Արդեն մի շաբաթ է՝ քամի չկա: Բակում, Սևանի ուրվագծով փորված սալիկապատ լողավազանից բարձրացող տաք գոլորշին՝ բադերի փետրահոտին խառնված, տոթն անտանելի է դարձնում: Դեռ առնվազն երկու շաբաթ եղանակը չի փոխվի, համենայն դեպս այդպես զեկուցեց խաբարբզիկ հեռախոսը, որ հազիվ է ինտերնետին կպնում այստեղ: Ամեն նոր էջի վրա մի քանի րոպե լռվում-մնում է՝ ինքն իր հերոսությունից զարմացած, հետո էլի կապը կորչում է:
Հուլիսի վերջին ուրբաթն էլ դեպի շաբաթ գլորվեց, իսկ Գեղամը դեռ խռով է…
Խնձորենուց, որ էս տարի էլ պատվաստը չբռնեց, բայց համառորեն չպատվաստած ճյուղերով բերք տվեց՝ մանր ու թթվաշ, հարևան Սպարտակից, որ զոդման սարքը արդեն երրորդ շաբաթն է, իբր մոռանում է հետ վերադարձնել, իսկ ինքը բակում ահագին գործ ունի կիսատ՝ փոքրիկ ծաղկանոցը պիտի ցանկապատի, Ծովիկից… Ծովիկից կարևոր չէ՝ ինչի համար, Ծովիկից խռովելու պատճառը սովորաբար չի էլ հիշում, ուղղակի խռովում է ու վերջ:
Խռովելը էս փոշոտ կյանքի նեղ երազում Գեղամին անշտապ մտածելու, ինքն իրեն տալ-առնելու, հետո նորից կյանքի հետ հաշտվելու պարբերական հնարավորությունն է: Ամենաերկարը ամեն դեպքում խնձորենու մոտ կանգնեց, հատ-հատ տնտղեց թթվաշ ցոգոլները, հետո տխուր թո՜ւհ ասաց՝ ուղղված ավելի շատ իրեն, որ էլի ժամանակը կորցրեց ու ծառի էտն ուշացրեց՝ ստից գործերով ընկած, դե խնձորենին էլ իր բնավորությունը ցույց տվեց, լավ էլ արեց:
Սպարտակի հետ էնքան մտերիմ չի, որ հանաքով հասկացնի, թե էդ անտեր զոդման սարքը գրանցման հասցե ունի, գիշերելու տեղ ունի, կարոտած կլինի իր հարևանությամբ խորդանոցում քնող փոցխին: Մեկ, երկու անգամ շախմատ են խաղացել Սպարտակի հետ՝ իրենց էստեղ եղած օրերին: Սպարտակը ներքևի գյուղից է, վերջերս են հարևան դարձել, երբ Գեղամենք գյուղում փոքր հողակտոր գնեցին:
Որոշեց մի քիչ էլ ցանկապատի գործը հետ գցել, թե չէ՝ խաղողօրհնեքին հաստատ գնալու է Սպարտակենց դարպասը զարկի, ու բարև-բարլուսից հետո ուղիղ տեքստով հետ պահանջի իր սարքը:
«Մոշը պահող փոքրիկ մետաղալարը երկարացնելու կարիք էլ կա»,- նկատեց, բայց մոշը կարմրելու ճանապարհին է, ի տարբերություն խնձորի կանաչ ցոգոլների: «Էս մոշից գոնե օրինակ վերցնես»,- ուզում էր ասել խնձորենուն, բայց քանի որ խռով պահերին լռություն պահպանելը սրբության պես բան է՝ ձեռքը թափ տվեց միայն:
Հասավ բադերին, ամանը կեր լցրեց: Բադերը, որ Ծովիկի լցրած կերը հենց նոր էին մաքրազարդել, նոր թափով Գեղամի լցրածը վերացրին ու շարվեցին ծառի շվաքում փրկված կանաչ խոտին: Ծովիկը հեռվից նայեց անկուշտ բադազգիներին ու առանց բառ ասել՝ գնաց իր գործերին:
*
Քաղաք-գյուղ վազքը քսանութ տարվա մեջ մի քանի անգամ փոխել էր իր ուղղությունը: Ինչ ճիշտ է՝ ճիշտ, առաջինը Ծովիկը գյուղ ոտք դրեց: Համագյուղացիք դրան «աղջիկ փախցնել» անունն են դրել, բայց Ծովինարն իր կամքի ու գիտակցության մեջ երեք տարեկանից սյան պես կայուն էր, ուստի «փախցնել» ասվածը իր իսկ բացատրությունը հերքում է այս պարագայում:
Երևանի կենտրոնի աղմուկից, տրանսպորտի ահագնացող խցանումներից հետո Ծովիկն անհավատալիորեն արագ կով կթելու մեջ հմտացավ՝ սկեսուրը խրատել էլ չհասցրեց, իսկ Ծովիկի դույլը արդեն պռնկեպռունկ լիքն էր փրփրացող տաք հեղուկով: Մարգերը քաղհանում էր, վառարանը «գաթայով» վառում՝ քանի դեռ աղջիկները մեծանում էին: Գեղամի հայրը, որ ոչ մեկի գործ անելուն առանձապես հավան չէր, բացի իր երջանկահիշատակ Անթառամ մորից, ու ամեն առիթով կնոջն ու հարսներին Անթառամի թխած յուղով գաթի համն էր հիշեցնում՝«Ա՜յ բալամ, մորս թխած գաթեն ուրիշ էր, հո զոռով չի» արտահայտությամբ, Ծովիկի գյուղ տեղափոխվելու հաջորդ տարին Արաքսիկ թոռան ծննդին ի լուր ամենքի Ծովիկին «ղոչաղ հարս» անվանեց, իր քաշած թթի օղին կենացի վրա քաշեց գլուխն ու դատարկ բաժակը շրխկալեն դրեց սեղանին:
Ծովիկը գյուղական կյանքը չսիրեց: Դիմացավ, քանի այդպես էր պետք, քանի ուրիշ տարբերակ չկար: Բայց և ամեն ինչ տեղը տեղին գյուղավարի արեց, մինչև … մինչև որ որոշեց, որ բա´վ է, լաչակը գլխից հանեց, գոգնոցը կապեց ծառին, ու ճամպրուկները կապեցին:
Առաջին խռովելը հենց գյուղ-քաղաք ուղղությանն էր՝ երկու ժամ անդադար վերուվար անող ավտոբուսի մեջ: Երկու ժամ իրար կողքի նստած՝ իրենց հետագա ճանապարհը փորձեցին գծել ու առաջին անգամ բեռնված ավտոբոսի մեջ զգացին՝ ինչքա՜ն տարբեր են գիծ քաշելիս ու ճանապարհ նկարելիս:
Երկու շաբաթ լռեցին, լուռ ու մունջ քաղաքի փոքրիկ բնակարանը կարգի բերեցին, լուռ ու մունջ գնացին հարցազրույցի ու նույն օրն էլ երկուսով աշխատանքի ընդունվեցին քաղաքի տարբեր ծայրերում:
Հետո օրերը հոսեցին ավելի արագ՝ մեկումեջ հաշտության դրոշակ պարզելով, մինչև երեխեքը մեծացան: Փոքր տունն ավելի փոքրացավ, բայց տուն մնաց: Տուն դարձրին: Խռով ժամանակ ու դրանից հետուառաջ Գեղամը ցաքուցրիվ գաղափարներ էր հղանում, իսկ Ծովիկը դիդրոյական մատերիայով էր դրանք լցոնում, հողեղեն էր դարձնում: Երկուսի մտքերն ու պատկերացումները նույն՝ տան մասին այնքան տարբեր էին հովհարաձև բացվում, որ Ծովիկն իր հովհարը շատ շուտով փակեց-կոտրեց, դեռ կտորտանքն էլ առավոտյան աղբահան մեքենայով ճամփեց անվերադարձ ու Գեղամի խառնաշփոթ երազները կյանքի կոչելու ցմահ հովանավոր կարգեց իրեն: Հաշտության դրոշի ներքո երազների աշտարակի կառուցման աղյուսները շաղախով հավաքեցին իրար գխի. երեք հարկի հերիքեց:
Տարօրինակորեն թեթև անցավ երկրորդ մեծ լռությունը. էս անգամ Ծովիկը ահագին բան հասցրեց մտածել, վերադասավորել, տղա բերեց… Հետո էդ խռովելու ու բարիշելու արանքի ժամանակը դարձավ հետաքրքիր զարդանախշ Ծովիկի իրար հաջորդող ասեղնագործներին: Գեղամն էլ աշտարակն ամրացնելու նոր շաղախ մտածեց: Ճիշտ է, ստիպված էին մի հարկ աղյուսը հանել նորից շարել, բայց դե էս անգամվա շաղախը աննախադեպ ամուր պիտի լիներ՝ ըստ Գեղամի, դեռ յոթ հարկ բարձրանալու հնար կտար ու մի բան էլ ավել:
Արդար չի լինի ասել, թե Գեղամը միշտ առանց պատճառ է խռովում, կամ էլ, թե միշտ Ծովիկից էր խռովելը…Կյանքը՝ լռելու էնքա՜ն առիթ է տալիս… հերթական պատճառն էլ չուշացավ.
«Անդրանի՜կս …»,- Ասել էր մայրը… Իրեն ծնող մայրը, ում Գեղամը հասուն տարիքում գտավ միայն: Ու էս փշոտ կյանքի արթմնի երազի Գեղամի բաժին կինոն, արդեն երեք երեխատեր Գեղամի ձեռքից բռնել ու կանգնեցրել էր իրեն ծնած մոր առաջ՝ առաջին անգամ: Դեռ խելքի չէր գալիս վերջին բացահայտումից: Մայրն էլ էն կողմից էր կարկամել-մնացել իր անդրանիկին արդեն հասուն տղամարդ գտնելով: Մի պահ ամաչել էր անգամ գրկել.
– Անդրանի՜կս …
– …Գեղամ …- հուշել էր Գեղամը՝ գիտակցելով, որ իր բաժին անունն անգամ չգիտես ինչի բաժին է հասել փոխս ընկած եղբայրացուին ու «մա՜մ» բառը քարկապվել մնացել էր կոկորդին, հետո հետ՝ կուլ գնացել մեկընդմիշտ: Հետո ամեն ինչն էր արագացված ֆիլմի պես հետ գնացել, առաջ եկել, խառնվել էին տարիները, շրջկենտրոնի հիվանդանոցի ծնարանը… Ու կիրակի օրվա պատուհանից ընկնող լույսի տակ նորածնի վրա կռացած ծննդկանի գոռոցից միակ հերթապահ բուժքույրը վեր էր թռել սարսափահար…
-Էս իմ երեխե´ն չի… ո՞ւր ա իմ երեխեն, քեզ եմ հարցնում, ո´ւ-րա իմ եր-եխ-են…երեխիս եմ ուզում…
Ծեփի գույն առած բուժքույրը, մի քանի անկապ արդարացում էր ուզել ներկայացնի, ինչին նորաթուխ մայրն ավելի էր բարձրացրել գոռում-գոչյունը: Որպեսզի խայտառակությունից խուսափի ու աշխատանքը չկորցնի, անփորձ քույրն աղաչել- պաղատել էր նրան, որ ձայն չհանի. «Ո՞ր մեկնա քոնը…»,- կմկմացել էր, ու Էմման խելագարի պես աջ-ձախ նայելուց հետո հանկարծ պայծառացել էր, մատը դրել էր մյուս մանկասայլակի մեջ բարուրված նորածնի վրա, առել գիրկը, հոտը քաշել, պաչպչել, լացել՝ «Քեզ ինձնից գողանալ էին ուզում, տղես…»,- ու էդպես պաչպչելով էլ մեծացրել իր Գեղամին:
Հետո մեկը դրսում էր նմանեցրել, մյուսը շփոթել էր Գեղամին իրենց ազգականի հետ… Երրորդը հարազատ քույրն էր եղել, որ մի օր կանգնել էր նույն գործարանում կողքի հաստոցի դիմաց, մի քանի րոպե սիրտը բռնած՝ նայել էր Գեղամին… Խոսքից- խոսք՝ տեղ էին հասել:
Գեղամը սերիալներ չսիրեց, Գեղամի կինոն իսկական սերիալ էր: Ու դրանից էլ էր խռովել… Խռովել էր, էն էլ ո՜նց. մի մորից՝ մյուս մոր համար, իր կորցրած եղբայրների, գտնված եղբայրացուի ու քրոջ համար, որ երեսուն տարի կորած էին: Երեսուն տարի պինդ կծկած կծիկը քանդվել էր մի ժամում, մի խոստովանությամբ… Մոր խոստավանությամբ. իրեն մեծացրած, իր Էմմա մոր խոստովանությամբ, ում ա՜խ ու վա՜խ անելուց, սրտի նոպայից, ու վալեյրանի կաթիլներով մի կերպ «ուշքի գալուց» հետո Գեղամը երկրորդ ընտանիք էր շահել, Ծովիկն էլ կրկնակի սկեսուր ու սկեսրայր:
Երեխեքը լիուլի տատ ու պապով ապահովվեցին, Ծովիկի գոհ կամ դժգոհ լինելը ոչ մեկին հետաքրիր չեղավ. մեդալ չստացավ, ոչ էլ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու հայտ ներկայացրեց, բայց հետայսու ամեն գյուղ այցին պարտաճանաչ երկու տուն էր մտնում՝ նվեր, բեռ ու բարձով: Գեղամն էլ էլի որոշ ժամանակ լռեց, անկախ նրանից, որ էս անգամ իրենը միանշանակ շահում էր, Ծովիկինը լավագույն դեպքում՝ հիսուն-հիսուն…
*
Աշտարակը անկախ ամեն ինչից՝ բարձրացնում էին երկուսով…
Գեղամը հաստատակամ էր իր որոշման մեջ, ու շենքի բակի մի մատնաչափ արհեստանոց կրպակը կոպեկ-կոպեկ վճարելով գնեցին կոշկակար Սաղաթելից: Նստելու մի աթոռի տեղ կար, մնացածն էլՙ Գեղամի ասած՝ կամաց-կամաց կլինի: Կարևորը հիմա ուրիշի ձեռքի տակ չի աշխատում՝ իրենց բակում, հենց իրենց պատուհաններին է նայում աշխատելիս, իր օրվա տերն էլ ինքն է: Կրպակի ցուցանակը դեռ չորոշեց. ինչի պահանջարկը շատ եղավ, էդ էլ կանենք՝ ասաց ու համենայն դեպս կոշիկի հաստոցը չհանեց (Սաղաթելի խորհրդով), ցուցափեղկի ապակուն էլ մեկ երկու հին մագնիտաֆոն հենեց, որպես ցուցանմուշ, որ ով տանը վերանորոգելու մանր-մունր բան ունենա՝ բերեն:
«Ինչ էլ լինի՝ մարդիկ կոշիկ հագնելու են, ու էդ կոշիկը մաշվի: Կամ ժամանակը չի հերիքելու՝ գնան նորն առնեն, կամ գումար են խնայելու ու ժամանակ ձգեն, ու էդ ժամանակ իջնելու են հենց շենքի տակի վարպետի մոտ»,- ասել էր Սաղաթելը, որ քառասուն տարի կոշիկ էր կարել էդ նույն կրպակում, իսկ հիմա տարիքն առել էր, ծախում էր, որ գնա տղու մոտ՝ Ամերիկա:
Ծովիկը զարմացած նայել էր Գեղամին, հետո երկնքին ու հետ Գեղամին, ասելու բան չէր գտել, երկրորդ աշխատանքին էր տեղավորվել, որ տան ծակուծուկը փակի, ինչի վրա հերթական լռություն էր վրա հասել՝ անժամկետ: Գեղամն էլ ձեռի հետ լուռ բզբզացել էր կրպակում. մի օր կոշիկ, մյուս օրը էլեկտրական սալիկ փոխեփոխ կարգի բերել հարևանների համար՝ հայացքը իրենց տան պատուհաններին:
*
Օրերը առաջ գնալու անխախտ սովորությունն ունեն, անգամ լռության մեջ:
Աղջիկները արդեն այնքան են մեծացել, որ հիմա երկուսն էլ առավոտից երեկո աշխատում են, տղան էլ աննկատ մեծացավ, Ծովիկից ու Գեղամից բոյն անցել է:
Գյուղի հողամասը ճիշտ ժամանակին ու ճիշտ պահին հայտնվեց աշտարակում՝ երկուսով համաձայնեցված խախտեցին լռությունը, երբ սեփականատիրոջ իրավունքով ոտք դրեցին այստեղ.
-Խելքի բերել կլինի…
-Խելքի բերել կլինի´, – հաստատեց Ծովիկն ու գործի կպան:
Ծովիկը հազար տարվա հողի մշակի հմտությամբ քշտեց բլուզի թևքերը, բիբար, լոլիկ ու էլի հնարավոր ամեն ինչ ցանեց, հարևանի հողամասն իրենցինից բաժանող պարսպի երկայնքով էլ արևածաղիկ դրեց: Գեղամն էլ լողավազանը մաքրեց, ներկեց ու ջրի խողովակներ անցկացրեց. իր հերթական խենթ երազի բադերն են, որ հիմա կերել-խմել՝ նստոտել են կանաչին:
Օրնիբուն անդադար գործ անելը մի կողմից լավ է, չի թողնում ուրիշ բանից խոսեն, ու է´ս իրենց աշտարակի կառուցման ձևն է. Գեղամն ընտրել էր, Ծովիկն էլ էդ ընտրածը կյանքի կոչելու ցմահ հովանավոր կարգել իրեն:
«Էսօրվա խռովելն էլ հո ի´ր համար չի, էս անլեզու բադերի համար է, որ Ծովը որոշել ա դուռ դռի հարևան Եպրաքսիային նվիրի: Ծովը ճիշտ ա ասում, իրենք քաղաք են գնում-գալիս, էդպես բադ չեն պահի, արդեն էրեկ մեկը վիզը գցեց»:
– Թե հերթը սրանց ես ուզում հասնի, ես բա՜ն չեմ ասի է´լ, դո´ւ գիտես, սրանք էլ թող կոտորվեն…
Ծովիկը էն ծուռվզին մորթելուց արտասվել էր, լացելով էլ փլավ էր գցել, ու երկուսն էլ չէին կարողացել, թե մի պատառ գոնե ուտեն քիչ առաջ բակով մեկ «վազող» մսից: Երեկվանից բերանները բան չէր էլ գնում…
Բադերը զգացին, որ արտոնյալ վիճակում են ու ինչ էլ անեն՝ բան ասող չի լինի, կռկռացին թևերը թփթփացրին օդում ու հերթով ջուրը մտան, հետո սկսեցին թևերով արագ-արագ ջուրը շփել իրար վրա, Գեղամի վրա:
«Ախր Եպրաքսին իսկի լողավազան չունի, էս խեղճերի օրն ինչ պիտի լինի»,- մտածեց Գեղամը, բայց քանի դեռ հաշտության դրոշակը պարզած չէր, ու օրն էլ լավ տեղը տեղին շոգ, ինքն էլ ջուրը մտավ: Բադերը կռչնացին, հրճվեցին, ոգևորված թևերը բացեցին, վեր բարձրացան, հետո նորից իջան ջրի վրա: Փետրահոտը նոր թափով խփեց Գեղամի քթին: «Չէ՜, սրանց լաչառությանը Եպրաքսին մի օր իսկի չի դիմանա, Ծովն ա, որ խաթրներովը գնում ա»,- Գեղամը ժպտաց. մտքում արդեն բադերին ձմեռվա բնի տեղ էր անում: Կողքն էլ շան բուն կսարքի՝ ընկերոջ գամփռի նորածին քոթոթներից մեկին ինքը կվերցնի, կպահեն՝ հենց նոր որոշեց Գեղամը:
– Վաղը հյուրի սպասիր, Ծովինա´ր, – դարձավ Ծովիկին, որ լվացքն էր փռում պարանին:
Ծովիկը՝ ձեռքը օդում հարցական նայեց ամուսնուն:
– Հեմինգուե´յ, մեր ընտանիքի նոր անդամը՝ վաղվանից:
