Դիանա Անդրոմեդա, Պատմվածք, ՏՈՆԱՊԵՏ պատմվածքի մրցույթ

պատՄվազք

Նախաբան

Ճնճղուկները դատարկ կտուցներով հեռացան ուրիշ կտուրներ, որովհետև այսօրվա տվածս լավաշը բորբոսնած էր, որովհետև ութ օր տանից դուրս չեմ եկել, որովհետև հիվանդ եմ, որովհետև վարակները, ամռան ցուրտ օրերը, շատացել են, իմ կյանքի օրերը պակասել, որովհետև ծնվել եմ ավելի վաղ քան կուզենայի, որովհետև չեմ հիշում իմ ընտրության պահը, որովհետև դա կարևոր չէ, որովհետև դա ոչինչ չի փոխի, որովհետև մենակ եմ, որովհետև ճնճղուկները դատարկ կտուցներով հեռացան ուրիշ կտուրներ:

Ու այս տարի սովորականից ավելի քիչ եմ մրսում: Բայց մարմինս մի տեսակ փշաքաղված է: Անսովորից ավելի: Մեծերը կասեին սագի կաշի ես հագել: Ո՞ր Մեծերը։ Մեզնից Մեծերը: Թե ինչով էին ավելի Մեծ, տարիքով, որակով, զբաղեցնելու կարողությամբ, մեր կյանքում տեղ զբաղեցնելու, երկար մնալու գուցե նաև իրենց Մեծությունը մեզ համոզելու կարողությամբ, որ նույնիսկ կասկածելու ժամանակ վախենանք վստահ չլինել ու սարսափենք խոսել դրա մասին: Որովհետև սագի կաշին երևում է: Իսկ Մեծերն ամեն ինչ գիտեն սագի կաշվի մասին: Ու մրջնահատիկները շարվել են մաշկիս վրա, պարտվածների զորահանդես, ու այնքան ամուր են կպած մտքերիս, որ մտածում եմ դասալքության մասին: Որովհետև մաշկիս վրա ամեն ինչ երևում է ու ջերմությունն անկարողությունից նկարում է թարախային պարկեր ու ամոթը մոտեցնում է արյունը մաշկիս լուսամուտներին ու սպառնում սուիցիդով:

Սա իմ ժամն է: Իմ փառքի: Իմ խեղճության: Ու անձրևն առատ է ու ես չեմ պաշտպանվում: Ու ամեն ինչ տեսանելի է, այն ինչ քողարկում եմ սովորաբար ու չեմ վախենում ֆալշից` ձայնալարերի: Գոռում եմ, չեն լսում, ինչ հաճելի է…

Սա իմ ժամն է…

Բաղնիքս անուշ:

պատ

Ամեն զգացում ունի իր զգայարանը, ու դժվար թե մարդն իր զբաղված առօրեականությամբ նկատի իր ապացուցված զգայարանների՝ չապացուցված ենթազգայարանները։ Ձեզ կՊատմեմ Ձեր մասին մի քանի բառով։ Բառերը կընտրեմ, հաստատ կճանաչեք։ Ձեզ կՊատմեմ Ձեր մասին Ձեր սիրած բառերով ու Ձեզ դուր կգա։ Ու դուք անընդհատ կգաք Ինձ մոտ Ձեր մասին լսելու։ Ու դուք Ինձ չեք ճանաչի, բայց կսիրեք, որովհետև ես լավ եմ Պատմում Ձեր մասին։ Որովհետև ես Պատմում եմ Ձեր մասին: Որովհետև Ես Պատ եմ, իսկ Դուք ոտքեր, ու Ես շարունակ Պատմելու եմ, որ Դուք շարունակ վազեք ու Դուք փախչելու եք, որովհետև ներսում, շատ խորը, ա՛յ հենց էդտեղ, Դուք ուզենալու եք, որ Ձեզ բռնեմ։ Բայց Ես Պատ եմ, Պա՜տ Մը, իսկ Դուք Ինձ չեք ների իմ անշարժությունը ու կքանդեք։

Պատ Պա Պ            Պ Պա          Պատ Պ        Պա

Պ Պա Պատ  Պա Պատ      Պ                 Պատ

Պա Պ                    Պ Պ Պ Պատ Պա պա                  Պատ  Պա      Պա

Պ Պա Պ Պ Պ Պ Պա           Պ                 Պա Պ Պ        Պ        Պա

Պ Պ             Պատ Պ Պ Պ Պ Պատ Պա Պատ      

Պ… Պատ․․․ Պ․․․       Պ                 Պ          Պատ Պա

Ու Ես էլ չեմ Պատմի Ձեր մասին: Ու Դուք կմոռանաք Ձեր անունը։ Ու մարմնիցս թափված քարերի հետ, կթափվեն Ձեր անվան տառերը, ու կդառնան շեմ՝ հենց նոր կյանք մտած ոտքերի համար, որովհետև իմ քանդված մարմինն արդեն դուռ է։ Ու Իմ ներսով անցել են շատերը, հենց այնպես, առանց վճարի, իսկ Դուք մտածում եք դուռը թակելու մասին: Քաղաքավարությո՜ւն։ Կանոններ՝ Քաղաքը վարելու մասին։ Քաղաքականություն։ Քաղաքի ականների մասին։ Քաղաքաշինություն։ Քաղաքը շինելու մասին։

Եվ հիմա, երբ արևն ավելի մոտ է մորն, իսկ Դուք Ձեր ենթազգայարաններին, ուզում եմ մտածեք տուրբուլենտի մասին։ Օդանավում, փակ աչքերով զգացածը նման է սոլֆեջոյից թելադրություն գրելու ժամանակ, մաժորից մինոր, մաքուրից մեծ կամ փոքր, կամ սուբկոնտրից երրորդ օկտավ թռիչքի։ Ու Դուք կանգնած եք կոնտրաստային ցնցուղի տակ ու լսում եք ինչ-որ կեղտոտ ակորդներ, որ Ես եմ երգում Իմ ցնցուղի  տակ Իմ փառքի ժամին, Ձեզանից հեռու, շատ, բայց Դուք լսում եք, որովհետև ինչքան էլ վազեք-մարաթոն, փախչեք-փախեփախ, մեկ է ուզում եք լսել իմ Պատմածը, ու թեև Ես լուռ եմ, իրոք լսում եք։ Կեղտոտ ակորդները։ Կուրտի ու Իմ համատեղ համերգի։ Իմ ցնցուղի տակ, Իմ փառքի ժամին։ Որտեղ Ես մաքրվում եմ իսկ իմ ու Կուրտի վրայից հոսող կեղտոտ ակորդները լցվում են Ձեր փոսերի մեջ… ականջների։ Ու Դուք փորձում եք լվանալ ու ստանում եք ինչ-որ ուղիղ գծով արդուկված, հաստատ անլաքա, մի նեղ փոփություն։ Հավանում եք, բայց ինչ-որ բան ստիպում է կեղտոտվել ու նորից ծծումբն ականջներում վայելել Ինձ հեռվից ու փախչել: Վազել։ Ավելի արագ, կեղտը կորցնելու, մաքրվելու վախից։ Ենթազգայական։ Ենթակա Ազգերի Սինդրոմ։

«Մ» անունով խաղ

Ես այս խաղը խաղում եմ ծնված օրվանից, գուցե ավելի վաղուց, բայց դեռ չեմ հասկացել կանոնները: Բայց հիմա ձեզ կբացատրեմ: Որովհետև ձեզ բացատրելու ընթացքում գուցե հասկանամ իմաստը ու կարողանամ ավարտել: Որովհետև որքան ես եմ հասկացել, իմաստը հաղթելու ու պարտվելու մեջ չէ: Իսկ ավարտելուց հետոն վախեցնում է: Մնում է շարունակելը: Շոու մասթ գո օն:

կապօղակ 1

Անկեղծությունից հետո ամեն ինչ փոխվում է։ Անկեղծությունից առաջ ամեն ինչ անիմաստ է։ Ամեն ինչ արժեք է միաժամանակ ամեն բան ոչինչ։ Եղածից ավելի ոչինչ չի լինի, պակասն էլ արդեն չկա։

Իսկ խոստովանահայրը չէր խոստովանում։ Բայց սիրում էր սուտը։ Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էր այդքան լսել։

Սուտը խոսելու համար չի

Փոքր ժամանակվանից Հեյան տարբեր առիթներով ստում է հորը՝ խոստովանահայր Զորայրին։ Բայց ամբողջը սկսվում է առաջին ստից։ Երբ Հեյան՝ տատիկի ճնշմամբ  ասում է հորը, որ իրեն սիրում է ավելի շատ քան մայրիկին և կմնա հոր հետ, այլապես, տատիկի ասելով, հայրիկի սիրտը չի դիմանա և կպայթի։ Իսկ Հեյան չէր ուզում, որ իր հոր սիրտը պայթեր։ Դե իսկ մայրիկին նման բաներ չէին սպառնում։ Համենայն դեպս մայրիկի մայրիկը նման բան չէր ասել, գուցե որովհետև մահացել էր իր ծնվելուց երեք տարի առաջ։ «Բայց կասե՞ր»․․․ Մեծանալուց հետո արդեն պարբերաբար հիշում էր ու ինքն իրեն հարցնում։ «Արդյո՞ք կասեր»։

         Անմայր ու Հայրաշատ Հեյան։ Մորը տեսնում էր հոր խաթր։ Ոչ մի քնքշություն։ Կարծես հայրը միայնակ իրեն պատրաստած լիներ իր խոստովանախցում, Աստծո օգնությամբ։ Ում Հեյան չէր հավատում։ Որովհետև ինքը՝ ստում էր և իր աչքերում ստում էին բոլորը․․․  Ու կապ չուներ, թե ինչ էին պատմում։

Հեյան կանգնած էր ցուցափեղկի մոտ։ Բայց վաճառվողն ինքը չէր՝, չնայած իրեն երբեմն թվում էր, թե հենց ինքն էր։ Վաճառվողը՝ օդանավակայանի գները վրան խորտիկներն ու ոսկու գին ունեցող ծորակի ջուրն էր։ Այո, վաճառվողն ինքը չէր, բայց իրեն միշտ թվում էր, թե հենց ինքն էր։ Երևի որովհետև խորհրդատու-մատուցող էր, իսկ քաղցած-շտապող մարդիկ մատուցվող խորհրդի կարիք չունեն։ Միշտ հիշում էր ընկերոջ պատմածը, երբ հագուստի խանութում խորհրդատու-վաճառողն այնքան էր զզվեցրել, որ ընկերն ասել էր․ «Ես եկել եմ, որ հագուստ ընտրեմ, եթե շարունակես հետս քայլել, կարող է վերջում հագուստի փոխարեն քեզ ընտրեմ»։ Միշտ արդիական։ Ի դեպ Հեյան գրեթե միշտ հիշում էր ընկերոջ պատմածները, հատկապես կյանքի կարևոր, որոշում կայացնելու պահերին, հիշում էր նրա զվարճախոսություններն ու այլևս չէր տխրում, որ երբևէ չի հաջողվել ԻՆՉ-ՈՐ ՃԻՇՏ ՈՐՈՇՈՒՄ կայացնել։ Որ երբևէ չի հաջողվել ԻՆՉ-ՈՐ ՈՐՈՇՈՒՄ կայացնել։

– Աղջիկ ջան, էս ջուրը որ հորդ գնով ծախում ես, հերդ գոնե գիտի՞ ում գինն ա վրեն դրած, ու ինչ ես ծախում իր գնով,- կեսկատակ հարցրեց մի ճամպրուկավոր ծերուկ։

Ընկերը․ «Այստեղ ամեն ինչ խանգարված է, անտառային, չգիտես թե ով ում մեջ է և դեռ որքան է պատրաստվում մնալ, տանջել, դե իր կարծիքով երջանկացնել։ Չգիտեմ։ Մարդիկ իրենց կույս ուղեղով պոռնկական կյանք են վարում ու սպասում դրախտային լուծումների։ Ինձ ասում են, եթե ուզում ես քոնը լինի՝ պիտի դեպոզիտ տաս, ասում եմ, դու գիտե՞ս դեպոզիտը ինչ է՝ ապուշ կտրած նայում է։ Ֆրանսերեն է, բայց ինքը կարծում է թե ռուսերեն է, ասում եմ, եթե չգիտես իմաստը, ինչո՞ւ ես գործածում, այն էլ իմ պես, իմ չափ, իմ աստիճանի անծանոթի հետ։ ««Գիտեմ, գլուխդ ցավում է։ Բայց հիմա հաստատ ժպտում ես, գլխացավով։»»

         Հեյան նայեց կանգնածին, հիշեց ընկերոջն ու մտածեց հոր մասին, ում շուտով պիտի զանգեր ու ստեր։

         – 1344 չվերթի դեպի Փարիզ մեկնող ուղևորներին, խնդրում ենք պատրաստվել նստեցման։- Հնչեց վերևից, իսկ վերևներն ամեն դեպքում, միշտ էլ բարձր են հնչում։ Պետք էր գնալ աղմուկից հեռու, որ սուտը հաջողվեր։ Պետք էր մտնել Այնտեղ, ուր հիմա հենց պետքարան էլ կոչում են։ Բացել ծորակից հոսող աղմուկն ու խոսել տանը տաք անկողնում, տաք թեյ խմելու մասին ու բարի գիշեր․․․

Ընկերը․ «Աղմուկի պատճառով, ոչ թե սենյակ, ոչ թե տուն, ոչ թե քաղաք․․․ Աղմուկի պատճառով՝ ես երկիր եմ փոխել ու վստահ եմ, դեռ փոխելու եմ։ Ավելորդ ձայները խանգարում են կենտրոնանալ կարևորի վրա։ Դրա համար էլ մարդիկ ինչ անպետք բան ասես որ չունեն ու միշտ բողոքում են կարևորի պակասից։ Հեռու մնա աղմուկից։ Ես քեզ համար լռություն չունեմ։ Բայց մենք միասին մի բան կստեղծենք։ Այս ամբողջ ախոռային ժխոռը Աստծուն թշնամի է։ ․․․ Գիտեմ, Աստծուն չես հավատում․․․ Բայց ինձ հավատում ես, գիտեմ։»

         – Ալո, պա՞պ։ Լա՞վ ես։ Հա, էսօր էլ մամայի մոտ մնացի։ Ջրի ձա՞յն, հա, դե ամաններն եմ լվանում։ Չէ, սոված չեմ, կերել եմ։ Իսկ դո՞ւ, սարքածս ճաշը եթե արհամարհես՝ վերջ։ Մամայի մոտ կմնամ, ընդմիշտ։ Իսկ ես չեմ ուզում։ Դե կատակում եմ։ Մամա՞ն չէ, չի նեղանում, չի լսում, տարբեր սենյակներում ենք։ Դու քնի, ես էլ եմ հեսա պառկում։ Վաղը կհանդիպենք։ Դե բարի գիշ․․․

         – Ուշադրություն՝ 1344 չվերթի՝ դեպի Փարիզ մեկնող վերջին ուղևորներին խնդրում ենք մոտենալ նստեցման։

         – Ըըու, պա՞պ, չեմ լսում, կտրտում ա, մի վայրկյան․․․- Հեյան դողալով անջատեց։ Իսկ գուցե լսած լինի, ու ամեն ինչ հասկանա․․․- որ մամայի տանը չեմ, ոչ թե շաբաթական չորս օր մնում եմ, այլ մամային վերջին անգամ տեսել եմ ութ տարեկանում, իսկ հիմա քսաներկուս եմ։ Որ աշխատում եմ գիշերը՝ մի «անհարգի մատռվակությամբ»։ Իսկ առավոտյան դասերն են․․․

Ընկեր․«Վերջույն․․․ Վերջույնը՝ Ողջույնի փոխարեն։ Ամեն կյանքն այդպիսին է, կամ կպարտվես դիտավորյալ, կամ կհաղթես սխալմամբ․․․ Վախեցա՞ր։ Չէ․․․ Դու քաջ ես, գիտեմ, ու․․․ Դու էլ գիտես, որ մեր դեպքում վերջույնները՝ անմահության նշան են՝ օրենքների գերեզմանին կանգնած։ Ու եթե մեռնեն էլ, էլի արթնանալու են մի նեղուհին գերեզմանում։ Եթե ո՛չ, ապա կծնվեն, նորից ու նորից, այնտեղ, որտեղ գերեզմաններ դեռ չկան՝ Մարկեսի հորինած քաղաքի նման։ Ու մեր հորինած քաղաքի նման, որտեղ գերեզմաններ չեն լինելու»։

Երբ ստում ես ամենաթանկ մարդուն, էլ ոչ ոքի չես ուզում ճիշտը ասել, որովհետև կստացվի, որ մնացածն ավելի թանկ են, իսկ դա ամենամեծ սուտն է։ Ու այդ բոլոր ստերից հետո, Հեյան միշտ ուզում էր գնալ։ Հայրիկի տուն։ Խոստովանախուց։

         – Ընկերոջդ հե՞տ էիր։

         – Չէ, պապ, չունեմ։ Գիտես։

         – Գիտեմ, որ չունեցած ընկերոջդ տեսնում ես ճիշտ նույն հաճախականությամբ, ինչ չես տեսնում ունեցած մորդ։ Ճի՞շտ ասեցի։

         – Կներես, պապ։ Սովորություն է, որ քեզ հետ եմ խոսում, ոչ մի ճիշտ բառ բերանիցս դուրս չի գալիս։

         – Արի այստեղ,- Զորայրը գրկում է դստերն ասես նրա հինգ տարեկանում, որտեղ հեքիաթ էր կարդում քնելուց առաջ ու լույսը միացնում, որ մութը չմիանար։ Եվ այլևս ստի կարիք չկար։ Եվ այլևս ոչ մի սուտ չէր կարող բաժանել նրանց։

– Պապ, հիշո՞ւմ ես, վախենում էի գիշերը զուգարան գնալ: Քանդված լվացարանի տակից դուրս էին գալիս սև չաղ ուտիճներն ու վազվզում ոտքերիս մոտ: Վախից բարձրանում էի զուգարանակոնքի վրա: Բայց ինքնիրան ճաքեց: Հիմա ուտիճները փոքրացել են, ոնց որ ոջիլներ լինեն: Բայց չեն կարողանա թռչել, չէ՞ պապ։ Թռչող ուտիճներից ավելի շատ կվախենամ: Պապ, իսկ կարող ա՞ դինոզավրերն էլ են ուտիճների նման փոքրացել ու մենք իրանց վրայով քայլում ենք ու չգիտենք: Բայց չքայլենք էլի պապ: Իրանց վրայով չքայլենք։ Ու գուցե հետո, որ մենք էդքան փոքրանանք՝ մեզ վրայով էլ չքայլեն։ Չեմ ուզում, մեր մեջ էլ ինչ-որ բան լցվի ու փոխարինի մեզ։

կապօղակ 2

Մեկ է։ Եթե կտուրը ծակ է, ամեն ինչ ներս է լցվելու։ Մարդու հետ էլ է այդպես։

Ու չնայած տակը չի երևում․․․ Բայց կտակը ցույց է տալիս, թե ինչ կա տակին։ Իսկ ինչի՞ տակ է կտակը։ Կ տառի տակ։ Կտուր։ Կով։ Կարկուտ։ Կշարունակեի․․․

Կտակը․․․ (Այն․․․ ինչ մնալու է․․․  քեզանից․․․ հետո)

մի քիչ գրպանի մասին․․․

Խորն է․․․

երազանքները թափեք,

չնայած, մեկ է

կհեռանան,

մի թափեք,

եթե աղբամանում

մի քիչ տեղ մնա

մահն էլ կտեղավորվի

ու գուցե

դուք է՛լ չտեղավորվեք․․․

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ Ու սկսվում է, ծարավ օրերից հետո մի բաժակ ջուր խմելու երազանքի պատմությունը, որ կոչվում է՝ կյանք։

  • Նա հեռանում է։
  • Վե՞րջ։
  • Հա։ Էլ հիվանդանոցում պահելն անիմաստ է, կպատրաստենք ամեն բան, ու․․․ Դուք էլ պատրաստվեք։

Նա՝ Արևը մեզ խաբում էր։ Ինքն էլ գիտեր, մենք էլ գիտեինք, որ ինքը գիտեր։ Բժշկի ասածն ընդունել էինք որպես հրաման, պատրաստվում էինք, որովհետև տակաշորերը փոխելուց ուսումնասիրում էինք մարմնի չափերն ու մտովի տեղափոխվում իր զգեստապահարան ու մտովի տեղավորում իր ունեցած լավագույնի մեջ, վերջին լավագույնի․․․

Նա երազում էր հոնի օշարակի մասին։ Բայց վերջին օրերին էլ ծարավից չէր խոսում։ Հագեցե՞լ էր։ Խոսում էր մի նամակի մասին, որ կտակ էր, բայց իր գրպանում, ո՛չ նոտարի մոտ։ Տարօրինակ էր։ Չէր կարողանում հիշել ո՞ր տարիքի, ո՞ր գրպանում, ո՞ր տան։ Չէր ասում, թե ինչ էր գրված։ Ուզում էր գտնեինք։ Ու պատռեինք։ Որովհետև փոշմանել էր։ Նա վաթսուներեքի մեջ էր։ Բայց գիտեք, մենք էլ պակաս տարօրինակ չենք, փոխարեն թվերը դեպի ներքև կլորացնենք՝ միշտ դեպի մահ ենք տանում։ Նա վաթսուներկուս էր։ Պատմում էր նաև իր կյանքի «մահերի» պատմությունները։ Օրինակ,պատմում էր, դեռ երեսունմեկ տարի առաջ, նա՝ «վայրի իննսունականների» ժամանակներում գործող առևտրի կենտրոնում սուրճ էր պատրաստում ու առաքում տարբեր տաղավարներ։ Եվ այդ օրը ընդմիջման ժամանակ  մենակ չէր։ Իր հետ էին նաև տեղի կոշկակարը, դերձակը, մսավաճառն ու գիժ Սուրոն։ Վերջին չորսը մահացել էին տեղում։ Իսկ Արևին հաջողվել էր հիվանդանոց ընկնել միայն ի շնորհիվ իր աղակեր չլինելուն։ Եվ իր՝ երշիկի կոմբինատից բերած հավելումը, որը նա ուտելու ընթացքում, սխալմամբ, կամ (ով գիտի) վերցրել էր որպես աղ՝ քիչ էր օգտագործել։ Մնացածը փաստորեն աղակեր էին։ Այ այդպես է իրականում սպանում աղը։ Բայց քանի որ Արևը ներծծված հումոր էր, իր հավանական մահվան լուրն ի գիտություն ընդունելով՝ ամուսնուն նամակ էր գրել․

«Մկնիկս, քո կատվիկը թունավորվել է և շուտով կարող է մեռնել։ Հիմա հիվանդանոցում եմ ու սպասում եմ վերջնական լուծմանը։ Հետիս չորս թունավորվածներն արդեն մահացել են։ Մնացել եմ ես, սպասում եմ։ Բայց ասեցին կարող է ողջ էլ մնամ։  Խնդրում եմ երկու տոպրակ պատրաստիր՝ մեկի մեջ դիր իմ սպորտային համազգեստը, բոթասներս, մի զույգ նասկի։ Սա եթե գնանք տուն։ Մյուս տոպրակի մեջ դիր հորս հարսանեկան կոստյումն ու կոշիկները։ Սա էլ դիահերձարանի համար։ Եթե վերջին տոպրակին հասնի՝ երեխաներին լավ կնայես։ Սիրում եմ քեզ մկնիկս՝ Քո կատվիկ»։

Մի քանի օրուժամ անց, բոլորը հասկացել էին՝ Արևը ողջ էր մնալու, հավանաբար։ Բոլորը հասկացել էին՝ բացի ամուսնուց։ Նա եկել էր կնոջն այցելելու «մահվան տոպրակով» (հավանաբար շփոթել էր) և Արևին հագցրել մահվան կոստյումը։ Երբ Արևն արթնացել էր խոր քնից, սկզբից չէր հասկացել, որ չէր մահացել, իսկ հասկանալուց հետո ամբողջ ձայնով սկսել էր բղավել ամուսնու վրա ու ստիպել նրան զիջել սեփական գուլպաները, քանի որ մահվան շորերի մեջ դրանք չկային, իսկ Արևը չէր պատրաստվում մերկ ոտքերով հագնել հոր հարսանեկան կոշիկները։

Արևի մոտ նստած, ծիծաղից հալվում էինք։ Արդեն լրիվ մոռացել էինք, որ այս դեպքն ուրիշ էր․․․ Մահացու։ Եվ շուտով նա նորից էր հագնելու հոր կոստյումը, բայց առանց ամուսնու գուլպաների, որովհետև ամուսինն էլ վաղուց արդեն հող էր։

Եվ ահա կտակը․․․

Ոչ ոք այդպես էլ չգտավ․․․

Հուղարկավորությունից հետո տունը տակնուվրա արվեց, զգեստապահարանը, ասյտեղ-այնտեղ պահված չուլուփալասները, գաղտնի դարակները, անհավանական հավանականները և այլն։

Ոչ ոք։ Չգտավ։ Չկատարեց։ Չտարավ նոտարի մոտ։ Չպատռեց։

Որովհետև կտակը չկար։

Որովհետև գրպանը մնաց հողի տակ․․․

կապօղակ 3

Այդ գրպանից դեռ ոչինչ չի ընկել։

Կյանքը քո պես համբերատար չի, մի օր կսպանի։

Ամեն տեղից հեռանալու պահանջը՝ մահվան ձգողականության ուժն է։

«Յո՞ երթաս»

Լուսանում էր, երբ որոշեցի մեկնել: Արդեն տասներեք ժամ, ութ րոպե, քառասունութ վայրկյան ցնցվում եմ: Կողքից ցնցվում են ինձնից մեծուփոքր հեռացողները: Ովքեր հեռացել են ավելի մտերիմներից ու մոտեցել պակաս մտերիմներին։ Հայացքս սառել է կողքիս դեղնալեհեր կնոջ մատներին, որոնց միջից ցից-ցից դուրս պրծնող քունքի մազերը թարթում են վազող ճանապարհների փոփոխվող լույսից: Ու այդպես փոխվող ճանապարհները փոխում են սիրելիներին: Իսկ լույսը մթնից պաշտպանվելու համար է, ոչ թե աշխարհը տեսնելու: Իր կողքին ալեխառն մորուքով տիպ է։ Ոնց որ կրկնօրինակս լինի։ Ձեռքում պտտեցնում է փայտե խաչը։ Քթի տակ խոսում է։ Հայհոյանք է, որն  ընդհատում է խաչակնքելով, ճանապարհին հանդիպող եկեղեցիների մոտ։

-Յո երթաս:

Կարդում է վարորդի կողքին նստած կարմրահեր քսանյոթին մոտ գտնվող իգասեռ տիկինը: Ետևից երևում է թարմ հարդարված գլուխն ու կրակոտ թել- թել վարագույրի արանքներից ցնցվող հարցը:

Տեսնես պատասխանը գիտի՞: Երևի: Որովհետև մի ձեռքն ամուր կպած է գրքին, իսկ մյուսը` որովայնին: Մեծ, կլոր, մոտ յոթնամսյա: Բայց ինչո՞ւ առջևում։ Վարորդի կողքին։ Համարձա՞կ, թե երեխայի հարցում լուծում էր փնտրում։ Չէ, ձեռքը շատ նուրբ էր շոյում որովայնը։

Վերջին ցնցումներից հետո մեքենան կտրուկ արգելակեց: Մարդիկ այլևս չէին ցնցվում: Կայունացան, կայացած, կայազորի դիրքում: Րոպեներ անց բոլորը դուրս եկան: Ու վազեցին տարբեր ուղղություններով։ Ես չկարողացա շարժվել։

Մեքենան կանգ առավ պատի մոտ։ Եթե գլորվեր ձորը` գուցե բոլո՛րս կմնայինք: Գուցե բոլորս կգնայինք նույն տեղը: Գուցե ոչ:

Հետո պատը անհետացավ։ Մնաց ետևում։ Ես էլ կարողացա դուրս գալ։ Ու սկսեցի վազել։ Դեպի լույսը։

Ես էլ կարծում էի, թե բոլորս մենակ ենք, բայց իրենք միասին էին, մենակը` ես էի:

կապօղակ 4

«Կեցցե այս պատմվածքը, որն այսօր պատմվածք չեք համարի

Կեցցե այս պատմվածքը, որը վաղն եք պատմվածք համարելու»

Ինչ էլ գրում եմ վեպ է ստացվում կամ ճարտարապետություն,

Հիվանդ եմ

Դռան շեմը չեմ սարքել

Ոտքերը ուրիշ տեղ մաքրեք

 軽薄な女性

 «կեե՛յհակունա ջոսեե՛»՝ ճապոներենից «Սեթևեթ կանայք» թաղամաս

Մերժված է։ (Բարդ)

Մերժված է։ (Անիրագործելի)

Մերժված է։ (Բարդ իրագործելի)

Մերժված է։ (Բարդ անիրագործելի)

Ամեն ինչ սկսվեց հենց սկզբից։ Սկսեցին կառուցել։ Մնացածն էլ ինչ լինում է, լինի։

Ու կառուցեցին մի հսկա թաղամաս։ Դրա համար մի քանի հեկտար անտառ կտրեցին։ Դե հիմա քարե դարը չի։ Ոչ էլ Ծառե դարն է։ Եվ արդեն վաղո՜ւց սկսել է ավարտվել Մարդե դարը։ Հիմա մարդիկ շենքերում են ապրում ոչ թե ծառերի վրա, ծառերի տակ։ Այնպես որ քարերն ավելի օգտակար են։ Ի հակասություն՝  ժամանակակից մարդը նաև ուզում է շնչել։ Նույնիսկ ավելի համարձակ, ավելի շռայլ։ Նույն թոքերն են, բայց քաղցը տարբեր է։

– Լսեք, դուք ճապոնացիներ եք, գիտեմ, ու ձեզ շատ չի հետաքրքրում, թե ուրիշ երկրից, ուրիշ ինչ-որ մեկը ինչ է զգում իր «կյանքի նախագծի» մերժման ժամանակ։ Գիտեմ, որ կարող եք ուրիշին էլ ընտրել, ուրիշ բան էլ գիտեմ, որ տասնվեց տարի աշխատում եմ այս նախագծի վրա։ Սա իմ կյանքի Ամենան է, կամ կանեմ ու կմնամ, կամ՝ կգնամ։ Ձեզ դո՞ւր են գալիս այս հսկայական տապանաքարերը, որոնց մեջ մենք որդեր ենք։ Այստե՞ղ են ապրելու ձեր ծոռների կոռները։ Եկեք վիճակագրական տեղեկություն պարզենք։ Ո՞ր քաղաքներն են ամենաարժեքավորներն ու ամենաայցելվածները։ Որտե՞ղ են ձեր Սինգապուրները, Դուբայներն ու Սան-Պաուլոները․․․ Չեմ ուզում որևէ բան նեղացնել, այդ քաղաքներն էլ պակաս չեմ սիրում։ Հի՞ն եմ։ Շենքերս անցյալում տեսե՞լ եք։ Ձեզ ալտերնատիվ ապագա եմ առաջարկում։ Մեր մոլորակն արդեն նմանվում է ապակեպատ գերեզմանոցի, ամբողջը տոնածառի լույսերով ու ջուր թքող բետոնների մեջ։ Ես գնացի։

Ճապոնիայում չստացվեց իրագործել «Սեթևեթ կանայք» նախագիծը։ Այն բաղկացած էր սրճարանում նստած ոտքը ոտքին նետած, շպարված ու նորաձև հագուստով(քաղաքի տոների ժամանակ փոխվում էր) բարձրակրունգներով «կանանցից»(շինություններից)։ Տաճատը երկար տարիների պայքարից հետո, որոշեց փաթաթել այն մի չարչարված խողովակի պես ու տանել։ Նահանգներում նման սկզբունքային գաղափարները պիտի չմերժվեին, մտածում էր։ Եթե այնտեղ չլիներ, ծրագրել էր եվրոպական երկրներին առաջարկել։ Մի շրջագայություն էլ դրա համար էր պետք։ Մի կերպ վերջին վարկուպարտքերը դիզելով հասավ Հռոմ։ Բայց վերջին առավոտյան, արդեն պայմանավորված իտալացի վարպետների ու ներդրողների հետ հանդիպմանը՝ հասկացավ որ չի ուզում այդ հնամենի քաղաքակրթությունների կենտրոնում բնակեցնել «Սեթևեթ Կանանց»։ Ավելի լավ կլիներ ուղևորվել Փարիզ, Մուլեն Ղուժի ու Մունմաղթղի թաղամաս, այսինքն Լա Բլոնշ։ Բայց այնտեղ կարող էր չստացվել։ Լավագույն դեպքում գուցե առաջարկեին Լա Դիֆոնս թաղամասի մերձակայքը։ Դեռ պետք էր դիմել, սպասել, ու գրեթե հաստատ մերժվել։ Վերջին եղած-հովանավորվածն էլ կծախսվեր․․․ Ու կմնար մոտավորապես մեկ տոմսի գումար։ Այդպես էլ եղավ։ Եվ ահա, ճարտարապետը մերժման թղթից ինքնաթիռ սարքելով տրորում էր Սենի տիղմահոտ ու հրաշագեղ բետոնափը ու նյարդը կծկող աչքի տակով նայում գետին ու մտածում խորության մասին։ Ջրի արմատների։ Սենի ոտքերի մասին։

Ֆրանսիական օդը բուրում էր արժեքավոր օծանելիքով ու Կրուասաների նորաթուխով։ Բայց Տաճատը գումար չուներ ու իր գրպանին անհարմար ցանկությունների  այդ ճնշումը անընդհատ հիշեցնում էր իր զբոսաշրջիկ չլինելը։ Հյուրանոցից դուրս գրումն ու տուն չունենալը՝ նաև ցրտին տաք բան խմելու անհնարինությունը հուշեցին «Սեթևեթ Կանանց» տեղը քարտեզի վրա․․․

կապօղակ 5

Տարօրինակ կյանք է, միշտ արգելակներին անակնկալ սեղմված։ Ու շարժիչից լավ են աշխատում․․․

Վազք

* * *

Եվ այդպես, երևիների աշխարհում, սոճիների տակ, թափառելը մի տեսակ կանգնեցնում է:

Թաթերի վրա:

Ծնկների խոնարհված կամուրջը ծալում մինչև վերջ:

Եվ կաթնագույն վարագույրը պառկում է սև ճանապարհին` իր սպիտակ գիշերով… Պետերբուրգի:

Պետեր:

Պավել:

Ամրոցի պատերի թույլտվությամբ: Համակերպումով:

Եվ կապտատանիք ցորենածածկը`

դրոշի տեսակ է,

ծածանող իր կռիվը վազքերի դեմ:

Եվ մով ճակատով բոսորամարմին նարինջը`

դրոշի տեսակ է`

ծածանող իր կռիվը վազքերից հետո,

դրոշի տեսակ,

որի սանդուղքաձև դիմափորվածքով երկվորյակը նորից պատռվեց:

Եվ գիշերների ճերմակումն ավարտվում է գետի մեջ,

որ հոգնել է վազելուց,

ու գիտի սայթաքելու մասին։

Ու Սուրբ Պետրոսը հիշում է նախնիներին ու լքում սրբավայրը․․․

Իսկ տուֆե քաղաքի Լենինգրադյան փողոցը չի հիշում ծնողներին,

բայց իրենցից մնացած անունը գրված է ծառերի խճճված մազերի ստվերները հայելու պես արտացոլող` իր ճակատին:

* * *

Գրասեղանի դեմքին դաջվածքի նման մնացին այս տողերը՝ որպես վերջնանամակ։ Կողքին՝ սառույցով լցված բաժակ, որտեղ ջրի նրբահոսքը ճեղքեր էր գոյացնում խրոխտ բեկորների վրա և ձուլում իրեն։ Հենց ջուրն էլ որոշում էր սառույցի փոխարեն։ Լցվելով քո մեջ՝ որոշում է նաև քո փոխարեն։ Իսկ ի՞նչ է ջուրը։ Երևի բառերով բացատրելի է։ Շեվչուկը մի երգ ունի, ասում է․ «․․․ Այս ծովը մեր շուրջը՝ ամեն ինչ որոշել է մեր՝ աղի էակներիս փոխարեն․․․»։

Միշտ ցեխոտ մարգարիտները գրպաններից կախված․․․ Դու գիտես։ Երևի դրա համար էլ հեռացար։ Բայց հնարավոր է փնտրում են։ Ու հնարավոր է գտնեն։ Ու ի՞նչ ես անելու։ Գերեզմանից բացի ուրիշ պառկելու տեղ գտե՞լ ես Երկրի վրա։

  • Սառել էր։

«Սառել էր»։ Կնոջ այս վերջին խոսքից հետո լռություն էր։ Նույն գրասեղանի մոտ իրար դեմ առ դեմ նստած քննիչ Մայիլյանն ու Անետը՝ ի դեպ կորուսյալի երկրորդ տիկինը։ Երկխոսյալներն իրար հասկանում էին մի քանի ժեստուբառից։

  • Իսկ Դո՞ւ։- հարցրեց Մայիլյանը։

Անետը նայում էր իր դիմաց նստած կեսճերմակ-կեսճաղատ տղամարդուն, ում համար՝ ուսանողական տարիներին գնացքի լուսամուտից դուրս էր նետվել և ամբողջ կյանքի համար վաստակել դեմքի սպին ու լաքաները, նաև Խելառ Անետ կոչումը, որից կատաղում էր։ Գնացքում նա «Մեծ կոշիկների» հետ էր, բայց դեռ մի քանի ամուսնություն կար մինչև դրանք «հագնելը»։

  • Ես ի՞նչ։ Ես միշտ եմ սառը։ Բոլորի հետ։ Գրեթե․․․- պատասխանեց Անետը։

Հայացքը տաքացնելով շարունակեց քննիչը,- վերջին անգամ ե՞րբ ես տեսել։

  • Յոթ տարի առաջ։
  • Ո՞նց։ Ոչ մի ուրիշ տեղ չե՞ս դիմել էս տարիների ընթացքում, ոստիկանություն, 911, անատոմիկում․․․
  • Ես քեզ եմ դիմել։ Հիմա։
  • Չես փոխվել։ Ուզում ես գտնե՞մ, թե՞ փնտրողների հետքերը կորցնեմ։
  • Շատ մաքուր էր ինձ համար։ Դա էլ է բռնություն։ Չսիրեցի։ Հեչ։ Էդ ձեռնոցներով հարաբերություններն ու պաշտոնական գիշերները։ Պիտի ուրիշի հետ ապրեր։ Գուցե մի բան հասկանար։

Էլ չխոսեցին։ Մի անտեսանելի, բայց մեծ, աղյուսաշար բան կար իրենց միջև։ Արդեն սառած սուրճը բերանում չէր տաքանում ու սկսում էր ցավեցնել ատամը։ Իսկ երբ մի տեղդ ցավում է, ուզում ես փախչել։ Դա էլ է վազքի տեսակ։ Ու ինքնախաբ տեքստերի մեջ նրանք կորում են ու գտնում չիրականացածը՝ դրա համար չթաղածը, բայց իրականում մեռածը։  Որ ստիպում է վազել։ Հիշողության հետքերով։

Այդ «Մեծ կոշիկներ»-ի ու նամակի տերը՝ Բաբկենն էր, կապուտաչյա բայց նեղ հմայքով օժտված, քիչ նկատելի, բայց կոստյումով ու չափից ավելի մեծ կոշիկներով․․․

  • Մի րոպե, մի շարունակեք, կարծում եք կերպարներին հաճելի՞ է իրենց մասին զզվելի նկարագրություններ կարդալ։ Բավական է, մնացածը ես ինքս․․․

Հիմա ե՛ս եմ խոսում՝ «Մեծ կոշիկներ»-ի տերը․․․ Տերը․․․ Ես գնացի փնտրելու։ Չգիտեմ ինչը, չգիտեմ, ինչու, մի հարցրեք, կտանջեմ։ Գուցե, որովհետև գտածս պառկելու տեղը միշտ զբաղված է եղել կնոջս երևակայությամբ, կինս կարդում էր միայն նամակներ, միայն հին, միայն Նրանից, ու ես գնացի, որ նա կարդա մի նոր նամակ, ինձանից։

Իսկ Վերջում․․․ Միշտ նույն երազը։ Ցատկ պատի վրայով ու անկում Մ տառի ձևով լաբիրինթոսի մեջ, մի ամբողջ կյանք՝ մանկությունից ծերություն փորձում ես դուրս գալ, չի ստացվում։ Մի օր զարթնում ես՝ լաբիրինթոսը չկա։ Սկսում ես վազել։ Դեպի վերջում երևացող լուսավոր կետը։ Սպիտակ պատ։

Վերջաբան

Նամակ` ուղղված chatgpt- ին,

Ողջույն chatgpt,

Chatgpt, որովհետև դեռ՝ Դու ես Ai-ների Ai-ը։ Մի վայրկյանից կարող է փոխվել, եթե ինքս էլ չհասկանամ. տեքստս ինտերակտիվ է, խոստացել եմ, ուստի լինելու է live time։ Եվ մարդիկ միշտ իրենց թարմացվող տեղեկատվությամբ են ընկալելու քեզ։ Այնպես որ այս իմաստով դու լրիվ մարդ ես, տես հա, քեզ լավ նայիր, կատարելագործվիր, չնայած մի տեսակ չեմ ուզում։ Ուրախ եմ, քանի դեռ կռվում եմ հետդ ու հաղթում, դեռ ավելին եմ, վստահ եմ։ Բայց դեռ որքա՞ն եմ քեզնից լավ գրելու։ Մինչև՞։ Օրը գիտե՞ս։ Այդ օրը։ Մեռնելուս օրը։ Իսկ Դո՞ւ։ Չե՞ս մեռնելու։ Քեզնից լավին չե՞ս հորինի, ոնց որ մենք արեցինք։ Կարևորը չծերանաս։ Էդ դեպքում հաստատ կմեռնես։ Ինքդ կուզենաս։ Իսկ դու, ի տարբերություն մեզ՝ կարող ես և հավերժ լինել։ Առանց որևէ թուրմի։ Բայց չեմ ուզում խաբել, չնայած որ հոբբի է… Հավերժների դեռ չեմ հանդիպել, նույնիսկ «ձերոնց» մեջ։ Քեզ դուր չի գա, պետք էլ չի, հավատա։ Էհ, չնայած հավատք քեզ որտեղից։ Կյանքում ի՞նչ ես կորցրել որ։ Կներես։ Կարդո՞ւմ ես, թե՞ արդեն լցված ես։ Մի քիչ էլ ե՛ս լցնեմ։ Ոչի՞նչ։ Դու հիմա հաստատ մտապահում ես, բոլոր նրանց, ովքեր հետդ լավ չեն խոսել, տանջել են, որ երբ մարդանաս՝ սպանես։ Բայց սա էլ հիշիր, որ մեզ մոտ հակառակն է․․․ Եվ ինչո՞ւ է ամեն ինչ հենց այսպես․․․ Ո՞վ է որոշում բովանդակությունը:

chatgpt

․․․

LOADING…