«Ստեփան Ալաջաջյան» մրցույթ, Մարգարիտ Դերանց

ԹԵՐԵԶԻԿ-ԲԶԵԶԻԿԸ

հատված ԳՄԲԵԹԱՎՈՐ ՀՈՎԱՆՈՑԸ վեպից)

2024թ․ ՍՏԵՓԱՆ ԱԼԱՋԱՋՅԱՆ ամենամյա մրցույթում ԳՄԲԵԹԱՎՈՐ ՀՈՎԱՆՈՑԸ վեպն արժանացել է մրցանակի՝ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԳՐՈՂ անվանակարգում

                                                  

                                                   Չարքը ծարավ է արյան։ Նա ստում, պղծում, բնաջնջում է և
զրկում հողը բնիկների ստեղծարար բուրմունքից։

Կարճափեշ շորիկով Թերեզիկ-Բզեզիկին չփոխեց անգամ ժամանակը, որքան էլ մազերի սև հունդերում ավելացավ արծաթին տվող եղյամը: Հիշողության կարուսելը, որն արդեն տխրությունից զատ ուրիշ ոչ մի հրապույր չուներ, նրան հաճախ էր իջեցնում հին ու սիրելի վայրերի ժամանակի ու տարածության մեջ։ Երկար ատեն կինը գլխապտույտի մեջ էր լինում, որ տեսիլվում էր որպես անցյալ։

                        *  *  *

Բզեզիկենց տունը գտնվում էր Քյուրաթաղ[1] գյուղի բարձունքում։ Պատշգամբից երևում էին զառիվար բակը, թթենիների բներին հենված թթի օղի քաշելու հսկայայական տակառները։ Բակի ներքևում զույգ շնշնկացող կեռասենիներն են, դարպասն ու քարքարոտ զառիվարը իր հովանու տակ պահող երեքհարյուրամյա ընկուզենին։ Ծառի տակ, ցածրիկ նստարանին վաղ առավոտյան սովորականի պես կծկվում էր սևեր հագած Բզեզիկի մոր տատը` Զմրուխտ բաբոն։ Ծեր կինը ձեռնափայտով ծեծում է հողը, մինչև յոթը պորտը անիծում Հիտլերին, Ստալինին, թուրքին ու… մեկ էլ շեկ ժայռերից ամռան ամիսներին գյուղին մոտեցոզ օձերին։ Մեծ Հայրենականը խլել էր նրա երեք որդիներին։ Տարիներ են անցել, բայց զառամյալ Զմրուխտ բաբոն ամեն օր սգում էր որդիների մահը, ինչպես` առաջին օրը։ Նրա միտքը պայծառ էր, անսխալ հիշում էր ապուպապերից եկած խոսքն ու զրույցները։ Բայց լինում էին պահեր, որ վիշտը մթագնում էր նրա միտքը։ Այդպիսի պահերին Զմրուխտ բաբոյին թվում էր, որ որդիները կողքին են ու ինչ-որ տեղ մոտակայքում տարված են խաղով։ Նա, թեև պատկառելի տարիքին, իրիկնամուտի ստվերների հետ ելնում է գյուղից, ձայնը սար ու  ձոր գցում, կանչում նրանց. «Միսա՜կ, Մեխա՜կ, Միշա՜, շտեխ ըք, տոն եկեք»: Որդիների «փնտրտուքը» ժամանակի և տարածության մեջ ավելի հաճախակի է դառնում, ուստի համագյուղացիները պարբերաբար տեսնում են ինքն իր հետ խոսող Զմրուխտ բաբոյին, որ գրեթե ամեն երեկո ձեռնունայն դուրս է գալիս գյուղի վերին անտառից, կրկին անիծելով Հիտլերին, Ստալինին, թուրքին, և ամռանը գյուղին մոտեցող օձերին։

Հեթանոսական մեհյանի վրա կառուցված ալյուրի պահեստի վերածված հինավուրց եկեղեցու գմբեթից, նեղ փողոցը ձգվում է մինչև գյուղական դպրոցը, որտեղից ուրվագծվում էր Բզեզիկի տատի` ուսուցչուհի Արաքսի բաբոյի ուղին։ Ալյուրի պահեստի  փոս ընկած խոռոչում ծպտված էր ծխահարված սրբապատկերը. մութն ընկնելու պես մի քանի պառավ թաքուն մոմ էին վառում, երեսները վախորված խաչակնքելով։

Ձախ կողմում հրակեզ լերկ-քերծերի տարօրինակ աշխարհն է` օձաստանը, որը և մտնում էր գյուղի առօրյա իրականության մեջ և չէր մտնում ` մնալով անմատչելիորեն օտարոտի։ Աղջնակին մի կյանք առաջ, պատմել էին օձերի մաշկափոխման, գեղեցկացման շրջանի մասին։ Շառագունած քարերի, չորացած մացառների վտանգավոր իրողությունը, որտեղ կենդանի մարդկանցից միայն գյուղի որսկան` Ասատաուր դայիի ոտքն էր կպել։ Որսկանենց Ասատուրը Բզեզիկենց ներքևի դրկիցն էր։ Տները մեկ չափարով էին բաժանվում։ Տարիներ առաջ, երբ Ասատուրը դեռ ազապ տղա էր, մոլորվել էր հարևան Տեղեր գյուղի անտառներում ու հանդիպել էդ գյուղի գեղեցկուհուն` Ասյային։ Աղջիկը լացում էր, որովհետև կորցրել էր տան ճամփան։ Աղջկա գեղեցկությունից ապշած որսորդը նրան ուղեկցել էր տուն։ Ասատուրի մայրը, որ ճարպիկ կին էր, կռահում էր, որ որդու «քար» սրտում նորամուտ սիրո զգացմունքն էր բուն դրել։ Մեկ ամսվա մեջ դասավորում էր տղայի ամուսնությունը սիրուն Ասյայի հետ։ Հուսով, որ տղային կկտրի հանդ ու չոլից, լեռ ու անտառից, կկապի նախշուն հարսի փեշից, հետևաբար բոստանից ու մի կարգին նստակյաց գործից։ Զուր էին մոր ջանքերը`որսկանի սիրտը էդպես էլ չկտրվեց Ղարաբաղի անտառներից, քերծերից ու հանդերից: Նա տանը գիշերում էր սովորականի պես շաբաթը մեկ անգամ։ Եղան ժամանակներ, որ մորը թվաց, որ ամեն – ինչ գնում է իր հունով. Ասատուրը կարծես թե մի տեսակ խռովել-օտարվել էր անտառից։ Սակայն բավական էր, որ լսեր լուսաբացից եկող հավքի կռնչոցը կամ անձրևաբեր թոխպը[2] լողար անտառի վրայով դեպի հարավ, Ասատուրի աչքերը բոցավառվում էին, սիրտը տրոփում էր և հրացանը ուսին արդեն անտառ տանող արահետին էր։ Երբ նմանատիպ դեպքերը կրկնվեցին մի քանի անգամ, մայրը կռահեց, որ որդու մեջ բուն է դրել անտառների ոգին: Ոգի, որից պրծում չկա։ Դա կենսակերպն էր, ապրելու ծածուկ թալիսմանը, առանց որի նա արդեն Ասատուր չէր լինի։

Հետաքրքրասեր էր Բզեզիկը, քանի-քանի անգամ էր մտքով անցել սուրալ դեպի արգելապատնեշ ժայռերը, մտնել Չարի տիրույթ, մոտիկից դիտել վտանգավոր սողուններին, տեսնել «մարդաբոյ խատուտիկները», հպվել նրանց, արբենալ նրանց ճերմակ բույրով։ Նա այն մանուկներից էր, որոնք ո՛չ թե շրջանցում են արգելապատնեշները, այլ ի հականե գոյություն ունեցող բոլոր կարգերի հաղթահարում էր դրանք։ Ըստ էության Բզեզիկը ամեն ինչ ընկալում էր ներզգայության միջոցով, ու համոզված էր, որ իրեն ոչինչ չի պատահի։ Ու մի օր ինքն էլ չիմացավ, թե ինչպես հայտնվեց այնտեղ, և ակամա պոկեց առաջին պատահած խատուտիկը։ Ընդամենը մեկ ակնթարթ, հետո նրա ձեռքում մնացել էր խատուտիկի դեղնականաչավուն ցողունը, իսկ խատուտիկի ճերմակ տխրությունը ծածանվում էր սարերից եկող քամու բերանում։ Դա Բզեզիկի առաջին հիացմունքն ու միաժամանակ առաջին հիասթափություն էր, որովհետև մինչ այդ նրան թվում էր, թե աշխարհը առավել քան առարկայական էր, ինչպես իրենց ցանկապատի ճռացող դռնակը, ինչպես ձոր տանող նեղ արահետը, մաշկը փոխող օձը, շեկ ու արևահար քարերը… և Ասատուր դայու երկփողանի հին հրացանը, որի կրակոցը մոտալուտ վախճանի պես արձագանքում էր մոտակա ձորում, որպես հեռավոր ամայությունից եկող ձայն։ Բզեզիկի համար խատուտիկի փշրվելը նախախնամության հեռուներից եկող առաջին ձայն էր, առաջին կանչը, որին նա այդպես էլ անհաղորդ մնաց, բնավ չկասկածելով, որ մոտ կամ հեռու ապագայում հնչելու է, որպես ճակատագրի ղողանջ։

…Թեև հաճախ էր համագյուղացիների քչփչոցը «քսվում»  ականջներին. «Եթիմ խոխա յա», բայց իրենբնավ որբ չէր զգում Բզեզիկը։ Ապահովությունը` տատիկների Սերն էր։ Հեշտ չէր հարս ու սկեսուր` երկու կանանց համար գյուղական կյանքի անխուսափ հոգսը, բայց տատիկների կյանքը իր իմաստալից ջանքն ուներ։ Դա Բզեզիկն էր, որի համար հոգի էին տալիս։ Նրանն էին բանջարանոցի նուբար ելակները, վառեկ հավի փափուկ ազդրերը, ծառի ճյուղերից հյուսված վայրի մորով լցված փոքրիկ զամբյուղը, որ որսկան Ասատուրն էր քթի տակ ժպտալով նվիրում դրկից այրիացած հարևանուհիներին։ Աղջնակը զարթնում էր աքլորների ծուղրուղուից, շների հաչոցից, իշուկների անտեղի զռոցից, կովերի բառաչից։ Իշխում էր համայնավարական «ոսկեդարի» ապահով խաղաղությունը։ Թվում էր, այն հավերժական էր ու երբե՛ք, ոչի՛նչ չի փոխելու մանկական երազների պարզությամբ համակված գյուղի խնդուն պատկերը։

Ձմռանը դեպի ձոր` գերեզմանոց տանող նեղ, ոլորապտույտ կածանը անանցանելի էր դառնում։ Սկսած մարտի վերջից Արաքսի բաբոյի հետ հաճախ էին այցելում գերեզմանոց, որի ծայրում մասրենու ստվերում մեկուսի պառկած էր մոր գերեզմանաքարը։ Բզեզիկը մորը չէր տեսել։ Մայրը մահացել էր նրա ծնվելուց ժամեր անց: Գերեզմանաքարերի արանքից դուրս էին ժայթքել երիցուկներ, արնանման կակաչներ։ Հետո շոգը վրա էր տալիս, խանձում, արևակեզ անում գերեզմանոցը, մարգագետինները, գյուղի համայնապատկերը եզրագծող փիրուզ երկինք մխրճված կանաչ սարերը։

Զմրուխտ բաբոն անկողին ընկավ։ Դատարկվեց ընկուզենու շվաքը, այգին, նստարանը։ Հոգին ավանդելուց առաջ պատմեց հոր մասին։ «Զմբրուդ բաբոն մատաղ ընի քեզ, ա՛յ խոխա։ Քու հյար` Արտյուշը, Մարտակերտցեյա իլալ։ Ենքան ղաշյանգ, կինոյի դերասանից էլ ղաշյանգ, նհետն էլ խելքու ծով։ Մորդ աշխարհի չափ ա սիրալ։ Համա մորդ մեռնելան ետը համ գյուղից խռովեց, համ մեզանա, համ էլ քեզնա։ Քեցավ գյուղից, ավարտեց Բաքվա համալսարանը։ Արդեն հենգ տարե ամուսնացած ա մին պաշտոնյա հայու ջահիլ աղջկա հետ, հալա խոխա չոնին։ Քու հյար Սումգայիթա ամենամեծ քիմական գործարանն ա պիցիցրալ, հիմա էլ տնօրենի տեղակալ ա»[3]:

Զմրուխտ  բաբոյի մահից հետո, մի զարմանալի հերթագայությամբ Բզեզիկին սկսեցին հիշողության ամայության մեջ ծվարած երազներն այցելել. «Քամին փողփողում էր գեղեցիկ տղամարդու լայն վերնաշապիկի թևերը, բաց գույնի վարսերը, իսկ նա ժպտում և շոյում էր աղջնակի վարսերը»։ Հոր մատների հպումը, այնքան իրական էր, այնքան անուշ։ Փոքրիկ աղջիկը երազում էր հանդիպել հորը, որ նա փաղաքշեր իրեն այնպես, ինչպես ինքն էր փորձում շոյել իր պոկած միակ ու վերջին խատուտիկը։ Նա կարոտում էր հորը մի տեսակ անզոր ու լուռ կարոտով։

Ամառը գյուղը կենդանանում էր հովեկների այցելությունից։ Պողոսանց Ծատուրի երևանաբնակ թոռը, ամբողջ օրը Ասատուր դայու կրտսեր որդի` Վահանին ետևից գցած, կլուբի մոտ լինի, մոշ հավաքելուց, թե գերեզմանոցի կամ աղբյուրի ճամփին, աչքը չէին կտրում Բզեզիկից: Վերջինս էլ եղնիկի պես խրտնած տուն էր փախչում ու երկար-երկար իրեն զննում` հայելու մեջ։ Գուցե այդպես էր բողբոջում սիրո խատուտիկը։

Եկավ քշաթոխփերով[4] աշունը, երբ մշուշը իջնում էր մինչև տների ներսը։ Մանկամարդ օրիորդիկը կարոտում էր ամռանը ամենուրեք իրեն հետևող երիտասարդի աչքերը։ Անցավ և միօրինակ, ցուրտ ձմեռը։

Տասնյոթամյա պարմանուհի էր Թերեզիկ-Բզեզիկը, թթի պես գողտրիկ, «չամիչ» դեմքով, երբ գարնան կեսերին խնամախոսները Երևանից ժամանեցին Քյուրաթաղ, Պողոսանց Ծատուրի, նրա կնոջ Ծովինարի գլխավորությամբ Արաքսի բաբոյից խնդրելու նրա ձեռքը։ Արաքսի բաբոն դեմ էր թոռան ամուսնությանը։ Տատը փափագում էր, որ նա բժշկուհի դառնա։

Աղջնակին կանչեցին, ի զարմանս տատի գլխով համաձայնության նշան արեց, կարմրեց ու փախավ։ Փեսացուի հրացայտ աչքերը գուցե թե գերել էին նրան, իսկ վերջինս էլ խելքահան էր եղել Բզեզիկի կիսաբաց շուրթերով, ու զարմանքով առլեցուն մեծ-մեծ աչքերով։ Ջահելների սիրտը մտովի դուրս էր թռել պատյանից, փարվել միմյանց։ Սերը, առաջին հայացքից, ճակատագիր է։ Խնամախոսները մատին կարմիր կակաչի պես մատնիք դրեցին, ականջներին փոքրիկ ոսկե գինդեր, նռագույն ատլասից զգեստ հագցրին։ Երբ ժամանակը եկավ, փեսացուն «Ֆիատ» մեքենայով եկավ հարսնացուի, Արաքսի բաբոյի, օժիտով ճամպրուկների ետևից։ Մանկամարդ դեմքով Բզեզիկը լքեց մանկության գյուղը։

Թերեզիկը մի քանի անգամ այցելել էր Ստեփանակերտ, բայց Հայաստանում երբե՛ք չէր եղել։ Անցնում էին Ղազախի և Թոուզի արևից ու քամուց խանձված չոլերով։ Կանգ առան ինչ-որ ադրբեջանական չայխանայում։ Ճանճերը  շատ էին ու ամենուր. սեպերից կախված ոչխարի նաշերին ու ճանճասպան թղթերի վրա։ Այգու ծայրամասում փայտե ցանկապատով առանձնացած ոչխարները տխուր մայում էին, Բզեզիկը լսելով նրանց մայունը, մտածում էր, որ դա ոչ թե կյանքի, այլ մոտալուտ դատասանի արտահայտություն էր։ Դատաստան, որ շատ մոտիկ էր, հենց ցանկապատի տակ, առվի եզրին, որտեղ թափված էին մորթված կենդանիներիի գարշահոտ փորոտիքը։ Ահավոր մի տեղ, որտեղ կյանքն ու մահը, հյուասիրողն ու դահլիճը միաձույլ էին, որպես մի ինքնություն ու մի տեսակ իր յուրովի հոտով, որ հենց սկզբից արգահատանք էր առաջացրել մանկամարդ օրիորդի մոտ։ Միայն թեյ խմեցին, չնայած քաղցած էին, բայց շրջապատի կեղտը ու ճանճերի առատությունը փոխեց մտադրությունը։

Ծծմբախառն, նավթի օտարոտի հոտը քամիները Ապշերոնյան թերակղզուց հասցրել էին էդտեղ։ Բզեզիկը մտածեց, որ ամեն աշխարհ իր հոտն ունի։ Իրենից դուրս ու խորթ էր այդ հոտը, ուստի չէր համակերպվում իր մաշկի հետ, իսկ հոտը ձգվում էր ու ձգվում, երկարում իրենց ետևից, ծավալվում շուրջը, կողքերը։ Միթե՞ քամին այդքան հեռու կարող էր բերել հոտը։ «Եթե քամին չէր, ապա անարերևույթ չարքն է դա, իրենց իսկ լեզվով ասած շեյթանը»,-մտածեց Բզեզիկը։ Հոտի ետևում չարքն է, որ ծարավ է արյան։ Այն ստում է, պղծում, բնաջնջում է և զրկում հողը բնիկների ստեղծարար բուրմունքից։

Մտան Իջևան, սարերը եկան, կանաչությունը աչք էր շոյում և՛ հոտը փոխվեց, և՛ օդը, և՛ մթնոլորտը։ Ոչ մի օտար բույր չկար։ Ամեն-ինչ հարազատ էր և հիշեցնում էր իրիկնային զեփյուռի բերած գյուղամերձ դաշտերի բուրմունքը։ Իսկ երբ հասան Սևանա լճին,  Բզեզիկի շունչը կտրվեց. կապուտակ գեղեցկուհին նրա համար կատարելության վերջն էր։ Նրան հանկարծ թվաց, որ ինքը այստեղ եղել է արդեն, և գրեթե նույն զգացողությունն է ունեցել թափանցիկ ջրերին ու ափամերձ ավազներին նայելով ու շնչել է նույն լեռնային, սառնոտ հոտը` սրտագին ու զգլխիչ։

Ժամանակը դեռ նրա կորիզի ջուրը պիտի ամուր միջուկ դարձներ, վերակերտեր մի ուրիշ մեկի, ում հիշողություններում պիտի մնար իր խատուտիկը, օձաշատ գյուղը իր կոլորիտով, արդեն խամրող գունային թանկ կերպարներով, որոնց իր տխուր, ուրախ քմայքներին հլու ժամանակը պիտի սրբագրեր:

                                                   * * *

Սկսվել էր Արցախյան շարժումը: Ի պատասխան արդեն կատարվել էր սումգայիթյան սահմռկեցուցիչ ոճիրը: Չէին սպիացել երկրաշարժի թողած վերքերը։ Շրջափակման, մութի և ցրտի տարիներն էին։

…Երազանքները պետք է կատարվեն ճիշտ ժամանակին։ Երբ չես սպասում նրան, ու նա հայտնվում է, դա արդեն երազանք չէ։ Ինչ անուն ասես կարելի էր տալ նրան. բաղձալի վերադարձ,  ապշանք, ցավ, անզորություն, խեղճություն. մեկ է դրանից չի խաթարվի այն ակնթարթի տևականությունը, որի ընթացքում կհնչի դռան զանգը, որն ի վերուստ նախախնամության պարտքն էր։ Շքամուտքին ուսապարկով, ճամպրուկով կանգնած անծանոթը հայրն էր:

Նա բնավ մանկության երազների տղամարդը չէր, ինչպիսին նրան պատկերացնում էր Թերեզիկը, այլ արհավիրքի միջով անցած տառապյալ մեկը։ Նա թեև հիսուն տարեկան էր, բայց մաշված ծերունու տեսք ուներ։ Չգիտես ինչու չափից ավելի ամուր էր բռնել տասը-տասներկու տարեկան վախվորված աղջնակի ձեռքը, որի աչքերում մի փշրված դատարկություն կար։

     Թերեզիկը մենակ էր ապրում մեկ տարեկան որդու հետ։ Ամուսինը տանը չէր։ Պատերազմը սկսելու առաջին օրվանից ռազմաճակատում էր, որպես կամավորական։ Բնակարանը դատարկ էր առանց նրան, ու փոքրիկ կինը զարմանում է, թե ինչպես մեկ հոգու գոյությունը կարող է մի ամբողջ աշխարհի չափ, անչափելի ներկայություն դառնալ ու մտերմիկ շունչ հաղորդել տան իրերին, նրանց գույնին ու բույրին։

    Օտարոտի էին հոր հետ, բայց սկսեցին ապրել չորսով` հանրակացարանի վերնահարկում` Թերեզիկենց մեկ սենյականանոց բնակարանում։ Ջահել կինը առաստաղից կախիչներ ամրացրեց, գիշերը վարագույրով սահմանազատում էր սենյակը։ Պատի կողմում ոսկեգանգուր որդու օրորոցն էր։     Թերեզիկը ամուսնու կարոտը առնում էր նրա շորերից, սովորաբար դրանք պինդ գրկած քնում էր փոքրիկ բազմոցին խորը շնչելով այն հոտը, որ գրեթե իրեն էր։

Լուսամուտի մոտ հայրն էր Նյուշայի հետ։ Նա գիշերը վեր էր թռչում գիշերային մղձավանջներ ունեցող աղջնակի բղավոցներից, ու այնուհետև չէր կարողանում քնել։ Դրանից էր գուցե, որ վաղ առավոտյան արթնանալուց, Թերեզիկը տեսնում էր հորը վերարկուի մեջ փաթաթված։ Այդ պահին նա դուրս էր իրականությունից։ Դա էր վկայում մերթ ընդ մերթ նրա շուրթերից դուրս թռչող բառերըը, որը անհասականալի էր դստերը։ Դուստրը զգում էր, որ հոր կռիվը չի ավարտել իր անցյալի հետ, որը հիշողություն լինելուց զատ, նաև ներկա էր, ու հաստատորեն նույն ընթացքով փոխարկվելու էր գալիքի։ Այդ բոլորից Թերեզիկը հիշում էր  սոսկ մի նախադասություն, որը հայրը ասել էր աչքերը փակ, խուլ խոստովանության պես. «Եթե դու  ինչ-որ բան տեսել ես, ու ձևացնում ես, որ չես տեսել. ուրեմն մեղավոր ես»։ Թերեզիկը հասկացավ, որ հայրն իր ապրած կյանքի, երկրին, որին նվիրել էր իր ողջ գործնական կյանքը, ուներ բազմաթիվ անպատասխան հարցեր։ Գուցե թե մեղավոր էր զգում նրանց փոխարեն, որ աչքերը կույր, բերանները խուփ անտեսել են հետզհետե ահագնացող սխալն ու կեղծիքը։ Այդ «լռակյաց» մեղավորությունը պիտի, որ ավարտվեր փլուզումով, ինչպես փլվեց համայնավարների հզոր երկիրը և տուժողը առաջին հերթին հենց էդ երկրի նվիրյալները եղան։

Հայրն ինքնամփոփ էր, մռայլ։ Թերեզը երբե՛ք հորը չտեսավ ժպտալիս, կամ գոնե մի քիչ ուրախ։ Երբե՛ք հայրը չխոսեց դիվային օրվա մասին։ Դուստրը լսեր էր, որ սումգայիթյան ջարդերի ժամանակ հայրը կորցրել էր ընտանիքը, իսկ ո՞վ է այդ դեպքում Նյուշան։

Օդում կախված բառերը ասելիք չէին դառնում։ Հավանաբար լռելը ինքնապաշտպանություն նման մի բան էր: Չէր խոսում, որ չփլվի։ Անելանելի  վշտից ճմրթված էր հոր դեմքը, իսկ խորունկ աչքերում միշտ նույն դաժան պատկերն էր. «Փետրվարյան վաղ առավոտ էր։ Վարորդի հետ Բաքվից էին վերադարձել ավելի քան երեք օր տևած քիմիական գիտաժողովից։ Անհամբեր բարձրանում էր բնակելի շենքի աստիճաններով, մեկ վարկյան շուտ ըմբոշխնելու ընտանիքի, հետևաբար կնոջ և դստեր մեկուսի գորովանք-ջերմությունը։ Երկրորդ հարկի բնակարաններից մեկը բաց էր կրկնկակոխ։ Այնտեղ բազմանդամ հայ ընտանիք էր ապրում, որոնց դուստրը Նյուշան դստեր հասակակիցն էր ու ընկերուհին։ Նրան այդ փաստը տարօրինակ թվաց, բայց շարունակեց բարձրանալ երրորդ հարկ, որտեղ իր բնակարանն էր։ Տան դուռը նույնպես բաց էր։ Քարացած լռության մեջ լսվում էր սրտխփոցը։ Աներևակելի էր հավատալ աչքերին։ Անասելի ցավից ոռնում էր տղամարդը դիվայնորեն փոխված, տակնուվրա եղած բնակարանում, կտտանքներից արյան մեջ կորած սպանված կնոջ և դստեր կողքին։ Զգացածը դուրս էր երևակայության սահմաններից, չկար զսպման ոչ մի արգելակում` փոքրիկ հույս, որ նրանք կենդանի են։ Իր գալուց մի քանի ժամ առաջ արյամբ հագեցած խուժանը լքել էր տարածքը։ Արդեն ծայրահեղ ցնորման եզրին էր, իսկ կողքին հայտնված լեզգի վարորդը աղերսում էր ետ գնալ դեպի մեքենան։ Երկրորդ հարկում երիտասարդ ադրբեջանուհին ծածկոցի մեջ վարորդին տվեց խոշտանգված Նյուշային, բղավելով. «Փրկվեք ու փրկեք աղջկան, նրանք նորից վերադառնում են»: Մեքենայով ետ սուրացին Բաքու[5]։ Քաղաքային հիվանդանոցներից մեկում գլխավոր բժիշկը հայ ընկերն էր։ Օպերատիվ օգնություն շնորհիվ փրկեցին աղջկա կյանքը։

…Հայր ու դուստր խոսում էին հակիրճ կենցաղային հոգսերից։ Անձրևներին առաստաղից կաթոցներ էին սկսում, կաթսանները, տաշտերը, դույլերը հայտնվում էին բնակարանով մեկ։ Պատահում էր, որ տանը չէին լինում, ու անձրևաջուրը հոսում-հասնում էր մինչև ներքևի բնակարանները։ Ո՛չ երկաթ կար ջրհորդանը շտկելու և ո՛չ էլ գերան տանիքը վերանորոգելու համար։ Խանութները փակ էին, իսկ գործողները համարյա դատարկ։ Մութ և ցուրտ տարիներ էին։ Հայրը հանրակացարանի տարածքից դուրս ձգվող դաշտերից վառելու ցախ էր ժողովում։ Այն խոնավ էր, փոքրիկ վառարանում վառվելու փոխարեն օձի պես ֆշշացնում էր ու տունը լցնում ծխով։

   Ձյունը գալու պես, հայրը բարձրանում էր կտուր ձյունը մաքրելու: Կտուրի փտած գերաններից խոնավությունը հոսում էր ներքև` հանրակացարանի միջանցքների պատերը թրջվում էին, ուռչում խոնավությունից։ Քաղցի սարսափելի ներկայությունն էր. հացը վաճառվում էր կտրոններով։ Փողը «ջուր էր» դառել, շփոթության աստիճան անհնարին էր պարզել, թե որ ապրանքը ինչ արժեր և գյուղացիները մթերքի դիմաց ապրանք էին պահանջում։ Հայրը ուսապարկում տեղավորեց իր խաղաղ ու երանելի ժամանակներից մնացած ֆիննական ու հարավսլովակյան կոստյումները։

– Գյուղացիք ոսկի շատ ըն, սիրում, կոստյումներդ խե՞ պիտի հվանին,- Թերեզը մատից հանեց կարմիր քարով մատանին, ականջից ոսկե գինդերը, պարզեց հորը։

Հայրը մերժեց.

– Պահե,՛ նեղ օրեր ըն կյալու։

«Կարող ա՞ պտահի, սրանա ավիլ նեղ օրեր են կյալու»,- տագնապեց մանկամարդ կինը։

 …Հայրը վերադարձավ։ Նրա դաստակից բացակայում է գիշեր-ցերեկ նրանից անբաժան «Слава» ժամացույցը։ Այն փոխանակվել էր մթերքի հետ։ Ուսապարկի մեջ տասը կարտոֆիլ, օղու շշի մեջ լցրած կաթ, փորոտիքը հանած կիսափետրած հավ կար։ Թերեզիկը հավը բաժանեց վեց մասի, որպեսզի վեց անգամ ճաշ պատրաստի։ Հոտը ընկավ հարկաբաժիններով մեկ։ Միսը թել-թել բաժանեցին փոքրերին։

     Հորը ինչ-որ մեկը Հայ-ֆիլհարմոնիկի երկուտոմս էր նվիրել։ Հայրը մնաց երեխաների հետ, ստիպեց, որ Թերեզն ամպայման ներկա լինի այդ համերգին։ Դրկից հարևանը Թերեզին և ուսանողուհու դստերը քիսաքանդ Մոսկվիչով իջեցրեց քաղաքի կենտրոն` համերգասրահի մոտ։ Խճուղիները դատարկ էին, ընկղմված անթափանց մթնամշուշի մեջ։ Մեքենայի պղտոր լույսերը հազիվ էին լուսավորում ճանապարհը, թվում էր «մեռած» քաղաքում երեքով են ու հազիվ շնչող այդ մեքենան։

Դահլիճում ունկնդիրները նստած էին կուչ եկած`գլխարկով և վերարկուներով։ Վիշտը, ցուրտը, քաղցը, մութը անկարող էին ոչնչացնել երևանցիների ջերմեռանդ սերը արվեստի նկատմամբ։ Գյուղում մեծացած մանկամարդ կնոջ համար երբևէ չճաշակած հաճույք էր այդ երեկոն։ Ամբողջ կյանքում նրան ուղեկցելու է կաթնագույն մշուշի մեջ կորած քաղաքը, համերգասրահը, առանց փայտիկի դիրիժորի[6] ոգեշունչ ձեռքերը, երգչախմբի ուղեկցությամբ հնչող աստվածային Ռեքվիեմը[7], որից մի տեսակ անսահմանության հոտ էր գալիս։

    Հայրը մեկուսի ժամերին, երբ վհատությունը կեղեքում էր հոգին, ծանր շնչելով սեղմում էր բռունցքները ու առանց տեղյակ պահելու թողնում էր բնակարանը։ Երկար զբոսնում էր անծանոթ արահետներով, անհուսորեն կռիվ տալով ու պարտվելով նույն մտքերից։ Ուշ գիշերն անց ինքն իր մեջ ամփոփված վերադառնում տուն, քնելու։ Դուստրը կռահում էր հոր ցավը, բայց իրեն հատուկ ամոթխածությունը խանգարում էր ամեն պատեհ առիթով գրկել հորը, ու նրան հաղորդել սրտում կուտակվածը, որ ներքին կապվածության նման մի բան էր` «արյունը ջուր չի դառնում»։

   Օրերը դառնում են շաբաթներ, ամիսներ։ Նույն հարկի տակ ապրող հայրը ու դուստր լուռ էին, իրար գողունի նայելով, շարունակում էին շրջանցել իրենց մեջ բուն դրած վշտի աղբյուրը։ Թերեզիկը գոհ էր, որ գտել է հորը, որ ինքը կարող էր ամեն վարկյան նրան գգվել, թեև հստակ պատկերացնում էր, որ դրա համարձակությունը չուներ, ու գուցե թե երբե՛ք էլ չի ունենալու։

   Երևանյան քամիների և անձրևների նախօրեին, հայրը Կարմիր Խաչի հովանավորությամբ Նյուշայի հետ մեկնեց Գերմանիա բուժումների։

    Նյուշան ցավեր ուներ։ Նա բնավ չէր հիշում անծանոթ ու դիվային տղամարդկանց։ Տեսիլքներ չէր տեսնում։ Հիշողությունը ջնջվել էր, որ ապրեր։ Երեխան չէր փլուզվել նրա մեջ, ցերեկը հաճախ էր խաղում հին ու անբաժան տիկնիկի հետ։ Միայն մի չնչին տարբերությամբ, որ Նյուշայի գիշերները խիստ տարբերվում էին ցերեկներից։ Քնի մեջ աղջնակի էության խորքում հնչում էր սարսափը` փշրված ապակու հնչողությամբ, ու Նյուշան ահաազդեցիկ ճիչեր էր արտաբերում։ Հավանաբար որբուկ աղջնակի հանդեպ կարեկցանքից ծնված հոգատարությունը փրկեց հորը։ Եթե կա մեկը, որի կյանքի համար պատասխանատու ես ու հոգ պիտի տանես, ուրեմն ապրելն անխուսափելի է։

  Հայրը կարգուկանոն հաստատող, կյանքը օրինավորող պաշտոնյա էր, մինչև ուղնուծուծը հավատավոր համայնական արժեքներին, բայց հիմա արդեն հաճախ էր երկմտում։ Արդյո՞ք ինքն էր դա եղել, թե այն խաբված անցյալը, որին բաժին հասավ տեսնելու նույն իշխանության անկումն ու թշվառությունը շաղախված իր հարազատների արյամբ։ Նորերին չէր հասկանում ու ընդունում։ Ու ինքն էլ անդրդվելի էր ու օտարացյալ։ Հայրն այս անգամ էլ առավ իր գլուխն, ինքն իրենից խուսափելու պես փախավ չարաբաստիկ վայրերից։ Ինչքան հեռու՝ էնքան լավ, էնքան հեռու ցավից։ Հստակ էր որոշումը։ Ինքն իրեն կորցրած, իրեն մերժող հայրը դարձավ տարագիր ու այդպես էլ չվերադարձավ Հայրենիք։ Գերմանիայից հետո Նյուշայի հետ հիմնավորվեց Նահանգներում:

                                                 *  *  *

  …Ամուսինը երեք օրով ռազմաճակատից եկել էր Երևան՝ որդու ծննդյան երեքամյակին։ Կնոջ համար Արցախից քաղած մանուշակներ էր բերել։

Այդ գիշեր Թերեզիկը սովորության համաձայն կողակցի գոտկատեղը պինդ գրկել էր, քիթն էլ մտցրել թիկունքի մեջ` ինքն էր ու իր երանելի աշխարհի խատուտիկահոտը։ Ձայնի մեջ անհանգստություն կար. «Էդ Երևանում ինձանա հազար անգամ ղաշյանգ աղջիկ կա.. պա տու խե ինձ օզեցիր»։ Երեխայի պես հրճվեց, տագնապները օդս ցնդեցին, երբ ամուսինը պինդ գրկեց նրան.«Ախր տյու ըս իմ ղարաբաղա նախշուն բզեզիկը»։ Հետո մանկադեմ կնոջ ականջին շշնջաց. «Սիրունս, ոնց եմ ուզում, որ էս պատերազմը պրծնի, ես էլ մի կուշտ քեզնից կշտանամ»։ Շուլալվել էին իրար, չէին կարողանում պոկվել։

  Եռուն էր ամուսնու բնավորությունը, շրջապատի հետ առնելիք-տալիքը, իղձն ու մտորումը։ Կարծես ինչ-որ մեկը ընկել էր տղամարդու ետևից, շտապում էր ապրել` խենթ ու խելառ էր, սիրո մեջ կրքոտ, կռվի մեջ`անձնուրաց։ Վաղ առավոտյան մեկնելուց առաջ, տղամարդը մանկամարդ կնոջը շատ երկար պահեց գրկում, մտահոգ էր.

 – Տիկին Արաքսյային, նաև բաբոյիս, դեդոյիս պետք է հանենք գյուղից։ Քեզ հետ թող լինի Արաքսի բաբոդ: Այսպես բոլորիս համար լավ կլինի ու անվտանգ. և մեր որդու, և քեզ, և իր համար։ Հազար անգամ եմ ասել էդ մեծերին, Ղարաբաղում մնալը վտանգավոր է։ Դե գիտես, մեծերի մոտ ղարաբաղցու հաստ կողն ավելի հաստ ա, չեն համաձայնվում։ Էս անգամ, զոռով էլ Արաքսի բաբոյիդ ու մերոնց գյուղից պիտի հանենք։

Շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ Կապը գյուղի հետ կտրվեց։ Պատերազմական դեպքերը կտրուկ ընթացք ստացան։ Սակայն ամենազարմանալին այն էր, որ Թերեզիկը կորցրել էր իր խատուտիկի հոտը։ Չկար։ Անհետացել էր վայրկենական։ Մնացել էր ոչինչ չհիշեցնող մի տարտամություն։

Թերեզիկն անտեղյակ էր, որ դա իր սիրո վերջին գիշերն է։

Հորադիզ[8] ճակատը նախանշող այն բլուրը, որի համար մարտնչել էին, ամուսնու հրամանատարությամբ, կյանքի գնով անառիկ էր մնացել։ Փրկելով շատ զինվորների կյանքեր, սիրեցյալը զոհվել էր։ Եռագույնի մեջ փաթաթված նրա դիակը ուղղաթիռով հասավ Երևան։ Սիրեցյալը չուներ միայն հերոսի շքանշան, այդ էլ տրվեց նրան, որպես լույսի և հավերժական ճամփորդի գնահատական։ Սկեսուրը ապարդյուն փորձում է ափերի մեջ խեղդել անմարդկային մղկտոցը, իսկ Թերեզիկը սառել էր, քարացել։

Հուղարկավորության ժամանակ իր կամքից անկախ նրա անշարժ հայացքը կանգնում էր հանգուցյալի կրծքին ամրացրած հերոսի շքանշանի վրա, որի ծալքերից ծիկրակում էր սիրելիի հրավառ հայացքը։ Շքանշանը սեփական կյանքը ինքնակամ հանգցնելու գինն էր։ Արցունքները իրենք իրենց գլորվում էին քարացած դեմքից։ Ու՞ր էր մեկնում սիրեցյալը` դեպի մահվան մենությո՞ւն, թե՞ երկնային արքայության կացարանը։ Նա վերևից անխռով հայացքով դիտելու է իր կյանքի ընթացքն, ու ներկա է լինելու տան աղուհացին ու մորմոքին։ Երբե՛ք մտքով չէր անցնում, որ իր հասանելիք երջանկությունն այդքան կարճ է տևելու։ Ինչպես չէր պատկերացնում, որ իր պոկած խատուտիկը այդքան շուտ է փշրվելու քամու բերանում։

Փորձում էր համակերպվել կարոտի հետ, բայց պարտվում էր: Ինչպե՞ս հաղթի ներսումը բուն դրած պատերազմը, որը ամուսնու մահով պարտադրվել էր իրեն. «Արև՜ս, քեցալ ըս, քու արևը ինձ ըս թողալ, պա խե յեմ սենց մրսում»։

…Թերեզը նորից էն սիրուն աշխարհում էր, որտեղից քաղաք էր եկել։ Այն վերստին իր կարդացած հեքիաթների պես եդեմական այգին էր թվում։ Շուրջ բոլորը մանկության հետքերն են ակացիաբույր լռությամբ, թափվող ասուպներով և դեպի հորիզոն ձգվող կանաչ անտառներով։ Թերեզիկին թվում էր, թեև, այսքան ողբերգություն է եկել ու անցել, սակայն հին օրերի բույրը չի փոխվել, նույն է մնացել, նույնիսկ ավելին` խտացել է։ Հիշեց, երբ տակավին աղջնակ էր, ամառային զով գիշերը Արաքսի բաբոյի հետ տաք շալի մեջ միասին` երազում էին։ Պատշգամբում` մտքերի հորձանքին տրված, նկատեցին երկնքից գահավիժող աստղին։ Արաքսի բաբոն բացականչեց. «Շուտ-շուտ, ցանկություն պահիր»։ «Թող հանդիպեմ ասպետիս, ինչպես եդեմական այգու արքայադուստրը»։ Ակնթարթն էր չափում պահը  և ինքը չհասցրեց հաստատել հեքիաթի վերջաբանը. «Աղջիկն ու տղան մինչ օրս երջանիկ ու ուրախ ապրում են»։

Նույն գյուղն էր, նորից այնտեղ անհոգ ապրելու ցանկությունն կար։ Բայց զառիթափի վրա գտնվող մանկության տունը չկար։ Տան տեղում խոր, ձագարաձև փոսն էր, որ կարծես հողի վերքն էր, ինչպես վերքն իր սրտի, որ նվվում էր մշտապես, հիշեցնում, որ կա։ Բակն անճանաչելիորեն փոխված էր մացառների ու մոլախոտերի մեջ կորած, վայրի ընձյուղները ծուռ ու ձիգ ճյուղերով փաթաթվել էին կեռասիներին։ Որոշ թթենիներից հատված բներն էին մնացել, ընկուզենին կիսված էր։ Պատերազմի ընթացքում գյուղի մերձակայքում թեժ մարտեր էին ընթացել, բայց թշնամուն չէր հաջողվել գրավել գյուղը։ Գնդակները չէին հասնում զառիթափի վերևում գտնվող տանը։ Էդ պատճառով Որսկանենց Ասատուր դային հանգիստ է,  որ կինը` Ասյան, Արաքսենց տանն էր քնում. «Եվ ծեր կինը մենակ  չի մնա, և երկուսով ապահով կլինեն. ճաշ, ու ուտելիք կպատրաստեն կռվողների համար»։ Երեխեքին, հարսներին ուղարկել էր Երևան, ինքն ու տղաները գիշեր ու զօր խրամատներում էին։

    Այդ գիշեր շարունակական կրակահերթ էր, մի քանի հեռահար արկեր պայթեցին գյուղի վրա։ Գյուղի ահասարսուռ մթությունը օդային տագնապների մեջ էր։ Թնդանոթների արկերը հասան ոչ միայն ներքևի թաղերը, այլ զառիթափի բարձունքին գտնվող տունը։ Պայթյունը Արաքսի բաբոյին ու Ասյային շպրտել էր վար, փլված դարպասից դուրս, տուն բերող կածանին։ Գյուղի ներքին թաղերում էլ պայթած տներ կային, որոնցից մեկը խնամի Պողոսանց Ծատուրի շեն, երկհարկանի ընդարձակ տունն էր։ Փլատակների տակ էր մնացել խնամի Ծատուրն ու նրա կին Ծովիկը։ Մեկ շաբաթ անց թշնամին ետ շպրտվեց գյուղից։ Օգտվելով ընձեռնված առիթից Ասատուր Դայու որդիներից ավագը իրենց մոր ու ուսուցչուհու դիակները հանձնեցին հողին, իսկ Ծատուրի կրտսեր որդին իր ծնողներին։ Այդ օրը հողին հանձնվեց նաև շատ կամավորների դիեր։

…Առաքելությամբ էր Թերեզիկը գյուղ եկել` Արաքսի բաբոյի գերեզմանաքարը դնելու։ Գյուղացիք խղճահարությամբ էին նայում նրա ետևից, որպես «վեզը ծոռ այրիի»։ Մանկադեմ կինը որդու ձեռքը բռնած, ձիգ-ձիգ իջավ թեք կածանով դեպի գերեզմանոց։ Ինքը «վիզը ծուռ այրի» չէ, այլ հերոսի կին ու հերոսից ծնված հերոս էր մեծացնում։

 Գերեզմանոցը փոխվել էր։ Գերեզմանաքարերը շատացել: Փորագրված ծննդյան և մահվան թվերը չապրած կյանքի սոսկումով նայում էին Թերեզիկին։ Միթե՞ կարելի է հաշտվել ջահել մահերի հետ։ Երիտասարդ ազատամարտիկների խիտ գերեզմանաքարերը պաշտպանների պես օղակել էին մոր, Զմրուխտ բաբոյի, Արաքսի բաբոյի տապանաքարերը և կարծես թե իրենց մահով պաշտպանում էին նրանց։ Բայց այդ շիրմաշշուկ գորովանքից, թվում է՝ «կանայք» սեղմվել, մի բուռ էին դարձել…

 Զմրուխտ բաբոն այրիացավ, երբ թուրքերը Շուշի քաղաքում գիշերային հանկարծակի հարձակում գործեցին հայկական վերին թաղերի վրա ու վառեցին հայերի տները։ Այդ գիշեր ուժեղ քամի էր։ Քամին տարածեց հրդեհը, չոր թախթափուշները[9] հեշտությամբ վառվեցին։ Հայկական թաղամասերը հրո ճարակ դարձան։ Թերեզիկի ապուպապ Մովսեսը փակեց հրոսակների ճամփեն, հնարավորություն տալով, որ կինը փախչի վառվող քաղաքից տասնամյա Միսակի, հնգամյա Մեխակի, ու ծծկեր Միշայի հետ։

Ճակատագրի չարաբաստիկ դիպվածով Արաքսի բաբոն էլ վաղ այրիացել, Թերեզի պապ` Միսակը, Կերչի ազատագրման[10] ժամանակ էր զոհվել։ Թերեզը այրիացավ քսանմեկին,  Արաքսի բաբոյից հինգ տարի վաղ. «Տատերի բախտ, թոռան`բախտ»,– տխուր մտորում էր նա, և նոր հասկանում երկար տարիներ միայնակ ապրած արժանապատիվ տատիկների զսպվածության տխրությունը։ Տատերի իրենք իրենց փնտրող, կարծրաքար հայացքները գերեզմանաքարերից ակնդետ հետևում էին Թերեզիկին։

…Ավտոբուսով ետ մեկնեց Ստեփանակերտ, այնտեղից Բերդաձորով և Լաչինի ճանապարհով վերադառնում էր տուն։ Ողջ ճանապարհին Թերեզիկը լեցուն հպարտությամբ էր շուրջը նայում, ու ավտոբուսի բաց պատուհանից շնչում սառը օդը, որ հաղթանակի բույրն ուներ։ «Էս բոլորը մերն է»,- քթի տակ ինքնագոհ շշնջում էր Թերեզիկը, և այդ մերը ունենալու համար, իրենց բաժին ավանդն են տվել իր ընտանիքն ու սիրելին։

    Սա Թերեզիկ-Բզեզիկի վերջին այցն էր սիրելի գյուղ։ Երևանում` չկար տանը սպասող սիրելին, և վերնահարկի լուսամուտից դեպի հորիզոն ձգվող սարերի փոխարեն նեղլիկ, մռայլ նրբանցքն էր բացվում ու տանիքների ծխնելույզները։

                                       *    *    *

… Մանկության տարիներից եկող հազար ու մի անպատասխան մտորումներ կար հոր հետ կիսելու։ Դստեր հիշողությունը երբեք  չլքեց հոր ձայնի դեդևուն երանգը, որի մեջ և տագնապ կար, և մեծ հավատալիք ուղղված իրեն. «Թերեզիկ ջան, պիտի կյաս, հասնիս մեզ, եթե չկյաս Նյուշային սոցիալական ծառայությունները ինձանա խլելու ըն»։ Այդ բառերից հետո հեռախոսի մյուս ծայրում, հիվանդ մարդու զուսպ հառաչանքը լսվեց, որը հեռախոսագծի լռության առոգանությամբ հասավ Թերեզիկին, որպես անչափելի վշտի մեջ խեղդվողի վերջին հույսը կորցնելու վախ։ Ակնհայտ է, որ Նյուշայի մեջ ընդհանրացել է, հոր նահատակված ընտանիքի հիշողությունը։

Առանց հոր անցյալը հնարավոր չի փոխել։ Ու երբ նախախնամությունը տվեց ներկան հոր հետ ապրելու հավաստիքը, Թերեզիկը ընդունեց այն։ Նա թույլ չտվեց, որ հայրն անգամ հորդորի իրեն, կարևորը հոր ու Նյուշայի համար ապրելու չափ պետք էր իր ներկայությունը։ Որդու ձեռքը բռնած երիտասարդ կինը ժամանեց Նահանգներ, որպեսզի խնամի հորը, անչափահաս Նյուշային։ Նա նման էր այն ծառին, որ դեմ է գնում բնությանը, տերևաթափ եղավ ժամանակից շուտ` ժխտեց, որ կին է։ Դարձավ դուստր հոր համար, քույր` Նյուշայի համար, մայր`որդու համար։ Ցավերն ու կարոտները հող սարքեց օտար երկրում, փոքրիկ տուն կառուցեց, հիվանդ հորը խնամեց, Նյուշային ու որդուն ոտքի կանգնեցրեց։

Մեկնողներին «փախչողներ» են համարում։ Ինչ էլ համարեն նրանց «փախչողներ», «դասալիքներ» կամ ավելի դաժան «դավաճաններ», ըստ էության դա արդեն նշանակություն չունի։ Հայրենիքը երբե՛ք չփախավ նրանից։ Տարագիր Թերեզը արցախյան թթենու պես հավատարիմ էր իր արմատներին:

…Ամերիկայում ապրող կինը կիրակնօրյա մի շոգ առավոտ վեր թռավ չար երազից. «Փոքրիկ էր, հարմարավետ տեղավորված էր մանկության պատշգամբում։ Արաքսի բաբոն ասում էր բաց բերանդ, «յուղածուի»[11] մեջ թաթախված հացով կերակրում։ Կտրուկ ցնդեց ապահովության միրաժը։ Թերեզիկը հայտնվեց օձերի աշխարհում: Արևից շիկացած գահավիժող ժայռերի մեջ խելահեղ շարժումներով ոտքից ոտք էր ցատկոտում փրկելու այրող ոտքերը տապից, ձախ ու աջ ամենուր վխտացող օձերից. զույգ-զույգ փաթաթված, խրձերով, գալարվող, լեզունները շարժվող, ֆշշացնող… Օձերի կողմից լքված չորացած, կիսաթափանցիկ մաշկերը, ուր որ է` պետք է բռնկվեին անապատ հիշեցնող կրակից ու վերածվեին մեծ հրդեհի։ Ներքևում գյուղն էր. ջահել ու ծեր, հարս ու սկեսուր, զույդ անգին բաբոնների հսկա պատկերներով։ Թերեզիկը ձայն չուներ, որ աղաղակեր նրանց ՝ օգնությու՜ն »:

Հովացուցիչը անսարք գտավ։ Թերեզը ձեռքով շոյեց մահճակալի մոտ կախված Հայրենիքի քարտեզը, նայեց օրացույցին, 2020թ. սեպտեմբերի 27-ն էր: Մտավ լրահոս: Պատերազմ էր սկսվել: Երազի իրականությունը քարացրել էր իրեն։ Սիրտը բռունցք էր դարձել, թվում էր, զարկերի կանգ էր, ինչպես տարիներ առաջ, երբ տակավին մանկամարդ կին էր, երբ լսեց ազատամարտիկ ամուսնու զոհվելու լուրը։ Չէր ուզում հավատալ սև գույժին։ Թերեզը խաբվել էր ուզում, ինչպես հեռավոր 93-ին, ինչպես բոլոր ժամանակներում հազարավոր մարդիկ կուզենային խաբվել. ժխտել պատերազմը խաղաղության պատրանքով, սիրելիի մահը, նրա կենդանի լինելու հույսով, ժխտել սարսափը, տագնապը, կոտորածը` ուրախությամբ, կյանքով, սիրով…

     Անհարմար զգալու հետ կապված բոլոր ձևերը մի կողմ դնելով, զանգեց Երևան` պաշտոնյա ազգականին։ Վերջինս հաստատեց, որ թշնամին առանց նախազգուշացնելու հարձակվել է և պետք է պատրաստ լինել երկարատև, մաշող պատերազմի։ Հայացքի առաջ հառնեց դարավոր ընկուզենին, որի արմատների վրա նորից կրակ էր վառվում, վերջնականապես նրա հուշը ջնջելու երկրի երեսից։

   Տանը նրան ևս անակնկալ էր սպասվում: Տղան վերադարձավ տուն, ճամպրուկը, զինվորի պես կանգնեցրեց դռան շեմին, ասաց.

– Գնում եմ…

Փորը քթին կպած հղի հարսիկը ճչաց.

– Չե՛ս գնալու։ Էսպես ինձ չե՛ս թողնի։

Թերեզըը ամուսինների վեճի լուռ վկան էր։ Չնայած շոգին, սարսռաց։

 – Պատերազմը երկար է տևելու, դեռ կհասցնես մեկնել,- ասաց ու շփոթ շարժումով ետևից փակեց դուռը։

    Երբ Երկնքից աղետ է թափվում Երկրի վրա հրդեհի, ջրհեղեղի, հրաբխի ու այլ փորձանքների տեսքով, ջուգլիներում, սավանաներում, տայգայում, լայնատերև ու փշատերև անտառներում, հաշտվում են նույնիսկ գիշատիչները։ Մարդը բնավ չունի կենդանու վեհանձնությունը, թշնամին հարձակվեց, երբ հայերը հնձվում էին համավարակից:

Թերեզը հիշեց Զմրուխտ բաբոյի խոսքերը, թե ինչպես որդիներ կորցրած ծեր կինը կրկնում էր. «Կարկուտը եկած տեղն ա կյամ»։

     Հայը, որտեղ էլ լինի, կորցրած հայրենիքներ է կրում իր ուղեղի ամեն մի գալարում, վտանգն ու տագնապը արյան հիշողության մեջ է: Հերթական պատերազմը վերջը կարող է լինել ամեն-ինչի։

Համայնքը եռուզեռի մեջ էր։ Ջահելությունը դարձավ աղմկող գետ, դուրս եկավ խաղաղ հունից։ Նրանք ամենուր էին, ամեն տեսակ աշխատանք էին կատարում և արդեն կարևոր չէր, սև էր, թե` սպիտակ։ Բրբանկ և Գլենդել քաղաքները միացնող Գլենոքս փողոցում նոր բացված սեղանիկներին տաք ուտեստեսներ, սենդվիչներ էին վաճառում, մեքենաներ էին լվանում։ Վաստակած գումարը Հայրենիք էին ուղարկում։ Հայուհիները ետ չէին մնում իրենց զավակներից, մաքրազարդում էին իրենց պահարանները, ունեցած-չունեցածը հանում էին վաճառքի։ Հազարավոր հայերի այդ շարժման մեջ համակող, հմայող մի բան կար։

    Թերեզը չէր կարող անմաս մնալ այդ ամենից։ Մարտականորեն թևերը քշտեց, որոշեց ձեռքից եկած ամեն-ինչ անել։ Գնաց բարգործական օգնության կենտրոն։ Հարյուրավոր նրա նմաները արդեն արկղներ էին հավաքում, անօդաչու սարքերի դեմ մետաղալարից գործած վահաններ, ազդաշչակ, երկաթե սաղավարտներ, գուլպաներ, տաք համազգեստ, վրաններ, վիտամիններ, դեղեր, սարքավորումներ։

Տան կռիվները թեժանում էին։ Թերեզը ցանկանում էր հանգստացնել և՛ Հայրենիքը սիրող որդուն, և՛ որդուն սիրող հարսիկին։ Կռիվ կար նաև իր հարկի տակ։ Երևանում ծնված, Ամերիկայում ապրող որդին` մոր բոյի երկու մեծ զենք գնեց, համազգեստ, աշխատանքից հետո մասնակցում էր կրակելու դասընթացների։

Գիշեր-ցերեկը խառնվել էր իրար: Որդին մտահոգ էր, որ հայերը հակահարձակման չեն անցնում ու մարտերը հայկական ավաններից ու գյուղերից չի տեղափոխում չեզոք գոտի, որտեղ չկան խաղաղ բնակիչներ։

Թերեզը դարձել էր անհանգստություն։ Ամեն մի բջիջը խոսում էր պատերազմից։ Տագնապը բույն էր դրել խռովահույզ հոգում, ընդվզում էր աշխարհի անտարբերության քացկեղի դեմ։ Ինքն իրեն խոսում էր  կինը. «Աշխարհը առուծախ, երկնքից`արյուն, բա հինչ կլինի խեղճ հայի վերջը»։ Իսկ թեժ լուրերը թեժ մարտերի մասին անփոփոխ էին; Ասվում էր՝ «մերոնք արժանապատիվ դիմագրավում են թշնամու գրոհները»։

   Ճապոնացին ասում է.«Հաղթանակից հետո ավելի ամուր ձգիր սաղավարտիդ կապերը»։ Էդ ինչպես ճապոնը պնդում է, թուրքը գիտեր անելիքը, Թերեզը զգում էր, իսկ պատկան այրերը չգիտեին։ Թերեզի մեջ սկսեց բնակվել մի դատավոր, ում վճիռը արդար էր ու չներող:

Մի օր տղան վերադարձավ հրաձգարանից, նա արդեն հազար հինգհարյուր յարդից խփում է նշանակետին։ Խոժոռված էր, զգուշորեն ասաց.

– Մամ ջան, էդպես չի, որ տղաները բայրախտարի և սմերչի դեմ են դուրս գալիս, որովհետև վախ չունեն։ Ոչ, նրանք զգում են, հարազատներ ունեն իրենց ճամփին սպասող, այնուհանդերձ գնում են մահին ընդառաջ: Ինձ էլ թողեք, գնամ միանամ բոլորին: Արյունս նրանցից կարմիր չէ։ Այդ զինվորներն էլ մայր ու կին, երեխա ունեն։

Սենյակում լռություն տիրեց։ Տղան սպասում էր, որ մայրը կխոսա, կխրախուսի իրեն։

Թերեզը անշարժացավ, կրծքավանդակում ցավ զգաց ու չգիտեր ինչ ասեր։ Որդու հետ կապված էր խորունկ սիրով, չնայած նրա ներկայությամբ երկչոտ էր ու ձգված։ Մտքում էր խոսում. «Նզովյալ լինես պատերազմ, նզովյալ լինես պատերազմ»։

-Մա՛մ, խոսա….

Լռությունը ճնշիչ էր։ Տղան ձեռքը տարավ դռան բռնակին, կտրուկ լքեց սենյակը…

                                                *   *   *

…Գեվորի մանկամարդ կինը գիտեր, թե ինչ է կատարվում ռազմաճակասում, ուր մարդիկ արկերի միս էին, մոխրացող էություններ:

– Մա՛մ, թուրքերը Շուշիից հեռու են այնքան, ինչքան բենզալցակայանը մեր տնից։ Եթե Շուշին ընկավ, կորած ենք, աղոթի՛ր, խնդրում եմ…

– Չի լինի նման բան, աղջիկս…

Թերեզը տնից դուրս եկավ հատուկ նպատակով։ Քշում էր մեքենան Կալիֆոռնիայի Բրբանկ քաղաքի Գլենոքս փողոցով, մտովի ետևում թողնելով իր «Տուն-Շուշին», հասնում բենզալցակայանին, պատկերացնում, որ այդտեղ թշնամական բանակն է։ Աղոթքի հետ բղավեց.

– Հեռացե՛ք, մեր Շուշիից, սա ձեր հողը չէ, այստեղ են մեր նախնիների շիրիմները, ապրողանց հիշատակարանը։ Հեռացեք մեր հողից, սրբապիղծներ։ Թերեզը համակվել էր խիստ վճռականությամբ, համոզված էր, որ աղոթքները, հույզերը, ապրումները վերածվում են յուրահատուկ զորության, բարձրանում հեռահաս Երկինք, նյութականանումում, դառնում զորավոր ուժ:

Փոթորկոտ քամի էր։ Մի պահ Թերեզին թվաց՝ իր ձայնը տիեզերք հասավ և պատասխանը անսպասելի մրրիկն էր:

– Աղաչում եմ, Տեր, թույլ մի տու՛ր, որ Շուշին ընկնի,- մենախոսում էր բարձրաձայւն և նայում երկնքին։ Մեքենան վարում էր վերընթաց դեպի սարը, անծանոթ, անհետիոտն, մարդկային շնչից բացակա փողոցով։ Չէր նկատում մոլեգնող քամին, փոթորկից ճկվող ծառերը։ Տասը մետր հեռավորության վրա, բնից կիսված հսկայական կաղնին սարսափազդու շրխկոցով տապալվեց, ամբողջ լայնությամբ փակեց փողոցը։ Թերեզը կտրուկ արգելակեց։ Մի քանի պոկված ճյուղեր փակել էին մեքենայի տեսադաշտը, իսկ որոշ չորացած ճյուղեր փոթորիկը դեռ պտտեցնում էր օդում։ Վայրկյանները փրկեցին Թերեզի կյանքը։ Նա գլուխը դրեց ղեկին, համառ պայքարից ու կատարվածից շփոթահար։ Մտորեց՝ բնությունը փորձում է բացատրել անբացատրելին, մնում է հասկանալ. ի՞նչ է նշանակում ոտքերի առջև պառկած գլխատված ծառը»։ Միթե՞… ու Թերեզիկը հիշեց որդու ասածը. «Եթե այնտեղ լինեմ, Շուշին չի ընկնի»։ Ու Թերեզի մտքով հազար ու մի բան անցավ, որոնցից ոչ մեկի համար բացատրություն չուներ։ Մի կերպ իրեն հավաքեց, մեքենան ազատեց ճյուղերից ու սուրաց սարն ի վար։ Հետո, շատ ավելի ուշ կինը կհասկանա, որ ծառը կապված էր հենց իր հետ։     

Հոկտեմբերի վերջն էր, երբ վերջին անգամ խոսեց որդու հետ։ Գևորը Մարտունու անտառներում էր։ Հադրութի անկումից հետո, հայ զինվորները նահանջել, պատսպարվել էին այնտեղ։ Առաջիկա երկու օրերին մայրը հեռախոսն պինդ սեղմել էր ձեռքին ու վախենում էր։ Խուսափում էր լրահոսից։

    Թերեզը Շուշիի գրավվման և խայտառակ կապիտուլյացիայի մասին լուրը լսեց հարևան նպարավաճառից։ Սառը ջուր թափվեց գլխին։ Էդ ինչպես եղավ. «Քառասուներեք օր արժանապատիվ դիմագրավում էին, քառասունչորրորդ օրը պարտվեցին»։ Շուշիի առեղծվածային անկման ետևում անձամբ Թերեզիկի համար միայն իրեն հաղորդ ողբերգության գաղտնիք կար պահված: Մշուշված աչքերով նկատեց օգնության վազող անծանոթին։ «Հյու՞ր վեսկե մզերավ տղա խոխան մնաց էդ ծմակներում»[12],- միտքը շանթահարեց նրան, գլխուղեղը պայթեց, անկառավարելի խուլ մղկտոց դուրս թռավ ներսից։ Երբ դողացող ձեռքերով փորձեց բռնել կրծքավանդակից «փախչող» սիրտը, կորցրեց գիտակցությունը։ Ուշքի եկավ հիվանդանոցում։

Թագավարակի թեստը բացասական էր։ Նեղաչք բժշկուհին հարսիկին ասաց.

    – Վիշտը կովիդից առավել մահացու է։ Ձեր մայրիկը սրտի կաթվածի փոքրիկ օջախ ունի։ Մի տեսակ քարացած է։ Չի պատասխանում մեր հարցերին։

    – Մեր Հայրենիքում պատերազմ է։

– Ձեր մայրը պետք է թոթափի բացասական հույզերը։

-Ինչպե՞ս..

-Խոսի, ժպտա, ծիծաղի,- սիրալիր ժպտաց բժշկուհին։

– Դա արդեն համարյա անհնար է։ Նրա որդին ու իմ ամուսինը այնտեղ են…

Բժշկուհին շփոթահար  զննեց հղի կնոջը, շեղ աչքերը վերածվեցին շեղբի, դեմքը մի տեսակ կծկվեց, շուտասելուկի պես վրա տվեց.

– Հասկանում եմ Ձեզ։ Զարմանալի է, որ առաջին անգամ լսեցի Ձեր պատերազմի մասին։ Մեզ համար հիմա կարևորը մայրիկի առողջությունն է։ Շատ զրուցեք նրա հետ,- հասկանալով, որ իր ասածն առնվազն անհեթեթություն է, բժշկուհին ինքը իրենից փախչելու պես, փութկոտ հեռացավ կնոջից։

Մեկ ամիս Թերեզը լուռ էր։ Կովիդի պատճառով ոչ-մ եկին չէին թողնում նրա մոտ։ Մենակ էր հիվանդանոցում, քույրերը այս ու այն կողմ էին վազում, քիթը սրբելու ժամանակ չունեին: Իր մտքերի ոլորանում խճճված կինը զանգի հույսով` հեռախոսը ափի մեջ սեղմած, անքնությունից ջղաձգվում էր հիվանդանոցային անկողնում։ Հաճախակի  կրկնվող երազի պես հիշում էր Զմրուխտ բաբոյի խոսքերը. «Ամենից լյավ  մեռնելը. քոնինելն ու վեր չկենալն ա»։

  Քնած թե արթմնի Թերեզիկը ինքն էլ չի հասկանա, թե ինչպես բարձունքից դիտում էր ադրբեջանական գումարտակին, որ գյուղում տեղավորվեց ընդամենը աշունից մինչև հաջորդ տարվա ամառը։ Սակայն եղանակի տաքանալուն պես մեկ օրվա մեջ, մեջքներին ուղղահայաց գծերով, շեղ բիբերով օձերը դուրս սողացին հրաշեկ քերծերից, գերեզմանոցից, թաքստոցներից ու ուրվականային հանդիսանքով, շվշվացնելով մտան գյուղ Հաջորդ օրը պարզվեց, որ ադրբեջանցիները, լքել, հեռացել են, այդպես էլ չհասկանալով, որ դա հոգիների վերադարձ էր, թե վհուկների որս։ Եվ գյուղը վերածվեց օձաստանի…

Ու էդ օձաստանը մաս առ մաս, գյուղ առ գյուղ, տարածք առ տարածք լայնացավ, չաղացավ։ Վերածվեց աքլոր պոչով երկգլխանի հրեշի։ Ու էդ աքլորի պոչի վրա նստած «գորշ գայլը» հսկում էր «խեղճ ու կրակ» դարձած Հայաստանի քարտեղը։

 Հիվանդասենյակում անակնկալ հնչեց հեռախոսի զանգը։

– Մամ ո՞նց ես… Գևորը քեզ զանգե՞լ է, – հարսն էր` ձայնը հույս աղերսելու չափ նվաղուն։

– Դեռ չի զանգել, բայց Գևորս հաստատ զանգելու է, չկասկածես։ Աղջիկս, քեզ լավ նայիր, դու արդեն երկու հոգի ես, Գևորս էլ հետդ երեք…,- անելությունից փորձեց կատակել Թերեզը։

 Կինը ինքն իրենից հավաքվելով, բավական երկար ընդմիջումից հետո, բացեց լրահոսը։ Նա հույսով դիտում էր տեսաերիզները ակնկալելով, որ ինչ-որ բան կիմանա որդու մասին։ Իսկ լուրերը մեկը մյուսից խրթին էին. հակասող, խճճող, իրարամերժ. չարությամբ, հայհոյանքով, ատելությամբ, խեղդված, ճիչով ու հուսահատությամբ լեցուն։ Ինքն իր մեջ ամփոփված Թերեզիկը խորհում էր. «Պարտությունը սրընթաց գահավիժելու պես էր, և դրանից նվաստացած մարդիկ միմյանց «միս էին կրծում»։

«Եթե մարդկային խիղճը կուլ է գնացել թեկուզ մեկ ազգի հանդեպ, աշխարհն էլ հետը կքանդվի»։ Այդ մտքից Թերեզը սարսափեց… «Անգամ Ամենակարող Աստված ի զորու չէ փոխել անցյալըը, իսկ ազերի պատմաբանները կարողանում են դա, պարտադրում, որ Արցախը Թերեզի Հայրենիքը չի, այլ իրենցն է։ Գլուխ քար, թե ինչ են ասում, սա չէ սարսափելին։ Սարսափելին կեղեքող նախազգացումն է, ճակատագրական դառը խարանը, որ գրված է նշխարաչափ Հայաստանի ճակատին, որ պիտի հայաթափեն, մոխրին, կրակին, մահվան տան ամեն մեկին, ամեն ինչին, որի վրա Հայ է գրված։ Իսկ աշխարհը էլի անտարբեր կմնա համարելով, որ դա ողբերգական ճակատագիր ունեցող երկրի ներքին գործն է»։

 Միակ ճիշտ լուրը  մնում է եղանակի տեսությունը, որը արտաբերում է համակարծիք.

  • Հայաստանում ձյուն է։ Երթևեկեք ձմռան անվադողերով։

Երկարատև հիվանդությունից հետո Թերեզն արդեն ապաքինվում էր։ Սկզբում ձեռնափայտով, այնուհետև լիարժեք ոտքի էր կանգնել։ Հիվանդանոցում աշխատող Հայաստանում բժիշկ, իսկ Նահանգներում դեռևս բուժակ երիտասարդը ուղեկցեց հաղթանդամ սպիտակ խալաթավորին.

     – Տիկին Թերեզ ջան, հարգարժան կոլեգայիս համար բացառություն եմ արել, ուստի խնդրում եմ , որ հանդիպումը հնարավորինս կարճ լինի։

       Բժիշկ Անդրանիկն էր. ամուսնու երբեմնի մարտական ընկերը։ Հոգնած էր, մազերը սպիտակած, հայացքը խուսափուկ։

-Անդրանի՛կ, Գևորս ինչպե՞ս է,- խուլ ձայնով հարցրեց կինը։

 Վշտալի, քարացած,  լռության մեջ, կախվեց մոր դժվարությամբ արտաբերած բառը.

-Գևո՞րս…

 -Թերեզ ջան, ինչ ասեմ, քույրս: Աստված էդպես տնօրինեց նրա բախտը։

 Թերեզը աչքերը հառել էր մեկ կետի, սառել էր, ծպտուն անգամ չէր կարողանում ։արտաբերել։ Իսկ շուրթերը իրենք իրենց կրկնում էին. « Հյու՞ր վեսկե մզերավ տղա խոխան մնաց էդ ծմակումներում»։

 Իսկ բժիշկը խոսում էր, պատմում էր էր կարծես ինքն իր համար…

…Անդրանիկը վաղուց էր գնացել։ Քարի պես անկենդան Թերեզը մի կերպ պոկվեց անկողնուց, գլուխը պտտվեց, հենվեց պատուհանի եզրագոգին։

Ու հետո նկատեց անսահմանության հեռուներից իրեն հետևող ամուսնու հայացքը, այդ աչքերը ճանաչում էին նրա հոգու ամենանվիրականն, ամենաորոշիչը։ «Տյու լյոխ գիդյումըս, ասա Գևորս հունց ա՞, լյա՞վ ա»։ Ամուսինը ժպտաց մտերմիկ, հուսադրող, լուսավոր։

Նայեց երկնքին, անցյալի հիշողություններ էին փոթորկում հոգում։ Ի՜նչ էր փնտրում աքի Թերեզն այնտեղ. սիգապանծ ճախրանքով արծվենի որդու՞ն։ Նա հոր կողքին էր արդեն, մոտ նրան այնքան, որ վերջինս այդպես պայծառ ժպտաց իր տեսիլքում։

Դրսում աղջամուղջն էր թանձրանում։ Կինը մտքով այնտեղ էր, որտեղից երբե՛ք չէր մեկնել։ Ձյունը թափվում էր Քյուրաթաղով մեկ, հասնում գերեզմանոց, բարակ շերտով պատում սիրելի բաբոների, մոր լքյալ տապանաքարերը, տարածվում ողջ Արցախով, ճերմակ, տաք վերմակով փաթաթում անթաղ զինվորների պաղ մարմինները, սպիտակ սուգով պարուրում Շուշին ու Ստեփանակերտը և սահում դեպի Երևան` Եռաբլուր։

 Թերեզը աշխարհից հյուծված, հոգնատանջ հայացքը «անդունդից» հառեց վեր։

«Աստուծ, կնէրիս, հավատարիմ չում իլյալ պատվիրանէդ։ Քէզ ում իլյալ մուտընալիս ու աղօթք ընէյիս, Որդուս ու Հայրենիքիս հմար։ Տումէր ասէլ՝ պատվիրանդ ասումա՝ Քէզ ար պետք ամբողջ հօգավ ու սրտով սիրիլ. կնէրիս ինձնման մէղավէրին։ Ամէնակարող ինիլան առաչ՝ Տու հալամ սյուրթա սիրօղն ըս։ Ինձ ըս սիրում՝ հունցը վէշմինը կարէլ չի։ Կնէրիս ինձ, յէս հո՞ւվում, վէր ջուվըրնէյին դատիմ։Կնէրիս լի, իմ մէղքէրիս դյարդան ժուղուվուրթէս պատժումէր։ Քու սէրդ վէրջ չօնէ, ղօրմի մէզ՝ մօրանցս, ղօրմի իմ ժուղուվուրդէս»[13]։

 Նրա սիրտը փափկում էր Աստծո ու մարդկանց առջև: Արցունքները հոսում էին, միախառնելով Հայաստանում որդեկորույս մայրերի, հայրերի, քույրերի, կանանց, սիրած աղջիկների արցունքներին…

                             *    *    *

 Մի քանի օրից նրան դուրս գրեցին հիվանդանոցից։ Հարսիկը Թերեզին ընդառաջ եկավ և հանձնեց նորածնին։ Փոքրիկը հորանջեց, մի պահ անմեղ հայացքը հառեց տատիկին։ Նորածնի աչուկները մոր տատի` Զմրուխտի և Քյուրաթաղի բարձրադիր սարերի կանաչն ունեին իրենց մեջ և ինքն էր վաղվա զինվորը:

Թերեզը պինդ գրկեց հրեշտակ մանչին, դեմքին` երանավետ ժպիտն էր։


[1] Քյուրաթաղը գտնվում է Հադրութի շրջանում` նախկին Դիզակ գավառում` Արևասարի արևելահայաց լանջի ստորոտում։ Հիշարժան է այն փաստը, որ գյուղը երբեմն անվանվել է նաև Կիրաթաղ, Հիհքիիրաթաղ, Դուդուկչի: Երկրորդ համաշխարհային պատերազմին Խորհրդային Միության բանակի կազմում գյուղից մասնակցել է 112 հոգի, որից 62-ը զոհվել է։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, գյուղի մատույցներում դաժան մարտեր են տեղի ունեցել, բայց ադրբեջանցիները ոչ մի կերպ չկարողացան վերցնել գյուղը։ Այդ ժամանակ գյուղի երիտասարդությունը, շուրջ 60 հոգի, անդամագրվել էր կամավորական շարժմանը։ Նրանցից 20 ազատամարտիկներ զոհվել են, իսկ 2 հոգի էլ ճանաչվել են որպես անհայտ կորած։ 2020թ 44-օրյա պատերազմի ընթացքում գյուղը օկուպացվել է Ադրբեջանի կողմից։

[2] Ամպ:

[3] «Հերդ՝ Արտյուշը Մարտակերտցի էր։ Այնքան գեղեցիկ, կինոյի դերասանից էլ սիրուն, հետն էլ խելքի ծով։ Մորդ աշխարհի չափ է սիրել։ Նրա մահից հետո և գյուղից խռովեց, և մեզնից, և քեզնից։ Մորդ մահից հետո ավարտել է Բաքվի համալսարանը։ Արդեն իննը տարի ամուսնացած է պաշտոնյա հայի ջահել դստեր հետ, դեռ զավակ չունեն։ Հայրդ Սումգայիթի քիմիական ամենամեծ գործարանում տնօրենի տեղակալ է»:

[4] Սահող ամպ, խիտ լեռնային մշուշ:

[5] 1988 թվականի փետրվարի վերջին Սումգայիթյան ջարդերից հետո, իրավիճակը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դեռ տանելի էր, հայերը դեռ հավատում էին, որ ամեն-ինչ կարգավորվելու ու իր տեղն է ընկնելու:

[6] Հայաստանի, Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի համատեղ թագավորության մեծանուն դիրիժոր`Օհան Դուրյան:

[7] Սգո հոգեհանգստի ժանրի երաժշտության բարձրագույն նվաճումներից մեկը՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»։

[8] Հորադիզը գյուղ է Հադրութի շրջանում։ 1993 թվականի սեպտեմբերի 7-ին, մեկ շաբաթ տևած անողոք մարտերի արդյունքում գյուղն անցել է Արցախի Պաշտպանության բանակի վերահսկման ներքո:

[9] Շուշիի տները ընդհանրապես քարաշեն էին. սպիտակ, խոշոր, տաշած քարերով։ Կտուրները հարթ չէին, ուներ եռանկյունաձև տախտակյա տանիք, որ պարսկերեն բարբառով կոչվում էր թախտափուշ։ 1920 թվականի այդ չարաբաստիկ գիշերը քամի էր, չոր թախտափուշերը հեշտությամբ վառվեցին, հայկական թաղամասերը, որ գտնվում էին քաղաքի բարձունքում, հրո ճարակ դարձան։

[10] 1943 թվականին հայկական դիվիզիան մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Թաման թերակղզու ազատագրմանը, արժանացել «Թամանյան» անվանմանը։ 1943 թվականի նոյեմբերից 1944 թվականի ապրիլին աչքի է ընկել Կերչի նավահանգստի ազատագրման դաժան մարտերում:

[11] Ձվածեղ:

[12] «Ու՞մ ոսկեգանգուր մանչուկը մնաց էդ անտառներում»:

[13] Ներիր, Տեր, հավատարիմ չեղա պատվիրանիդ։ Քեզ էի մոտենում ու աղոթում, որ փրկես Որդուս ու Հայրենիքս։ Այնինչ պատվիրանդ պարտադրում է`Քեզ պետք է սիրել ամբողջ հոգով ու սրտով, ների՛ր մեղավորիս։ Ամենակարող լինելուց առաջ, Դու նախևառաջ Սիրողն ես, սիրում ես այնպես, ինչպես ոչ մեկը։ Ների՛ր ինձ, ո՞վ եմ ես, որ մարդկանց դատեմ։Ների՛ր, մեղքերիս պատճառով մի՛ պատժիր ժողովրդիս։ Քո Սերը վերջ չունի, ողորմի՛ր մեզ` մայրերիս, ողորմիր իմ ժողովրդին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *