Պատմվածք, Վահագն Մուղնեցյան

Կտրտված շղթա

Ոչ շատ ընդարձակ կաղնուտ է, կենտրոնում՝ գերանաշեն մի գինետուն, եզրին՝ արծաթե պսպղուն մի լճակ: Կրակով դաղած կաղնե գերանները քարի ամրություն ունեն: Անձրևների տակ շարունակաբար թրջվելով ու չորանալով փայտե պատերը ոսկրացել են, ներսում ծխահարվել է առաստաղը: Խանդութը ամեն առավոտ մաքրում է հողին մոտ գերանները. «Կբորբոսնեն, հիմքը կթուլանա»:

– Սմբատ,– չի շրջվում, որդու անբնականորեն երկար ու բարակած ստվերն է տեսել ջրի վրա: – Արամն ասում էր մեծ տոնի առթիվ ներում է լինելու. ինչ ես ասում, կգա՞:

Ստվերը հանկարծ կարճանում է ու կորանում, ապա թրթռում է լճի վրա: Խանդութը գիտի, որ որդին ծխում է ու խեղդված հազից ցնցվում է մարմինը:

– էհ, ի՞նչ իմանամ: Հուլիսին քսաներեքը կբոլորի քյորփես,– մեջքը շտկելով՝ տնքաց Խանդութը:

– Լավ քյորփա է, հույս ունենանք, որ տղամարդ է դարձել ու էլ հիմարություններ չի անի… թող պատուհանները բաց մնան, ես գնամ ապրանքի ետևից:

Գինետան անունը «Կաղնուտ» է: Մեծ ճանապարհին մոտ է «Կաղնուտը», դրա համար էլ շաբաթ և կիրակի օրերին տեղ ու դադար չկա: Հաճախորդներին այստեղ ձգում է նաև շրջապատի հանդարտ, մեղմ ներդաշնակությունը: Ամեն ինչ կաղնեփայտից է. սեղանները, աթոռները, նույնիսկ՝ շան բույնը: Եվ կաղնեփայտից է ծառերի մեջ առաջին հայացքից անտեսանելի արգելոցը, որտեղ իրենց ճակատագրին անտեղյակ պարարտ խոզերը սնվում են կաղինով…   Օրը երկուշաբթի է: Երեկվա գինարբուքից հետո այսօր պայթում են ուտող-խմող տղամարդկանց գլուխները:  Նրանց   մի  մասը,  ընտանիքում   հավասարակշռություն պահպանելու նպատակով, աշխատանքից անմիջապես հետո կվազի տուն՝ կնոջը կինո, թատրոն  կամ Ծիծեռնակաբերդ տանելու: Իհարկե չի խանգարի քնելուց առաջ կոկտեյլ խմել ու կնոջը մի սիրուն հեքիաթ պատմել նշանավոր մարդկանց հետ ունեցած հանդիպումների մասին: Իսկ ավելի վճռական տղամարդիկ, վերջնականապես որոշելով, որ երեկվա օրը այլևս չի կրկնվի, ի վերջո տեղի են տալիս բութ գլխացավին ու գնում են «շան կծածը շան մազով բուժելու»: Խանդութը կես հայացքով կարող է  գնահատել այդ բոլորը: Նա լավ գիտի. «Դե, տղամարդիկ հիսուն տարի առաջ էլ այդպես էին, նույնիսկ՝ հարյուր տարի առաջ, եթե մորս մայրը ճիշտ էր հիշում»: Ժամանակի մեջ մարդու հոգեբանությունը կարող է հիվանդանալ, բայց հիմնովին փոխվել՝ անհնար է: Դե, դա բոլորովին ուրիշ խմոր է, որ երկրային մատներով չի հունցվում…

– Խորոված ենք ուզում ու նռան գինի,– ասաց երկու բարձրահասակներից նա, որ ավելի լայնաթիկունք էր:

– Նարդի խաղացեք, մինչև… – Եվ նրանց համաձայնությանը չսպասելով՝ Խանդութը պարտադիր շարժումներով փայլեցրեց նարդին, որ առանց այդ էլ պսպղում էր մաշված մաքրությամբ,– պապի ձեռքի գործն է: Թող հաղթի նա, ով ավելի շատ բախտ ունի:

– Կյանքո՞ւմ, թե՞ խաղի մեջ, տատ:

– Էհ, մեկ է, բախտը ոչ մի տեղ իր ընտրյալին չի լքի: Հայրս…

– Իմ տատի հայրը ասում էր,– ընդհատեց լայնաթիկունքը, որ խոշոր, նշաձև աչքեր ուներ,– ասում էր. «Լավ է մի մատնոց բախտ ունենալ, քան մի կարաս խելք»:

– Վա՜յ, վայ էս ինչ զուլում ես դառել, Վրեժ ջան:- Խանդութը ճանաչեց ձգված, անճանաչելիորեն առնականացած իր մինուճար թոռանը, որ նրա համար աշխարհի գինն էր: Եվ մի կերպ կարողացավ չուշաթափվել ու Վրեժի ամուր գրկի մեջ ճլորած, ոչ այն է ծիծաղում, ոչ այն է՝ հեկեկում էր… Հետո, չնայած տոթ ամառ էր, բոց գցեց վառարանը, ապա դուրս եկավ ու մեծ կաղնու բնին հենված՝ երկար, անարցունք նայում էր թանձր ծխին, որ անարգել դուրս էր թափվում քարե ծխնելույզից: Շունը, որ վաղուց մոռացել էր իր բնազդները, կտրել էր հաստ  շղթան ու վնգվնգալով պոկ չէր գալիս Վրեժի ծնկներից: Բայց բոլորովին անսպասելի ու տարօրինակ էր որդու հետ Սմբատի հանդիպումը: Մեքենայից իջնելուն պես, նա ավելի շուտ զգաց, քան ճանաչեց: Մի պահ պապանձվեց տեղում և հաջորդ վայրկյանին զարհուրելի բռունցքները թափահարելով հարձակվեց նրա վրա՝ խռպոտ հայհոյանքներ տեղալով. «Շուն, շան որդի, անխիղճ սրիկա»: Վրեժը հարվածներից խուսափելով՝ ամուր փաթաթվեց հորն ու պինդ համբուրեց նրա ճերմակած գլուխը: Սմբատը ամբողջ մարմնով ցնցվում էր՝ բարձր ձայնով արտասվում: Հետո ազատվեց որդու գրկից  և ոտքով ու բռունցքներով սկսեց հարվածել ծառերին, շուռ տվեց շան բույնը, ու գոռում էր.

– Գինի, գինի, շատ գինի բոլոր սեղաններին…

Երկուշաբթի օրը դեռ չէր կիսվել, և դատարկ էին գինետան ներսի ու դրսի բոլոր սեղանները. հաճախորդ չկար: Հայր ու որդի իրար ամուր գրկած՝ փլվել էին ծառաբնին: Խանդութը, խանդակաթ ժպիտն աչքերում, ներսուդուրս էր անում՝ շշերն առատորեն շարելով սեղաններին: Հետո նրանք՝ հայր և որդի, առաջին անգամ բաժակ-բաժակի զարկեցին: Սմբատը խոսում էր կցկտուր՝ ամեն ինչի մասին, նա շատախոս էր դարձել, որովհետև երջանկության սկիզբը շատախոս է, վերջը՝ լռակյաց… Կապտականաչ իրիկունը թափվում էր կաղնուտի վրա, ինչպես փափուկ մշուշը լցվում է ձորը: Մեծ ճանապարհից ավելի հաճախ սկսեցին մեքենաներ թեքվել դեպի «Կաղնուտը». նրանք գինետան մշտական հաճախորդներն էին, որ լույսերի առատությունից և Խանդութի ու Սմբատի տրամադրությունից գուշակում էին եղելությունը, մոտենում էին նրանց սեղանին, բարեմաղթանքի խոսքեր ասում և մեկական գավաթով մասնակցում նրանց ուրախությանը… Հին գինու բուրմունք էր ծորում կաղնու ծառերից:

– Լսո՞ւմ ես, Վրեժ, «Կաղնուտը» քեզ կհանձնեմ, տատի հետ գլուխ կհանեք: Իսկ ես կզբաղվեմ այգով, մեղք է, շունչը փչում է: Խաղողի նոր վազեր կտնկեմ…

– Լավ աղջիկ է,– ասաց Վրեժը՝ գինու թափանցիկ գավաթի միջից դիմացը նայելով: – Այստեղ միայն տղամարդիկ են լինում, լավ աղջիկը այստեղ չի գա,– առանց նայելու ասաց Սմբատը: – Մեծ կարասը կլցնեմ սև խաղողի հյութով ու կհորեմ: Հետո հարսանիք կանենք…

Աղջիկը, ինչպես և նրան ընկերակցող տղան, հազիվ տասնութ տարեկան կլինեին: Նրանք եկել էին մոտոցիկլետով և սուրճ էին խմում:

– Մագնիտոֆոն կբերեմ, ճաշակով, ժամանակակից երաժշտություն կլինի, որ աղջիկներ էլ գան:

– Չեն գա,– ասաց Սմբատը,– նրանք բար են գնում, պարում են և խմում են շամպայն:

– Մեզ մոտ էլ այդ ամենը կլինի…

Տղան ու աղջիկը արդեն խմել-վերջացրել էին սուրճը, և կողքի սեղաններից հարբած հայացքները ավելի հաճախ էին տնտղում նրանց:

– Տատ, մի շիշ գինի տուր ջահելներին: Ուսանող են երևում, գուցե փող չունեն: Եվ ասա, թող խմեն այսօրվա կենացը:

Խանդութը մի շիշ գինի տարավ ու երեք բաժակ, լցրեց նաև իր համար: Նա ինչ-որ բաներ ասաց, ապա միասին, ոտքի կանգնած խմեցին: Աղջիկը հանդարտ, փոքր կումերով դատարկեց բաժակը՝ հայացքը Վրեժի աչքերի մեջ, ու համարձակ, անսահման ծանոթ ժպտաց: Եվ Վրեժին թվաց, թե նա շատ միայնակ է, և դեղին մի ժապավեն պսակում էր աղջկա ճակատը… Հետո նա հրաժեշտի շարժում արեց, ու Վրեժի ականջին դեռ երկար հնչում էր մոտոցիկլետի հռնդյունը: Իսկ Սմբատը բարձրաձայն երազում էր…   Այն օրից, երբ վաճառասեղանի ետևում կանգնեց Վրեժը, շատ աննկատելիորեն «Կաղնուտի» հաճախորդների մեջ սերնդափոխություն կատարվեց: Այնտեղ միշտ ուրախ երաժշտություն էր, սեղանները փոխել էին իրենց դասավորությունը, և ջահելների համար պարելու տեղ կար: Վրեժը սեր չուներ խմիչքի հետ և շատ ուշադիր էր: Խանդութը միայն ցերեկներն էր լինում այգում, որովհետև ոչ մի կերպ չհամաձայնեց Վրեժին թողնել մենակ, բացի այդ՝ նրա մեջ շատ ամուր էր նստած սովորույթի ուժը: Շան համար նոր բույն չսարքեցին. նա խաղաղ երեկոյի ամբողջ ընթացքում մեկնվում էր մուտքի մոտ, և նրա պոչը Վրեժի համար կախարդական սլաք էր, որ ամեն հաճախորդի ներս մտնելու հետ շարժվում էր արտահայտիչ տարբեր իմաստներով. «Բարի է մարդը կամ չար, խաղաղ է կամ կռվարար»: Իսկ երբ պոչը ցցվում էր անշարժ, ուրեմն այդ ամենից շունն էլ գլուխ չի հանել… Ամենահետաքրքիրը բուֆետի դասավորությունն էր, որին անծանոթը տարակուսական հայացք էր գցում. ամենատարբեր ձևի ու բովանդակության շշերով ծնրաբեռնված դարակների մեջ մի փառահեղ անկյուն հատկացված էր գրքերին, անկյուններում ճաշակով յուղաներկ կտավներ էին, Վրեժի ձեռքի գործը, և ծաղիկներ, որ երբեք թառամած չէին լինում…   Չնայած երաժշտությունը բավականին բարձր էր ու ներսում ծանրացել էր  ոգևորված մարդկանց աղմկոտ շնչառությունը, բայց Վրեժին չթվաց. նա պարզորոշ լսեց մոտոցիկլետի մոտեցող ձայնը: Հետո նրանք ներս մտան. տղան բարևեց փոքր-ինչ վարանելով, իսկ աղջիկը հին ծանոթի նման նախ մոտեցավ Խանդութին, ապա ակնթարթի թողտվությամբ՝ ամբողջ խորությամբ նայեց Վրեժի աչքերի մեջ: Նրանք սուրճ պատվիրեցին, իսկ Խանդութը արդեն շամպայն էր դրել սեղանին: Վրեժն ամենից պարզորոշ տեսնում էր աղջկա մազերի դեղին ժապավենը և մատները, որ զարմանալիորեն ճերմակ ու անարյուն էին…    Կարծես դիտավորյալ, այդ օրը աղմկոտ ու խայտաբղետ հասարակություն էր հավաքվել: Անորոշ զբաղմունքի տեր մարդկանց մի մեծ խումբ տեղավորվել էր իրար միացրած  սեղանների շուրջը: Նրանք խոսում էին շատ բարձրաձայն և շարունակ ամբարտավանորեն ծիծաղում էին՝ ակնհայտորեն գլուխ չհանելով, թե ինչու գեղեցիկ աղջիկները նստած են դալկադեմ տղաների հետ, իսկ իրենց առողջ մարմինները ճարահատյալ կործանվում են խմիչքի ներգործությամբ հանկարծակի առաջացած կարոտներից: Նրանց մեջ առանձնապես աչքի էր ընկնում մեծականջ մեկը, որ լկտի էր և պատկանում էր այն մարդկանց թվին, ովքեր ընկերների ներկայությամբ զորեղ են ու առաջ ընկնող, միչդեռ, մենակության մեջ՝ որոշակիորեն անճարակ:  

– Այ տղա, անջատիր մագնիտոֆոնը,– գոռաց մեծականջը:  

Վրեժը ծաղիկները տարավ ու դրեց այն սեղանին, որտեղ նստած էր աղջիկը:

  – Եղբայրս է,– ասաց աղջիկը, և Վրեժը սեղմեց տղայի ձեռքը:

– Այ տղա, քեզ չասացի՞ վերջացրու այդ հիմար զռոցը,– նորից կրկնեց մեծականջը, և նրանք միաբերան հռհռացին…  

– Գուցե պարե՞նք,– ասաջարկեց Վրեժը՝ ներքուստ ուրախանալով, որ աղջիկը նրանց վրա ոչ մի ուշադրություն  չի դարձնում:  

– Լակոտ, հիմա դու կերգես մեզ համար,– վճռաբար ձայնեց մեծականջն ու հաստ փորը զարմանալի ճարպկությամբ տեղաշարժելով՝ հարձակվեց Վրեժի վրա: Հետո ամեն ինչ շատ արագ կատարվեց. ճլորած մարմնի ողջ ծանրությամբ հաստլիկը շրմփաց  իրենց զբաղեցրած սեղանի հենց կենտրոնում, երկու հարբածներ շշերը ձեռքներին՝ թպրտում էին Սմբատի քարեղեն բազուկների մեջ, իսկ մյուսներին շունը հալածում էր բոլորովին ոչ այն ուղղությամբ, որտեղից նրանք եկել էին:   Գրքերը թափվել էին մագնիտոֆոնի վրա, երաժշտությունը լռել էր: Վրեժը զգաց, որ աղջիկը չկա: Եվ անմիջապես, պահի անհեթեթության չափ պարզ, լսեց մոտոցիկլետի շարժիչի ձայնը և տատի շշնջոցը ականջին. «Փողերը տարան»… Վրեժին հանկարծական մի ծիծաղ բռնեց՝ վախեցնող, ջղային: Հետո միանգամից հանդարտվեց ու մի զույգ խոշոր, տաք արցունք ընկավ աչքերից:  

…Խանդութը հավաքում էր կոտրված բաժակներն ու ափսեները: Սմբատը հանգիստ խոսում էր՝ ասես շարունակելով որդու եկած օրն սկսած իր զրույցը՝ խաղողի այգու, Վրեժի կտավների ու երջանկության մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *