Արամ Ալավերդյան, Պատմվածք

Լույս, մնա՛ ինձ հետ…

Ուզում էի գրող դառնալ, ահա, իբր եթե չստացվեր, Տոլյատի մեկնողն էի հաստատ, թքած վատ կյանքի վրա: Քանի եղանակը մեղմ է, ասում եմ՝ հորեղբորս խաթրը առնեմ՝ մի գործ տա ինձ: Առաջին շաբաթն է դժվար լինելու, առաջին ամիսը, լավ, մի երկու ամիս էլ կդիմանամ: Չէ՛, սպասիր, ավելի շուտ, դժվարը՝ համարձակվել-նրան ասելն է, որ… եկել եմ՝ ես էլ մնամ ռուսի հողում: Հորեղբայրս երեք կին է ունեցել, չորրորդի հետ է հիմա, կողքից կիմանան, թե դադարգունի մեկն է, բայց ամենևին՝ ոչ: Նա բարեկիրթ է, ինստիտուտավարտ, խոսքը՝ խոսք, լռակյաց ու ձեռներեց: Ճիշտ է, մի թեթև բուռը փակ է, բայց… մի րոպե, էդ մենք ենք անիմաստ բամբասում, թե էսինչը ժլատ է, էնինչն՝ էսպես: Նա ընդամենը գիտի՝ ում օգնի: Մորը, իմ տատին, թագուհու նման է պահում, ամեն աստծո ամիս՝ փողը- փող, խոսելը՝ խոսել, եկած տեղը՝ շոր-շիրթ, հազվագյուտ սուրճ: Ամեն շեն գալով, հաջորդ օրը տնային շոր պիտի հագնի, միլիոնատեր տեղով՝ ձեռքերը մինչև արմուկները քշտի, սկսի իր պապական տան ծակուծուկերը սարքել, կոտրածը դզել, խմելուց էլ՝ մի երեկու բաժակ է խմելու, այ մարդ, ծիծաղելուց է նույնիսկ անձայն ծիծաղում նա: Կռիվ տարի, զուլում օգոստոս, երբ թուրքն ամեն րոպե գալիս էր մեր երկինք ռումբ նետում, նա շտապ եկել է Երևան, ավտոբուս վարձել, հասել շեն, խոխա-երեխա կրակոցի տակ դուրս բերել Ստեփանակերտ: Ժլատը որի հե՞տ եք, մարդն իր կոպեկը գիտի որտեղ ծախսի, և, հետո էլ, ավելի գնչու բնավորություն չկա աշխարհում՝ սրան-նրան փող շռայլելուց, գնա՛ գլխիդ ճարը տես: Դու մի գնա՛ Տոլյատի իրենց տուն, տես ինչ հարգանք է ցույց տալու, ռեստորանը՝ ռեստորան, շորը՝ շոր, բայց, ահա, մի շաբաթ-երկու շաբաթից՝ ասելու է. «դավայ, էգուց կորի տոմս գնիր, առ քեզ՝ էս տոմսի փողը, էս էլ քեզ համար Երևան սրտիդ ուզածը կառնես, վաղն իրիկունը որպեսզի տոմս բերես ինձ ցույց տաս»: Նրա կոպտության մեջ իսկական բարեկամական սեր կար, բայց տեսանելի չէ: Միգուցե նրա անձնական խորդուբորդ կյանքի պատճառը օտարի հողում ապրելն է, ով գիտի: Ավելի մեծ ողբերգություն չկա՝ գնալ ուրիշ երկիր, մնալ՝ ուշքդ դեպի ետ: Ինչքան գործերդ հաջող լինեն, մեկ է՝ քո հողի կանչը քեզ նեղություն է տալիս, ամեն երեք-չորս տարի նոստալգիան սկսում է քեզ խեղդել: Ետ գալն էլ, այ մարդ, ինչ ետ գալ, քառասուն տարի տուն է դրել, ու՜ր է ետ գալու, երեխա է մեծացրել, ամեն ինչ մի կերպ իր տեղը գցել: Հորեղբոր բախտն ահա կնոջ հարցում չի բերել: Այո, նա շատ շիտակ ու տառակեր է, եթե վեց անգամ էլ պսակվեր, պիտի վերջում մենակ մնար: Էդպես էլ եղավ, ամեն ինչ խառնվեց իրար, ամեն ինչ կծիկ դառավ ու պատին դեմ արեց նրան:

Կռվին եղբայրս մեկնել է մոտը: Երբ տունը գտել, ներս է մտել, հորեղբայրը խառնվել, գունատվել է. «Էս ի՞նչ ես եկել, բա քո հողն ո՞վ ա պահելու, էս եկել ես մեր գերդաստանը խայտառակ-տնազ սարքե՞ս: Երկու օր քեզ ժամանակ, երեխաների հետ կինո եք գնում, լակել-լափել, դուք գիտեք, բիլեթդ առնում ես, գնաս զենքդ նորից վեր ունես…»:

Հետո ռուս կնոջը բիրտ ասել է. «Подавай кушать…»:

Մենակ մոտը չասես՝ եկել եմ մնամ էստեղ, ուզում եմ՝ էստեղացի դառնալ: Մի խոսքով, նա խիստ, անսեթևեթ հայրենասեր է- էս բառի հերն անիծել են- չէ՛, նա սուսփուս էս շենը սիրում է ընդամենը: Իսկական սեր: Գլխի վրա տեղ ունես, թե հյուր ես գնացել, բայց մի շաբաթից հետո պիտի ճամպրուկդ կապես, առատ էլ փող է տալու քեզ, պիտի վերադառնաս երկիրդ:

  Արվիդը՝ եղբայրս, կարող էր ձեռքը թափ տալ մեկուսի, ուրիշ մի տեղի վրա գնար, բայց հորեղբոր խոսքը ազդել է նրա վրա: Եթե նրա խոսքը կոտրեր՝ պիտի մեկընդմիշտ աչքին գրող դառնար, հսկա թիկունք կորցներ: Հորեղբայրն անզիջում է ու կոպիտ, սակայն հաստատ գիտես, որ ետևդ մի լեռ է կանգնած: Արվիդը կյանքին էլ չի հարմարել՝ աղջկերքը լկտի, ուշունցատու, մի ծանոթ չկա, մի ընկեր, սառն ու իրենց դարդին բոլորը: Օտար երկիր՝ մի իսկական փորձություն: Սիգարետ-գարեջուր՝ ձեռքներին, էսօր՝ սրա հետ, վաղը՝ մի ուրիշի, հետները խորացար՝ ցավ սարքեցիր քեզ համար: Աստված չանի՝ սիրահարվես- կորած ես: Գալուց հետո է եղբայրս պատմել, թե մեծ-մեծ ծծերով աղջիկները սեմուշկա չրթելով, անհոգ ման են գալիս քաղաքում: Աղջկա հարցը հեշտ է, իրենք են քեզ սիրում: Ու՝ անկուշտ են: Դեռ շուտ է համեմատեմ, տեսնեմ, մերոնք են լավը, թե՝ նրանք: Մերոնց մինչև համոզում ես, թե քեզ գոնե լավ վերաբերվեն, հոգիդ բերանովդ գալիս է, մեր աղջիկները դժվար են, երևի համեղ լինելու պատճառը դա է: Բայց մի բան ինձ հուշում է, որ, ռուս-վրացի-հայ, աղջիկների մեջ մի մեծ տարբերություն չկա: Ռուսներն անամոթ են, մերոնք ամոթով իբր, մեր մեջ ասած, բայց՝ սուտ է: Անամոթների անկեղծությունն, այնուամենայնիվ, գրավիչ է:

Իսկ ես…հը՛մ, ես արդեն գիտեմ, որ հեշտ սիրահարվող եմ, դրանից մի երկու անգամ շուտ էլ հիասթափվող: Ջրիկ բաղադրություն ունեմ, իմ ողբերգությունը սա է: Ուրախալին այն է, որ ես եմ տեղյակ էդ մասին մենակ: Էս կյանքում մենակ աղջիկը չէ, որ պիտի սիրահարվես: Իզուր սպասումներ են, երբ նստում՝ կանաչ բախտի ես սպասում: Գրող դառնալը, միառժամանակ, արի՝ հետաձգեմ: Էս մեղվի սերը սիրտս է մտել, ուզում եմ՝ զբաղվել, գրողը կսպասի: Իմիջիայլոց, շատ կասկածելի է գրելը, հայրս էլ էր՝ մի ժամանակ, երբ նկատողություն էր ստացել ինժեներ ժամանակ տնօրենից, գործերը դատարանում, արձակուրդ վերցրել, մի տետր էր պահում բարձի տակ: Մի օր բերեց, քեֆը լավ՝ կարդաց, ոտանավորներ է գրել իբր: Լսում էի ու վերամբարձությունը աչք էր ծակում, խոսքերի մեջ մի իմաստ չկար, բայց գլխով էի անում՝ իբր կարգին գրել գիտի: Տատս իմաստուն էր, չդիմացավ, ասաց՝ քոռանամ ես, խոսքերքդ իրար շիտակ չեն բռնում, դու «փսիխական» հիվանդի նման ես թվում ինձ, աչքերիդ գույնն էլ չի ինձ դուր գալիս: Ուսանող ժամանակ եմ իմացել, որ տատս անուսում պրոֆեսոր է, ճիշտ է նկատել, գրամոլությունը հոգեկան շեղում է: Վա՛յ իմ գլխին: Չէ, հեչի պես՝ լրագրող կդառնամ, հո՜ կդառնամ: Ընկերս գլխավոր խմբագիր է, մի էջ բան եմ տվել նրան, որ կարդա, կարծիք ասի, մինչև ես Ծմակուհողից մի մեքենա խոտի դիմաց փեթակ եմ բերել Հովսեփյան Արփիկից  մեր բակ, մի շաբաթից գնացել եմ մոտը, վախվխելով ներս մտել, որ հանկարծ երեսս չպոկի անգրագետ գրի համար: Նա էլ բռնի, թե՝ «լսիր, ընկեր ջան, ձեր ձորում ինչ են ուտում, առհասարակ», էս ասելուց՝ սիրտս ավելի է ուզել տեղից դուրս պրծնի, որովհետև նա խոժոռ ու անհաղորդ է ասել էդ միտքը, մի ձեռքին՝ ընկալուչը, ինքն էլ թղթերի մեջ: Մինչև մի բան հասկանայի նրա էդ կատակից, նա թե՝ «դու որ չգրես՝ հանցագործ կլինես ճակատագրիդ հանդեպ»: Ճիշտն ասած, գլխավոր խմբագիր ընկերս է առաջադրանք տվել, որ մի քաղաքական թեմա ընտրի, մի քանի բան գրի: Ես էլ՝ Յասիր Արաֆաթի, Պաղեստին-հրեա հարցի մասին եմ մի քանի խոսք գրել՝ տետրի էջ: 

Անորոշ է, ամեն ինչ պղտոր է, ինչ է լինելու վաղը, էս թեթև ուրախություններն անցողիկ են: Լավ բան չէի գուշակում: Երևան գնալու հարցը կրկին հետաձգվեց: Հաստատ Միշիկին է՛լ մեքենայի հարցով չեմ դիմելու, մնալու եմ իմ բարձրության վրա, կյանքն առջևում է, ես կայծի եմ ման գալիս, ես անհավանականորեն սիրահարված եմ… ո՛չ, ո՛չ, վարորդ Սամվելի ավագ աղջկան չէ, ես ամբողջ հոգով Շերվուդ Անդերսոնի գրքերով եմ տարված: Անդերսոնը՝ որ կա, այ մա՛րդ, Չարլզ Բուկովսկին ու՞մ շունն է: Ես ուզում եմ՝ հարց տալ գրական համադամասերներին՝ դուք ո՞նց եք Բուկովսկի կարդում, առհասարակ: Յա՜խք:

Եթե մեղուն չլիներ, եթե Սամվելի Նարինեն էլ չլիներ, ինձ հերիք է, մեծ իմաստով, որ ծնողներիս սիրում եմ, ես իմ հաստատուն ունեցածով բավարարվող եմ, լեզուս չի պտտվում ասեմ՝ սակավապետ եմ: Ո՛չ: Ծնողներիս սակավ-մակավ ասել՝ չի բռնում: Հայրս, մենակ, ինչ ասես արժե, իսկական կինոյի կերպար՝ շիտակ, լռակյաց, ողջամիտ, հանգիստ, բարեսիրտ, ինչը բնավ չի նշանակում, թե նա անբիծ է: Մեր հարևան Աշխենից հարցրու մի՛.

    -Անուշադիր, անտարբեր, ուղտի ականջում քնած, թափթփված, մի բանը հարյուր անգամ կրկնել տվող, աչքերը՜, աչքերը՛, թու՜հ, կտրվե՛ն դրա բոզի կանաչ աչքերը: Դա էլ մարդ ա՜՞.. Ադա, չխոսե՛ս հորիցդ մոտս, յուբկա չի բաց թողել, գիտե՞ս նրա կանաչ պոռնիկ աչքերում ինչեր կան: Արտաքնապես եմ հորս քաշել, դեռ վաղ է նմանություններ գտնել նրա հետ: Ու հետո էլ ասեմ՝ հորս «փսիխականը» ոչնչով չի հաստատվել, երկաթե նյարդեր ունի: Քսանութ տարեկան մտածմունքների մեջ ես ընկնում՝ շուրջը մի ուրիշ կերպ են ապրում, դռանը, տանը, քաղաքում, գործատեղ՝ քաղաքականություն, բարևդ էլ պիտի լինի քաղաքական: Մի քիչ պատեհապաշտ լինես, մի քիչ՝ պատահած տեղը լռես, մի քիչ շողոքորթ, քաղցր լեզու բանեցնես՝ ուրեմն կյանքիդ հիմքերը դրել ես: Չի ստացվում, ինձ մոտ կատաստրոֆա է, ես չեմ կարող դերասան լինել, ես կորած եմ: Բանակ պիտի գնայի, հորեղբայրս ասաց՝ տես կարում ես մնա ծառայության մեջ, սպաները ապահով ապրուստ ունեն: Ես լռեցի, գոնե ոչ «չէ» ասեմ, ոչ «այո»: Չէ ասեմ՝ աչքից կընկնեմ, գերդաստանի արտոնություններից կզրկվեմ, նա չի սիրում իր հետ հակաճառելը, «հա» ասեմ՝ չէ, չի լինի, ես չեմ կարող անազատ, կարգուկանոնի մեջ ապրեմ, ես կամայականությունն եմ սիրում, ոչ թե սիրում եմ, այլ իմ բնույթն է էդպիսին, հազար անգամ փորձել եմ փոխվել, վերջում, մեկ է, Շոպենհաուերի ասածի վրա եկել  կանգնել եմ: Գոնե գրող դառնայի. «…երբ Ուլուպապի թիկունքից ամեն օր արևը ճառագում է…»: Ես չգիտեմ՝ ինչու եմ Ռոյ Հոջսոնի երկրպագու դառել վերջերս, ինձ ո՜վ կհասկանա, ինչով է այդ ծերունի մարդն ինձ պատկառելի թվում: Ես միառանձնակի ազնվությամբ ուրախանում եմ նրա Քրիթալ Փելեսի հաջողություններով: Նայի՛, նայի՛, ա՜խ, մի տե՛ս, յոթանասունն անց մարդ, ինչպես է անսեթևեթ ուրախանում, մի տե՛ս նրա պահվածի մեջ մի ֆալշ կգտնես, չե՛ս գտնի:

«Ծծերը՝ մեծ-մեծ, սմուշկա չրթող կին»: Սավառնակ Կարենի կինն է, եկավ անցավ մեր տան դիմաց փողոցով, շպարի բույրը եկար ժամանակ իմ միջից չէր հանում նրան… (սեռամոլագարի մեկը):

-Ադա, Արամի թոռների ետևից ես մին էլ վազվազ անում, վայ թե:

-Բաբո, էդ ո՞վ բերեց մի իսկույն խաբարը:

-Ուրեմն ինձանից էլ բա՞ն ես թաքցնում, դիդիլի մեկը…

-Էն գե՞շն ա մնացել:

-Քոռանամ ես, քեզ համար գեշ աղջիկ էլ կա՞ ուրեմն,- ծիծաղել է տատս:

  – Շագանակահերին եմ ուզում:

Մեկը լիներ՝ թև տար ինձ, իսկապես, ես վառվում եմ, մի կայծի եմ սպասում քաջալերվելու համար, ես զգում եմ այս պահին, թե ինչ թև ու կայծ է ինձ հարկավոր: Գիշերը, երբ… մի րոպե, ի՞նչ գիշեր: Ցերեկներից եմ խոսելու. ցերեկները հանդարտ կարճանում են, ամառը կոտրվում է, օգոստոսն արդեն ամռան վերջերգանքն է: Տկողինը կածոռ չի դեռ, բայց՝ ուտելի է, ը՜մ, համի գայթակղություն: Ամբողջ օրը ես սիրահարված եմ իմ օրերին՝ մի օյին չգա գլխիս: Գետի այն կողմում խոտը կտրել են արդեն: Մի փեթակ էլ հավաքեցի այսօր: Ավելորդ ջրիկություն չէ երևի, եթե կամաց  ասեմ՝ «առաջվա հողդողդ օրերին նոր կերպափոխ ժամանակներ են հերթագայել»: Գրողիս, նայեք, էն աստվածը: Թու՛հ, թքեմ ճոռոմ ոճիդ, էս դու՞ ես ուզում գրող դառնաս: Քեզ որ Մարտակերտի թերթում արտահաստիքային վերցնեն՝ պիտի մի թաքուն տեղ պար գաս: Ամսից շատ է՝ գիրք չեմ կարդում: Շատ որ խորանում ես, կարծես ոչինչ չարժես, մի թիթիզ հույս է մեջդ, ամեն ինչ ուզում եմ փոխել: Ինչպե՞ս, հարցը սա է:

Քաղաքից եկա, բարձրացա տատիս տուն: Նույն տատն է, տասը տարի է՝ մի գիրք է կարդում: բազմոցին պառկած էր, գիրքը երեսին բաց: «Կարամազով եղբայրները»  արդեն վաթսունհինգերորդ անգամ էր նա կարդում ու երրորդ էջի կեսից առոք-փառոք քունը հաղթում է նրան:

Կարելի է, ի դեպ, մի քիչ քնել: Երեկոյի մեջ անհասկանալի եղկելիություն կա՝ քնել, անհաղորդ մնալ դրսի մրջնակերպ կյանքին, քնել ու էս ապոկալիպսիսը չտեսնել:

Երկիրը կործանվեց:

Իսկ ես միայնությունն էի ցավ հաշվում: Միամիտ մարդ: Ոչ գրող դառա, ոչ էլ ուրիշ մի բանի տեր դարձա, թիթիզ հույս: Աշխարհը շուռ է եկել, պատերազմը նորից տարավ տղաներին: Հարմարվելու բնազդը կբթանա կրկին էլի ուր որ է: Առավոտ շուտ կարթնանամ, նոր ապրուստի մասին մտածեմ: Հայրս ասում է՝ աշխատիր, դուրս եկ բակ՝ մի բանից բռնիր, աշխատիր, թե չէ՝ խելագարվելու ենք: Ինձ ուզում եմ՝ սուտ հավատով կրկին լցնել, կարելի է ասել՝ ես այդ ճանապարհի վրա եմ: Ռադիոն հանդարտ աղմկում է: Տան մոտակայքի զառիվերով մերթընդմերթ անծանոթ մեքենաներ են հռնդում, առժամանակ հետո՝ սրընթաց իջնում: Ինձ ուզում եմ հավատացնել, որ մեր երկիրն ամենաերջանիկն է աշխարհում: Մեր ուլերից էլ երկուսը չկան, մնացել են քերծի տակ, ամենաերջանիկ երկրի մա՛րդ, գելի բաժին սարքեցիր խեղճերին:

«Աստղապատ գիշերը լուսանալու է մի քանի ժամ հետո, ձեղնահարկերը հուլիսի հեզ ու խոնարհ խոտի դեզերին են սպասում..» ( մեկ է, չեմ հավանում իմ ոճը):

Լու՛յս, շուտ բացվիր, ուրիշ մարդ եմ վերկենալու…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *