկնոջ դեմքին, այն էլ՝ ակնոցով գոնե փոքր-ինչ պատսպարված: Հույսն այդ զուր էր, բայց նա այդ մասին դեռ չգիտեր: Ջուր ումպ արեց, որ դեմքն արագ հովանա:

– Ես, – ասաց Արշալույս Ենգիբարյանը, – փոքր ժամանակվանից, չգիտես ինչու, ֆիքսվել էի մարդու մտքի երևույթի վրա: Ուզում էի հասկանալ՝ այդ նեյրոնները, երբ էլեկտրական հոսանքը տեղից տեղ է շարժվում նրանցում, ինչպե՞ս են միտք առաջացնում: Նույնիսկ արդեն վիրուսին վերաբերվող մի բան էի երևակայել. որ, իբր, հայտնվել է մի վիրուս, որը վարակում է ոչ թե ֆիզիկապես իրար հետ շփվող մարդկանց, այլ՝ իրար մասին մտածողներին: Դու կարող ես լինել Աֆրիկայում, մորաքույրդ՝ Հյուսիսային բևեռում. բայց եթե երկուսդ էլ միաժամանակ իրար մասին մտածեցիք, կամ, ավելի վատ, հեռախոսով իրար հետ խոսեցիք՝ եթե մեկդ վարակված է, կարող է մյուսին էլ վարակել: Հիշում եք, որ պսակաժահրի ժամանակ լուրեր էին պտտվում, որ մարդիկ վարակվում են սմարթֆոններով իրար հետ խոսելու պատճառով, – իհարկե, դա սխալ հասկացված տեղեկություն էր. քանի որ առաջարկվում էր սմարթֆոնները հականեխիչով մաքրել՝ ոմանք կարծում էին, որ վարակը ձայնով կամ ալիքներով է փոխանցվում, մինչդեռ խոսքը զուտ տարրական հիգիենայի մասին էր: Բայց երբ ես այդ մազալու լուրը լսեցի՝ հիշեցի մանկության իմ այն ֆանտազիան, և գործը սկսեց գլուխ գալ… Չեմ ուզում շատ մանրամասնել, ինքներդ էլ գիտեք, պլացեբոյի էֆեկտն ինչ է. փսիխոսոմատիկ երևույթների նման բան է կամ դրան հակառակ – դատարկ դեղ ես խմում, բայց ինչ-ինչ պատճառներով՝ ազդում է առողջությանդ վրա: Մնում էր այդ ազդեցության չափելիությունը գտնել, և մենք գտանք… Իսկ ձեր ասած «Քվոտիդեն Քյո»-ն, կարճ եթե բնութագրեմ, հետևյալն է. պարզվում է, մասնիկները ճառագայթում են: Բոլորդ գիտեք: Զարմանալի բան չկա: Ամեն ինչ է ճառագայթում: Մենք պարզապես հաշվարկեցինք այդ ճառագայթման գործակիցը, ներառյալ պսակաժահրի համար…

* * *

Վաղը էլի հասարակական հմտությունների երեք դաս էր լինելու, պետք էր լավ պատրաստվել: Երեխաների թաքուն խժդժությունը, սակայն, հանգիստ չէր տալիս Ռիմային: Նա մինչև ուշ գիշեր մտածում էր, հետո, երբ հայրն արդեն քնած էր, պատրաստեց դեղին թղթուկների մի տրցակ՝ 240 հատ: Ամեն թղթի վրա գրեց դասարանի երեխաներից մեկի անունը՝ տասնհինգ անգամ ամեն անունից, իսկ վերջին տասնհինգի վրա՝ իր անունը. «Ընկեր Ռիմա»: Լիաների դեպքում գրեց նաև ազգանունները, քանի որ երկուսն էին:

Մյուս օրն առավոտից սկզբում երեխաների ելույթներն էին: Ամեն մեկը պատմում էր իրեն հետաքրքող որևէ թեմայի մասին: Իհարկե, բոլորը չէին հասցնի, բայց կար հերթ. այսօր առնվազն հինգ աշակերտ պիտի պատմեր: Լիաներից մեկը պատմեց «արմա» կոչված ծաղկի մասին, թե ի՛նչ տարօրինակ արարած է այն, և որ Շրի Լանկայում հսկա է՝ մե՜ծ ծառի չափ, իսկ Հայաստանում՝ տնային բույս, շատ կամակոր, և ինչպե՛ս է այն «երեխա բերում», իսկ երբեմն էլ՝ «ընտանիքները» բաժանվում են միմյանցից, առանձին խիտ թփիկներ կազմում: Ցույց տվեց նկարները. ինքը, ծնողների հետ՝ Շրի Լանկայում, արմա հսկա ծառի բունը գրկած, հետո՝ արագացված ֆիլմ, ինչպես են աճում, զարգանում, հետո չորանում և ընկնում արմայի տերևները:

Էդպես պատմում էին երեխաներն իրենց հետաքրքրած բաները, ապա քննարկում: Վերջում Արշալույսի հերթն էր: Այդ ժամանակ էր, որ նա ասաց, որ ուզում է հասկանալ, թե միտքն ինչ է: Եվ պատմեց իր այդ ֆանտաստիկ գաղափարը՝ մտքից-միտք վարակող վիրուսի մասին:

– Բքեց յաման բքեց, – ասաց Յանան: – Ախր ինքը չկա՛:

– Ինքը կա՛, – ասաց Արշալույսը:

– Իսկ դու՞, Անի, ի՞նչ ես կարծում, – ասաց Ռիման:

– Ես կարծում եմ… ես կարծում եմ, – ասաց պարտաճանաչ Անին, – եթե անկեղծ ասեմ… սա ավելի շուտ պատմվածքի նյութ է, քան գիտական հետազոտության… կներես, Արշալույս…

– Հետո ինչ, – ասաց Արշալույսը, ծնոտը համառությամբ սեղմելով, – սկզբում պիտի պատմություն պատմվի, որ հետո հետազոտվի:

– Դե լավ, – ասաց Ռիման: – Ապրեք բոլորդ:

Մի քանի րոպե էր մնացել դասի ավարտին, բայց նա որոշեց ընդմիջում անել:

– Ազատ եք, հանգստանանք:

Արշալույսի թշերը կարմրեցին:

– Ես դեմ չեմ, – դանդաղ ու ծանր ասաց Արշալույսը, – որ իմ գաղափարն այլևս չքննարկենք…

– Ինչու՞ ոչ, – ասաց Ռիման: – Եթե ուզում ես՝ կարող ենք, այնպես չէ՞:

Դիտեց դասարանը:

– Ընդմիջումից հետո:

Սակայն, տեսնելով նրա դեմքի արտահայտությունը, իսկույն ասաց.

– Կամ՝ հենց հիմա էլ, այնպես չէ՞, երեխեք: Մենք համաձայն ենք: Ասա՛, Արշալույս:

– Ես դեմ չեմ, – կրկնեց Արշալույսը,- որ իմ գաղափարը հիմա չքննարկենք: Սակայն կան հանգամանքներ, ընկե՛ր Ռիմա, որոնք դուք չգիտեք: Կան ավելի հրատապ հարցեր, որ պիտի քննարկվեն, և երբ մենք դա հետաձգում ենք, որովհետև ընկեր Հովսեփյանը հիվանդ է, ստացվում է, որ մենք փախչում ենք պատասխանատվությունից:

– Ի՞նչ է եղել, ասա՛,- ասաց Ռիման:

– Բանն այն է, որ Արամը…

– Ի՞նչ Արամը, ի՞նչ: Դու՛ ես, ո՛չ թե Արամը, – տեղից ոստնեց Արամը:

«Պարտադիր չէ նրանց բոլորի խնդիրները մինչև վերջ քննարկել, – ասել էր տիկին Հովսեփյանն առաջին օրվա դասերից հետո, երբ Ռիման խորհուրդ էր հարցրել իրենից: – Քո պարտքն է՝ պարտքդ կատարել, այնպես չէ՞: Մեկ է՝ նրանց դիսկուրսի տիրույթն անկառավարելի է և անըմբռնելի: Նրանք ազատ մարդիկ են, թող իրե՛նք մտածեն ու քննարկեն տվյալ ճյուղի հաջորդ քայլերը, դու՝ անցիր մյուս խնդրին»: Ռիման տառապում էր խորանալու, քննարկումը մինչև վերջ հասցնելու և դասի հաջորդ մասը հասցնելու առաջնայնությունների միջև ընտրելու անկարողությունից: Ոչ, ավելի ճիշտ՝ նա տառապում էր նրանից, որ հանկարծ, երբ դասավանդման հաջորդ քայլն է անում, երեխաները կարող է կարծեն, թե իրենց ձայնը կտրում է, իրենց հետաքրքրող թեման՝ կոծկում:

Արամն ինչ-որ բան էր արել: Ի՞նչ: Տիկին Ռիման չէր կարողանում մտաբերել: Կարծեմ, հարվածել էր… այո, այո, հարվածել էր… Սերգեյի՞ն: Սերգեյն ամենալռակյացն էր: Նախորդ դասին ասաց, որ ուզում է դառնալ քարանձավագետ: Հոյակապ նկարում էր, նկարել էր իրեն՝ քարանձավում, ջահը ձեռքին՝ կենսաբան Անիին ճանապարհ ցույց տալիս: Արամն ինչ-որ փիս բան էր արել, բացի հարվածելուց՝ ինչ-որ բան էր կոտրել: Բայց բանն այդ չէր: Բանն այն էր, որ նա դա անում էր անընդհատ, դա միայն վերջին դեպքն էր:

– Դուք կարող է համարեք, որ ես խաբարբզիկ եմ, – ասում էր Արշալույսը, – սակայն ինչ-որ շա՜տ սխալ բան եմ ես զգում, երբ մենք դասամիջոցներին կամ դասերից հետո քչփչում ենք այս կամ այն անկյունում, մեծ մասը լուռ է մնում, իսկ հարցերը չեն լուծվում և խորանում են, փոխանակ հավաքվենք և լրջորեն քննարկենք:

-Էս ի՞նչ ա խոսում,- ասաց Արամը:

– Դե խաբարբզիկ ա, էլի, ինքն ասեց, – ասաց Բորիկը:

– Ես խաբար չեմ տալիս, ես առանց որևէ մեկից ամաչելու՝ հարցը հանրայնորեն ձեզ բոլորիդ եմ ուղղում: Կանցնեն տարիներ,- ասաց Արշալույսը,- և այն, որ մենք սա չենք քննարկում, մեր հոգու մեջ խո՜րը սպի կթողնի: Չէ որ մենք նորմալ մարդիկ ենք: Տո, ինչ տարիներ, վաղը, մյուս օրը… Չէ որ սա առաջին անգամը չէ: Ինքը կարող է հիմա իրեն վատ պահել, լավ պահել, ինչ ուզի՝ անի, բայց այս վիճակը չի կարող շարունակվել այսպես: Ինչ նա եկավ մեր դասարան՝ դասարանը փոխվում է: Այնպես չէ՞, ընկե՛ր Ռիմա: Եվ, բացի այդ՝ նա խաբում է: Չէ որ այդպիսի արարքներ անելը թաքուն, որ մեծերը չիմանան՝ նույն խաբելն է: Աշխարհը կիսում է երկու մասի. թաքուն և բիրտ և՝ իբր բացահայտ, բայց այն այլևս վարակված է…

– Իհարկե, պետք է քննարկել, – ասաց Ռիման, – եթե քննարկելու բան կա:

Անիի փրկարար ձեռքը պարզված էր վեր:

– Ասա՛, Անի ջան:

– Այո, ճշմարտություն կա Արշալույսի խոսքում, – ասաց Անին: – Բայց նա չափից դուրս մեծամիտ է: Սիրում է պայթյուններ անել այսպիսի: Մենք մեր դասարանով շատ էլ լավ կարող ենք այս հարցը քննարկել:

– Ես ամեն ինչ ասացի,- ասաց Արշալույսը:- Հիմա ինչ կուզեք՝ արեք: Հիմա արդեն խնդիրը բաց է:

Եվ նստեց տեղը:

– Եկեք գնանք ընդմիջման, մի քիչ մտածենք, հետո կգանք, կքննարկենք,- ասաց Ռիման:

Ընդմիջմանը պիտի նրանց կողքին լիներ, ո՛չ կարող էր զանգահարել տնօրինուհուն, որ չկարծեն, թե թույլ է, խորհուրդ է հարցնում, ո՛չ էլ կարող էր գնալ նրա սենյակ, քանի որ չէր ուզում աչքից երեխաներին բաց թողնել: Էլի հավաքվեցին մի քանի խմբակով, քչփչացին, էլի ոմանք չհավաքվեցին, Արամը տաքանում էր, հազիվ էր իրեն զսպում, Բորիկը նրան ետ էր պահում, իսկ Սերգեյը, որ, փաստորեն, խնդրի էության մաս էր, տեղում նստած նկարում էր, հետո կամացուկ մի երկու խոսք փոխանակեց Արշալույսի հետ:

– Շարունակե՞նք քննարկումը:

Դոնարան ձեռք բարձրացրեց:

– Ինձ թվում է, ընկե՛ր Ռիմա, կարիք չկա: Ամեն ինչ պարզ է: Եկեք անցնենք հաջորդ առաջադրանքին:

– Բոլորը համաձա՞յն են:

– Ես ամեն ինչ ասացի,- քթի տակ մռթմռթաց Արշալույսը:

Ինչ-որ բան էլ ի պատասխան Արամը քթի տակ մռթմռթաց, բայց ինչ՝ հասկանալի չէր:

– Լավ, – ասաց Ռիման: – Հիմա նայեք: Ես ձեզ ամեն մեկիդ տալիս եմ տասնվեց թերթիկ, ամեն մեկի վրա գրված է մեկիդ անունը: Դուք այս թերթիկների վրա գրում եք, թե ի՞նչ լավ հատկանիշներ ունի այդ մարդը, և, առանց ձեր անունը գրելու և ուրիշներին ցույց տալու, տալիս եք ինձ:

– Լավ հատկանիշնե՞ր, – ասաց Լիաներից մեկը: – Որպես մասնագե՞տ, երեկվա պե՞ս:

– Պարտադիր չէ: Ինչպես որ դուք իրեն ճանաչում եք:

– Իսկ եթե նա լավ հատկանիշ չունի՞:

– Չի կարող պատահել: Ամեն մեկդ ունի լավ հատկանիշ:

– Նույնիսկ Արա՞մը:

– Իհարկե: Բոլորդ:

– Իսկ ինչու՞ տասնվեց թերթիկ, ոչ թե տասնհինգ: Ինքներս մեր մասին է՞լ պիտի գրենք:

– Ոչ: Տասնվեցերորդ թերթիկին իմ անունն է: Չէ որ, մտածեցի, անարդար կլինի – բոլորդ ձեր մասին գրեք, իմ մասին՝ ոչ:

– Ձեր է՞լ լավ հատկանիշները:

– Ինչ ուզում եք: Ինչ տպավորություն ունեք ինձանից: Իհարկե, ինձ դեռ լավ չեք ճանաչում, բայց՝ ինչքան որ գիտեք:

Երեխաները խորասուզվեցին: Առաջադրանքը մտածել էր պահանջում, և, երևում է, այդ ուղղությամբ շատերը դեռ չէին մտածել: Մեկն առանձին բառեր էր գրում, մեկը՝ բառակապակցություններ, մյուսը՝ ամբողջ տեքստեր: Մի թղթիկն արագ էին ավարտում, մի կողմ դնում, մյուսի վրա մտածում էին:

Երբ բոլորն ավարտեցին, Ռիման հավաքեց  թերթիկները:

– Վաղը կկարդաք՝ ինչեր եք գրել:

* * *

– … Աշխատում էինք մասնիկ-ալիք տեսության շուրջ: Նոր մասնիկները, երբ առանձնանում են, որոշակի դեպքերում ունենում են ինչ-որ ճառագայթում: Սկսում ենք չափել և գալիս ենք եզրակացության, որ դա ճառագայթում է նույն ձևի, ինչ մարդկանցից, կրիաներից և նման էակներից եկողը՝ կենդանի էակներից: Հետո հայտնաբերում ենք դա նաև բույսերի մոտ: Երկար ժամանակ չենք հասկանում, թե դա ի՛նչ է: Մասնիկի մոտ այն կա ու ուժգնանում է որոշակի մասնիկների հետ միավորվելիս և թուլանում՝ այլ մասնիկների հետ միավորվելիս: Ես ունեմ վարկած. որ կյանքը դա է. որ մասնիկը երբ ձեռք է բերում իմպուլս՝ մյուս մասնիկների հետ միավորվել, նրանց մեջ թաղվել, դա կյանքն է, իսկ երբ միավորվում, թաղվում է՝ մահն է. նա կորցնում է իր ճառագայթումը: Որ կյանքը առանձնյակի ձգտումն է, մագնիսի պես՝ միավորվել այլ նյութերի հետ, իսկ մահը՝ միավորման ավարտը: Եվ դրանից ես որոշեցի, որ առանձնյակն ինքնություն է ձեռք բերում՝ երբ առանձնանում է ու սկսում այդ միավորմանը ետ ձգտել… Եվ որ ինքնությունը հենց դա է, ու ամբողջականությունը հենց դա է՝ առանձնացվելն ուժով ու ետ ձգտել տենչալը… ու որ դա անխուսափելի է… ու որ այդպիսով արհեստական կյանքեր կարելի է բուծել…

– Իսկ ինչպե՞ս է դա առնչվում պսակաժահրին, – ասաց վարողը:

– Մենք պարզապես «խելոքացրինք» նրան, ավելացնելով նրա ճառագայթումը: Եվ նա ցանկացավ ավելի հեռու մնալ, ավելի դանդաղ ձգտել միավորման… Նա, կարելի է ասել, «ինքնություն» ձեռք բերեց… Իսկ «քվոտիդիեն քյո»-ն… «Քյո» ֆրանսերեն նշանակում է «ինչ», այսինքն դա այն չափորոշիչն է, որով թույլ ճառագայթում ունեցող մասնիկը տարբերվում է ուժեղից: «Իր» լինելու, ինքնություն չունենալու, այսպես ասած, չափորոշիչը… Այնպես չէ՞: Բայց ես ուզում էի ասել, որ այստեղ է գտնվում իմ ուսուցչուհին՝ տիկին Ռիմա Չպլախյանը: Նա մի անգամ մեր դասարանին հանձնարարեց իրար մասին կարծիքներ գրել, ավելի ճիշտ՝ գրել, ո՛վ՝ ի՛նչ լավ բան է մտածում մյուսների մասին: Պիտի ասեմ, որ ես մինչ այդ պահը չէի մտածել այդպես մոտենալ այդ դժվարին հարցին՝ մեր հարաբերություններին: Եվ երբ հետո ես կարդացի այն, թե ի՛նչ են գրել իմ մասին իմ դասընկերները… Ահա. ես քառասուն տարի շարունակ այս տրցակը բաճկոնիս գրպանից բաճկոնիս գրպան եմ փոխանցում, այն մի քիչ քրքրվել է: Բայց մինչ այդ՝ ողջունենք, խնդրեմ, վաստակավոր ուսուցչուհի տիկին Ռիմա Չպլախյանին. նա այսօր ներկա է, ահա՛ նա:

Որոտաձայն ծափահարություններ: Տիկին Ռիման, արցունքն աչքերին, ասում է «Ես ուսուցչուհի չեմ», բայց դե լսողն ո՞վ է աղմուկի մեջ: Փորձում է տեղից վեր կենալ: Դժվար է կարողանում: Փորձում է գլուխ տալ: Ձախ ձեռքով արցունքն է մաքրում, աջով՝ նշան անում Արշալույսին, որ «հերիք է»: Բոլորն իրեն են նայում: Լուսանկարում են: Նա չգիտի, ինչպես աներևութանա, իրեն թվում է, դեմքը լոլիկի գույն է դարձել:

– Կներե՛ք, ընկե՛ր Ռիմա: Բայց սա իմ կյանքում կարևոր էր: Ես նույնիսկ ամաչեցի, քանի որ ինքս այսպես խորաթափանց չէի գրել դասընկերներիս մասին: Այդ օրից կյանքս փոխվեց. ես վստահեցի նրանց: Եվ բոլոր երեխեքը՝ միմյանց: Եվ մենք դարձանք դասարան, հետո՝ թիմ, ընկերներ մինչև կյանքի վերջ: Եվ մեր երեխաներն են այժմ ընկեր, աշխարհի ո՛ր ծայրում էլ որ մենք ապրելիս լինենք: Բայց՝ ահա՛ թե ինչ են գրել. Անին գրում է…

* * *

«Չնայած Արշալույսը խելոք տղա է, սակայն չեմ կարող չասել, որ չափից դուրս լոպազ է», գրում էր Անին: «Եթե նա մի քիչ ավելի համեստ լիներ, ավելի լավ տղա կլիներ»:

«Արշալույսը սխալ արեց, որ ձեր և բոլորի առջև Արամի մասին սկսեց բամբասել: Մեզ սովորեցրել են, որ դա պետք չէ անել: Խնդիր ունես՝ ի՛նքդ լուծիր», գրում էր Լիան:

Ռիման արդեն ճանաչել էր նրանց ձեռագրերը, գրեթե համոզված էր, որ ճիշտ է գուշակում, հետո՝ բոլոր թղթերն ունենալով ու համեմատելով՝ բավական հեշտ էր հասկանալը, ո՛վ է այս կամ այն կարծիքի հեղինակը:

«Եթե Սերգեյը չի բողոքում, նրա ի՞նչ գործն է: Իսկ կոտրած տաշտակը՝ կարող ենք տասը հատ էլ դրանից առնել, ոչ ոք չի էլ նկատի, որ կոտրել է: Արամը մաքուր հոգի ունի, հետո՛ ինչ, որ անզուսպ է, իսկ Արշալույսը նախանձ է»,- գրում էր Բորիկը:

«Եղբայրս ասում է՝ խաբար տալը, երբ նա ծառայում էր, բանակում կոչվում էր «փուռը տալ» կամ «դայաղ անել», և ամենատգեղ բանն էր». Ռիման չհասկացավ, թե սա ով էր գրել:

«Փուչ երևակայող, ինքն իրեն է երևակայում ընդամենը»:

Եվ այդպես շարունակ: Միայն Յանան էր, անսպասելիորեն, գրել, որ «Արշալույսը մեր դասարանի ամենախելոք և ամենահետաքրքիր անձնավորությունն է: Նրանից միշտ սովորելու բան կա»:

Մյուսների մասին կարծիքները նորմալ էին: Ռիման առաջին անգամ էր անցկացնում այդ վարժությունը ռեալում, միայն սիմուլացիա էին արել կուրսով, և չէր սպասում, որ ստացվելիքը սա է լինելու. որ գրելու են ոչ թե պարզունակ և ձևական կոմպլիմենտներ, այլ իրական կարծիքներ միմյանց մասին, թեև մեծ մասամբ՝ այո, դրական: Նույնիսկ Արամին էին գովում, թեև զգացվում էր, որ՝ մի թեթև արհեստականություն ներարկելով իրենց այլապես արդարացի խոսքերի մեջ. «Արամը հախուռն է, բայց նա ի՞նչ կարող է անել»: «Արամը բոյով է, շատ լավ բասկետբոլ է խաղում»: «Արամը կդառնա աշխարհի չեմպիոն»:

Իսկ իր մասին… Իր մասին գրել էին մեծ մասամբ երկրորդ դեմքով: Հիմնական ախտորոշումը ճշգրիտ էր. «Դուք լավն եք, թեև մի քիչ դեռ անփորձ»: Ռիման ծիծաղում էր և լալիս, կարդալիս այդ տողերը: Հայրիկին կարդաց շատ օրինակներ, բացի Արշալույսի մասին գրածներից: Հետո հայրիկը, ինչպես միշտ, գնաց քնելու, քանի որ առավոտները շատ շուտ էր արթնանում, որ հասնի աշխատավայր․ նա աշխատում էր Խոսրովի արգելոցում: Իսկ Ռիման, գլուխն առած ափերի մեջ, նստած էր իր սեղանի դիմաց և նայում էր թղթերի տրցակին:

Երբ հայրն իր գիշերային լապտերը վերջապես անջատեց, Ռիման, գաղտագողի հայացքներ գցելով նրա սենյակի կողմը, դարակից հանեց մի քանի գրիչ, տասը հատ մաքուր դեղին թուղթ և խնամքով ընդօրինակեց, որքան կարող էր, Անիի, Բորիկի, Լիայի և այլոց ձեռագիրը և գրելաոճը: Չորսը կարծիքը նորմալ էր՝ Յանայինը, Սերգեյինը և ևս երկուսը. դրանք թողեց անփոփոխ:

* * *

– «Արշալույսն ունի հուժկու երևակայություն. նա կդառնա կա՛մ վիպասան, կա՛մ ռեժիսոր, կա՛մ՝ գիտնական: Ես պիտի միշտ նրա հետ կապի մեջ լինեմ»: Գուշակել են փաստորեն, այո՞: «Արշալույսի գաղափարը՝ որ վիրուսը կարող է տարածվել մտքից միտք, մի օր շատ կարևոր հետևանքների է բերելու»: Սա գրեթե կանխատեսում է, այնպես չէ՞. կարծում եմ, իմ սրտի այն ժամանակվա յարն է գրել՝ Յանան, – ասաց Արշալույսը բեմից, վրիպելով, բայց և մի քիչ գուշակելով: – Ես նրան սիրում էի անպատասխան սիրով: Ինչպես և մեր դասարանի բոլոր տղաները: Նա այժմ Արգենտինայի Գլխավոր Մանկական Բժիշկն է, մենք նրա հետ շա՜տ գործեր ենք արել: «Արշալույսը ոչ միայն շատ գրագետ է, այլև՝ արդարության մարտիկ»: Եվ այլն: Շնորհակալ եմ, ընկե՛ր Ռիմա: Ձեզ և մեր դասարանի բոլոր-բոլորին: Ինչպե՛ս կարող էի ես այս ամենը կարդալուց հետո չանել ամեն ինչ, ինչ կարող էի, որ այս սպասումների գոնե մեկ տոկոսն արդարացնեմ:

… – Մենք պիտի ողջունենք մեր մանկության ուսուցիչներին՝ մեր հիմքն ու արմատը դնողներին: Այնպես չէ՞, – ասում էր վարողը:

Որոտաձայն ծափահարությունների և ծաղկեփնջերի տարափ ստանալու մեջտեղում ընկեր Ռիման՝ փոքրիկ, տարեց, գեղեցիկ հագնված տիկինը, իրեն զգում էր մի քիչ կորած․ «Տխու՞ր եմ,- մտածեց,- Չէ, հա: Էդպիսի բաներո՞վ ենք մենք անցել: Ուրախանամ ամբողջ սրտովս»:

– Իսկ հիմա մի քանի խոսք թող ասի ընկեր Ռիման, – ասում էր Արշալույսը: – Ընկե՛ր Ռիմա, ինչու՞ չվերադարձաք մեր դասարան: Ախր մենք Բուլգակովը սկսեցինք կարդալ…

Տիկին Ռիման ձեռքով ասում էր՝ ոչ, ոչ:

* * *

– Ախր մենք Բուլգակովը սկսեցինք կարդալ, – ասում էր Անին հեռախոսի մեջ, – իսկ Դուք չեք գալիս…

– Ի՛նչ արած… կներեք… ես չեմ կարող գալ… այլևս: Բայց դուք կարող եք առանց ինձ էլ կարդալ, այնպես չէ՞:

Դեմքը՝ կաս-կարմիր: Հետո՝ զուսպ լալիս էր, այնպես, որ հայրիկը չլսի:

* * *

– Ահա՛ ձեր գրածները, – ասաց ընկեր Ռիման հաջորդ առավոտյան: – Պահե՛ք հիմա պայուսակներում կամ գրպաններում: Խնդրում եմ կարդալ տանը, այստեղ չկարդալ, նույնիսկ դասամիջոցին, որպեսզի չսկսեք գուշակել, թե ո՛վ ի՛նչ է գրել: Եվ պահեք տանը, այո՞: Մի՛ համեմատվեք: Բոլորդ էլ լավն եք, և միմյանց գնահատում եք ու արժևորում:

– Դա շատ խելոք քայլ է ձեր կողմից, ընկե՛ր Ռիմա, – ասաց Անին ձեռք բարձրացնելով: – Որովհետև, իրոք, չարժեր, որ սկսեինք գուշակել, թե ո՛վ ի՛նչ է գրել:

– Գուշակեք, բայց առանձին:

– Ուրեմն չե՞նք վերլուծելու միասին, – ասաց Արշալույսը:

– Կվերլուծեք, բայց ամեն մեկդ՝ ձեզ համար, – ասաց ընկեր Ռիման: – Բայց կա մի դեպք, որի մասին ես կխոսեմ:

Բոլորն ականջները սրեցին:

– Շնորհակալություն ինձ տրված գնահատականի համար, – ասաց Ռիման: – Ես ձեզ հետ արդեն ահագին բան սովորեցի: Եվ երեկ երեկոյան՝ ձեր գրածները կարդալիս, և՛ իմ մասին, և՛ միմյանց…

Ուսուցչական սեղանի վրա կարմիր լամպը վառվեց: Դա նշանակում էր արտակարգ պատահար: Պետք էր շտապ գնալ տնօրինուհու մոտ:

– Պահեցի՞ք թղթերը, – հանգիստ ասաց ընկեր Ռիման: – Հիմա խնդրում եմ Սերգեյին, որ սովորեցնի ձեզ բոլորիդ նկարել… բաժանեք թուղթ, գունավոր գրիչներ… Ի՞նչ կուզեիք, որ նա սովորեցներ ձեզ նկարել:

– Ձյունանուշիկը:

– Ձմեռը, – համարյա միաժամանակ ասացին երկու աղջիկ:

– Շատ լավ: Հետո՝ ամեն մեկիդ ուզածը, մինչև ես գամ: Համաձա՞յն ես, Սերգեյ: Իսկ երբ գամ, խոսելու ենք «Վարպետը և Մարգարիտան» գրքի մասին: Եթե ուշանամ, կարող եք այն գտնել համացանցում, հեղինակի՝ Բուլգակովի մասին կարդալ: Մինչև որ գամ: Այնպես չէ՞:

– Իհարկե, ընկե՛ր Ռիմա, – ասաց Անին: – Մենք ամեն ինչ կանենք, ինչպես դուք ասացիք:

* * *

– Աղջիկ ջան, դու տապալվեցիր, – ասաց տնօրինուհին:

Ռիման անշարժ, չհասկացող հայացքով նայում էր ընկեր Դադայանին, նրա սեղանի առջև կանգնած: Միայն զգում էր, ինչպես է կարմրում:

– Բա կարելի է՞ երեխաների հետ այդպիսի հարցեր քննարկել: Դու գիտե՞ս, Արամ Վարդումյանն ով է:

– Ո՞վ է:

-. Փոխվարչապետ Վարդումյանի տղան է, ով է:

– Հետո՞ ինչ:

– Հետո այն, որ մենք բողոք ենք ստացել, որ դու դատ-դատաստան ես ձեռնարկում դասի ժամանակ, երեխաներին խրախուսում, որ նրան բուլլինգի ենթարկեն:

Ռիման լուռ էր: Նա կարող էր առարկել, բայց նա չէր կարող առարկել: Նա ծուռ ժպտաց: Հետո լացեց: Հետո նորից ժպտաց:

– Գնացիր այստեղից, – ասաց տնօրինուհին ցածրաձայն: – Հիմա Ժասմինային կուղարկեմ, որ քեզ փոխարինի: Կասե՛նք մի բան: Էստեղից գնում ես, Մարիետան սխալվեց, դե ես էլ իրեն շատ վստահեցի: Բնութագիրդ կտամ, չեմ մերժի, բայց ես քեզ, որպես քառասուն տարվա ստաժ ունեցող մանկավարժ, ասեմ ի խորոց սրտի. թո՛ղ էս գործը: Ազգանունդ էլ կարաս չփոխես: Սա քեզ համար չէ: Մայրաբար եմ ասում: Դու է՛լ ես հասկանում: Այնպես չէ՞:



Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով